
ԱՄՆ ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Արտաշես Տեր-ՀարությունյանԱյս տարվա սեպտեմբերի 14-ին Անկարայում Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն եւ այդ երկրում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիչարդսոնը ստորագրեցին ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի (ՀՀՊ) մասը հանդիսացող ռադիոտեղորոշիչ կայանը (ՌՏԿ) Թուրքիայում տեղակայելու մասին հուշագիր: Ըստ հաղորդագրության, ՌՏԿ-ն տեղակայվելու է Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Մալաթիա նահանգի Քյուրեջիք շրջանում, իսկ կայանի տեղակայման աշխատանքներն էլ ավարտվելու են մինչեւ այս տարվա վերջ:
Թուրքիայում ամերիկյան ՌՏԿ տեղակայումը կարեւորվում է առնվազն երկու առումով:
Առաջին. Վաշինգտոնի որոշումը` Թուրքիայում ու եվրոպական երկրներում1 անցնել ՀՀՊ համակարգի տարրերի տեղակայմանը, կարեւոր ցուցիչ է Ռուսաստանի հետ նոր հարաբերություններ կառուցելու ԱՄՆ քաղաքականության տեսանկյունից: Հայտնի է, որ իր պաշտոնավարման սկզբնական շրջանում Բարաք Օբաման ձեռնամուխ եղավ Մոսկվայի հետ հարաբերությունների «վերբեռնմանը»2, որի առանցքային տարրերից մեկը նաեւ պետք է հանդիսանար ամերիկյան ՀՀՊ համակարգի հետագա ձեւավորման հարցի շուրջ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջեւ փոխհամաձայնության ձեռքբերումը: Այդ տեսանկյունից Չեխիայի հրաժարվելը` մաս հանդիսանալ ամերիկյան ՀՀՊ համակարգին3, դիտորդները գնահատեցին որպես ամերիկա-ռուսական զարգացող փոխըմբռնման վկայություն:
Եվ այժմ, եթե ՀՀՊ համակարգի տարրերի տեղակայման վերաբերյալ որոշմամբ Վաշինգտոնում այլեւս ավարտված են համարում «վերբեռնման» փուլը, ապա այն իր ազդեցությունը պետք է թողնի աշխարհաքաղաքական գործընթացների վրա: Այսինքն, ամենայն հավանականությամբ, նորություններ են սպասվում4:
Երկրորդ. ուշագրավ է, որ Մերձավոր Արեւելքը «ծածկող» ՌՏԿ-ն Վաշինգտոնում որոշեցին տեղակայել հենց Թուրքիայում: Իհարկե, այդտեղ իր դերը խաղաց Թուրքիայի աշխարհագրական հարմար դիրքը, քանի որ Քյուրեջիքում տեղակայվելիք ՌՏԿ-ն կարող է վերահսկել ինչպես իրանական, այնպես էլ Ռուսաստանի հարավային ուղղությունը: Սակայն ռազմատեխնիկականից զատ, հարցն ունի քաղաքական ասպեկտ: Փաստ է, որ ԱՄՆ-ը որոշեց իր ազգային անվտանգության համար կարեւոր հարցերից մեկը կապել Թուրքիայի հետ: Չնայած բազմիցս քննարկվող ամերիկա-թուրքական հակասություններին, Վաշինգտոնում ընտրությունը կրկին կանգ առավ Անկարայի վրա: Սա, իհարկե, քաղաքական հարաբերությունների վիճակի մասին լուրջ ցուցիչ է, եւ պատահական չէ, որ ներկայում Անկարան իրեն ընդգծված կերպով վստահ է զգում հարակից տարածաշրջաններում:
Իրավիճակային դիտարկում
Դեռ Սառը պատերազմի տարիներից ամերիկյան ՀՀՊ համակարգի տարրերն առկա են Արեւմտյան Եվրոպայի մի շարք երկրներում` Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Գրենլանդիայում եւ այլն: Վաշինգտոնի ծրագրերը` ՀՀՊ համակարգի տարրեր տեղակայել Արեւելյան Եվրոպայում, լուրջ անհանգստություն են առաջացնում Ռուսաստանում, որովհետեւ այդ տարրերը հնարավորություն են ստանում ֆիքսել ու թռիչքի համեմատաբար սկզբնական փուլում ոչնչացնել Ռուսաստանի տարածքից արձակված միջմայրցամաքային հրթիռները: Թեեւ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները հայտարարում են, որ Եվրոպայում ՀՀՊ համակարգի ընդլայնումը խնդիր ունի մայրցամաքը պաշտպանել իրանական հրթիռներից, որոնք ժամանակի ընթացքում դառնում են ավելի հեռահար5, սակայն նույն համակարգը կարող է զսպիչ նշանակություն ունենալ ռուսական ուղղության համար:
Թեեւ դժվար է գնահատական տալ, թե որքան արդյունավետ կարող է գործել ամերիկյան ՀՀՊ համակարգը Եվրոպայում ու հետեւաբար ռազմատեխնիկական առումով ինչ սահմանափակումներ կարող է ստեղծել ռուսական կողմի համար, քանի որ անհայտ է կողմերի կարողությունների մասին տեղեկատվությունը, սակայն կարելի է նկարագրել Արեւելյան Եվրոպայում ԱՄՆ ՀՀՊ համակարգի ընդլայնման աշխարհաքաղաքական հետեւանքները, ինչը, չի բացառվում, որ Վաշինգտոնի համար ներկայում ունի ավելի կարեւոր նշանակություն, քան Ռուսաստանի նկատմամբ ռազմատեխնիկական առավելության ամրապնդումը:
Ինչպես ս.թ. հոկտեմբերի 5-ին հայտարարեց ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, ամերիկա-ՆԱՏՕ-ական ՀՀՊ համակարգը պատրաստ կլինի արդեն 2018թ. եւ կանցնի մարտական լրիվ հերթապահության: Ռասմուսենի հայտարարությունն առաջին հերթին վերաբերում է Արեւելյան Եվրոպայում ստեղծվող ՀՀՊ համակարգի տարրերին:
Հայտնի է, որ 2008թ. օգոստոսի 20-ին ԱՄՆ-ն ու Լեհաստանը ստորագրեցին պայմանագիր, ըստ որի` մինչեւ 2018թ. Լեհաստանի տարածքում` Բալթիկ ծովին հարող Սլուպսկ քաղաքի մոտ, նախատեսվում է հիմնել ամերիկյան ռազմակայան, ուր կտեղակայվեն SM-3 տեսակի հրթիռներ, որոնք պետք է ոչնչացնեն թռչող հրթիռները:
Սեպտեմբերի 13-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Ռումինիայի արտգործնախարար Տեոդոր Բակոնսկին ստորագրեցին համաձայնագիր, ըստ որի` մինչեւ 2015թ. Ռումինիայի տարածքում պետք է տեղակայվեն ՌՏԿ եւ SM-3 տեսակի հրթիռներ:
2011թ. հոկտեմբերի 5-ին Բրյուսելում Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն հայտարարեց, թե իր երկիրը միանում է ամերիկյան ՀՀՊ համակարգին եւ թույլատրում, որ իսպանական ռազմածովային ուժերի բազաներում տեղակայվեն SM-3 հրթիռներով զինված ամերիկյան նավերը:
2010թ. փետրվարի 12-ին Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հայտարարեց, թե իր երկրի տարածքում կարող են հայտնվել ամերիկյան ՀՀՊ համակարգի տարրերը, եթե դրան իր համաձայնությունը տա Եվրամիությունը: Թեեւ մոտ մեկ շաբաթ անց` Բուլղարիայի արտգործնախարար Նիկոլայ Մլադենովը հայտարարեց, որ այդ թեմայի շուրջ բանակցություններ չեն տարվում, սակայն, նախարարը նշեց, թե խոսքը վերաբերում է «ներկա պահին»: Անցած ամիսների ընթացքում միջազգային լրատվամիջոցներում ժամանակ առ ժամանակ հայտնվում էին տեղեկություններ Բուլղարիայում ամերիկյան ՀՀՊ համակարգի տարրերի տեղակայման մասին, սակայն դրանք պաշտոնական արձագանք չեն ստացել: Պաշտոնական հայտարարություններ չեն հնչել նաեւ Հունգարիայում նշված տարրերի տեղակայման վերաբերյալ, թեեւ այդ երկրի առնչությամբ նույնպես լրատվամիջոցներում երբեմն-երբեմն տեղեկություններ են հայտնվում:
Եթե փորձենք ի մի բերել, ապա ակնհայտ է դառնում, որ ձեւավորվում է պետությունների մի շղթա, որը բաղկացած է ԱՄՆ ՀՀՊ համակարգի մասը հանդիսացող երկրներից, եւ որը ձգվում է Բալթիկ ծովից մինչեւ Սեւ ու Միջերկրական ծով` Լեհաստան-(Հունգարիա)-Ռումինիա-(Բուլղարիա)-Թուրքիա: Անվտանգության ոլորտի ամերիկացի ու եվրոպացի բազմաթիվ փորձագետներ վերջին շրջանում շատ են խոսում նշված շղթայի մասին` որպես ԱՄՆ-ի կողմից իրականացվող աշխարհաքաղաքական մի նոր նախագծի, որի նպատակն է ամրապնդել ամերիկյան ռազմական, հետեւաբար` քաղաքական ազդեցությունը Եվրոպայի արեւելյան մասում, որը սկսում է ավելի մեծ նշանակություն ձեռք բերել միջազգային հարաբերություններում` ռուս-գերմանական խորացող հարաբերությունների ֆոնին:
Որպես նշված նախագծի տարր ներկայացվում է նաեւ հետեւյալը:
Այս տարվա փետրվարի 8-ին Շվեդիայի ու Էստոնիայի պաշտպանության նախարարները ստորագրեցին երկու երկրների ռազմական համագործակցության խորացման մասին փաստաթուղթ: Գոյություն ունի Nordic battle group (Սկանդինավյան զորախումբ), որը Եվրամիության անդամ երկրների մասնակցությամբ կազմված 18 զորախմբերից մեկն է, եւ որը բաղկացած է Շվեդիայից, Նորվեգիայից (որը, ինչպես հայտնի է, ՆԱՏՕ անդամ է), Ֆինլանդիայից, Իռլանդիայից եւ Էստոնիայից, եւ որը ղեկավարվում է այդ իսկ երկների կողմից` ըստ հերթականության: Շվեդա-էստոնական նշված համաձայնագրի ստորագրումից հետո ամերիկյան վերլուծական երկու կենտրոններ գրեցին, թե հնարավոր տարբերակ կարող է դիտվել Սկանդինավյան զորախմբին նաեւ Մեծ Բրիտանիայի, Լատվիայի ու Լիտվայի միանալը, որը միայն կուժեղացնի զորախումբը` այն դարձնելով տարածաշրջանային քաղաքական գործոն:
Մայիսի 12-ին Վիշեգրադյան խումբը6, որի մեջ մտնում են Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան ու Սլովակիան, հայտարարեց, թե մինչեւ 2016թ. ստեղծելու է հատուկ զորախումբ` լեհական հրամանատարությամբ, որը չի ենթարկվելու ՆԱՏՕ-ական հրամանատարությանը7:
Ի դեպ, այս տարի հունիսի 13-ին ԱՄՆ-ն ու Լեհաստանը ստորագրեցին մի համաձայնագիր, ըստ որի` 2013-ից Լեհաստանում ստեղծվելու է ամերիկյան ռազմաօդային ուժերի բազա: Այստեղ ավելացնենք, որ անցած տարի մայիսին հայտնի դարձավ, որ լեհական Մորոնգ քաղաքի մոտ` Ռուսաստանի Կալինինգրադի մարզի սահմանից ընդամենը 80 կիլոմետր հեռավորության վրա, տեղակայվել է ամերիկյան Patriot տեսակի հակահրթիռային, հակաօդային պաշտպանության համալիր:
Ամերիկյան փորձագիտական շրջանակները համոզմունք են հայտնում, որ Եվրոպայի արեւելյան հատվածում ընթացող վերոհիշյալ ռազմաքաղաքական զարգացումները հովանավորվում են Վաշինգտոնի կողմից, եւ թե՛ ՀՀՊ համակարգի տարրերի հայտնվելն արեւելաեվրոպական երկրներում, թե՛ Սկանդինավյան ու Վիշեգրադյան զորախմբերի շուրջ ընթացող զարգացումները, ինչպես նշեցինք, նպատակ ունեն ամրապնդել ամերիկյան ռազմական ու քաղաքական ներկայությունը Եվրոպայի արեւելյան մասում:
Ըստ էության, նույն տիպի խնդիր է լուծվում նաեւ թուրքական ուղղությամբ: Ամերիկյան ՀՀՊ համակարգի տարրի տեղակայումը Թուրքիայում8 մեծացնում է այդ երկրի քաղաքական կշիռը տարածաշրջանում: Մյուս կողմից, այն վկայում է Վաշինգտոնի շահագրգռվածության մասին` Անկարայի հետ ռազմաքաղաքական կապերը պահել որոշակի` ռազմավարական մակարդակի:
1 Այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին միանգամից երեք երկիր` Ռումինիան, Թուրքիան ու Իսպանիան, հայտարարեցին, թե միանում են ԱՄՆ ՀՀՊ համակարգին:
2 2009թ. փետրվարի 7-ին` Բարաք Օբամայի կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց մոտ երկուսուկես շաբաթ անց, Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարեց Մոսկվայի հետ հարաբերություններում «վերբեռնման կոճակը սեղմելու» անհրաժեշտության մասին: Մեկ ամիս անց` մարտի 6-ին, Ժնեւում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին փոխանցեց մի տուփ, որի վրա ամրացված էր կոճակ եւ գրված էին «reset» եւ «перезагрузка» բառերը: Տուփը պետք է խորհրդանշեր ամերիկա-ռուսական հարաբերությունների «վերբեռնումը»:
3 Այս տարվա հունիսի 15-ին Չեխիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վոնդրան հայտարարեց, թե իր երկիրը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների ՀՀՊ համակարգի ստեղծմանը: Հիշեցնենք, որ դեռ 2006-ից Լեհաստանի հետ միասին Չեխիան նշվում էր որպես Արեւելյան Եվրոպայում Միացյալ Նահանգների ՀՀՊ տարրերի տեղակայման վայր, ուր պետք է տեղադրվեր ամերիկյան Raytheon ընկերության X-Band Radar տեսակի ՌՏԿ:
4 Միգուցե նաեւ այս տեսանկյունից պետք է դիտարկել Մոսկվայում կայացրած որոշումը` Պուտինի մեծ քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ:
5 Դեռ 2007թ. նոյեմբերից Իրանում մարտական հերթապահության են անցել «Աշուրա» անվամբ հրթիռները, որոնց հեռահարությունը գնահատվում է մինչեւ 2500 կիլոմետր:
6 Խումբը ստեղծվել է 1991թ. Հունգարիայի Վիշեգրադ քաղաքում:
7 Նշենք, որ բոլոր չորս պետություններն էլ ՆԱՏՕ անդամ են:
8 ԱՄՆ ՀՀՊ համակարգի տարրերի տեղակայումը Թուրքիայում նորություն չէ: Դեռ 1972թ. Դիարբեքիր քաղաքի մոտ` Փիրինչլիք ավիաբազայում տեղակայվեց ամերիկյան ՌՏԿ, որը «ծածկում» էր ԽՍՀՄ կովկասյան շրջանը, հյուսիսային Ղազախստանը, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքը: Կայանը գործում էր 4300 կիլոմետր շառավղով: 1997թ. ԱՄՆ-ը հրաժարվեց Փիրինչլիքի ՌՏԿ ծառայություններից եւ կայանը հանձնեց Թուրքիային:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԵՎՐՈՊԱ. ՎԵՐԻՆՏԵԳՐՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՐԱՁԵՎՈՒՄ[19.11.2012]
- ՍԻՐԻԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ԻՐԱՆԸ[14.09.2012]
- ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ[14.06.2012]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ[02.04.2012]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՍԻՐԻԱՅԻ ՇՈՒՐՋ[23.02.2012]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՆ ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ[06.02.2012]
- ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ ԱՃՈՒՄ Է[01.12.2011]
- ԹՈՒՐՔ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՓՈԽՎՈՒՄ ԵՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ[29.09.2011]
- «ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՈՒՆԸ» ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ[21.07.2011]
- ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ[20.06.2011]