• am
  • ru
  • en
Версия для печати
20.06.2011

ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ

EnglishРуский

   

Արտաշես Տեր-Հարությունյան

Իսրայելի շուրջ անվտանգության միջավայրի փոփոխությունը

Մայիսի վերջին Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հանդես եկավ հայտարարությամբ, որն անմիջապես գրավեց մերձավորարեւելյան խնդիրներով զբաղվող փորձագետների ուշադրությունը: Բարաքը հայտարարեց, թե յուրաքանչյուր տարի Իսրայելի կողմից կատարվող ռազմական հատկացումներից1 զատ, առաջիկա հինգ տարիների ընթացքում անհրաժեշտ է նաեւ առնվազն $20 մլրդ, որպեսզի «գալիք սերնդի ընթացքում երկիրը եւս պաշտպանված լինի»:

Էհուդ Բարաքի այդ հայտարարությունը հնչեց Իսրայելում շարունակվող քննարկումների ֆոնին, թե ինչ ազդեցություն կունենան արաբական հեղափոխությունները հրեական պետության անվտանգության վրա: Հարցը տարածաշրջանով ու Իսրայելի անվտանգությամբ զբաղվող հրեա փորձագետների վերջին մի քանի շաբաթների հրապարակումների ուշադրության կենտրոնում է: Եվ ի տարբերություն ամերիկյան ու եվրոպական շատ գնահատականների, Իսրայելում ամենեւին էլ ոգեւորված չեն «արաբական գարունով»2:

Եթե փորձենք ի մի բերել, ապա գերիշխող միտքը հետեւյալն է. վերջին մոտ երեք ու կես տասնամյակի ընթացքում հրեական պետությունը զերծ է մնացել լայնածավալ ռազմական ագրեսիայից ու հնարավորություն է ունեցել զարգանալու, քանի որ հարակից երեք երկրներում` Եգիպտոսում, Սիրիայում ու Հորդանանում գործող վարչակազմերը շահագրգռված են եղել կամ անուղղակի նպաստել են Իսրայելին ձեռնտու ռազմաքաղաքական status quo-ի պահպանմանը3: Եվ այժմ` Եգիպտոսում Մուբարաքի վարչակազմի տապալումը, Սիրիայում ալ-Ասադների իշխանության դեմ ընդլայնվող հուզումները, որոնք աստիճանաբար ձեւափոխվում են զինված ապստամբության, եւ Հորդանանում թագավորող Հաշեմիտների դինաստիայի, փաստորեն, ստիպողական քայլերը` ընդդիմությանն ընդառաջ4, իրավիճակ են փոխում: Վերջին մի քանի տասնամյակներում լինելով գործող վարչակարգերին ընդդիմադիր հիմնական ուժը` իսլամիստները ներկայում հնարավորություն են ստացել առաջնորդել ժողովրդական լայն զանգվածներ եւ ազդել քաղաքական որոշումների վրա:

Հրեական պետության անվտանգության տեսանկյունից վերոհիշյալն ունի ռազմավարական նշանակություն, քանզի նշված երկրներում իսլամիստների ազդեցության մեծացման արդյունքում քեմփդեւիդյան պայմանավորվածությամբ ձեւավորված տարածաշրջանային ռազմաքաղաքական status quo-ն հայտնվում է վտանգի տակ:

Այդ առումով, Իսրայելում, օրինակ` առանձնացնում են պաղեստինյան հարցում Եգիպտոսի քաղաքականության փոփոխությունը, որը տեղի ունեցավ Հոսնի Մուբարաքի տապալումից կարճ ժամանակ անց: Ապրիլի 27-ին Կահիրեում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պաղեստինյան «Ֆաթհ» ու «Համաս» խմբավորումների ներկայացուցիչները հայտարարեցին իրենց տարաձայնությունները «մի կողմ դնելու» եւ միասնական կառավարություն կազմելու մասին` «նպատակ ունենալով ութ ամսից անցկացնել համապետական ընտրություններ»: Հասկանալի է` միմյանց թշնամի խմբավորումների այդ քայլը տեղի ունեցավ Եգիպտոսի աջակցությամբ: Արդեն հաջորդ օրը` ապրիլի 28-ին, Եգիպտոսի արտգործնախարար Նաբիլ Էլարաբին «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության եթերում «ոչ պատվաբեր» անվանեց Մուբարաքի վարչակազմի վարած քաղաքականությունը Գազայի հատվածի կապակցությամբ: Էլարաբիի հայտարարությունից մեկ ամիս անց` մայիսի 28-ին, Եգիպտոսը բացեց Գազայի հատված տանող «Ռաֆահ» անցակետը, որը փակվել էր 2007թ.` Գազայում «Համաս» շարժման իշխանության գալուց հետո: Եվ վերջապես, հունիսի սկզբին` պատմության մեջ առաջին անգամ, Եգիպտոսի իշխանությունները թույլ տվեցին, որ եգիպտական «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության պատվիրակությունը մեկնի Գազա ու այնտեղ հանդիպումներ ունենա «Համաս» շարժման ղեկավարության հետ:

Թել Ավիվում գործող Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի (The Institute for National Security Studies–INSS) վերլուծություններից մեկը հետեւություն է անում. եթե տեսանելի հեռանկարում Եգիպտոսում կամ Իսրայելին հարակից արաբական այլ երկրներում իսլամիստական ուժերն անգամ չգան իշխանության, այդ երկրները կառավարող վարչակարգերն իրենց ներքին ու արտաքին քաղաքականություններում առաջիկայում հարկադրված են լինելու ընդառաջ գնալ իսլամիստներին` հաշվի առնելով վերջիններիս աճող ազդեցությունը հասարակական-քաղաքական հարաբերություններում:

Վերադառնանք, սակայն, Էհուդ Բարաքի հայտարարությանը: Ըստ ամենայնի, Իսրայելի պաշտպանության նախարարի այդ խոսքերը վկայում են, որ տարածաշրջանային վերոհիշյալ զարգացումների ֆոնին հրեական պետության ռազմաքաղաքական վերնախավն արդեն հանգել է որոշակի հետեւությունների, իսկ հայտարարության նպատակն էլ դա ի ցույց դնելն է: Եթե այդպես է, ապա հայտարարությունը պետք է նաեւ վկայի, որ մերձավորարեւելյան հնարավոր փոփոխություններին ընդառաջ` ռազմական նախապատրաստություններից զատ, Իսրայելի կողմից կլինեն նաեւ արտաքին քաղաքական նախաձեռնություններ:

Գործընկեր-պետությունների հետ հարաբերությունների հարցը

Նոր իրավիճակը Մերձավոր Արեւելքում անդրադառնում է նաեւ Իսրայելի անվտանգության համար կարեւոր նշանակություն ունեցող մյուս ասպեկտի` գործընկեր-պետությունների հետ հարաբերությունների վրա:

Այդ առումով, առաջինը Թուրքիայի հետ հարաբերություններում երեւան եկած նոր իրողություններն են: Իհարկե, իսրայելա-թուրքական հարաբերություններում ծագած հակասությունների պատճառը պայմանավորված չէ «արաբական գարունով» ու նախեւառաջ կապված է իսլամական աշխարհում ազդեցիկ դերակատարություն ստանձնելու Անկարայի նպատակների հետ, սակայն արաբական հեղափոխությունները նոր հնարավորություն են ստեղծում թուրքական քաղաքականության համար, եւ Անկարայում, ըստ ամենայնի, որոշել են օգտվել դրանից:

Հունիսի սկզբին ոչ առանց արեւմտյան հատուկ ծառայությունների եւ Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (թուրք.` Milli Istihbarat Teskilati – MIT) աջակցության Անթալիայում տեղի ունեցավ Սիրիայում իշխող ալ-Ասադների վարչակարգին ընդդիմադիր ուժերի հավաք, որի նպատակն էր Լիբիայի օրինակով ստեղծել ընդդիմադիր միասնական մի կառույց: Հունիսի 6-ին, երբ Սիրիայի հյուսիսում գտնվող` Թուրքիային սահմանակից, սուննիաբնակ Ջիսր ալ-Շուղուր քաղաքում հակակառավարական բողոքի ակցիաները վերաճեցին զինված ապստամբության, անգամ սիրիական աղբյուրները գրեցին Բաշար Ասադին հավատարիմ զորամիավորումների դեմ մարտնչող թուրքական ծագմամբ զինյալների մասին: Նշված քաղաքում ստեղծված իրավիճակի լրջության մասին էր խոսում այն, որ Դամասկոսը կարողացավ միայն մեկ շաբաթվա ընթացքում ճնշել ապստամբությունը` հյուսիս տեղափոխելով բանակի էլիտար զորամիավորումներ: Սակայն ինչն է ուշագրավ. այդ ամենից հետո` հունիսի 13-ին, Սիրիայի մայրաքաղաքում գտնվող Թուրքիայի դեսպանատան վրա հարձակում գործեց իշխանամետ մոտ երկու հազար ցուցարարներից բաղկացած ամբոխը. դժվար թե Սիրիայում նման միջադեպ տեղի ունենար առանց իշխանությունների հավանության:

Ինչեւէ, Թուրքիայի ներգրավվածությունը սիրիական գործերին պարզորոշ ցույց է տալիս Անկարայի շահագրգռվածությունը` հանդես գալ արաբական երկրներում (հնարավոր է նաեւ ողջ իսլամական աշխարհում) վեր բարձրացող նոր ուժերի կողքին, աջակցել նրանց ու հետեւաբար` ազդեցություն ունենալ նրանց վրա: Իսրայելական տեսանկյունից Թուրքիայի այդ քաղաքականությունը տանում է Թել Ավիվ–Անկարա հակասությունների խորացմանը, քանի որ, ինչպես նշեցինք վերը, Իսրայելում գտնում են, թե այդ նոր ուժերի գերակշիռ մասն ունի իսլամիստական օրակարգ: Թեեւ այսպիսի կարծիքներ դեռ բացահայտ չեն հնչում, սակայն իսրայելական լրատվամիջոցներում հրապարակվող վերլուծականներում արդեն իսկ կարելի է նկատել ակնարկներ, որ թուրքական տարածաշրջանային քաղաքականության մեջ առկա միտումի պահպանման դեպքում, արդեն ոչ հեռավոր ապագայում Անկարան հանդիսանալու է Իսրայելի հիմնական հակառակորդներից մեկը, որը, սակայն, միաժամանակ լավ հարաբերություններ ունի արեւմտյան շատ տերությունների հետ5:

Պակաս ուշագրավ չեն Իսրայել–Միացյալ Նահանգներ հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները: Մայիսի 19-ին ԱՄՆ Պետքարտուղարությունում մերձավորարեւելյան զարգացումներին վերաբերող իր հայտնի ելույթի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, խոսելով, արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման մասին, հայտարարեց, թե Իսրայելը պետք է վերադառնա 1967թ. սահմաններին, այսինքն՝ պաղեստինցիներին հանձնի Հորդանան գետի Արեւմտյան ափի` իր կողմից զբաղեցրած տարածքների մի զգալի մասը, իսկ Սիրիային` Գոլանի բարձունքները: Իսկ հունիսի 11-ին իսրայելական «Հաարեց» պարբերականը գրեց, թե ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արեւելքի ու Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի նոր ղեկավար Սթիվ Սայմոնը Վաշինգտոնում հրեական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Իսրայելն ունի մեկ ամիս ժամանակ` կա՛մ այն կընդունի Օբամայի «առաջարկությունը», կա՛մ սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան կճանաչի Պաղեստինը որպես ինքնիշխան պետություն:

Իհարկե, Վաշինգտոնն այդ պահանջն առաջին անգամ չի ներկայացնում Թել Ավիվին, սակայն այս անգամ ամերիկացիների լրջության մասին է վկայում իսրայելական կողմի ու ԱՄՆ հրեական լոբբիի արձագանքը6: Բայց գլխավորը, ըստ իսրայելցի դիտորդների, դա չէ: ԱՄՆ մերձավորարեւելյան քաղաքականության մեջ նկատվող փոփոխությունները նրանք բացատրում են «արաբական գարունով», որի պայմաններում Վաշինգտոնում ցանկանում են ամրապնդել իրենց դիրքերն իսլամական աշխարհում` առաջ մղելով իսրայելա-պաղեստինյան հաշտության գործընթացը: Այս պարագայում նրանց մտահոգում է հետեւյալը` արաբական հեղափոխությունների արդյունքում Մերձավոր Արեւելքը մուտք է գործում հիմնարար փոփոխությունների շրջան, եւ հայտնի չէ, թե նոր իրողությունների պայմաններում ինչպիսին կլինեն Իսրայել–ԱՄՆ հարաբերությունները:

