• am
  • ru
  • en
Версия для печати
03.05.2007

Հետխորհրդային տարածքի վերափոխումը

   

Սուրեն Սարյան

Այսօր ընթացող զարգացումները ցույց են տալիս, որ նախկին հետխորհրդային տարածքն ապրում է լուրջ վերափոխում: Այդ տարածքը փաստորեն դադարում է գոյություն ունենալ` փոխարինվելով նոր տարածաշրջաններով, եւ եթե Ռուսաստանը դիտում էր այն որպես իրեն ենթակա նախկին խորհրդային հանրապետությունների միավորում, ապա ԱՄՆ-ի, ԵՄ-ի կամ ՉԺՀ-ի համար նախկին հետխորհրդային տարածքն այլեւս գոյություն չունի եւ նրանց համար դրա կազմը բոլորովին այլ տեսք ունի:

Ներկայումս հետխորհրդային տարածքում ձեւավորվում է բոլորովին նոր աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական կոնֆիգուրացիա: Այդ կոնֆիգուրացիան բնորոշվում է առնվազն չորս նոր տարածաշրջանների կամ ուժային կենտրոնների առաջացմամբ. ինքը` ՌԴ-ն, Կենտրոնական Ասիան` Ղազախստանի գլխավորությամբ, Արեւմտյան տարածաշրջանը` Ուկրաինայի գլխավորությամբ եւ Հարավային Կովկասը, որտեղ այսօր բացահայտ առաջնորդ չկա:

Ըստ էության, Ուկրաինան, Բելառուսը, Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան դադարել են համարվել Ռուսաստանի հետնաբակը կամ եվրասիական գավառ: Այսուհետ նրանք բոլորը պետք է ինքնուրույն կառուցեն իրենց հարաբերությունները գլոբալ (ԱՄՆ, ԵՄ, Չինաստան) եւ տարածաշրջանային (Լեհաստան, Թուրքիա, Իրան, Պակիստան) դերակատարների հետ:

Ընդհանրապես, «հետխորհրդային» հասկացությունն ընտրվել էր հիմնականում արեւմտյան հետազոտողների կողմից, որով նրանք փորձում էին շեշտել ԽՍՀՄ-ի քայքայման արդյունքում առաջացած նորանկախ պետությունների ընդհանուր ծագումը եւ սոցիալ-քաղաքական յուրահատկությունները (Խորհրդային Միության կարիքները սպասարկող ընդհանուր տնտեսական կապերը, ընդհանուր ռազմական ենթակառուցվածքները` ռուսական-խորհրդային բանակների մոդելների շրջանակներում, ռուսերեն լեզվի շնորհիվ ընդհանուր լեզվական հաղորդակցությունը): Ընդհանուր պատմական, քաղաքական եւ տնտեսական արմատներն այլեւս էական ազդեցություն նորանկախ պետությունների վրա չունեն: Բազում փորձագետներ նշում են, որ եկել է ժամանակն ընդունելու «հետխորհրդային տարածքի» վերջի փաստը: Անշուշտ, «սովետականության» պատմական ազդեցությունը դեռ իրեն զգալ է տալիս եւ որոշ ժամանակ դեռ կտա, հատկապես` Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում: Սակայն նորանկախ պետությունների ռազմավարության համար «հետխորհրդային տարածքն» այժմ դադարում է լինել գլխավոր գերակայություն:

Հետխորհրդային տարածքում դեռեւս գործում են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին են ԱՊՀ-ն, Միասնական տնտեսական տարածությունը, Եվրասիական տնտեսական համագործակցությունը, ՀԱՊԿ-ը, ՎՈՒԱՄ-ը, սակայն դրանք բոլորը կրում են ժամանակավոր բնույթ` միավորելով իրենց անդամներին ընթացիկ խնդիրների եւ նպատակների լուծման շուրջ:

Նույն ԱՊՀ-ն մնաց միայն որպես նրա երկրների նախագահների հանդիպումների ակումբ` ապահովելով ըստ էության մեկ գործառույթի կատարումը` իրականացնել խորհրդային ժառանգության քիչ թե շատ խաղաղ բաժանումը: Անգամ նախկին հետխորհրդային կառույցներից ամենաարդյունավետը համարվող` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կրում է մեծ մասամբ ձեւական բնույթ, քանի որ դժվար է պատկերացնել, որ, օրինակ, Հայաստանը կամ Ղազախստանն իրենց զորքերն ուղարկեն Բելառուսի վրա հարձակման դեպքում` ՆԱՏՕ-ի դեմ կռվելու համար, կամ հայ ու բելառուս զինվորները մեկնեն Կենտրոնական Ասիա` այն չինական կամ իսլամիստական ներխուժումից պաշտպանելու համար:

Արդեն 2001 թվականից հետո իրավիճակը հետխորհրդային տարածքում սկսեց զգալիորեն փոխվել: ԱՄՆ-ը, ԵՄ-ը, ՆԱՏՕ-ն եւ Չինաստանը փաստորեն վերացրին այս տարածք մուտք գործելուն վերաբերող իրենց սահմանափակումները: Այստեղ հայտնվեցին ամերիկյան ռազմակայաններ, իսկ եվրոպական եւ չինական ներդրումները վաղուց գերազանցել են ռուսական տնտեսական ներկայությունն այնպիսի երկրներում, ինչպիսին են Ուկրաինան, Վրաստանը, Ղազախստանը կամ Բելառուսը: Վերջապես, Վրաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցած «գունավոր» հեղափոխությունները եւ Ղազախստանի ու Բելառուսի ինքնուրույն աշխարհաքաղաքական ու տնտեսական խաղը Ռուսաստանին զրկեցին հետխորհրդային տարածքում մենատիրությունից: Վերջին ռուս-բելառուսական առեւտրատնտեսական եւ վառելիքային «պատերազմներից» հետո ոչ ոք լուրջ չի ընդունում Ռուսաստան–Բելառուս միությունը, երբ ռուսական ճնշման տակ գտնվող բելառուսական ղեկավար Ա.Լուկաշենկոն սկսեց մերձեցման քայլեր անել Եվրոպայի, հատկապես` իր հարեւան Ուկրաինայի, Լիտվայի եւ Լեհաստանի հետ:

Փաստորեն, նախկին խորհրդային Եվրաարեւելքի երկրները` Ուկրաինան, Մոլդովան, Բելառուսը, ինչպես նաեւ Հարավային Կովկասի երկրները ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի, Ռումինիայի, Բուլղարիայի հետ միասին մտնում են Բալթյան-Սեւծովյան տարածաշրջանի մեջ: Այսօր հիմնականում խոսքը ոչ թե ռազմական սպառնալիքների, այլ առեւտրատնտեսական եւ մշակութային բախումների մասին է, եւ այս առումով այդ նոր Բալթյան-Սեւծովյան տարածաշրջանը կոչված է լինելու բուֆեր ծառայել Ռուսաստանին եւ Թուրքիային, որոնք թեեւ Արեւմուտքի կողմից դիտվում են որպես իր ազդեցության ոլորտներ, սակայն երբեւէ «արեւմտյան» կամ «եվրոպական» երկրներ չեն համարվելու:

Սեւծովյան տարածաշրջանի հետ է կապվում նաեւ Կովկասյան տարածաշրջանը, ընդ որում, մի օղակի մեջ են դիտվում Վրաստանը (որը ներկա փուլում վայելում է Արեւմուտքի լիակատար աջակցությունը` ձգտելով դառնալ տարածաշրջանի առաջնորդ) եւ Հայաստանը (որն իր ներուժով ունակ է վերցնել առաջնորդի դերակատարումը), իսկ Ադրբեջանը դասվում է ավելի շուտ Կասպիական ավազանի երկրների շարքին: Սակայն եթե ԵՄ-ը հակված է միասնաբար դիտարկել Կասպիական տարածաշրջանի մեջ Ադրբեջանը, Ղազախստանը եւ Թուրքմենստանը (այսինքն` իր ապագա խոշորագույն էներգամատակարարներին), ապա Միացյալ Նահանգները Կասպիական ավազանը դիտում է «Մեծ Կենտրոնական Ասիա» տարածաշրջանի շրջանակներում, որտեղ ընդգրկված են նաեւ Ուզբեկստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը եւ Աֆղանստանը:

Հատկանշական է, որ նախկին հետխորհրդային տարածքում ԵՄ-ը այսօր վարում է բավական համերաշխ քաղաքականություն, որտեղ դերակատարումները բաշխված են Միության հին ու նոր անդամների միջեւ, իսկ Եվրոպայի հետ հարաբերվելու համար յուրաքանչյուր հետխորհրդային պետություն պետք է գործեր վարի ոչ թե առանձին-առանձին Գերմանիայի, Իտալիայի կամ Բուլղարիայի, այլ հենց Միության հետ: Եվ եթե նախկինում Ռուսաստանին հատկացվում էր ԱՊՀ պետությունների հետ հարաբերություններում Եվրոպայի միջնորդի դերակատարում, ապա այսօր ԵՄ-ը Մոսկվայի կարիքն այլեւս չունի: Այսօր Ուկրաինան կամ Հարավային Կովկասը համարվում են ոչ թե Ռուսաստանի «մերձավոր արտերկիրը», ինչպես դա եղել է 1990-ականներին, այլ դարձել են հենց Եվրոպայի «մերձավոր հարեւանները»: Ըստ էության, «Եվրոպական նոր հարեւանություն» (ԵՆՀ) ծրագիրը կոչված է արձանագրել նախկին հետխորհրդային տարածքի վերափոխման ընթացքը:

Ավելին, ինչպես նշում է գերմանացի հայտնի փորձագետ Ալեքսանդր Ռարը, ԵՄ-ը պետք է ուղղի այն մեծագույն սխալը, որով նա ԵՆՀ շրջանակներում Հյուսիսային Աֆրիկայի պետությունների հետ նույն շարքին դասեց Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Հայաստանն ու Վրաստանը, մինչդեռ վերջիններս պետք է լրջորեն դիտվեն Միության անդամակցության շրջանակներում, թեկուզ ոչ մոտակա ապագայի կտրվածքով: Ամեն դեպքում, Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի մուտքը ԵՄ-ի «մերձավոր հարեւանություն» նշանակում է նաեւ նրանց մուտք Միության թեկնածուական «միջանցք»: Այս առումով բավական հավանական է դառնում, որ հենց ԵՄ-ը իր վրա կվերցնի վերոհիշյալ տարածաշրջաններում քաղաքական հակամարտությունները կարգավորողի եւ էներգետիկ նախագծերի օպերատորի դերակատարումը:

ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի եւ Վրաստանի ինտեգրումը, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի կապերի ինտենսիվացումը բերեցին նրան, որ բացի ռուսական ռազմական ազդեցությունից եւ ենթակառուցվածքներից` նախկին հետխորհրդային տարածքում հայտնվեց նոր, ավելի արդիական խաղացող` ի դեմս Հյուսիսատլանտյան դաշինքի եւ նրա անդամների: Եվ նույնպես շատ հավանական է, որ հաջորդ տարի կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Խորվաթիայի, Մակեդոնիայի եւ Ալբանիայի կողքին հնչեն Վրաստանի եւ, ընտրություններում արեւմտամետ ուժերի հաղթանակի դեպքում, Ուկրաինայի անունները:

Ամեն դեպքում, այսօր Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի պետությունների անդամակցությունը ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին այլեւս չի թվում ինչ-որ ֆանտաստիկ գաղափար, ինչպես տասը տարի առաջ:

Իրոք, Ռուսաստանն այլեւս չի դիտվում որպես նախկին հետխորհրդային տարածքում կառուցվածքաստեղծ գործոն: Արդեն այսօր Ռուսաստանը չի հանդիսանում որեւէ նախկին խորհրդային հանրապետության թիվ մեկ առեւտրային գործընկերը: Չի կարելի նաեւ միանշանակ պնդել, որ նրա համար էներգակիրների հետ կապված իրադրությունը շարունակելու է մնալ նպաստավոր: ՌԴ-ն բախվում է նավթի եւ գազի արդյունահանման խնդիրներին, քանի որ օգտագործում է դեռեւս խորհրդային ժամանակներում շահագործված հանքերը եւ փաստորեն սպառում է խորհրդային ժառանգությունը: Իսկ այդ ենթակառուցվածքներն արդիականացնելու համար Մոսկվան կարիք ունի լուրջ ներդրումների եւ նոր տեխնոլոգիաների: Նման ռեսուրսներ Ռուսաստանն այսօր չունի եւ պետք է դիմի Արեւմուտքի օգնությանը: Իսկ այդ օգնության դիմաց պետք է վճարել:

Անշուշտ, Ռուսաստանը դեռեւս մնում է որպես խոշոր եվրասիական տերություն, որն ունի բավական մեծ ռազմական հզորություն եւ որի ներկայությունը չի կարելի արհամարհել: Սակայն բոլոր հաշվարկներում նա հանդես է գալիս որպես ԱՄՆ-ի, Եվրոպայի կամ Չինաստանի ոչ հավասար գործընկեր: Փաստ է նաեւ, որ Ռուսաստանն այլեւս չի ֆինանսավորելու նախկին խորհրդային երկրներին` անցում կատարելով ավանդական միջպետական հարաբերությունների մոդելին, որը հիմնվում է սեփական շահերի պաշտպանության վրա, եւ այդ շահերն ընկած են հիմնականում ոչ թե ռազմաքաղաքական, այլ տնտեսական ու էներգետիկ ոլորտում:

Փաստորեն, նախկին ԽՍՀՄ-ի արեւմտյան հատվածը համախմբվում է Լեհաստան–Լիտվա–Ուկրաինա առանցքի շուրջ, որը կարող է դառնալ նաեւ «նոր» Եվրոպայի միջուկը: Մոլդովան կարծես թե անշեղորեն ընթանում է դեպի Ռումինիայի հետ վերամիավորում: Իսկ ահա Բելառուսը գրեթե պատրաստ է անդամակցել Եվրամիությանը, քանի որ նրա տնտեսական ենթակառուցվածքները լիովին համապատասխանում են Միության պահանջներին. խնդիրը մնում է միայն Լուկաշենկոյի նախագահության ավարտի ժամկետը: Հարավային Կովկասի ապագան կախված կլինի մեծ մասամբ Թուրքիայի եւ Իրանի շուրջ ընթացող զարգացումներից: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ընթացքը եւ Իրանի հնարավոր վերափոխումն ու Արեւմուտքի հետ նրա գործընկերության հաստատումը վերջնականապես կորոշեն կշեռքի նժարը մեր տարածաշրջանում:

Իսկ կենտրոնաասիական հատվածը ներկայումս համախմբվում է Ղազախստանի շուրջ: Այժմ հենց Ղազախստանն է դառնում Եվրոպայի համար էներգետիկ ռեսուրսների առավել խոշոր հավանական «պրովայդերը»: Այս առումով պատահական չէ, որ վերջերս Ղազախստանն ամրագրվեց որպես մասամբ եվրոպական պետություն (եվրոպական քարտեզներում ներկայումս մայրցամաքի սահմանի մեջ է մտնում Ղազախստանի հյուսիսարեւմտյան հատվածը, ընդ որում, հենց այն հատվածը, որտեղ գտնվում են այս երկրի հիմնական նավթային պաշարները): Բացի այդ, Աստանան լրջորեն հավակնում է 2009 թվականին դառնալ ԵԱՀԿ նախագահող երկիր: Վերջապես, Ղազախստանն այսօր միակ կենտրոնաասիական պետությունն է, որ լրջորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ` ծրագրելով հասնել Անհատական գործընկերության ծրագրի ստորագրմանը: Անգամ չի բացառվում, որ Ղազախստանին տրվեն ԵՄ ասոցացված անդամության առավելություններ:

Ղազախստանի վրա գրավ են դնում նաեւ ԱՄՆ-ն ու Չինաստանը: Ամերիկյան դիվանագետները շեշտում են, որ տեսնում են «դինամիկորեն զարգացող Ղազախստանը` որպես տարածաշրջանի առանցքային երկիր»: Իսկ Չինաստանին հաջողվեց Ռուսաստանին երկրորդական դեր վերագրել Շանհայի համագործակցության կազմակերպությունում. ՇՀԿ-ի միջոցով Պեկինը ցույց է տալիս իր ռազմաքաղաքական եւ աշխարհաքաղաքական աճող եւ հաստատուն ներկայությունը Կենտրոնական Ասիայում: ՇՀԿ-ն, որն առաջ գործում էր «Չինաստան, գումարած Ռուսաստան, գումարած Կենտրոնական Ասիա» բանաձեւով, այսօր գործում է «Չինաստան, գումարած մնացածները» բանաձեւով:

Այսպիսով, հետխորհրդային տարածք հասկացությունը դադարում է գոյություն ունենալ: Այս տեսանկյունից մենք վկա ենք դառնում, մի կողմից, դեպի արեւելք տեղի ունեցող Արեւմուտքի շարժմանը եւ, մյուս կողմից, դեպի արեւմուտք Չինաստանի շարժմանը: Ուստի, Արեւմուտքին եւ Չինաստանին պետք է ինչ-որ սահման, որը ցույց կտա, որ դրանից այն կողմ նրանց շահերը չեն տարածվում: Տվյալ դեպքում Հարավային Կովկասը` որպես առավելապես եվրոպական ազդեցության եւ Կենտրոնական Ասիան` որպես չինական ազդեցության տակ գտնվող տարածաշրջաններ, կարող են համարվել այդպիսի սահմանակետեր` կատարելով Չինաստանի եւ Արեւմուտքի միջեւ կամուրջի դերը:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր