• am
  • ru
  • en
Версия для печати
18.06.2010

ԹՈՒՐՔ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՓՈՒԼԸ

Руский

   

Արտաշես Տեր-Հարությունյան

Թուրք-իսրայելական հարաբերությունները թեւակոխում են նոր փուլ, եւ մայիսի 31-ին թուրքական MV Mavi Marmara նավում տեղի ունեցած միջադեպն ու դրան հաջորդած զարգացումներն ասվածի հերթական վկայությունն են:

Միաժամանակ, ձեւավորվող թուրք-իսրայելական հակասությունները բոլոր հիմքերն ունեն դառնալու մերձավորարեւելյան քաղաքականության առանցքային հարցերից մեկը:

Հայաստանի պարագայում, նկատի ունենալով նաեւ Թուրքիայի տեղը մեր երկրի արտաքին քաղաքականության մեջ, կարեւոր են դառնում հետեւյալ երեք հարցերի պատասխանները.

  • թուրք-իսրայելական հարաբերությունների փոփոխությունն ընթացքի մեջ է, այն դեռ չի ստացել իր ավարտուն տեսքը, եւ նկատի ունենալով ընթացող դինամիկայի բացասական բնույթը` հարց է առաջանում. ինչքա՞ն են սրվելու այդ հարաբերությունները,
  • մինչ այս միջադեպը թուրք-իսրայելական հարաբերությունները լարվում էին գերազանցապես Անկարայի նախաձեռնությամբ, սակայն MV Mavi Marmara նավի հետ տեղի ունեցածը ցույց տվեց, որ Թել Ավիվում որոշել են փոխել կեցվածքը: Հարց է առաջանում. եթե Իսրայելը որոշել է հետայսու անպատասխան չթողնել թուրքական նախաձեռնությունները, ինչքա՞ն հեռու են պատրաստ գնալու Թել Ավիվում,
  • Հայկական հարցն այն սակավաթիվ գործոններից է, որը զսպող նշանակություն ունի Թուրքիայի համար. հետեւաբար` թուրք-իսրայելական սրվող հակասությունների ֆոնին համաշխարհային հրեական վերնախավն ի՞նչ չափով է պատրաստ նպաստել Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչմանը, եւ այդ համատեքստում ի՞նչ առաջարկություն կարվի Երեւանին:

Իրավիճակային դիտարկում

Ինչպես հայտնի է, մայիսի 31-ի վաղ ժամերին իսրայելական ռազմածովային ուժերի Shayetet հատուկ նշանակության ջոկատը Միջերկրականի միջազգային ջրերում գրոհով գրավեց Free Gaza անունը ստացած նավատորմի առաջնորդող նավը` թուրքական MV Mavi Marmara-ն1` կանգնեցնելով Free Gaza-ի ընթացքը դեպի Գազայի հատված:

Դեպքի հենց հաջորդ օրն իսրայելական ու ամերիկյան մի շարք աղբյուրներ գրեցին, թե Free Gaza նավատորմը ֆինանսավորած թուրքական նnsan Hak ve Hurriyetleri նnsani Yardim Vakfi («Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների աջակցությանը միտված հումանիտար հետազոտական հիմնադրամ») ոչ կառավարական կազմակերպությունն իր հիմնական ֆինանսական միջոցները ստանում է Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունից (ԱԶԿ) եւ, փաստորեն, հանդիսանում է նրա մասնաճյուղը: Նույն աղբյուրների փոխանցմամբ, օրինակ, պաղեստինյան «Համաս» խմբավորման հետ ԱԶԿ-ն նախնական կապերը հաստատել է հենց նշված կազմակերպության միջոցով, եւ այդ առումով պատահական չէ, որ Թուրքիա «Համասի» առաջնորդների յուրաքանչյուր այցի ժամանակ հանդիպում է տեղի ունենում նաեւ այս կազմակերպության ղեկավարների հետ:

Չնայած միջադեպից ժամեր անց եւ հետագա մի քանի օրերին վարչապետ Էրդողանի գլխավորությամբ թուրքական պետական, քաղաքական, հասարակական ու կրոնական մի շարք բարձրաստիճան գործիչներ հանդես եկան Իսրայելի սուր քննադատությամբ` վերջինիս բնութագրելով որպես ահաբեկիչ, ավազակ, միջազգային իրավունքները խախտող պետություն, սակայն ամենից դիպուկը, թերեւս, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի խոսքերն էին, որը MV Mavi Marmara-ում տեղի ունեցածը բնորոշեց որպես «թուրքական սեպտեմբերի 11»:

Նման կարգի հայտարարությունը հստակորեն միտված էր ցույց տալու Անկարայի նպատակը` նոր մակարդակ բարձրացնել լարվածությունը Թել Ավիվի հետ: Օրինակ, եթե թուրք-իսրայելական նախկին սրացումների ժամանակ Թել Ավիվի նկատմամբ Անկարայի դիվանագիտական ճնշումը կրում էր միայն երկկողմանի բնույթ2, ապա այս անգամ Թուրքիայի պահանջով ՄԱԿ Անվտանգության խորհուրդը գումարեց արտահերթ նիստ` քննարկելու MV Mavi Marmara-ի հետ կապված միջադեպը: Չնայած, ԱՄՆ-ի շնորհիվ Անվտանգության խորհրդի բանաձեւը զգալիորեն մեղմացվեց եւ թուրքական շատ առաջարկներ (օրինակ, Իսրայելի գործողություններին գնահատական տալը, զոհվածների ընտանիքներին ֆինանսապես փոխհատուցելը եւ այլն) դուրս մնացին, բայց փաստն այն է, որ Թուրքիան նախաձեռնեց միջազգային այդ ամենահեղինակավոր կառույցի կողմից հրեական պետության գործողությունների դատապարտումը:

Տեղեկատվական առումով Անկարայի գործողությունները նույնպես կրում էին աննախադեպ բնույթ: MV Mavi Marmara-ում էին գտնվում CNNTurk-ի, կատարյան Al Jazeera-ի եւ բրիտանական Sky News-ի լրագրողները, եւ հենց նրանց շնորհիվ էր, որ ի սկզբանե տարածվեց 15-19 սպանվածների մասին տեղեկությունը3: Նրանց հղում տալով` ուղիղ հեռարձակումներ սկսեցին կազմակերպել CNN-ը եւ EuroNews-ը4, ինչի արդյունքում էլ կարճ ժամանակ անց միջազգային տեղեկատվական դաշտում միջադեպի լուսաբանումը զբաղեցրեց առաջին տեղը եւ օրեր շարունակ չէր կորցնում ակտուալությունը:

Թուրք-իսրայելական այս լարվածության մյուս կարեւոր նորությունն իսրայելական կողմի ձեռնարկած գործողություններն էին: Դեռ մինչեւ միջադեպը` մայիսի 27-ին, Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն կոչ արեց Իսրայելին խոչընդոտներ չստեղծել Free Gaza նավատորմի համար: Այս փաստն ուշագրավ է այն առումով, որ հստակորեն ցույց է տալիս, թե մինչեւ միջադեպը Անկարան ու Թել Ավիվը հարցի առնչությամբ գտնվել են կապի մեջ: Բայց դա չխանգարեց հրեական պետությանը կանգնեցնել Free Gaza-ի ընթացքը զոհերի գնով, չնայած, ինչպես արդարացիորեն նշում են շատ դիտորդներ, Իսրայելը դա կարող էր անել նաեւ առանց զոհերի: Հետեւաբար, պարզ է դառնում, որ Իսրայելում որոշել էին հենց կոշտ կերպով պատասխանել թուրքական կողմին:

Հետեւություններ

Ձեռնարկելով Free Gaza-ի հետ կապված ողջ այդ գործողությունը` Թուրքիան խնդիր ուներ հասնել միջազգային քաղաքական ու ներքին քաղաքական մի շարք նպատակների:

Հատկապես մայիսի 17-ից հետո, երբ Թուրքիան Բրազիլիայի հետ հաջողացրեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ հասնել հայտնի համաձայնությանը, Free Gaza-ին առնչվող Անկարայի դիվանագիտական ու տեղեկատվական նախաձեռնությունները նպատակ ունեին բարձրացնել վերջինիս հեղինակությունը թե՛ միջազգային ասպարեզում եւ թե՛ հատկապես մահմեդական աշխարհում: Դատելով իրանական ղեկավարության որոշումից` հումանիտար օգնությամբ բեռնված երկու նավ ուղարկել Գազա, որոնք նույնպես պետք է փորձեն ճեղքել իսրայելական շրջափակումը, Անկարային, ըստ ամենայնի, հաջողվում է հասնել այդ նպատակին, այլապես իրանական կողմը չէր ցուցաբերի անհանգստության նման նշաններ:

Ասվածի հաջորդ ուշագրավ վկայությունը կարող է համարվել այն, որ ըստ իսրայելական աղբյուրների` ներկայում Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում հաշտեցնելու պաղեստինյան երկու խմբավորումներին` «Ֆաթհին» ու «Համասին», եւ եթե դա Անկարային հաջողվի, ապա կարելի կլինի խոսել Պաղեստինում թուրքական ազդեցության ներթափանցման մասին, ինչն իր հեթին նշանակում է իսլամական աշխարհի գործերում Թուրքիայի դերի հերթական բարձրացում:

Free Gaza-ի հետ կապված Էրդողանի կառավարության հաջորդ նպատակը պետք է կապել Թուրքիայում ընթացող ներքաղաքական զարգացումների հետ: Հայտնի են ԱԶԿ–թուրքական բանակ հակասությունները, որոնք ժամանակ առ ժամանակ սրվում են Թուրքիայի զինված ուժերի կողմից իբր կազմակերպված ամենատարբեր հեղաշրջումների բացահայտման արդյունքում: 2011թ. Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են, եւ Free Gaza-ի պատմությունը միայն նպաստեց իշխող ԱԶԿ-ի վարկանիշի աճին:

Ներկայացվածում հիմնական նորությունը, սակայն, Իսրայելի ղեկավարության որոշումն էր` պատասխանել Թուրքիայի նշված նախաձեռնությանը: Թուրք-իսրայելական նախորդ սրացումների ժամանակ Թել Ավիվը համեմատաբար մեղմ էր արձագանքում, սակայն այս անգամ ոչ միայն պատասխան տրվեց, այլեւ Իսրայելի կողմից ձեռնարկված հետագա, այդ թվում` տեղեկատվական բնույթի քայլերը5 ցույց տվեցին, որ Թել Ավիվում որոշում է կայացվել անցնել «կարմիր գիծը»:

Եթե դա այդպես է, ապա պետք է ավելի լուրջ մոտենալ Միջերկրականի ափին ու Սիրիայի սահմանին գտնվող թուրքական Իսկենդերուն քաղաքի մոտ այդ երկրի ռազմակայաններից մեկի նկատմամբ քուրդ զինյալների ձեռնարկած հարձակման փաստին: Հայտնի է, որ MV Mavi Marmara-ի միջադեպի հետ գրեթե միաժամանակ տեղի ունեցած այդ հարձակման հետեւանքով զոհվեց 6 թուրք բանակային եւ 9-ը վիրավորվեց: Հունիսի 4-ին թուրքական «Զամանը» գրեց, թե Թուրքիայի անվտանգության մարմինները հատուկ հետաքննություն են սկսել պարզելու իսրայելական «Մոսադի» կապը միջադեպի հետ: Նշված տեղեկությունն էլ ավելի ուշագրավ դարձավ, երբ հունիսի 7-ին իսրայելական հետախուզական հանրության հետ իր կապերով հայտնի Debka վեբ-կայքը գրեց, թե դեռեւս մայիսի կեսերին Թուրքիան Իսկենդերունի մոտ էր տեղափոխել հակաօդային պաշտպանության միավորումներ, որոնք պետք է աջակցություն ցուցաբերեն Սիրիային եւ Լիբանանում գործող «Հիզբալլահին»` Իսրայելի հետ հերթական հակամարտության ժամանակ:

1MV Mavi Marmara-ից բացի, նավատորմը բաղկացած էր եւս հինգ նավից` Challenger 1, MS Sofia, Sfendoni, Defne Y, Gazze:

2Այս անգամ էլ Թուրքիան հայտարարեց Իսրայելից իր դեսպանին հետ կանչելու մասին, չեղյալ հայտարարվեցին առաջիկայում կայանալիք թուրք-իսրայելական երեք զորավարժություններ, Էրդողանը խոսեց տնտեսական կապերի թուլացման մասին:

3Իրականում, սպանվածների թիվը ինն էր:

4Հիշեցնենք, որ այս տարի ավելի վաղ Թուրքիան դարձավ EuroNews-ի չորրորդ խոշոր բաժնետերը:

5Օրինակ, կարելի է առանձնացնել իսրայելցի ուսանողների կողմից Թուրքիայի հարավարեւելյան շրջաններում բնակվող քրդերի համար հումանիտար օգնության քարավանի կազմակերպումը:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր