• am
  • ru
  • en
Версия для печати
21.04.2011

ԼԻԲԻԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

EnglishРуский

   

Արտաշես Տեր-Հարությունյան

Այս տարվա ապրիլի 8-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, թե իր երկիրը Լիբիայիում հակամարտության դադարեցման ծրագիր է մշակում, որը պետք է ներառի զինադադարի հաստատում, որոշ քաղաքներից Մուամար Քադաֆիին հավատարիմ զորամիավորումների դուրսբերում, մարդասիրական «միջանցքների» ստեղծում եւ Լիբիայում ժողովրդավարական բարեփոխումների անհապաղ մեկնարկ:

Այն բանից հետո, երբ ապրիլի 3-ին Պենտագոնը հայտարարեց, թե Միացյալ Նահանգների զինուժը դադարեցնում է իր մասնակցությունը լիբիական կամպանիային, ինչից հետո Քադաֆիին հավատարիմ ուժերը կրկին ստացան ռազմական առավելություն ու նորից սկսեցին շարժվել Արեւելք` դեպի ապստամբների կենտրոնակայան Բենգազի, Էրդողանի այդ հայտարարությունը կարող է նշանակել, որ Մուամար Քադաֆիի դեմ ձեւավորված միջազգային կոալիցիայի համար հարցի լուծման ռազմական ճանապարհը կարծես թե կորցնում է առաջնահերթությունը:

Լիբիական ճգնաժամի ձեւավորման սկզբնական փուլում իր նախաձեռնողականությամբ հատկապես առանձնանում էր Ֆրանսիան, եւ պատահական չէ, որ հակաքադաֆիական առաջին համաժողովը տեղի ունեցավ մարտի 19-ին հենց Փարիզում, որին Թուրքիան անգամ չհրավիրվեց:

Սակայն Էրդողանի վերոհիշյալ հայտարարությունը ոչ միայն նշանակում է, որ Անկարայում առնվազն ունեն Միացյալ Նահանգների աջակցությունը (օրինակ, որպեսզի «միջազգային հանրության» անունից զինադադար առաջարկեն Քադաֆիին), այլեւ դրանով ցույց է տրվում թուրքական դիվանագիտության նպատակը` կարգավորողի դեր ստանձնել տարածաշրջանային կարեւոր հարցի վերաճած լիբիական ճգնաժամում:

Եվ եթե հարցին մոտենանք Օսմանյան կայսրության նախկին տարածքների ու, հետեւաբար, ազդեցության գոտիների տեսանկյունից, պարզ է դառնում, որ գործերը Հյուսիսային Աֆրիկայում կամ Միջերկրական ծովի այդ հատվածում խիստ հետաքրքրում են թուրքական քաղաքականությանը: Անշուշտ, այդ մոտեցումը նորություն չէ վերջին տարիների թուրքական արտաքին քաղաքականության պարագայում: Սակայն հարցն այն է, թե արդյոք միայն Միջերկրականի այդ հատվածո՞ւմ, թե՞ նախկին Օսմանյան կայսրության այլ տարածքներում ու ազդեցության գոտիներում եւս (օրինակ, Իրաք, Սիրիա, Լիբանան, Կովկաս) Միացյալ Նահանգներն աջակցելու է թուրքական այդ քաղաքականությանը:

Իրավիճակային դիտարկում

Լիբիական ճգնաժամի ծագման սկզբնական շրջանում Թուրքիան դեմ էր հատկապես օտարերկրյա ռազմական միջամտությանը: Հայտնի է ս.թ. փետրվարի 28-ի Էրդողանի հայտարարությունը, թե «ՆԱՏՕ-ն ոչինչ չունի անելու Լիբիայում»:

Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության այդ գիծը շարունակվեց նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի որոշումից եւ մարտի 19-ի փարիզյան կոնֆերանսից հետո, որի արդյունքում ստեղծվեց հակաքադաֆիական միջազգային կոալիցիա` ԱՄՆ, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Բելգիայի, Իտալիայի, Իսպանիայի ու Դանիայի մասնակցությամբ: Մարտի 20-ին կայացած ՆԱՏՕ-ի Խորհրդի նիստին հենց Թուրքիան էր, որ խոչընդոտ հանդիսացավ, որպեսզի Հյուսիսատլանտյան դաշինքը ստանձնի Լիբիայում ոչ թռիչքային գոտու ապահովման առաքելությունը:

Անկարայի այդ մոտեցման գլխավոր պատճառը թուրքական շահերի անտեսումն էր: Ինչպես նշվեց, հակաքադաֆիական կոալիցիայի ձեւավորման սկզբնական շրջանում հենց Փարիզն էր, որ առանձնացավ դիվանագիտական, տեղեկատվական ու ռազմական նախաձեռնողականությամբ: Արդյունքն այն եղավ, որ ֆրանսիական հետաքրքրությունների տեսանկյունից կարեւոր համարվող Միջերկրականում, 1956թ. Սուեզի ճգնաժամից ի վեր առաջին անգամ, Փարիզը (ի դեպ` դարձյալ Լոնդոնի հետ համատեղ1) ձեռնարկեց սեփական հեղինակությանն ու հետեւաբար` քաղաքական ազդեցության ընդլայնմանը միտված ռազմական կամպանիա: Սակայն Փարիզի այս ակտիվությունը պատճառ դարձավ, որ կրկին տեսանելի դառնան վերջին տարիներին ի հայտ եկած ֆրանս-թուրքական հակասությունները Միջերկրականի ավազանում2: Անցած շաբաթների ընթացքում լիբիական ճգնաժամում հանդես գալով նման նախաձեռնություններով` Ֆրանսիան միաժամանակ ջանք էր գործադրում, որպեսզի հնարավորինս աննկատ լինի Թուրքիայի ներգրավվածությունը գործընթացում: Պատահական չէ, որ մարտի 21-ին Անկարայում, ընդունելով Մակեդոնիայի պաշտպանության նախարար Զորան Կոնյանովսկուն, Թուրքիայի պաշտպանության նախարար Վեչդի Գյոնուլը հայտարարեց, թե Լիբիայի դեմ ռազմական կամպանիայում Ֆրանսիայի առաջնորդող դերը դժվար է հասկանալ:

Իրավիճակը, սակայն, փոխվեց մարտի 21-ին կայացած Օբամա– Էրդողան հեռախոսազրույցից հետո, որի ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել էր լիբիական ճգնաժամը:

Երկու օր անց` մարտի 23-ին, Թուրքիայի խորհրդարանը ոչ միայն հավանություն տվեց Լիբիայի ծովային շրջափակման համար նախատեսված ՆԱՏՕ-ական ուժերին թուրքական ռազմածովային զորամիավորումների միանալուն, այլեւ ԱՄՆ-ից հետո Անկարան տարածաշրջան ուղարկեց ամենամեծ ռազմածովային ուժերը` չորս ֆրեգատ, մեկ սուզանավ եւ օժանդակ մեկ նավ: Նույն օրն էլ հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը` կոչ անելով Մուամար Քադաֆիին հրաժարական տալ:

Հատկանշական է, որ Միացյալ Նահանգները դիմեց հենց Թուրքիայի աջակցությանը եւ վերջինիս միջնորդական առաքելության արդյունքում հնարավոր եղավ լիբիական գերությունից ազատ արձակել The New York Times-ի չորս լրագրողների: Իսկ մարտի 22-ին ԱՄՆ պետքարտուղարությունը պաշտոնապես հայտարարեց, թե Լիբիայում Միացյալ Նահանգների շահերը ներկայացնելու է այդ երկրում թուրքական դեսպանատունը:

Ի վերջո, լիբիական հարցում թուրքական ներգրավվածության ամենալուրջ վկայությունը դարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի որոշումը` Իզմիրի մոտ գտնվող թուրքական ռազմակայանում տեղակայել լիբիական ռազմական կամպանիայի համար պատասխանատու ՆԱՏՕ-ի հրամանատարական կետը:

Հետեւություններ

Խիստ ուշագրավ է, որ Թունիսում, Եգիպտոսում տեղի ունեցած եւ Լիբիայում, Եմենում, Սիրիայում ու արաբական այլ երկրներում շարունակվող զարգացումների ֆոնին Թուրքիան միջազգային դիվանագիտական ու տեղեկատվական հարթություններում հանդես եկող, փաստորեն, միակ մահմեդական երկիրն է, որը ձգտում է ազդեցություն ունենալ գործընթացների վրա: Անգամ իր ֆինանսական կարողություններով ու արաբական երկրներում հետկուլիսային կապերով հայտնի Սաուդյան Արաբիան չի կարողանում հանդես գալ նման ձեւով, եւ սաուդական մոտեցումներն էլ ավելի հաճախ սահմանափակվում են պաշտպանողական բնույթի քայլերով: Տարածաշրջանային մահմեդական մյուս տերության` Իրանի պարագայում եւս նախաձեռնություններն այնպիսի բնույթ չընդունեցին, ինչպես Թուրքիայի պարագայում: Իրանական իշխանությունները սահմանափակվեցին Եգիպտոսում տեղի ունեցածը կոչելով իսլամական հեղափոխություն եւ դիվանագիտական ու տեղեկատվական որոշակի ճնշում բանեցրին Բահրեյնի սուննի վերնախավի նկատմամբ:

Մյուս կողմից, նման կերպ ներգրավվելով լիբիական ճգնաժամում` Անկարան, ըստ էության, նախադեպ է ստեղծում Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում, հնարավոր է նաեւ Բալկաններում ու Հարավային Կովկաս–Կենտրոնական Ասիա գծում այդպիսի կամ դրան մոտ իրավիճակների առաջացման պարագայում իր հետագա` եթե ոչ ռազմական, ապա դիվանագիտական ու տեղեկատվական միջամտությունների համար:

Օրինակ, վերջին շրջանում Սիրիայում չեն դադարում հակակառավարական հուզումները, եւ առայժմ միակ երկիրը, որը գործուն միջամտություն է ցուցաբերում սիրիական զարգացումներին, Թուրքիան է: Մարտի վերջից Սիրիայում տեղի ունեցող հուզումների վերաբերյալ Թուրքիայի վարչապետի ու Սիրիայի նախագահի միջեւ կայացել են շուրջ կես տասնյակ հեռախոսազրույցներ: Մարտի 27-ին Դամասկոսում Բաշար ալ-Ասադն ընդունեց Թուրքիայի հետախուզության պետ Հաքան Ֆիդանին, իսկ օրեր անց այնտեղ էր արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Ուշադրություն գրավեց այն, որ սիրիական զարգացումների հետ կապված իր մի հայտարարությունում Էրդողանը կոչ արեց պաշտոնական Դամասկոսին` ընդառաջ գնալ սիրիացիների ցանկություններին եւ ժողովրդավարական բարեփոխումներ ձեռնարկել երկրում:

Ներկայացվածում, սակայն, պետք է առանձնացնել ԱՄՆ մոտեցումը: Տեսանելի է, որ Վաշինգտոնում որոշակի քայլեր են ձեռնարկում` նպաստելու Անկարայի տարածաշրջանային նկրտումներին, եւ լիբիական ճգնաժամում ի հայտ եկած ԱՄՆ-Թուրքիա փոխգործակցությունը կարծես թե դրա վկայությունն է: Այդ առումով նորությունը, թերեւս, այն է, որ Բուշ-կրտսերի նախագահության վերջին շրջանից ժառանգություն մնացած ամերիկա-թուրքական հակասություններին կարող է փոխարինելու գալ նոր իմաստ ստացած համագործակցությունը, քանի որ, օրինակ, Իրաքից հեռացող ԱՄՆ-ի համար Մերձավոր Արեւելքում անհրաժեշտ կլինի Թուրքիայի նման գործընկեր: Բայց հարցն այն է, թե ի վիճակի կլինի Թուրքիան ստանձնել նման դերակատարություն:

11956թ. հոկտեմբերի 29-ին Մեծ Բրիտանիան` Ֆրանսիայի ու Իսրայելի հետ դաշնակցած, ռազմական ակցիա սկսեց Եգիպտոսի դեմ` նպատակ ունենալով վերադարձնել վերահսկողությունը Սուեզի ջրանցքի նկատմամբ, որը, գրեթե մեկ դար (ջրանցքը բացվել է 1869թ.) պատկանելով բրիտանական ու ֆրանսիական բաժնետերերին, 1956թ. հուլիսի 26-ին ազգայնացվեց Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերի կողմից: Խորհրդային Միության ճնշման արդյունքում Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Իսրայելը, որոնց չպաշտպանեց Միացյալ Նահանգները, ստիպված եղան ընդամենը օրեր անց` 1956թ. նոյեմբերի 6-ին, դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ 1957թ. մարտին էլ դուրս բերել իրենց ռազմուժը Եգիպտոսի բռնազավթված շրջաններից:

2Այդ հակասությունները հիմնականում կապված են Ֆրանսիայի նախաձեռնության հետ` Միջերկրականի ավազանի երկրներից ստեղծել, այսպես կոչված, Միջերկրածովյան միություն: Թուրքիայում Փարիզի այդ նախաձեռնության մեջ տեսնում են իրենց համար վտանգավոր երկու հանգամանք: Նախ այդ կերպ ֆրանսիացիները փորձում են մեծացնել իրենց աշխարհաքաղաքական ազդեցությունն ավազանում, ինչը վերջին տարիներին փորձում են անել նաեւ թուրքերը: Երկրորդ, Փարիզը ցանկանում է Թուրքիայի առջեւ վերջնականապես փակել Եվրամիության դռները` փոխարենն առաջարկելով Անկարային մասնակցել Միջերկրածովյան ձեւաչափին:
Միջերկրածովյան միության գաղափարն առաջին անգամ առաջ քաշեց Ն.Սարկոզին` 2007թ. մայիսին, որպես ավազանի Եվրամիության երկրների ու Միությանը մաս չկազմող պետությունների համագործակցության ձեւաչափ: Միջերկրածովյան հիմնադիր համաժողովը գումարվեց 2008թ. հուլիսին Փարիզում եւ կոչվում էր «Բարսելոնյան գործընթաց. միություն հանուն Միջերկրական ծովի»: Ուշագրավ է, որ Անկարայում որոշ դիտորդներ կարծիք են հայտնում, թե իրականում նշված ճանապարհով Թուրքիային ԵՄ-ից դուրս թողնելու գաղափարի հեղինակը Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ն է:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր