• am
  • ru
  • en
Версия для печати
06.02.2012

ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՆ ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ

EnglishРуский

   

Արտաշես Տեր-Հարությունյան

Թեեւ նախորդ տարիներին լարվածությունն Իրանի շուրջ` աճելով ու նվազելով, անսովոր երեւույթ չէր դիտվում, սակայն վերջին շրջանում նկատվում է, որ Հայաստանի հարավային հարեւանին վերաբերող զարգացումները փոխել են իրենց բնույթը: Նրանք դարձել են անսովոր ագրեսիվ` նույն այդ նախորդ տարիների համեմատ, ինչն էլ թույլ է տալիս ենթադրել, որ Իրանի շուրջ իրավիճակ է փոխվում:

Մյուս կողմից, եթե այդ ագրեսիվությունը հիմնականում պայմանավորված է Իրանի նկատմամբ ԱՄՆ ու նրա եվրոպական եւ մերձավորարեւելյան գործընկերների ճնշմամբ, ապա որպես այդ ճնշման նպատակ առանձնանում են երկու կետեր`

  • կարճատեւ հեռանկարում տարածաշրջանային կարեւոր հարցերի վերաբերյալ Թեհրանից կորզել հնարավորինս շատ զիջումներ,
  • երկարատեւ հեռանկարում առավելագույնս թուլացնել Իրանում իշխող վարչակազմը:

Իրավիճակային դիտարկում

Հունվարի 23-ին Բրյուսելում կայացած Եվրոպական միության անդամ երկրների արտգործնախարարների խորհուրդը որոշում կայացրեց այս տարվա հուլիսի 1-ից արգելել ԵՄ անդամ բոլոր պետություններին` նավթ ու նավթամթերք ներմուծել Իրանից:

Նշենք, որ վերջին տվյալների համաձայն` յուրաքանչյուր օր Իրանը միջազգային շուկայում վաճառում է 2.3 մլն բարել նավթ, որից 450 հազարը գնում են ԵՄ անդամ պետությունները, հիմնականում` Իսպանիան, Հունաստանը եւ Իտալիան:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ եվրոպական երկրները մտադիր են իրանական նավթի փոխարեն գնել սաուդական եւ ռուսական նավթ, իսկ մյուս կողմից էլ` Միացյալ Նահանգները շարունակում է ճնշումը Թեհրանի հետ առեւտրատնտեսական ծավալուն հարաբերություններ ունեցող մյուս պետությունների նկատմամբ, որպեսզի նրանք էլ հրաժարվեն իրանական նավթից եւ դադարեցնեն իրանական բանկերի հետ ֆինանսական գործարքները, Թեհրանի համար, իրոք, կարող է խնդիր ծագել միջազգային շուկայում սեփական նավթի վաճառքի առումով:

Գաղտնիք չէ, որ նավթն իրանական վարչակազմի համար եկամտի առաջնային աղբյուր է, որից է կախված նաեւ սոցիալ-տնտեսական կայունությունը երկրում1: Պատահական չէ, որ անցած տարվա դեկտեմբերին, երբ հայտնի դարձավ Եվրամիության մտադրության մասին (արգելել Իրանից նավթի ու նավթամթերքների ներմուծումը), իրանական կողմն անսովոր կոշտ արձագանքեց: Թեհրանը նախ դեկտեմբերի 24-ից ռազմածովային ուժերի լայնամասշտաբ զորավարժություններ («Վելայաթ-90») սկսեց, որոնք տեւեցին ինը օր եւ ընդգրկում էին հսկայական մի տարածություն` Պարսից ծոց, Հորմուզի նեղուց, Արաբական ծով ու Ադենի ծոց: Եվ զորավարժությունների ժամանակ` դեկտեմբերի 27-ին, Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Ռեզա Ռահիմին հայտարարեց, որ եթե իրանական նավթի հետ կապված պատժամիջոցները մտնեն ուժի մեջ, ապա իսլամական հանրապետության զինված ուժերը կփակեն Հորմուզի նեղուցը, որտեղով իրականացվում է նավթի համաշխարհային տեղափոխումների մոտ 40%-ը2:

Հատկանշական է, որ «Վելայաթ-90» անվամբ զորավարժությունների ժամանակ փորձարկվեց Հորմուզի նեղուցը փակելու սցենար: Այդ զորավարժություններին Իրանն իրականացրեց նաեւ հեռահար հրթիռի փորձարկում, որն ի վիճակի է խոցել օբյեկտներ Իսրայելում, ինչպես նաեւ հարվածել Մերձավոր Արեւելքում տեղակայված ամերիկյան ռազմակայաններին: Ի հավելումն` հունվարի 6-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ալի Ֆադավին հայտարարեց, թե փետրվարին իրանական ռազմածովային ուժերը նոր զորավարժություններ են անցկացնելու Հորմուզի նեղուցի շրջանում:

Միացյալ Նահանգներն արձագանքեց իրանական կողմի քայլերին: Նախ Պենտագոնը հայտարարեց, թե ամերիկյան զինված ուժերի ներկայությունը Պարսից ծոցում համապատասխանում է միջազգային նորմերին, եւ Վաշինգտոնը մտադիր չէ շրջանից դուրս բերել իր ռազմածովային ուժերը: Կարճ ժամանակ անց` հունվարի 8-ին, հայտնի դարձավ, որ ի լրումն Պարսից ծոցում արդեն իսկ առկա «Ջոն Ստենիս» ավիակրի ու նրան ուղեկցող ռազմական նավերի, Միացյալ Նահանգները Պարսից ծոցին է մոտեցրել ռազմանավերի մեկ այլ խումբ` «Կարլ Վինսոն» ավիակրի գլխավորությամբ: Բացի այդ, Պենտագոնը Խաղաղ օվկիանոսից Հնդկական օվկիանոս` Պարսից ծոցին մոտ, ուղարկեց ռազմանավերի եւս մեկ խումբ` «Աբրահամ Լինքոլն» ավիակրի ղեկավարությամբ: Պարսից ծոցի շրջան ռազմանավերի խումբ ուղարկեց նաեւ Ֆրանսիան` «Շառլ դը Գոլ» ավիակրի առաջնորդությամբ: Ծոց ուղեւորվեցին նաեւ բրիտանական մի քանի ռազմանավեր:

Նույն հունվարի 8-ին հայտարարությամբ հանդես եկավ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան` նշելով, որ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը Վաշինգտոնը կընկալի որպես «կարմիր գիծը» անցնել: Պանետայի հայտարարությունից երեք օր առաջ ավելի կոշտ խոսքերով էր հանդես եկել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Համոնդը` նշելով, որ եթե Իրանը փակի Հորմուզի նեղուցը, ապա Միացյալ Թագավորությունը ռազմական գործողություններ կսկսի` այն վերաբացելու համար: Սակայն հատկապես ուշագրավ էր հունվարի 13-ին The New York Times-ի հրապարակումը, ինչը հետո հաստատվեց իրանական աղբյուրների կողմից, ըստ որոնց` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիին` նախազգուշացնելով Թեհրանին զերծ մնալ Հորմուզի նեղուցը փակելուց:

Փոխադարձ սպառնալիքները Վաշինգտոնի, նրա գործընկերների ու Թեհրանի միջեւ, անշուշտ, նորություն չեն, սակայն այս անգամ տարբերությունն այն է, որ այդ սպառնալիքներն ուղեկցվում են ռազմուժի նման ցուցադրությամբ եւ նման մակարդակի կոշտ հայտարարություններով: Մյուս կողմից, իրավիճակին լրջություն է հաղորդում այն հարցը, որի շուրջ ծավալվում է լարվածությունը. խոսքն իրանական նավթի մասին է: Ինչպես նշվեց, իրանական վարչակազմի համար նավթի վաճառքը կենսական կարեւորության հարց է: Դա հասկանում են նաեւ Միացյալ Նահանգներում ու եվրոպական տերություններում, եւ նախորդ տարիների ընթացքում (չնայած ԱՄՆ-ի կողմից սահմանված միակողմանի պատժամիջոցներին) իրանական նավթին չանդրադառնալը մի տեսակ ցուցիչ էր, որ Թեհրանի ուղղությամբ կիրառվող արտաքին ճնշումները կրում են իրավիճակային բնույթ: Այժմ պատկերը փոխվում է, ու եվրոպական երկրների որոշումը` դադարեցնել իրանական նավթի գնումը, նշան է, որ Իրանի դեմ ուղղված ԱՄՆ ու եվրոպական տերությունների քաղաքականությունը փոխել է բնույթը, ինչն էլ իրավիճակի փոփոխության ցուցիչ է:

Իրավիճակի փոփոխության մասին են վկայում նաեւ իրանական միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցողը եւ այդ ֆոնին իրանա-իսրայելական հակամարտության սրացումը, որն ակտիվ կերպով ծավալվում է հատկապես վերջին շրջանում:

Իրանական նավթի ու Հորմուզի նեղուցի շուրջ առաջացած լարվածության ֆոնին` հունվարի 8-ին Թեհրանը հայտարարեց, թե Կում քաղաքից ոչ հեռու ընկած Ֆորդո բնակավայրի մոտ սկսել է գործել ուրանի հարստացման ստորգետնյա գործարան3: Իրանի ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ֆերեյդուն Աբասին հավելեց, որ գործարանը կարող է իրականացնել ուրանի մինչեւ 20% հարստացում: Ինչն է ուշագրավ, որ Թեհրանի այս քայլը դատապարտեցին ոչ միայն Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Իտալիան, այլեւ` Ռուսաստանը:

Երկու օր անց իսրայելական լրատվամիջոցները, հղում կատարելով իրենց երկրի հատուկ ծառայություններին, գրեցին, թե այս տարվա ընթացքում Թեհրանը նախատեսում է իր ստորգետնյա միջուկային օբյեկտներից մեկում իրականացնել մեկ կիլոտոն միջուկային ռումբի պայթեցում` նմանությամբ այն ռումբի, որը 2006թ. պայթեցրեց Հյուսիսային Կորեան: Ուշագրավ է, որ նույն օրը` հունվարի 10-ին, բրիտանական The Times-ը հրապարակեց Թել Ավիվի համալսարանին կից գործող Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի վերջերս պատրաստած զեկույցը, ըստ որի` 2013թ. «Իսրայելը պետք է պատրաստվի միջուկային Իրանի ի հայտ գալուն»:

Եվս մի քանի օր անց` հունվարի 18-ին, Իսրայելի ռազմական հետախուզության նախկին ղեկավար, գեներալ-մայոր Ամոս Յադլինը հայտարարեց, թե միջուկային զենքի ստեղծման համար Իրանը տիրապետում է անհրաժեշտ բոլոր տեխնոլոգիաներին ու նյութերին եւ զենքի ստեղծումը միայն այդ երկրի քաղաքական որոշման հարց է:

Հաջորդ օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, թե Իրանի ղեկավարությունը քաղաքական որոշում է կայացրել ստեղծել միջուկային զենք: Հատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ իր այդ հայտարարությունից երկու օր առաջ Նեթանյահուն չեղյալ հայտարարեց ապրիլին նախատեսված ամերիկա-իսրայելական համատեղ զորավարժությունները` Austere Challenge 12, որոնք պետք է ամենածավալունը լինեին պատմության ընթացքում: Թե՛ ամերիկյան, թե՛ իսրայելական աղբյուրների փոխանցմամբ, այդ կերպ Թել Ավիվն իր դժգոհությունն է հայտնում իրանական հարցում Վաշինգտոնի մոտեցման կապակցությամբ, որը ներկայում դեմ է իսլամական հանրապետության նկատմամբ ռազմուժի կիրառմանը: Այստեղ կարեւոր է այն հանգամանքը, որ Թել Ավիվը դիմում է ամերիկա-իսրայելական հարաբերությունների տեսանկյունից նման կտրուկ միջոցի, ինչը, հաշվի առնելով Իրանի շուրջ ընթացող զարգացումները, պետք է որ վկայի հարցի` ներկայում գերկարեւորության կամ, այսպես ասած, բարձր խաղադրույքների մասին:

Հետեւություններ

Գործընթացն ավարտված չէ, եւ գլխավոր հարցն է, թե ինչ ընթացք կստանան զարգացումները Եվրոպական միության արտգործնախարարների խորհրդի վերոհիշյալ որոշումից հետո:

Իհարկե, շատ բան կախված է Իրանի արձագանքից, սակայն կողմերից յուրաքանչյուրի ցանկացած քայլ, ըստ էության, լինելու է ժամանակավոր, քանի որ զարգացումների տրամաբանությունն ուղղված չէ իրավիճակի հանդարտեցմանը:

Մյուս կողմից, կարեւոր են Սիրիայի շուրջ ընթացող զարգացումները: Միջազգային բազմաթիվ փորձագետների համոզմամբ` Իրանի նկատմամբ ԱՄՆ ու նրա գործընկերների գործադրած ճնշման նպատակներից է հասնել սիրիական հարցում Թեհրանի զիջմանը: Սիրիայում ալ-Ասադների վարչակազմի տապալումը կարող է լրջորեն թուլացնել Իրանի դիրքերը տարածաշրջանում: Ճնշումը Դամասկոսի նկատմամբ աճում է, եւ պետք է սպասել, թե ինչ է առաջարկելու Թեհրանը սիրիական իր դաշնակցին:

1 Արեւմտյան փորձագիտական գնահատականների համաձայն, ներկայում Իրանն իր պետական եկամուտների շուրջ 2/3-րդը ստանում է հենց նավթի վաճառքից:

2 Ի հավելումն այդ հայտարարության` իրանական զինված ուժերի Գլխավոր սպայակույտի պետ, գեներալ-մայոր Աթաոլա Սալեհին եւ Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին համապատասխանաբար հունվարի 3-ին եւ 4-ին հայտարարեցին, թե Միացյալ Նահանգները պետք է Պարսից ծոցից դուրս հանի իր ռազմածովային ուժերը, քանի որ տարածաշրջանային երկրներն ի զորու են սեփական ուժերով ապահովել Պարսից ծոցի անվտանգությունը:

3 Ի պատասխան արեւմտյան սպառնալիքների, Իրանը տեղափոխում է իր միջուկային օբյեկտները ստորգետնյա ապաստարաններ:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր