• am
  • ru
  • en
Версия для печати
16.03.2006

Եվրոպա. ապագայի սցենարներ

   

Սուրեն Սարյան

Այսօր արդեն շատերն են նշում, որ Եվրոպական Միությունը բախվել է իր պատմության մեջ ամենախոր ճգնաժամի հետ և նրա ապագան այլևս անորոշ է:

Ֆրանսիայում և Նիդեռլանդներում կայացած հանրաքվեներում Սահմանադրական համաձայնագրի տապալումից, ԵՄ բյուջեի շուրջ անարդյունք բանակցություններից, Գերմանիայում կառավարական ճգնաժամից, Ֆրանսիայում փողոցային անկարգություններից հետո Եվրոպան վերցրել է «խորհելու դադար»` իր հետագա ճակատագիրը որոշելու հարցերի հետ:

ճգնաժամը նախևառաջ ցույց տվեց, թե ինչքան խորն է եվրոպական էլիտաների և եվրոպական հասարակության միջև անջրպետը: Ինչպես նշեց Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը, «մենք, որ առաջնորդում ենք Եվրոպան, կորցրել ենք եվրոպացիներին իրենցով հպարտացնելու մեր ուժը»:

Ավելին, մենք ականատես դարձանք ԵՄ երկու հենասյունային պետությունների` Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի բախմանը Միության բյուջեի խնդրի շուրջ: Երբ նախագահ Շիրակը մեղադրում էր վարչապետ Բլերին՝ «ազգային եսասիրության» և «անբավարար եվրոպականության» մեջ, վերջինս, իր հերթին, հայտարարում էր, թե «Եվրոպան որևէ մեկի կողմից սեփականացված չէ»:

Այս բախումն, ըստ էության, արտացոլում էր ԵՄ ստեղծման օրվանից մինչև օրս տևող պայքարը մայրցամաքի երկու` պայմանականորեն անգլոսաքսոնական կամ բրիտանական և ֆրանսիական կամ ֆրանկո-գերմանական մոդելների միջև:

Անգլոսաքսոնական մոդելն առաջ է քաշում ազատ առևտրի և շուկայի գաղափարը` թույլ քաղաքական ինստիտուտներով, մինչդեռ ֆրանկո-գերմանական մոդելը հանդես է գալիս ուժեղ պետական կառույցների և նրանց կողմից եվրոպական տնտեսության կարգավորման օգտին: Սակայն սրանք զուտ կլիշեներ են, որոնք իրական էին տասը-քսան տարի առաջ:

Ներկա պահին, հատկապես մայիսյան «ոչ»-ից հետո, Ֆրանսիան հանդես է գալիս սոցիալական մոդելի օգտին և վերապահումով է մոտենում ԵՄ հետագա ընդլայնմանը: Մինչդեռ բրիտանական թեզը հենց այն է, որ ԵՄ-ը դարձել է ավելի նվազ չափով ժողովրդականություն վայելող հենց Ֆրանսիայի և Գերմանիայի կառավարությունների սոցիալական քաղաքականության հետևանքով: Եվրոպական տնտեսությունը կարիք է զգում բարեփոխումների, իսկ ընդլայնման բանակցությունները պետք է շարունակվեն` գուցե ավելի երկարաժամկետ հեռանկարի հիման վրա: Այժմ Եվրոպայի առաջնահերթությունը պետք է լինեն տնտեսական վերակառուցումը և վստահության վերականգնումը:

Տարբեր են նաև երկու մոտեցումների աշխարհաքաղաքական պատկերները: Ֆրանսիայի առաջնորդները, սկսած դը Գոլից մինչև Շիրակ, մշտապես ունեին մի տեսլական, այն է` Փարիզի կողմից առաջնորդվող միասնական քաղաքական Եվրոպա, Գերմանիան` որպես իր հիմնական դաշնակից, Ռուսաստանը` որպես Եվրոպայի ռազմավարական գործընկեր` ամերիկյան գերտերությանը և բարձրացող չինական հսկային հակակշռող:

Լոնդոնի տեսլականն այլ է. միայն ԱՄՆ-ի հետ միասնական Եվրոպան կարող է իր վճռորոշ ազդեցությունը տարածել աշխարհի այլ տարածաշրջաններում: Անգլոսաքսոնական տեսությունը դիտարկում է Եվրոպան որպես մեծ մի փորձարկում, որը պետք է առաջ գնա զգուշորեն, բայց գնա` ապահովելով անվտանգություն, բարօրություն և երաշխավորված ապագա Եվրոպայի բնակիչների համար:

Այսինքն` երկու մոդելներն էլ նախատեսում են կառուցել «հզոր և միասնական Եվրոպա»: Միայն թե նրանց ջատագովները տարբեր կերպ են ընկալում այդ հզորացումը և միությունը: Մեկը համարում է, որ պետք է կենտրոնացված, ինստիտուցիոնալացված Եվրոպա, մյուսը` որ Եվրոպայի ուժը հենց նրա ինստիտուտների թուլության, ոչ պարտադիր բնույթի և ամորֆության մեջ է: Այդ ամորֆությունն էլ Եվրոպայի ընդլայնման որևէ սահման չի դնում և թույլ կտա այն շարունակել մինչև իրական եվրոպական սահմաններն ու եվրոպական նոր ինքնության ձևավորումը:

Երկրորդ աշխարհամարտից հետո Մեծ Բրիտանիան` միակ եվրոպական երկիրը, որը պարտություն չէր կրել և գրավված չէր եղել պատերազմի ընթացքում, բաց թողեց պատմական մի հնարավորություն` դառնալ Եվրոպայի վերականգնման և միավորման հենասյունն ու առաջատարը: Ֆրանսիան, շնորհիվ վարչապետ Ժան Մոնեի ոգեշնչման, իր վրա վերցրեց այդ առաքելությունը: Այսօր Լոնդոնում կարծես թե սկսում են հասկանալ, թե ինչից զրկվեց Մեծ Բրիտանիան և դեռ երկար կզրկվի, եթե չշտկի իրերի ընթացքը: Այժմյան քաղաքական զարգացումները մայրցամաքում ցույց են տալիս, որ ուժերի հարաբերակցությունը փոխվում է դեպի բրիտանական ուղղությունը: «Ֆրանսիական» կամ «դըգոլական» Եվրոպան այլևս չկա: ԵՄ-ը չի դառնալու Եվրոպայի Միացյալ Նահանգներ, ինչի հնարավորությունն առկա էր, երբ դրվեց եվրոպական Սահմանադրության հարցը: Գերմանիան, Անգելա Մերկելի կառավարության օրոք, այլևս չի հակադրվելու Վաշինգտոնին, այլ ձգտելու է սերտ համագործակցության ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ: Պատահական չէ, որ հենց Գերմանիայի նոր կանցլերի միջնորդությամբ ֆրանկո-բրիտանական վեճը ԵՄ բյուջեի շուրջ հարթվեց: Իսկ հաջորդ նախագահական ընտրություններում Նիկոլա Սարկոզիի հաղթանակի դեպքում հնարավոր կլինի խոսել Եվրատլանտյան առանցքին Փարիզի վերադառնալու մասին:

Թեև Մեծ Բրիտանիան վայելում է ԵՄ անդամների, հատկապես նոր անդամների մեծամասնության աջակցությունը, սակայն պետք է նկատի ունենալ, որ նա սերտորեն կապված է Ֆրանսիայի և Գերմանիայի հետ տնտեսական կապերով, ուստի չի կարող հաշվի չնստել Փարիզի և Բեռլինի դիրքորոշումների հետ, ինչպես և վերջիններս չեն կարող արհամարհել Լոնդոնին իրենց եվրոպական քաղաքականության մեջ: Գումարած այն պարագան, որ բրիտանական քաղաքական վերնախավում արդեն բավականին ուժեղ դիրքեր ունի, այսպես կոչված, «եվրոպական» թևը, որը կապում է Մեծ Բրիտանիայի ապագան հենց ԵՄ զարգացման հետ և շահագրգռված է ԵՄ ուժեղացումով:

Իր հերթին, նոր (ինչպես և ապագա) գերմանական կառավարությունը փորձելու է հավասարակշռել Ռուսաստանի հետ կապերը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների հետ հարաբերություններով` շարունակելով վերջիններիս ինտեգրումը Եվրոպային: Որպես այդ համագործակցության հիմք ծառայելու է էներգետիկան, որի կարևորությունը Եվրոպայի տնտեսության և անվտանգության համար էապես աճում է: Հենց էներգետիկ քաղաքականությունը, գերմանական ծրագրով, կարող է հանգեցնել համաեվրոպական միասնության: Ասել է թե` Գերմանիան կվերցնի իր վրա Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների` Ռուսաստանի հետ հաշտեցման գործը. առհասարակ, եվրոպական մտածելակերպը ելնում է ոչ թե «կամ-կամ», այլ «և-և» սկզբունքից:

Վերջին հաշվով, Եվրոպան էլ, Ռուսաստանն էլ բախվում են բնակչության նվազման կամ ծերացման և մահմեդականների ու ասիացիների տարածման խնդիրների հետ: Երկուսն էլ միայն փորձում են ժամանակ շահել:

Արդյունքում ստացվում է, որ եթե Մեծ Բրիտանիան իր վրա է վերցնում Եվրոպայի արտաքին ընդլայնման առաքելությունը, ապա Գերմանիան տանելու է Եվրոպայի ներքին ամրապնդման առաքելությունը: Այս դեպքում Լոնդոնն ու Բեռլինը փոխլրացնելու են իրար:

Իսկ եվրոպական ինտեգրման ընդլայնման և խորացման ուղղությունները մշտապես փոխկապակցված են եղել: Որոշ երկրներ, օրինակ` Ֆրանսիան և Ավստրիան, հաջորդ տարի Բուլղարիան և Ռումինիան Միությանը միացնելուց հետո պատրաստ են արգելք դնել ԵՄ հետագա ընդարձակման վրա: Հատկապես այս արգելքի կիրառման հավանականությունը շատ է քննարկվում Թուրքիայի պարագայում: Ավելի հեռավոր ապագայում (մոտավորապես 2012-2015թթ.) սպասվում է միայն Խորվաթիայի, Սերբիայի, Մոնթենեգրոյի, Մակեդոնիայի, Բոսնիայի և Ալբանիայի մուտքը ԵՄ, որոնք արդեն ճանաչվում են որպես անդամության թեկնածուներ: Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Վրաստանի և Հայաստանի` ԵՄ-ին միանալու շանսերը ներկա պահին և տեսանելի ապագայում համարվում են չնչին:

Արևմտաեվրոպական հանրությունը համարում է, որ ԵՄ հետագա ընդլայնումը վտանգի կենթարկի հենց իրեն` Միությանը: Որոշ փորձագետներ խոսում են անգամ ազգայնականության նոր ալիքի մասին, որը համակել է Եվրոպան և որը դիմադրում է ԵՄ հետագա ընդարձակմանն ու ուժեղացմանը: Ֆրանսիացիները, հոլանդացիները, բրիտանացիները կամ դանիացիները մտահոգված են իրենց ազգային ինքնության և քաղաքական ինքնուրույնության ենթարկեցմամբ Բրյուսելի վերազգային բյուրոկրատիային: Թեպետ նման պատկերացումը մի փոքր ուռճացված է (որևէ անդամ պետություն չէր կորցնում իր ինքնիշխանությունն անգամ նոր եվրոպական Սահմանադրության ընդունման դեպքում), սակայն Եվրոպայում որոշ ուժեր օգտագործում են այս մտահոգությունները, և այսօր շրջանառության մեջ են «մենք ուզում ենք մնալ Մեծ Ֆրանսիա», կամ «մենք ուզում ենք մնալ հոլանդացի», կամ «մենք չենք ցանկանում զիջել մեր աշխատատեղերը լեհ փականագործին» կարգախոսները (չնայած, միևնույն է, այդ աշխատատեղերը զիջվում են, սակայն ոչ թե լեհերին, այլ արաբներին կամ աֆրիկացիներին):

Ընդլայնման սցենարի կասեցման դեպքում մենք գործ կունենանք պոտենցիալ շերտավորման հետ: Բոլոր այն երկրները, որոնք դուրս կմնան Միությունից, կդառնան ոչ եվրոպական ուժերի համար հեշտ մի ավար, կամ էլ նորից կընկղմվեն ներքին բախումների անվերջության մեջ: «Եվրոպական հարևանություն» քաղաքականությունը, որն առաջարկվում է կիրառել անդամության բացակայության փոխարեն, սփոփանք չէ: Եվրոպայում շատ քաղաքագետներ և փորձագետներ գտնում են, որ այդ քաղաքականությունն անիմաստ է, քանի որ Միությունից պահանջելու է լրացուցիչ ծախսեր և ուժերի վատնում, որոնք առանց անդամության հստակ հեռանկարի պարզապես կմսխվեն և արդյունք չեն տա:

Հենց ԵՄ անդամակցության հեռանկարն է ծառայում որպես արդիականացման կամ եվրոպականացման կողմնորոշիչ Թուրքիայի, Ուկրաինայի, Վրաստանի կամ Հայաստանի նման երկրների համար: Այս երկրները ցանկանում են վերջնականապես որոշել իրենց տեղը` ձգտելով չհայտնվել Արևմուտքի և Արևելքի միջև միջանկյալ մի գոտում` ապագայում նրանց ձեռքում որպես մանրադրամ չդառնալու համար, ինչպես դա անցյալում է եղել: Բնականաբար, անդամության հասնելու համար նրանք պետք է անցնեն երկար ճանապարհ` կատարելով անդամության համար անհրաժեշտ պայմանները և համապատասխանելով չափանիշներին, որոնք շրջանցել չի ստացվի:

Այդուհանդերձ, անգլիական մոդելը և նրա ջատագովները` ի դեմս Մեծ Բրիտանիայի և, այսպես կոչված, «նոր Եվրոպայի» երկրների, որոնք վերջերս են միացել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին, հանդես են գալիս ընդլայնումը շարունակելու օգտին` գտնելով, որ Միությունը պետք է ծածկի ամբողջ մայրցամաքը` հանուն սեփական տնտեսական, ժողովրդագրական և աշխարհաքաղաքական շահերի: Բրիտանացի քաղաքագետ Ռոբերտ Կուպերի խոսքերով, «ԵՄ-ը պետք է լինի լիբերալ կայսրություն»:

Ստրատեգիական մտածելակերպ ունեցող քաղաքական առաջնորդները հասկանում են, որ ընդլայնվելուց բացի Եվրոպական Միությունը գնալու այլ տեղ չունի, հակառակ դեպքում` կընկնի լճացման մեջ և կհայտնվի համաշխարհային տնտեսության և աշխարհաքաղաքականության լուսանցքում: Ինչպես նշում է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Յուբեր Վեդրինը, «Եվրոպան աշխարհագրական է այնքան, որքան քաղաքական է: Այն չունի որևէ սահման: Մենք պետք է վերադառնանք մեծ նախագծերի Եվրոպային, որը ներառում է ենթակառուցվածքներ, կրթական, գիտական, արդյունաբերական, սոցիալական, մշակութային, բնապահպանական, դիվանագիտական նախագծեր»:

Հետագա ընդլայնումը խոստանում է առևտրի և ներդրումների ավելի լայն հնարավորություններ և ավելի երիտասարդ բնակչության հեռանկարներ Միության համար, որի շնորհիվ հնարավոր կլինի հավասարակշռել նրա ծերացող բնակչությունը: Իսկ ներփակված և պաշտպանական դիրք բռնած Եվրոպան դժվար թե ունակ լինի մրցակցել, ասենք, Չինաստանի և Հնդկաստանի տնտեսությունների հետ: Վերջապես, ընդարձակված Միությունն ավելի շատ հնարավորություններ կունենա ազդելու իրեն հարակից տարածաշրջանների` Հս.Աֆրիկայի, Միջին Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Ռուսաստանի վրա:

Ուստի, այս առումով, թե՛ Միության անդամների, թե՛ թեկնածու երկրների քաղաքական առաջնորդների առջև այսօր խնդիր է դրված բացատրել իրենց քաղաքացիներին հետագա ընդլայնման օգուտները: Եթե Եվրոպան իսկապես ցանկանում է հաստատվել «լիբերալ կայսրության» կամ համաշխարհային տերության դերում, որը հավակնում է աշխարհակարգի ձևավորմանը մասնակցելուն, ապա նա կարիք է զգալու նոր աշխատուժի և նոր բանակների: Ակնառու փաստ է, որ այսօր Իրաքում, բացի բրիտանացիներից և իտալացիներից, Եվրամիությունից ներկա են միայն հենց նոր անդամ պետությունների ու անդամության թեկնածու երկրների զինվորները: Այս առումով, կարելի է ասել, որ երբ Թուրքիան, Հարավային Կովկասը և Ուկրաինան դառնան ԵՄ անդամներ, Եվրոպան կդառնա իրապես գլոբալ խաղացող:

Ասվածը վկայում է, որ ԵՄ ընդլայնումը բնական աշխարհաքաղաքական գործընթաց է, որը չի կարող արհեստականորեն կանգնեցվել քաղաքական գործիչների կողմից կամ հանրաքվեների միջոցով: Ինչպես նշում է Զբիգնև Բժեզինսկին, «որոշակի պահին, երբ այս գործընթացը կհասնի իր սահմանին, այն կանգ կառնի ինքնըստինքյան: Սակայն այն չի կարող կանգնեցվել քաղաքական որոշմամբ»: Բժեզինսկու կարծիքով, բալկանյան երկրները, Ուկրաինան, Թուրքիան, Բելառուսը և հարավկովկասյան երկրներն անխուսափելիորեն միանալու են ԵՄ-ին:

Սակայն Եվրամիության մոդելի տարածումը Եվրոպայի միավորման միակ հնարավոր տարբերակը չէ: Նորվեգիան, Շվեյցարիան, Իսլանդիան ԵՄ անդամներ չեն, սակայն մտնում են եվրոպական ինտեգրացիոն նախագծերի մեջ, ինչպես, օրինակ, Շենգենյան գոտին: Այս դեպքում Մեծ Եվրոպան կարող է որդեգրել «տարբերակված երկրաչափության» մոտեցումը, երբ որևէ երկիր մասնակցում է Միության քաղաքականության միայն որոշակի ոլորտներին:

Այն Եվրոպան, որը տասը-քսան տարուց հետո է լինելու, դեռևս չի հասնելու «եվրոպացի ժողովուրդ» հասկացությանը: Այս գործընթացը նոր է սկիզբ առնում և սերունդներ է պահանջելու: Եվրոպայի ընդարձակումն էլ հենց նորացված եվրոպական ինքնության ընդհանուր որոնումն է, որը հիմնվում է ընդհանուր սոցիալական, քաղաքական և մշակութային ժառանգության վրա:

Սակայն ապագայի Եվրոպան պետք է կարողանա փակել սեփական անցյալի հետ ունեցած հաշիվները: Օրինակ, Մեծ Բրիտանիան պետք է բացատրություն տա Երկրորդ աշխարհամարտի ընթացքում գերմանական քաղաքների դաժան ռմբակոծումների փաստերի առնչությամբ, Գերմանիան` դուրս գա Հոլոքոստի համար հավիտենական մեղքի բարդույթից, Ֆրանսիան` ազատվի սեփական մեծապետության պատրանքից, Լեհաստանը, Բալթյան երկրները և Ուկրաինան` Ռուսաստանի հանդեպ իրենց ունեցած բարդույթներից, Ռուսաստանը` իր կայսրական մտածելակերպից, Բալկանյան երկրները` իրար նկատմամբ թշնամանքից ևն: Այսինքն` եվրոպական երկրները պետք է փակեն հաշիվները նաև իրենց հարևանների հետ, որից հետո միայն հնարավոր կլինի խոսել փոխվստահության վրա հիմնված միասնական եվրոպական ինքնագիտակցության մասին: Սակայն պետք է ասել, որ այս ապագան դեռ մշուշոտ է:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր