• am
  • ru
  • en
Версия для печати
24.01.2011

ՀԱՐԱՎԱՅԻՆ ՍՈՒԴԱՆ. ՆՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

EnglishРуский

   

Արտաշես Տեր-Հարությունյան

Չնայած հունվարի 9-15-ը Հարավային Սուդանում տեղի ունեցած անկախության հանրաքվեի պաշտոնական արդյունքները հրապարակվելու են փետրվարի 6-14-ը ընկած ժամանակահատվածում, սակայն արդեն այսօր կարելի է խոսել հանրաքվեի արդյունքի մասին: Հանրաքվեի կայանալու փաստը շատ ավելի կարեւոր է, որովհետեւ գրեթե ոչ մեկի կասկածը չի հարուցում, որ մասնակիցների գերակշիռ մասը քվեարկել է Սուդանից Հարավային Սուդանի անկախացման օգտին: Մասնավորապես, հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացնող ամերիկյան ու եվրոպական մի շարք կազմակերպությունների անցկացրած exit-poll-երի համաձայն, քվեարկածների 90-95%-ը «այո» է ասել Հարավային Սուդանի անկախությանը:

Հարավային Սուդան. տվյալներ

Թեեւ Հարավային Սուդանի ու Հյուսիսային Սուդանի կամ պարզապես` Սուդանի միջեւ սահմանները վերջնականապես ճշտված չեն (կան վիճահարույց որոշ հատվածներ), բայց միջազգային մի քանի կազմակերպություններ հիմք են ընդունում հետեւյալ տվյալները` տարածքը գրեթե 620 հազ. կմ2 (մոտավորապես Ֆրանսիայի չափ, եւ կազմում է ընդհանուր Սուդանի տարածքի ավելի քան 24%-ը), բնակչությունը` 8 մլն 260 հազ. (Սուդանի բնակչության գրեթե 19%-ը):

Հարավային Սուդանն արդեն ունի իր դրոշը, հիմնը, սակայն դեռ չունի պաշտոնական անվանում: Ներկայում շրջանառվում են մի քանի տարբերակներ` Հարավային Սուդան, Նոր Սուդան, Կուշի Հանրապետություն, Նեղոսի Հանրապետություն: Մայրաքաղաքն է Ջուբան (բնակչությունը` 2008թ. մոտ 250 հազ.):

Հարավային Սուդանում բնակվում են ավելի քան 200 էթնիկ խմբեր, պաշտոնական լեզուն անգլերենն է, լայնորեն տարածված է նաեւ խոսակցական արաբերենը, տեղի լեզուներից ամենատարածվածը դինկան (Dinka) է, որով, տարբեր հաշվարկների համաձայն, խոսում է 2-3 մլն մարդ:

Միջազգային վերջին տվյալների համաձայն, Սուդանում բնակչության մոտ 70%-ը դավանում է սուննի իսլամ, 25%-ը` տեղի հավատալիքներ, իսկ 5%-ը` քրիստոնեություն: Քրիստոնյաների մեծ մասը բնակվում է հենց Հարավային Սուդանում, եւ դա է պատճառը, որ հատկապես ամերիկյան լրատվամիջոցներում Հյուսիսային ու Հարավային Սուդանների միջեւ պայքարը շատ հաճախ ներկայացվում է որպես պայքար մահմեդականների ու քրիստոնյաների միջեւ: Հարավային Սուդանում քրիստոնյաների թվի վերաբերյալ հստակ տեղեկություններ ներկայում չկան: Սակայն հայտնի է նաեւ, որ Հարավային Սուդանում քրիստոնյաների թիվն անընդհատ աճում է` քրիստոնյա միսիոներների գործունեության շնորհիվ: Հարավսուդանցի քրիստոնյաները հիմնականում կաթոլիկ են կամ անգլիկան:

Նավթի խնդիրը

Տարբեր գնահատականների համաձայն, Սուդանի նավթահանքերի մոտ 80%-ը գտնվում է Հարավային Սուդանի տարածքում:

Նավթի արդյունահանումը Սուդանում համեմատաբար նոր է: Խարթումը «սեւ ոսկի» սկսել է արտահանել 1999-ից: Միացյալ Նահանգների Էներգետիկայի նախարարության տվյալների համաձայն, 2010թ. իր նավթի պաշարներով Սուդանն Աֆրիկայում գրավում էր 5-րդ տեղը` իր 5 մլրդ բարել ապացուցված նավթի պաշարներով1: 2009թ. հայտարարվեց նաեւ Սուդանում բնական գազի պաշարների հայտնաբերման մասին, սակայն փորձագետների գնահատմամբ` դրանց սահմանափակ ծավալը դեռ թույլ չի տալիս խոսել բնական գազի կոմերցիոն արդյունահանման մասին:

Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացրած գնահատականի համաձայն, 2009թ. նավթից ստացվող եկամուտները Սուդանի` ողջ արտահանումից ստացվող եկամուտների 90%-ն էին կազմում: Նույն թվականին պետական եկամուտների մեջ նավթից ստացվող եկամուտները Խարթումի պարագայում կազմում էին 65%, իսկ Ջուբայի դեպքում` 98%:

ԱՄՆ Էներգետիկայի նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն, 2009թ. Սուդանն օրական արդյունահանում էր մոտ 485 հազ. բարել նավթ, իսկ սպառում էր 90 հազ. բարել, տարբերությունը` 395 հազ. բարել, արտահանվում էր: 1998-ից հետո, երբ Սուդանն անգամ նավթ էր ներմուծում` իր պահանջները ծածկելու համար, սուդանական նավթի արդյունահանումն աճել է ավելի քան 10 անգամ:

Դարձյալ վերջին` 2009թ. տվյալներով` Սուդանի նավթի հիմնական ներկրողներն են Չինաստանը` օրական 250 հազ. բարել կամ արտահանվող ողջ սուդանական նավթի գրեթե 65%-ը2, երկրորդ տեղում է Ինդոնեզիան` օրական 60 հազ. բարել, երրորդ տեղում է Ճապոնիան` օրական 50 հազ. բարել:

Չինաստանը նաեւ առաջատար տեղ է զբաղեցնում սուդանական նավթահանքերի կառավարման գործում: Սուդանում նավթահանքերը բաժանված են բլոկների: 1-ին, 2-րդ եւ 4-րդ բլոկները, որոնք 2009թ. միասին օրական արդյունահանում էին 180 հազ. բարել նավթ, գտնվում են Grater Nile Petroleum Operating Company կոնսորցիումի կառավարման ներքո, ուր 40% բաժնեմասը (մեծությամբ առաջինը) պատկանում է չինական China National Petroleum Corporation-ին: Grater Nile Petroleum Operating Company կոնսորցիումին է պատկանում նաեւ Սուդանի միակ նավթամուղը` Greater Nile Oil Pipeline-ը, որը սուդանական նավթի հանքերը կապում է Կարմիր ծովում գտնվող Պորտ Սուդան նավահանգստային քաղաքի հետ:

3-րդ ու 7-րդ բլոկները, որոնք 2009թ. միասին օրական արդյունահանում էին 240 հազ. բարել նավթ, գտնվում են մի քանի ընկերություններից բաղկացած Petrodar կոնսորցիումի կառավարման ներքո, որի 41% բաժնեմասը (կրկին` մեծությամբ առաջինը) դարձյալ պատկանում է չինական նույն ընկերությանը, իսկ 3%-ը` չինական մեկ այլ ձեռնարկությանը` Sinopec-ին:

Նշենք, որ առաջին հերթին նավթի գործոնով է բացատրվում այն աջակցությունը, որ անցած տարիների ընթացքում Պեկինը ցուցաբերում էր ու այժմ էլ ցուցաբերում է Սուդանի կենտրոնական` Խարթումի կառավարությանը միջազգային ասպարեզում, երբ այն ենթարկվում էր ԱՄՆ ու արեւմտաեվրոպական երկրների ճնշմանը` թե՛ Հարավային Սուդանի, թե՛ Դարֆուրի3 հարցերով:

Հյուսիս–Հարավ հակամարտությունը

Մեծ Բրիտանիայի իշխանության ներքո գտնվելու ընթացքում` 1899– 1956թթ. Հյուսիսային ու Հարավային Սուդանները կառավարվում էին որպես առանձին վարչական միավորներ, եւ բրիտանական գաղութային իշխանության վերջին շրջանում անգամ ծրագիր կար Հարավային Սուդանը միացնել հարեւան Ուգանդայի հետ:

Սուդանի անկախացումից ի վեր` 1956թ., Սուդանի հյուսիսային ու հարավային մասերը երկու անգամ պատերազմել են միմյանց հետ: Այդ պատերազմները հայտնի են Սուդանի առաջին ու երկրորդ քաղաքացիական պատերազմներ անվամբ (1955–1972թթ. եւ 1983–2005թթ.): Մահմեդական Հյուսիսի նպատակն էր` ամրապնդել իր իշխանությունը կիսաինքնուրույն Հարավի նկատմամբ, ընդլայնել տարածքները եւ ամբողջական վերահսկողություն սահմանել Սուդանի հարավի նավթահանքերի վրա: Մյուս կողմից` Հարավն էլ ձգտում էր մեծացնել իր ինքնուրույնության աստիճանը` հնարավորության դեպքում հասնելով անկախության:

Արդյունքը եղան մարդկային մեծաքանակ զոհերը. առաջին քաղաքացիական պատերազմի ժամանակ` կես միլիոն մարդ, երկրորդի` երկու միլիոն:

2005թ., գլխավորապես Միացյալ Նահանգների ճնշման արդյունքում4 ու միջնորդությամբ, կողմերը կնքեցին համաձայնագիր, ըստ որի էլ այս տարվա հունվարին Հարավային Սուդանում պետք է անցկացվեր հանրաքվե` պարզելու երկրամասի հետագա ճակատագիրը:

Ըստ 2005թ. կնքված համաձայնագրի, հանրաքվեի դրական արդյունքի դեպքում Հարավային Սուդանն իր անկախությունը կկարողանա հռչակել արդեն այս հուլիսի 6-ին, երբ լրանում է 6-ամյա համաձայնագրի ժամկետը:

Հետեւություն

Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ վերջին երեք տարիների ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է` Կոսովոյից հետո, ինչ ԱՄՆ ուղղակի քայլերի հետեւանքով անկախություն է ձեռք բերում որեւէ երկրամաս: Թերեւս, մենք ականատեսն ենք մի գործընթացի, որը կոչված է սպասարկելու ԱՄՆ գաղափարական ու աշխարհաքաղաքական շահերը: Եթե, իրոք, այդպես է, ապա առաջիկայում Կոսովոյին ու Հարավային Սուդանին կարող են հետեւել նոր երկրամասեր` Արեւմտյան Սահարան, Դարֆուրը եւ այլն: Նշվածը, հետեւաբար, չի կարող իր ազդեցությունը չունենալ միջազգային հարաբերությունների տրամաբանության վրա:

1Առաջին տեղում Լիբիան է` 44,3 մլրդ բարել, հետո Նիգերիան` 37,2 մլրդ բարել, երրորդ տեղում է Ալժիրը` 12,2 մլրդ բարել, չորրորդն Անգոլան է` 9,5 մլրդ բարել եւ վերջապես Սուդանը` 5 մլրդ բարել: Նույն աղբյուրի ներկայացմամբ, դեռ 2006թ. Սուդանի նավթի ապացուցված պաշարները գնահատվում էին 563 մլն բարել, այսինքն` մոտ 9 անգամ քիչ: Ըստ Սուդանի կառավարության, երկրի նավթի ապացուցված պաշարները կազմում են 6 մլրդ բարել:

22009թ. Սուդանից ներկրված նավթը կազմում էր Չինաստանի ներկրած ամբողջ նավթի 6%-ը:

3Սուդանի արեւմտյան մասում գտնվող Դարֆուրի տարածքն ավելի քան 493 հազ. կմ2 է, բնակչությունը` մոտ 6 մլն (2004թ.): Հակամարտությունը Դարֆուրում սկսվեց 2003թ. փետրվարին, երբ տարածաշրջանում գործող Արդարություն ու հավասարություն շարժումը (ԱՀՇ) եւ Սուդանի ազատագրության շարժումը զինված պայքար սկսեցին Սուդանի կենտրոնական կառավարության (Խարթումի) դեմ` մեղադրելով վերջինիս Դարֆուրում բնակվող ոչ մահմեդական (այդ թվում` քրիստոնյա) բնակչության դեմ իրականացվող էթնիկ զտումների ու ցեղասպանության մեջ: Միաժամանակ, ԱՀՇ-ն նպատակ ուներ եւ ունի Դարֆուրում հաստատել ինքնավարություն: Միջազգային հանրության ճնշման արդյունքում, 2010թ. փետրվարին Սուդանի կենտրոնական կառավարությունը եւ ԱՀՇ-ն զինադադար կնքեցին ու բանակցություններ սկսեցին` վերջնական հաշտության հասնելու նպատակով: Բանակցությունները, սակայն, շուտով ընդհատվեցին. կողմերը մեղադրեցին միմյանց զինադադարը խախտելու մեջ:

Տարբեր գնահատականներ կան Դարֆուրում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետեւանքով մարդկային զոհերի թվի վերաբերյալ` 20 հազարից մինչեւ մի քանի հարյուր հազար:

4Հաագայում գործող Միջազգային քրեական դատարանի կողմից 2009թ. եւ 2010թ. Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրի նկատմամբ քրեական գործերի հարուցումը (Դարֆուրում տեղի ուենցած ցեղասպանության մեղադրանքով), դիտորդների գնահատմամբ` Հարավային Սուդանի հարցում Խարթումից զիջում կորզելու նպատակ էին հետապնդում:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր