ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇՈԻՐՋ

Վերջին տարիներին աշխարհը համակած տնտեսական ճգնաժամն էապես հարվածեց նաեւ Եվրոպական միության ներուժին: Այսօր ամերիկյան գլոբալ առաջնորդությունը փաստացի անգործության է մատնել Եվրոպայի ռազմավարական միտքը: Եվրոպացիների մեծ մասը ներկայումս չգիտի, թե որտեղ է վերջանում իր պետության սահմանը, եւ որտեղ են սկսվում եվրոպական ինստիտուտները: Աշխարհում եւ Եվրոպայում տարածում են գտնում Ասիայի վերելքի եւ արեւելյան մրցակիցների աճի ու միաժամանակ Եվրոպայի թուլացման մասին կարծրատիպերը:
Պետք է ասել, որ եվրոպական ինտեգրումը զգալիորեն ուժեղացրեց աշխարհամասի երկրների տնտեսական ներուժը: Նաեւ բարձրացավ կյանքի որակը, թեեւ ոչ հավասարաչափ: Եվ, ամենակարեւորը, ԵՄ նախագիծը փայլուն կերպով կատարեց այն խնդիրը, որը նպատակադրված էր դրա հիմքում. ԵՄ տարածքում գործնականորեն բացառված են պատերազմները:
Այդուհանդերձ, փորձագետները նշում են, որ վերջին ժամանակաշրջանում միջազգային հարաբերությունների համակարգ վերադարձավ ուժի գործոնը, որը հակասում է ԵՄ սկզբունքներին եւ ինքնությանը, որոնք կառուցվում էին եվրոպական ռազմականացված մտածողության ավանդույթները հաղթահարելու հիմքի վրա:
Ներկայում ԵՄ-ը գրավիչ է հարեւան գրեթե բոլոր պետությունների համար, որոնք ձգտում են դառնալ նրա անդամ, բացառությամբ, թերեւս, Ռուսաստանի: Իսկ այն երկրները, որոնք եվրոպական ինտեգրման հույսեր չունեն, գտնվելով Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում կամ Ասիայում, ընտրել են անհատական «ինտեգրման» ուղին` իրենց քաղաքացիների ներգաղթի միջոցով, ինչն արդեն դարձել է Եվրոպայի համար լրջագույն հայեցակարգային խնդիր:
Այսօր էլ ԵՄ-ը որեւէ կերպ չի դադարում լինել տնտեսական հսկա, իսկ Հունաստանում կամ Պորտուգալիայում կենսամակարդակը մնում է ավելի բարձր, քան Միության սահմաններից արեւելք կամ հարավ ընկած երկրներում: ԵՄ-ին անդամակցելու հերթ կանգնածների թիվը չի պակասում: Եվրոպական ինստիտուտների որակն այնքան բարձր է, որ ընթացիկ խնդիրները կարգավորվում են պետական մեքենայի կողմից արդյունավետորեն, ինչպես, օրինակ, Բելգիայի դեպքում, որտեղ արդեն երկրորդ տարին չի ձեւավորվում կառավարություն, սակայն կյանքը շարունակում է բնականոն ընթանալ:
Ակնհայտ է, որ իր ծավալների եւ տնտեսական հզորության շնորհիվ ԵՄ-ը պարզապես չի կարող չլինել գլոբալ քաղաքականության ազդեցիկ դերակատար: Մյուս կողմից, այդ գլոբալ քաղաքականությունը թույլ չի տալիս Եվրոպային ինքնամփոփվել` անընդհատ մարտահրավերներ նետելով նրան:
Փորձագետների կարծիքով, իր աշխարհաքաղաքական ինքնության ընդլայնման համար Եվրոպային անհրաժեշտ է ինտեգրման նոր որակների զարգացում, որը ենթադրում է ազգային ինքնիշխանությունների միավորում մեկ ընդհանուրի մեջ: Սակայն դա տեղի չի ունենում, քանի որ եվրոպական ազգերը դրան դեռ պատրաստ չեն: Աճող փոխկախվածությունը տնտեսական ոլորտում եւ շուկաների ու տարադրամների վերազգային բնույթը չեն ուղեկցվում քաղաքականության միասնականացման նմանատիպ ընթացքով: Փորձագետները նշում են, որ ընդլայնվելով` ԵՄ-ը մոռացավ կապերի խորացման մասին, ինչը կկանխեր շատ փակուղային իրավիճակների ստեղծումը:
Փորձը ցույց է տալիս, որ եվրոպական ինտեգրման ընթացքն արգելակվում է, երբ բացակայում են խոշոր նախագծեր, որոնց դերում հանդես եկան մաքսային միությունը, ընդհանուր շուկան, եվրոպական տարադրամը, ԵՄ ընդլայնումը: Որոշ փորձագետներ համարում են, որ այժմ նման նախագիծ կարող է դառնալ Ռուսաստանի ներգրավումը Եվրոպական միության մեջ, ինչը կտա միությանը գլոբալ ուժային կենտրոն դառնալու հնարավորություն, իսկ Ռուսաստանին` նոր մարտահրավերներին դիմագրավելու կարողություններ, քանզի ակնհայտ է, որ ներկայիս զարգացման միտումների պահպանման պարագայում, առաջին հերթին` տնտեսական եւ ժողովրդագրական առումներով, Ռուսաստանը մի քանի տարուց պարզապես չի կարողանալու առանց ԵՄ-ի հետ ինտեգրման ապահովել իր ուժային կենտրոնի դերակատարությունը:
Իրականում ԵՄ ճգնաժամը լիդերության, իրավիճակի երկարաժամկետ տեսլականի բացակայության ճգնաժամ է: Նշված հայեցակարգային ճգնաժամի պատճառ շատերը համարում են այն, որ այսօր եվրոպական կառավարություններն ու առաջնորդները զբաղված են օրվա խնդիրների լուծմամբ` մտահոգվելով զուտ ընտրություններում ընտրազանգվածին իրենց կողմը քաշելու հարցերով: Մինչդեռ ռազմավարությունը բացակայում է:
Իրոք, առանցքային եվրոպական պետությունները պահում են ԵՄ-ին անորոշության վիճակում: Միության բացահայտ առաջնորդ հանդիսացող Գերմանիան այդպես էլ չի կարողանում կողմնորոշվել իր հետագա դերակատարության հարցում:
Ըստ էության, մոտակա տարիներին ԵՄ ինտեգրացիոն գործընթացներն ուղղված են լինելու միության ներսում դաշնային հարաբերությունների ձեւավորմանը, ինչպես նաեւ միասնական տնտեսական, իրավական ու աշխարհաքաղաքական տարածության մեջ Արեւելյան Եվրոպայի (Բալկանների եւ «Արեւելյան գործընկերության» անդամ երկրների) եւ Ռուսաստանի ներգրավմանը: Առանց այդ զարգացումների եվրոպական նախագիծը փաստորեն մնում է անավարտ:
Սակայն այստեղ էլ ԵՄ առաջատարները բախվում են միասնական ռազմավարության բացակայության փաստին: Ազգային պարտքերով պայմանավորված ճգնաժամը բերեց նրան, որ Եվրոպայում առաջատար դեր սկսեց կատարել առավել նվազ ազգային պարտք ունեցող պետությունը` Գերմանիան: Հենց Գերմանիան է դարձել եվրոպական երկրների համար արդիական տեխնոլոգիաների եւ ֆինանսական ռեսուրսների մատակարարը. այսօր Բեռլինը ձեւավորում է եվրոպական ապրանքային շուկան եւ թելադրում գները: Ակնհայտ է, որ Գերմանիան գրավը դրել է Արեւելյան Եվրոպայի երկրների տնտեսությունների եւ հասարակությունների «գերմանացման» վրա, երբ քայլ առ քայլ գերմանական տնտեսական զարգացման ու քաղաքացիական հասարակության մոդելները կդառնան կիրառելի վերոնշյալ երկրներում:
Միեւնույն ժամանակ, Գերմանիան պնդում է, որ իրեն վերաբերվեն որպես նորմալ (առանց գլոբալ հավակնությունների) տերության, սակայն ինքը` Գերմանիան, երբեւէ չի կարող լինել սովորական տերություն: Այն չափազանց հզոր է դրա համար, քանի որ նրա տնտեսությունը երկու անգամ ավելի մեծ է, քան բրիտանականը կամ ֆրանսիականը: Այդ պատճառով Գերմանիան կարող է լինել առավելապես առաջնորդող տերություն: Եվ Բեռլինը ստիպված է փրկել եվրոյի գոտին, քանի որ այն սպասարկում է հենց գերմանական արտահանումը: Այնպես որ, այստեղ Բեռլինի կողմից որեւէ բարեգործական քայլ չի կատարվում. սա զուտ պրագմատիկ հաշվարկ է: Սակայն Գերմանիան շարունակում է տարբեր առիթներ փնտրել` միջազգային քաղաքականության մեջ իր ակտիվ չներգրավվածությունը պատճառաբանելու համար` ռիսկերը բարդելով դաշնակիցների ուսերի վրա:
Ուստի, Գերմանիան ինչքան էլ առանցք լինի, իրականում Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան են մնում Եվրոպայի համաշխարհային տերության կարգավիճակ ունեցող երկրները: Թեպետեւ եվրոպական պետությունների համընդհանուր ՀՆԱ-ն գերազանցում է ԱՄՆ ՀՆԱ-ն, սակայն ՆԱՏՕ եվրոպական անդամների պաշտպանական բյուջեն կազմում է ընդամենը շուրջ 200 մլրդ եվրո` ԱՄՆ 700 մլրդ եվրո կազմող ռազմական ծախսերի համեմատ: Եվ եվրոպական երկրների ռազմական ծախսերի 43%-ն ընկնում է Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի վրա: Այս առումով բնական էր, որ նրանք երկուսով ձեւավորելու են Եվրոպայի գլոբալ ռազմավարությունը:
2010թ. նոյեմբերին Լոնդոնն ու Փարիզը ստորագրեցին պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում համագործակցության մասին պայմանագիր: Դրան նպաստեցին այն գործոնները, որ ԱՄՆ-ը, որին Լոնդոնն անվերապահորեն հետեւում էր վերջին տասնամյակում, այսօր այնքան էլ հակված չէ շարունակել «հատուկ հարաբերություների» ուղեգիծը, որը տարվում էր երկու անգլոսաքսոնական տերությունների միջեւ, իսկ Փարիզը չկարողացավ պաշտպանական դաշինք ստեղծել Գերմանիայի հետ, որի հայացքն ուղղված է մեծ մասամբ խաղաղասիրական նախաձեռնություններին եւ իր եսասիրական, գերազանցապես` տնտեսական խնդիրներին, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ էներգետիկ համագործակցության զարգացմանը: Ֆրանկո-բրիտանական դաշինքի առաջին փորձարկումը դարձավ ՆԱՏՕ պատերազմը Լիբիայում: Փաստորեն, այդ դաշինքը կենտրոնանալու է Միջերկրածովյան ավազանի եւ Հնդկական օվկիանոսի ավազանի տարածաշրջաններում ընթացող զարգացումների վրա, իսկ Գերմանիան ու Լեհաստանը` Եվրոպայի արեւելքի ուղղությամբ: Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան հասկանում են, որ նրանք մտել են իրենց աշխարհաքաղաքական եւ տնտեսական հզորության անկման փուլ եւ այժմ փորձում են կամք ցուցաբարել` այդ անկմանը դիմակայելու համար:
Կարելի է ասել, որ ԵՄ շարժիչ ուժը` ֆրանկո-գերմանական տանդեմը, վերջին զարգացումների ընթացքում թուլացավ: Այդ պատճառով Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներին վախեցնում է ռուս-գերմանական սեպարատ գործարքի ուրվականը, ինչպես դա մի քանի անգամ տեղի է ունեցել անցյալում: Այդ է պատճառը, որ այդ երկրներն ապավինում են ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին:
Հարկ է նաեւ վերհիշել, որ տասնամյակներ շարունակ ԵՄ-ն իրագործում էր իր ինտեգրումն «ավագ եղբոր»` ԱՄՆ անվտանգության վահանի պաշտպանության ներքո: Սակայն հիմա ԱՄՆ ուշադրությունը հետզհետե սեւեռվում է այլ տարածաշրջանների վրա: Մինչեւ 1990-ականները ԱՄՆ-ը պաշտպանում էր Եվրոպային, ինչի արդյունքում ԵՄ-ը մինչ օրս ունակ չէ զբաղվել գլոբալ օրակարգի հարցերով: Այսինքն` ԵՄ-ն այսօր ներկա է գլոբալ ասպարեզում, սակայն ի վիճակի չէ իր այդ ներկայությունը վերածել իրական ուժային կենտրոնի տեսքի: Իսկ ԱՄՆ-ն ուրվագծում է իր ներկայությունը Արեւելյան Եվրոպայում առավելապես ռազմաքաղաքական ոլորտում, ինչպես, օրինակ, Լեհաստանին սպառազինությունների մատակարարման կամ Ռումինիայում հակահրթիռային պաշտպանության կայանի տեղակայման քայլերի տեսքով:
Փորձագետներն արդեն փաստում են, որ XXI դարում աշխարհում խաղի կանոնները թելադրելու են ԱՄՆ-ն ու ՉԺՀ-ն, սակայն ոչ` ԵՄ-ը: ԵՄ-ը պետք է ընտրի` կամ շարունակել մնալ ԱՄՆ հովանու ներքո, կամ էլ գնալ Չինաստանի հետ հարաբերությունների նոր որակի կառուցման:
Այսօր եվրոպական քաղաքական դասը կանգնած է, ըստ էության, պատմական որոշման առջեւ. կամ վերջ դնել եվրոյին, եվրոյի գոտուն, կամ գնալ միասնական ֆինանսական քաղաքականության, ինչն իրականում նշանակում է ստեղծել դաշնային եվրոպական պետություն: Այսպես, այս տարվա օգոստոսին Ն.Սարկոզին ու Ա.Մերկելն առաջարկեցին մի ծրագիր, համաձայն որի` ԵՄ-ը տեսականորեն հնարավորություն ստացավ եվրոյի գոտուց կամ նույնիսկ միությունից վտարել «կարգազանցներին»: Այսինքն` ինտեգրմանը զուգահեռ` ԵՄ-ում արագանում են ապաինտեգրացման գործընթացները, ավելի ճիշտ` «հատվածայնացման» պրոցեսները եվրոպական նախագիծը դարձնում են մի քանի արագությունների Եվրոպա:
Դրա լավագույն օրինակը Եվրոպայի հարավում ծավալվող զարգացումներն են. Հունաստանն իր ներկայիս 143%-անոց ազգային պարտքով գնում է դեպի սնանկացում, «հերթագրված» են նաեւ Իտալիան, Իսպանիան ու Պորտուգալիան: Սակայն քիչ հավանական է, որ Գերմանիան ու Ֆրանսիան հրաժարվեն եվրոյից, քանի դեռ եվրոյին աջակցելու գինը չի գերազանցել դրանից հրաժարվելու գինը: Մյուս կողմից, եթե հարավեվրոպական պետությունների սնանկացման պատճառով նրանք գնան միասնական ֆինանսական քաղաքականության հաստատման, ապա եվրոյի գոտու մեջ չմտնող բոլոր պետությունները` Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ, կարող են պարզապես լքել միությունը, քանի որ Լոնդոնը երբեք չի ընդունի եվրոն, իսկ դրա պարագայում այն պարզապես կմարգինալացվի եվրոպական ինտեգրման գործընթացից` հայտնվելով երկրորդ կարգի անդամ պետությունների շարքում: Իսկ առանց Մեծ Բրիտանիայի` Գերմանիայի գերիշխանությունը ԵՄ-ում կդառնա ակնհայտ ու անվիճարկելի: Բրիտանական ներկայությունն է ապահովում միության ներսում հավասարակշռությունը:
Այդ պատճառով Մեծ Բրիտանիան առաջարկում է «ավելի սերտ համագործակցություն եւ ավելի քիչ ինտեգրում» բանաձեւը, որը նշանակում է` եվրոպական քաղաքականության ու ռազմավարության առանցքային ոլորտներում ազգային ինքնիշխանության սկզբունքի վերահաստատում: Մեծ հաշվով, ժամանակը ցույց տվեց, որ Լոնդոնի դիրքորոշումը ճիշտ էր` եվրոյի գոտուն չմիանալու հարցում:
Ամեն դեպքում, Եվրոպական միությունն այլեւս չի լինի այնպիսին, ինչպիսին այն պատկերացնում էին առաջ: Կարելի է ենթադրել, որ ԵՄ-ը փոխելու է ձեւաչափը: Նրա կորիզը կենտրոնանալու է Գերմանիայի շուրջ, մինչդեռ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան վարելու են Բեռլինից ինքնուրույն քաղաքականություն: Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրները կազմելու են իրենց բլոկը, որի մեջ հնարավոր է մտնեն հետխորհրդային տարածքի արեւմտյան երկրները, ներառյալ` Հարավային Կովկասը:
Ներկայիս Եվրոպայի գերազանցությունն այլ քաղաքակրթությունների նկատմամբ, Ա.Թոյնբիի կարծիքով, ժամանակաշրջանի մարտահրավերներին համարժեքորեն պատասխանելու իր ընդունակության մեջ է: Այսօր Եվրոպան կանգնած է իրեն վերագտնելու մարտահրավերի առջեւ. ընդունա՞կ է նա համարժեք պատասխանի:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՄՆ–ՉԻՆԱՍՏԱՆ. ՊԱՅՔԱՐ ԳԼՈԲԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ[07.10.2011]
- ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ [26.07.2011]
- ԳԼՈԲԱԼ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ԵՎ ԱՊԱԳԱՆ[28.06.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ[18.05.2011]
- ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՒՄ[19.04.2011]
- ՆՈՐ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ[15.03.2011]
- ԱՊԱԳԱՅԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ[16.02.2011]
- ԹՈՒՐՔԻԱ–ՆԱՏՕ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[17.12.2010]
- ԵՎՐՈՊԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ՃԳՆԱԺԱՄԸ[19.11.2010]
- ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ՎԵՐԱՓՈԽՈՒՄԸ[20.10.2010]