• am
  • ru
  • en
Версия для печати
29.11.2010

ԹՈՒՐՔԻԱ–ՉԻՆԱՍՏԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ

EnglishРуский

   

Արտաշես Տեր-Հարությունյան

Նոյեմբերի 8–14-ը Թուրքիայում ընթացան թուրք-չինական ցամաքային ուժերի համատեղ զորավարժություններ: Թեեւ զորավարժությունների մասշտաբն այնքան էլ մեծ չէր (այն ընթացավ հատուկ նշանակության ջոկատների մակարդակով, լեռնային տեղանքում եւ ուներ հակաահաբեկչական գործողություններ մշակելու նպատակ), սակայն Պեկինի ու Անկարայի միջեւ նման աննախադեպ ռազմական փոխգործակցության մեկնարկն անմիջապես գրավեց դիտորդների ուշադրությունը:

Ավելի վաղ` սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 6-ը, Թուրքիայում չինական օդուժի հց-27 եւ ԾՌչ-29 մեկ տասնյակը չգերազանցող ռազմական ինքնաթիռները, թուրքական օդուժի հետ միասին, պատմության մեջ առաջին անգամ անցկացրին համատեղ զորավարժություններ: Դրանք, ի դեպ, ընթացան Միացյալ Նահանգների ու ՆԱՏՕ-ի օդուժի համար անչափ կարեւորվող Կոնիայի ավիաբազայում եւ արժանացան պաշտոնական Վաշինգտոնի քննադատությանը:

Ույղուրական հարցի պատճառով 2009թ. երեւան եկած թուրք-չինական լարվածության ֆոնին` այդ զորավարժություններն, անշուշտ, վկայում են, որ հակասությունները Պեկինի ու Անկարայի միջեւ ոչ միայն հաղթահարվել են, այլեւ Թուրքիան ու Չինաստանը փորձում են նոր մակարդակի բարձրացնել իրենց հարաբերությունները:

Սակայն հարցն այդքանով չի փակվում: Պեկինն ու Անկարան ունեն շատ կարեւոր մի նմանություն. երկուսն էլ, դուրս գալով տեւական ժամանակ ձգված աշխարհաքաղաքական թմբիրից, ներկայում ձեռնամուխ են եղել արտաքին ակտիվ քաղաքականության իրականացմանը` նպատակ ունենալով աշխարհում (Չինաստանի պարագայում) եւ հարակից տարածաշրջաններում (Թուրքիայի պարագայում) ընդլայնել սեփական ազդեցությունը: Եթե նման ծրագրեր ու կարողություններ ունեցող երկրները սկսում են հարաբերություններ զարգացնել ռազմավարական նշանակություն ունեցող ռազմաքաղաքական ոլորտում, ապա ավելի հավանական է, որ նրանց նպատակները չսահմանափակվեն միայն երկկողմ ձեւաչափով:

Իրավիճակային դիտարկում

Պաշտոնական հարաբերությունները Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ սկսվեցին 1971թ. օգոստոսի 5-ից, երբ Անկարան պաշտոնապես ճանաչեց ՉԺՀ-ն: Մինչ օրս Թուրքիան հավատարիմ է մնում, այսպես կոչված, «մեկ Չինաստանի» քաղաքականությանը, ըստ որի` Անկարան ՉԺՀ-ն ճանաչում է որպես Չինաստանի միակ օրինական ներկայացուցիչ1:

Թուրք-չինական հարաբերությունները կտրուկ սրվեցին անցած տարի ամռանը, երբ 2009թ. հուլիսի 5-ին Չինաստանի արեւելքում ընկած Սինցզյան-Ույղուրական Ինքնավար Շրջանի վարչական կենտրոն Ուրումչիում տեղի ունեցան ույղուրների բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք վերաճեցին բախումների: Արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, սպանվեց 184 հոգի, վիրավորվեց մոտ հազարը: Ուրումչիում տեղի ունեցած դեպքերին բավական կտրուկ արձագանքեցին Թուրքիայում: Այդ երկրի առեւտրի ու արդյունաբերության նախարար Նիհաթ Էրգունը կոչ արեց թուրք սպառողներին բոյկոտել չինական ապրանքները: Վարչապետ Էրդողանն ավելի հեռուն գնաց. նախ սպառնաց ույղուրական հարցը դարձնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկման առարկա, ապա խոստացավ մուտքի վիզա տրամադրել ույղուրների անկախության համար պայքարող Ույղուրների համաշխարհային կոնգրեսի առաջնորդ Ռեբիյա Կադիրին2, եթե նա ցանկանա այցելել Թուրքիա, եւ վերջապես` 2009թ. հուլիսի 10-ի հեռուստաելույթի ժամանակ Ուրումչիում տեղի ունեցածը կոչեց «ցեղասպանություն»: Ի պատասխան` Չինաստանի փոխարտգործնախարար Ժայ Ջունը Էրդողանի հայտարարությունը բնորոշեց որպես «անպատասխանատու»:

Այդպիսի վիճակում, սակայն, թուրք-չինական հարաբերությունները երկար չմնացին: Պատճառներից մեկը համաշխարհային տնտեսական ճգնաժամն էր: Վերջինիս հետեւանքով թուրքական արտահանման համար ավանդական հանդիսացող շատ կարեւոր շուկաներ` եվրոպական, ռուսական, ամերիկյան, սկսեցին կրճատվել, իսկ չինականն այն սակավաթիվ տնտեսություններից էր, որ անգամ ճգնաժամի ամիսներին աճում էր եւ այժմ էլ շարունակում է աճել: Դա իր ազդեցությունն ունեցավ Անկարայում:

Այսօր Թուրքիայի համար Չինաստանը խոշոր առեւտրային գործընկեր է: Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի հրապարակած վերջին` 2010թ. առաջին ինն ամիսներն ընդգրկող, տվյալների համաձայն, ներկայում Պեկինը Անկարայի երրորդ խոշոր առեւտրային գործընկերն է (Գերմանիայից եւ Ռուսաստանից հետո) եւ երկրորդը` միայն ներմուծման գծով:

Թուրք-չինական նոր հարաբերությունների մասին հնարավոր եղավ խոսել Չինաստանի վարչապետ Վեն Ժիաբաոյի Թուրքիա կատարած այցելության արդյունքում: Հոկտեմբերի 8-ին Անկարայում Էրդողան-Ժիաբաո բանակցություններից եւ թուրք-չինական ութ պայմանագրերի ստորագրումից հետո, հայտարարվեց, թե երկու երկրներն անցնում են «ռազմավարական համագործակցության հարաբերությունների», ինչը նշանակում է «քաղաքական հարաբերությունների խորացում եւ երկկողմ առեւտրատնտեսական կապերի ընդլայնում»: Նշվեց, թե նպատակ կա երկկողմ առեւտուրը 2015թ. հասցնել $50 մլրդ-ի, իսկ 2020թ.` $100 մլրդ-ի:

Հետեւություններ

Թուրքիայի հետ նոր հարաբերություններ զարգացնելով` Չինաստանը փորձում է լուծել մի քանի խնդիր:

Նախ նշենք ույղուրական հարցը: Անվտանգության ոլորտում Անկարայի հետ կապերը խորացնելով` Պեկինը նպատակ ունի ի ցույց դնել, որ Թուրքիան այլեւս չի սատարում ույղուրական շարժմանը: Այդ հարցը կարեւոր է համարվում Չինաստանում, քանի որ 2008թ. մարտին Տիբեթում տեղի ունեցած հուզումներից հետո, Պեկինում չեն ցանկանում նմանատիպ իրավիճակ ունենալ նաեւ հարեւան նահանգում, ինչը Չինաստանի վրա լրացուցիչ միջազգային ճնշման հնարավորություն է ստեղծում:

Անկարայի հետ «ռազմավարական համագործակցության հարաբերությունները» Պեկինի համար, ըստ ամենայնի, ձեռք են բերում կարեւոր աշխարհաքաղաքական նշանակություն: Արեւմտյան աղբյուրներն առանձնացնում են այն, որ դեպի Թուրքիա ուղեւորվելիս` չինական օդուժի ինքնաթիռներն անցան Պակիստանով ու Իրանով` երկու երկրներում էլ կանգնելով ու համալրելով վառելիքի պաշարները, ինչն աննախադեպ «էքսպեդիցիա» էր Չինաստանի բանակի համար: Այստեղ կարեւոր է երկու հանգամանք: Առաջին. նման քայլով Պեկինն ի ցույց է դնում Եվրասիայում ռազմական տեղաշարժեր կատարելու իր հնարավորությունները, ինչը Չինաստանի կողմից հերթական քայլն է` ցամաքային ճանապարհով, ուր ամերիկյան ռազմուժի կարողություններն ավելի փոքր են, մուտք ապահովել դեպի չինական տնտեսության համար անհրաժեշտ ռեսուրսների աղբյուրներ եւ շուկաներ: Երկրորդ. թե՛ Պակիստանը եւ թե՛ հատկապես Իրանը, ուր չինական ռազմական ինքնաթիռներն առաջին անգամ էին վայրէջք կատարում, աչքի չեն ընկնում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հետ ջերմ հարաբերություններով: Հաշվի առնելով այս, ինչպես եւ` վերջին շրջանում ամերիկա-թուրքական ռազմաքաղաքական հարաբերություններում շարունակվող տարաձայնությունները` արեւմտյան դիտորդները նշում են, որ չինական օդուժի նշված էքսպեդիցիան կարելի է ընկալել որպես Պեկինի փորձը` հասնել Պակիստանով, Իրանով ու Թուրքիայով ձգվող աշխարհաքաղաքական որոշակի գծի ստեղծմանը` մանավանդ որ նախորդ տարիներին վերջին երեք երկրների միջեւ հարաբերությունները միայն լավացել են:

Մյուս կողմից, Չինաստանի այս նախաձեռնությունը պետք է դիտարկել հատկապես միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո աշխարհում իր ազդեցությունն ընդլայնելու միտված Պեկինի արտաքին քաղաքական քայլերի համատեքստում: Պատահական չէ, որ Չինաստանի վարչապետի այցելությունը Թուրքիա եւ ձեռք բերված պայմանավորվածությունները ժամանակային առումով գրեթե համընկան Պեկինի արտաքին քաղաքական այլ ուշագրավ ու որոշ դեպքերում` աննախադեպ նախաձեռնությունների հետ: Այսպես` հոկտեմբերի 2-ին, գտնվելով Աթենքում, Չինաստանի վարչապետը խոստացավ Հունաստանին գնել վերջինիս պետական պարտատոմսերը, ինչը շոշափելի աջակցություն կլինի ծանր վիճակում գտնվող հունական տնտեսության համար: Նոյեմբերի 6-ին տնտեսական վատ օրեր ապրող Պորտուգալիային նույնպիսի խոստում տվեց Լիսաբոնում գտնվող Չինաստանի նախագահ Հու Ձինտաոն: Ավելի շուտ` նոյեմբերի 4-ին, Փարիզում Ձինտաոյի եւ Սարկոզիի ներկայությամբ ստորագրվեցին $22.8 մլրդ ընդհանուր արժողությամբ չին-ֆրանսիական առեւտրատնտեսական մի քանի պայմանագրեր: Իսկ նոյեմբերի 9-ին` Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի Չինաստան կատարած այցի ընթացքում ստորագրվեց $1.2 մլրդ-ի հասնող մի գործարք, ըստ որի` բրիտանական Rolls-Royce ընկերությունը չինական China Eastern Airlines ավիաընկերության Airbus 330 տեսակի 16 ինքնաթիռների համար շարժիչներ է պատրաստելու: Հասկանալի է, թե տնտեսական լավ վիճակում չգտնվող եվրոպական տնտեսությունների համար Պեկինի ձեռնարկած այդ քայլերը որքան կարեւոր են:

Թուրքիայի պարագայում Չինաստանի հետ նման պայմանավորվածությունների կայացումը կարող է ունենալ առնվազն երկու պատճառ:

Առաջին. առանձնանում է այն հանգամանքը, որ Պեկինի հետ նման «ճեղքում» Անկարան կատարում է նոյեմբերի 19-20-ը Լիսաբոնում նախատեսված ՆԱՏՕ հերթական գագաթաժողովի նախօրեին: Թուրք-ամերիկյան շարունակվող ռազմաքաղաքական տարաձայնությունների ֆոնին` Անկարայի այս նախաձեռնությունն ամերիկյան ու եվրոպական փորձագիտական հանրությունների կողմից ընկալվեց որպես Արեւմուտքից հեռանալու հերթական քայլ: Այդ առումով, կարծես թե որպես լրացում եղավ նոյեմբերի 9-ին Եվրահանձնաժողովի հրապարակած ԵՄ-ին անդամակցության ճանապարհին Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ հերթական զեկույցը, ըստ որի` Անկարան դեռ պատրաստ չէ անդամակցել ԵՄ-ին: Զեկույցը բացասական բուռն արձագանք գտավ Անկարայում:

Երկրորդ. ուշադրություն է գրավում այն, որ անգամ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունում (դարձյալ` որպես Արեւմուտքին այլընտրանք) Անկարան ու Մոսկվան չեն հասել կամ դեռ չեն հասել այն կետին, ինչը թույլ կտա իրականացնել, օրինակ, նման կարգի զորավարժություններ: Հնարավոր է, որ այստեղ իրենց դերն ունեն նաեւ երկու երկրների միջեւ առկա հայտնի հակասությունները, որոնք չկան թուրք-չինական հարաբերություններում:

Նշվածը թույլ է տալիս ենթադրել, որ թուրք-չինական «ռազմավարական համագործակցության» բարեհաջող զարգացման դեպքում Պեկինը կարող է, առաջ անցնելով Մոսկվայից, Անկարայի համար դառնալ ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին այլընտրանք հանդիսացող ռազմաքաղաքական գործընկեր: Այդ իմաստով ուշագրավ է իսրայելական աղբյուրների մատուցած տեղեկությունը, ըստ որի` հոկտեմբերի 11-ին Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է Չինաստանի հետ ռազմական ու հետախուզական ոլորտներում համագործակցության հարցը, որը կներառի Թուրքիան, Սիրիան ու Իրանը: Արդեն նոյմբերի 8-ին Դամասկոսում Ասադն ընդունեց Չինաստանի Կենտրոնական ռազմական հանձնաժողովի3 փոխնախագահ Հու Չայհուին, որի ժամանակ քննարկվեցին երկկողմ ռազմական կապերը:

1Հայտնի է, որ միջազգային ասպարեզում Չինաստանի Հանրապետությունը (ՉՀ) կամ Թայվանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) հետ վիճարկում է աշխարհում Չինաստանն օրինական կերպով ներկայացնելու իրավունքը:

2Ռեբիյա Կադիրը բնակվում է ԱՄՆ-ում: Ինչպես Դալայ-լամայի, այնպես էլ տիկին Կադիրի պարագայում Չինաստանի կառավարությունը հետեւողական է, որ նրա այցելությունները տարբեր երկրներ արգելվեն: 2006թ. եւ 2007թ. Թուրքիան հրաժարվել էր մուտքի վիզա տրամադրել Ույղուրների համաշխարհային կոնգրեսի առաջնորդին:

3Հանձնաժողովը Չինաստանի Կոմկուսի մասը հանդիսացող մարմին է, որը իրականացնում է զինված ուժերի վերահսկողությունը:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր