ՉԻՆԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ. ԵՎՐԱՍԻԱՅՈՒՄ ԴԻՐՔԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԸՆԹԱՑՔ

Չինաստանը եւ Թուրքիան վերջին երկու տարիների ընթացքում դարձան այն պետությունները, որոնց դերակատարումն ու կշիռը ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային քաղաքականության եւ տնտեսության մեջ էական փոփոխությունների ենթարկվեցին: Ընդ որում, այս պետություններն առաջնային կարեւորություն ունեն Եվրասիայի աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական զարգացումներում: Այս առումով հետաքրքրական է տեսնել, թե ինչպես են Պեկինն ու Անկարան հարաբերվում իրար հետ:
Նախ, վերջին զարգացումները ցույց տվեցին, որ Չինաստանն ու Թուրքիան ակտիվացնում են քաղաքական շփումները, ինչի վկայությունը դարձան միայն մեկ տարվա ընթացքում Թուրքիայի նախագահ Ա.Գյուլի պետական այցը ՉԺՀ, ապա Թուրքիայի պետնախարար Զ.Չաղլայանի երկու այցերը Չինաստան, որոնց հաջորդեցին ՉԺՀ առեւտրի նախարար Չեն Դեմինի, ԱԳ նախարար Յան Ձիեչիի եւ ՉԺՀ Կոմկուսի Քաղբյուրոյի անդամ Լի Չանչունի այցերը Թուրքիա: Այդ այցերի ընթացքում չինացի պաշտոնյաներն անընդհատ շեշտում են, որ Չինաստանն ու Թուրքիան բախվում են համանման խնդիրների, ինչպիսիք են սոցիալ-տնտեսական զարգացման ապահովումը, ազգային միասնականության եւ տարածքային ամբողջականության պաշտպանությունը: Հետեւաբար, երկու երկրները պետք է աջակցեն իրար միջազգային ասպարեզում:
Այս առումով Անկարայի եւ Պեկինի հարաբերություններում խիստ կարեւոր տեղ է զբաղեցնում ույղուրական հիմնախնդիրը: Բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ ՉԺՀ-ն բազմիցս շեշտել է, որ Թուրքիայի հետ իր հարաբերությունները պայմանավորում է ույղուրական ահաբեկչության եւ անջատողական շարժման հանդեպ Անկարայի դիրքորոշմամբ: Այսպես, դեռ 2000թ. երկու երկրների միջեւ ստորագրվեց անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր, համաձայն որի` Չինաստանն ու Թուրքիան պարտավորվեցին համագործակցություն ծավալել անջատողական շարժումների դեմ համատեղ պայքարում: Դրա արդյունքում չինական իշխանություններին հաջողվեց հասնել Թուրքիայում գործող ույղուրական շարժման կենտրոնի գործունեության չեզոքացմանը, որի արդյունքում այն տեղափոխվեց ԱՄՆ:
Սակայն վերջին ժամանակաշրջանում չին-թուրքական հարաբերություններում արձանագրվեց լուրջ ճգնաժամ, որն առաջացավ 2009թ. ամռանը ՉԺՀ Սինձյան-ույղուրական ինքնավար շրջանում տեղի ունեցած դեպքերից հետո: Ընդ որում, հետաքրքրական է, որ ժամանակային առումով Սինձյանի իրադարձությունները հաջորդեցին հունիսին Թուրքիայի նախագահ Ա.Գյուլի Չինաստան կատարած պետական այցին, որի ընթացքում երկու երկրների ղեկավարությունների կողմից առանձնահատուկ շեշտվեց տնտեսական համագործակցության հետագա զարգացման առաջնայնությունը` հետին պլան մղելով Թուրքիայի եւ Չինաստանի քաղաքական երկխոսության շրջանակներում նախկին տարիներին առկա խնդիրները, մասնավորապես` ույղուրական խնդիրը: Ընդ որում, թուրքական պետության ղեկավարը չինական կողմի առաջարկով առաջին անգամ այցելեց Սինձյան:
Հետաքրքրական է նաեւ, որ եթե Սինձյանում տեղի ունեցած իրադարձություններին հաջորդած օրերին Չինաստանի կենտրոնական մամուլը եւ ԱԳՆ-ն միտված էին Սինձյանի իրադարձությունների հրահրման մեջ մեղադրելու «ԱՄՆ որոշ շրջանակների», ապա իրադարձությունների հետագա ընթացքն առաջին պլան մղեց չին-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածությունը:
Այս իրադարձություններից անմիջապես հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ «Սինձյանում տեղի ունեցած իրադարձությունները կարծես ցեղասպանություն լինեն»: Էրդողանի խոսքին հետեւեց Թուրքիայի առեւտրի նախարարի հայտարարությունը երկրում չինական ապրանքները բոյկոտելու մասին` ի նշան ույղուրների դեմ ՉԺՀ-ի կողմից վարվող հետապնդումների քաղաքականության:
Այս կտրուկ հայտարարություններն առաջ բերեցին չինական լրատվամիջոցների անդրադարձը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելու փաստին: Մասնավորապես` Չինաստանի Կոմկուսի պաշտոնական «People’s Daily» օրաթերթի ինտերնետային հրապարակման մեջ նշվում է, որ Թուրքիան, որին Արեւմուտքը մեղադրում է հայերի ցեղասպանության եւ քրդերի դեմ պատժիչ գործողություններ իրականացնելու համար, տուրք տալով իր պանթյուրքիստական երազանքներին, անհիմն մեղադրանքներ է ներկայացնում Չինաստանին, որը երբեւէ չի վիրավորել Թուրքիային: Մեկնաբանելով թուրքական կողմի արձագանքները Սինձյանի իրադարձությունների առնչությամբ` չինացի փորձագետները կարծիք հայտնեցին, որ Թուրքիայի վարչապետը, արձագանքելով թուրքական հասարակության մեջ առկա ազգայնական եւ պանթյուրքիստական տրամադրություններին, տուրք է տվել պոպուլիզմին եւ դրա հետեւանքով կարող է լրջորեն վնասել չին-թուրքական հարաբերությունները:
Իրենց թուրք գործընկերների հետ հետագա շփումներում չին դիվանագետները հասկացրին, որ հանդես գալով այլ երկրներում թյուրքալեզու բնակչության շահերի պաշտպանի դերում` Թուրքիան ինքը պետք է զգուշավոր լինի տարածքային ամբողջականության եւ ազգային անվտանգության ապահովման հարցերում: Եվ Անկարայում միանգամից ընկալեցին Քուրդիստանի խաղաքարտը շահարկելու հարցում ԱՄՆ-ին Չինաստանի միանալու հետեւանքները:
Անմիջապես հետո թուրքական կառավարությունը զերծ մնաց ույղուրական շարժման առաջնորդ Ռեբիյա Քադիրի Թուրքիա նախատեսված այցն իրականացնելու քայլից, իսկ թուրքական մամուլը մոռացության մատնեց Ուրումչիի դեպքերը:
Միաժամանակ, սակայն, Սինձյանի դեպքերի առնչությամբ թուրքական կառավարության արձագանքը վկայեց, որ Անկարան փորձ է անում գրավել որոշակի դիրքեր ինչպես Եվրասիայում, այնպես էլ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Այդ արձագանքը կարելի է ընկալել որպես մահմեդական աշխարհում առաջնորդության համար Թուրքիայի ներկայացրած հայտ, որը դարձավ Իսրայելի դեմ եւ Պաղեստինի օգտին թուրքական դեմարշների քաղաքականության շարունակությունը: Այդ քայլով Անկարան նաեւ հավակնեց հանդես գալ որպես Եվրասիայում Չինաստանի քաղաքական ու տնտեսական զսպման հարցում զգալի դերակատարում ունեցող երկիր: Միեւնույն ժամանակ, թուրքական կառավարությունը խաղարկեց ույղուրական խաղաքարտը` Պեկինի հետ հարաբերություններում ավելի մեծ կշիռ եւ առավելություններ ձեռք բերելու նպատակով: Իրադարձությունների հետագա ընթացքը հաստատելու եկավ վերջին դիտարկումը, երբ Թուրքիա կատարած չին բարձրաստիճան պաշտոնյաների իրար հաջորդած այցերի ժամանակ ձեռք բերվեցին նոր համաձայնություններ` առեւտրատնտեսական եւ ֆինանսական ոլորտներում երկկողմ համագործակցության վերաբերյալ:
Դա նաեւ վկայում է, որ Պեկինում հաշվի են առնում Թուրքիայի դիրքը` որպես տարանցիկ տերության: Ինչպես նշում են չին փորձագետները, Թուրքիան, ի տարբերություն Իրանի, մեկուսացված չէ եւ, ի տարբերություն Սաուդյան Արաբիայի, ո՛չ թեոկրատական իսլամական պետություն է, ո՛չ էլ ԱՄՆ կցորդ, այլ, ընդհակառակը` դեպի Եվրոպա կողմնորոշվող եւ «լուսավորյալ իսլամիստական վարչակարգ» ունեցող երկիր:
Չպետք է նաեւ մոռանալ, որ Թուրքիան եւ Չինաստանն ունեն հակասություններ առեւտրատնտեսական ոլորտում` կապված համաշխարհային շուկայում իրենց արտադրանքի արտահանման խնդիրների հետ: Դրան գումարվում է մրցակցությունը Կասպյան ավազանի վառելիքային պաշարների ձեռքբերման համար տարվող մեծ խաղում: Վերջին տարիներին Չինաստանին հաջողվեց դուրս մղել Թուրքիային Ղազախստանում եւ Թուրքմենստանում իրականացվող նավթամուղերի եւ գազատարների շինարարության նախագծերից` ուղղելով Կենտրոնական Ասիայի երկրների բնական պաշարների հոսքը դեպի արեւելք: Ըստ էության, Կենտրոնական Ասիայում ՉԺՀ դիրքերի ամրապնդումը չեզոքացրեց տարածաշրջանում թուրքական ազդեցության աճը:
Հարկ է նշել, որ Թուրքիայի վերնախավում վերջին տարիներին որոշակի տարածում գտավ եվրասիականության գաղափարախոսությունը, որին հարում են քաղաքական գործիչներ եւ բարձրաստիճան զինվորականներ: Հանդես գալով Թուրքիայի կայսերական անցյալի վերականգնման եւ թյուրքական աշխարհի հետ կապերի սերտացման օգտին, այդ ուղղությունը դիտում է Չինաստանին որպես հնարավոր ռազմավարական այլընտրանք` Միացյալ Նահանգների եւ Եվրամիության ճնշումներին դիմակայելու առումով: Սակայն Էրդողանի իսլամիստական կառավարությունը որոշակի զտումներ իրականացրեց պետական ապարատում եւ զինվորականության շրջանում` մաքրելով դրանք «եվրասիական» տարրերից: Եվ չնայած Թուրքիայի ներկայիս վարչակարգը նույնպես ընդունում է Պեկինի հետ համագործակցության ռազմավարական կարեւորությունը, այդ երկրի շրջվելը դեպի Չինաստան` որպես իր նոր ռազմավարական դաշնակից, ներկայումս անհավանական է:
Վերջերս Թուրքիայում հնչեցին տեսակետներ` փաստացի Չինաստանի կողմից առաջնորդվող Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) միանալու հնարավորության մասին: Նման տեսակետները բարձրաձայնվեցին հատկապես Ֆրանսիայի եւ Գերմանիայի կողմից ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ընթացքը փաստորեն արգելակելուց հետո: Սակայն քանի որ ՇՀԿ-ն իրականում դեռեւս մնում է որպես բավական ամորֆ կառույց, Անկարայում նման հայտարարությունները կարելի է դիտել ընդամենը որպես Արեւմուտքին ուղղված դեմարշ, այն էլ` ոչ պաշտոնական մակարդակով:
Այսպիսով, հետեւելով չին-թուրքական հարաբերությունների զարգացմանը` կարելի է փաստել, որ դրանք ունեն սերտացման եւ խորացման բնույթ, սակայն դժվար թե վերածվեն ռազմավարական համագործակցության: Ավելին, Թուրքիայի կողմից տարվող եւ «նեոկայսերական» որակվող արտաքին քաղաքականությունն այսպես թե այնպես բերում է Եվրասիայում Չինաստանի շահերի հետ բախմանը: Ակնհայտ է, որ եթե Թուրքիան մտադիր է առաջ տանել իր հավակնությունները Եվրասիայում` փորձելով ունենալ Չինաստանին, ինչպես նաեւ ԱՄՆ-ին ու Ռուսաստանին համարժեք դերակատարում, ապա պետք է պատրաստ լինի նաեւ այդ խոշոր դերակատարների հակազդեցությանը:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇՈԻՐՋ[01.11.2011]
- ԱՄՆ–ՉԻՆԱՍՏԱՆ. ՊԱՅՔԱՐ ԳԼՈԲԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ[07.10.2011]
- ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ [26.07.2011]
- ԳԼՈԲԱԼ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ԵՎ ԱՊԱԳԱՆ[28.06.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ[18.05.2011]
- ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՒՄ[19.04.2011]
- ՆՈՐ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ[15.03.2011]
- ԱՊԱԳԱՅԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ[16.02.2011]
- ԹՈՒՐՔԻԱ–ՆԱՏՕ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[17.12.2010]
- ԵՎՐՈՊԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ՃԳՆԱԺԱՄԸ[19.11.2010]
- ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ՎԵՐԱՓՈԽՈՒՄԸ[20.10.2010]