Եվրոպական ինքնության փոխակերպումը

Եվրոպական ինքնության մասին հարցն այնքան է հին, որքան եվրոպական քաղաքակրթությունը: Եվ այն միշտ ունեցել է տարբեր պատասխաններ: Այսօր այդ հարցադրումն ու պատասխանը դառնում են Եվրոպայի օրակարգի առաջին կետ:
Եվրոպական միասնական ինքնություն, այսինքն՝ նրա ժողովուրդների կողմից Եվրոպայի` որպես միասնական հոգևոր ընդհանրության գիտակցում երբևէ գոյություն չի ունեցել: Այդ ինքնության բնորոշումներն այնքան են, որքան «Եվրոպայի» վարկածները. սկսած Հոմերոսի «Իլիականից», վերջացրած ԵՄ չոր շարադրված սկզբունքներով:
Վերջին հիսուն տարիների ընթացքում եվրոպական ինքնություն ասելով հասկանում էին հենց Եվրոպական Միության կողմից որդեգրված սկզբունքների ընդհանրությունը, որը կիսում են մայրցամաքի գրեթե բոլոր ժողովուրդները` ժողովրդավարություն, ազատություն, մարդու իրավունքներ, հանդուրժողականություն և եվրոպական ազգերի հաշտություն:
Ի դեպ, եվրոպական միավորման գործընթացներն ընթանում էին ազգային ինքնությունների պահպանման հիմքի վրա` «Միասնություն` բազմազանության մեջ» կարգախոսով: ԵՄ ճարտարապետները ձգտում էին ստեղծել միասնական Եվրոպա, որտեղ անհատը կլիներ ազատ` չամփոփվելով իր երկրի սահմաններում, միևնույն ժամանակ նա կմնար սերտորեն կապված իր ազգի ինքնության հետ:
Խնդիրը, սակայն, այն է, որ վերոնշյալ համաեվրոպական արժեքները մայրցամաքի ազգերը կիսում են տարբեր աստիճանով: Հիմնական արժեքը, որ միավորել է նրանց մեծ մասին` քրիստոնեությունն էր, թող որ տարբեր եկեղեցիների տեսքով, որի հիմնարար սկզբունքները ներկայումս մոռացության են մատնվում: Դեռևս եվրոպական սահմանադրության նախապատրաստական աշխատանքների ժամանակ ի հայտ եկան սուր հակասություններ այն հարցում, թե անհրաժեշտ է արդյոք այդ տեքստում հիշատակել Եվրոպայի քրիստոնեական ժառանգության մասին: Վերջում մնաց միայն լղոզված մի նախադասություն` մայրցամաքի ընդհանուր պատմական ժառանգության վերաբերյալ:
Իսկ քրիստոնեական արժեքներից հրաժարվելը հավասարազոր է սեփական պատմությունից և նախնիներից հրաժարվելուն: Չմոռանանք, որ «եվրոպացիներ» հասկացությունն առաջին անգամ հիշատակվել է VIII դարի ժամանակագրություններում` կապված Եվրոպա ներխուժած մահմեդական արաբներին դիմակայող քրիստոնյաների հետ: Վատիկանն անգամ պնդում է, որ «կամ Եվրոպան քրիստոնեական է, կամ էլ դա Եվրոպա չէ»: Այն է` քրիստոնեական արժեքները դիտվում են որպես ընդհանուր եվրոպական ինքնության միջուկ, ինչը միավորում է իրենց պատմությամբ և ավանդույթներով տարբերվող եվրոպական ազգերին:
Սակայն ներկա ժամանակաշրջանում քրիստոնեությունը` որպես Եվրոպային բնորոշ հավատ և քաղաքակրթական համակարգ, հայտնվել է խոր ճգնաժամի մեջ, ինչը փաստում է անգամ Հռոմի պապը` խոսելով քրիստոնեական արժեքային համակարգի մեծագույն սպառնալիքի` գեդոնիստական հասարակության իրողության մասին. այնպիսի հասարակության, որի հիմնական նպատակն ու իմաստը դառնում է կյանքի վայելումը` իր բոլոր ձևերով: Այդ հասարակության հաղթարշավի և քրիստոնեության ճգնաժամի ցուցիչներն են ծնելիության անշեղ անկումը, ընտանիքի մասին ավանդական պատկերացման ձևախեղումը, միասեռականության ազդեցության օրեցօր ուժեղացումը:
Այս ամենին զուգահեռ, մայրցամաքում տեղի են ունենում «դեպքեր», որոնք տագնապի ազդանշաններ են հնչեցնում եվրոպական էլիտաների և ժողովուրդների համար: Երբ ավելի քան մեկ տարի առաջ Նիդեռլանդներում սպանվեց ճանաչված կինոբեմադրող Թեո վան Գոգը` այն բանի համար, որ ֆիլմ էր նկարահանել իսլամի կողմից կիրառվող բռնությունների մասին, այնուհետև, 2005թ. հուլիսին Լոնդոնում ահաբեկչական գործողություններ կազմակերպեցին Անգլիայի քաղաքացիություն ստացած ներգաղթողների զավակները, իսկ նոյեմբերին արաբական աշխարհից ու Աֆրիկայից ներգաղթածների վայրագությունների հրապարակ դարձավ Փարիզը, փորձագետները, լրագրողները և սովորական քաղաքացիները սկսեցին խոսել ոչ բնիկների կողմից Եվրոպան զավթելու և ընդհանրապես Եվրոպայի վախճանի մասին։
Իսկ ընդամենը քսան-երեսուն տարի առաջ եվրոպացիներն ուրախությամբ էին դիմավորում մահմեդական ներգաղթողներին` տեսնելով նրանց նախ և առաջ որպես էժան աշխատուժ: Սակայն երբ ծնելիության եվրոպական մակարդակն իջավ՝ հասնելով ամենացածր ցուցանիշների, Եվրոպան հայտնվեց ներգաղթածներից կախվածության մեջ։ Այսօր Եվրոպայի բնակչության մոտ 10%-ը կազմում են նրա սահմաններից դուրս ծնվածները, իսկ 20%-ը ծնվել է ներգաղթածների ընտանիքներում:
Մայրցամաքում ապրում է 15-20 մլն մահմեդական, ինչը կազմում է նրա բնակչության 4-5%-ը: Տարբեր կանխատեսումներով, 2025թ. Եվրոպայի մահմեդական բնակչությունը կկրկնապատկվի: Միայն Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Բելգիայի խոշորագույն քաղաքների բնակչության կեսից ավելին արդեն 2015թ. բաղկացած է լինելու ոչ բնիկներից:
Եկվորները ցանկություն չունեն ինտեգրվել եվրոպական ինքնությանը. նրանք ապրում են Ֆրանսիայում, Անգլիայում, Հոլանդիայում, սակայն ֆրանսիացի, անգլիացի կամ հոլանդացի չեն: Իսկ 20-րդ դարում համաշխարհային երկու պատերազմ տեսած աշխարհամասի կեցվածքը շարունակում է մնալ համբերելն ու հանդուրժելը, ազգայնամոլությունից խուսափելը, ջարդերի ու ահաբեկչական գործողությունների պատճառները սոցիալ-տնտեսական ոլորտում, ներգաղթածների հանդեպ բավարար ուշադրություն չդրսևորելու, նրանց դաստիարակության մակարդակի մեջ որոնելը։
Սակայն «մեղմ ինտեգրացիայի» արևմտաեվրոպական սկզբունքն իրեն չարդարացրեց, քանի որ այն տեսնում է հիվանդության հետևանքները՝ շրջանցելով պատճառները։ Աբսուրդի հասցված քաղաքական կոռեկտությունն այլևս չի կարող շղարշել այն իրողությունները, որոնց բախվում է այսօրվա Եվրոպան:
Եվրոպայի շատ երկրների հասարակական կյանքում ջարդարարության սոցիալական հետագիծն անցնում է էթնիկ ու կրոնական «խրամատների երկայնքով», որոնք միաժամանակ նաև մշակութային են։ Ֆրանսիական հեղափոխության մեծ իդեալը՝ ազգը իբրև հավասար իրավունքներ ու պարտականություններ ունեցող քաղաքացիների հանրություն՝ անկախ դավանանքից ու ծննդավայրից, տեղի տվեց փակ անկլավների հետ «խաղաղ համակեցության» պայթյունավտանգ գաղափարի առջև։ Անկլավներ, որոնք ինքնահաստատման ճիգեր են գործադրում և փորձում ապրել սեփական ինքնավար կանոններով։ Հաշվի չառնվեց, որ մշակութային տարբերություններն ավելի նվազ չափով են ենթակա փոփոխությունների, քան սոցիալական և քաղաքական իրողությունները: Ձախը կարող է դառնալ աջ, աղքատը` հարուստ, սակայն մահմեդականը կամ արաբը` քրիստոնյա կամ ֆրանսիացի` հազիվ թե: Արդյունքում՝ հոլանդացիները, անգլիացիները, ֆրանսիացիները հայտնվեցին իրենց բազմակուլտուրալիզմի ավերակների առաջ։
Այսօր Եվրոպայում և նրա սահմանների մոտ բախվում են ոչ թե քրիստոնեական և իսլամական քաղաքակրթությունները, այլ հետքրիստոնեական աշխարհիկ-լիբերալ արժեքներն ու մահմեդականների ավանդական արժեհամակարգը: «Եթե պահպանվեն ծնելիության ներկայիս տեմպերը,- գրում է բրիտանացի լրագրող Թոնի Բլենքլին իր «Արևմուտքի վերջին հնարավորությունը» գրքում,- եթե պահպանվի Եվրամիության արդի քաղաքականությունը, եթե պահպանվի ներկայիս անմիտ հանդուրժողականությունը չհանդուրժողների հանդեպ, եթե Եվրոպայի (որոշ չափով՝ նաև Ամերիկայի) մտածելակերպը չփոխվի, ապա արևմտյան արժեքները և կենսակերպը դուրս կմղվեն Եվրոպայից արմատական իսլամի արժեքների կողմից»։
Ծնելիության կամ բնական վերարտադրման անկումն իրոք դառնում է արևմտյան քաղաքակրթության լրջագույն խնդիրը: Հայտնի է Բորդոյի մոլլա Օմարի արտահայտությունը. «Մենք կհաղթենք քրիստոնյաներին միայն մեր կանանց պտղաբերությամբ: Չէ՞ որ ֆրանսուհիները, որպեսզի ազատ լինեն, չեն ուզում ծննդաբերել: Մենք էլ կստիպենք նրանց խնամել մեր երեխաներին»:
Այս ամենի արդյունքում` Եվրոպայում ի հայտ կգան տարածքներ, որոնք չեն վերահսկվի կենտրոնական կառավարության կողմից, ասենք` ֆրանսիական «Կոսովո» կամ բրիտանական «սուննի եռանկյունի»: Այսպիսով, շատ հնարավոր է, որ առաջիկա 20-30 տարում Եվրոպան իրոք վերածվի «Եվրաբիայի», եթե…
Պատմության մեջ որևէ միտում անվերջ չի տևում։ Եվ այս միտումն էլ կարող է ընդհատվել։ Եվրոպան մտնում է իր ինքնության փոխակերպման մի փուլ, ինչը պահանջելու է որոշակի քայլեր ձեռնարկել:
Այս մարտահրավերը հետզհետե կանգնեցնելու է Եվրոպային նոր քաղաքականություն առաջ քաշելու անհրաժեշտության առջև և ասպարեզ է բերելու նոր որակի առաջնորդների` էապես տարբեր Եվրոպայի այսօրվա գործիչներից, որոնք ունակ չեն տեսնել վաղվա օրը և մտածում են միայն մարտավարական մանր խնդիրների մասին: Գնալով թափ են հավաքելու ավանդական-քրիստոնեական արժեքային համակարգին վերադառնալու և «օտարների» էքսպանսիային դիմակայելու կոչ անող քաղաքական ուժերը: Արդեն հիմա եվրոպացիներից շատերը բացահայտ ասում են. «Մենք չափազանց մեղմ էինք: Թեյ խմելու օրերն անցել են»: Քաղաքական կոռեկտությունը կամ հանդուրժողականությունը որոշ աջակողմյան քաղաքական գործիչներ անվանում են Եվրոպայի աքիլեսյան գարշապարը, իսկ մահմեդական ներգաղթողներին` տրոյական ձի:
Նախ, եվրոպական երկրները լուրջ խոչընդոտներ կստեղծեն ներգաղթի ճանապարհին՝ կտրուկ նվազեցնելով ներհոսքը մահմեդական աշխարհից։ Գուցե և արտաքսեն արդեն ներգաղթածների զգալի մասին։ Աշխատուժի հարցը, թերևս, կարելի կլինի լուծել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներից ներգաղթի հաշվին։ Լիովին սպասելի է, որ մոտ ապագայում Ֆրանսիան, Հոլանդիան, Գերմանիան իրենց սահմանները բացեն Լեհաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից ներգաղթողների առջև. այսինքն՝ այն մարդկանց, ովքեր չեն ժխտում արևմտյան արժեքները, այլ օրգանապես լրացնում են դրանք։
Եվ ամենակարևորը. Եվրոպայի միջուկ հասկացությունը դարեր շարունակ կապվում է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Իտալիան, Ֆրանսիան, Հոլանդիան, Մեծ Բրիտանիան։ Այժմ, սակայն, եվրոպական ինքնության փոխակերպման այս փուլի ընթացքում լիովին հավանական է, որ Եվրոպայի միջուկը տեղաշարժվի դեպի արևելք, և շուտով «եվրոպականության» նոր կրողները դառնան Գերմանիան, Լեհաստանը, Ուկրաինան, Չեխիան, Հունգարիան, Բալթյան երկրները (անգամ նույնիսկ Հայաստանն ու Վրաստանը, որոնք բոլոր հնարավորություններն ունեն նոր Եվրոպայի մաս կազմելու)։ Այդ երկրները չեն բախվում իրենց եվրոպական ինքնությունը կորցնելու հիմնախնդրի հետ, այլ հակառակը` կարող են նոր շունչ հաղորդել համաեվրոպական քաղաքակրթությանը։ Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Եվրոպա հասկացության կրողներն էին Հունաստանը, ապա Հռոմը, բայց երբ այդ երկրներ ներխուժեցին բարբարոսները և կործանեցին հին մշակույթը, «էստաֆետը» փոխանցվեց Ֆրանսիային, Իտալիային, Իսպանիային, իսկ Հռոմն ու Հունաստանն այսօր վայելում են իրենց ծերությունը՝ վերածվելով զբոսաշրջության կենտրոնների։ Նույն ճակատագիրը, պետք է ենթադրել, այժմ սպասվում է Փարիզին, Լոնդոնին, Ամստերդամին։
Պարադոքսալ կերպով, «նոր բարբարոսներից» պաշտպանվելու գործում Եվրոպան կարող է ելք գտնել նրանց շնորհիվ, ում դարեր շարունակ ընկալել է որպես եվրոպական աշխարհի համար օտար մարմիններ` սերբեր, ուկրաինացիներ, ռուսներ: Նման ձևով Հռոմեական կայսրությունը, սարսափազդու ասիական հոներից պաշտպանվելու համար, դիմել էր Արևելքից եկած մյուս բարբարոսների` գոթերի օգնությանը: Հետո էլ նույն վայրենի հոները (հունգարները) և լիտվացիները դարձան Եվրոպայի պաշտպանները մոնղոլներից և օսմանցի թուրքերից:
Պատահական չէ, որ այսօր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրները ցույց են տալիս տնտեսական ավելի դինամիկ առաջընթաց, քան արևմտաեվրոպական երկրները: Բացի այդ, նրանցում սեփական ազգային ինքնության գիտակցման և օտարների նկատմամբ խիստ վերաբերմունքի աստիճանն ավելի բարձր է:
Սակայն եվրոպական պատմության զարգացման այս տարբերակի համար գոյություն ունեն և լուրջ խոչընդոտներ: Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրները ևս չեն խուսափել հետքրիստոնեական հասարակության ախտանշաններից` ծնելիության անկում, գեդոնիստական մշակույթի տարածում: «Նոր Եվրոպայի» գրեթե բոլոր երկրները, ինչպես Բուլղարիան, Ռումինիան, Ուկրաինան, առաջիկա քսան տարում ունենալու են ծնելիության կորուստներ, միևնույն ժամանակ, նրանց բնակչության զգալի մասը ներգաղթելու է Արևմտյան Եվրոպայի երկրներ: Թեպետ, չպետք է մոռանալ, որ «նոր եվրոպացիները», սկսած 1989-ից, ապրում են ազգային ինքնության զարթոնք, որի էներգիան դեռ բավական երկար ժամանակ չի մարի, իսկ, ասենք, միասեռական ամուսնությունները Լեհաստանում կամ Վրաստանում` պատկերացնել այսօր չի ստացվում:
Փաստորեն, մենք կարող ենք ականատես դառնալ Եվրոպայի` որպես գիտակցված մշակութային, պատմական, կրոնական հանրության, նոր վերածննդին:
Մի բան կարելի է հաստատ պնդել. հիսուն տարի անց մենք գործ ենք ունենալու իսկապես նոր Եվրոպայի հետ: Հարցն այն է, թե ովքեր են առաջնորդելու այդ «նոր» Եվրոպան` Հյուսիսային Աֆրիկայից, Մերձավոր Արևելքից, Հարավային Ասիայից եկածնե՞րը, թե՞ Կենտրոնական, Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի ժողովուրդները: Գլխավոր իրադարձությունները դեռ առջևում են:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇՈԻՐՋ[01.11.2011]
- ԱՄՆ–ՉԻՆԱՍՏԱՆ. ՊԱՅՔԱՐ ԳԼՈԲԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ[07.10.2011]
- ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ [26.07.2011]
- ԳԼՈԲԱԼ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ԵՎ ԱՊԱԳԱՆ[28.06.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ[18.05.2011]
- ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՒՄ[19.04.2011]
- ՆՈՐ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ[15.03.2011]
- ԱՊԱԳԱՅԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ[16.02.2011]
- ԹՈՒՐՔԻԱ–ՆԱՏՕ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[17.12.2010]
- ԵՎՐՈՊԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ՃԳՆԱԺԱՄԸ[19.11.2010]
- ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ՎԵՐԱՓՈԽՈՒՄԸ[20.10.2010]