• am
  • ru
  • en
Версия для печати
14.06.2012

ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

EnglishРуский

   

Արտաշես Տեր-Հարությունյան


Վերջերս Իսրայելի արտաքին հետախուզական մարմինը` «Մոսադը», Բենիամին Նեթանյահուի կառավարությանը ներկայացրեց հատուկ զեկույց Սիրիայում տիրող իրավիճակի եւ հնարավոր զարգացումների մասին: Ինչպես փոխանցում են իսրայելական աղբյուրները, հիմնական հետեւություններից մեկն այն է, որ արեւմտյան կառավարությունների գործուն քայլերի շնորհիվ Բաշար ալ-Ասադի վարչակազմի շարունակվող թուլացմանը զուգահեռ` Սիրիայում տեղի են ունենում իսլամիստական ցանցի ամրապնդում ու ընդլայնում, եւ որ գործերի նման ընթացքի պարագայում ալ-Ասադներին փոխարինող ամենահավանական ուժը հենց իսլամիստներն են լինելու:

Սակայն «Մոսադի» վերլուծաբանները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել նաեւ այն հանգամանքի վրա, որ որպես Սիրիայում իսլամիստական ցանցին աջակցող ու հովանովորող` նախեւառաջ հանդես է գալիս Թուրքիայի Արտաքին հետախուզական ծառայությունը` MIT-ը, որից հետո նոր երեւում է Սաուդյան Արաբիայի, Կատարի ու Արաբական Միացյալ Էմիրությունների հետախուզական մարմինների գործունեությունը: Իսրայելական հետախուզական կառույցը հետեւություն է անում, որ Թուրքիայի քաղաքական ղեկավարության որոշումը` լայնածավալ աջակցություն ցուցաբերել Սիրիայում իսլամիստական ցանցի ամրապնդմանը, արտացոլում է այն կարեւոր փոփոխությունը, որը տեղի է ունեցել Անկարայի ստրատեգների պատկերացումներում. Եգիպտոսից հետո, ուր Մուբարաքի տապալմանը զուգահեռ Թուրքիան սկսեց ակտիվորեն կապեր հաստատել տեղի իսլամիստական շարժումների հետ` առաջին հերթին ֆինանսապես աջակցելով նրանց, Թուրքիայի քայլերը Սիրիայում վկայում են, որ իսլամական գործոնը դառնում է թուրքական արտաքին քաղաքականության հիմնական գործիքներից մեկը: Միեւնույն ժամանակ, «Մոսադում» նաեւ հետեւություն են անում, որ տեսանելի հեռանկարում այդ գործոնի ազդեցությունը թուրքական արտաքին քաղաքականությունում միայն աճելու է` հաշվի առնելով իսլամական աշխարհում առաջնորդողի դեր ստանձնելու Անկարայի անթաքույց նկրտումները:

Իսլամական գործոնի rebranding-ը միջազգային ասպարեզում

Հատկանշական է, որ վերջին շրջանում միջազգային քաղաքականության մեջ տեղի է ունենում իսլամական գործոնի վերարժեւորում: Եթե նախորդ մի քանի տասնամյակներում այդ գործոնը միջազգային ասպարեզում նախ հանդես էր գալիս մարգինալ տեսքով, այնուհետեւ սկսեց ասոցիացվել միջազգային ահաբեկչության հետ, ապա այժմ նախեւառաջ` արեւմտյան տեղեկատվական ու դիվանագիտական ջանքերն ուղղված են իսլամական գործոնի վերիմաստավորմանը (rebranding-ին):

Սա շատ կարեւոր փոփոխություն է, իսկ եթե հաշվի առնենք այդ փոփոխության ծավալները (օրինակ` երկրների քանակը, որոնցում, չնայած տասնամյակներով իշխող էլիտաների դիմադրությանը, իսլամիստները կարողանում են իշխանության գալու ճանապարհ հարթել իրենց համար, իսլամական շարժումների տրամադրության տակ հայտնված ֆինանսական, տեղեկատվական ու մարդկային ռեսուրսները եւ այլն), միգուցե հնարավոր է պնդել, որ գործընթացը ստանում է աշխարհաքաղաքական նշանակություն:

Թերեւս, «արաբական գարնան» գլխավոր արդյունքը պետք է դիտարկել հենց այս համատեքստում: Մենք տեսնում ենք, որ արաբական հեղափոխությունների հետեւանքով Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում, Եմենում (սպասվում է Սիրիայում, անգամ նաեւ այն պետություններում, ուր հեղափոխական ալիքը ճնշվեց` Ալժիր, Մարոկկո, Հորդանան) իշխանության ճանապարհը բացվում է նախեւառաջ իսլամիստական ուժերի առջեւ:

Թուրքիայի նոր մոտեցումն աշխարհին

Այն, որ Թուրքիայում որոշում է կայացվել աշխարհում հանդես գալ նոր ռազմավարությամբ եւ այդ ռազմավարության հիմքում դնել իսլամական գործոնը` նորություն չէ: Ուշադրության արժանի է, սակայն, այն, թե ինչ նոր նախաձեռնություններով է հանդես գալու Թուրքիան առաջիկայում, ինչքան հեռու են պատրաստ գնալ Անկարայում` սեփական իսլամական օրակարգը կյանքի կոչելու առումով, քանի որ հստակ է` թուրքական ռազմավարության ներկայիս տրանսֆորմացիան գտնվում է սկզբնական շրջանում, ուստի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականություններում պետք է սպասել Անկարայի նոր նախաձեռնություններին:

Երեք գործոններ են առանձնացվում, որոնք պատճառ հանդիսացան Անկարայի կողմից նոր ռազմավարությանն անցնելու համար:

Առաջին. Սառը պատերազմի ավարտից հետո շոշափելի փոփոխությունների ենթարկվեցին ամերիկա-թուրքական հարաբերությունները: Այդ հարաբերություններում անգամ առաջացան հակասություններ տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության մի շարք առանցքային հարցերի հետ կապված, որոնք չեն վերացել նաեւ այսօր: Դրան զուգահեռ` եվրաինտեգրման գործում Անկարան հաջողություններ չունեցավ: Մի քանի տասնամյակ ձգվող Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացը կարելի է, ըստ ամենայնի, ավարտված համարել, եւ այդ մասին արդեն չեն խուսափում բարձրաձայնել անգամ թուրք առաջնորդները:

Որպես երկրորդ գործոն է նշվում վերջին քսան տարում Թուրքիայի ֆինանսատնտեսական կարողության նկատելի աճը: Թուրքական տնտեսության, ֆինանսական համակարգի շարունակվող վերելքը ոչ միայն Թուրքիան դարձրել են համաշխարհային տնտեսության մեջ նշանակություն ունեցող երկիր, այլեւ լուրջ ռեսուրսներ են ստեղծել Անկարայի համար` հանդես գալու տարածաշրջանային ու անգամ միջազգային քաղաքական նախաձեռնություններով:

Երրորդ գործոնն է Թուրքիայի անմիջական հարեւանությամբ ընկած տարածաշրջաններում ծավալապաշտության համար նպաստավոր պայմանների առաջացումը: Խորհրդային Միության փլուզումը նման հնարավորություն ստեղծեց Բալկաններում, Սեւծովյան, Կովկասյան, Կասպյան եւ Կենտրոնաասիական տարածաշրջաններում: Սադամ Հուսեյնի, Հոսնի Մուբարաքի եւ Մուամար Քադաֆիի վարչակարգերի տապալումը, Իրանի նկատմամբ ամերիկյան ճնշման մեծացումը եւ Հունաստանի ֆինանսատնտեսական ճգնաժամն էլ նման հնարավորություն ստեղծեցին Մերձավոր Արեւելքում, Միջերկրականի արեւելյան հատվածում եւ Հյուսիսային Աֆրիկայում:

Խոսքը բոլոր այն տարածաշրջանների մասին է, որոնք ոչ այնքան հեռավոր անցյալում կա՛մ Օսմանյան կայսրության մասն էին, կա՛մ գտնվում էին օսմանյան ազդեցության ներքո: Եվ իսլամական գործոնն այստեղ առանցքային դեր ունի, քանի որ գաղափարախոսության տեսանկյունից այն, ըստ էության, միակ գործոնն է, որը կարող է հիմնավորել թուրքական քաղաքականությունն այդ տարածաշրջաններում:

Իրավիճակային դիտարկում

Որպեսզի ցույց տրվի, թե նշված տարածաշրջաններում ինքն է իսլամ դավանող ազգերի թիվ մեկ եւ ազդեցիկ պաշտպանն աշխարհում, վերջին շրջանում Թուրքիան սկսեց ձեռնարկել մի շարք իմիջային քայլեր: Դրանք հայտնի են` սկսած Չինաստանի արեւմուտքում մահմեդական ույղուրների իրավունքների մասին բարձրաձայնելուց ու պաշտոնական Պեկինի հետ հրապարակային բանավեճի մեջ մտնելուց (2009թ. հուլիս), մինչեւ պաղեստինցիների համար հումանիտար օգնություն տեղափոխող հատուկ նավատորմի ստեղծումը եւ այդ նավատորմի հետ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով Իսրայելի հետ հարաբերությունների միտումնավոր սրումը (2010թ. մայիս):

Սակայն վերջին երկու տարիների ընթացքում Թուրքիան ավելի ու ավելի մեծ ջանքեր է գործադրում հատկապես իրեն հարակից տարածաշրջաններում գործող իսլամական ցանցերում, կառույցներում սեփական ներկայությունն ընդլայնելու ուղղությամբ: Նշվածը հրապարակային քաղաքականությունից չէ, եւ թուրքական այդ նախաձեռնությունների մասին լրատվամիջոցները քիչ են գրում, սակայն անվտանգության գծով ամերիկյան ու իսրայելական փորձագետները, հրապարակելով որոշ դրվագներ, դրանք արդեն իսկ ներկայացնում են որպես թուրքական նոր արտաքին քաղաքականության լրջության մասին վկայող կարեւորագույն ցուցիչ:

Թուրքիայի Արտաքին հետախուզական ծառայությունում մայիսի սկզբին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին նաեւ նախագահ Գյուլը եւ վարչապետ Էրդողանը, ծառայության տնօրեն Հաքան Ֆիդանը, անդրադառնալով MIT ծրագրերին, հայտարարեց, թե «առաջիկա մեկ-երկու տարիներին Թուրքիայի Արտաքին հետախուզական ծառայությունը կդառնա համաշխարհային կարգի հետախուզական կառույց»: Արեւմտյան փորձագետները, հղում կատարելով Ֆիդանի այդ խոսքերին, հետեւություն են անում, որ Անկարան փորձում է իր հետաքրքրության առարկա հանդիսացող տարածաշրջաններում ու հատկապես հարակից երկրներում սեփական ներկայությունը նոր` ավելի հիմնավոր մակարդակ տեղափոխել: Նշվում է, թե փոփոխություններ են նկատվում թուրքական հետախուզության գործելաոճում: Եթե նախկինում վերջինիս նպատակը գլխավորապես միտված էր օպերատիվ տվյալների հավաքմանն ու արձագանքմանը, ապա այժմ գերակայությունները ձեռք են բերում միջնաժամկետ ու երկարաժամկետ բնույթ` խնդիր ունենալով ստեղծել ազդեցության ցանցեր: Այս փոփոխությունն ամերիկյան ու իսրայելական փորձագետները կապում են Անկարայի արտաքին քաղաքականությունում տեղի ունեցող փոփոխությունների հետ:

Ապրիլի վերջին Իրաքը, որը Ռուսաստանից ու Գերմանիայից հետո Թուրքիայի երրորդ խոշոր առեւտրային գործընկերն է (անցած տարի երկկողմ առեւտրաշրջանառությունը կազմել է մոտ $12 մլրդ), հայտարարեց, թե դադարեցնում է նավթի արտահանումը Թուրքիայի տարածքով անցնող նավթամուղերով (Թուրքիայով Իրաքն օրական արտահանում էր մինչեւ 500 հազ. բարել նավթ): Պատճառը Իրաքի սուննի փոխնախագահ Թարիք ալ-Հաշեմիի շուրջ ստեղծված իրավիճակն է: Անցած տարվա դեկտեմբերից ալ-Հաշեմիին հայրենիքում մեղադրում են ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեջ: Նա հերքում է մեղադրանքները` պնդելով, թե Իրաքի կառավարող շիա վերնախավի նպատակն է քաղաքականապես թուլացնել սուննիներին: Այս պատմությունում ուշադրություն գրավեց նաեւ այն, որ Իրաքի վարչապետ, շիա Նուրի ալ-Մալիքիի գրասենյակը մեղադրեց թուրքական հատուկ ծառայություններին` ալ-Հաշեմիի փախուստը Բաղդադից նախ Կատար, իսկ այնուհետեւ Թուրքիա կազմակերպելու մեջ: Բանը հասավ անգամ այնտեղ, որ վարչապետ ալ-Մալիքին Թուրքիան անվանեց «թշնամի պետություն», որն անընդհատ խառնվում է Իրաքի ներքին գործերին: Ի պատասխան` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, թե Անկարան չի կարող միայնակ թողնել Իրաքի սուննիներին:

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը երկրների ղեկավարներից առաջինն էր, որ Հոսնի Մուբարաքի տապալումից հետո 2011թ. մարտի սկզբին այցելեց Կահիրե: Այստեղ ավելորդ չէ հիշել, որ Էրդողանն էլ նման կարգի առաջին մահմեդական առաջնորդն էր, որ Գյուլի այցից շուրջ մեկ ամիս առաջ կոչ էր արել Մուբարաքին հրաժարական տալ: Անցած տարվա վերջին եւ այս հունվար–փետրվարին Եգիպտոսում մի քանի փուլով կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում օրենսդիր մարմնի ստորին ու վերին պալատների տեղերի կեսից ավելին նվաճեցին իսլամիստական ուժերը: Վերջիններիս քաղաքական հակառակորդները պնդում են, թե իսլամիստական ուժերի հաղթանակի մեջ իր ծանրակշիռ դերն ունեցավ արտերկրից, առաջին հերթին` Սաուդյան Արաբիայից եւ Թուրքիայից ստացված ֆինանսական եւ տեղեկատվական աջակցությունը: Հատկանշական էր նաեւ «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության հիմնադիր Հասան ալ-Բանի թոռի` եգիպտացի ազդեցիկ իսլամիստ գործիչ Թարիկ Ռամադանի հայտարարությունը, որ Թուրքիան կարող է Եգիպտոսի համար «ճանապարհային քարտեզ» մշակել, թե ինչպես համատեղել իսլամը, ժողովրդավարությունը եւ ուժեղ տնտեսությունը: Ռամադանն այդ հայտարարությունն արեց խորհրդարանական ընտրություններից հետո, եւ այսօր շատերը Եգիպտոսում ու Արեւմուտքում դատողություններ անելով, թե ստեղծված նոր պայմաններում ինչ մոդել կարող է գործել արաբական երկրներում, առաջին հերթին մատնանշում են Թուրքիայի օրինակը:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր