XXI դարի աշխարհակարգի մասին

Ներկայիս աշխարհակարգի առավել ցայտուն առանձնահատկությունը միաբեւեռությունն է` ԱՄՆ-ի առաջնորդությամբ: Այդ աշխարհակարգը դիտվում է որպես ոչ պաշտոնական ամերիկյան կայսրություն, որն այս կամ այն կերպ ապահովում է համաշխարհային կարգուկանոն, անվտանգություն եւ հանրային բարիքներ:
Իրոք, ԱՄՆ-ն իր ստեղծման օրից իրեն համարել է մոլորակում առաջընթացի եւ կարգուկանոնի ապահովման գործիք: Եվ այդ գործիքը կարող է կիրառվել ինչպես ուժի, այնպես էլ համոզման ուղեկցությամբ: Ընդ որում` ամերիկյան գլոբալ քաղաքականությունը միշտ ձգտել է համադրել վեհ գաղափարներն ու եսասիրական կամ իրատեսական շահերը:
Ու թեեւ ոմանք հակված են համեմատել այդ կայսրությունը Հռոմեական կամ Բրիտանական կայսրությունների հետ, սակայն ԱՄՆ-ի համաշխարհային գերիշխանությունը չունի պատմական նախադեպեր: Նախ, Հռոմը գերիշխում էր Եվրոպայի եւ Միջերկրածովյան ավազանի սահմանափակ տարածքում, այն պայմաններում, երբ գոյություն ունեին Պարսկաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, իսկ Բրիտանական կայսրությունն ընդամենը եղել է «հավասարների մեջ առաջինը»` լինելով Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Ավստրո-Հունգարիայի, Իսպանիայի, Ճապոնիայի եւ այլ տերությունների մեջ այն ուժը, որը թույլ չէր տալիս նրանցից որեւէ մեկի գերիշխանությունը միջազգային համակարգում: Մինչդեռ ամերիկյան գերիշխանությունն իրոք գլոբալ է եւ հասանելի աշխարհի ցանկացած կետին:
Միացյալ Նահանգների գերակշռությունը մնացած մեծ տերությունների նկատմամբ ակնառու է բոլոր բնագավառներում` աշխարհաքաղաքական, ռազմական, տնտեսական, տեխնոլոգիական: ԱՄՆ-ի տնտեսական զարգացումն ընթանում է ավելի արագ, քան Եվրոպայի եւ Ճապոնիայի: Ամերիկյան ռազմակայանները եւ նավատորմը տեղակայված են աշխարհի 137 երկրներում:
Փաստորեն, Միացյալ Նահանգները դարձել է նոր աշխարհակարգի կերտողը կամ «պրոդյուսերը»: ԱՄՆ-ում կայացված ցանկացած որոշում ազդում է աշխարհի մնացած երկրների վրա: Աշխարհում չկա որեւէ այլ երկիր, որը բաժանել է մոլորակը հինգ ռազմական հրամանատարությունների, ընդ որում` նախատեսվում է արդեն վեցերորդ` աֆրիկյան հրամանատարության բացումը: Իսկ այդ հրամանատարությունների պետերն օժտված են գրեթե նույն լիազորություններով, որոնցով օժտված էին Հռոմեական կայսրության նահանգների կառավարիչները:
Ի հավելումն դրան, Միացյալ Նահանգները պաշտպանության վրա ծախսում է երկու անգամ ավելի, քան մնացած մեծ տերությունները միասին վերցրած: Միջազգային մակարդակում ուժի կիրառման իրավունքն այսօր վերապահված է միայն ԱՄՆ-ին, ինչը, բնականաբար, հարուցում է մնացածների դժգոհությունը: Սակայն ակնհայտ է, որ ով էլ լիներ ԱՄՆ-ի տեղը, կվարվեր նույն կերպ: Եթե վաղը Եվրոպան կամ Չինաստանն ունենան կամ գերազանցեն Ամերիկայի ուժը, ապա նրանք, թերեւս, կդառնան միաբեւեռության եւ միակողմանի գործողությունների ջատագովներ:
Կայսրությունն, ինչպես հայտնի է, բազմազգ պետություն է, որն անընդհատ ընդարձակում է սահմանները` այլ քաղաքական միավորների նկատմամբ իր ձեւական եւ փաստական իշխանության հաստատմամբ: Դասական կայսրություններն ընկալվում են որպես տերություններ, որոնք ներխուժում եւ գրավում են գաղութներ, ապա վերահսկողություն սահմանում առեւտրի եւ բնական պաշարների վրա: 2003թ. Իրաք ներխուժումն ինչ-որ առումով նման էր կայսերական քայլի, սակայն հենց կայսերական փորձի բացակայության պայմաններում` այդ ներխուժման հետեւանքներն առաջացրին այսօրվա բարդություններն ամերիկյան քաղաքականության համար: Միաժամանակ, Իրաքում ամերիկացիները կիրառում են կայսերական գլխավոր կանոնը՝ «բաժանիր, որ տիրես», իրար դեմ հանելով շիաներին եւ սուննիներին, որոնցից հաղթողի նկատմամբ իրենք արդեն վերահսկողություն կհաստատեն:
Պետք է հաշվի առնել, սակայն, որ ամերիկյան ինքնության համար բավականին բարդ խնդիր է կայսերական գաղափարին հաղորդակից դառնալը: Չպետք է մոռանալ, որ Ամերիկան ի սկզբանե եղել է բողոքական ներգաղթյալների երկիր, որոնք Եվրոպայում պայքարում էին հենց կայսրության դեմ, ընդ որում` հենց Հռոմեական կայսրության հետնորդների՝ Կաթոլիկ եկեղեցու եւ Հաբսբուրգների դեմ: Բացի այդ, Ամերիկան ծնվեց որպես հանրապետություն մեկ այլ կայսրության` Բրիտանականի հետ պայքարում: Այդ պատճառով կայսերական առաքելության գիտակցումը ամերիկացիներից պահանջում է ընկալման բավականին լուրջ տրանսֆորմացիա:
Վերջապես, ամերիկացիները մշտապես դժկամությամբ են վերաբերվել որեւէ տարածքի կամ ժողովրդի նկատմամբ երկարաժամկետ կառավարում հաստատելու գաղափարին, ինչն ակնհայտորեն երեւում է այսօր Իրաքում եւ Աֆղանստանում, որտեղ արդեն նախապատրաստվում է զորքերի հեռացումը: Ցանկացած «կայսերական» քայլ Ամերիկայում առաջացնում է ուժեղ ներքին ընդդիմություն:
Այդ պատճառով ամերիկյան մի շարք միջազգայնագետներ նշում են, որ միաբեւեռ աշխարհակարգը ոչ թե կայսրություն է, այլ պարզապես ամերիկացիների հեգեմոնիա, որն ապահովում է ժողովրդավարական ազատությունները, ազատ առեւտուրը, տնտեսական բարիքները, միջազգային անվտանգության կառույցների գործունեությունն ու նորմերը: Այս առումով, Միացյալ Նահանգներն իր նախորդ՝ Բրիտանական կայսրության նման ձգտում է գլոբալացնել ոչ միայն տնտեսական, այլ նաեւ իրավական եւ քաղաքական համակարգերը: Այսինքն` «մաքուր» կայսրության ձեւաչափն այդ աշխարհակարգում փոխարինվում է «գլոբալ հեգեմոնիայով»:
Մյուս կողմից, սակայն, հակաամերիկանիզմը դարձել է բազմաթիվ պետությունների կամ հասարակությունների համար բնորոշ գիծ: ԱՄՆ նախկին պետքարտուղար Մ.Օլբրայթի խոստովանությամբ, այժմ աշխարհում հարգանքը Ամերիկայի ուժի եւ քաղաքականության նկատմամբ էապես նվազել է:
Միջազգային հարաբերությունների առավել ճանաչված եւ տարածված ռեալիստական տեսությունը ենթադրում է, որ միջազգային հարաբերություններում միշտ պայքար է ընթանում գերիշխանության համար, իսկ քանի որ տերությունները ձգտում են թույլ չտալ իրենց նկատմամբ որեւէ այլ տերության գերակայություն, ապա անխուսափելիորեն վաղ թե ուշ ստեղծվում է ուժերի հավասարակշռություն: Եվ այդ պատճառով, ըստ ռեալիստների, Միացյալ Նահանգների արդեն 16-ամյա համաշխարհային գերիշխանությունը ներկայումս կամ մոտ ապագայում բախվելու է մրցակից ուժերի դիմադրությանը, որոնք պետք է վերականգնեն համաշխարհային հավասարակշռությունը: Ուստի, ամերիկյան միաբեւեռությունը երկար տեւել չի կարող եւ իր տեղը զիջելու է բազմաբեւեռ աշխարհակարգին, երբ նոր գերտերությունները, ինչպես, օրինակ, Չինաստանը, Ճապոնիան եւ ԵՄ-ը կվիճարկեն ԱՄՆ-ի դիրքն ու իշխանությունը:
Սակայն պետք է նկատել, որ միաբեւեռությանը կարող է փոխարինելու գալ ոչ թե ուժերի հավասարակշռությունը, այլ ընդհանրապես որեւէ ուժի բացակայությունը: Նման` «անբեւեռության» իրավիճակներ եւս հայտնի են պատմությանը, երբ կայսրություններն անկում են ապրել ու հաստատվել են կրոնական մոլեռանդություն, ավերումներ, տնտեսական լճացում եւ քաղաքակրթության նահանջ դեպի լավ ամրացված անկլավներ:
Այդպիսի իրավիճակ, մասնավորապես, ստեղծվել է Հռոմեական կայսրության անկումից հետո: Այդ ժամանակ ամենուրեք անիշխանություն էր տիրում, մարդիկ թաքնվում էին ամրացված բերդերում կամ քաղաքներում, ինչպես Կոստանդնուպոլիսը, Լոնդոնը կամ Վենետիկը: Սակայն այսօր աշխարհը 20 անգամ ավելի խիտ է բնակեցված, տնտեսությունը կախված է ոչ միայն ջրից եւ բերքից, այլ նաեւ ածխաջրածնային վառելիքից, տեխնոլոգիաներն այնքան են զարգացած, որ ունակ են ոչ միայն ավերել, այլեւ պարզապես ոչնչացնել ցանկացած քաղաք: Ավելին, այսօր եվրոպական բարեկեցիկ քաղաքներում արագորեն աճում են իսլամիստական անկլավները, որոնք մոտ ապագայում կարող են խռովությունների օջախ դառնալ: Մերձավոր Արեւելքի, Լատինական Ամերիկայի եւ Աֆրիկայի աղքատացումը բերելու է միայն կրոնական ծայրահեղականության աճ, իսկ համաճարակների տարածումը կարող է հանգեցնել բամաթիվ դատարկ տարածքների առաջացմանը:
Ուստի, որպես ապագա աշխարհակարգի առավել օպտիմալ տարբերակ կարելի է դիտարկել Ս.Հանտինգտոնի առաջարկած «միա-բազմաբեւեռ» մոդելը: Այդ մոդելը հաշվի է առնում ԱՄՆ-ի համատարած գերիշխանությունը եւ, միաժամանակ, մնացած մեծ տերությունների համար թողնում է ազատ մանեւրելու տարածություն: Իսկ Վաշինգտոնը, իր նպատակների լեգիտիմությունն ապահովելու եւ լրացուցիչ ռիսկերից խուսափելու համար պատրաստ է գնալ որոշակի զիջումների իր գործընկերներին, որոնք տվյալ դեպքում պահպանում են իրենց դեմքը:
Տվյալ մոդելի կիրառումը կարելի է տեսնել միջազգային ճգնաժամերի լուծման դեպքերում, երբ մեծ տերությունները համատեղ ճնշում են գործադրում հերթական «վտարանդի» պետության վրա՝ կիրառելով քաղաքական, քարոզչական, դիվանագիտական ու տնտեսական լծակներ եւ ստիպելով վերջինիս զիջումների գնալ ԱՄՆ-ին: Նրան հասկանալ են տալիս, որ իր իսկ շահերից է բխում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալը, հակառակ դեպքում վատթարագույն սցենարները բացառել հնարավոր չէ: Իսկ եթե «վտարանդին» շարունակում է համառել, ապա մեծ տերությունները կարող են հանգիստ լվանալ ձեռքերը եւ տեղը զիջել ԱՄՆ-ին` իր ռազմական մեքենայով:
Սառը պատերազմից հետո ընկած տարիները ցույց տվեցին, որ համաշխարհային քաղաքական վերնախավը լիովին անպատրաստ էր նոր ժամանակաշրջանին, եւ այդ է պատճառը, որ մինչ օրս նա չի կարողանում գտնել աշխարհի կառավարման արդյունավետ համակարգ: Այսօր բոլորը կարող են պատասխանատվությունը բարդել ԱՄՆ-ի վրա: Սակայն Ամերիկայի ասպարեզից հեռանալու դեպքում այդ պատասխանատվությունը, կարծես թե, ոչ ոք այլեւս չի վերցնի:
Թերեւս Եվրոպան է, որ փորձում է հանդես գալ որպես նոր տիպի՝ հետմոդեռն կայսրություն, որի նպատակն է ապահովել ե՛ւ անհատի ազատությունները, ե՛ւ կայունությունն ու կարգուկանոնը: ԵՄ-ը փաստորեն ազատության եւ անվտանգության կարգախոսների տակ առաջարկում է կայսրության իր նախագիծը՝ որպես այլընտրանք ամերիկյանին: Սակայն նման նախագծի համար եվրոպացիներին այսօր չեն հերիքում մարդկային եւ ռազմական ռեսուրսները, առավել եւս գալիք ժողովրդագրական ճգնաժամի ֆոնին: Այս իրավիճակում եվրոպացիներին մնում է շարունակել ապավինել ամերիկյան մկաններին եւ նրանց միջոցով ապահովել սեփական քաղաքական նպատակները: Այդ է, թերեւս, պատճառը, որ եվրոպական առաջնորդներից ոչ ոք մինչ օրս ցանկություն չի հայտնել, որպեսզի ամերիկյան զորքերը դուրս գան իրենց երկրներից:
Չինաստանը, որին եւս տեսնում են որպես ԱՄՆ-ի հակակշիռ, ունի բազմաթիվ ներքին պրոբլեմներ, ինչպես նաեւ` երկիրն արդեն այնքան է ներգրավված գլոբալ գործընթացներում, որ տեսանելի ժամանակահատվածում դժվար թե գլոբալ մարտահրավեր նետի Միացյալ Նահանգներին:
Այսպիսով, Միացյալ Նահանգներն աշխարհում իր դերի հարցում այսօր առանձնապես ընտրության հնարավորություն չունի: ԱՄՆ-ը շարունակելու է կառավարել աշխարհը` դաշնակիցների շահերը հաշվի առնելով: Մնում է միայն, որ ԱՄՆ պետական գործիչները եւ նրա դաշնակիցները սովորեն իմաստուն եւ արդյունավետ կառավարել աշխարհը, ինչպես ժամանակին սովորեցին հռոմեացիները, չինացիները եւ բրիտանացիները:
Ըստ էության, արդի գլոբալ գործընթացները թուլացնում են ազգային պետությունների դասական համակարգը՝ փոխարենը ստեղծելով ոչ դասական «կայսրություններ»: Այդպիսի կայսրությունների տեսք ունեն ոչ միայն Միացյալ Նահանգները, այլ նաեւ Եվրոպական Միությունը, վերազգային ընկերությունները եւ «Ալ-Քաիդայի» տիպի ահաբեկչական ցանցերը: Այստեղ պետությունների իշխանական մարմինները հանդես են գալիս ընդամենը որպես այդ վերազգային ուժերի գործադիր մարմիններ:
Սակայն ապագան կանխատեսելու մեր հնարավորությունները սահմանափակ են: Այսօրվա աշխարհը շատ ավելի բարդ է եւ զարգանում է այնպիսի արագություններով, որոնք կարող են հաջորդ իսկ պահին չեղյալ դարձնել բոլոր վերոհիշյալ դատողությունները: Չինաստանի անորոշ ապագան եւ իսլամիզմի ծավալումը կարող են խաթարել ցանկացած սցենար, էլ չենք խոսում տարբեր տեսակի համաճարակների, գլոբալ կլիմայական փոփոխությունների եւ էներգետիկ ու ջրային ռեսուրսների համար դաժան պայքարի մասին, որոնք էապես ազդելու են XXI դարի աշխարհի պատկերի եւ ուժերի դասավորության վրա: Կարող են ի հայտ գալ այնպիսի անկանխատեսելի դեպքեր` «ֆորս-մաժորներ», որոնք արմատապես կփոխեն այսօրվա աշխարհակարգը: Ո՞վ 1913-ին կարող էր ենթադրել, որ ընդամենը յոթ տարի անց կդադարեն գոյություն ունենալ Ավստրո-Հունգարական կամ Օսմանյան կայսրությունները, որ կառաջանան նոր կայսրություններ, ինչպես ԽՍՀՄ-ը կամ Ճապոնիան, որ կստեղծվեն այնպիսի դաժան վարչակարգեր, ինչպիսին էին կոմունիստականը կամ նացիստականը:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇՈԻՐՋ[01.11.2011]
- ԱՄՆ–ՉԻՆԱՍՏԱՆ. ՊԱՅՔԱՐ ԳԼՈԲԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ[07.10.2011]
- ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ [26.07.2011]
- ԳԼՈԲԱԼ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ԵՎ ԱՊԱԳԱՆ[28.06.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ[18.05.2011]
- ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՒՄ[19.04.2011]
- ՆՈՐ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ[15.03.2011]
- ԱՊԱԳԱՅԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ[16.02.2011]
- ԹՈՒՐՔԻԱ–ՆԱՏՕ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[17.12.2010]
- ԵՎՐՈՊԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ՃԳՆԱԺԱՄԸ[19.11.2010]
- ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ՎԵՐԱՓՈԽՈՒՄԸ[20.10.2010]