Իսրայելի արտաքին քաղաքականության արդի միտումների մասին
Վերջին ներքաղաքական փոփոխություններից հետո Իսրայելը մտել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ճշգրտման փուլ, որի դրսևորումը դարձավ ներկայումս քննարկվող ազգային անվտանգության և պաշտպանության ռազմավարության վերանայման հարցը. վերջինս չի փոփոխվել Դավիթ Բեն-Գուրիոնի ժամանակներից ի վեր: Համաձայն այդ նոր տեսության` Իսրայելի համար ներկայումս առավել լուրջ սպառնալիք է ներկայացնում ոչ թե արաբական աշխարհը, այլ Իրանը` միջուկային զենքի կիրառման հնարավորություններով: Թեև կարևորվում է պաղեստինյան ահաբեկչության դեմ պայքարը, սակայն առաջին անգամ իսրայելական քաղաքական միտքն ընդունում է, որ այդ ահաբեկչության նկատմամբ վերջնական հաղթանակն անհնար է: Առավելագույնը, ինչն Իսրայելն ունակ է այստեղ անել` ահաբեկչության դրսևորումներն ու վնասները նվազագույնի հասցնելն է:
Վերջին տասնամյակում բոլոր իսրայելական կառավարությունների քաղաքականության առանցքն այն էր, որ ստեղծվի մի կոմպակտ հրեական պետություն, որն ազատված կլինի ավելորդ բեռից` ի դեմս արաբներով բնակեցված տարածքների, որը կլինի կենսունակ ու մարտունակ և դրանով կկարողանա դիմագրավել գալիք մեծ տարածաշրջանային բախմանը, որի անխուսափելիության մեջ Իսրայելում գրեթե բոլորը վստահ են` հաշվի առնելով Պաղեստինում, Հորդանանում, Սիրիայում և Եգիպտոսում իսլամ արմատականների հետզհետե ուժեղացումը, Իրաքում անընդհատ բախումները և Իրանի ընդգծված հակաիսրայելական պահվածքը:
Հանրահայտ է, որ Իսրայելի արտաքին քաղաքականության և ռազմավարության վրա առաջնահերթ ազդեցություն ունեն ԱՄՆ քաղաքականությունը և ներկայությունը տարածաշրջանում: Սակայն ամերիկա-իսրայելական հարաբերություններն առանձին քննարկման թեմա են, ուստի այստեղ կանդրադառնանք տարածաշրջանային այն խնդիրներին, որոնք որոշակիացնում են Իսրայելի արտաքին քաղաքականությունը` չմոռանալով, որ այդ բոլոր զարգացումներում ներկա է ամերիկյան գործոնը:
Իսրայել–Պաղեստին
Պաղեստինի նկատմամբ Երուսաղեմը որդեգրել է այս պահին առավել օպտիմալ թվացող մոտեցում: Այն է` միակողմանիորեն տարանջատվել, թույլ տալ պաղեստինցիներին անկախանալ, որպեսզի նրանք ապրեն իրենց ուզած ձևով, թողնել նրանց մեն-մենակ իրենց հոգսերի հետ, ինչի արդյունքում Պաղեստինյան ինքնավարության տարածքում արդեն սկսվել են ներքին բախումները. այս ամենը թույլ կտա ապացուցել, որ ամենևին էլ իսրայելական օկուպացիան չէր պաղեստինցի արաբների դժբախտությունների պատճառը:
Միաժամանակ, Գազան հետզհետե դառնում է իսլամական ահաբեկչության նոր կայանատեղի: Իսրայելի հետ նորմալ հարաբերությունների կողմնակիցներ այնտեղ այլևս չկան. մի մասը ոչնչացվել է, մի մասը` փախել: Արաբ-քրիստոնյաները ևս լքել են Պաղեստինյան ինքնավարության տարածքները: Այժմ Պաղեստինում գործում են մոտ 700 զինված խմբեր: Նման իրավիճակը թույլ կտա Իսրայելին, ժամանակ շահելով, շարունակել ներքին համախմբման ընթացքը և գնալ պաղեստինցիների հետ սահմանների միակողմանի հաստատման քայլին:
Իսրայել–Իրան
Իսրայելի հիմնական հոգսն այսօր իրոք դառնում է Իրանը, որն արդեն քսանհինգ տարուց ավելի չի ճանաչում հրեական պետության գոյությունը և անգամ գոյության իրավունքը: Հիմա էլ պաշտոնական Թեհրանը սպառնում է ջնջել Իսրայելը քարտեզից, հովանավորում է նաև Լիբանանում գործող և Իսրայելի սահմաններին անմիջապես վտանգ ներկայացնող «Հիզբալլահ» կազմակերպությանը, ինչպես նաև աջակցում է «Համասին»: Հրթիռների և միջուկային զենքի հետ միասին` Իրանը կարող է դառնալ մեծագույն սպառնալիք Իսրայելի գոյությանը 1948 թվականից ի վեր:
Եթե իրանական ղեկավարությունն իրականացներ իր միջուկային ծրագիրը և միաժամանակ չսպառնար Իսրայելին «աշխարհի քարտեզից վերացմամբ», ապա Իսրայելը, թերևս, կճանաչեր Իրանի միջուկային կարգավիճակը, ինչից հետո հնարավոր կլիներ վերականգնել մինչև 1979թ. ունեցած երկկողմ ռազմավարական համագործակցությունը:
Իրոք, այն պայմաններում, երբ Իրանը հավակնում է դառնալ տարածաշրջանային տերություն, ինչի արձանագրման համար անհրաժեշտ է ունենալ միջուկային վառելիք և միջուկային ռումբ, որքան էլ տարօրինակ հնչի, Թեհրանին պետք են ոչ թե խնդիրներ Իսրայելի հետ, այլ համագործակցություն: Արաբները միշտ էլ կասկածանքով են վերաբերվել և վերաբերվում Իրանին և չեն ընդունելու նրան որպես դաշնակից, առավել ևս` որպես իսլամական աշխարհի առաջնորդ: Ո՞վ այս իրավիճակում կարող է լինել Իրանի դաշնակիցը, եթե ոչ նաև Իսրայելը: Նմանապես, Իսրայելն Իրանի կարիքն ունի` որպես տարածաշրջանում իր ամենահզոր հավանական դաշնակցի` արաբական աշխարհին զսպելու համար:
Սակայն ներկայումս երկու երկրները նպատակաուղղված գնում են դեպի հակամարտություն: Իրանին սպառնում են Իսրայելի կողմից հնարավոր օդային հարվածներով, Իսրայելին` Իրանի կողմից միջուկային հարվածներով:
Երուսաղեմում արդեն եկել են այն եզրահանգման, որ դիվանագիտական միջոցներով կանխել Իրանի վերածումը միջուկային տերության հնարավոր չէ: Իզուր չէ, որ իսրայելական քաղաքականության վետերան Շիմոն Պերեսը նշել է. «Ահմադինեժադը կարող է արժանանալ Սադամ Հուսեյնի ճակատագրին»: Իր հակաիսրայելական ճարտասանությամբ Իրանի այժմյան նախագահը նպաստեց, որ Իսրայելում վերջնականապես համոզվեն, թե ԻԻՀ-ը պատրաստվում է ոչնչացնել հրեական պետությունը:
Իրոք, Ահմադինեժադի սկանդալային հայտարարություններն Իսրայելի հասցեին արտացոլում են Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը, ինչը հաստատեցին այս երկրի գրեթե բոլոր բարձրաստիճան ղեկավարները` ընդհուպ մինչև իմամ Խամենեի:
Շատ էին խոսում, թե գարնանը Իսրայելը պատրաստ կլինի նշանակետային հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, սակայն դա տեղի չունեցավ: Իսրայելը թեև ունակ է միայնակ ջախջախել Իրանի ռազմական ենթակառուցվածքները, սակայն քաղաքական տեսանկյունից Թել Ավիվի համար ամենևին էլ նպատակահարմար չէ դիմել միակողմանի ռազմական գործողությունների:
Իրանի դեպքում Իսրայելը բախվում է որոշակի երկընտրանքի. ինչպես մղել միջազգային հանրությանը իսլամական հանրապետության դեմ վճռական գործողությունների` դրա հետ մեկտեղ չհարուցելով տպավորություն, թե հենց ինքն է հրահրում պատերազմը տարածաշրջանում: Միայնակ Իսրայելը գործել չի կարող և Իրան–ԱՄՆ հավանական բախման դեպքում հավանաբար չի էլ մասնակցելու ռազմական գործողությունների, ինչպես դա եղավ իրաքյան պատերազմի ժամանակ, թեև օժանդակ օգնություն ամերիկյան օդուժին նա ցույց կտա:
Իրանն էլ չի գնացել և դժվար թե գնա ուղղակի բախման Իսրայելի հետ, այլ գերադասում է վարել այդ պատերազմը ուրիշների` տվյալ դեպքում «Հեզբալլահի» և «Համասի» զինյալների միջոցով` նրանց աջակցելով թե՛ զինական, թե՛ ֆինանսական առումներով:
Դրանով պարզ է, որ քանի դեռ Իրանում իշխում է Խոմեյնիի գաղափարախոսությունը և քանի դեռ չափավորականները (կրոնական թե աշխարհիկ) չեն տարել վերջնական հաղթանակ արմատականների նկատմամբ, Իսրայելի հետ որևէ նորմալ հարաբերության մասին խոսք գնալ չի կարող, և իրանա-իսրայելական հակամարտությունը մնալու է տարածաշրջանային օրակարգի թիվ մեկ խնդիրը:
Իսրայել–Թուրքիա
Հայտնի է, որ արաբական աշխարհի և Իրանի հետ հակամարտության համատեքստում միշտ առանձնացել են հրեական պետության հարաբերությունները Թուրքիայի հետ: Իսրայելը մշտապես աջակցում էր Թուրքիային գրեթե բոլոր տարածաշրջանային հարցերում: Սակայն մեծ հաշվով այդ դաշինքը կրում էր ժամանակավոր` հակաարաբական բնույթ` պայմանավորված երկու երկրների` ԱՄՆ դաշնակիցներ լինելու հանգամանքով, ինչպես նաև Իրանի և Սիրիայի տարածաշրջանային հավակնությունները զսպելու ընդհանուր ձգտմամբ: Բացի այդ, չունենալով տարածաշրջանում այլ դաշնակիցներ` Իսրայելը ստիպված էր հենվել Թուրքիայի վրա:
Սակայն երբ իրաքյան պատերազմի հետևանքով Սիրիան, Թուրքիան և Իրանը, փաստորեն, հայտնվեցին քրդական պետության ստեղծման վտանգի առաջ, այս երեք երկրների շահերը համընկան` սեփական տարածքում քրդական անջատողականության կանխման տեսանկյունից: Դա էլ բերեց նրանց միջև հարաբերությունների որոշակի մերձեցմանը և անգամ ռազմական համագործակցության մասին համաձայնությունների կնքմանը: Թուրքիան գիտակցում է, որ դիմակայել քրդական գործոնին, որն անսպասելիորեն ստացել է իր երբեմնի դաշնակիցներ ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությունը, կարող է միայն Իրանի և Սիրիայի հետ համագործակցելով։
Մինչդեռ Իսրայելում քրդերի վերաբերյալ այլ մոտեցում է իշխում: Ի դեմս նրանց` Երուսաղեմում տեսնում են արաբներին և Իրանին էապես թուլացնող մի լծակ: Փորձագետները նշում են, որ քրդերի հետ Իսրայելի կապերը կրում են բավական հին պատմություն, և այդ պատմությունն այսօր օգտագործվում է իրաքյան Քրդստանում իսրայելական ներկայության ամրապնդման համար: Այսպես, օրինակ, Իսրայելում վերհիշել են Միջագետքում հրեաների, այդ թվում` քրդական հրեաների արմատների մասին: Որոշ հետազոտություններով հաստատվում է անգամ գենետիկ կապը հրեաների և քրդերի միջև` որպես ժողովուրդների, որոնց ծագման բնօրրանը հենց Միջագետքն է:
Կարելի է հիշատակել նաև իսրայելական հետախուզության շփումները իրաքյան քրդերի հետ, որոնք հաստատվել են դեռևս անցյալ դարի 50-70-ական թվականներին: Իսրայելական մամուլը հաղորդում է նաև քուրդ զինյալներին իսրայելցի զինվորականների կողմից վարժեցման, սպառազինությունների մատակարարման, քրդական ինքնավարության քաղաքների ենթակառուցվածքների արդիականացման մասին: Ընդ որում` բոլոր իսրայելցի մասնագետները գտնվում են այնտեղ «մասնավոր» հիմքով:
Ինչպես հայտնի է, թուրք-իսրայելական համագործակցությանն էապես զարկ տվեց 1996թ. Թուրքիայի և Իսրայելի կառավարությունների միջև ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը: Սակայն ներկայումս Թուրքիան չի ցանկանում Իսրայելի պատճառով խնդիրներ ստեղծել իր անմիջական հարևանների հետ, թեև Իսրայելը շարունակում է մի քանի հարյուր միլիոն դոլարների հասնող սպառազինությունների և զինտեխնիկայի մատակարարման գործարքներ իրականացնել Թուրքիայի հետ: Զուտ առևտրի բնագավառում երկու երկրների միջև շրջանառությունը կազմում է 2 մլրդ դոլար: Ավելին, ծրագրեր կան Բաքու–Ջեյհան նավթամուղով հոսող կասպյան նավթը և «Երկնագույն հոսք» գազամուղով հոսող ռուսական գազը հասցնել թուրքական ափերից Իսրայել, ընդ որում Ադրբեջանի և Ռուսաստանի հետ համաձայնեցված:
Բայց երբ Թուրքիայի ԱԳ նախարարը կոչ է անում ամերիկյան վարչակազմին «չխրախուսել նրանց, ովքեր մղում են Միացյալ Նահանգներին Սիրիայի և Իրանի նկատմամբ ուժային տարբերակների կիրառմանը», ապա պարզ է, որ այդպիսի հայտարարություններն ուղղված են Իսրայելի հասցեին: Թուրքիայի վարչապետը մեկ անգամ չէ, որ մեղադրել է Իսրայելի կառավարությանը «պաղեստինցի ժողովրդի դեմ ահաբեկչության մեթոդների կիրառման» մեջ: Դեռևս 2004թ. ապրիլին Էրդողանի կառավարությունը որոշում է կայացրել վերանայել Իսրայելի հետ հարաբերությունների ամբողջ համալիրը` դրանց հետզհետե սառեցման ուղղությամբ: Ավելին, այդ ուղեգիծը համընկավ դեպի ԵՄ Թուրքիայի քաղաքականության թեքման և ԱՄՆ-ից որոշակի «հեռացման» ժամանակահատվածի հետ:
Ինչպես նշել է նախկինում մի բարձաստիճան իսրայելցի դիվանագետ, «Թուրքիան այսօր դեռ շարունակում է Իսրայելը դիտել որպես կարևոր և հզոր պետություն, սակայն ոչ որպես տարածաշրջանում իր դաշնակից»:
Թուրք-իսրայելական հարաբերություններում ընթացող փոփոխությունները պայմանավորված են նաև Թուրքիայի աշխարհաքաղաքական դերակատարման փոխակերպմամբ: Անկարայի դեպի ԵՄ կողմնորոշված արտաքին քաղաքականությունը ստիպում է նրան որոշակի փոփոխություններ մտցնել Իսրայելի նկատմամբ ունեցած իր վերաբերմունքի մեջ, քանի որ ԵՄ-ում Իսրայելի հանդեպ վերաբերմունքը միշտ աչքի է ընկել որոշակի կոշտությամբ և արաբներին ցուցաբերվող թեև ոչ վճռական, սակայն զգալի աջակցությամբ: Թուրքիան, եթե ցանկանում է դառնալ ԵՄ-ի մաս, ապա պարտավոր է համաձայնեցված գործել Բրյուսելի ուղեգծի հետ: Անկարան անգամ հավակնում է հանդես գալ որպես Մեծ Մերձավոր Արևելքում ԵՄ քաղաքականության հիմնական ուղեկցորդ, ինչպես հայտարարել էր դեռևս երեք տարի առաջ Թուրքիայի վարչապետ Էրդողանը: Իսկ դա նշանակում է որոշակի նահանջ Երուսաղեմի հետ ռազմավարական դաշինքից:
Իհարկե, այդ նահանջը կտրուկ չի լինելու և կատարվում է քայլ առ քայլ: Առկա է նաև մի այլ գործոն, որն ազդեցություն է թողնում թուրք-իսրայելական հարաբերությունների որակի վրա և որը կապված է ներքաղաքական զարգացումների հետ: Թուրքիայի ներկայիս քաղաքական վերնախավը` ի դեմս կառավարող կուսակցության, տևական պայքար է տանում երկրի ռազմական ընտրանու դեմ` գերիշխանության համար, իսկ գաղտնիք չէ, որ հենց զինվորականությունն է առավել սերտ կապերով կապված Իսրայելի հետ և ցանկանում է տեսնել նրան որպես Թուրքիայի տարածաշրջանային դաշնակից: Որքան «քաղաքացիական թևի» դիրքերը երկրի ներսում ուժեղանան, այնքան կապերը Երուսաղեմի հետ թուլանալու են: Դա նշանակում է, որ Իսրայելը պետք է հաշվի նստի Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության փոփոխությունների հետ, որոնց վրա նրա ազդեցությունն այնքան էլ մեծ չէ:
Թուրքիայի աշխարհաքաղաքական և ներքաղաքական փոխակերպումը, այսպիսով, դառնում է նոր մտահոգություն իսրայելական արտաքին քաղաքականության ճարտարապետների համար, և նրանք, բնականաբար, պետք է հակակշիռներ փնտրեն` ի դեմս քրդերի և նույնիսկ հայերի, որոնց հետ հարաբերություններն առայժմ գտնվում են ճշգրտման փուլում:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇՈԻՐՋ[01.11.2011]
- ԱՄՆ–ՉԻՆԱՍՏԱՆ. ՊԱՅՔԱՐ ԳԼՈԲԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ[07.10.2011]
- ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ [26.07.2011]
- ԳԼՈԲԱԼ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ԵՎ ԱՊԱԳԱՆ[28.06.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ[18.05.2011]
- ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՒՄ[19.04.2011]
- ՆՈՐ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ[15.03.2011]
- ԱՊԱԳԱՅԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ[16.02.2011]
- ԹՈՒՐՔԻԱ–ՆԱՏՕ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[17.12.2010]
- ԵՎՐՈՊԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ՃԳՆԱԺԱՄԸ[19.11.2010]
- ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ՎԵՐԱՓՈԽՈՒՄԸ[20.10.2010]