
ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՔՐԴԵՐԸ
Արտաշես Տեր-ՀարությունյանԱրաբական հեղափոխությունները եւ նրանցով պայմանավորված զարգացումները մի տեսակ հետին պլան էին մղել վերջին շրջանում մերձավորարեւելյան քաղաքականության մեջ կարեւոր դեր խաղացող մի շարք գործոններ: Սակայն հեղափոխությունների ալիքն արաբական աշխարհում կարծես թե թեքվում է դեպի մայրամուտ, եւ նշված գործոնները վերստին սկսում են զգացնել իրենց:
Քրդական հարցն այդ գործոններից մեկն է, ու չնայած Մերձավոր Արեւելքին վերաբերող միջազգային փորձագիտական դիտարկումներում դեռ շարունակում է գերակշռել արաբական հեղափոխությունների թեման, բայց արդեն ի հայտ են գալիս առաջին նշանները, որ առաջիկայում քրդական հարցը վերստին ձեռք է բերելու իր կշիռը մերձավորարեւելյան քաղաքական զարգացումներում: Ընդ որում, հարցը կարծես թե նոր իմաստ է ստանում տարածաշրջանային վերջին զարգացումների արդյունքում, մասնավորապես` Սիրիայում, Թուրքիայում եւ Իրաքում տիրող իրավիճակի ու սպասվող իրադարձությունների ֆոնին:
Սիրիայի անկայունացումը
Թեեւ սիրիական իշխանություններն անում են հնարավորն իրենց երկրում տեղի ունեցողի վերաբերյալ տեղեկատվության արտահոսքը կանխելու համար, սակայն մեզ հասնող պատկերն էլ բավարար է` կարծիք կազմելու այնտեղ ստեղծված իրավիճակի լրջության մասին: Օրինակ, Բաշար ալ-Ասադի վարչակազմի որոշումը` երկրով մեկ բռնկված հուզումները ճնշելու համար գործի դնել բանակը, խոսում է այն մասին, որ ոստիկանական համակարգն այլեւս ի վիճակի չէ լուծել իր առջեւ դրվող խնդիրները: Այլ կերպ ասած` հուզումներով բռնկված քաղաքներում ոստիկանությունը եթե չի էլ կազմալուծվել, ապա ընդհուպ մոտեցել է այդ վիճակին: Մյուս կողմից, իրավիճակի լրջության մասին է խոսում իշխանությունների որոշումը` հուզումների ճնշմանը ներգրավել ծանր` զրահատանկային զորամիավորումներ: Եթե սրան գումարենք վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում ստացված տեղեկությունները, որ յուրաքանչյուր շաբաթ զոհվածների թիվը կազմում է մի քանի տասնյակ, ապա պատկերը կարծես թե պարզ է:
Բայց Սիրիայում ընթացող զարգացումների նշանակությունն աստիճանաբար դուրս է գալիս այդ երկրի սահմաններից` ձեռք բերելով մերձավորարեւելյան քաղաքականության գործոնի կարգավիճակ: Եվ այստեղ առանձնանում են երկու հանգամանք:
Առաջինը վերաբերում է սիրիական պետության, հետեւաբար` սիրիական սահմանների կենսունակությանը: Այդ հարցը հատկապես ակտուալ է Սիրիային հարեւան Իրաքում Սադամ Հուսեյնի վարչակազմի տապալումից հետո, երբ պարզվեց, որ 20-րդ դարում ստեղծված Իրաք պետությունն ունի կենսունակության լուրջ խնդիր եւ իր թուլությամբ ու մասնատվածությամբ պարարտ հող է ստեղծում Մերձավոր Արեւելքում սահմանների նոր վերաձեւման համար: Նույնը կարելի է վերագրել Սիրիային: Միայն եթե Իրաքի դեպքում տվյալ պետական միավորման քայքայման սկիզբը դրվեց 2003թ. ամերիկյան ներխուժմամբ, Սիրիայի պարագայում այդ սկիզբը կարող են դառնալ ներկայիս ժողովրդական հուզումները:
Զարգացումները Սիրիայում, անշուշտ, արաբական հասարակությունում ընթացող հեղափոխական ալիքի համատեքստում են: Եվ այդ առումով, այսօր ամենահավանական սցենարն է դիտվում այդ զարգացումների արդյունքում Սիրիայում արդեն չորս տասնամյակ իշխող ալ-Ասադների վարչակազմի թուլացումը, իսկ հեռանկարում` տապալումը: Բայց գլխավոր հարցը վարչակազմը չէ: 1946թ. ֆրանսիական նախկին գաղութի սահմաններում (Օսմանյան կայսրության փլուզումից հետո արհեստականորեն գծված սահմաններում) ստեղծված ներկայիս Սիրիա պետության համակարգային թուլության մասին են վկայում թե՛ 1946–1970թթ. ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ պետական հեղաշրջումները, թե՛ 1970-ից մինչ օրս այդ երկրում հաստատված ավտորիտար համակարգը: Փաստն այն է, որ ներկայիս Սիրիան իր գոյության ժամանակաշրջանի 2/3-րդն անցկացրել է ալ-Ասադների ավտորիտար վարչակազմի ներքո: Հետեւաբար, վարչակազմի թուլացումը, առավել եւս տապալումը չի կարող բացասական հետեւանքներ չունենալ պետության համար, ու այդ իմաստով զուգահեռներ կան հարեւան Իրաքի հետ:
Երկրորդ հանգամանքը Սիրիայում մոտ երկու միլիոնի հասնող քրդաբնակ շրջանների1 առկայությունն է: Ի տարբերություն Թունիսի, Եգիպտոսի, Լիբիայի, Եմենի ու Բահրեյնի (ուր, ինչպես հայտնի է, այս տարվա ընթացքում ծավալված ժողովրդական հուզումները կա՛մ բերեցին տասնամյակների պատմություն ունեցող վարչակարգերի տապալմանը, կա՛մ լրջորեն սասանեցին իշխող համակարգերը), ժողովրդական հուզումները Սիրիայում կարող են լուրջ ազդակ հաղորդել քրդերի անկախական շարժմանը (ինչն այսօր հանդիսանում է Սիրիայով զբաղվող ամերիկյան, բրիտանական ու հատկապես թուրքական փորձագետների հիմնական գնահատականը):
Ճի՛շտ է, փետրվարի կեսերից Սիրիայում շարունակվող հուզումների ֆոնին զուտ քրդական ելույթների մասին տեղեկությունները հատուկենտ են, իսկ եղածներն էլ վերաբերում են բողոքի ակցիաների դուրս եկած սահմանափակ թվով մարդկանց (մի քանի հարյուր), սակայն ուշադրություն գրավեց նախագահ Բաշար ալ-Ասադի ապրիլի 7-ի հրամանագիրը, որով նա քաղաքացիություն շնորհեց Սիրիայում ծնված ու բնակվող մոտ 300 հազար քրդերի2:
Ալ-Ասադի այդ քայլն ամենալուրջ զիջումն էր, որ նախորդ տասնամյակների ընթացքում արվել էր պաշտոնական Դամասկոսի կողմից քրդերին3, ինչը ցույց է տալիս, որ այնտեղ անհանգստացած են քրդերի հնարավոր ակտիվացմամբ:
Սիրիայում տիրող իրավիճակից անհանգստացած են նաեւ Անկարայում, ու պետք է ենթադրել, որ անհանգստության հիմքում դարձյալ ընկած է քրդական հարցը, կամ այն գլխավոր պատճառներից մեկն է:
Թուրքիան եւ քրդերը
Հունիսի 12-ին Թուրքիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ. իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) նպատակ ունի նվաճել ոչ միայն խորհրդարանի աթոռների մեծամասնությունը, այլեւ ձեռք բերել սահմանադրական մեծամասնություն:
Այս պահի դրությամբ ընդունված է համարել, որ ԱԶԿ-ն իր այդ նպատակին հասնելու ճանապարհին չունի քաղաքական լուրջ մրցակիցներ4, իսկ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքներն էլ թուրքական տնտեսությունում ըստ էության հաղթահարված են:
Միակ խնդիրը, որ տեսնում են ԱԶԿ-ում եւ որից փորձում են օգտվել նրա հակառակորդները` քրդական հարցն է:
Հաշվի առնելով այդ հանգամանքը` վերջին երկու տարիների ընթացքում Էրդողանի կառավարությունը փոխեց իր մոտեցումը քրդերի նկատմամբ, եւ երկխոսություն սկսվեց անգամ ՔԲԿ առաջնորդ Աբդուլա Օջալանի հետ: Արդյունքներից մեկն այն եղավ, որ 2010թ. օգոստոսին զինադադար կնքվեց Անկարայի ու ՔԲԿ-ի միջեւ: Զինադադարը ձեռնտու էր ԱԶԿ-ին, քանի որ այն հնարավորություն էր ստեղծում Էրդողանի գլխավորած քաղաքական ուժին ընտրությունների ժամանակ ձայներ հավաքել թե՛ քրդաբնակ շրջաններից5 (քանի որ տրվել էին խոստումներ, որ քրդերին հուզող հարցերը լուծում կստանան), թե՛ թուրք ազգայնականների ընտրազանգվածից (քանի որ թուրք ընտրազանգվածին ներկայացվում էր, թե Էրդողանի կառավարությանը հաջողվել է զսպել քրդերի «անջատողական» նկրտումները):
Մինչդեռ, առճակատումը քրդերի հետ ԱԶԿ-ին զրկում է այդ երկու խոշոր ընտրազանգվածներից (քրդերը կքվեարկեն քուրդ թեկնածուների օգտին, իսկ քեմալիստներն ու ազգայնականներն ավելի շատ ձայն կստանան թուրք ընտրազանգվածից` շահարկելով Էրդողանի ձախողված քրդական քաղաքականությունը):
Զարգացումներն ընթացան վերջին տարբերակով` ոչ ի նպաստ ԱԶԿ-ի, եւ փետրվարի 28-ին ՔԲԿ-ն հայտարարեց զինադադարից միակողմանի դուրս գալու մասին (քանի որ, ինչպես նշվեց, ԱԶԿ-ն չէր իրականացնում քրդերին տված իր խոստումները):
Ներկա դրությամբ ԱԶԿ-ի ու քրդերի միջեւ որեւէ համաձայնության մասին խոսելու հիմքեր չկան: Դեռ ավելին` մայիսի 4-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանի ավտոշարասյան վրա տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը ստանձնեց հենց ՔԲԿ-ն: Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա այն կարող է վկայել, որ ընտրությունների շեմին քրդերը փորձում են ճնշում գործադրել Էրդողանի կառավարության նկատմամբ` զիջումներ կորզելու ակնկալիքով: Թե ինչի դա կարող է հանգեցնել, ցույց կտա ժամանակը, սակայն եթե մինչեւ ընտրություններ կողմերը չգան համաձայնության, դա կարող է նշանակել մի բան` ընտրություններից հետո Թուրքիայի ներքաղաքական օրակարգում կրկին վեր է հառնելու քրդական խնդիրը, եւ այդ համատեքստում զարգացումները հարեւան Սիրիայում ու Իրաքում թուրքերի համար լինելու են լրացուցիչ գլխացավանք6:
Իրաքն ամերիկյան ռազմուժի հեռանալուց հետո
Ըստ նախնական պայմանավորվածության, ամերիկյան ռազմուժը պետք է թողնի Իրաքը մինչեւ այս տարվա վերջ: Եթե ամերիկացիներն իրոք դուրս գան Իրաքից կամ այն աստիճան կրճատեն իրենց ռազմական ներկայությունն այնտեղ, որ գործնականում այլեւս չկարողանան լրջորեն ազդել ներիրաքյան զարգացումների վրա, ապա այդ նոր իրավիճակը չի կարող իր ազդեցությունը չունենալ իրաքյան Քուրդիստանի վրա:
Այսօր Բաղդադի կենտրոնական կառավարության ու իրաքյան Քուրդիստանի իշխանությունների միջեւ շատ դեպքերում ռազմական բախումներ չեն ծագում /կապված տարածքային վեճերի (Քիրքուկ ու հարակից շրջաններ), էներգակիրներին վերաբերող հարցերի (իրաքյան Քուրդիստանում գտնվող նավթի, գազի հանքեր) ու անվտանգության ոլորտի լիազորությունների հետ/, որովհետեւ առկա է ամերիկյան ռազմուժը: Սակայն ինչ վերաբերում է հեռանկարին, երկու կողմն էլ ունեն մտավախություններ եւ կարծես թե նախապատրաստվում են վատագույն տարբերակին: Այդ մասին պարզորոշ վկայում են իրաքյան Քուրդիստանի կառավարության վերջին քայլերը, երբ 2010թ. նոյեմբերին ու այս տարվա փետրվարին քրդական զորամիավորումները` առանց Բաղդադի կենտրոնական կառավարության համաձայնությունը նախօրոք ստանալու, տեղաբաշխվեցին Քիրքուկ քաղաքում ու քաղաքին հարակից շրջաններում:
Նման պայմաններում Իրաքից ԱՄՆ հեռանալը պետք է որ միայն հանգեցնի Բաղդադից իրաքյան Քուրդիստանի հետագա տարանջատվելուն` դրանից բխող հեռանկարներով, քանի որ Իրաքի կենտրոնական կառավարության հետ սուր խնդիրները կարգավորելու մեխանիզմի բացակայությունը (ինչի մասին են վկայում քրդական զորամիավորումների վերոհիշյալ տեղաբաշխումները) հիմք են տալիս ենթադրելու, որ իրաքյան Քուրդիստանում շեշտը դնելու են ոչ թե Բաղդադի հետ «լեզու գտնելու», այլ սեփական ինքնիշխանությունն ամրապնդելու տարբերակի վրա:
1 Ըստ միջազգային տարբեր գնահատականների, Սիրիայում բնակվում է շուրջ 2 մլն քուրդ կամ Սիրիայի ողջ բնակչության գրեթե 10%-ը:
2 Սիրիայի մոտ երկու միլիոնանոց քրդական փոքրամասնության իրավունքների հարցը մի քանի տասնամյակ է` չի իջնում այդ երկրի քաղաքական օրակարգից: Ըստ որոշ հաշվարկների, Սիրիայում քաղաքացիություն չունեն մինչեւ կես միլիոն քրդեր:
3 Այդ քայլը, իհարկե, ողջունվեց սիրիացի քրդերի առաջնորդների կողմից, սակայն անմիջապես էլ հնչեցին հայտարարություններ, թե դա չի նշանակում, որ քրդերը դադարեցնելու են իրենց պայքարը սեփական իրավունքների համար: Օրինակ, Բաշար ալ-Ասադի որոշման հրապարակման հենց հաջորդ օրը Սիրիայի քրդերի առաջնորդներից Հաբիբ Իբրահիմը հայտարարեց, թե «իր ժողովուրդը կշարունակի ոչ բռնի մեթոդներով պայքարը քաղաքացիական իրավունքների ու ժողովրդավարության համար», իսկ Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) ղեկավարներից Մուրադ Գարիլանը կոչ արեց ալ-Ասադին ձեռնարկել իրական քայլեր` Սիրիայում քրդերի իրավունքները պաշտպանելու համար, «այլապես քրդական ապստամբությունն ավելի հուժկու կլինի, քան արաբականը»:
4 2003թ. ի վեր ԱԶԿ-ի կողմից տարվող նպատակաուղղված քաղաքականության հետեւանքով ներկայում էապես թուլացած են նրա հիմնական երկու հակառակորդները` բանակն ու հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը:
5 Վերջին տվյալների համաձայն, ներկայում Թուրքիայի քաղաքացիների չորսից մեկը ազգությամբ քուրդ է: Այսինքն` 74 միլիոնանոց Թուրքիայում քրդերի թիվը կազմում է ավելի քան 18 միլիոն:
6 Պատահական չէ, որ սիրիական հուզումների ֆոնին` ապրիլ ամսվա ընթացքում երկու անգամ Դամասկոս մեկնեց Թուրքիայի ազգային հետախուզության (MIT) պետ Հաքան Ֆիդանը: Նրա երկրորդ այցից հետո` ապրիլի 28-ին, Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը 6 ժամանոց նիստից հետո հանդես եկավ հայտարարությամբ` Սիրիայի իշխանություններին կոչ անելով երկրում իրականացնել բարեփոխումներ եւ այդ առումով Անկարայի օգնությունն առաջարկելով Դամասկոսին:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԵՎՐՈՊԱ. ՎԵՐԻՆՏԵԳՐՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՐԱՁԵՎՈՒՄ[19.11.2012]
- ՍԻՐԻԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ԻՐԱՆԸ[14.09.2012]
- ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ[14.06.2012]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ[02.04.2012]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՍԻՐԻԱՅԻ ՇՈՒՐՋ[23.02.2012]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՆ ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ[06.02.2012]
- ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ ԱՃՈՒՄ Է[01.12.2011]
- ԱՄՆ ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ[10.11.2011]
- ԹՈՒՐՔ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՓՈԽՎՈՒՄ ԵՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ[29.09.2011]
- «ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՈՒՆԸ» ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ[21.07.2011]
- ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ[20.06.2011]