• am
  • ru
  • en
Версия для печати
23.07.2010

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Руский

   

Սուրեն Սարյան

Այս տարվա ապրիլին Ղրղզստանում նախագահ Կուրմանբեկ Բաքիեւի տապալմանը հաջորդած իրադարձություններին հետեւեցին հունիսին Օշ քաղաքում կատարված անկարգությունները եւ բախումները, մեծ մասամբ` ղրղզ եւ ուզբեկ բնակչության միջեւ (Ղրղզստանի 5,3 մլն բնակչության 70%-ը կազմում են ղրղզները, իսկ 14%-ը` ուզբեկները): Ընդ որում, եթե ապրիլին Բիշքեկի դեպքերի ժամանակ զոհվել էր մոտ 100 հոգի, ապա հունիսյան դեպքերի արդյունքում զոհերի թիվը մոտ տասն անգամ ավելի էր:

Ղրղզստանում տարածված է այն վարկածը, որ հենց Բաքիեւի կողմնակիցները հրահրեցին հունիսյան ջարդերը, որպեսզի իրավիճակն անկառավարելի դարձնեն, ինչը թույլ կտար տապալված նախագահին վերադառնալ` որպես երկրում կայունության եւ խաղաղության երաշխավոր:

Ժամանակավոր կառավարությանն ի վերջո հաջողվեց կայունացնել իրադրությունն Օշում, ապա անցկացնել սահմանադրական հանրաքվե, որով Ղրղզստանը դառնում է խորհրդարանական հանրապետություն: Իսկ ժամանակավոր կառավարությունը որոշակի լեգիտիմություն ձեռք բերեց, երբ անմիջապես հանրաքվեից հետո այդ կառավարության ղեկավար Ռոզա Օթունբաեւան մեկ ու կես տարի ժամկետով ստանձնեց Ղրղզստանի նախագահի պաշտոնը:

Վերջին զարգացումները փորձագետներին թույլ տվեցին Ղրղզստանը դասել «ձախողված պետությունների» (failed states) շարքին: Ղրղզստանը փաստորեն դարձել է մի պետություն, որն առանց օտարերկրյա օգնության այլեւս գոյատեւել չի կարող: Նույնիսկ սկսում են խոսել Կենտրոնական Ասիայում «երկրորդ Աֆղանստանի» առաջացման վտանգի մասին: Իսկապես, առաջին հայացքից թվում է, թե Ղրղզստանն անցնում է աֆղանական պետականության փլուզման պատմական ուղին, երբ ազգամիջյան եւ միջկլանային պայքարը հանգեցրեց այդ երկրում պետական իշխանության կազմալուծմանը, ինչն առիթ ծառայեց խորհրդային զորքերի ներխուժման համար` հետագա արյունալի պատերազմով եւ ծայրահեղ իսլամական «Թալիբանի» ծնունդով:

Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը նպաստում են մի շարք գործոններ, որոնց մեջ առանձնանում են տարածաշրջանի երկրների էթնիկ եւ պետական սահմանների անհամապատասխանությունը, ինչպես նաեւ` տեղի ժողովուրդների ազգային ինքնագիտակցության տարբեր մակարդակները:

Այսօր էլ տարածաշրջանը հանդիսանում է մեծ տերությունների մրցակցության թատերաբեմ: Ընդ որում, ամերիկյան, ռուսական եւ չինական շահերն այստեղ առավել ցայտուն են բախվում, քան որեւէ այլ տարածաշրջանում: Եվ Ղրղզստանի իրադարձությունները, ներքին պատճառներից զատ, նաեւ արտաքին գործոնների հետեւանք էին:

Ռուսաստանը պատմականորեն դիտում է իրեն որպես Կենտրոնական Ասիայում գերիշխող ուժ եւ, բնականաբար, խանդով է նայում այստեղ Միացյալ Նահանգների ներկայությանը: Հունիսին, Տաշքենդում եղած ժամանակ Ռուսաստանի նախագահ Դ.Մեդվեդեւը հայտարարեց, որ Ղրղզստանում ԱՄՆ-ի կողմից «Մանաս» ավիաբազայի օգտագործումը չի կարող անվերջ տեւել:

Պետք է նշել, որ Մոսկվան ոչ հրապարակայնորեն պաշտպանեց Ղրղզստանում կատարված իշխանափոխությունը եւ ճանաչեց Ռ.Օթունբաեւայի գլխավորած ժամանակավոր կառավարությունը: Սակայն Բաքիեւի տապալումը չբերեց Մոսկվայի համար ցանկալի արդյունքի. Օթունբաեւայի կառավարությունը ԱՄՆ-ից դեռեւս չի պահանջել դուրս բերել «Մանաս» ավիաբազան երկրի տարածքից: Նույն կերպ վարվեց ժամանակին Բաքիեւը. նա Մոսկվայից 2 մլրդ դոլարի վարկ վերցրեց` փոխարենը խոստանալով դուրս բերել ամերիկյան հենակետը Ղրղզստանից, սակայն ընդամենը բարձրացնելով բազայի համար տրվող տարեկան գումարը` 17 մլն դոլարից մինչեւ 60 մլն, շուտով համաձայնության եկավ ամերիկյան կառավարության հետ` բազան պահպանելու վերաբերյալ:

Օշի բախումների ժամանակ Օթունբաեւայի կառավարությունը դիմեց Ռուսաստանին` ռուսական զորքերը հանրապետություն ուղարկելու խնդրանքով: Սակայն Մոսկվան գերադասեց զերծ մնալ խաղաղարար առաքելություն իրականացնելուց` թերեւս գիտակցելով, որ նոր «կայսերական բեռ» ռուսական պետականությունն իր վրա վերցնել չի կարող: Փորձագետների մի մասը նշում է, որ Ռուսաստանը չունի ոչ բավարար զինուժ, ոչ էլ ֆինանսական ռեսուրսներ Ղրղզստանում ռազմական միջամտության համար, եւ շատ հավանական է, որ Մոսկվան հայտնվեր նույն վիճակում, ինչ ԱՄՆ-ը` Աֆղանստանում:

Անդրադառնալով տարածաշրջանում Միացյալ Նահանգների դերակատարությանը` հարկ է հիշել, որ ԱՄՆ քաղաքագիտական շրջանակներում տարածում ունի «Մեծ Կենտրոնական Ասիա» հասկացությունը, որի մեջ ներառվում են միջինասիական հինգ նախկին խորհրդային հանրապետությունները, ինչպես նաեւ Աֆղանստանը, Իրանն ու Պակիստանը:

Մեծ Կենտրոնական Ասիայի նախագծով ենթադրվում է նվազեցնել ռուսական եւ չինական ազդեցությունը նախկին հինգ խորհրդային հանրապետությունների վրա` դրանք Աֆղանստանի միջոցով կապելով Պակիստանի եւ Հնդկաստանի հետ: Պետք է հաշվի առնել, որ վերջին երեք պետություններն ակտիվորեն մասնակցում են նաեւ ՇՀԿ աշխատանքներին` ձեռք բերելով դիտորդ պետությունների կարգավիճակ եւ սպասելով անդամակցության հարցի լուծմանը:

Հատկանշական է, որ Բարաք Օբամայի վարչակազմն ավելի մեծ կարեւորություն է տալիս «Մեծ Կենտրոնական Ասիա» ծրագրին, քան Բուշի վարչակազմի օրոք ամերիկյան ռազմավարության օրակարգ բերված «Մեծ Մերձավոր Արեւելքի» նախագծին:

Բացի այդ, Աֆղանստանում շարունակվող պատերազմը պահանջում է պահպանել ամերիկյան ռազմական ներկայությունը Կենտրոնական Ասիայի պետություններում: Հարկ է նշել, որ հունիսին նշանակվեց AFPAK-ում (Աֆղանստան–Պակիստան) ՆԱՏՕ զորքերի նոր հրամանատար` գեներալ Դևիդ Փեթրեուսը, որն, ի տարբերություն իր նախորդի, չի պաշտպանում Աֆղանստանից եւ ամբողջ Կենտրոնական Ասիայից ամերիկյան զորքերի դուրսբերման գաղափարը:

Տարածաշրջանում ԱՄՆ-ը հատուկ ուշադրություն է դարձնում Ղազախստանի եւ Ուզբեկստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Հենց այդ երկու երկրների շնորհիվ 1990-ականներին ԱՄՆ-ին հաջողվեց զսպել տարածաշրջանում Իրանի, Թուրքիայի եւ Պակիստանի ազդեցության ուժեղացման միտումները:

2010թ. ապրիլին Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Ղազախստանի նախագահ Ն.Նազարբաեւը ԱՄՆ նախագահ Բ.Օբամայի հետ քննարկել է ամերիկյան օդուժի համար ղազախական տարածքի հնարավոր օգտագործման հարցը:

Աֆղանական պատերազմի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ը փորձում էր լուրջ հարաբերություններ հաստատել Ուզբեկստանի հետ: 2005թ. Անդիժանի դեպքերից հետո, երբ այնտեղ տեղի ունեցան բախումներ, նախագահ Քարիմովը որոշակիորեն սառեցրեց ԱՄՆ-ի հետ ունեցած կապերը` շրջվելով դեպի Ռուսաստան եւ անդամակցելով ՀԱՊԿ-ին: Այդուհանդերձ, վերջին տարվա ընթացքում վերստին սկսվեց Քարիմովի մերձեցումը Վաշինգտոնի հետ:

Ուզբեկստանը պասիվացրեց իր մասնակցությունը ռուսական նախագծերում` Եվրազեսում եւ ՀԱՊԿ-ում: Իր հերթին, ԱՄՆ-ը չեղյալ հայտարարեց Անդիժանի դեպքերից հետո Քարիմովի վարչակարգի դեմ հայտարարված պատժամիջոցները եւ վերսկսեց ռազմական համագործակցությունն Ուզբեկստանի հետ:

Հարկ է հիշել, որ դեռեւս 1990-ականներին իր «Մեծ շախմատային տախտակ» գրքում ամերիկյան ռազմավար Զ.Բժեզինսկին Ուզբեկստանը բնութագրում էր որպես Կենտրոնական Ասիայի առանցքային երկիր` հաշվի առնելով, որ այստեղ առկա են առավել խոր պատմական զարգացման եւ ազգային ինքնության գործոնները: Բժեզինսկին նաեւ նշում էր, որ ԱՄՆ նպատակն է թույլ չտալ Կենտրոնական Ասիայում որեւէ այլ տերության գերիշխանությունը, ինչի երաշխիք կարող է ծառայել ուզբեկա-ամերիկյան դաշինքը:

Շատերին զարմացրեց Ուզբեկստանի զուսպ դիրքորոշումը Ղրղզստանի ուզբեկներին օգնություն ցուցաբերելու հարցում: Հատկանշական է, որ Ուզբեկստանը փակեց սահմանը Ղրղզստանի հետ, թեեւ նախագահ Իսլամ Քարիմովը կարող էր ուզբեկական բանակին հրաման տալ մտնել Ֆերգանայի հովտի ղրղզական հատված: Հավանական է համարվում, որ նա դրանով խուսափեց լուրջ միջպետական հակամարտության մեջ ներքաշվելուց, ինչպես նաեւ զրկեց Ռուսաստանին ռազմական միջամտության առիթից: Տաշքենդում փորձագիտական մակարդակով լրջորեն խոսվում է, որ ղրղզական իրադարձությունների արդյունքում Ռուսաստանը հետապնդում էր առաջին հերթին Ուզբեկստանի թուլացման նպատակ` ներքաշելով նրան հակամարտության մեջ:

Բացի այդ, հարկ է նշել նաեւ, որ Ֆերգանայի հովտում արդեն վաղուց գործում է Իսլամական ազատագրման կուսակցությունը (Հիզբ-ութ Թահրիր Իսլամի), որի նպատակն է Քարիմովի վարչակարգի տապալումը եւ Ուզբեկստանում իսլամական պետության հռչակումը: Այդ կուսակցության ակտիվիստներն ապաստան էին ստացել Օշում, եւ հնարավոր է, որ նրանց կհաջողվեր ներթափանցել Ուզբեկստան Օշի ուզբեկ փախստականների հետ խառնվելով:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային մյուս ազդեցիկ դերակատարին` Չինաստանին, ապա այս խաղում այն չի շտապում բացել իր խաղաթղթերը, թեեւ, այսպես թե այնպես, Պեկինը եւս ստիպված է լինելու ակտիվացնել իր դերակատարումը տարածաշրջանում, քանի որ հետագա ապակայունացումը կարող է «շոշափել» նաեւ ՉԺՀ արեւմտյան սահմանները, որտեղ առանց այդ էլ անհանգիստ վիճակ է ստեղծվել` ույղուրական շարժման հետ կապված:

Բացի այդ, Կենտրոնական Ասիայում ստեղծված ցանկացած անկայունություն լուրջ վտանգի տակ է դնում Չինաստանի տարածաշրջանային նախագծերը: Չինական վերլուծաբանները կարծում են, որ անկայունությունը Կենտրոնական Ասիայում կարող է հրահրվել որոշ արեւմտյան երկրների կողմից` Չինաստանի խաղաղ զարգացմանն ուղղված սպառնալիքներ ստեղծելու համար: Գաղտնիք չէ, որ Կենտրոնական Ասիան կարեւորվում է ՉԺՀ-ի համար` որպես հումքային բազա: Տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններում Չինաստանի կողմից առաջնահերթություն է տրվում էներգետիկ ծրագրերի իրականացմանը: Արդեն գործում է Թուրքմենստան–Չինաստան գազամուղը, որի հզորությունը ծրագրվում է հասցնել տարեկան 40 մլրդ խորանարդ մետրի:

Փորձագետների գնահատականներով, թուրքմենական գազամուղը շահագործման հանձնելը, ինչպես նաեւ 2008թ. շահագործման հանձնված` Ղազախստանը ՉԺՀ-ին կապող նավթամուղի գործարկումը ազդարարեցին 1990-ականների կեսից տարածաշրջանում Չինաստանի կողմից տարվող ինտենսիվ դիվանագիտության կարեւորագույն նվաճումների մասին: Ներկայումս կառուցվում է նաեւ Ղազախստան–Չինաստան նոր գազամուղ, ինչպես նաեւ երկաթուղի:

Հարկ է նշել, որ ղազախական նավթամուղի եւ թուրքմենական գազամուղի շահագործումը խախտեց Կենտրոնական Ասիայում ռուսական «Գազպրոմ» ընկերության ունեցած մենատիրությունը:

Իր հերթին, Չինաստանը տարածաշրջանային պետությունների կողմից դիտվում է որպես խոշոր ներդրող: Այսպես, 2009թ. ընթացքում Չինաստանը գնեց Ղազախստանի նավթագազային ընկերությունների ակտիվների մի մասը` դառնալով այդ երկրի վառելիքային համալիրի մոտ 23%-ի սեփականատեր: Վերջերս էլ Ղազախստանի նախագահ Նազարբաեւը հայտարարեց, որ Չինաստանի կողմից առաջարկ է ներկայացվել մոտ 1 մլն հեկտար հողատարածք վարձակալելու մասին: Ղազախստանի ղեկավարը նախնական հավանություն է տվել այդ առաջարկին, մինչդեռ այդ երկրի քաղաքական շրջանակներն այն ընկալեցին որպես Չինաստանի կողմից Ղազախստանի դեմ ուղղված տարածքային եւ ժողովրդագրական սպառնալիք: Հարցը շարունակում է մնալ քննարկման փուլում:

Հունիսին Տաշքենդ կատարած այցի ընթացքում ՉԺՀ նախագահ Հու Ձինթաոն եւ Ուզբեկստանի նախագահ Ի.Քարիմովը համաձայնության եկան Չինաստան ուզբեկական գազի մատակարարումները սկսելու հարցի շուրջ, ինչն էլ ավելի թուլացրեց ռուսական «Գազպրոմի» դիրքերը Կենտրոնական Ասիայում: Բացի այդ, Պեկինը տրամադրելու է 2 մլրդ դոլարի վարկ Ուզբեկստանին` գազային ենթակառուցվածքների զարգացման նպատակով:

Ինչ վերաբերում է Ղրղզստանին, ապա այն Պեկինի համար դիտվում է առավելապես որպես տարանցիկ պետություն:

Ի տարբերություն Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի, Պեկինն առավելապես կենտրոնացած է տնտեսական նախագծերի իրականացման վրա: Պարզ երեւում է, որ Պեկինն ընտրել է տնտեսական համագործակցության միջոցով քաղաքական ազդեցություն ձեռք բերելու ռազմավարությունը: Իրադարձությունների կայուն զարգացման պարագայում ՉԺՀ-ն հինգ-տասը տարվա ընթացքում կարող է դառնալ Կենտրոնական Ասիայի համար առանցքային արտաքին ուժային կենտրոնը: Ընդ որում, Չինաստանը լրացնում է այն տեղերը, որոնք չի զբաղեցրել Ռուսաստանը: Միեւնույն ժամանակ, Պեկինը խուսափում է տարածաշրջանում Ռուսաստանի հետ շահերի բախման վիճակից:

Խոսելով Կենտրոնական Ասիայում ՉԺՀ դերակատարության մասին` չի կարելի չնշել Շանհայի համագործակցության կազմակերպության գործունեության փաստը, որտեղ առավել ծանրակշիռ դեր է վերագրվում հենց Չինաստանին: Պեկինի համար ՇՀԿ-ն առավելապես տարածաշրջանում իրավիճակի կոնսերվացման եւ վերահսկելի փոփոխությունների գործիք է: Այսպես, Չինաստանն, ի տարբերություն Ռուսաստանի, զերծ է մնում ՇՀԿ ընդլայնմանն ուղղված քայլերից` համարելով, որ դա միայն կհանգեցնի կազմակերպության գործունեության արդյունավետության նվազմանը, ինչպես նաեւ կնպաստի Կենտրոնական Ասիայում այլ ուժային կենտրոնների, մասնավորապես` Հնդկաստանի եւ Իրանի ազդեցության մեծացմանը:

Պետք է նաեւ նշել, որ Չինաստանն առայժմ չունի իրական լծակներ` տարածաշրջանում ռազմական եւ քաղաքական իրավիճակի վրա ազդելու համար: Պեկինը շահագրգռված է տարածաշրջանում կայունություն հաստատելու գործում, սակայն ի վիճակի չէ միայնակ անել դա:

Միաժամանակ, Արեւմուտքը շահագրգռված է նպաստելու տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարության աճին` որպես Չինաստանի հավակնությունների զսպման կարեւորագույն լծակ: Այս դեպքում Կենտրոնական Ասիան դառնում է այն դաշտը, որտեղ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ «վերաբեռնավորումը» սկսում է աշխատել: Պատահական չէր, որ վերջերս Պետդեպարտամենտի ներկայացուցիչը ոչ պաշտոնապես հայտարարեց, որ հնարավոր է ամերիկյան խաղաղարար զորքերի մուտքը Ղրղզստան, սակայն` միայն ռուսական զորքերի հետ միասին: Մյուս կողմից, ԱՄՆ-ի առջեւ խնդիր է դրված թույլ չտալ միայն Ռուսաստանի կամ ՀԱՊԿ-ի հովանու ներքո խաղաղարար զորքերի մուտքը տարածաշրջան:

Ակնհայտ է, որ խնդիրը Ղրղզստանում միայն ժամանակավորապես է չեզոքացվել, եւ հավանական է համարվում ղրղզական պետության փլուզման վտանգը: Հետեւաբար, Կենտրոնական Ասիայի զարգացման հեռանկարները մնում են մշուշոտ, եւ վատթարագույն սցենարները բացառել չի կարելի:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր