• am
  • ru
  • en
Версия для печати
21.07.2011

«ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՈՒՆԸ» ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

EnglishРуский

   

Արտաշես Տեր-Հարությունյան

«Արաբական գարունը». դիտարկում

Ամերիկյան ու եվրոպական փորձագիտական շրջանակները սկսել են ներկայացնել իրենց առաջին ընդհանրական վերլուծականները, թե ինչ տվեց «արաբական գարունն» Արեւմուտքին, եւ ընթացիկ դինամիկան որքանով է համահունչ ամերիկյան ու եվրոպական տերությունների ռազմավարական շահերին:

Եթե փորձենք ի մի բերել, ապա գնահատականների գերակշիռ մասի համաձայն` վարչակազմերի փոփոխությունը Թունիսում, Եգիպտոսում եւ ակնկալվող փոփոխությունը Լիբիայում, Եմենում ու Սիրիայում (այս համատեքստում նշվում է անգամ Իրանը) Միացյալ Նահանգների ու նրա գործընկերների կողմից իրականացվող աշխարհաքաղաքական նախագծի առաջին` այսպես ասած, «տեխնիկական» մասն է: Մինչդեռ, բուն նպատակն է դեռ Բուշ-կրտսերի վարչակազմի` 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո նախաձեռնած նախագծի շարունակությունը` միջազգային քաղաքական ու էներգետիկ անվտանգության առումներով կարեւոր Մեծ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ ու նրա գործընկերների ներկայության ամրապնդումը:

Նախորդ տասնամյակում հիմնականում ռազմական բաղադրիչի միջոցով (պատերազմներն Աֆղանստանում ու Իրաքում) նշված նպատակին հասնելու քայլերը հանգեցրին իսլամական արեւելքում Միացյալ Նահանգների իմիջի, հետեւաբար` քաղաքական ազդեցության անկմանը: Մյուս կողմից, ժամանակի հետ մեկտեղ արեւմտյան դաշնակիցները ստիպված եղան աստիճանաբար հրաժարվել ռազմական բաղադրիչից: Նախ, որովհետեւ վերջինիս արդյունավետությունը միայն նվազում էր, իսկ հատկացվող միջոցները շարունակաբար աճում էին: Եվ երկրորդ` իսլամական արեւելքից զորքերի տուն վերադարձը դարձավ արեւմտյան երկրների ներքաղաքական պայքարի հիմնական հարցերից մեկը: Ի վերջո, անգամ ԱՄՆ-ը հայտարարեց Իրաքից ու Աֆղանստանից իր ռազմուժի դուրսբերման ժամկետները:

Անշուշտ, արաբական հեղափոխությունների ալիքի հիմքում նախեւառաջ պետք է դնել օբյեկտիվ պատճառները, որովհետեւ առանց այդ պատճառների ոչ մի «տեխնոլոգիա» չէր աշխատի: Սակայն ակնառու էին նաեւ արեւմտյան երկրների շահագրգռվածությունն ու քայլերը` հնարավորության չափով սկզբնավորել հեղափոխական շարժումները, աջակցել դրանց եւ ուղղորդել1:

Հատկանշական է, որ ժամանակային առումով «արաբական գարունը» նախորդեց Իրաքից ու Աֆղանստանից արեւմտյան կոալիցիայի ռազմուժի դուրսբերմանը: Այդ կապակցությամբ ամերիկյան ու եվրոպական փորձագետների գնահատականն է, որ արեւմտյան տերությունների կողմից փորձ է արվում «կոշտ ուժը» փոխարինել «փափուկ ուժով»2, իսկ «արաբական գարունն» էլ երկարատեւ հեռանկարում պետք է հանգեցնի Արեւմուտքի ու դեմոկրատական արժեքների հետ հնարավորինս կապված վարչակազմերի առաջացմանն իսլամական արեւելքում: Ինչ վերաբերում է ներկային, ապա արդեն այսօր տեսանելի է առաջին արդյունքը` ամերիկյան քաղաքականությունն «արաբական փողոցի» կողմից այլեւս ընկալվում է նոր` բարենպաստ լույսի ներքո:

Հարկ է նշել, որ նման նախագիծը նորություն չէ արեւմտյան ռազմավարության համար: Ըստ էության, նույն մոտեցումը ցուցաբերվեց Երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպայում ու Հեռավոր Արեւելքում, երբ «կոշտ ուժին» հաջորդեց «փափուկը», որի միջոցով էլ խնդիր դրվեց երկարատեւ ժամանակահատվածում ապահովել ԱՄՆ ու նրա դաշնակիցների ներկայությունը տեղերում: Նույնը մենք տեսանք սառը պատերազմի ավարտից հետո` Արեւելյան Եվրոպայում եւ հետխորհրդային տարածքում:

Հնարավոր է, նախագիծն ունի նաեւ հետեւյալ առանձնահատկությունը` զուգահեռաբար կամ հաջորդիվ իրականացնել տարածաշրջանի երկրների սահմանների վերաձեւումը, որը նույնպես կարող է անհրաժեշտություն լինել, եթե նկատի ունենանք, որ խնդիր է դրվում նոր կարգ ու ազդեցություն հաստատել տեղերում: Օրինակ, դա հատկապես ակնառու դրսեւորվեց Հարավսլավիայում: Եվ այս համատեքստում հարկ է հիշել հինգ տարի առաջ` 2006թ. հունիսին, ամերիկյան հեղինակավոր «Armed Forces Journal»-ում լույս տեսած Ռալֆ Պետերսի սկանդալային նյութը` Մեծ Մերձավոր Արեւելքում պետությունների սահմանների վերաձեւման մասին:

Ռուսաստանի պարագան

«Արաբական գարնանը» տարբեր կերպ արձագանքեցին տարածաշրջանում: Ուշագրավ է, որ տարածաշրջանային բոլոր տերությունները` Իրանը, Թուրքիան, Իսրայելը եւ Սաուդյան Արաբիան, ի սկզբանե բացասաբար կամ առնվազն զգուշավորությամբ մոտեցան մեկնարկած գործընթացին:

Չնայած Թուրքիան սկզբում նույն կեցվածքն ուներ, սակայն բավական կարճ ժամանակ անց Անկարայի դիրքորոշումը փոխվեց, եւ այնտեղ հնարավորություն տեսան օգտագործել նոր իրավիճակը` տարածաշրջանում սեփական ազդեցությունը մեծացնելու համար: Թուրքիայի ակտիվությունը սկսեց անհանգստացնել անգամ Ռուսաստանին, որն առանց այդ էլ դժվարին կացության առջեւ կանգնեց «արաբական գարնան» հետեւանքով: Քանի որ այն երկրները, որոնց հետ վերջին տարիներին ձեռք բերված ռազմաքաղաքական ու տնտեսական պայմանավորվածությունների միջոցով Մոսկվան փորձում էր առաջ տանել իր մեծ մերձավորարեւելյան քաղաքականությունը` Սիրիա, Լիբիա, Իրան, հեղափոխական շարժումների արդյունքում կա՛մ թուլացել են, կա՛մ մոտենում են վարչակազմերի փոփոխությանը:

Ինչ վերաբերում է թուրքական ակտիվությանը, ապա ռուսական փորձագիտական գնահատականների համաձայն, «արաբական գարունը» կարող է շարունակել սառը պատերազմից հետո տարածաշրջանում Մոսկվայի ազդեցության անկումը: Եվ այդ առումով նոր մտահոգություն է Անկարան: Վերջինս դեռ մինչեւ հեղափոխական շարժումների ի հայտ գալը սկսել էր ակտիվորեն աշխատել երկար ժամանակ ռուսական ազդեցությամբ աչքի ընկնող երկրների հետ` Սիրիա, Լիբիա, Պաղեստին, իսկ ներկայում էլ փորձում է օգտվել նոր հնարավորություններից` նշված պետություններում իր ազդեցությունը մեծացնելու համար, այսպես ասած, փորձելով զբաղեցնել ռուսական «ниша»-ն:

Մինչդեռ, «արաբական գարնան» սկզբնական փուլում Ռուսաստանը կարծես թե նույնպես հանդես էր գալիս շահողի դերում:

Նախ՝ ի տարբերություն արեւմտյան երկրների, Ռուսաստանը չի գտնվում երկու պատերազմների մեջ (Աֆղանստան, Իրաք), ինչը հնարավորություն ստեղծեց, օգտագործելով արեւմտյան տերությունների համար փաստացի երրորդ պատերազմը հանդիսացող լիբիական ճգնաժամը, նույն այդ տերություններից որոշ հարցերում զիջումներ կորզել:

Երկրորդ` արաբական հեղափոխությունների արդյունքում նավթի միջազգային գինը տարվա սկզբի համեմատ աճեց մոտ 20%-ով, ինչը կարեւոր է միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամից դեռ ամբողջովին չապաքինված ռուսական տնտեսության համար (մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ամիսներ անց Ռուսաստանում սպասվում են խորհրդարանական ու նախագահական ընտրություններ):

Երրորդ` լիբիական ճգնաժամի հետեւանքով աշխատանքը դադարեցրեց Լիբիան Իտալիային կապող «Green stream» գազատարը, որը տարեկան շուրջ 11 մլրդ մ3 բնական գազ էր մատակարարում կապույտ վառելիքի սպառման ծավալով Եվրոպայում երրորդ տեղը զբաղեցնող Իտալիային: Այդ հանգամանքը ստիպեց Հռոմին ավելի շատ գազ գնել «Газпром»-ից, ինչը դարձյալ տնտեսական օգուտներ է բերում Մոսկվային:

Չորրորդ` արաբական հեղափոխություններն ինչ-որ ժամանակ խնդիրներ հարուցեցին իսլամական Արեւելքից էներգակիրների մատակարարման գործում, ինչը հնարավորություն ընձեռեց Ռուսաստանին Եվրոպայի առջեւ ընդգծել նավթի ու գազի կայուն մատակարարողի իր դերը:

Այդքանով հանդերձ, ինչ վերաբերում է բուն մերձավորարեւելյան գործերին, ապա ռուսական փորձագիտական գնահատականների պատկերացմամբ` Մոսկվայի համար գալիս են դժվարին ժամանակներ: Դա են հուշում նաեւ Ռուսաստանի վերջին քայլերը:

Չնայած մարտի կեսերին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն արեւմտյան երկրների ռազմական կամպանիան Լիբիայում համեմատեց միջնադարյան խաչակրաց արշավանքի հետ, սակայն արդեն մայիսի վերջին ֆրանսիական Դովիլում կայացած Մեծ ութնյակի հանդիպումներից հետո Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարեց, թե Մուամար Քադաֆին պետք է հեռանա, իսկ Մոսկվան էլ պատրաստ է միջնորդական առաքելություն ստանձնել արեւմտյան երկրների, լիբիացի ապստամբների ու Քադաֆիի վարչակազմի միջեւ:

Էլ ավելի ուշագրավ զարգացում տեղի ունեցավ Սիրիայի պարագայում: Նախ՝ հունիսի սկզբին Ռուսաստանը կանխեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի իշխանություններին քննադատող բանաձեւի ընդունումը3, եւ իսրայելական հետախուզական տվյալների համաձայն՝ շարունակում է այդ երկիր առաքել զենք-զինամթերք: Բայց արդեն նույն ամսվա կեսերին Մոսկվայում, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ու Աֆրիկայում Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Միխայիլ Մարգելովի մակարդակով ընդունում են սիրիական ընդդիմության ներկայացուցիչներին եւ նրանց հետ բանակցում Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ:

Մի կողմից, Ռուսաստանի նշված քայլերն ուղղված են տարածաշրջանի երկրներում փոփոխություններին ընդառաջ սեփական ռազմա-քաղաքական ու տնտեսական ներկայությունը հնարավորինս պահպանելուն, մյուս կողմից` Մոսկվայի համար երեւան է գալիս առանցքային գործընկերների հարցը. եթե տարածաշրջանը ենթարկվում է մասշտաբային փոփոխությունների, ապա ի՞նչ տիպի ուժերի ու հետեւաբար` ո՞ր երկրների հետ պետք է գործակցի Ռուսաստանը:

1 Չնայած արեւմտյան լրատվամիջոցների եւ անգամ պաշտոնյաների կողմից արված բազմաթիվ հավաստիացումներին, թե Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական է ներկայացրել, սակայն ոչ ոք այդպես էլ չտեսավ այդ կադրերը: Հայտնի է, որ Մուբարաքի հրաժարականի մասին հայտարարեց այդ երկրի վարչապետը: Սա հիմք տվեց կարծելու, որ Եգիպտոսում ի վերջո տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում` ոչ առանց արեւմտյան աջակցության:

Փետրվարի վերջին–մարտի սկզբին Լիբիայում, Սիրիայում ու Եմենում բռնկված ժողովրդական հուզումներին զուգահեռ՝ նմանատիպ հուզումներ սկսվեցին Բահրեյնում, Հորդանանում եւ Սաուդյան Արաբիայում: Բայց ի տարբերություն առաջին երեք երկրների` ԱՄՆ գործընկեր հանդիսացող միապետություններում հեղափոխական ալիքը չարժանացավ արեւմտյան տեղեկատվական ռեսուրսների ու պաշտոնյաների երկարատեւ ուշադրությանը, չնայած, օրինակ, Բահրեյնում եւ Սաուդյան Արաբիայում իրադարձություններն արյունալի զարգացումներ ունեցան:

2 Ի դեպ, իսլամական արեւելքում կիրառվող «փափուկ ուժի» համատեքստում իրենց առանձնահատուկ տեղն ունեն տեղերում ստեղծված` «հարազատ» ինֆորմացիոն ռեսուրսները, օրինակ` «Ալ-Ջազիրա» (Կատար) ու «Ալ-Արաբիա» (Արաբական Միացյալ Էմիրություններ) հեռուստաընկերությունները: Ուշադրություն է գրավում այն, որ տարածաշրջանում քաղաքական ազդեցությամբ աչքի չընկնող պետություններում համեմատաբար վերջերս ստեղծված ինֆորմացիոն այդ ռեսուրսները կարողացան մեծ հաջողությամբ ինտեգրվել ու իրենց տեղն ունենալ միջազգային տեղեկատվական դաշտում (ուր, ինչպես հայտնի է, գերիշխում են արեւմտյան ռեսուրսները), ինչը նման հաջողությամբ չի ստացվում անգամ միջազգային քաղաքականության մեջ կարեւոր դերակատարություն ունեցող տերությունների մոտ` Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան, Բրազիլիա: Պատահական չէ, որ այդ ռեսուրսների ստեղծման ու կառավարման գործում ակտիվորեն ներգրավվեցին արեւմտյան առաջատար մասնագետներ, եւ որ արաբական հեղափոխությունների ժամանակ վերջիններս լայնորեն ներկայացնում էին ժողովրդական հուզումները:

3 Հարկ է հիշեցնել, որ Սիրիայում է գտնվում տարածաշրջանում ռուսական միակ ռազմաբազան` Տարտուս նավահանգստում:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր