• am
  • ru
  • en
Версия для печати
12.02.2010

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱ՞Ջ

   

Արտաշես Տեր-Հարությունյան

Փետրվարի սկզբին Մոսկվայում գործող Ժամանակակից զարգացման ինստիտուտը հրապարակեց զեկույց` «XXI դարի Ռուսաստանը. ցանկալի ապագայի պատկերը», որն առանձնահատուկ ուշադրության արժանացավ ինչպես ռուսաստանյան, այնպես էլ միջազգային փորձագիտական ու քաղաքական շրջանակների կողմից: Զեկույցի առանձնահատակությունն այն չէ, որ`

  • այն հիմնարար քննադատության է ենթարկում ներկայիս Ռուսաստանում առկա քաղաքական, տնտեսական, սոցիալական ու անվտանգության համակարգերը,
  • այդպիսով, փաստորեն, եզրակացնելով, որ վերջին տասը տարիներին ձեւավորված Ռուսաստանը, չնայած ձեռք բերած հաջողություններին, այնուամենայնիվ, չի կարողացել լուծել իր առջեւ ծառացած համակարգային խնդիրները վերը նշված ոլորտներում,
  • եւ դրանք այնքան են սրվել, որ այլեւս առաջանում է ռուսական պետության լինել-չլինելու հարցը,

այլ այն, որ`

  • ինստիտուտը, ֆինանսավորվելով ՌԴ նախագահի աշխատակազմի կողմից ու տարաբնույթ հարցերի վերաբերյալ առաջարկներ պատրաստելով նրա համար1, այս զեկույցով ավելի շուտ կոչված է արտահայտելու, բացահայտելու ռուսական վերնախավի կամ առնվազն նրա մի մասի դիրքորոշումը երկրում առկա իրավիճակի ու առաջիկայում նախատեսվող գործողությունների վերաբերյալ,
  • զեկույցը գալիս է լրացնելու վերջին շրջանում Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական դաշտերում նկատվող շահերի բախումը, ինչը շատերի համար անսովոր ու անսպասելի էր` վերջին տասնամյակում պուտինյան վերահսկելի Ռուսաստանի ֆոնին:

Զեկույցի հիմնական դրույթները

Այն ուղին, որով ընթանում է ներկայիս Ռուսաստանը, ամրապնդում է հանքահումքային արտահանման վրա հիմնված տնտեսությունը, որի պարագայում անգամ ամենամեղմ կանխատեսումները չեն բացառում «ծայրահեղ սցենարներ», որոնց վատագույն տարբերակները ենթադրում են`

  • տնտեսական կոլապս,
  • տեխնոլոգիական, ըստ ամենայնի, այլեւս անհաղթահարելի հետամնացություն,
  • քաղաքական խոր ճգնաժամ,
  • աշխարհաքաղաքական դիրքերի կորուստ,
  • դեմոգրաֆիական աղետալի անկում` այդ թվում որակական իմաստով («ուղեղների արտահոսք»):

Որպեսզի Ռուսաստանը կարողանա հաղթահարել իր առջեւ ծառացած ու սպասվող խնդիրները եւ միջազգային ասպարեզում մասնակցել գլոբալ որոշումների կայացմանը, անհրաժեշտ է երկրի արդիականացում: Արդիականացումը պետք է լինի խոր, համակարգային ու վճռական: Զեկույցի առանձնահատկություններից է այն, որ ընդունելով, թե Ռուսաստանում այլեւս սպառվել է ցանկացած արդիականացման համար կարեւոր հասարակական աջակցության ռեսուրսը (նախկինում բազմիցս սկսված ու անավարտ մնացած, հետեւաբար` անարդյունավետ արդիականացումների պատճառով), պահանջվում է, որ արդիականացումը միաժամանակ վերաբերի ռուսական պետության բոլոր կենսական ոլորտներին`

  • քաղաքական (ընտրությունների միջոցով իշխանության փոփոխում ու հետեւաբար` իրական քաղաքական պայքար եւ քաղաքական ինստիտուտների կայացում),
  • տնտեսական (հավասար հնարավորություններ ստեղծող ու պետական միջամտությունից հնարավորինս զերծ տնտեսական դաշտ),
  • սոցիալական (պետականին զուգահեռ` սոցիալական ապահովության մասնավոր համակարգի զարգացում),
  • անվտանգության (անվտանգության ապահովման պետական ապարատի` բանակ, ՆԳՆ, հատուկ ծառայություններ, կրճատում2 եւ գործառույթների հստակեցում):

Զեկույցի հաջորդ կարեւոր դրույթն այն է, որ հետինդուստրիալ ժամանակաշրջանում արդիականացումն անհնար է իրականացնել անազատության, նեոֆեոդալիզմի տարրեր պարունակող պայմաններում, եւ որպես զարգացման անհրաժեշտ երաշխիք նշվում է մարդու ազատությունների ու իրավունքների ապահովումը, ինչը հնարավորություն կտա լիարժեք օգտագործել մարդու ստեղծագործական ներուժը: Եվ միայն այդ պայմաններում հնարավոր կլինի ապահովել Ռուսաստանի շարունակական զարգացումը` արդիականացումից հետո:

Իրավիճակային դիտարկում

Ռուսաստանում այդպիսի գաղափարների նման բարձր մակարդակով հրապարակ գալը միգուցե անակնկալ չէր տեղի քաղաքական ու բիզնես էլիտայի համար: Չպետք է մոռանալ, որ 2010թ. Ռուսաստանը մուտք գործեց 7.9% տնտեսական անկմամբ, ինչը ոչ միայն ամենամեծն է G8-ի, այլեւ BRIC (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան) անդամ պետությունների շարքում:

Սակայն տնտեսական անկումը գլխավոր խնդիրը չէ: Տնտեսական ճգնաժամը ցույց տվեց Ռուսաստանի տնտեսության ողջ խոցելիությունը: Հանքահումքային ռեսուրսներից եւ ռազմական տեխնիկայից զատ, այսօր միջազգային շուկայում այդ երկիրը չի վաճառում քիչ թե շատ էական եւ ոչ մի ապրանք կամ ծառայություն: Նշված իրողությունը պատճառ հանդիսացավ, որ անցած աշնանից Ռուսաստանում ամենաբարձր մակարդակով մեկնարկի տնտեսական նոր բարեփոխումների թեման, որի գլխավոր կետերից է պետության դերի սահմանափակումը տնտեսության մեջ, քանզի տնտեսական ճգնաժամը ցույց տվեց նաեւ պետական կորպորացիաների սակավարդյունավետությունը ռեսուրսների կառավարման ու նոր տեխնոլոգիաների ներդրման հարցում3:

Սակայն սկիզբ առած գործըթնացը չի սահմանափակվում միայն տնտեսական դաշտով: Անցած տարվա հոկտեմբերին Ռուսաստանում կայացած տարբեր մակարդակի ընտրությունների ժամանակ ու դրանցից հետո հրապարակայնորեն ի հայտ եկան Միասնական Ռուսաստան եւ Արդար Ռուսաստան կուսակցությունների միջեւ հակասությունները: Թեեւ ընտրությունների արդյունքները չվերանայվեցին, սակայն պուտինյան Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ հրապարակ իջան նման կարգի քաղաքական հակասություններ:

Չնայած քիչ հավանական է հատկապես արեւմտյան մամուլում պարբերաբար շրջանառվող տարբերակը` Պուտին–Մեդվեդեւ լուրջ հակասությունների մասին, սակայն միեւնույն է` հարցն այդքանով չի փակվում: Նորությունն այն է, որ, ըստ ամենայնի, ամենաբարձր մակարդակով որոշում է կայացվել (քանի որ Ռուսաստանում նման հարցերը կարող են որոշվել միայն ամենաբարձր մակարդակով), մեղմ ասած, վիճարկել երկիրը առաջնորդելու Միասնական Ռուսաստանի մենաշնորհը: Նույն տրամաբանության մեջ են նաեւ փետրվարին տեղ գտած սկանդալային երկու դեպքերը, երբ ռուսաստանյան Առաջին ալիքով նախ Սենատի նախագահ, Արդար Ռուսաստանի ղեկավար Սերգեյ Միրոնովը, իսկ հետո նաեւ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը քննադատեցին Միասնական Ռուսաստանի ներքին եւ սոցիալ-տնտեսական քաղաքականությունը (Միրոնովը նաեւ քննադատեց վարչապետ Պուտինին):

Հետեւություններ

Հաշվի առնելով զեկույցում տեղ գտած եզրակացությունների սրությունը, զուգահեռ` Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական դաշտերում սկիզբ առած զարգացումները եւ որոշումների կայացման ռուսական մեխանիզմում առկա ավանդույթները` չպետք է բացառել, որ Ռուսաստանի արդիականացմանն ուղղված քայլերին մենք ականատես կլինենք արդեն շուտով:

Այս պահի դրությամբ պետք է քիչ հավանական համարել, որ ռուսական պետության հերթական արդիականացման գործընթացը ձեռք բերի (ինչպես շատ հաճախ) անկառավարելի բնույթ: Թեեւ մյուս կողմից` կախված ձեռնարկվելիք բարեփոխումների խորությունից, այն կարող է ունենալ նաեւ չնախատեսված հետեւանքներ:

Նկատի ունենալով Ռուսաստանի քաղաքական, տնտեսական ու գաղափարախոսական ազդեցությունը հետխորհրդային պետությունների վրա` հավանական է, որ բարեփոխումների ալիքն անցնի նաեւ վերջիններիս: Այդ տարբերակը կարող է անգամ անխուսափելի լինել Ռուսաստանում արդիականացման հաջող ընթացքի դեպքում:

Եվ վերջում. այդ թվում Հայաստանի համար կարեւոր է դառնում, թե արդիականացման ճանապարհին Ռուսաստանն արտաքին քաղաքական ինչ պայմանավորվածությունների կհանգի այլ տերությունների հետ: Չմոռանանք, որ ռուսական բոլոր արդիականացումների ժամանակ այդ երկիրը կարողացել է արտաքին քաղաքական անակնկալներ մատուցել:

1Ժամանակակից զարգացման ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

2Օրինակ, առաջարկվում է լուծարել Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) եւ ՆԳՆ-ն: Առաջինի գործառույթներն անցնելու են ստեղծվելիք Հակահետախուզության դաշնային ծառայությանը, որը պետք է իրականացնի միայն հակահետախուզական գործառույթ եւ երկրի ողջ տարածքում չունենա ԱԴԾ-ի նման ճյուղավորում: ՆԳՆ գործառույթները բաժանվում են մի քանի մարմինների միջեւ:

3Օրինակ, ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնը անցած հոկտեմբերին հրապարակեց մի վերլուծություն (The Kremlin Wars), ուր ասված էր, թե ռուսական վերնախավի համեմատաբար լիբերալ մասը` նախագահ Մեդվեդեւի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիսլավ Սուրկովի գլխավորությամբ, օգտագործելով Ռուսաստանի տնտեսական ներկայիս դժվարությունները, ձեռնամուխ է եղել փոխվարչապետ Իգոր Սեչինի առաջնորդությամբ գործող մյուս կլանի (Անվտանգության դաշնային ծառայությունը ներկայացնող մարդկանց) դիրքերի թուլացմանը Ռուսաստանի տնտեսական ու քաղաքական դաշտերում:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր