
ԹՈՒՐՔԻԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
Արտաշես Տեր-ՀարությունյանՍեպտեմբերի 12-ին Թուրքիայում կայացավ իշխող Ազատություն եւ զարգացում կուսակցության (ԱԶԿ, թուրք.` AKP) կողմից առաջարկված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Չնայած ԱԶԿ-ին ընդդիմադիր երկու ուժերն էլ` քեմալիստական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ, թուրք.` CHP) եւ Ազգայնական շարժում կուսակցությունը (ԱՇԿ, թուրք.` MHP), բանակի ղեկավարության երբեմն անթաքույց աջակցությամբ դեմ էին այդ փոփոխություններին, սակայն վարչապետ Էրդողանի թիմակիցները կարողացան բարեհաջող կերպով անցկացնել հանրաքվեն եւ ստանալ քվեարկողների ձայների մեծամասնությունը1:
Հասկանալի է, որ ԱԶԿ-ի կողմից առաջարկված սահմանադրական փոփոխությունները վերջին տարիներին Թուրքիայում իշխող քաղաքական ուժի եւ երկիրը տասնամյակներ ղեկավարած, իսկ այսօր ընդդիմադիր քեմալիստների միջեւ ընթացող պայքարի դրսեւորումներից էին: Բայց նման արդյունքով հանրաքվեն, իրականում, պետք է համեմատել 2002թ. խորհրդարանական ընտրությունների հետ, երբ շուրջ քառորդ դար տեւած պայքարից հետո իսլամական ուղղվածության քաղաքական ուժը կարողացավ գալ իշխանության: Շատ դիտորդներ այն կարծիքին են, որ եթե 2002թ. ընտրությունները հիմնարար փոփոխություններ առաջացրին Թուրքիայի քաղաքական դաշտում` ներգործելով այդ երկրում տասնամյակներ գոյություն ունեցած որոշումների կայացման մեխանիզմի ու քաղաքական-տնտեսական շրջանակների միջեւ առկա ուժերի փոխդասավորվածության վրա, ապա այս հանրաքվեի արդյունքները կարող են այդ փոփոխությունները տանել ավելի արմատական ուղղությամբ` Թուրքիայի պատմության մեջ բացելով նոր էջ:
Սահմանադրական փոփոխությունները
Դեռ գարնանը Թուրքիայի խորհրդարանում մեծամասնություն ունեցող ԱԶԿ-ն2 ներկայացրեց սահմանադրական փոփոխությունների մի փաթեթ: Օրենսդիր մարմնով փաթեթն անցկացնելու եւ օրենքի ուժ տալու համար անհրաժեշտ էր խորհրդարանի պատգամավորների ձայների 2/3-րդը` 367 քվե: Քվեարկության ժամանակ ԱԶԿ-ն չկարողացավ այդքան ձայն հավաքել, սակայն ստացած 336 ձայնը բավարար էր3, որպեսզի փաթեթը ներկայացվի հանրաքվեի` նախագահ Աբդուլա Գյուլի կողմից այն ստորագրելուց 60 օր անց4:
Հանրաքվեին ԱԶԿ-ն ներկայացրել էր Թուրքիայի սահմանադրության ընդհանուր թվով 26 հոդվածների փոփոխության վերաբերյալ առաջարկություն: Բոլոր փոփոխություններին մենք այստեղ չենք անդրադառնա: Կառանձնացնենք միայն նրանք, որոնք կարեւոր են Թուրքիայի ներքաղաքական զարգացումների տեսանկյունից:
Ամենակարեւոր փոփոխությունը, թերեւս, այն է, որ հետայսու եթե երկրի Սահմանադրական դատարանի (ՍԴ) կողմից քաղաքական որեւէ կուսակցություն փակվի, ապա այդ կուսակցության պատգամավորները շարունակելու են պաշտոնավարել խորհրդարանում` մինչեւ իրենց լիազորությունների ավարտը, այսինքն` մինչեւ նոր ընտրություններ:
Այս փոփոխությունը շատ կարեւոր հաջողություն է ԱԶԿ-ի համար, որովհետեւ քեմալիստների ազդեցության ներքո գտնվող Սահմանադրական դատարանի5 այդ իրավասությունը լուրջ զենք էր նրանց` ԱԶԿ հակառակորդների ձեռքին: Ոչ հեռու անցյալում` 2008թ., ԱԶԿ-ն մի անգամ արդեն կանգնել էր փակվելու (հետեւաբար` խորհրդարանում իր պատգամավորական տեղերից զրկվելու) վտանգի առջեւ, երբ առաջարկում էր վերացնել պետական հաստատություններում կանանց գլխաշոր կրելու արգելքը: Այն ժամանակ ԱԶԿ-ն կարողացավ խույս տալ ՍԴ-ի կողմից փակվելու վտանգից` գլխաշորերի արգելքի վերացման վերաբերյալ իր պահանջից հրաժարվելու գնով6: Այստեղ ավելորդ չէ նշել, որ ԱԶԿ-ի «հայր» կուսակցությունները երկրի ՍԴ-ի կողմից փակվել են հենց Թուրքիայի աշխարհիկ բնույթին սպառնալու մեղադրանքով` 1980թ. Milli Selamet Partisi-ին, 1998թ. Refah Partisi-ին եւ 2001թ. Fazilet Partisi-ին:
Բացի այդ, փոփոխված սահմանադրությամբ ՍԴ-ն ընդլայնվեց` 11-ից դառնալով 17, եւ եթե նախկինում սահմանադրական դատարանի անդամներին նշանակում էր միայն երկրի նախագահը, ապա նոր դատարանում նախագահը նշանակելու է անդամներից 14-ին, իսկ մնացած 3-ին ընտրելու է խորհրդարանը: Այսուհետեւ ՍԴ անդամները նշանակվելու են 12 տարով, ու 65 տարեկան դառնալուն պես պետք է պաշտոնաթող լինեն: Միեւնույն ժամանակ, եթե նախկինում որեւէ քաղաքական կուսակցություն փակելու համար անհրաժեշտ էր ՍԴ անդամների 3/5-ի, ապա այժմ պետք է 2/3-ի համաձայնությունը (այսինքն` ավելի է բարդացվել):
Հասկանալի է, որ ՍԴ կազմի ընդլայնումն ուղղակի հնարավորություն կտա ԱԶԿ-ին երկրի դատական բարձրագույն ատյանում ընդլայնել իր ազդեցությունը, քանի որ, ինչպես հայտնի է, երկրի նախագահը ԱԶԿ-ից է, իսկ խորհրդարանում կուսակցությունը մեծամասնություն ունի:
Երկրի դատական համակարգում ԱԶԿ ազդեցությունն ընդլայնող հաջորդ սահմանադրական փոփոխությունը վերաբերում է Դատավորների ու դատախազների բարձրագույն խորհրդին (ԴԴԲԽ, թուրք.` HSYK): Թուրքիայի դատական համակարգում խորհրդի դերակատարությունը կարեւորվում է նրանով, որ վերջինս է նշանակում ու ազատում երկրի առաջին ատյանի դատարաններից բարձր գտնվող դատարանների դատավորներին ու դատախազներին եւ վերահսկում է առաջին ատյանի դատարանների գործունեությունը: Մինչեւ սահմանադրական փոփոխությունը, խորհրդի 7 հոգանոց կազմը բաղկացած էր երկրի արդարադատության նախարարից (ով միաժամանակ հանդիսանում է խորհրդի ղեկավարը), արդարադատության փոխնախարարից, 3 անդամները նշանակվում էին Վճռաբեկ բարձրագույն դատարանի (թուրք.` Yargitay), իսկ մնացած 2-ն էլ` Պետական խորհրդի (վարչական բարձրագույն դատարան, թուրք.` Danistay) կողմից:
Սահմանադրական փոփոխությամբ ԴԴԲԽ-ն նախ ընդլայնվեց` 7-ից դառնալով 22: Այսուհետեւ նոր 15 անդամներից 4-ին նշանակելու է երկրի նախագահը, իսկ մնացած 11-ն ընտրվելու են մոտ 13 հազար դատավորների ու դատախազների կողմից: Բացի այդ, ԴԴԲԽ-ի կողմից պաշտոնանկ արված դատավորները կամ դատախազները այլեւս կարող են դատական կարգով վիճարկել խորհրդի նման որոշումները, ինչը նախկինում չկար:
Էրդողանի ղեկավարած քաղաքական ուժի համար այստեղ առավելությունն այն է, որ ի տարբերություն դատական բարձրագույն ատյանների, ցածր ատյաններում, որոնց ներկայացուցիչները, բնականաբար, մեծ թիվ են կազմում երկրի դատավորների ու դատախազների շարքում, ավելի շատ են ներկայացված ԱԶԿ կողմնակիցները կամ իսլամական ավանդույթների նկատմամբ համեմատաբար ավելի լոյալ կեցվածք ունեցող մարդիկ: Հետեւաբար, ԴԴԲԽ 11 անդամների ընտրություններում ԱԶԿ-ն կարող է լուրջ հույսեր ունենալ:
Հանրաքվեով հավանություն ստացած ԱԶԿ սահմանադրական փոփոխությունների հաջորդ կարեւոր հատվածն առնչվում է զինվորականներին: Նախ վերացվեց սահմանադրորեն ամրագրված այն դրույթը, ըստ որի` արգելվում է դատական հետապնդման ենթարկել այն զինվորականներին, որոնք իրականացրել էին 1980թ. պետական հեղաշրջումը7:
Երկրորդ` Ռազմական բարձրագույն խորհրդի (ՌԲԽ, թուրք.` YAS) որոշումները, որոնք վերաբերում են Թուրքիայի զինված ուժերի զինվորականների պաշտոնանկությանը, հետայսու կարող են դատական կարգով վիճարկվել այդ զինվորականների կողմից: Նախկինում ՌԲԽ նման որոշումները վերջնական էին, ինչը շոշափելի առավելություն էր տալիս բարձրագույն զինվորականությանը` զինված ուժերում սեփական ազդեցությունը պահելու եւ հետեւաբար` ներքաղաքական կյանքում ավելի վճռական հանդես գալու գործում:
Եվ վերջապես, սահմանադրական փոփոխությամբ քաղաքացիական դատարաններն իրավունք են ստանում դատել զինվորականներին: Իսկ ռազմական դատարանները զրկվում են քաղաքացիական անձանց դատելու իրավունքից, բացի ռազմական դրության ժամանակաշրջանից:
Պարզ է, որ ԱԶԿ նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների այս հատվածը միտված է թուլացնելու ներքաղաքական պայքարում իր հիմնական հակառակորդ հանդիսացող զինված ուժերի վերնախավին: Զինված ուժերին առնչվող սահմանադրական փոփոխությունները, փաստորեն, 2007թ. հունիսին սկիզբ առած Ergenekon եւ 2010թ. հունվարին մեկնարկած Balyoz (կռան, ռուս.` кувалда) պայմանական անունները կրող ու բարձրաստիճան զինվորականների դեմ ուղղված քրեական գործերի տրամաբանական շարունակությունն են8:
Իրավիճակային գնահատական
Սեպտեմբերի 12-ի հանրաքվեում ԱԶԿ հաղթանակն իրավական բավական լուրջ մեխանիզմներ է տալիս վերջինիս` արագացնելու Թուրքիայի ներքին կյանքում իր կշիռն ու ազդեցությունն ընդլայնելու գործընթացը:
Հանրաքվեի նման արդյունքները ԱԶԿ-ն փորձելու է օգտագործել 2011թ. ամռանը սպասվող խորհրդարանական ընտրությունների ժամանակ շոշափելի հաղթանակ տանելու համար: Այն, շատ դիտորդների գնահատմամբ, կարող է Էրդողանին հնարավորություն տալ ընդհանրապես նոր սահմանադրության առաջարկման համար, որը զինված ուժերը վերջնականապես կդնի կառավարության վերահսկողության ներքո9:
Մյուս կողմից, հանրաքվեում ԱԶԿ հակառակորդների` բանակ, քեմալիստներ, պարտությունը հարկադրելու է նրանց հրաժարվել տասնամյակներ աշխատած լծակներից: Այդ իմաստով` հավանական է, որ առաջիկայում մենք ականատես լինենք վերջիններիս կողմից նոր մարտավարական քայլերի կիրառմանը ներքաղաքական դաշտում, իսկ դա կբերի թուրքական քաղաքականության համար մի շարք` այդ թվում ավանդական հարցերում նոր մոտեցումների ձեւավորմանը:
Միեւնույն ժամանակ, բացառված չէ, որ այսուհետեւ ԱԶԿ-ի նկատմամբ քեմալիստների ու բանակի դիրքորոշումները որոշակիորեն մեղմանան` ընդունելով սպասողական վիճակ10:
1Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած տվյալների համաձայն, հանրաքվեին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների (ներկայում նրանց ընդհանուր թիվն է` 38.369.254) 73.71%-ը: Կողմ են քվեարկել 57.88%-ը, դեմ` 42.12%-ը:
2Ներկայում թուրքական 550 տեղանոց խորհրդարանում իշխող ԱԶԿ-ն ունի 336 պատգամավոր, ընդդիմադիր ՀԺԿ-ն` 97, ԱՇԿ-ն` 69, քրդական Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցությունը (ԽԺԿ, թուրք.` BDP)` 12, մնացած տեղերը բաշխված են այլ կուսակցությունների եւ անկախ պատգամավորների միջեւ:
3Ցանկացած հարց հանրաքվեի ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ առնվազն 330 պատգամավորի ձայն:
4Գյուլը փաթեթը ստորագրեց ս.թ. մայիսի 13-ին:
5Ընդհանրապես, Թուրքիայում դատական բարձրագույն ատյանները գտնվում են քեմալիստների ազդեցության ներքո:
62008թ. փետրվարի 7-ին Թուրքիայի խորհրդարանը 403 կողմ/107 դեմ ձայների հարաբերակցությամբ քվեարկեց պետական հաստատություններում կանանց գլխաշորեր կրելու արգելքի վերացման օգտին, սակայն նույն թվականի հունիսի 5-ին երկրի ՍԴ-ն չեղյալ հայտարարեց այդ որոշումը` պետության աշխարհիկ բնույթին վտանգ սպառնալու պատճառաբանությամբ: Ուշագրավ է, որ այն ժամանակ ԱԶԿ-ի հետ օրինագծին կողմ քվեարկեց նաեւ աշխարհիկ համարում ունեցող Ազգայնական շարժում կուսակցությունը (ԱՇԿ)` այն հիմնավորմամբ, թե հարցն առնչվում է ոչ թե Թուրքիայի հնարավոր իսլամականացմանը, այլ` մարդու իրավունքներին ու ազատությանը:
7Թուրքիայի ներկայիս սահմանադրությունն ընդունվել է 1980թ.` նույն թվականին պետական հեղաշրջում իրականացրած զինվորականների փաստացի թելադրանքով:
8Երկու գործերով էլ Թուրքիայի զինված ուժերի պաշտոնաթող ու գործող բարձրագույն հրամանատարությունը մեղադրվում էր նոր ռազմական հեղաշրջում կազմակերպելու մեջ, ինչի հետեւանքով ԱԶԿ կառավարությունը պետք է տապալվեր: Սակայն ի տարբերություն Ergenekon-ի, Balyoz-ի գործի ժամանակ ի հայտ եկավ Թուրքիայի ներքաղաքական կյանքի համար բավական սկզբունքային մի հանգամանք: Քրեական գործի շրջանակներում ձերբակալվեցին նաեւ թուրքական զինված ուժերի գործող գեներալներ, ինչը դիտորդները բնութագրեցին որպես Էրդողանի կառավարության կողմից նախադեպ ստեղծելուն միտված քայլ:
9Արեւմտյան որոշ աղբյուրներ գրում են, թե Էրդողանի վերջնական նպատակն է` նոր սահմանադրությամբ Թուրքիան դարձնել նախագահական հանրապետություն եւ ընտրվել երկրի նախագահ` այդ կերպ շարունակելով ղեկավարել պետությունը:
10Կարծիք կա, որ ԱԶԿ հակառակորդները կընդունեն սպասողական դիրք եւ չեն գործի, մինչեւ որ Թուրքիան չբախվի հերթական լուրջ խնդրին, օրինակ` տնտեսական հերթական ճգնաժամին, ինչն անխուսափելիորեն կթուլացնի ԱԶԿ ներքաղաքական դիրքերը եւ գործելու հնարավորություն կբացի ընդդիմադիրների համար:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԵՎՐՈՊԱ. ՎԵՐԻՆՏԵԳՐՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՐԱՁԵՎՈՒՄ[19.11.2012]
- ՍԻՐԻԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ԻՐԱՆԸ[14.09.2012]
- ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ[14.06.2012]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ[02.04.2012]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՍԻՐԻԱՅԻ ՇՈՒՐՋ[23.02.2012]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՆ ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ[06.02.2012]
- ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ ԱՃՈՒՄ Է[01.12.2011]
- ԱՄՆ ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ[10.11.2011]
- ԹՈՒՐՔ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՓՈԽՎՈՒՄ ԵՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ[29.09.2011]
- «ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՈՒՆԸ» ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ[21.07.2011]
- ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ[20.06.2011]