Նախագահական ընտրությունները Ֆրանսիայում
Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունները, որոնց արդյունքում հաղթանակ տարավ Նիկոլա Սարկոզին, հատկանշական էին, նախեւառաջ, այն առումով, որ դրանք պետք է պատասխան տային այն հարցին, թե ինչպես է Ֆրանսիայի հինգերորդ հանրապետությունը պատրաստվում դուրս գալ ճգնաժամից:
Ընտրությունների մասնակիցների աննախադեպ բարձր տոկոսը` 86%, վկայեց դեպի նորացում Ֆրանսիայի ձգտման մասին: Վերջին անգամ նման արդյունք գրանցվեց 1965-ին, երբ նախագահ էր ընտրվում Շարլ դը Գոլը:
Ժակ Շիրակի 12-ամյա կառավարումը թողնում է Ֆրանսիան բավական լճացած վիճակում, առանց այն բոլոր խոր բարեփոխումների, որոնք արդեն նախկին նախագահը խոստանում էր, երբ գալիս էր իշխանության: Կարելի է ասել, որ Շիրակի նախագահությունը փաստացի ավարտվեց 2005թ. մայիսին` եվրոպական Սահմանադրության հարցով հանրաքվեի տապալումից հետո: Այժմ նոր նախագահը ստիպված է լինելու բախվել լուրջ սոցիալական եւ տնտեսական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությանը, ներառյալ` գործազրկության բարձր մակարդակի նվազեցումը, սոցիալական պետության այլեւս անարդյունավետ մոդելի փոփոխությունը եւ այլն: Ֆրանսիական լճացումը հատկապես աչքի է զարնում հարեւան Գերմանիայում եւ Մեծ Բրիտանիայում տեղի ունեցող քաղաքական համակարգի կայունության եւ տնտեսական լուրջ բարեփոխումների ֆոնին:
Պետք է ասել, որ Սարկոզիին հաջողվեց ներկայանալ որպես Շիրակի անգործության եւ լճացման ժամանակաշրջանի հետ կապ չունեցող գործիչ, թեեւ որպես կառավարող կուսակցության առաջնորդ` նա էլ պետք է կրեր անցած տարիների պատասխանատվությունը: Ի դեմս Սարկոզիի Ֆրանսիան սպասում է իր նոր վերածննդին, եւ պատահական չէ, որ շատերը համեմատում են նրան Նապոլեոն Բոնապարտի հետ, որը, ծագումով եւս չլինելով բնիկ ֆրանսիացի, կարողացավ վերականգնել Ֆրանսիայի փառքը:
Որոշ տեսանկյուններից Սարկոզին ֆրանսիական քաղաքական վերնախավի «մարգինալ» է: Նա ծագումով մաքուր ֆրանսիացի չէ, չի ընդունվում պահպանողականների եւ գոլիստների շիրակյան թեւի կողմից, մերժելի է հատկապես ձախերի համար: Սակայն նա նաեւ հայտնի է որպես ուժեղ եւ հավակնոտ քաղաքական առաջնորդ, որին հաջողվեց իր շուրջը համախմբել ներկայումս կառավարող աջակենտրոն Միավորված ժողովրդական շարժում կուսակցության ուժերին:
Գաղտնիք չէ, որ Սարկոզիի ժողովրդականությունը հատկապես աճեց 2005թ. աշնանը Փարիզի արվարձաններում տեղի ունեցած անկարգությունները կոշտ ձեւով ճնշելու գործողությունների հետեւանքով: Ապա մեկ տարի անց Ազգային Ժողովն ընդունեց նրա առաջարկած «ընտրովի ներգաղթի» մասին օրենքը, որը խստացնում էր ներգաղթի պայմանները եւ բացում էր Ֆրանսիայի դռները միայն այն ներգաղթյալների համար, ում ծառայությունների կարիքը զգացվում է ֆրանսիական տնտեսության այս կամ այն հատվածում:
Ի դեպ, սոցիալիստները պարտվեցին ոչ միայն նրա համար, որ չկարողացան առաջարկել ընկալելի բարեփոխումների մի նախագիծ, ինչն արեց պահպանողականների թեկնածուն, եւ ոչ միայն այն պատճառով, որ Սեգոլեն Ռուայալն այնքան էլ «նախագահական» թեկնածու չէր, այլ նաեւ այն պատճառով, որ ֆրանսիացիների զգալի մասը, որը ցանկանում է ֆրանսիացի մնալ, որը չի ուզում, որ Ֆրանսիայում հաստատվեն Ալժիրի, Սենեգալի կամ Սուդանի բարքերը, հասկանում է, որ սոցիալիստներն իրենց չափից դուրս հանդուրժողական դիրքորոշմամբ միայն կխրախուսեն այլ մշակութային խմբերին եւ դրանով կնպաստեն Ֆրանսիայի մշակութային եւ պատմական ինքնության կորստի ընթացքին` ի տարբերություն հունգարական եւ սալոնիկյան հրեայի արյուն ունեցող թեկնածուի, որը լիովին ընդունել եւ դավանում է հենց ֆրանսիական արժեհամակարգը: Ինչ-որ առումով, Սարկոզին եւ պահպանողականների ճամբարը կոչ է անում դիմադրության, մինչդեռ ձախերի ճամբարը պատրաստ էր նոր զիջումների գնալ էթնոկրոնական եւ այլ տեսակի փոքրամասնություններին:
Սարկոզին վերջին տասնամյակներում առաջին ղեկավարն է, որը բացառապես աշխարհիկ Ֆրանսիայում հայտարարեց, թե «ֆրանսիացիները հանդիսանում են քրիստոնեության 2000 տարվա ժառանգները»: Իսկ այն մահմեդական ներգաղթյալների վերաբերյալ, ովքեր չեն ցանկանում ինտեգրվել ֆրանսիական հասարակությանը, Սարկոզին հայտարարել է, որ «եթե նրանք ուզում են ապրել Ֆրանսիայում, ապա պետք է հարգեն եւ սիրեն Ֆրանսիան, սովորեն ֆրանսերենը եւ հարգեն Հանրապետության արժեքները»:
Պատահական չէ, որ Սարկոզիի ընտրարշավը կենտրոնացած էր երկու հիմնախնդիրների շուրջ` ներգաղթի հիմնախնդիրը եւ ազգային ինքնությունը: Նոր նախագահն արդեն առաջարկ է արել ստեղծել ներգաղթի եւ ազգային ինքնության նախարարության ինստիտուտը: Եվ հենց նման գաղափարների շնորհիվ էլ Սարկոզիին հաջողվեց Ժան-Մարի լը Պենի գլխավորած Ազգային ճակատ կուսակցության կողմնակիցների բավական մեծ մասին թեքել իր կողմը` խաղալով նույն դաշտում, ինչ որ Ազգային ճակատի առաջնորդը` ներառյալ ներգաղթի, ֆրանսիական ազգային ինքնության պահպանման, քաղաքներում կարգուկանոնի հաստատման խնդիրների արծարծումը:
Երկրում իրոք ուժեղանում են պահպանողական տրամադրությունները, եւ վերնախավի կողմից ոչ ընդունելի Լը Պենի եւ ծերացած ու անպիտան դարձած Շիրակի փոխարեն աջ թեւը պահանջում էր «ուժեղ դեմք», որը եւ դարձավ Ֆրանսիայի նորընտիր նախագահը:
Ֆրանսիական ընտրությունների կարեւոր հանգամանքներից մեկն էլ այն է, որ սկսվում է նոր սերնդի քաղաքական առաջնորդների ժամանակաշրջանը: Ժակ Շիրակը, ինչպես եւ Ժան-Մարի լը Պենը հանդիսանում էին Երկրորդ աշխարհամարտի սերնդի վերջին ներկայացուցիչները, որոնք առնչվել են Դիմադրության, Շարլ դը Գոլի եւ վերջին 40 տարիների ֆրանսիական քաղաքականության հետ: Սարկոզին, Ռուայալը, Բայրուն, նրանք բոլորը ծնվել են արդեն Երկրորդ աշխարհամարտից հետո, դը Գոլին համարյա չեն հիշում եւ իրենց կապում են միայն վերջին երեսուն կամ քսան տարիների պատմության հետ:
Ֆրանսիան արդեն վաղուց կարիք ունի այնպիսի բարեփոխումների, որոնք անցկացվեցին 1980-ականներին Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում, այսինքն` ավելի ազատական եւ նվազ չափով սոցիալական տնտեսական մոդելի ստեղծման ուղղությամբ: Ժակ Շիրակը, որը խոստանում էր նման առաջնորդ դառնալ Ֆրանսիայի համար եւ իրականացնել «երկրորդ» ֆրանսիական հեղափոխությունը, արդյունքում դարձավ ավանդական ֆրանսիական նախագահ` իր կոռուպցիոն եւ սիրային սկանդալներով եւ Ֆրանսիայի մեծության ու քաղաքական համակարգի բացառիկության հանդեպ համոզմունքով:
Ակնհայտ է նաեւ, որ լճացող ֆրանսիական տնտեսությունը եւ նոր քաղաքական գաղափարների բացակայությունը հանգեցրին Ֆրանսիայի եվրոպական եւ համաշխարհային դերակատարության անկմանը: Շիրակը հավակնում էր ձեւավորել Ֆրանսիայի առաջնորդությամբ Եվրոպա, որը կընդդիմանար Միացյալ Նահանգներին: Սակայն Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրները, ինչպես նաեւ Անգելա Մերկելի Գերմանիան ցույց տվեցին, որ այնքան էլ Փարիզի առաջնորդության կարիքը չեն զգում, իսկ Բեռլինը դառնում է ինքնուրույն խաղացող համաշխարհային ասպարեզում` ունակ լինելով իր վրա վերցնել ԵՄ առաջնորդի դերակատարումը:
Ուստի, Սարկոզին պետք է նաեւ լուրջ ջանքեր գործադրի երկրի արտաքին քաղաքական վարկը վերականգնելու ուղղությամբ: Ընտրություններից հետո ունեցած նախագահական առաջին ճառում նա արդեն ուրվագծեց իր արտաքին քաղաքականության երեք գլխավոր ուղղությունները` Եվրոպա եւ եվրոպական ինտեգրացում, ԱՄՆ-ի հետ հարաբերություններ, Միջերկրածովյան ավազանի ու Աֆրիկայի հետ հարաբերություններ: Ռուսաստան, Հնդկաստան կամ Չինաստան այնտեղ չեն հիշատակվում: Դրանով, փաստորեն, Շիրակի «բազմաբեւեռ աշխարհակարգի» ուտոպիային հրաժեշտ է տրված:
Հայտարարելով, որ «Միացյալ Նահանգները միշտ կարող է հույս դնել Ֆրանսիայի պես բարեկամի վրա», Սարկոզին ազդարարեց, որ այսուհետ հակաամերիկանիզմը կարող է դադարել լինել ֆրանսիական արտաքին քաղաքականության միջուկը: Այսինքն` նա չի գնալու կոշտ դիմակայության Վաշինգտոնի հետ, ինչպես դա անում էին գոլիստական Ֆրանսիայի առաջնորդները: Ֆրանսիայի նոր ղեկավարը պատրաստ է վերականգնել ԱՄՆ-ի հետ Ֆրանսիայի ջերմ հարաբերությունները` աչքի ընկնելով իր ամերիկամետ ճարտասանությամբ փարիզյան էլիտայի շրջանակներում: Օրինակ, Իրանի միջուկային ծրագրի հարցում նրա տեսակետները համընկնում են ամերիկյան տեսակետներին` ի տարբերություն Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի ավելի մեղմ դիրքորոշումների:
Սակայն, հասկանալի է, որ Ֆրանսիայի նոր նախագահի արտաքին քաղաքական կուրսը միագիծ չի լինելու: Սարկոզիի «ամերիկասիրությունը» կարող է սահմանափակվել ֆրանսիական քաղաքական էլիտայի «հակաամերիկանիզմով»:
Պարզ է նաեւ, որ, ի տարբերություն Շիրակի, Ֆրանսիայի նոր նախագահը չի փորձելու կառուցել Ֆրանսիա–Գերմանիա–Ռուսաստան տիպի եռամիություններ, այլ ձգտելու է դառնալ Վաշինգտոնի հիմնական դաշնակիցը Եվրոպայում: Սարկոզին խոստովանում էր, որ «Ֆրանսիան պետք է լինի Ամերիկայի բարեկամը, սակայն ազատ բարեկամը, ինչպես եղել է գեներալ դը Գոլը»: Այսինքն` Սարկոզիի արտաքին քաղաքականությունն ընթանալու է տրանսատլանտյան հարաբերությունների ամրապնդման հունով, ինչպես դա անում է այսօր Ա.Մերկելի կառավարությունը Գերմանիայում, սակայն նա իրեն իրավունք է վերապահում քննադատել ԱՄՆ-ին, եթե այն սխալ քայլեր է կատարում, ինչպես, օրինակ, Իրաքյան պատերազմի դեպքում:
Ֆրանսիան կարող է նաեւ ավելի համառորեն իրեն դրսեւորել բռնապետերի նկատմամբ տարվող քաղաքականությունում` շեշտը դնելով մարդու իրավունքների պաշտպանության վրա: Ֆրանսիան որոշակիորեն կսառեցնի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, թեեւ ոչ կտրուկ կերպով: Այս ուղեգիծն ինչ-որ առումով նախորդում է այն քաղաքականությանը, որը կորդեգրի 2008 թվականին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում Սպիտակ տուն եկած Դեմոկրատական կուսակցության թեկնածուն: Եվ այս քաղաքականությունն ինչ-որ տեսանկյունից կարող է տարբերվել գոլիստական արտաքին քաղաքականությունից: Դա նշանակում է, որ Ֆրանսիան իրոք իրեն հարմարեցնում է գլոբալ փոփոխություններին եւ փորձելու է խաղալ ԱՄՆ-ի համար հավասար գործընկերոջ դերը, ինչին այսօր հավակնում են Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան:
Ֆրանսիայի նոր նախագահից ինչ-որ առումով կախված է լինելու ԵՄ ապագան: Սարկոզին իր առաջին իսկ խոսքում նշեց, որ այժմ Ֆրանսիան վերադառնում է Եվրոպա: Նա արդեն հանդես է եկել եվրոպական Սահմանադրությանը փոխարինող նոր, ավելի համառոտ պայմանագրի կնքման առաջարկով, որը կարիք չի ունենա հանրաքվեով վավերացման, այլ միայն պետք է վավերացվի խորհրդարանի կողմից: Այս տարբերակը բխում է նաեւ բրիտանական կառավարության շահերից, որի համար դժվար կլիներ հանրաքվեով անցկացնել Սահմանադրություն կոչվող փաստաթուղթը:
Լինելով եվրոպական միասնության ջատագով` Սարկոզին ավելի մեծ չափերով, քան Ժակ Շիրակը, պաշտպանելու է հենց Ֆրանսիայի տեղն ու ազգային շահերն ինտեգրման այդ գործընթացքում եւ ԵՄ կառույցների մեջ: Այս աոումով, նրա արտաքին քաղաքական նոր նախաձեռնություններից հարկ է նշել «Միջերկրածովյան միության» ստեղծման գաղափարը, որը կմիավորի Եվրոպան, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրները եւ որի վրա կարող է տարածվել ԵՄ մոդելը: Հենց այդ «Միջերկրածովյան միության» մեջ է Սարկոզին տեսնում Թուրքիայի տեղը: Ըստ էության, Միջերկրածովյան միության նախագիծը կարող է սկիզբ դնել Եվրոպայի եւ Ֆրանսիայի համար բուֆերային մի գոտու ստեղծմանը, որը կապահովի երկրի եւ մայրցամաքի անվտանգությունը ներգաղթից, ահաբեկչությունից եւ այս տեսակի տարբեր սպառնալիքներից:
Քանի որ Ֆրանսիայի քաղաքականությունն ուղղված է լինելու ԵՄ հեղինակության եւ ԱՄՆ-ի հետ տրանսատլանտյան դաշինքի վերականգնմանը, ապա նաեւ հետխորհրդային տարածքում Ֆրանսիայի քայլերը կատարվելու են եվրոպական եւ եվրա-ամերիկյան միասնական ռազմավարության շրջանակներում: Այստեղ առավել ակտիվ դերը պատկանելու է Գերմանիային, սակայն ֆրանսիացի փորձագետները նշում են, որ Ֆրանսիան շարունակելու է հատուկ ուշադրություն նվիրել իր հարավկովկասյան գործընկերներին` Հայաստանին ու Վրաստանին` հայկական սփյուռքի առկայության եւ հայ ու վրաց քաղաքական վերնախավերի հետ ունեցած կապերի հիմքի վրա:
Կդառնա՞ այս ամբողջ արտաքին քաղաքականությունը իրողություն` կախված է Նիկոլա Սարկոզիի վճռականությունից, որի պակաս նա առայժմ չի ունեցել: Չպետք է մոռանալ նաեւ այն նոր քաղաքական իրավիճակը, որը ձեւավորվեց Ֆրանսիայում նախագահական ընտրություններից հետո: Իր հաղթանակով Սարկոզին ազդարարեց ոչ միայն գոլիստական, այլեւ ավելի շուտ միտերանական-շիրակյան ժամանակաշրջանի քաղաքականության հետ խզման մասին:
Ֆրանսիական ընտրությունները (ինչպես եւ Մեծ Բրիտանիայի տեղական ընտրությունները) ցույց տվեցին, որ Ֆրանսիայի եւ Եվրոպայի հասարակությունների զգալի մասը լրջորեն մտահոգված է «ազգային ինքնության» խնդիրներով: Դեռեւս իր նշանակությունն է պահպանում քաղաքական բաժանումը «աջ» եւ «ձախ» հատվածների, որոնք սակայն փոխադարձաբար խառնվում են` փոխառելով իրարից գաղափարական տարրեր:
Միեւնույն ժամանակ, ֆրանսիական քաղաքական վերնախավի դավանած որեւէ գաղափարախոսություն կամ ծրագիր չի պարունակում համալիր մոտեցում հինգերորդ հանրապետության պահպանման եւ արդիականացման նախագծի համար եւ չունի որեւէ տեսլական: Մինչդեռ առկա լրջագույն խնդիրները համարժեք պատասխան են պահանջելու ոչ միայն նոր նախագահից, այլեւ ամբողջ իշխող վերնախավից:
Դրա հետ մեկտեղ, Ֆրանսիան մնում է գաղափարների լաբորատորիա եվրոպական քաղաքական մտքի համար. ներգաղթի, ոչ եվրոպական մշակութային ինքնությունների հանդեպ քաղաքականության, ԱՄՆ–Եվրոպա, Եվրոպա–Ռուսաստան ու Եվրոպա–Մերձավոր Արեւելք հարաբերությունների վերաբերյալ ուղենիշները մշակվում են հենց այսօրվա Ֆրանսիայում: Հինգերորդ հանրապետության նոր ղեկավարն իր կառավարման տարիներին կարող է առաջարկել այդ խնդիրների կապակցությամբ որոշակի դեղամիջոցներ: Եվ արդեն ժամանակը ցույց կտա, թե դրանք ինչքանով արդյունավետ կլինեն:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇՈԻՐՋ[01.11.2011]
- ԱՄՆ–ՉԻՆԱՍՏԱՆ. ՊԱՅՔԱՐ ԳԼՈԲԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ[07.10.2011]
- ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ [26.07.2011]
- ԳԼՈԲԱԼ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ԵՎ ԱՊԱԳԱՆ[28.06.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ[18.05.2011]
- ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՒՄ[19.04.2011]
- ՆՈՐ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ[15.03.2011]
- ԱՊԱԳԱՅԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ[16.02.2011]
- ԹՈՒՐՔԻԱ–ՆԱՏՕ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[17.12.2010]
- ԵՎՐՈՊԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ՃԳՆԱԺԱՄԸ[19.11.2010]
- ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ՎԵՐԱՓՈԽՈՒՄԸ[20.10.2010]