ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ

Հունիսի 12-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո վերստին կարեւորվում է այդ երկրի զարգացման ուղու, Մեծ Մերձավոր Արեւելքում եւ աշխարհում նրա տեղի ու դերի հարցը:
Եթե տասնամյակներ շարունակ Թուրքիան համարվում էր Արեւմուտքի պաշտպանական միջնաբերդը, ապա այսօր արտաքին ընդարձակման ուղեգիծ է բռնել: Փորձագետները նշում են, որ Փոքր Ասիայում ներկայումս ձեւավորվում է աշխարհաքաղաքական ուժային կենտրոն, որը ցույց է տալիս իր ներուժը` սեփական քաղաքական խաղ տանելու համար: Եվ այդ ուժը կձգտի, օգտվելով արաբական աշխարհում հեղափոխությունների եւ ցնցումների ժամանակաշրջանից, գլխավորել տարածաշրջանը` որպես առաջնորդ երկիր:
Հայտնի է, որ ընտրություններում արդեն 3-րդ անգամ հաղթած Արդարություն եւ զարգացում կուսակցության արտաքին քաղաքական հայեցակարգն այն է, որ Թուրքիան ամենեւին էլ Արեւմուտքի ծայրամաս չէ, այլ գտնվում է Եվրասիայի կենտրոնում` պատմականորեն եւ աշխարհագրորեն կապված լինելով այնպիսի կենսական կարեւոր տարածաշրջանների հետ, ինչպիսիք են Մերձավոր Արեւելքը, Բալկաններն ու Կովկասը:
Ըստ վերոնշյալ հայեցակարգի, Թուրքիան պատմական կարեւոր փուլ է ապրում` փորձելով իր շուրջը ձեւավորել ազդեցության, տնտեսական ու քաղաքական գործակցության ընդարձակ գոտի, բացառելով լարվածությունն իր սահմանների մոտ եւ հարեւան տարածաշրջաններում: Համարվում է, որ Թուրքիան տնտեսական մեծ կարողություն ունի եւ ձգտում է դառնալ նախկին օսմանյան տարածքի առաջատարը: Այդ պատճառով Անկարան այլեւս չպետք է թաքցնի իր մտադրությունները, իսկ տարածաշրջանի պետությունները դրա մեջ մեծ վտանգ չեն տեսնի, ընդհակառակը, կձգտեն ստանալ որոշ առավելություններ` մուտք ունենալով դեպի թուրքական շուկա եւ ապահովելով թուրքական ներդրումներ:
Փորձագետների գնահատականով, Թուրքիան ընտրություններից հետո կպահպանի իր արտաքին քաղաքականության բազմավեկտորությունը` շարունակելով իր ուղեգիծը ԵՄ-ին անդամակցելու եւ Մերձավոր Արեւելքում ազդեցությունն ընդլայնելու ուղղությամբ: Նրանք նաեւ կանխատեսում են, որ «արաբական գարնան» համատեքստում Թուրքիայի քաղաքական կշիռը տարածաշրջանում շարունակաբար աճելու է: Ինչպես հայտարարեց Թուրքիայի ԱԳ նախարար Ա.Դավութղօլուն` «մեր նպատակն է վերինտեգրվել տարածաշրջանին»:
Հենց այդ վերինտեգրման քաղաքականության համատեքստում Թուրքիան մտցրեց առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ Սիրիայի, Լիբանանի եւ Հորդանանի հետ: Բացի այդ, վերջին տասը տարում ԱԶԿ-ն տարբեր իսլամական կազմակերպությունների, այդ թվում` եղբայրությունների (թարիքատների) եւ տնտեսական ընկերությունների միջոցով փորձում է ամրապնդել կապերը Մերձավոր Արեւելքում գործող իսլամական կառույցների, ներառյալ` քաջ հայտնի «Մուսուլման եղբայրների» հետ: Ավելին, պարբերաբար քարոզչական գրոհներ ձեռնարկելով Իսրայելի դեմ` Էրդողանին հաջողվեց ձեռք բերել հասարակ մահմեդականների համակրանքը:
Սպասվում էր, որ Ռ.Էրդողանն իր երրորդ վարչապետությունը կսկսի Բաքու կատարելիք այցից, սակայն, պարզվեց, որ առաջին այցը կատարվելու է Եգիպտոս: Իսկ այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Գյուլը հայտարարեց, թե Թուրքիան պատրաստվում է ճանաչել Պաղեստինի անկախությունը, ակնհայտ դարձավ, որ Անկարան գրավը դնում է առավելապես իսլամական-արաբական ուղղությամբ:
Վերջին շրջանում Ռ.Էրդողանի կառավարությունը ջանքեր է գործադրել արաբական հեղափոխություններում խաղաղարար միջնորդի դեր ստանձնելու համար: Եգիպտոսում ցույցերի ժամանակ Թուրքիայի վարչապետն առաջիններից էր, որ կոչ արեց Հոսնի Մուբարաքին հեռանալ նախագահի պաշտոնից, ապա Անկարան ակտիվ դիրք բռնեց նաեւ Լիբիայի եւ Սիրիայի ուղղություններով` հանդես գալով միջնորդական առաջարկներով: Թուրքական կառավարության ներկայացուցիչները պարբերաբար հանդես են գալիս հայտարարություններով այն մասին, որ Թուրքիայում իսլամի եւ ժողովրդավարության հաջող համատեղման փորձն օրինակ կծառայի արաբական շարժումների համար: Բացի դրանից, Թուրքիան ջանում է ցույց տալ Արեւմուտքին, թե որքանով կարեւոր երկիր է դեպի արաբական Արեւելք մուտք գործելու համար: Մասնավորապես, Անկարան փորձում է համոզել Բրյուսելին, որ Թուրքիային ԵՄ-ի կազմի մեջ ընդունելով` արաբա-մահմեդական աշխարհում կխթանվի ժողովրդավարության տարածումը:
Մինչդեռ այդ բոլոր հայտարարությունների տակ թաքնված է արաբական աշխարհում քաղաքական իրական ազդեցության բացակայության փաստը: Անշուշտ, Էրդողանը ձեռք է բերում արաբ բողոքավոր զանգվածների համակրանքը, սակայն արաբական քաղաքական էլիտաների համար թուրքական խոսքն էական նշանակություն ունենալ չի կարող:
Հետընտրական զարգացումներն արդեն սկսեցին հանգեցնել Էրդողանի կառավարության համար ոչ այնքան ցանկալի հետեւանքների: Նախ, երկրի ներսում ուժգնացավ քրդական շարժումը, ինչը նաեւ տարածաշրջանային զարգացումների արձագանք է: Եվ անսպասելի սկսվեց թուրք-սիրիական հարաբերությունների վատթարացումը:
Դեռ մի քանի ամիս առաջ Սիրիայի հետ բարեկամական հարաբերությունները կազմում էին թուրքական արտաքին քաղաքականության անկյունաքարերից մեկը: Իսկ այսօր Թուրքիայի վարչապետը հանդես է գալիս ելույթներով, որտեղ մեղադրում է Բաշար Ասադի վարչակարգին` «անընդունելի գազանություններ կատարելու» մեջ: Նա հայտարարեց, որ Սիրիայում հնարավոր են միջկրոնական բախումներ եւ այդ երկրի տրոհում: Դժգոհություն հայտնելով Սիրիայում քրդական շարժման ակտիվացման եւ սիրիացի փախստականների հոսքի կապակցությամբ՝ Անկարան հայտարարեց թուրք-սիրիական սահմանին բուֆերային գոտի ստեղծելու մտադրության մասին: Ավելին, Անկարան զգուշացրեց Դամասկոսին, որ սահմանամերձ գոտում ցանկացած ռազմական գործողություն սիրիացի փախստականների դեմ կընկալվի որպես գործողություն Թուրքիայի դեմ: Անթալիայում անգամ գումարվեց սիրիական ընդդիմության հավաք: Ի պատասխան` Դամասկոսը մեղադրեց Անկարային Արեւմուտքի ճնշումներին միանալու քաղաքականության, ինչպես նաեւ Սիրիայում խոռվության կազմակերպիչ համարվող «Մուսուլման եղբայրների» զինյալ խմբերին աջակցություն ցուցաբերելու մեջ: Իսկ Իրանը զգուշացրեց Թուրքիային չընդունել իր տարածքում ՆԱՏՕ-ի զորամիավորումներ` Սիրիայի դեմ հնարավոր հարձակման դեպքում:
Դա նշանակում է, ըստ թուրք փորձագետների, որ թուրքական տարածաշրջանային քաղաքականությունը փակուղի է մտել: Անկարան հաշվարկել էր, որ արաբական պետությունները, որոնք ցնցումների փուլում են, ի վիճակի չեն լինի համարժեքորեն արձագանքել թուրքական մարտահրավերներին: Այդ էր պատճառը, որ Սիրիայում խռովությունները սկսվելուց հետո Թուրքիան սկսեց պատրաստվել Ասադի վարչակարգի փոփոխությանը` հույս ունենալով այստեղ ձեռք բերել «վերահսկիչ փաթեթ»: Սիրիան, լինելով արաբական աշխարհի առանցքային երկիր, կարող է հանդիսանալ ինչպես Թուրքիայի մերձավոր գործընկերը, այնպես էլ նրա ազդեցության սահմանափակողը տարածաշրջանում: Անկարայի համար կարեւոր է, որ Իրանը՝ Թուրքիայի դարավոր աշխարհաքաղաքական մրցակիցը, կզրկվեր իր սիրիական դաշնակցից: Թուրքական իշխող վերնախավում այն կարծիքին են, որ սուննիական աշխարհը ստիպված կդիմի թուրքական հովանուն` ընդդեմ շիական Իրանի: Պակաս կարեւոր չէ Անկարայի համար, որ սուննիների միավորման ընթացքում այն կամրապնդի գործընկերությունը Սաուդյան Արաբիայի հետ, որը կարող է դեպի Թուրքիա ֆինանսական զգալի հոսքեր ապահովել: Մինչդեռ սուննիզմի պահապան Սաուդյան թագավորության համար շատ կարեւոր է ճանապարհից հեռացնել շիական Իրանին եւ նրա ալեւի դաշնակից Ասադի վարչակարգին:
Միեւնույն ժամանակ, եթե Թուրքիան Սիրիայի դեպքում պասիվ դիտորդ մնա, ապա հետզհետե սիրիական ցնցումները կարող են տարածվել նրա տարածքում` ներառելով քրդական շարժումը: Սիրիայի քրդերի գործողություններն Ասադի վարչակարգի դեմ հնարավոր է, որ ձեռք բերեն ազատագրական պայքարի բնույթ, եւ Սիրիայի տրոհման դեպքում կստեղծվի եւս մի քրդական ինքնիշխան միավորում, որն իրաքյանի հետ միասին արդեն հսկայական արագություն կհաղորդի թուրքական Քրդստանում պայքարի ծավալմանը: Ուստի, Էրդողանը շահագրգռված է հնարավորինս արագ կարգավորել «սիրիական հարցը»: Արդեն հիմա թուրք պաշտոնյաները հայտարարում են, որ Սիրիայից փախստականների տեսքով Քրդական բանվորական կուսակցության զինյալ խմբերը ներթափանցում են թուրքական Քրդստան:
Ինչ վերաբերում է Իրաքին, ապա, կարելի է ասել, հենց այստեղ է վճռվելու Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության ճակատագիրը: Իրաքն այժմ շատ նպաստավոր գոտի է Թուրքիայի կողմից ներդրումների եւ առեւտրի համար. Անկարան փորձում է այդ երկիրը ներգրավել իր տնտեսական ու քաղաքական տարածության մեջ: Առաջին հերթին, Թուրքիան ձգտում է ամրապնդել թուրքախոս բնակչության դիրքերն Իրաքում՝ այն ներկայացնելով ոչ թե որպես ազգային փոքրամասնություն, այլ պետականակազմ ազգ` սուննի արաբների, շիա արաբների եւ քրդերի հետ մեկտեղ: Բացի այդ, ներդնելով իրաքյան Քրդստանում շուրջ 10 մլրդ դոլար` Անկարան նպատակ է հետապնդում ինտեգրել այս երկրամասն իր տնտեսական տարածության մեջ:
Սակայն, մյուս կողմից, այս պայմաններում հյուսիսային Իրաքի հետ սահմանի թափանցիկությունը թույլ է տալիս երկու կողմերի քրդերին կանոնավոր կերպով հարաբերակցվել, ինչն էլ ավելի է ուժեղացնում քրդական շարժումը:
Եվս մի կարեւոր գործոն, որ լրջորեն սահմանափակում է Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունները. ԱՄՆ ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում, Մերձավոր Արեւելքում եւ Կենտրոնական Ասիայում: Ակնհայտ է, որ ո՛չ ամերիկացիները, ո՛չ էլ եվրոպացիները թույլ չեն տա Թուրքիային ավելի ակտիվ դեր ստանձնել տարածաշրջանային խնդիրների կարգավորման գործում, քան որպես արեւմտյան շահերը սպասարկող ուժի:
Պարզ է նաեւ, որ Թուրքիայի ակտիվացումն արաբական Արեւելքում եւ Կովկասում կբերի Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի, Իսրայելի եւ այլ ուժերի հակազդեցությանը: Այս առումով Թուրքիայի բախումն իր աշխարհաքաղաքական հակառակորդների հետ կամ ներգրավումը տարաբնույթ հակամարտությունների մեջ դառնում է էական գործիք` Թուրքիայի հավակնությունները զսպելու համար: Որքան նոր թուրքական կայսրության նախագիծը խորանա, այնքան այն ավելի ու ավելի հաճախակի բախվելու է տարածաշրջանային մյուս հիմնական խաղացողների շահերի հետ:
Հետաքրքրական է, որ «զբաղված լինելով» Լիբիայում՝ Արեւմուտքը կարծես Թուրքիայի ուսերի վրա է դնում Բաշար Ասադի վարչակարգի դեմ ճնշումների բեռը: Բավական է նշել, որ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Հեյգը հայտարարեց, որ «մեր թուրք գործընկերները կանեն ամեն հնարավորը Ասադի վարչակարգի վրա ճնշումներ գործադրելու համար: Նրանք Ասադին կհասկացնեն, որ նա կորցնում է իր իշխանությունը եւ պետք է բարեփոխումներ իրականացնի կամ հեռանա»:
Դրանով Թուրքիան փաստորեն ընկնում է ծուղակի մեջ: Եթե այն հաջողությամբ կատարում է իր վրա դրված առաքելությունը, ապա ամբողջ արաբական աշխարհը ձեռք է բերում որպես հակառակորդ, քանի որ արաբները չեն ների Օսմանյան կայսրության «ժառանգներին» արաբական գործերին միջամտելու փաստը: Բացի դրանից, Թուրքիան ուղղակիորեն կհայտնվի Իրանի շահերի դեմ բախման վտանգի առաջ: Իսկ ձախողվելու դեպքում Թուրքիան ցույց կտա բոլորին, որ ի վիճակի չէ կատարել իր կողմից հռչակվող տարածաշրջանային առաջնորդի դերը:
Վերջապես, ինչպես նշում են փորձագետները, Թուրքիայի տնտեսական ռեսուրսները կարող են չբավարարել տարածաշրջանային առաջնորդ դառնալու համար, ինչպես դա տեղի ունեցավ Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ Անկարան փորձեց գրավել առաջնորդող դիրքեր թյուրքական աշխարհում:
Դեռեւս անորոշության մեջ են թուրք-իսրայելական հարաբերությունները: Հայտնի է, որ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ գոյություն ունեն բազում ավանդական կապեր, հատկապես` ռազմաքաղաքական բնագավառում, ուստի, երկու կողմն էլ ձգտում են «չայրել կամուրջները»: Ուստի, հենց հետընտրական շրջանում ակտիվացան Թուրքիայի եւ Իսրայելի հաշտեցման փորձերը, ինչին առավելապես նպաստում է Սիրիայի դեմ ջանքերի համատեղման անհրաժեշտությունը: Հարկ է նշել, որ սիրիա-թուրքական մերձեցումը սկսվեց իսրայելա-թուրքական հարաբերությունների վատթարացման ընթացքին զուգահեռ: Հիմա, կարծես թե, սկսվում է հակառակ գործընթացը:
Իսրայելն իր պաշտպանության նախարար Բարաքի միջոցով հայտարարեց, որ Երուսաղեմը պատրաստ է վերադառնալ Թուրքիայի հետ հարաբերությունների նախկին մակարդակին` մոռանալով անցյալում եղած վիրավորանքները: Մինչդեռ սկզբից արտգործնախարար Դավութօղլուն, ապա վարչապետ Էրդողանն էլ պնդեցին, որ Թուրքիան չի գնա Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման, քանի դեռ իսրայելական կառավարությունը ներողություն չի խնդրել 2010թ. մայիսին «ազատության նավատորմիղի» հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Բացի այդ, Իսրայելը պետք է հանի Գազայի հատվածի շրջափակումը: Իսրայելի կառավարության ղեկավարներն ի պատասխան հայտարարեցին, որ ներողություն խնդրելու համար առիթ չունեն եւ չեն պատրաստվում ազգային ստորացում թույլ տալ: Փաստորեն, Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին բանակցություններն ավարտվեցին անարդյունք:
Ամեն դեպքում Իսրայելի հետ լիարժեք հարաբերությունների եւ դաշինքի վերականգնումը հավանական չէ, քանի որ երկու պետությունների շահերը տարածաշրջանում մտել են խոր հակասությունների մեջ, որոնցից գլխավորներն են` մերձավորարեւելյան շուկաներում առաջնորդությունը եւ տարածաշրջանի տրոհումն ավելի փոքր միավորների, մասնավորապես, նույն Քրդստանի ստեղծումը, որն ուղղակի բխում է Իսրայելի շահերից ու հակասում Թուրքիայի շահերին:
Միաժամանակ, սիրիական դեպքերը ցույց են տալիս, որ Մերձավոր Արեւելքում գերիշխանության ձգտելու ճանապարհին` Թուրքիան ներքաշվում է տարածաշրջանային անկայունության ու ցնցումների մի փուլ, ինչը նման է Առաջին աշխարհամարտի մեջ Օսմանյան կայսրության ներքաշվելու ընթացքին:
Կարելի է եզրակացնել, որ «հարեւանների հետ զրո խնդիրներ» սկզբունքի վրա հիմնված Թուրքիայի նոր տարածաշրջանային քաղաքականությունը, որն անվանեցին «նեոօսմանիզմ», փաստորեն չաշխատեց: Թուրքիան առանձնապես որեւէ լուրջ ազդեցություն ձեռք չբերեց, եւ ակնհայտ է, որ նրա` որպես տարածաշրջանային տերության, հնարավորությունները մնալու են սահմանափակ, իսկ Թուրքիայի վրա ճնշման առավել ազդեցիկ լծակ է մնալու քրդական «խաղաքարտը»:
Ստեղծված իրավիճակում Թուրքիան պետք է կրկին ապավինի ճկուն եւ մարտավարական դաշինքներին, քանի որ լուրջ ռազմավարությունը տարածաշրջանում ներկայիս արագընթաց զարգացումների պարագայում դառնում է պարզապես անհնար: Թուրքիան դեռ օգտագործելու է իր ունեցած լծակներն ու խաղաքարտերը, որոնք են ռազմական հզորությունը եւ կայացած ուժային համակարգը, տնտեսական վերելքը, Բալկաններում, Կովկասում, Մերձավոր Արեւելքում ու Կենտրոնական Ասիայում ազդեցության տարրերը, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Ռուսաստանի քաղաքական, ռազմական ու էներգետիկ շահերի սպասարկումը:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇՈԻՐՋ[01.11.2011]
- ԱՄՆ–ՉԻՆԱՍՏԱՆ. ՊԱՅՔԱՐ ԳԼՈԲԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ[07.10.2011]
- ԳԼՈԲԱԼ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ԵՎ ԱՊԱԳԱՆ[28.06.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ[18.05.2011]
- ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՒՄ[19.04.2011]
- ՆՈՐ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ[15.03.2011]
- ԱՊԱԳԱՅԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ[16.02.2011]
- ԹՈՒՐՔԻԱ–ՆԱՏՕ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[17.12.2010]
- ԵՎՐՈՊԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ՃԳՆԱԺԱՄԸ[19.11.2010]
- ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ՎԵՐԱՓՈԽՈՒՄԸ[20.10.2010]