1Օրինակ, ըստ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (Stockholm International Peace Research Institute – SIPRI)` 2010թ. Իսրայելի ռազմական բյուջեն $13 մլրդ էր, եւ իր այդ ցուցանիշով հրեական պետությունն աշխարհում զբաղեցնում էր 18-րդ հորիզոնականը:

2«Արաբական գարուն» տերմինը ս.թ. մայիսին մտցրեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` նկատի ունենալով արաբական հեղափոխությունները:

3Ինչպես հայտնի է, 1978թ. սեպտեմբերին Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող Քեմփ Դեւիդում ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելն ու Եգիպտոսը համաձայնություն ստորագրեցին, որի հիման վրա էլ հաջորդ տարի` 1979թ. մարտին, Վաշինգտոնում երկու երկրների միջեւ կնքվեց խաղաղության համաձայնագիր: 1994թ. Եգիպտոսի օրինակին հետեւեց Հորդանանը, եւ այդ թվականի հոկտեմբերին կնքվեց իսրայելա-հորդանանյան խաղաղության համաձայնագիրը: Ինչ վերաբերում է Սիրիային, ապա այդ երկրի հետ Իսրայելը վերջին անգամ պատերազմել է շուրջ քառասուն տարի առաջ` 1973թ.: 2007–2008թթ. ընթացքում Թուրքիայի միջնորդությամբ երկու երկրներն անգամ գաղտնի բանակցություններ վարեցին` հաշտության հասնելու ակնկալիքով, սակայն փորձը ձախողվեց:

4Հորդանանում շարունակվող ընդդիմության բողոքի ակցիաների շարքում ուշադրություն գրավեց հունիսի 3-ին մայրաքաղաք Ամանում ուրբաթօրյա նամազից հետո տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքը, որի մասնակիցները պահանջում էին երկու բան` երկրում իրականացնել քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ եւ չեղյալ հայտարարել 1994թ. Իսրայելի հետ կնքված խաղաղության համաձայնագիրը: Իսկ հունիսի 12-ին` իր գահակալության տասներկուամյակի կապակցությամբ ունեցած ելույթի ժամանակ Հորդանանի թագավոր Աբդուլահը խոստացավ, որ երկրի ապագա կառավարությունները կձեւավորվեն խորհրդարանական ընտրությունների արդյունքում:

5Ուշագրավ է այն փաստը, որ մայիսի 14-ին` Իսրայելի անկախության հերթական տարեդարձի կապակցությամբ, Անկարայում իսրայելական դեսպանատանը կազմակերպված տոնական միջոցառմանը ներկա չէր ո՛չ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության, ո՛չ էլ թուրքական զինված ուժերի որեւէ բարձրաստիճան ներկայացուցիչ:

6Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հարցը քննարկելու համար հատուկ մեկնեց Միացյալ Նահանգներ, հանդիպեց ԱՄՆ նախագահի, փոխնախագահի հետ, ունեցավ իր հայտնի ելույթը ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների առջեւ` հայտարարելով, թե Իսրայելը չի վերադառնա 1967թ. սահմաններին, քանի որ դրանք հնարավոր չէ պաշտպանել, ինչն էլ կվտանգի հրեական պետության գոյությունը, եւ վերադառնալուց հետո հայտարարեց, թե Իսրայելը չի կարողանա կանխել սեպտեմբերին ՄԱԿ-ում Պաղեստինի ճանաչումը: Մյուս կողմից, Բարաք Օբամայի նախընտրական շտաբի ղեկավար Ջիմ Մեսինայի ներկայացմամբ, հրեական ծագմամբ ամերիկացի մի շարք մեծահարուստ գործիչներ` ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համակիրներ, նշել են, թե Օբամայի մերձավորարեւելյան նոր քաղաքականության պատճառով իրենք դադարեցնում են նախընտրական շտաբին հասցեագրված ֆինանսավորումը:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր