• am
  • ru
  • en
Версия для печати
24.09.2010

ԿՈՍՈՎՈՅԻ ԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

   

Սուրեն Սարյան

Ինչպես հայտնի է, 2008թ. փետրվարի 17-ին Կոսովոյի ալբանական իշխանությունները հռչակեցին երկրամասի անկախությունը, որն անմիջապես ճանաչվեց ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ աշխարհի այլ առաջատար երկրների կողմից: Ներկայիս վիճակով Կոսովոն ճանաչել են ՄԱԿ-ի 64 անդամ պետություններ, սակայն ՄԱԿ-ի անդամ դառնալու համար Կոսովոն պետք է ճանաչված լինի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի անդամների 2/3-ի, այսինքն` 100-ից ավելի երկրների կողմից:

Կոսովոյի անկախությունը ԵՄ-ի 27 երկրներից չեն ճանաչել միայն հինգը` Հունաստանը, Կիպրոսը, Սլովակիան, Ռումինիան եւ Իսպանիան, այսինքն` բոլոր այն պետությունները, որոնք ունեն ազգային փոքրամասնությունների հետ կապված համանման խնդիրներ:

2009թ. դեկտեմբերին Սերբիան դիմեց ՄԱԿ-ի Միջազգային դատարան` Կոսովոյի անկախության հռչակման իրավական համապատասխանության հարցը քննելու հայցով: 2010թ. հուլիսի 22-ին Միջազգային դատարանը որոշում կայացրեց, որ Կոսովոյի անկախության հռչակագիրը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին:

Ըստ էության, ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը միայն ամրագրեց Բալկաններում առկա ստատուս քվոն: Սերբիան շարունակեց պնդել, որ Կոսովոն մնում է իր տարածքի անքակտելի մասը, ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ Ռուսաստանը եւ Չինաստանը համերաշխություն հայտնեցին Սերբիային, իսկ ԵՄ-ը եւ ԱՄՆ-ը ողջունեցին դատարանի վճիռը:

Մնում է անորոշ, թե ինչպես կարող է Կոսովոյի նախադեպն ազդել նմանատիպ այլ հակամարտությունների եւ անջատողական շարժումների վրա: Թե՛ Կոսովոյի անկախության հռչակման ակտը, թե՛ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի վճիռը ոչ թե իրավական, այլ քաղաքական նպատակահարմարությունից բխող որոշումներ էին: ԱՄՆ-ը եւ ԵՄ-ը պնդում են, որ Կոսովոյի նախադեպը կիրառելի չէ անջատողական այլ շարժումների, մասնավորապես` Աբխազիայի ու Հվ.Օսիայի դեպքում, իսկ Ռուսաստանը, ճանաչելով վերջին երկու ինքնավարությունները, չի ընդունում Կոսովոյի անկախությունը:

Կոսովոյի նախադեպը գալիս է ապացուցելու, որ միջազգային հանրությունը կարող է անկախություն տրամադրել` առանց այն երկրի համաձայնության, որից անջատվում է տվյալ տարածքը: Սակայն միաժամանակ պարզվեց (ինչպես նախորդ` Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության, այնպես էլ հաջորդ` Աբխազիայի եւ Հվ.Օսիայի ճանաչման դեպքում), որ առանց նախկին մետրոպոլիայի եւ ամբողջ միջազգային համայնքի կողմից ճանաչման` անկախ պետականությունը մնում է պայմանական: Քանի դեռ ձեռք չի բերվել համաձայնություն Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ, Կոսովոյի հարցը վերջնական լուծում չի գտնի: Իսկ Սերբիան չունի իրական ռեսուրսներ այն հետ վերադարձնելու համար:

Տասը տարի շարունակաբար կոսովցիները ստեղծում էին իրենց կառավարման մարմինները: Այնտեղ պայքար էր մղվում չափավորականների` Կոսովոյի ժողովրդավարական լիգայի (ԿԺԼ) եւ Կոսովոյի ազատագրման բանակից (ԿԱԲ) դուրս եկած քաղաքական ղեկավարների` Կոսովոյի ժողովրդավարական կուսակցության (ԿԺԿ) միջեւ: ԿԺԼ առաջնորդ, Կոսովոյի առաջին նախագահ Իբրահիմ Ռուգովայի 2006թ. մահվանից հետո իշխանությունը կենտրոնացավ ԿԺԿ-ի ձեռքում, որի ղեկավար, պատերազմի տարիներին ԿԱԲ-ի առաջնորդ Հաջիմ Թաչին դարձավ վարչապետ: Հենց Հ.Թաչիի ղեկավարած կառավարությունը 2008թ. փետրվարին հռչակեց Կոսովոյի անկախությունը: Ներկայումս Կոսովոն ղեկավարում է ԿԺԼ–ԿԺԿ կոալիցիան, որը բաժանել է նախագահի ու վարչապետի պաշտոնները:

Ականատեսները նշում են, որ, լինելով ամբողջությամբ արտաքին կառավարումից կախված միավոր, Կոսովոն դժվարությամբ է լուծում պատերազմականից խաղաղ զարգացման վիճակին անցնելու խնդիրները: Այստեղ առկա են զանգվածային գործազրկություն, համատարած քրեականացում: Կոսովոյի տնտեսության հիմնական եկամտի աղբյուրն է թմրանյութի եւ զենքի վաճառքը: Կոսովոյի բնակչության 40%-ը գտնվում է աղքատության շեմից ներքեւ, ենթակառուցվածքները գրեթե չեն գործում, առկա է կոսովցիների մեծ արտագաղթ դեպի Արեւմտյան Եվրոպայի երկրներ: Ըստ էության, Կոսովոն չկայացած պետություն է:

Պարբերաբար տեղի են ունենում նաեւ բախումներ սերբերի եւ ալբանացիների միջեւ: Վերջին տասը տարիների ընթացքում Կոսովոն լքել է մոտ 200.000 սերբ: Դեռեւս շուրջ 60 հազ. սերբ ապրում է սերբական անկլավներում, Կոսովոյի հյուսիսային մասում` Կոսովսկա-Միտրովիցա կենտրոնով: Ընդ որում, սերբական անկլավը Կոսովսկա-Միտրովիցայում չի ենթարկվում Պրիշտինայի կառավարությանը եւ համագործակցում է միայն ՄԱԿ-ի առաքելության հետ:

Բացի ՄԱԿ ու ԵՄ ուժերից, Կոսովոյում են գտնվում Եվրամիության քաղաքացիական առաքելության ներկայացուցիչները, ներառյալ` ոստիկաններ, դատավորներ, իրավաբաններ, մաքսային ծառայողներ, անգամ բանտապահներ: Ընդ որում, այս առաքելության ներկայացուցիչներն իրավասու են ոչ միայն խորհուրդներ տալ նորաստեղծ պետության պետական մարմիններին, այլեւ շրջանցելով նրանց` որոշումներ կայացնել: Նման իրավիճակը փաստորեն Կոսովոն դարձրել է ԵՄ-ի պրոտեկտորատ:

Պետք է ընդունել, որ ալբանական ազգային նախագիծը XXI դարի առավել հաջողված նախագծերից է: Ալբանացիները կարողացան համադրել իրենց շահերն Արեւմուտքի ուժային կենտրոնների` ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի շահերի հետ, ինչի շնորհիվ նրանք վերահսկողություն են սահմանել Կոսովոյի երկրամասի նկատմամբ եւ ձեռք բերել ինքնավարության բարձր աստիճան Մակեդոնիայում: Ինչպես նշում են փորձագետները, եթե ալբանացիները համարվում են «վեր հառնող» տարածաշրջանային գործոն, ապա սերբերի ազգային ներուժն անկում է ապրում: Վերջին տասնհինգ տարիների ընթացքում նրանք մի շարք պատմական պարտություններ կրեցին` ձախողվելով բոլոր տարածքային վեճերում:

Խոսելով ԱՄՆ ու ԵՄ շահերի մասին, հարկ է նաեւ նշել, որ մինչ օրս Բոսնիայի եւ Հերցեգովինայի Հանրապետության (ԲՀՀ) կառավարումն իրականացվում է ԵՄ Բարձր հանձնակատարի գրասենյակի միջոցով, իսկ ԵՄ-ի զորամիավորումները կատարում են խաղաղապահ առաքելություն: ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն ակտիվորեն դիմադրում են ԲՀՀ կազմից 1,5 միլիոնանոց Սերբական Հանրապետության անջատմանը. այս դեպքում Կոսովոն նախադեպ չէ:

Փաստացիորեն, Բալկանների կայունության ապահովման պատասխանատվությունն այսօր ստանձնել է ԵՄ-ը:

Դեռեւս 1999թ. հունիսի 10-ին ԵՄ-ի կողմից ընդունվեց «Հարավարեւելյան Եվրոպայի կայունության պակտը», որտեղ ամրագրվում էր այդ տարածաշրջանի երկրների եվրաատլանտյան ինտեգրման սկզբունքը:

2010թ. հունիսին Սարաեւոյում կայացավ Արեւմտյան Բալկանների ապագայի հարցով միջազգային համաժողով: Օրակարգում տարածաշրջանի երկրների` Սերբիայի, Խորվաթիայի, Մակեդոնիայի, Մոնթենեգրոյի, Բոսնիա-Հերցեգովինայի եւ Ալբանիայի եվրոպական ինտեգրման հարցերն էին: ԵՄ-ի կողմից տրվեցին հավաստիացումներ` նշված երկրների միությանն անդամակցելու դրական հեռանկարի առումով: Վերահաստատվեց նաեւ այն տեսակետը, որ տարածաշրջանի կայունությունը կապված է նրա եվրաատլանտյան ինտեգրման ընթացքի հետ: Սակայն Կոսովոն այդ ցանկում դեռ չի հիշատակվում: Մյուս կողմից, փաստորեն, Սերբիայի առջեւ դրվեց պայման` կարգավորել հարաբերությունները Կոսովոյի հետ եւ ընդունել դրա անկախ գոյությունը, ինչից հետո միայն հնարավոր կլինի խոսել ԵՄ-ին Սերբիայի անդամակցության մասին:

Սեպտեմբերի 10-ին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովն ընդունեց բանաձեւ Կոսովոյի հարցի վերաբերյալ: Բանաձեւում կոչ է արվում Բելգրադի ու Պրիշտինայի իշխանություններին սկսել բանակցություններ` ԵՄ միջնորդությամբ: Այստեղ չկա որեւէ ակնարկ Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման իրավասության վերաբերյալ: Բացի այդ, ի գիտություն է ընդունվել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի վճիռը, ինչը որակվում է իբրեւ միջազգային իրավական նորմերին համապատասխանող:

Փորձագետները նշում են, որ այդ քայլով Սերբիան նոր փուլ է բացում Եվրամիության եւ Կոսովոյի հետ իր ունեցած խնդիրների կարգավորման գործընթացում: Սերբիան փաստորեն հրաժարվում է Եվրոպայում մեկուսացված պետություն լինելու հեռանկարից` գերադասելով Կոսովոյի հետ իր հարցերը վստահել ԵՄ-ին: Կոշտ դիրքորոշումից նահանջելով` Բելգրադը հավաստիացումներ ստացավ ԵՄ անդամակցության հարցում:

Այսպիսով, ՄԱԿ-ի ԳՎ նոր բանաձեւը դարձավ եւս մի քայլ Կոսովոյի անկախության ճանաչման ուղղությամբ, ինչպես միջազգային հանրության, այնպես էլ Սերբիայի կողմից:

Կարելի է եզրակացնել, որ չնայած այն հանգամանքին, որ Եվրոպան համակած տնտեսական ճգնաժամը որոշակի դադար մտցրեց ԵՄ-ի ընդլայնման ռազմավարության մեջ, սակայն Բրյուսելը շարունակում է «աշխատանքային ռեժիմում» պահել Բալկանյան պետությունների ներգրավման իր նախագծերը` չստանձնելով կոնկրետ պարտավորություններ անդամակցության ժամկետների առումով:

Դիտորդները փաստում են, որ առանց արտաքին միջամտության իրադրությունը Բալկաններում միայն շարունակելու է վատանալ: Ամերիկյան փորձագետները կանխատեսում են, որ միջազգային ուժերի ներկայությունը Կոսովոյում կպահպանվի առնվազն գալիք տասը տարիներին, եւ խորհուրդ են տալիս Բ.Օբամայի վարչակազմին` Կոսովոյի ճակատագրի հետ կապված հոգսերը, այդ թվում` ֆինանսական, թողնել ԵՄ-ին:

Կոսովոյի շուրջ իրավիճակը փաստում է, որ ամերիկյան ուժը եւ եվրոպական աշխարհաքաղաքական նախագծերը, որպես կանոն, հանդես են գալիս միասնաբար: Եվրոպան ԱՄՆ վարչակազմի հետ համագործակցության սերտացման միջոցով ձգտում է հասնել իր աշխարհաքաղաքական ու տնտեսական նպատակներին, իսկ Միացյալ Նահանգները ձեռք է բերում քաղաքական ու տնտեսական կարեւորագույն դերակատարի (Եվրոպայի) աջակցությունը` դարձնելով սեփական դիրքերը համաշխարհային քաղաքականության մեջ ամուր` գոնե տեսանելի ապագայի առումով:

Միեւնույն ժամանակ, Կոսովոյի ճանաչումից հետո, ԱՄՆ-ի կողմից իր դիվանագիտական ու հետախուզական անձնակազմը Բալկաններից դեպի Հարավային Կովկաս եւ Կենտրոնական Ասիա տեղափոխելու գործընթացը վկայում է, որ Կոսովոյում եւ ընդհանրապես` Բալկաններում իրականացված կարգավորման մոդելները, սցենարները կամ դրանց տարրերը հնարավոր է կիրառվեն նաեւ վերոնշյալ տարածաշրջաններում:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր