• am
  • ru
  • en
Версия для печати
27.11.2006

Պահպանողականության նոր վերելքը Եվրոպայում

   

Սուրեն Սարյան

Այսօր Եվրոպայում, լիբերալ-դեմոկրատական համակարգի ճգնաժամի և ձախ գաղափարների վարկաբեկման պայմաններում, լուրջ վերելք է ապրում աջ պահպանողականությունը:

Գոյություն ունեն մի քանի պատճառներ, որոնք դրդում են եվրոպացի ընտրողներին քվեարկել այսօր աջ պահպանողականների օգտին: Դա և՛ անվստահությունն է ներկայիս կառավարող վերնախավի նկատմամբ, և՛ մահմեդականների ու ընդհանրապես օտարների ներգաղթի կտրուկ աճը. նրանք չեն ընդունում նաև եվրաշինարարության նախագիծը, որն այնքան ակտիվորեն առաջ են մղում ձախերն ու ազատականները:

Եվրոպայի աջ պահպանողական ուժերը հատկապես սկսեցին նոր թափ հավաքել Ֆրանսիայում և Նիդեռլանդներում եվրոպական սահմանադրության մերժումից հետո: Էթնոսոցիալական հուզումները Ֆրանսիայում, «ծաղրանկարային պատերազմը» և Հռոմի պապի վերջերս տեղի ունեցած ելույթի առթիվ մահմեդականների արձագանքը միայն ուժեղացրին պահպանողականների դիրքերը եվրոպացիների քաղաքական գիտակցության մեջ:

Վերջին ճգնաժամերը Հունգարիայում և Լեհաստանում ևս ստիպեցին վերհիշել Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում աջ կուսակցությունների գոյության մասին:

Այսօր Կենտրոնական Եվրոպայի երկրներում գործում են եվրոպական միասնականացմանը հակազդելու և ազգային-կրոնական արժեքների պահպանմանն ուղղված տրամադրությունները: Բացի այդ, չեն վերացել և գտնվում են կիսամար վիճակում ազգայնական տրամադրությունները, և եթե այդ տրամադրություններին նոր զարկ տրվի, ապա չեն բացառվում լուրջ բախումներ տարածքային վերաբաժանումների համար:

Այսպես, Լեհաստանում, ինչպես հայտնի է, 2005թ. ընտրությունների արդյունքում իշխանության եկավ պահպանողական «Իրավունք և արդարություն» կուսակցությունը: Այդ կուսակցությունը և նրա դաշնակիցները հանդես են գալիս ազգային և քրիստոնեական-կաթոլիկ ավանդույթների վրա կառուցված նոր Լեհաստանի կամ Չորրորդ հանրապետության օգտին: Նրանք պաշտպանում են նաև Գերմանիայում, Լիտվայում և Բելառուսում բնակվող լեհական փոքրամասնությունների շահերը` պահանջելով տրամադրել նրանց քաղաքական ազատության և ներկայացուցչության իրավունքներ:

Չեխիայում նույնպես ուժեղ են նախկինում ազատական, իսկ այսօր արդեն ազգայնական և պահպանողական դիրքեր գրաված «Քաղաքացիական ժողովրդավարական հենքի» դիրքերը, որի առաջնորդ Վացլավ Կլաուսը Չեխիայի նախագահն է և հայտնի է եվրոպական միավորման նկատմամբ իր հոռետեսական հայացքներով` ամենևին չողջունելով ազգային պետությունների իրավասությունների և գործառույթների նվազեցումը և դրանց փոխանցումը Բրյուսելում տեղակայված վերազգային կենտրոնին: Այդ կուսակցությունը հանդես է գալիս եվրոպական սահմանադրության վավերացման դեմ և ազգային ինքնիշխանության պահպանման ու ազգային կողմնորոշում ունեցող շուկայի, մշակույթի և կրթության զարգացման օգտին: Այս տարի կայացած Չեխիայի խորհրդարանական ընտրություններում հենց ՔԴՊ-ն գրավեց առաջին տեղը:

Տեղաշարժը դեպի աջ պահպանողական թև կատարվեց նաև Հունգարիայում, որտեղ իշխող սոցիալիստները թեև պահպանեցին իշխանությունը, սակայն վերջին սկանդալային պատմությունների և Բուդապեշտում տեղի ունեցած հուզումների հետևանքով այնտեղ կտրուկ ուժեղացան աջերի դիրքերը: Այդ թևն առաջնորդող «Ֆիդես» կուսակցությունը համագործակցում է անգամ ազգային-ռևանշիստական ուժերի հետ, որոնք խոսում են մինչև Ավստրո-հունգարական կայսրության փլուզումը Հունգարիային պատկանող, իսկ այսօր Սերբիայի, Սլովակիայի և Ռումինիայի հսկողության տակ գտնվող տարածքները վերադարձնելու մասին: Ամեն դեպքում, այսօր «Ֆիդեսը» վայելում է երկրի բնակչության մեծամասնության աջակցությունը:

Ռումինիայում ևս ուժեղ են «Մեծ Ռումինիա» աջ պահպանողական կուսակցության դիրքերը, որը վերջին ընտրությունների ժամանակ գրավեց երրորդ տեղը:

Այսպիսով, ամբողջ Եվրոպայի և, մասնավորապես, նրա կենտրոնական ու արևելյան հատվածի համար առկա է որոշակի միտում. պահպանողական կուսակցությունների դիրքերի ուժեղացում և նրանց հետ համատեղ` արմատական աջ կազմակերպությունների մուտքը քաղաքականություն:

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների պահպանողականները փորձելու են մեծացնել իրենց ազդեցությունը` առաջ քաշելով նպատակային ազգային ծրագրեր, որոնք չեն համընկնում ԵՄ ձախական և լիբերալիստական կարծրատիպերի հետ: Այդ քաղաքականությունը հենվելու է ավանդական արժեքների վրա` ընտանիք, կրոն և ազգայնականություն:

Ձախերի և ազատականների քաղաքականության հետևանքով այսօրվա Եվրոպայում խորանում է անջրպետն ինչպես իշխող վերնախավի և հասարակության, այնպես էլ տեղացի բնակչության և ներգաղթյալների միջև: Այդ պատճառով առաջացել է նոր քաղաքականության պահանջարկ, որը կապահովի եվրոպական ավանդական և քաղաքակրթական իրողությունների պաշտպանությունը:

Եվրոպական նեոպահպանողականությունն ուշադրություն է դարձնում արժեքային համակարգի կայացման ու տարածման խնդիրներին: Աջերի գաղափարները Եվրոպայում փոխակերպում են ապրում: Եթե 1980-ականներին եվրոպական պահպանողականությունն ընդունեց ազատ շուկայի և բաց հասարակության լիբերալ արժեքները, ապա այսօր պայքար է գնում աջ պահպանողական գաղափարախոսության ներսում` քրիստոնեական և աշխարհիկ արժեքների միջև, որոնք երկուսն էլ հավակնում են ներկայացնել արդի եվրոպական ինքնությունը: Բացի այդ, աջ հոսանքի ներկայացուցիչներն իրենց ծրագրերում և քաղաքականության մեջ հռչակում են ազգային ավանդույթների առաջնայնությունը` շեշտը դնելով ազգային պետականությունների և նրանց ինքնիշխանության ապահովման վրա:

Այսօր նոր պահպանողականները գտնվում են ուժեղ գաղափարական դիմակայության մեջ արևմտյան քաղաքակրթության ներկայիս հիմնական միտումների հետ, որոնք հանգում են եվրոպական քաղաքակրթության հիմնարար արժեքների համար օտար` այլադավանների, միասեռականների և այլ տեսակի «այլերի» գործունեության նկատմամբ բոլոր սահմանափակումների վերացմանը` քրիստոնեական կամ պահպանողական արժեքների քարոզչությունը համարելով անհանդուրժողականության կամ ծայրահեղականության դրսևորումներ (մինչդեռ այդ ուղեգիծն ինքն է դառնում ազատական արմատականություն Եվրոպայի համար): Եթե Նիդեռլանդներում գրանցված «արվամոլների կուսակցությունը», Բելգիայում կամ Շվեյցարիայում իսլամիստական արմատականների կենտրոնները չեն առաջացնում ծայրահեղականության մեղադրանքներ, ապա, օրինակ, Լը Պենի, Հայդերի, Կաչինսկի եղբայրների կուսակցությունները, որոնք կոչ են անում պահպանել ընտանիքը, քրիստոնեական հավատը և ազգային ինքնիշխանությունը, բնորոշվում են իբրև «ծայրահեղական»:

Օրինակ, բելգիական «Ֆլամանդական շահ» աջ կուսակցությունն ուղղակի մեղադրվում է ռասիստական գաղափարների քարոզչության մեջ: Մինչդեռ այդ քաղաքական ուժը կոչ է անում վտարել Բելգիայից աշխատազուրկ մահմեդականներին և զրկել իսլամը պետության կողմից հովանավորվող կրոնի կարգավիճակից, քանի որ, կուսակցության առաջնորդ Ֆիլիպ Դևինտերի խոսքերով` «իսլամն օտար է մայրցամաքի բնակիչների համար և սպառնում է նրանց»:

Եվրոպացի նոր պահպանողականներն ընդամենը ասում են, որ այն պայմաններում, երբ աշխարհի մնացած միլիարդավոր մարդիկ չեն անցել քաղաքակրթության այն դպրոցը, ինչ եվրոպացիները, իրենց արյամբ ու քրտինքով չեն ստեղծել այն, ինչ ստեղծել են եվրոպացիները, երբ այդ միլիարդներն ունեն այլ մտածելակերպ և արժեքային կողմնորոշումներ, այլ ավանդույթներ ու պատկերացումներ կյանքի մասին, որևէ իմաստ չկա խոսելու հավասար իրավունքների և ազատությունների մասին:

Նեոպահպանողականների համար պետականության և ազգային ինքնության հարցերում զիջումներն անընդունելի են. նրանք ջանում են համադրել դրանք անհատի ազատության գաղափարի հետ: Մինչդեռ, ձախերի համար առաջնային է արդարությունը, ազատականների համար` ազատությունը, և եթե հանուն դրանց պետք է գնալ ազգային ինքնությունների, կոնկրետ երկրի կամ ամբողջ աշխարհամասի հիմնարար արժեքային համակարգի հարցերում զիջումների, ապա նրանք դա կանեն:

Նեոպահպանողականները հստակ հայտարարում են, որ ռասաների և քաղաքակրթությունների խառնուրդը, որը փորձում են ստեղծել ձախերն ու ազատականները, կբերի միայն քաղաքակրթության վախճանին: Եվ գոյություն չունեն համամարդկային ընդհանրական արժեքներ, այլ կան այս կամ այն քաղաքակրթական հատվածին բնորոշ արժեքներ, որտեղ մեկը ճանաչում է որպես գերագույն արժեք ազատությունը, իսկ մյուսը` հնազանդությունը:

Նման բաների մասին բարձրաձայն խոսելը ժամանակակից Եվրոպայում համարվում է «ռասիզմ» և «ծայրահեղականություն»: Բանն այն է, որ արդի եվրոպական քաղաքական համակարգը ստեղծվել է ազատական և ձախ քաղաքական ուժերի ու գաղափարախոսությունների ջանքերով, իսկ պահպանողականները` իրենց «Աստված–հասարակություն–մարդ» եռանկյունով օտար են եղել այդ համակարգին: Սակայն այսօրվա համապարփակ ճգնաժամը նեոպահպանողականությանը տալիս է իրեն դրսևորելու հնարավորություն։ Ահաբեկչության սպառնալիքը, «երրորդ աշխարհի» երկրներից ներգաղթի ծավալների աճը, տնտեսական բարեկեցության ակնհայտ դանդաղեցումը, արևմտյան ժողովրդավարության հաղթարշավի արգելակումը, այս ամենը եվրոպացիների մոտ առաջացնում է նոր, ավելի ճիշտ` լավ մոռացված հին արժեքների և սկզբունքների պահանջ:

Փաստորեն, Եվրոպայի գալիք քաղաքական բաժանումն ընթանալու է այլևս ոչ թե դասական աջ ու ձախ կատեգորիաների, սոցիալական արդարության և ազատական հարաբերությունների կողմնակիցների միջև, այլ ազգային (նույնիսկ կրոնական) և քաղաքակրթական ինքնությունների առանցքների շուրջ համախմբված կամ դրանց դիմակայող ուժերի միջև:

Դրա մասին է վկայում այն, որ Եվրոպայի նոր պահպանողականները ներկայացնում են իրենց որպես դեպի բուն եվրոպական արժեքային համակարգը կողմնորոշված` ազգային, քրիստոնեական և սոցիալական հենքերի վրա կազմավորված քաղաքական ուժեր: Այդ ուժերի նպատակներն են հռչակվում ազգի բնական վերարտադրման մեխանիզմների ապահովումը, պետականության և ազգի հոգևոր ու բնապահպանական միջավայրերի պահպանումը: Նրանք դեմ են նաև Եվրոպայում կենտրոնացված վերազգային գերպետության ստեղծմանը, քանի որ դա կխաթարի ազգային ինքնիշխանությունը` հանդես գալով ազգային ինքնությունների բազմազանության հիմքի վրա կառուցված եվրոպական ժողովուրդների դաշինքի ստեղծման օգտին: Այսինքն` եվրոպացի նեոպահպանողականները խոսում են «Ազգերի Եվրոպայի»` տարբեր ազգային ինքնիշխանությունների և պետությունների միավորման մասին, որը տեղի է ունենում ընդհանուր հոգևոր և մշակութային դաշտի` «քրիստոնեական արժեհամակարգի» հիմքի վրա:

Հատկանշական է, որ ավանդապես ձախական երկիր համարվող Ֆրանսիայում անգամ հասունանում է նոր պահպանողականության պահը: Այստեղ այդ հոսանքի մարմնավորում է հանդիսանում ոչ միայն Լը Պենի «Ազգային ճակատը, այլև դըգոլական «Միավորում հանրապետության համար» կուսակցությունը, որը երկար ժամանակ առաջնորդել է նախագահ Ժակ Շիրակը: Այն այսօր գլխավորում է Ֆրանսիայի առավել խարիզմատիկ առաջնորդներից մեկը` ՆԳ նախարար Նիկոլա Սարկոզին, որը խորհրդանշում է ֆրանսիական և եվրոպական պահպանողականների նոր տեսակը` ակտիվ, հանրության հետ իր լեզվով խոսող, երբեմն քաղաքական կոռեկտության դոգմաները խախտող, ապագայի վերաբերյալ որոշակի տեսություն ունեցող և ԶԼՄ-ից օգտվելու ունակ գործիչ:

Այսպիսով, Եվրոպայում տեղի է ունենում աջ թևի արագ հզորացում, քանի որ էթնոկրոնական խնդիրները ժամանակակից Եվրոպայում և ամբողջ աշխարհում գնալով առաջնային տեղ են գրավում սոցիալ-տնտեսական խնդիրների համեմատությամբ: Ու թեև քաղաքագետների մեծ մասը պնդում է, թե ներկայիս արմատական պահպանողական ալիքը ժամանակավոր է և ի վերջո կտարրալուծվի ավելի չափավորական աջ հոսանքի մեջ, սակայն որոշ վերլուծաբաններ կարծում են, թե այդ ալիքը մոտ ապագայում դառնալու է գերիշխող եվրոպական քաղաքականության մեջ:

Նոր պահպանողականները չեն հոգնում կրկնել, որ լիբերալ աշխարհիկ համակարգն ունակ չէ դիմակայել Եվրոպայի ապաեվրոպականացմանը, որը բերում է այլասերվածության և անկումային միտումների հաղթանակին: Միաժամանակ, նոր պահպանողականությունը չի կարող պայքարել «հին» եվրոպական քաղաքակրթության պահպանման համար, դա գործնականում անհնար է: Այն կոչված պետք է լինի տալ Եվրոպային իրականում նոր դեմք, որը մենք դեռ չենք ճանաչում, ինչպես չէին ճանաչի այսօրվա Եվրոպան միջնադարի կամ նապոլեոնյան դարաշրջանի մարդիկ:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր