• am
  • ru
  • en
Версия для печати
15.03.2011

ՆՈՐ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

   

Սուրեն Սարյան

2011-ի «արաբական հեղափոխությունները» Մեծ Մերձավոր Արեւելքի վերաձեւման գործընթացի սկիզբը դրեցին: Իրադարձությունները Մաղրիբում եւ Ծոցի երկրներում ձեւավորում են լիովին նոր ռազմավարական իրադրություն եւ վերստին ասպարեզ հանում «Մեծ Մերձավոր Արեւելք» նախագիծը, որը կարծես թե թաղվել էր Ջորջ Բուշի վարչակազմի հեռանալու հետ միասին:

Մեծ Մերձավոր Արեւելքն, ինչպես հայտնի է, նախագծվել էր ամերիկյան դիվանագետների եւ զինվորականների կողմից դեռեւս 1990-ականների սկզբին` որպես գերտարածաշրջան, որը ձգվում է Հս. Աֆրիկայից մինչեւ Հնդկաստանի, Չինաստանի եւ Ռուսաստանի սահմանները: Ամերիկյան ստրատեգները չէին էլ թաքցնում, որ Մեծ Մերձավոր Արեւելք նախագծի հիմնական նպատակը կապիտալների, էներգակիրների եւ զինված ուժերի ազատ տեղաշարժն է Եվրասիայի տարածքով` ամերիկյան վերահսկողության տակ: Իսկ վարչակարգերի փոփոխությունն այս գերտարածաշրջանում կազմում է սույն նախագծի բաղկացուցիչ մասը:

Եթե 2001թ. Աֆղանստանի եւ 2003թ. Իրաքի պատերազմները հետապնդում էին Մեծ Մերձավոր Արեւելքի արեւելյան հատվածի կառուցման նպատակը, ապա ներկայումս հերթը հասնում է դրա արեւմտյան եւ հարավային հատվածներին:

Կարծիքները վերոնշյալ գործընթացի վերաբերյալ տարաբնույթ են եւ բաժանվում են հիմնականում երկու խմբի:

Փորձագետների մի մասը գտնում է, որ արաբական հեղափոխությունները տարածաշրջանի ժողովրդավարացման սկիզբն են հանդիսանում: Դրանք նաեւ արդիականացման գործընթացի սկիզբն են եւ զարգացման նոր հնարավորություններ են տալիս:

Ակնհայտ է, որ վերջին իրադարձություններն իսլամական հեղափոխություններ չեն. դրանք չեն ընթանում իսլամիստական, հակաամերիկյան կամ հակաարեւմտյան կարգախոսների ներքո եւ առավելապես կենտրոնացած են ներքին տնտեսական, քաղաքական եւ սոցիալական խնդիրների վրա: Այս իրադարձություններում իսլամիստական կազմակերպությունները գրավեցին սպասողական դիրք` հստակ չկողմնորոշվելով իրենց անելիքների հարցում:

Եթե Բուշի հանրապետական վարչակազմի օրոք կիրառվում էր արտաքին զինված միջամտության եւ ժողովրդավարության հաստատման ուժային տարբերակը, ապա Օբամայի դեմոկրատական վարչակազմը հետեւում է «մեղմ» քաղաքականության ուղեգծին` տարածաշրջանում քաղաքական վերակառուցման գործընթացները ներսից իրականացնելու առումով: Այսինքն` այս անգամ քաղաքական եւ աշխարհաքաղաքական վերակառուցումը կրում է «կամավոր» բնույթ:

ԱՄՆ-ը կարծես հրաժարվել է այն դոկտրինից, որը կիրառում էր Մեծ Մերձավոր Արեւելքում տասնամյակներ շարունակ. այն է` աջակցել մահմեդական երկրներում իշխող աշխարհիկ, թեեւ ավտորիտար վարչակարգերին` իսլամիստական շարժումները եւ դրանց հավակնությունները զսպելու նպատակով: Ավելին, այն հեշտությունը, որով Վաշինգտոնը հրաժարվեց օգնել տարածաշրջանում իր առանցքային դաշնակիցներից մեկին` Հոսնի Մուբարաքին, առաջացրեց ամերիկյան մյուս դաշնակցի` Սաուդյան Արաբիայի որոշակի շփոթությունը: Այնտեղ հասկացան, որ ցանկացած պահի կարող են զրկվել համաշխարհային առաջնորդի աջակցությունից:

Տարածաշրջանում ստեղծվելիք անկայունությունը նաեւ կարող է լրացուցիչ առիթ տալ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ամրապնդման համար, ինչպես, օրինակ, Լիբիայի դեպքերը թույլ տվեցին Միջերկրական ծովում մեծացնել ամերիկյան եւ բրիտանական զինուժի քանակը:

Ավելին, վերջին զարգացումները, փաստորեն, թույլ են տալիս Արեւմուտքին վերահսկելիության սահմաններում պահել արմատական իսլամիստական շարժումները: Մասնավորապես, «Մուսուլման եղբայրներին» հնարավորություն է տրվել ինտեգրվել Եգիպտոսի քաղաքական համակարգին` ծայրահեղականությունից հրաժարվելու դիմաց:

Փորձագետների մյուս մասը համարում է, որ տարածաշրջանին սպառնում է արմատականացման եւ ծայրահեղականության ուժեղացման վտանգը, որը լրջագույն խնդիր է դառնալու Արեւմուտքի անվտանգության եւ զարգացման համար: Հետեւաբար, ամերիկյան ազդեցությունը տարածաշրջանում անկում է ապրում, ինչպես ժամանակին այստեղ կորցրին իրենց դերակատարումը Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը: Որեւէ այլ ուժ, այդ թվում` Չինաստանը, վակուումը լցնելու հիմնարար հայտ չի ներկայացնում: Այս տեսակետը ենթադրում է, որ կարող է ձեւավորվել նոր համաշխարհային իսլամական բեւեռ (այն ժամանակին կոչվում էր Խալիֆաթ), որի առաջացումն այսօր թեեւ քիչ հավանական է թվում, սակայն գործընթացների արմատականացման դեպքում այդ հավանականությունը բավական կաճի:

Այս առումով լուրջ վերաձեւում կարող է սպասվել Սաուդյան Արաբիային եւ Պակիստանին, որոնք համարվում են իսլամական աշխարհում ԱՄՆ առանցքային դաշնակիցներ, սակայն իրականում ներկայացնում են լրջագույն սպառնալիք թե՛ արեւմտյան քաղաքակրթության, թե՛ իսլամի արդիականացման համար, քանի որ վահաբական եւ թալիբանական կենտրոնները գտնվում են հենց այս պետությունների տարածքում:

Վաշինգտոնը, փաստորեն, չանսաց Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալահի կոչերին` թույլ չտալ Մուբարաքի հեռացումը, ինչից հետո Սաուդյան դինաստիան հասկացավ, որ այլեւս զրկվել է անձեռնմխելիությունից: Եմենի հնարավոր մասնատման եւ Բահրեյնում շիաների հաղթանակի դեպքում Սաուդյան Արաբիան կարող է կորցնել նաեւ նավթով հարուստ արեւելյան նահանգները, որտեղ բնակչության մեծամասնությունը կազմում են շիաները: Հենց Սաուդյան Արաբիայում հանգուցալուծում կարող են ստանալ այն բոլոր զարգացումները, որոնք կապված են Մեծ Մերձավոր Արեւելք ծրագրի հետ:

Հետաքրքրական է, որ այս ընթացքում Իրանն ու Իսրայելը մեղադրում էին իրար իսլամական աշխարհում համատարած ապակայունացում սերմանելու մեջ: Իսրայելցի փորձագետները նշում են, որ հենց արմատական տրամադրությունների ուժեղացման միջոցով է Իրանը փորձում տապալել հին վարչակարգերը, որոնք կայունություն էին ապահովում:

Իսրայելի ղեկավարությունը գտնում է, որ հրեական պետության համար գերադասելի է կայունությունը, քան թե ժողովրդավարությունը, որն իսլամական աշխարհում ավարտվում է արմատական իսլամիստների իշխանության գալով, ինչպես դա տեղի ունեցավ «Համասի» եւ «Հիզբալլահի» դեպքում:

Ուստի, Իսրայելում զգուշանում են, որ Եգիպտոսի դիրքերը տարածաշրջանում էապես թուլանալու են եւ բերելու են հրեական պետության երկու հակառակորդ երկրների` Իրանի եւ Թուրքիայի ուժեղացմանը:

Իրանը եւ Թուրքիան պաշտպանեցին հեղափոխությունները` ձգտելով ամրապնդել իսլամական աշխարհում իրենց դիրքերը: Թուրքիան սկսեց կտրուկ փոխել իր դերակատարումը` վերածվելով նեոօսմանականություն քարոզող եւ մահմեդական աշխարհը պաշտպանող տարածաշրջանային տերության: Պատահական չէ, որ եգիպտական «Մուսուլման եղբայրների» ղեկավարներն արդեն հայտարարել են, թե Եգիպտոսի համար որպես քաղաքական մոդել ընդունում են Արդարություն եւ զարգացում կուսակցության կառավարումը Թուրքիայում:

Հարկ է նշել, որ ներկայումս Անկարայի եւ Թեհրանի մարտավարական շահերը տարածաշրջանում համընկնում են: Նրանք համատեղ թուլացնում են արաբական աշխարհը: Փորձագետները նշում են, որ արդեն երկու երկրների միջեւ առկա է պայմանավորվածություն` Իրաքից ԱՄՆ դուրս գալուց հետո այդ պետությունն ազդեցության գոտիների կիսելու վերաբերյալ: Սիրիայի հետ ռազմավարական համագործակցության հաստատումը եւս թուրքական եւ իրանական քաղաքականության մասն են կազմում:

Փորձագետները կարծում են, որ Իրանի իսլամական վարչակարգը փորձելու է ձեւավորել «շիական գոտի», որը կներառի Մեծ Մերձավոր Արեւելքի բոլոր այն շրջանները, որտեղ բնակչության մեծամասնությունը շիա է: Դրանով իրանական ռազմավարությունը հնարավորություն կստանա օղակի մեջ վերցնել իր աշխարհաքաղաքական եւ կրոնական հիմնական հակառակորդին` Սաուդյան Արաբիային: Դրա արդյունքում Մեծ Մերձավոր Արեւելքը կարող է վերածվել շիաների եւ սուննիների միջեւ աշխարհաքաղաքական ու կրոնական պայքարի թատերաբեմի: Միաժամանակ, Իրանի ակտիվացումը կբերի սուննիական ճակատի համախմբմանը:

Իրանում իրավիճակն անկանխատեսելի է: Հավանական է, որ տարածաշրջանում ներկա գործընթացները կարող են սկզբնավորել ԱՄՆ–Իրան հարաբերությունների ապաշրջափակումը: Գաղտնիք չէ, որ այդ հարաբերություններն առանցքային նշանակություն ունեն ամբողջ տարածաշրջանի համար, առանց որի կարգավորման տարածաշրջանային բազմաթիվ հարցեր կմնան այդպես էլ չլուծված: Ամերիկա-իրանական առանցքի հնարավոր վերականգնումը կդառնա Մեծ Մերձավոր Արեւելքի վերաձեւման գործում վճռորոշ գործոն:

Ակնհայտ է, որ Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանը մտնում է խոշոր ցնցումների ժամանակաշրջան: Հնարավոր է համարվում, որ փոխվեն պետությունների սահմաններ եւ անվանումներ, ինչպես, օրինակ, Թուրքիայի, Իրաքի եւ Իրանի տարածքներում Քուրդիստանի առաջացումը, Սաուդյան Արաբիայի մասնատումը սուննի եւ շիա հատվածների, Եմենի, Պակիստանի եւ Աֆղանստանի բաժանումը եւ այլն:

Պատմականորեն տարածաշրջանային պետությունների սահմանները գծվել են եվրոպական գաղութարար տերությունների կողմից XX դարի սկզբին, ինչի հետեւանքով այդ սահմանները տարածաշրջանում մշտական անկայունության եւ ժողովուրդների միջեւ թշնամանքի ու լարվածության անսպառ աղբյուր են:

Հարկ է նաեւ նշել, որ մենք վկան ենք դեռեւս 1990-ականներին Սեմյուել Հանթինգտոնի կողմից ավետված «քաղաքակրթությունների բախման» կարեւորագույն դրվագի, երբ քրիստոնեական Արեւմուտքը լուծում է իր գաղափարախոսական հակառակորդի` իսլամական աշխարհի զսպման խնդիրը, նպաստելով նրա ներքին թուլացմանը եւ պառակտմանը: Միաժամանակ, Եվրոպան ակնհայտորեն շարժվում է մահմեդական աշխարհի համար իր սահմանների փակման ուղղությամբ («բազմամշակութայնության» քաղաքականության քննադատում, Մերձավոր Արեւելքից եւ Աֆրիկայից ներգաղթի սահմանափակում, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մերժում եւ այլն):

Սակայն Արեւմուտքի համար վերջին զարգացումներն ունեն նաեւ ավելի հեռահար նպատակներ: Արեւմտյան ստրատեգները հասկանում են, որ համաշխարհային ուժի կենտրոնը եվրատլանտյան տարածաշրջանից տեղաշարժվում է դեպի խաղաղօվկիանոսյան ավազան, եւ Արեւելյան Ասիայի տերությունների տնտեսական վերելքին հաջորդելու է Արեւմուտքի քաղաքակրթական, ռազմական եւ քաղաքական առաջնորդությանը մարտահրավեր նետող նոր ուժի ի հայտ գալը: Եվ այդ ուժը միտված է լինելու հակաարեւմտյան դաշինքի ստեղծմանը` առաջին հերթին Արեւմուտքի կրոնական-գաղափարական թշնամու` իսլամական Արեւելքի հետ, ինչի մասին եւս զգուշացնում էր Հանթինգտոնը: Հավանական է, որ այսօր Մեծ Մերձավոր Արեւելքում ծավալվող վերաձեւման գործընթացն ուղղված է հենց այդ դաշինքը կանխելուն: Այդ ճանապարհին հիմնական ճակատամարտը գնալու է Իրանի եւ Պակիստանի համար, երկու պետությունների, որոնք այսօր օգտվում են Չինաստանի աջակցությունից:

Դրան գումարվում է պայքարը Կենտրոնական Ասիայի համար: Այս ֆոնին հետաքրքրական էր տեղեկատվությունը, թե սկսվել են բանակցություններ Աֆղանստանում, Ուզբեկստանում եւ Թուրքմենստանում ամերիկյան ռազմակայանների տեղակայման շուրջ` Ղրղզստանում ամերիկյան ռազմական ներկայությանը զուգահեռ:

Հետեւաբար, կարելի է փաստել, որ Արեւմուտքն այժմ լուծում է Արեւելյան Ասիայի հարցը` իսլամական աշխարհն ապակայունացնող «զարթոնքի» միջոցով: Ձեւավորվում է Նոր Մերձավոր Արեւելք:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր