«Հին» և «նոր» Եվրոպաները

Աշխարհաքաղաքական իմաստով «նոր» Եվրոպա հասկացությունը կիրառվում է, երբ խոսքը վերաբերում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նորաթուխ ժողովրդավարական երկրներին: Այլ կերպ ասած` բոլոր այն եվրոպական երկրները, որոնք դեռևս քսան տարի առաջ եղել են «կոմունիստական արևելյան ճամբարի» մասը և որոնք այսօր ունեն առավելապես «ամերիկամետ» դիրքորոշումներ, այսօր համարվում են «նոր» Եվրոպա:
«Հին» և «նոր» Եվրոպա արտահայտությունները լայն շրջանառության մեջ դրեց ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը, Իրաքի պատերազմի ժամանակ` բաժանում մտցնելով ԱՄՆ-ի կողքին կանգնած և ամերիկյան ներխուժմանն ընդդիմացած եվրոպական երկրների միջև. «Դուք կարծում եք, թե Եվրոպան Գերմանիան ու Ֆրանսիան են: Ես այդպես չեմ մտածում, իմ կարծիքով` նրանք հին Եվրոպան են»:
Իրոք, դեռևս հինգ տարի առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Իրաքում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողքին լինելու են ոչ թե սառը պատերազմի ժամանակաշրջանում նրանց ավանդական դաշնակիցները` Ֆրանսիան և Գերմանիան, այլ, ասենք, Լեհաստանը, որ այդ նույն պատերազմի տարիներին հակառակ ճամբարում էր: Իրաքի պատերազմի, ԵՄ-ում առաջացած ճգնաժամի, Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման հետ կապված հարցերում առավել քան երբևէ բացահայտվեց «հին» և «նոր» Եվրոպաների տարանջատման, եվրոպական քաղաքականության անմիասնականության երևույթը:
Այսօր ԵՄ-ը կանգնած է լրջագույն մարտահրավերի առջև` հետ չմնալ Հյուսիսային Ամերիկայից և Արևելյան Ասիայից համաշխարհային զարգացման մրցարշավում: Այդ առումով, «նոր» Եվրոպայի միացումը ԵՄ-ին կարևորագույն փուլ է: Հաջորդը կապված է լինելու արդեն Ռուսաստանում, Մեծ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրներում եվրոպական ազդեցության տարածման հետ: Սակայն դա` ավելի հեռու ապագայում:
Իսկ այս փուլում «հին» Եվրոպան զբաղված է լինելու «նոր» եվրոպացիների «մարսմամբ», նրանց իր համակարգին ինտեգրելու գործով: «Նոր», սակայն տնտեսապես դեռևս թույլ Եվրոպան հավակնում է հավասարը հավասարի հետ խոսել «հին» և ավելի հզոր Եվրոպայի հետ: Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի հակադրումը «նոր» Եվրոպային հասկանալի է. չէ՞ որ իրենք են եղել ԵՄ հիմնադիրները:
Ամեն դեպքում, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներն ավելի ակտիվ են, քան ԵՄ արևմտյան մասը, որը, սակայն, շարունակում է իր ձեռքում պահել գլխավոր հաղթաթուղթը` ֆինանսական հզորությունը: ԵՄ վերջին ընդլայնումը Միությանը բերեց նոր շուկաներ, արտադրության ծավալների ընդլայնում, տնտեսական աճ: Միաժամանակ, տնտեսական ցուցանիշները վկայում են, որ հենց Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում է այսօր արձանագրվում տնտեսական վերելք:
Սակայն, եթե ԵՄ-ը ձևավորվի որպես ավելի «փափուկ» կառույց, որտեղ առաջնահերթ դեր են ստանձնում տարածաշրջանային և անգամ ենթատարածաշրջանային «օղակները», ապա «նոր» Եվրոպայի շարքերն անընդհատ լրացվելու են: Այս առումով, գործընթացներն արդեն գնում են: Կարելի է հիշատակել Կատալոնիայի, Բասկերի երկրի, Շոտլանդիայի կամ Կոսովոյի պարագան, էլ չասելով Մոնթենեգրոյի մասին, որոնք քայլ առ քայլ կարող են դառնալ ԵՄ առանձին մաս կազմող միավորներ:
Իսկ ներկայումս, թեև «նոր» Եվրոպայի երկրներին Վաշինգտոնը հովանավորում է «Բալթիկ-Սևծովյան ժողովրդավարական համագործակցության» մեջ միավորելու ուղղությամբ (ինչի նպատակով այս տարվա մայիսի սկզբին Վիլնյուսում ԱՄՆ փոխնախագահ Չեյնիի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի նախագահների մասնակցությամբ կայացավ այդ կազմակերպության գագաթաժողովը), սակայն այդ երկրներից ոմանց նշյալ միավորումն առանձնապես չի հետաքրքրում, իսկ մյուսներին հետաքրքրում է այնքանով, որ այն թռիչքադաշտ է դեպի ՆԱՏՕ և ԵՄ անդամակցություն: Ավելի հեռանկարային է թվում «նոր» Եվրոպայի երկրներից բաղկացած, համեմատաբար ինքնուրույն տարածաշրջանային միավորների զարգացումը` ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ համակարգված ուղղությամբ: Հայտնի է, որ դեռևս 1991թ. Չեխոսլովակիայի նախագահ Վացլավ Հավելի, Լեհաստանի նախագահ Լեխ Վալենսայի և Հունգարիայի վարչապետ Յոժեֆ Անթալի նախաձեռնությամբ ստեղծվեց «Վիշեգրադյան խումբը», որը Կենտրոնական Եվրոպայի այս երկրները միավորում էր մեկ աշխարհաքաղաքական և տնտեսական տարածության մեջ: Այսօր «Վիշեգրադյան խումբն» ակտիվացրել է գործունեությունը և ծրագրում է հրավիրել Լիտվային, Սլովենիային, Լատվիային, Ուկրաինային, Խորվաթիային, Ռումինիային և Բուլղարիային` դրանով ամբողջացնելով ԵՄ և ՆԱՏՕ անդամակցությանը ձգտող երկրներին: Դա ցույց է տալիս, որ միայն Բրյուսելից եկող որոշումներով չի նախանշվելու Եվրոպայի կամ Եվրամիության ճակատագիրը:
«Հին» և «նոր» Եվրոպաների իրական ինտեգրումը շատ բանով կախված է լինելու Գերմանիայից, որը պետք է մոտակա ժամանակահատվածում ճշգրտի իր արտաքին ռազմավարությունը, այսինքն` ինչպես է նա կառուցելու իր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, ինչպես է վերաբերվելու ԵՄ և ՆԱՏՕ հետագա ընդլայնմանը և ինչ դեր է հատկացնելու Ռուսաստանին: Բեռլինում «նոր» Եվրոպայի մաս կազմող երկրները մշտապես դիտվում են որպես կրտսեր գործընկերներ: Այդ պատճառով էլ այդ երկրների շահերն անտեսվեցին, օրինակ, գերմանա-ռուսական գազային գործարքի կնքման ժամանակ (Լեհաստանի և Մերձբալթիկայի որոշ քաղաքական ղեկավարներ Հյուսիս-Եվրոպական գազամուղի մասին գործարքի կնքումն անվանեցին «Ռիբենտրոպ– Մոլոտով» նոր պայմանագիր, որով Գերմանիան և Ռուսաստանը վերստին բաժանում են Եվրոպան):
Ամենայն հավանականությամբ, մինչև 2010թ., երբ կավարտվի Հյուսիս-Եվրոպական գազամուղի կառուցումը Բալթյան ծովի հատակով, ԱՄՆ այսօրվա աշխարհաքաղաքական դաշնակիցները` Լեհաստանը, Լիտվան, Լատվիան, Էստոնիան և Ուկրաինան, ինչպես նաև Չեխիան, Հունգարիան, Սլովակիան կհայտնվեն Գերմանիայի բարի կամքից ուղղակի կախվածության մեջ և ստիպված կլինեն իրենց շուկաները լիովին ենթարկեցնել գերմանական կապիտալին: Այս ճանապարհին Բեռլինին ամենևին շահավետ չէ այնպիսի իրավիճակ, որտեղ «նոր» Եվրոպայի երկրները ներկայացնեն իրենց աշխարհաքաղաքական և տնտեսական հավակնությունները` միասնական ուժային կենտրոնի դիրքերից:
Ասվածը վերստին վկայում է, որ Եվրոպան միասնական, միասեռ մարմին չէ: Տարբերությունները «հին» և «նոր» եվրոպաների միջև պակաս չեն, քան ընդհանրությունները: Այսպես, «հին» Եվրոպան չունի Ռուսաստանի հանդեպ այն զգացումները, որոնք տածում են «նոր» եվրոպացիները` հարյուրամյակներ զգալով ռուսական ցարիզմի և կոմունիզմի բացասական ազդեցությունն իրենց վրա: Եվ հակառակը, «նոր» Եվրոպայի երկրները կարող են հաշվի չառնել «մահմեդական» գործոնը և իսլամական Արևելքի հանդեպ չունեն խիստ զգայուն մոտեցումներ, որոնք առկա են Ֆրանսիայի, Գերմանիայի կամ Մեծ Բրիտանիայի մոտ, որտեղ կան մեծաթիվ մահմեդական համայնքներ:
Անգամ Հոլոքոստի նկատմամբ վերաբերմունքը Եվրաարևմուտքի և Եվրաարևելքի դեպքում տարբերվում է: Հայտնի է, որ հրեական Ողջակիզման համար մեղքի զգացումը եղել է գերմանացիների պատմական զղջման և իրենց հարևանների հետ հաշտեցման, ասել է թե` եվրոպական ինտեգրման միջուկը: Մինչդեռ «նոր» եվրոպացիները իրենց ևս համարում են տուժած կողմ և չեն բացառիկացնում Հոլոքոստի երևույթն իրենց քաղաքականության մեջ` դիմելով «հին» Եվրոպային մոտավորապես այս ոճով. «Այո, դուք, արևմտաեվրոպացիներդ, դարձաք Հիտլերի զոհերը, սակայն մենք դարձանք ինչպես Հիտլերի, այնպես էլ Ստալինի զոհերը»: Այդ է պատճառը, որ հենց «նոր» եվրոպացիներն են փոխհատուցում պահանջում ոչ միայն և ոչ այնքան Գերմանիայից, որքան Ռուսաստանից և հավասարեցնում են նացիոնալ-սոցիալիզմն ու կոմունիզմը` որպես եվրոպական քաղաքակրթությանը հավասարապես վնաս հասցրած երևույթներ:
Այնպես որ` «հին» և «նոր» Եվրոպաներ բաժանումը դեռևս հաղթահարված չէ: Բաժանումը կարող է ավելի խորանալ, եթե այսօրվա Արևմտյան Եվրոպայում շարունակվի ոչ բնիկ եվրոպացիների ներհոսքը, ինչն արմատապես կփոխի այդ երկրների դիմագիծը, մինչդեռ Եվրաարևելքի երկրները դեռևս զերծ են մնում այդ ներհոսքից, ինչի շնորհիվ բուն եվրոպական արժեքների կրողը դառնում են հենց չեխերը, լեհերը, խորվաթները կամ ուկրաինացիները:
Իսկ դա նշանակում է, որ ԵՄ-ը բախվելու է ազգային շահերն ու արժեքները համընդհանուր եվրոպական շահերի և արժեքների հետ հաշտեցնելու մարտահրավերին: Եթե առաջինները «ջարդվեն», ապա Միացյալ Եվրոպա չի ստացվի, դա կլինի ընդամենը Ամերիկայի կամ ԽՍՀՄ կլոնավորված տեսակը: Եվրոպայի արժեքը հենց այն է, որ այստեղ ազգայինն ու համաեվրոպականը հակադրության մեջ չեն ընկալվել, միասնությունը դիտվել է բազմազանության և բազմատեսակության մեջ: Առաջինն առանց երկրորդի` նորից կբերի մայրցամաքում վերջին դարերում իշխող կատաղի մրցակցությանը և ազգայնամոլության հաղթարշավին, իսկ երկրորդն առանց առաջինի` կդարձնի Եվրոպան բովանդակազուրկ և թուլակամ մի միավորում, որը բաց է արտաքին միջամտությունների և ներքին ապստամբությունների համար: Անցյալ տարվա աշնանը Ֆրանսիայում տեղի ունեցած դեպքերն ազդակ էին «հին» Եվրոպային, թե ինչի է բերում ազգային ինքնության ինքնամերժման բացարձակացումը և բազմակուլտուրալիզմով չափազանց կլանվելը: Մինչդեռ «նոր» Եվրոպան դեռևս պահպանել է իր ինքնության որոշակի զգացումը, չնայած այսօր թե՛ Լեհաստանում, թե՛ Ուկրաինայում, թե՛ Հունգարիայում սովորական ընտրողներն իրենց քվեն տալիս են ոչ թե ազգային արժանապատվության, այլ աշխատավարձերի և թոշակների մասին խոսող ուժերին և գործիչներին: Դա նշանակում է, որ «հին» Եվրոպան սկսում է լրջորեն ազդել «նորի» վրա: Ամեն դեպքում, մոտակա տարիները ցույց կտան` արդյո՞ք «նոր» Եվրոպան դառնալու է «հնի» նման, թե՞ իսկապես նոր լիցքեր, նոր արյուն կհաղորդի վերջինիս:
«Հին» Եվրոպայի պետություններում շարունակում են դեմ արտահայտվել Եվրոպական Սահմանադրության ընդունմանը և համարում են, որ ԵՄ-ը հոգնել է ընդլայնումից և պետք է կանգ առնել այդ ճանապարհին, իսկ «նոր» եվրոպացիների մեծ մասը պատրաստակամ է հավանություն տալ այդ նշանակալի փաստաթղթին և ողջունել ևս նոր տասը-տասնհինգ երկիր` Միությանն անդամակցելու համար: Տնտեսությունն անկում է արձանագրում Ֆրանսիայում, լճացում` Գերմանիայում, իսկ Լեհաստանը, Հունգարիան, Լատվիան, Սլովենիան հանդես են բերում տնտեսական աճ: «Նոր» Եվրոպայի երկրներն ունեն ավելի «լավատեսական» աշխարհընկալում. նրանք ձգտում են զարգացման, նրանք «սով» են զգում հաջողությունների և արդյունքների նկատմամբ:
Եվ եթե Եվրոպայի արևմուտքն այսօր համակված է «եվրահոռետեսությամբ», ապա Բալթիկայում, Կենտրոնական Եվրոպայում, Բալկաններում, Ուկրաինայում, Թուրքիայում տրամադրությունները դեռևս մնում են «եվրալավատեսական»: Քաղաքական առումով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների համար Եվրոպայի ապաինտեգրացումը մղձավանջ է: Նրանք դեռ չեն մոռացել այն ժամանակները, երբ եղել են, փաստորեն, մանրադրամ կայսերապաշտական Գերմանիայի և Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի միջև: Եվրոպական միասնությունը նրանց համար երաշխիք է` խուսափելու նման իրավիճակների կրկնությունից, և այդ է պատճառը, որ նրանք այսօր առավել անհանգստացած են Գերմանիայի և Ռուսաստանի միջև նշմարվող դաշինքից:
1920-30-ական թվականներին «նոր» Եվրոպայի երկրներն արդեն ծառայում էին որպես բոլշևիկյան Ռուսաստանի դեմ բուֆերային գոտի: Ի վերջո, նացիստական Գերմանիան և ԽՍՀՄ-ը եկան համաձայնության` կիսելու Կենտրոնական ու Արևելյան Եվրոպան: Այսօր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրները ԱՄՆ-ի համար հանդիսանում են մի յուրովի «զտիչ», հակակշիռ Գերմանիային և Ֆրանսիային, որոնք գլոբալ մակարդակում հետապնդում են ամերիկյան շահերից տարբերվող քաղաքականություն: Սակայն ինչքան այդ «նոր» եվրոպական երկրներն ինտեգրվեն ԵՄ-ում, այնքան նրանց կապերը Բրյուսելի, Փարիզի և հատկապես Բեռլինի հետ ամրապնդվելու են: Այս առումով, Վաշինգտոնը չի կարող հեռահար ռազմավարական ծրագրեր կառուցել «նոր» Եվրոպայի երկրներում: Լեհաստանի, Բուլղարիայի կամ Ուկրաինայի այսօրվա առավելապես ամերիկամետ քաղաքականությունը հետզհետե փոխարինվելու է ավելի գերմանամետ կամ եվրոպամետ քաղաքականությամբ:
Իրոք, գնալով ամերիկյան ու ռուսական գործոնների ազդեցությունը «հին» ու «նոր» Եվրոպայի երկրների վրա էապես նվազելու է` չնայած նրանք պահպանելու են իրենց գործընկերությունը ԱՄՆ-ի և հաստատելու են կայուն հարաբերություններ Ռուսաստանի հետ, սակայն նրանց բոլորի ձգողականության կենտրոնը կապված է լինելու հենց ԵՄ և ՆԱՏՕ եվրոպական առանցքի հետ:
Իսկ դա նշանակում է, որ սխալ կլիներ ընկալել Գերմանիայի քաղաքականությունը որպես ամբողջ Եվրոպայի քաղաքականություն և նմանապես ասել, որ Լեհաստանի կամ Մերձբալթյան երկրների ձգտումներն արտացոլում են եվրոպական ընդհանուր քաղաքականությունը: ԵՄ ամբողջ կառուցվածքն այլևս ինստիտուցիոնալացված է, և այդ մեքենան գործում է սեփական տրամաբանությունից ելնելով: Այս առումով, ԵՄ-ը և ՆԱՏՕ-ն այն վայրն են, որտեղ «հին» ու «նոր» Եվրոպան գալիս են փոխզիջումների և ստեղծում համաձայնությունների մի ամբողջ դաշտ. այդ ինստիտուտների միջոցով է ձուլվում ու ձուլվելու միասնական Եվրոպան:
Ամեն դեպքում, «նոր» եվրոպացիների հաջողությունները խոսում են «Եվրոպական նախագծի» օգտին և հրապուրիչ են նորեկների համար: «Նոր» Եվրոպան ավելի շարժունակ դարձրեց ԵՄ-ը, մինչդեռ «հին» եվրոպացիները շարունակաբար իրենց բոլոր դժվարությունների մեջ մեղադրում են Բրյուսելին, ԵՄ-ին: Չնայած «հին» եվրոպական պետությունները դեռևս փորձում են պահել այն իրավիճակը, երբ իրենք էին որոշումներ կայացնում, սակայն վերջինս անկարող է այլևս ապահովել Եվրոպայի մրցունակությունը համաշխարհային ասպարեզում: Ինչպես դեռևս երեսուն տարի առաջ նշում էր ֆրանսիացի քաղաքագետ Ռայմոն Արոնը, «Արևմտյան Եվրոպան հետզհետե կորցնում է իր ինքնավստահությունը, կամքն առ հաղթանակ... Եսասիրական գեդոնիզմի քաղաքակրթությունը դատապարտված է կործանման, երբ նա կորցնում է հետաքրքրությունն իր ապագայի նկատմամբ»:
Իսկ եթե Եվրոպան, իրոք, հավակնում է մրցակցել Ամերիկայի կամ Ասիայի հետ համաշխարհային խաղատախտակին, ապա պետք է ունենա անհրաժեշտ ժողովրդագրական ռեսուրսներ և բարոյական էներգիա, որոնք նա կարողանալու է ապահովել միայն «նոր» Եվրոպայի երկրների ու ժողովուրդների հաշվին:
Եվ քանի որ ինքը` «Եվրոպական նախագիծը», ի հայտ եկավ որպես սահմանները, տարածքային հայեցակարգը մերժող նախագիծ, ապա Եվրոպան չի կարողանալու գնալ նոր տարածքային արգելքների հաստատման կամ բաժանարար գծերի անցկացման, քանի որ առաջին վնաս կրողը դրանից լինելու է հենց ԵՄ-ը: Այդ պատճառով էլ Եվրոպան չի գնալու իր վերջնական սահմանների որոշմանը: Եվրոպան` լինի «հին» կամ «նոր», այնտեղ է, որտեղ տարածվում և տարածվելու են նրա քաղաքակրթական արժեքները, քաղաքական սկզբունքները, տնտեսական դաշտը:
Մյուս կողմից, եթե ԵՄ-ը շարունակի ընդլայնվել, ապա կարող է բախվել ԽՍՀՄ տիպի կայսրության վերածվելու վտանգին, որի տարածքն ու բնակչությունն այնքան մեծ ու բազմազան են, որ որևէ իրական միասնականություն ապահովելը սկզբում դժվար, իսկ վերջում անհնար է լինելու: Սակայն, եթե «հին» ու «նոր» Եվրոպաները և այնտեղ բնակվող ազգերը միավորվեն ոչ թե արհեստականորեն, այլ իրար փոխլրացնող ազգային բազմազանության և ազգային ինքնությունների հիմքի վրա, ապա, թերևս, հենց Եվրոպան է դառնալու աշխարհի ապագա մոդելը:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇՈԻՐՋ[01.11.2011]
- ԱՄՆ–ՉԻՆԱՍՏԱՆ. ՊԱՅՔԱՐ ԳԼՈԲԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ[07.10.2011]
- ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ [26.07.2011]
- ԳԼՈԲԱԼ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ԵՎ ԱՊԱԳԱՆ[28.06.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ[18.05.2011]
- ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՒՄ[19.04.2011]
- ՆՈՐ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ[15.03.2011]
- ԱՊԱԳԱՅԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ[16.02.2011]
- ԹՈՒՐՔԻԱ–ՆԱՏՕ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[17.12.2010]
- ԵՎՐՈՊԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ՃԳՆԱԺԱՄԸ[19.11.2010]
- ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ՎԵՐԱՓՈԽՈՒՄԸ[20.10.2010]