• am
  • ru
  • en
Версия для печати
29.01.2007

ԱՄՆ արտաքին ռազմավարության ընտրանքները

   

Սուրեն Սարյան

ԱՄՆ Կոնգրեսի վերջին ընտրությունները, Բուշի վարչակազմում կադրային տեղափոխումները եւ ամերիկյան ապագա ռազմավարության շուրջ քննարկումները փաստում են, որ նեոպահպանողականների «աստեղային ժամն» անցել է:

Խաղարկելով Իրաքի քարտը` դեմոկրատները հաղթեցին Կոնգրեսի ընտրություններում, իսկ Բուշի վարչակազմում նեոպահպանողական մոտեցումների կողմնակիցներն, ինչպես Փոլ Վուլֆովիցը, Ռիչարդ Փերլը, Դուգլաս Ֆեյթը, Լյուիս Լիբին, իսկ վերջերս էլ` Դոնալդ Ռամսֆելդը եւ Ջոն Բոլթոնը, թողեցին իրենց պաշտոնները եւ փոխարինվեցին չափավոր մոտեցումների կողմնակիցներով: Ռամսֆելդն ու Բոլթոնը փաստորեն «զոհաբերվեցին» դեմոկրատների հաղթանակից հետո, քանզի հենց նրանք էին առավել շատ ասոցացվում ամերիկյան արտաքին քաղաքականության ձախողումների հետ:

Փաստորեն այսօր Բուշ-կրտսերի վարչակազմը զիջել է իր տեղը Բուշ-ավագի վարչակազմում առանցքային դերակատարում ունեցող ավելի իրատեսական գործիչներին: Այսուհետ ամերիկյան քաղաքականությունը, ըստ էության, ղեկավարելու են Բուշ-ավագի վարչակազմի երկու առանցքային դեմքերը` նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերը եւ ԿՀՎ-ի նախկին տնօրեն, այժմ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը:

ԱՄՆ-ում այժմ ամենուր քննարկում են, թե ինչպիսին է լինելու ամերիկյան արտաքին քաղաքական ռազմավարությունը Բուշից հետո: Քննարկումները հիմնականում հանգում են երկու սցենարների: Առաջինի համաձայն` պետք է վերականգնել քլինթոնյան արտաքին քաղաքականությունը` գլոբալացման եւ ժողովրդավարացման շարունակման նշանաբաններով (այսպես կոչված, Օլբրայթի–Հոլբրուքի գիծ):

Երկրորդ մոտեցումը ենթադրում է §օֆշորային հավասարակշռում», որի դեպքում տարբեր տարածաշրջաններում ԱՄՆ-ը պետք է տարբեր տիպի քաղաքականություն վարի` հիմնվելով նախ եւ առաջ ուժերի հավասարակշռության սկզբունքի կիրառման վրա (Բեյքերի գիծ): Այդ ռազմավարության համաձայն` Միացյալ Նահանգներն օգտագործում է իր ուժը մոլորակի ընտրովի տարածաշրջաններում, որոնք ունեն կենսական կարեւորություն ԱՄՆ-ի համար եւ որոնց համար արժե պայքարել: Տնտեսական հզորության եւ բնական պաշարների ապահովման տեսանկյունից այդպիսին են համարվում Եվրոպան, Արեւելյան Ասիան եւ Պարսից ծոցը:

Սակայն այդ տարածաշրջանների նկատմամբ ուղղակի վերահսկողություն սահմանելու փոխարեն ԱՄՆ-ը պետք է պարզապես երաշխավորի, որ դրանք չընկնեն որեւէ մրցակից տերության հսկողության տակ: Այդ նպատակով տվյալ հայեցակարգի կողմնակիցների կողմից առաջարկվում է ապավինել տեղական տարածաշրջանային խաղացողներին, որոնք պետք է ապահովեն տարածաշրջանային հավասարակշռությունը:

Նման ռազմավարությունը, փաստորեն, մի կողմից` ապահովում է ամերիկյան գերիշխանությունն աշխարհում, իսկ մյուս կողմից` ապահովագրում է միակ համաշխարհային գերտերությանը այդ գերիշխանության օգտագործումից բխող ռիսկերից:

Մինչդեռ ամերիկյան հեգեմոնիայի ներկա իրականացնողներն այդպես էլ չեն կարողանում հստակ ձեւակերպել ԱՄՆ-ի ռազմավարության վերջնական խնդիրները. օրինակ` ի՞նչ է նշանակում հաղթանակն Իրաքում, ի՞նչ է տալու զորքերի լրացուցիչ ավելացումն այնտեղ: Կանգնեցնել միջկրոնական բախումներն Իրաքում եւ տարածաշրջանում այլեւս հնարավոր չէ, քանի որ այն տարածաշրջանին բնորոշ հիմնական միտումն է վերջին տասնչորս դարերի ընթացքում: Ավելին, հենց այդ բախման ծավալումը կարող է լինել ամերիկյան ռազմավարության նպատակը, քանի որ դրա միջոցով իսլամական աշխարհը, որն այսպես թե այնպես Արեւմուտքի դեմ իր «սրբազան պատերազմն» է վարում, էականորեն թուլացնում է իրեն: Ասել է թե` ստեղծվում է սառը պատերազմի վերջին փուլերի նման իրավիճակ, երբ Նիքսոնի, Քիսինջերի, Ֆորդի, Քարթերի եւ Բժեզինսկու ջանքերով հաջողվեց սեպ խրել կոմունիստական ճամբարի երկու հսկաների` Չինաստանի եւ Խորհրդային Միության միջեւ: Դրա արդյունքում վիետնամական պարտությունը չունեցավ ԱՄՆ-ի ռազմավարական եւ աշխարհաքաղաքական հզորության համար կտրուկ հետեւանքներ, իսկ Չինաստանը դարձավ կայունացման գործոն Արեւելյան Ասիայում` ինքն ապրելով զգալի փոխակերպում:

Այսօր որպես յուրատեսակ «Չինաստան» արեւմտյան ստրատեգները հակված են դիտել շիաներին` Իրանի առաջնորդությամբ, եւ այդ է պատճառը, որ Իրանին ու ընդհանրապես շիաներին տրվում են լավ հնարավորություններ` ամրապնդելու սեփական դիրքերն ամբողջ տարածաշրջանում, ինչը եւ մենք տեսնում ենք Իրաքում, Լիբանանում, Պաղեստինում: Նույն Բժեզինսկին ուղղակի առաջարկում է ԱՄՆ վարչակազմին` գրավ դնել քրդական ինքնավարության եւ շիա հոգեւորականության վրա, որոնք ունակ են ապահովել Իրաքի կայունացումը: Դրա համար «Վաշինգտոնը պետք է պատրաստվի Իրանի հետ բազմաբնույթ բանակցությունների»:

Դա նշանակում է, որ, եթե Թեհրանը ցուցաբերի համարժեք ընկալում, Արեւմուտքը կհաշտվի իրանական միջուկային ծրագրի հետ, իսկ Իրանը կհակադրվի սուննիական արմատականության կենտրոններ դարձած Սաուդյան Արաբիային ու Պակիստանին եւ իր ավելի արդիական ու կրթված բնակչությամբ կարող է դառնալ ամբողջ Մերձավոր եւ Միջին Արեւելքի արդիականացման շարժիչը:

Սուննի–շիական հակամարտությունն իսկապես ռազմավարական շանս է ԱՄՆ-ի համար. այդպիսի հնարավորություն էր խորհրդա– չինական հակամարտությունը սառը պատերազմի ժամանակաշրջանում: Այսօր շիա–սուննի հակադրության գլխավոր դերակատարներն են Սաուդյան Արաբիան եւ Իրանը, որոնց վարչակարգերը հանդիսանում են հակաարեւմտյան իսլամիստական շարժման հիմնական հովանավորները: Հետեւաբար, Մեծ Մերձավոր Արեւելքից հեռանալը ԱՄՆ-ի եւ ամբողջ Արեւմուտքի համար կնշանակի խոշորագույն ռազմավարական պարտություն` բոլոր հնարավոր բացասական հետեւանքներով:

Այս առումով հավանական է դառնում, որ Իրաքի քաոսային իրավիճակում ԱՄՆ-ը զորքերը կտեղափոխի Քրդստան: Ուղղակի ռազմական վերահսկողության սահմանումից խուսափելով (թեեւ տարածաշրջանում ռազմական ուժի ներկայությունից վերջնական հրաժարում մենք չենք տեսնի)` ամերիկացիները փորձում են ձեւավորել իրար հակակշռող երկրների եռանկյունի` Իրան–Իսրայել–Սաուդյան Արաբիա, որոնց միջեւ մշտական միջնորդի եւ դատավորի դերում հանդես կգա հենց ԱՄՆ-ը:

Վերոհիշյալ սցենարներից որոնք կստանան հստակ քաղաքականության տեսք` կախված է հաջորդ տարի կայանալիք ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքից: Դեռ պարզ չէ, թե ով կառաջնորդի դեմոկրատներին եւ հանրապետականներին 2008-ին, առավել եւս դժվար է գուշակել, թե ով կհաղթի այդ ընտրություններում: Դա կարող են լինել նախկին առաջին տիկին, սենատոր Հիլարի Քլինթոնը, սենատորներ Ջոն Էդվարդսը եւ Ջոն Մակքեյնը, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին, նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը եւ այլոք:

Սակայն կարելի է արդեն ուրվագծել այն քաղաքականությունը, որը կվարեն դեմոկրատներն ու հանրապետականները 2008-ից հետո:

Դեմոկրատ նախագահի դեպքում ԱՄՆ-ը կվերադառնա արդեն հիշատակված քլինթոնյան կամ «Օլբրայթի-Հոլբրուքի» ուղեգծին: Այն ենթադրում է սերտ դաշինք Եվրոպայի հետ, Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքերի հետեւողական թուլացում, ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հետ Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի եւ Հարավային Կովկասի ինտեգրում, սերտ համագործակցություն իսլամական աշխարհի հետ, մասնավորապես` Իրանի հետ հարաբերությունների նորմալացում, Իրանի եւ Սիրիայի ներգրավում մերձավորարեւելյան գործընթացներում (ինչն արդեն առաջարկվել է ոչ միայն Բժեզինսկու, այլեւ «իրատես» հանրապետականներ Բեյքերի, Գեյթսի, Սքոուքրոֆթի կողմից) եւ այս համատեքստում Իսրայելի վրա ճնշում` պաղեստինցիներին զիջումներ անելու նպատակով:

Դեմոկրատական վարչակազմը դժվար թե որդեգրի «մեկուսացման» քաղաքականություն: Բավական է հիշել, որ հենց դեմոկրատ Քլինթոնն է եղել «գլոբալացման» կոնցեպտի ջատագովներից մեկը, ինչպես նաեւ ռազմական միջամտություններ իրականացրել Սոմալիում, Հաիթիում, Բոսնիայում, Կոսովոյում եւ ակտիվ դիվանագիտական ջանքեր գործադրել մերձավորարեւելյան հակամարտության կարգավորման գործում: Այդ գործողություններն իրականացվում էին Քլինթոնի կողմից հռչակված ԱՄՆ-ի` որպես միակ համաշխարհային գերտերության, ղեկավարման տակ աշխարհում ժողովրդավարության եւ լիբերալիզմի տարածման հայեցակարգի շրջանակներում:

Այդ կուրսը չէր հարուցում գլոբալ դիմադրություն, ռազմական ուժի կիրառումը սահմանափակ էր եւ իրականացվում էր մեծ մասամբ միջազգային կառույցների միջոցով, ինչպես 1991թ. Ծոցի առաջին պատերազմի ժամանակ կամ 1995թ. Բոսնիայի եւ 1999թ. Կոսովոյի պատերազմների ընթացքում:

Հանրապետականների հաղթանակի դեպքում Միացյալ Նահանգները վարելու է իր քաղաքականությունը ոչ թե ինչ-որ «ժողովրդավարական Մեծ Մերձավոր Արեւելքի» կայացման համար, այլ հանուն Միացյալ Նահանգների ազգային շահերի, քանի որ ամերիկյան քաղաքականությունը բոլոր ժամանակներում եղել է «ամերիկյան»:

Հանրապետականների իշխանության մնալու դեպքում ԱՄՆ–ԵՄ կապերի ամրապնդումը կշարունակվի, սակայն հանրապետականները հակված չեն ժխտելու Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից ինչ-որ ազդեցության գոտիներ կիսելու հնարավորությունը, մոտավորապես` այսօր հետխորհրդային տարածքում իշխող իրադրության նման:

Այդուհանդերձ, անկախ նրանից, թե ով է լինելու Սպիտակ տան ապագա տերը, ամերիկյան արտաքին ռազմավարության հիմնական ուղղությունը լինելու է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ կապերի սերտացումը: Արդեն Բուշի ներկայիս վարչակազմը գնաց Եվրոպայի հետ նոր մերձեցման` գիտակցելով, որ կարող է լրիվ մեկուսացված մնալ աշխարհում: Իսկ ԱՄՆ-ի միակ վստահելի եւ հզոր դաշնակիցը մնում է միայն Եվրոպան:

ԵՄ-ը նույնպես, որն այսօր գտնվում է ներքին խմորումների եւ կարգավորումների ժամանակաշրջանում` կապված եվրոպական Սահմանադրության ընդունման եւ հետագա ընդլայնման ընթացքի սառեցման հետ, զգում է եւ դեռ երկար ժամանակ զգալու է ամերիկյան հզորության կարիքը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վերջին ելույթները, ինչպես նաեւ Վաշինգտոն կատարած այցը եւս վկայում են ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ դիրքորոշումների մերձեցման մասին: Դա հատկապես վերաբերվում է էներգետիկ անվտանգության եւ առեւտրի բնագավառներին, որտեղ վերջերս բանակցություններ են գնում արգելքների վերացման շուրջ, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում տրանսատլանտյան առեւտրի ազատ գոտու ստեղծումը:

Եվրա-ամերիկյան ռազմավարության հատուկ ուշադրության կենտրոնն է լինելու Եվրոպայի արեւելքի կամ նախկին հետխորհրդային տարածքի «յուրացումը»: Դեռեւս Բիլ Քլինթոնի օրոք որդեգրվեց հետխորհրդային տարածքը որպես ամերիկյան կենսական շահերի ոլորտ դիտելու ուղեգիծը:

Այսօր արդեն կարելի է նկատել, թե ինչպես զգալիորեն աճել է Ռուսաստանի հասցեին ուղղված քննադատությունը ԱՄՆ-ում եւ Եվրոպայում` ռուսական ժողովրդավարության եւ ազատության ճնշումների, քաղաքական սպանությունների եւ հարեւան երկրների նկատմամբ նեոկայսերական հավակնությունների դրսեւորման կապակցությամբ:

Այն պայմաններում, երբ արեւմտյան քաղաքական եւ հասարակական արժեքներն ու գաղափարները չեն վայելում Մերձավոր եւ Միջին Արեւելքի ժողովուրդների աջակցությունը, նախկին հետխորհրդային տարածքը Արեւմուտքի համար մնում է քաղաքական հաջողության հասնելու միակ իրական հնարավորությունը: Եվրոպան եւ ԱՄՆ-ը պետք է հստակեցնեն իրենց քաղաքականությունն Ուկրաինայի, Բելառուսի եւ Հարավային Կովկասի ուղղությամբ, քանի որ նրանց անհրաժեշտ է «հաջողության պատմություն»: Այդ պատմությունը կերտելու համար որեւէ ավելի հարմար «տարածք» այլեւս չի մնացել, քանի որ Արեւմուտքից սպասելիքներ ունի այսօր միայն Եվրոպայի արեւելքը համարվող տարածությունը:

Այդ է պատճառը, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը գնում են Մոսկվայի հետ իրենց քաղաքականության կոշտացման: Կոնգրեսում իշխող դեմոկրատների ղեկավարները եւ քլինթոնյան վարչակազմի առանցքային դեմքերը, ինչպես Ռիչարդ Հոլբրուքն ու Սթրոուբ Թելբոթը, կոչ են անում վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները, քանի որ Ռուսաստանն ավելի ու ավելի գլորվում է դեպի օլիգարխիա, իսկ ռուսական արտաքին քաղաքականությունն այսօր գնահատվում է որպես բոլոր հարցերում ամերիկյան եւ եվրոպական քաղաքականություններին հակադրվող: Այս պայմաններում ներկայումս ընթանում է Արեւմուտքի ռուսական քաղաքականության փոփոխության քարոզչական հիմնավորումը` արեւմտյան հանրային կարծիքի ուշադրությունը սեւեռելով Վ.Պուտինի քաղաքական հակառակորդների հետապնդումներին ու քաղաքական սպանություններին, Իրանի եւ Սիրիայի հետ Մոսկվայի սերտ համագործակցությանը, Վրաստանի դեմ կոշտ պատժամիջոցների կիրառմանը կամ հարեւանների դեմ վառելիքային շանտաժի քաղաքականությանը:

Թե՛ հանրապետականները, թե՛ դեմոկրատները հակված չեն լինելու թույլ տալ, որ Ուկրաինայի կամ Հարավային Կովկասի անվտանգության ապագան որոշվի Մոսկվայում: Սակայն դեմոկրատների Սպիտակ տուն գալու դեպքում ամերիկյան ռազմավարությունը Ռուսաստանի հանդեպ կդառնա էլ ավելի հարձակողական: Ամերիկան ուղղակի կդառնա, եթե արդեն հիմա չի դառնում, եվրոպացիների ձեռքին մի մահակ, որով Արեւմուտքի եւ իր նախկին խորհրդային արբանյակների նկատմամբ չափազանց կոշտ դիրք բռնած Ռուսաստանին կհասցվեն ծանր հարվածներ:

Եվրոպացիներին արդեն մեկ անգամ հաջողվել է օգտվել ամերիկյան «մահակից», երբ 1990-ականներին ԵՄ-ը, առանձնապես` Գերմանիան, օգտագործեցին ամերիկյան հզորությունը Բալկաններից Ռուսաստանին դուրս հանելու եւ ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հաջող ընդլայնումն ապահովելու համար:

Ստացվում է, որ ինչպես XIX-XX դարերում Եվրոպան Միացյալ Նահանգների համար ուղի էր հարթում դեպի համաշխարհային գերտերության կարգավիճակ, այնպես էլ այսօր ԱՄՆ-ը աշխատելու է Եվրոպայի համար` միջազգային ասպարեզում նրա երբեմնի առաջնորդությունը վերականգնելու համար:

Հասկանալի է, որ ԱՄՆ-ում կան ուժեր, որոնք չեն ցանկանում դառնալ եվրոպացիների ճանապարհ բացողը: Առավել պրագմատիկ քաղաքագետներն ու փորձագետները համարում են, որ ԱՄՆ-ի տնտեսական եւ ռազմական հզորության ապագան կապված է Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ, ուստի, հանրապետականները, որոնց թվին է պատկանում նշյալ մոտեցման ջատագովների մեծ մասը, իրենց հաղթանակի դեպքում կարող են ամերիկյան ռազմավարության ուշադրության կենտրոնը լրիվ տեղափոխել դեպի Չինաստան, Հնդկաստան եւ Ճապոնիա` գերադասելով հենց այս տերությունների հետ ապահովել XXI դարը որպես ամերիկյան հզորության դար արձանագրելու խնդիրը, ինչպես ԱՄՆ-ը դա արեց XX դարում Եվրոպայի հետ համագործակցելով:

Բացի այդ, պետք է միշտ մտապահել, որ հաջորդ տասնամյակում Արեւմուտքի առջեւ խնդիր կա թույլ չտալ Ռուսաստանի «վասալացումը» Չինաստանից եւ մահմեդական աշխարհից` հաշվի առնելով Ռուսաստանի ժողովրդագրական միտումները եւ Չինաստանից տնտեսական ու ռազմաքաղաքական կախվածության աճը: Այդ պատճառով Արեւմուտքին անհրաժեշտ է վերջնականապես լուծել Մոսկվային իր քաղաքականության ուղեծրի մեջ ներառելու խնդիրը:

Այսպիսով, մոտակա տարիներին ԱՄՆ-ի ռազմավարությունն ուղղված է լինելու Եվրոպայի հետ միասնական ջանքերի գործադրմանը` եվրաատլանտյան տարածության վերջնական միավորման եւ Սեւծովյան ավազանում ամրապնդման համար, Ռուսաստանի կայսրապաշտությունը վերջնականապես ճնշելու եւ նրա հետագա «եվրասիականացումը» (որը նշանակում է «չինականացում» եւ «իսլամականացում») կանխելու, Մեծ Մերձավոր Արեւելքում Իսրայել–Սաուդյան Արաբիա–Իրան հակակշիռների եռանկյունին կազմելու եւ դրանում ամերիկյան դիրքերը կենտրոնական պահելու քաղաքականությանը:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր