ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ՎԵՐԱՓՈԽՈՒՄԸ

Եվրոպական ինքնություն ասելով` նախ եւ առաջ պետք է հասկանալ պատմական եւ քաղաքակրթական մի ընդհանրություն: Հենց այդ ընդհանրության շնորհիվ է հնարավոր խոսել Եվրոպայի` որպես միասնական քաղաքակրթության եւ ինքնության մասին, մինչդեռ ասիական կամ աֆրիկյան ինքնություններ` որպես այդպիսին, գոյություն չունեն: Այդ պատճառով եվրոպական ինքնությունն առավել ցայտուն կերպով ընկալվում է դրսից. բոլոր ոչ եվրոպացիները, որպես կանոն, եվրոպացիներին դիտարկում են որպես մի ամբողջություն: Այդ ամբողջությունն իր մեջ միավորում է ազգային պետությունների ինքնությունները, որոնք, սակայն, այսօր գտնվում են վերափոխման գործընթացում, որն ընթանում է եվրոպական աշխարհիկության եւ Եվրոպա ներթափանցած ու արմատավորված այլ մշակույթների, առաջին հերթին` իսլամի միջեւ հակադրության տեսքով:
Դեռեւս 1970-ականներին հռչակավոր ֆրանսիացի քաղաքագետ Ռայմոն Արոնը գրում էր, որ եվրոպացիներն իրենց կարծես թե դուրս են բերել պատմությունից, այն մեծ պատմությունից, որը նրանք կերտել են արյունալի տառերով: Զտելով հետպատերազմյան Եվրոպան պատերազմի բերած գործոններից` ռասիզմից, միլիտարիզմից, շովինիզմից, եվրոպական էլիտաները դրա հետ նաեւ ազատվեցին հայրենասիրության, ազգային հպարտության եւ մրցունակության երեւույթներից: Ազգային օրհներգերի կատարումը կամ դրոշների ծածանումը որոշ երկրներում սկսեց ընկալվել որպես ծայրահեղ ազգայնականների կամ ֆուտբոլային մոլեռանդների զբաղմունք:
Ավելին, այլ մշակույթների եւ դրանց կրողների (ներգաղթածների) նկատմամբ հանդուրժողական մոտեցումը եւ բազմամշակութայնության խրախուսումը դարձել էին Եվրոպայի էլիտաներին բնորոշ յուրահատկություններ: Պարզ ասած, Եվրոպայում փորձեցին կրկնել ամերիկյան օրինակը:
Մինչդեռ, ի տարբերություն ԱՄՆ-ի, որտեղ ամերիկյան ինքնությունը կառուցված է Ամերիկայի` որպես քաղաքական հավատամքի եւ քաղաքացիության սկզբունքների վրա, Եվրոպայում ինքության մեջ շարունակում են կարեւոր դեր խաղալ ազգային եւ կրոնական սկզբունքները: Իսկ դրանք ավանդորեն կապված են եղել «յուրային–օտար» կամ «մենք– նրանք» հասկացությունների հետ:
Այս համատեքստում, այսօր եվրոպական քաղաքականության առաջնային թեմա են դարձել ներգաղթի հետ կապված խնդիրները: Արեւմտյան Եվրոպայի երկրների միգրացիոն քաղաքականության արդյունքում եվրոպական համընդհանուր բարեկեցության մոդելին եւ եվրոպական աշխարհիկությանը լուրջ վտանգ է սպառնում: Եվրոպական էլիտաները կարծում էին, թե պետք է թույլ տալ Ասիայից եւ Աֆրիկայից բնակչության ներգաղթը` էժան աշխատուժի հարցը լուծելու համար (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մայրցամաքում առաջացած ժողովրդագրական բացի պայմաններում): Սակայն այդ էլիատները չէին սպասում, որ ներգաղթի հետ կգան նաեւ ասիական եւ աֆրիկյան երկրների մշակույթը, կացութաձեւը: Առավել եւս, որ տնտեսական օգուտն այդ ներգաղթյալներից եղավ նվազագույն. պաշտոնական տվյալներով` այսօր Եվրոպա ներգաղթածների միայն 1/3-ն է իրականում աշխատում: Արդյունքում` միգրացիոն քաղաքականությունը սկսում է հարուցել ավելի ու ավելի մեծ թվով եվրոպացիների դժգոհությունը:
Որպես այս իրողությունների հետեւանք` մայրցամաքում հնչում են ձայներ, որ Եվրոպան արդեն անձնատուր է եղել օտարածին քաղաքակրթության առաջ եւ չի կրող դիմակայել մահացու վտանգ ներկայացնող մահմեդականների ներգաղթին: Մյուս տեսակետն այն է, որ հենց ներկա ժամանակաշրջանում սկսվում են գործի դրվել Եվրոպայի կանխարգելման մեխանիզմները, եւ հերթական անգամ եվրոպական ինքնությունն, անցնելով ճգնաժամի միջով, կգնա դեպի նոր վերածնունդ:
Եվ եթե նախկինում Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի կամ Հոլանդիայի նման երկրներում ազգային ինքնության հարցերի բարձրացումը համարվում էր քաղաքականապես ոչ կոռեկտ, ապա այսօր դա արդեն հանրային քննարկումների առարկա է:
Այդ քննարկումներում ասվում է, որ Եվրոպան, փորձելով կիսել իր ինքնությունն այլ մշակույթներ ներկայացնողների հետ, բախվում է մահմեդականների կողմից կրոնական արմատականության տարածմանը, որը ներկայացվում է որպես պատասխան Եվրոպայում բարոյական թողտվության եւ արմատական անաստվածության երեւույթներին, ինչպես, օրինակ, համասեռամոլների ամուսնությունները, թմրանյութերի համատարած օգտագործումը, ընտանիքի գաղափարի արժեզրկումը: Ավելին, եվրոպացի տարբեր ինտելեկտուալներ նշում են, որ իսլամիզմը, համասեռամոլությունը եւ արմատական ազատականությունը կազմել են յուրատեսակ դաշինք ընդդեմ ավանդական եվրոպական արժեքների` քրիստոնեության, հռոմեական իրավունքի եւ ավանդական ընտանիքի:
Փաստորեն, ամբողջ XX դարը, եւ XXI դարի սկիզբը Եվրոպան գնում էր նոր` հետքրիստոնեական ինքնության ստեղծման ճանապարհով: Սակայն այդ ինքնությունն, իր բոլոր տեխնոլոգիական առավելություններով հանդերձ, ցույց է տալիս իր ծայրահեղ լղոզվածությունը եւ անարդյունավետությունն այլ ավանդական մշակույթների հետ բախման դեպքերում:
Իր հերթին, իսլամն առաջ քաշեց իսլամիզմի` որպես քաղաքական եւ կրոնական կարգի գլոբալ տարածման հականախագիծ, այդ թվում` եվրոպական մայրցամաքում: Հետաքրքրական է, որ Եվրոպայում բնակվող մահմեդականների երկրորդ կամ երրորդ սերունդներն ավելի արմատական են տրամադրված եվրոպական արժեքների նկատմամբ, քան իրենց ծնողները: Հենց նրանք են քարոզում շարիաթի օրենքների ներմուծումը եվրոպական երկրներ:
Իսլամական էքսպանսիան, ի վերջո, ծնեց հակազդեցություն: 2009թ. Շվեյցարիայում կայացած մինարեների կառուցման արգելքի հարցով հանրաքվեի արդյունքները, երբ ընտրողների 58%-ը քվեարկեց մինարեների կառուցումն արգելելու օգտին, ցույց տվեցին, որ իսլամը դառնում է լուրջ խնդիր եվրոպացիների աշխարհընկալման համար: Առաջին անգամ եվրոպական երկրի մեծամասնությունը հստակ հանդես եկավ մահմեդական էքսպանսիայի նախագծի դեմ:
Շվեյցարական հանրաքվեին հաջորդեցին բելգիական եւ ֆրանսիական խորհրդարանների որոշումները` մահմեդական կանանց ավանդական զգեստների մասերի` փարանջա եւ բուրկա (նիքաբ) կրելն արգելելու մասին: Ֆրանսիական իշխանությունները նաեւ արգելեցին կանանց մահմեդական գլխաշորի` հիջաբի կրումը պետական եւ ուսումնական հաստատություններում: Որպես այդ որոշումների հիմնավորում բերվեց այն, որ բուրկա եւ հիջաբ կրելը հակասում է եվրոպական սեկուլյարիզմի եւ սեռական իրավահավասարության սկզբունքներին:
Այս ֆոնին ավելի հնչեղ են դառնում եվրոպական նեոպահպանողականների ձայները, որոնք հայտարարում են, թե անհրաժեշտ է պաշտպանել ազգային իրավունքները, ավանդույթները, մշակույթը: Եվրոպայի այժմյան պահպանողականությունը` որպես եվրոպական ժողովուրդների զարգացման գրավական, առաջին հերթին տեսնում է ինքնության պահպանումը: Այդ հոսանքի ներկայացուցիչները շեշտում են, որ չի կարող լինել այնպիսի զարգացում, երբ հասարակությունը կամ ազգը կորցնում են իրենց դիմագիծը, արժեքային աշխարհը:
Եվրոպական նոր պահպանողականների համար գլխավոր քաղաքական կարգախոսը դարձավ հակաիսլամիզմը: Այսպես, հոլանդական աջ Ազատության կուսակցության առաջնորդ Հերտ Վիլտերսը, որն առավել արմատական է տրամադրված իսլամի հանդեպ, հայտարարում է, որ իր նպատակը հոլանդական ազգային ինքնության պահպանումն է` շեշտելով, որ Եվրոպան մահմեդական մայրցամաք չէ: Վերջերս էլ Վիլտերսը, ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանում, կոչ արեց պաշտպանել Եվրոպան իսլամից, նշելով, որ պետք է արգելել նոր մզկիթների կառուցումը, այն պարագայում, երբ քրիստոնյաների հալածանքներ են տեղի ունենում Թուրքիայում, Իրանում, Պակիստանում:
Ներկա ժամանակաշրջանում հստակ երեւում է այն միտումը, որ Եվրոպայում թափ են հավաքում հենց հակամահմեդական տրամադրությունները, ինչի շնորհիվ աճում է ներգաղթը խստացնելու կամ դադարեցնելու օգտին հանդես եկող պահպանողական կամ աջ կուսակցությունների ժողովրդականությունը: Ընտրություններում եվրոպացիները զանգվածայնորեն քվեարկում են պահպանողական եւ ազգայնական ուժերի օգտին, որոնք խոստանում են վերադառնալ կյանքի ավանդական կացութաձեւին: 2010թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում Շվեդիայում առաջին անգամ խորհրդարանում տեղեր ստացավ ծայրահեղ աջ Շվեդական ժողովրդավարական կուսակցությունը, որի առաջնորդները հայտարարում են, որ Շվեդիայի համար այսօր մեծագույն վտանգը մահմեդականների ներգաղթն է:
Նմանապես աջ պահպանողական ուժերը զգալի հաջողություններ արձանագրեցին Նիդեռլանդներում, որտեղ վերոնշյալ Ազատություն կուսակցությունը գրավեց երրորդ տեղը` խորհրդարանում իր տեղերն ավելացնելով 9-ից մինչեւ 24: Մեծ Բրիտանիայում վերջին ընտրություններում հաղթանակ տարած Պահպանողական կուսակցության առաջնորդ Դեւիդ Քամերոնը կոչ է անում սահմանափակել ներգաղթը:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին վերջերս կազմակերպեց քննարկումներ` ֆրանսիական ազգային ինքնության հարցի վերաբերյալ: Երկրի ղեկավարն ուղղակի կապակցեց երկրում անվտանգության ու կարգուկանոնի ապահովման հարցը ներգաղթի խնդրի հետ:
Գերմանիայում ամռանը լույս է տեսել երկրի Կենտրոնական բանկի վարչության անդամ Թիլո Սարացինի հեղինակած «Գերմանիայի ինքնավերացումը» անվամբ գիրքը, որը բավական մեծ հասարակական հնչեղություն ձեռք բերեց: Գիրքը շոշափում է Գերմանիա ներգաղթածների խնդիրը: Սարացինն անվանում է մահմեդական ներգաղթյալներին ձրիակերներ, որոնք աշխատելու փոխարեն միայն երեխաներ են ծնում: Ընդ որում, մահմեդականների կողմից ինտեգրվելու ցանկության բացակայության հետեւանքով, գերմանական հասարակությունն ի վիճակի չի լինելու լրացնել որակյալ մասնագետների պակասը, ինչը կբերի երկրի արտադրական, կրթական եւ մշակութային մակարդակի կտրուկ անկմանը: Սարացինը շեշտում է, որ արաբ եւ թուրք ներգաղթյալները որեւէ գործնական օգուտ չեն բերում, չեն զբաղվում արտադրական գործունեությամբ եւ միայն միրգ ու բանջարեղեն են վաճառում: 1979–2000թթ. ընթացքում Գերմանիայում բնակվող թուրքերի թիվը հասավ 3-ից մինչեւ 7,5 մլն, ընդ որում` աշխատում է միայն մոտ 2 մլն-ը: Մնացածները շահագործում են գերմանական սոցիալական ապահովության համակարգը: Բացի այդ, Գերմանիայի թուրքական բնակչության զգալի մասն ընդհանրապես չի խոսում գերմաներեն:
Թ.Սարացինը զգուշացնում է, որ մահմեդականները գրավում են Եվրոպան իրենց ծնելիության մակարդակով, եւ եթե այդպես շարունակվի, ապա կփոխվի Գերմանիայի մշակույթը, գերմանական մտածելակերպը: Այդ դեպքում, 80 տարի անց գերմանացիները կդառնան ազգային փոքրամասնություն սեփական երկրում: Որպես լուծում` Սարացինը, Վիլտերսի նման, կոչ է անում արգելել Մերձավոր ու Միջին Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներից ներգաղթը` խրախուսելով գերմանացիների ծնելիության աճը, ինչի նպատակով պետք է պահպանել գերմանական ավանդական մշակութային արժեքները:
Գրքի հրապարակումից հետո Թ.Սարացինին պարտադրեցին հրաժարական տալ ԿԲ վարչության անդամի պաշտոնից: Մինչդեռ Գերմանիայում հարցումները ցույց են տալիս, որ Սարացինի դիրքորոշմանն աջակցություն է հայտնել բնակչության 70%-ը: Այսինքն` Սարացինը հնչեցրեց այն, ինչի մասին մտածում էր գերմանացիների, ընդհանրապես` եվրոպացիների կեսից ավելին: Փորձագետները նշում են, որ Սարացինի գիրքը հանեց կարեւորագույն տաբուներից մեկը, որն առկա էր Գերմանիայում 1945 թվականից հետո` ազգային հարցի քննարկումը:
Նշված զարգացումները ցույց են տալիս, որ Եվրոպայում առկա է խզում հասարակությունների եւ քաղաքական իշխող էլիտաների միջեւ: Մինչ էլիտաները շարունակում են քարոզել մահմեդական սփյուռքի ինտեգրման գաղափարը` որպես արեւմտյան եւ իսլամական քաղաքակրթությունների մերձեցման կամուրջ, եվրոպական նոր աջերն ավելի լավ են ընկալում սովորական քաղաքացիների մտավախությունները: Մայրցամաքի քաղաքական վերնախավի մեծամասնությունը բացասաբար է վերաբերվում նոր աջերի գաղափարներին` որակելով դրանք որպես անհանդուրժողականության եւ ծայրահեղականության դրսեւորում: Այդուհանդերձ, եթե որոշ ժամանակ առաջ այդ գաղափարները պարզապես արհամարհվում էին, ապա աճող հասարակական աջակցությունը եւ հանրային քննարկումներն այլեւս անհնար են դարձնում նման մոտեցումը: Անգամ Դանիայում կառավարության անդամներից մեկը վերջերս ուղղակի հայտարարեց. «Խնդիրն այն է, որ դուք չեք կարող ինտեգրել մահմեդականների մեծ հատված մի երկրում, որի մշակութային հիմքը քրիստոնեական է»:
Եվրոպացիներն աստիճանաբար ավելի լավ են հասկանում, որ իրենց կողմից հանդուրժողականության դրսեւորումը բավարար չէ բազմամշակութային եւ ինտեգրված նոր եվրոպական ինքնություն կերտելու համար: Դրա համար պահանջվում է նաեւ մյուս կողմի պատրաստակամությունը` եվրոպական կենսակերպի մեջ ինտեգրվելու: Արդյունքում` եվրոպական երկրներին չհաջողվեց ինտեգրել իրենց հասարակությունների մեջ մահմեդական ներգաղթյալների զգալի մասին, որոնք շարունակում են ապրել փակ համայնքային կյանքով:
Հարկ է նշել, որ 2010թ. հոկտեմբերի վերջին Շվեյցարիայում նախատեսվում է անցկացնել նոր հանրաքվե` արդեն ներգաղթի կարգի վերաբերյալ: Ֆրանսիայի Ազգային Ժողովը եւս նախատեսում է խստացնել միջոցներն ընդդեմ այն ներգաղթողների, որոնք չեն ցանկանում հետեւել երկրի օրենքերին ու ավանդույթներին: Փորձագետների կարծիքով, Ֆրանսիայից, Գերմանիայից եւ Բելգիայից գնչուների արտաքսումը, որը տեղի է ունենում վերջին ամիսներին, նույնպես կոչված է ցուցադրել եվրոպական իշխանությունների մտադրությունը` խստացնել միգրացիոն քաղաքականությունը եւ ծառայել որպես զգուշացում Ասիայից ու Աֆրիկայից ներգաղթողների համար: Այս ամենը ցույց է տալիս, որ Եվրոպայում, իրոք, սկսում են գործել կանխարգելման մեխանիզմները:
Հատկանշական է, որ Արեւելյան Եվրոպայի երկրներն արդեն գործնական քայլեր են կատարում Արեւմտյան Եվրոպայի երկրների սխալների կրկնությունը թույլ չտալու համար: Այսպես, Լեհաստանի միգրացիոն ծառայություններն ուղղակի հայտարարեցին, որ Ասիայից եւ Աֆրիկայից ներգաղթյալների համար մուտքն արգելվում է, եւ որոշում կայացվեց թույլ տալ միայն սլավոնական ծագմամբ օտարերկրացիների ներգաղթը: Եթե լեհերն իրենք մեկնում են դեպի արեւմտաեվրոպական երկրներ, ապա Լեհաստան են գալիս ուկրաինացիներ, ռուսներ ու բելառուսներ` մշակութային եւ լեզվական առումներով լեհերին մոտ ժողովուրդներ:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇՈԻՐՋ[01.11.2011]
- ԱՄՆ–ՉԻՆԱՍՏԱՆ. ՊԱՅՔԱՐ ԳԼՈԲԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ[07.10.2011]
- ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ [26.07.2011]
- ԳԼՈԲԱԼ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ԵՎ ԱՊԱԳԱՆ[28.06.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ[18.05.2011]
- ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՒՄ[19.04.2011]
- ՆՈՐ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ[15.03.2011]
- ԱՊԱԳԱՅԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ[16.02.2011]
- ԹՈՒՐՔԻԱ–ՆԱՏՕ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[17.12.2010]
- ԵՎՐՈՊԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ՃԳՆԱԺԱՄԸ[19.11.2010]