
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Արտաշես Տեր-ՀարությունյանԱպրիլին սպասվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Պեկին, ուր պետք է ստորագրվի «Միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման մասին» չին-թուրքական պայմանագիրը: Պայմանագիրը, որի նախապատրաստման համար երկար ժամանակ պահանջվեց եւ հատուկ որի համար փետրվարին Ստամբուլ ժամանեց ու Էրդողանի հետ հանդիպեց Չինաստանի փոխնախագահ Սի Ցզինպինը1, նախատեսում է Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում` Բուլղարիային սահմանակից Իգնեադա քաղաքի մոտ կառուցել $20 մլրդ արժողությամբ ատոմակայան:
Հայտնի է, որ Անկարան արդեն իսկ պայմանավորվածություն ունի Մոսկվայի հետ` Միջերկրականի ափին գտնվող Բույուքեչելի բնակավայրի մոտ, Ակկույու անվամբ վայրում ԱԷԿ կառուցելու վերաբերյալ: Եթե ընդամենը մի քանի տարի առաջ Թուրքիային վերաբերող միջազգային փորձագիտական զեկույցներում խոսվում էր Անկարայի կողմից սեփական միջուկային ծրագրի զարգացման միայն հնարավորության մասին, եւ թուրքական փորձագետներն ու պաշտոնյաներն այդ մասին բարձրաձայնում էին սոսկ որպես հնարավորություն, ապա այժմ փաստն այն է, որ Հայաստանի արեւմտյան հարեւանն իրականացնում է մասշտաբային մի ծրագիր` երկրում միջուկային հզորությունների հիմնման նպատակով:
Հաշվի առնելով, սակայն, ներկայում թուրքական պետության կողմից իրականացվող, ըստ էության, կայսերական արտաքին քաղաքականությունն ու այդ իմաստով հեռուն գնացող նպատակները` ծավալուն եւ արագ տեմպերով միջուկային ծրագրի կյանքի կոչումը հավանական է, որ պատճառաբանված չլինի զուտ էներգետիկ անվտանգության մտահոգություններով:
Թուրքիայի միջուկային պատմությունից
Միջուկային ոլորտով Թուրքիայում պաշտոնապես սկսեցին հետաքրքրվել 1956-ից, երբ կառավարության որոշմամբ հիմնադրվեց Ատոմային էներգիայի թուրքական հանձնաժողովը: Չնայած նշված մարմնի` տասնամյակներ տեւած գործունեությանը, թե՛ արեւմտյան, թե՛ ռուսական աղբյուրները գրում են, որ Թուրքիան միջուկային ոլորտում երբեք չի անցել հետազոտությունների եւ մշակումների սահմանագծից այն կողմ, որոնք էլ հիմնականում կենտրոնացած են եղել երկու հաստատություններում` 1961թ. Ստամբուլի տեխնիկական համալսարանում հիմնադրված Էներգիայի ինստիտուտում եւ 1962թ. ստեղծված Միջուկային հետազոտությունների եւ ուսուցման Չեկմեչեյի կենտրոնում:
Թուրքիայում ատոմակայանի կառուցման նախագծերը սկսեցին ի հայտ գալ 1970-ական թթ.: Առաջին նման նախագիծ Ատոմային էներգիայի թուրքական հանձնաժողովը պատրաստեց 1970թ., որով նախատեսվում էր կառուցել 300 մվտ հզորությամբ ԱԷԿ: Երեք տարի անց որոշումը կանգ առավ 80 մվտ հզորությամբ ԱԷԿ-ի վրա, որը պետք է կառուցվեր վերը նշված Ակկույու վայրում, սակայն սույն նախագիծը չիրագործվեց` թուրքական կառավարությունում առկա ֆինանսական խնդիրների պատճառով: ԱԷԿ կառուցելու ծրագրերը չդադարեցին նաեւ 1980-ական թթ., սակայն ֆինանսական խնդիրների պատճառով դրանցից ոչ մեկը կյանքի չկոչվեց:
1992թ. թուրքական կառավարությունը հայտարարեց, թե Ակկույուում ԱԷԿ կառուցելու համար հրավիրում է միջազգային ներդրողների: Հայտ ներկայացրին այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Siemens-ը, Westinghouse-ը, Framatome-ը եւ Mitsubishi-ին: Սակայն մրցույթի անցկացումը եւ արդյունքների ամփոփումը տեւեց մինչեւ 2000թ., եւ ի վերջո թուրքական կառավարությունը հայտարարեց, թե ծրագիրը փակվում է տնտեսական հանգամանքներից թելադրված2:
Ինչպես հայտնի է, 1990-ական թթ. Թուրքիան բնութագրվում էր քաղաքական ու տնտեսական անկայունությամբ: Վիճակը փոխվեց հաջորդ տասնամյակում, երբ իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության (ԱԶԿ) վերնախավը սկսեց իրականացնել հավակնոտ արտաքին քաղաքականություն (իր բնույթով աննախադեպ Թուրքիայի Հանրապետության համար): Ուստի, պատահական չէ, որ միջուկային ոլորտն անմիջապես գրավեց ԱԶԿ ուշադրությունը:
Թուրքիայի ներկայիս միջուկային ծրագրերի մասին
2010թ. Թուրքիայում արտադրվել է մոտ 230 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Դրա շուրջ կեսը ստացվել է բնական գազից3, 28%-ը` քարածխից, 20%-ը` հիդրոէլեկտրակայաններից: Եթե 1990թ. Թուրքիայում մեկ շնչին տարեկան բաժին էր ընկնում 800 կվտ/ժամ էլեկտրաէներգիա, ապա 20 տարի անց այդ թիվը կազմում էր տարեկան 2000 կվտ/ժամ: Թուրքիայի վիճակագրական ծառայության հաշվարկի համաձայն, մինչեւ 2020թ.` յուրաքանչյուր տարի երկրում էլեկտրաէներգիայի պահանջարկը կաճի մոտ 7%-ով:
Ներկայացված թվերից երեւում է, որ Թուրքիայում իրոք առկա է էներգետիկ անվտանգության ապահովման խնդիր, եւ Անկարայում այս հանգամանքն այժմ էլ նշվում է որպես լուրջ պատճառ, որը ստիպեց ձեռնամուխ լինել երկրում միջուկային հզորությունների հիմնմանը: Թուրքական կառավարության ծրագրերի համաձայն, նախատեսվում է 2023թ. գազից ստացված էլեկտրաէներգիայի չափաբաժինը ներկայիս 50%-ից նվազեցնել 30%-ի, ինչը պետք է արվի գլխավորապես շնորհիվ ատոմակայանների եւ ինչը թույլ կտա լրջորեն ամրապնդել երկրի էներգետիկ անկախությունը:
2010թ. մայիսին Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահները ստորագրեցին մի համաձայնագիր, ըստ որի` Росатом ընկերությունը` իր դուստր ձեռնարկությունների միջոցով, Ակկույուում կառուցելու է 4800 մվտ ընդհանուր հզրություն եւ 4 ռեակտոր ունեցող ատոմակայան: Գործարքի արժեքը կազմում է $20 մլրդ, նախատեսվում է, որ ԱԷԿ շինարարությունը կսկսվի արդեն հաջորդ տարի, առաջին էներգաբլոկը շարք կմտնի 2018թ., որից հետո ամեն տարի պատրաստ է լինելու եւս մեկ էներգաբլոկ: Այսպիսով, 2021թ. 4 էներգաբլոկ ունեցող Ակկույուի ԱԷԿ-ը ամբողջովին կմիանա Թուրքիայի էներգաբաշխիչ ցանցին: Ըստ պայմանավորվածության, սկզբնական փուլում ԱԷԿ բաժնետոմսերի 100%-ը պատկանելու է ռուսական Росатом ու РАО ЕЭС ընկերություններին (քանի որ վերջիններս էլ հիմնականում ֆինանսավորում են նախագիծը), սակայն ամբողջական ԱԷԿ շահագործումից 15 տարի անց ռուսական ընկերությունների բաժնեմասը չպետք է գերազանցի 51%-ը:
2008-ից նախապատրաստական աշխատանքներ սկսեցին իրականացվել Սեւ ծովի ափին գտնվող թուրքական Սինոպ քաղաքի մոտ 5600 մվտ հզորությամբ երկրորդ ատոմակայանի եւ միջուկային տեխնոլոգիաների կենտրոնի կառուցման համար: Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվեց մոտ $23 մլրդ: 2010թ. մարտին թուրքական Elektrik Uretim AS (EUAS) եւ հարավկորեական Korea Electric Power Corporation (Kepco) ընկերությունների միջեւ նախնական համաձայնություն կնքվեց նախագծի իրականացման համար:
Սակայն պայմանավորվածության իրականացումը կանգ առավ, քանի որ կորեական կողմը պահանջում էր, որպեսզի Թուրքիայի կառավարությունը, ինչպես Ակկույուի ԱԷԿ-ի պարագայում է, երաշխավորի, որ յուրաքանչյուր տարի որոշակի քանակությամբ էլեկտրաէներգիա կգնի Սինոպի ԱԷԿ-ից: Անկարան հրաժարվեց, եւ կարճ ժամանակ անց Սինոպի ԱԷԿ կառուցման համար թուրքական կողմի հետ բանակցությունների մեջ մտան ճապոնական Toshiba եւ Tepco ընկերությունները: Վերջիններիս հետ բանակցությունները նույնպես կանգ առան` 2011թ. մարտին ճապոնական Ֆուկուշիմա ԱԷԿ-ում տեղի ուենցած աղետից հետո:
Նշենք նաեւ, որ Սինոպի ԱԷԿ կառուցման նպատակով Անկարայի հետ բանակցություններ են վարել նաեւ ֆրանսիական Areva, GdF Suez եւ EdF ընկերությունները, սակայն կրկին անարդյունք: Ի վերջո, 2011թ. նոյեմբերին Թուրքիայի վարչապետ Էրդողանը դիմեց Հարավային Կորեայի նախագահ Լի Մյունգ-բակին` Kepco-ի հետ բանակցությունները վերսկսելու առաջարկով: Այս տարվա փետրվարին Ստամբուլում Հարավային Կորեայի նախագահը հարցի շուրջ բանակցություններ վարեց Թուրքիայի վարչապետի հետ, եւ ըստ լրատվամիջոցների` կողմերին հաջողվել է նախնական պայմանավորվածություն ձեռք բերել:
Եվ վերջապես, երրորդ ատոմակայանը, ինչպես նշեցինք, Թուրքիան մտադիր է կառուցել Սեւ ծովի ափին` Բուլղարիայի հետ սահմանից մոտ 5կմ հեռու գտնվող Իգնեադա քաղաքի մոտ: Իգնեադայի ԱԷԿ-ի շուրջ պայմանավորվածությունները չինական կողմի հետ թեեւ կարծես թե սկզբունքային են, սակայն դեռ վերջնական չեն: Ստույգ հայտնի չէ անգամ կառուցվելիք ԱԷԿ հզորությունը:
Թուրքիան եւ միջուկային տերության հեռանկարը
2011թ. դեկտեմբերին թուրքական Vatan պարբերականը, հղում կատարելով Atomic Scientists Bulletin-ին, գրեց, թե թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայում տեղակայված ամերիկյան B61-12 տեսակի միջուկային մարտավարական 20 ռումբեր հետայսու պետք է կրեն (նշանակետերին հասցնեն) թուրքական օդուժի 142-րդ էսկադրիլիայի F-16A/B ինքնաթիռները: Ըստ հրապարակման, ԱՄՆ-ը կրճատել է Ինջիրլիքում տեղակայված միջուկային մարտավարական ռումբերի քանակը` 90-ից հասցնելով 70-ի, որոնցից 20-ը, ինչպես նշվեց, անհրաժեշտության դեպքում կրելու են թուրքական ռազմական ինքնաթիռները: Նույն աղբյուրի համաձայն, 2017թ. ավիաբազայում գտնվող B61-12 ռումբերը փոխարինվելու են ավելի նոր տեսակի` B61-3/4 ռումբերով:
Մնացած 50 ռումբերը տեղ հասցնելու համար ԱՄՆ-ը պետք է Թուրքիայից դուրս գտնվող իր ավիաբազաներից Ինջիրլիք տեղափոխի համապատասխան ինքնաթիռներ, որոնք «վերցնելով» ռումբերը` կհասցնեն համապատասխան նշանակետերին: Հայտնի է, որ Թուրքիան հրաժարվում է թույլատրել Վաշինգտոնին իր տարածքում, այդ թվում` Ինջիրլիքում, տեղակայել միջուկային ռումբ կրելու ունակ ռազմական ինքնաթիռներ: Մինչեւ վերջերս հայտնի էր դրա հետեւյալ պատճառաբանությունը. քանի որ այդ պարագայում տվյալ ավիաբազան գործառնական տեսանկյունից ստանալով նոր հնարավորություններ` ձեռք է բերում ՆԱՏՕ-ական ավիաբազայի կարեւորություն եւ կարգավիճակ, ուստի եւ հնարավոր ռազմական բախման ժամանակ դառնում է հակառակորդի թիրախ: Այդ պարագայում նաեւ` ռազմակայանի նկատմամբ վերահսկողությունը մասամբ անցնում է ՆԱՏՕ-ական հրամանատարությանը:
Հրապարակված տեղեկության մեջ առանցքայինն, անշուշտ, այն է, որ Թուրքիան հնարավորություն է ստանում, անհրաժեշտության դեպքում մասնակցելու միջուկային հարվածին: Իհարկե, Ինջիրլիքում տեղակայված միջուկային մարտավարական ռումբերով հարված հասցնելու վերջնական որոշումը պատկանում է Վաշինգտոնին, սակայն ուշագրավն այստեղ այն է, որ թուրքական ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշում է կայացրել Անկարայի համար ստեղծել այդ հնարավորությունը, ինչը չկար, օրինակ, Սառը պատերազմի տարիներին` թուրքական կողմում առկա (վերը նշված)` միջուկային հարվածի թիրախ դառնալու մտահոգությունների պատճառով:
Հնարավոր է, որ թուրքական ռազմուժի համար միջուկային ռումբ կիրառելու հնարավորության ստեղծումն ամերիկյան կողմի պատասխանն էր Անկարայի այն քայլին, ըստ որի` ԱՄՆ-ը հնարավորություն ունեցավ Թուրքիայում` Մալաթիա քաղաքի մոտ տեղակայել իր հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգի տարրերից մեկը` ռադար:
Սակայն, մեր կարծիքով, այստեղ առավել կարեւոր է ոչ այնքան ամերիկա-թուրքական նշված (ենթադրվող) պայմանավորվածությունը, որքան, ինչպես նշեցինք, Թուրքիայի ղեկավարության շրջանում կայացված որոշումը` միջուկային հնարավորություններ ստեղծել Անկարայի արտաքին քաղաքականության համար:
Հետեւություն
Ներկայում Թուրքիայի կողմից իրականացվող ծավալապաշտական արտաքին քաղաքականության, այդ երկրում շարունակվող տնտեսական աճի պայմաններում Անկարայի համար կարեւոր հարց է դարձել տարածաշրջանում ու աշխարհում ազդեցության նոր լծակներ ձեռք բերելու հարցը: Այս իմաստով անգամ անսպասելի չէր թուրքական ղեկավարության որոշումը` նման արագ տեմպերով եւ նման ծավալներով ձեռնամուխ լինել սեփական միջուկային կարողությունների ընդլայնմանը:
Նշվածը, իհարկե, չի նշանակում, թե Անկարայում քաղաքական որոշում է կայացվել միջուկային ռումբի ստեղծման առնչությամբ, քանի որ նման քայլը ներկայում կարող է Թուրքիայի համար լուրջ խնդիրներ ստեղծել միջազգային ասպարեզում:
Բայց մյուս կողմից, հաշվի առնելով.
- տարածաշրջանում Իսրայելի, Իրանի ու Սաուդյան Արաբիայի կողմից սեփական միջուկային կարողությունների շարունակաբար ընդլայնումը,
- Թուրքիայի նպատակը` ավելի ազդեցիկ դեր ստանձնել տարածաշրջանային ու միջազգային գործերում,
- Անկարայում ամրապնդվող այն միտքը, թե ՆԱՏՕ-ն չի կարող լինել թուրքական անվտանգության ապահովման 100% երաշխիք,
- նշվածը պետք է որ նշանակի, թե Անկարայում քաղաքական որոշում է կայացվել ստեղծել այն բոլոր ռազմատեխնիկական, քաղաքական ու տնտեսական հնարավորությունները, որոնք կարող են անհրաժեշտ պահի թույլ տալ Թուրքիային դառնալ միջուկային տերություն:
1Չինաստանի նախագահի պաշտոնում Սի Ցզինպինը հոկտեմբերին կփոխարինի Հու Ձինտաոյին:
2Ուշագրավ մեկ փաստ. 1998թ. հունիսից մինչեւ 2000թ. ապրիլ ընկած ժամանակահատվածում թուրքական կառավարությունն ութ անգամ հետաձգեց մրցույթի արդյունքների ամփոփումը, եւ ի վերջո հայտարարվեց, թե ծրագիրը փակվում է:
3Թուրքիայում օգտագործվող բնական գազի մոտ 2/3-րդը ներմուծվում է Ռուսաստանից, իսկ մնացած շուրջ 1/3-րդն էլ` Իրանից:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԵՎՐՈՊԱ. ՎԵՐԻՆՏԵԳՐՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՐԱՁԵՎՈՒՄ[19.11.2012]
- ՍԻՐԻԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ԻՐԱՆԸ[14.09.2012]
- ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ[14.06.2012]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՍԻՐԻԱՅԻ ՇՈՒՐՋ[23.02.2012]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՆ ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ[06.02.2012]
- ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ ԱՃՈՒՄ Է[01.12.2011]
- ԱՄՆ ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ[10.11.2011]
- ԹՈՒՐՔ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՓՈԽՎՈՒՄ ԵՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ[29.09.2011]
- «ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՈՒՆԸ» ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ[21.07.2011]
- ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ[20.06.2011]