• am
  • ru
  • en
Версия для печати
29.09.2011

ԹՈՒՐՔ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՓՈԽՎՈՒՄ ԵՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ

EnglishРуский

   

Արտաշես Տեր-Հարությունյան

Սեպտեմբերի 9-ին իսրայելական լրատվամիջոցները հաղորդեցին, թե փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանի գլխավորությամբ Իսրայելի արտգործնախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է մշակի առաջարկությունների փաթեթ, թե ինչ կարող են ձեռնարկել հրեական պետությունն ու տարբեր երկրներում գործող հրեական լոբբինգային կազմակերպությունները Թուրքիայի դեմ:

Իսրայելական մամուլը հրապարակեց նաեւ որոշ առաջարկություններ, որոնք շրջանառվում են արտգործնախարարությունում`

  • Թել Ավիվի կողմից քաղաքական ու, չի բացառվում՝ նաեւ ռազմա-տեխնիկական աջակցության ցուցաբերում Թուրքիայի քրդաբնակ շրջանների անկախության համար պայքարող Քուրդիստանի բանվորական կուսակցությանը (ՔԲԿ)1,
  • ԱՄՆ Կոնգրեսում հակաթուրքական կամպանիայի ծավալում, այդ թվում` հակաթուրքական ուղղվածության օրինագծերի ներկայացում,
  • աջակցություն Հայկական հարցին (այդ նպատակով նախատեսվում է Լիբերմանի հանդիպումը ԱՄՆ հայկական լոբբինգային կառույցների ներկայացուցիչների հետ),
  • տարբեր երկրներում գտնվող Իսրայելի դեսպանատների կողմից Թուրքիայի դեմ ուղղված կամպանիաների ծավալում եւ այլն:

Չնայած իսրայելա-թուրքական հարաբերությունների ողջ ընթացքում Թել Ավիվը երբեք նման սուր դիրքորոշում չի որդեգրել Անկարայի նկատմամբ, եւ այդ առումով նշված նախաձեռնություններն իրոք աննախադեպ են (անգամ եթե դրանք մնան սոսկ որպես թղթի վրա շարադրված կետեր, որոնց մասին տեղեկության արտահոսքը ԶԼՄ-ներ կազմակերպվել է Իսրայելի արտգործնախարարության կողմից), սակայն, այդքանով հանդերձ` հատկապես ուշադրություն է գրավում այն, որ նախաձեռնության հեղինակը ոչ թե որեւէ քաղաքական ուժ է կամ գործիչ, այլ պետական մարմին: Մի կողմից, սա կոչված է ցույց տալու Անկարային Թել Ավիվի մտադրության լրջությունը, բայց մյուս կողմից էլ` այն կարող է վկայել իսրայելա-թուրքական հարաբերություններում ի հայտ եկած աննախադեպ հակասությունների մասին, որոնք, թերեւս, արդեն մուտք են գործում հակամարտության փուլ:

Թուրքիայի ճնշումն Իսրայելի նկատմամբ աճում է

Իսրայելում որոշեցին հանդես գալ նման նախաձեռնություններով, երբ սեպտեմբերի 8-ին Al Jazeera հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, թե հաջորդ անգամ թուրքական ռազմածովային ուժերն ուղեկցելու են Գազայի հատված հումանիտար բեռ տանող նավերին:

Հայտնի է, որ Էրդողանի գլխավորած Արդարություն եւ զարգացում կուսակցության հետ սերտ կապեր ունեցող թուրքական իսլամիստական «Մարդու իրավունքների, ազատության եւ հումանիտար օգնության հիմնադրամի» (թուրք.` Insan Hak ve Huerriyetleri ve Insani Yardim Vakfi) նախաձեռնությամբ անցած տարի մայիսին բեռնատար նավերի մի խումբ («Ազատության նավատորմ») շարժվեց դեպի Գազայի հատված` նպատակ ունենալով ճեղքել իսրայելական շրջափակումը եւ մարդասիրական բեռ հասցնել Գազա, որը 2007-ից գտնվում է «Համաս» շարժման իշխանության ներքո: Հայտնի է նաեւ, որ 2010թ. մայիսի 31-ին իսրայելական հատուկ նշանակության ուժերը կանգնեցրին նավերի ընթացքը, իսկ թուրքական Mavi Marmara նավի վրա տեղի ունեցած ընդհարման հետեւանքով զոհվեցին հիմնադրամի ինը թուրք ակտիվիստներ: Անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում Անկարան պահանջում էր Թել Ավիվից ներողություն խնդրել եւ փոխհատուցել զոհվածների ընտանիքներին, ինչին հետեւում էր իսրայելական կողմի մերժումը:

Կողմերի վեճը լուծելու համար ՄԱԿ-ի հովանու ներքո եւ Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Ջեֆրի Փալմերի գլխավորությամբ ստեղծվեց հատուկ հանձնաժողով, որը պետք է քններ միջադեպը եւ նշեր, թե միջազգային իրավունքի տեսանկյունից ինչքանով էր իսրայելական կողմի քայլն իրավաչափ: Ըստ որոշ տեղեկությունների, հանձնաժողովի եզրակացությունները պատրաստ էին դեռ անցած տարի աշնանը, սակայն գլխավորապես թուրքական կողմի պահանջով դրանց հրապարակումն անընդհատ ձգձգվում էր: Շուտով պարզ դարձավ, թե ինչու:

Սեպտեմբերի 1-ին, ըստ ամենայնի իսրայելական կողմի նախաձեռնությամբ, The New York Times պարբերականը հրապարակեց Փալմերի հանձնաժողովի եզրակացությունը. թեեւ իսրայելական կողմը ոչ համաչափ ուժ է կիրառել Mavi Marmara-ի վրա տեղի ունեցած ընդհարման ժամանակ, ինչի հետեւանքով էլ զոհվել են ինը հոգի, սակայն Գազայի հատվածի շրջափակումը համապատասխանում է միջազգային իրավունքին:

Նման եզրակացությունը հարված է «Ազատության նավատորմի» հետ կապված թուրքական ողջ նախաձեռնությանը: Մինչեւ նավատորմի ճանապարհ ընկնելը Անկարայում գիտեին Թել Ավիվի դիրքորոշումը, եւ այդուհանդերձ` թուրքական կողմը որոշեց հանդես գալ նման քայլով: Նպատակը` Իսրայելի հետ լարվածության աճն օգտագործելն է մահմեդական աշխարհում եւ հատկապես Մերձավոր Արեւելքում սեփական հեղինակությունը ու քաղաքական ազդեցությունը բարձրացնելու համար: Հետեւաբար, Փալմերի հանձնաժողովի նման եզրակացությունը չի համապատասխանում Թուրքիայի հաշվարկներին. Իսրայելը կարողացավ չթույլատրել «Ազատության նավատորմի» մուտքը Գազայի հատված, պահեց իր հեղինակությունն Անկարայի հետ ավելի քան մեկ տարի տեւած պայքարում եւ ամենակարեւորը` իրավունք ստացավ հետագայում եւս գործել նման կերպ: Արդյունքում` այդ ամենը ոչ թե նպաստեց տարածաշրջանում Թուրքիայի հեղինակության աճին, այլ` ճիշտ հակառակը:

The New York Times-ի հրապարակմանը հետեւեց թուրքական կողմի աննախադեպ սուր արձագանքը: Անկարայի պահանջով Թուրքիան լքեցին Իսրայելի դեսպանը եւ իսրայելցի բոլոր բարձրաստիճան դիվանագետները, դիվանագիտական հարաբերությունների մակարդակն իջեցվեց մինչեւ երկրորդ քարտուղարի աստիճանի, առկախվեցին թուրք-իսրայելական ռազմատեխնիկական բոլոր պայմանագրերը, հայտարարվեց, թե Գազայի շրջափակման օրինականության հարցն Անկարան բարձրացնելու է Արդարադատության միջազգային դատարանում եւ վերջապես` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, պաշտպանության նախարար Էհուդ Բարակի, Գլխավոր սպայակույտի պետ Գաբի Աշքենազիի, ռազմածովային ուժերի հրամանատար Զվի Մերոմի ու մի շարք սպաների դեմ միջազգային դատական ատյաններում հայց է ներկայացվելու` վերոհիշյալ ինը թուրք ակտիվիստների սպանության մեղադրանքով:

Սակայն նշվածը Թել Ավիվում չընկալվեց սոսկ որպես թուրքական կողմի արձագանք: Վերոհիշյալը եւ ամենակարեւորը` Էրդողանի հայտարարությունը, թե հաջորդ անգամ թուրքական ռազմածովային ուժերն ուղեկցելու են Գազայի հատված հումանիտար բեռ տանող նավերին, Թել Ավիվում ընկալեցին որպես Թուրքիայի կողմից Իսրայելի նկատմամբ ճնշում գործադրելու նոր ծրագիր, որը ոչ այնքան «Ազատության նավատորմի» հետ կապված նախաձեռնության շարունակությունն է, որքան գալիս է փոխարինելու նրան: Մյուս կողմից, ակնհայտ դարձավ մի բան` Անկարայում որոշում է կայացվել մեծացնել ճնշումը Թել Ավիվի նկատմամբ, եւ թուրք-իսրայելական ճգնաժամը հակասություններից աստիճանաբար վերափոխվում է հակամարտության:

Վերջին հետեւության օգտին են խոսում նաեւ հետեւյալ հանգամանքները:

Սեպտեմբերի 6-ին Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բագիսը հայտարարեց, թե Անկարային մտահոգում են Կիպրոսի Հանրապետության ծրագրերը` Միջերկրական ծովի արեւելյան մասում` Կիպրոս կղզու հարավային ափերին հարող հատվածում հետազոտական ու հորատման աշխատանքներ անցկացնել, ուր հայտնաբերվել են գազի լուրջ պաշարներ:

Կիպրոսը Իսրայելի, Եգիպտոսի ու Լիբանանի հետ կնքել է հատուկ տնտեսական գոտու վերաբերյալ համաձայնագրեր, որով այդ երկրները, փաստորեն, իրար մեջ են բաժանել Միջերկրական ծովի` իրենց հարող հատվածը եւ այնտեղ սկսել են նավթի ու գազի որոնման աշխատանքներ: Ինչպես նշվեց, Կիպրոսի գոտում հայտնաբերվել են գազի լուրջ պաշարներ, եւ կղզու կառավարությունը պայմանագիր է կնքել ամերիկյան Noble Energy ընկերության հետ` գազի արդյունահանում սկսելու համար: Նախատեսվում է, որ հորատման աշխատանքները պետք է սկսվեն հոկտեմբերի սկզբներին:

Այս ամենի ֆոնին պաշտոնական Անկարան հայտարարեց, թե նշված հատուկ տնտեսական գոտիների սահմանների հարցը վիճելի է, ուստի կողմերն իրավունք չունեն էներգակիրների արդյունահանման աշխատանքներ սկսել այնտեղ: Ինչ վերաբերում է Կիպրոսին, ապա Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը հայտարարեց, թե պետք չէ չարաշահել Անկարայի համբերությունը, իսկ Էգեմեն Բագիսն էլ բացահայտ ասաց, որ եթե կիպրական կողմը սկսի աշխատանքները, ապա Անկարան այդ հատված կուղարկի իր ռազմածովային ուժերը, ինչպես որ դա արեց 2008թ.:

Սակայն խոսքը միայն Կիպրոսին չի վերաբերում: Սեպտեմբերի 8-ին Al Jazeera-ին տված վերոհիշյալ հարցազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետը նաեւ հայտարարեց, թե պետք է քայլեր ձեռնարկել` դադարեցնելու Միջերկրական ծովի արեւելյան մասում Իսրայելի կողմից էներգակիրների միակողմանի արդյունահանումը: Էրդողանը թեեւ չմանրամասնեց, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, սակայն թուրքական ռազմածովային ուժերը Գազայի հատված ուղարկելու հայտարարության հետ միաժամանակ հնչած այդ խոսքերը կոչված են ցույց տալու Անկարայի նպատակը` ոչ այնքան մաս ունենալ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում իրականացվելիք նավթի ու գազի արդյունահանումից, որքան հաստատել իր ռազմաքաղաքական ազդեցությունը Միջերկրականի այդ հատվածում: Եթե Թուրքիան կարողանա դա իրականացնել, ապա դա լրացուցիչ ճնշում է լինելու Թել Ավիվի նկատմամբ, քանի որ իսրայելական ռազմածովային ուժերն իրենց գործունեության շրջանում կունենան լուրջ մրցակից, որի ներկայությունը կարող է սահմանափակել իսրայելցիների հնարավորությունները:

Այն, որ Անկարայի այդ ծրագրերը կարող են իրականանալ, այն էլ՝ մոտ ապագայում, վկայում է Մուբարաքի տապալումից հետո բավական արագ զարգացող թուրք-եգիպտական ռազմաքաղաքական համագործակցությունը: Սեպտեմբերի 7-ին հայտարարվեց, որ եգիպտական ռազմածովային ուժերը միանալու են թուրքականին, որոնք նախատեսում են առաջիկայում Միջերկրականի արեւելյան հատվածում զորավարժություններ անցկացնել: Սեպտեմբերի 12-ին մեկնարկեց Էրդողանի տարածաշրջանային այցը Եգիպտոս, Թունիս եւ Լիբիա, ու Կահիրեում, ըստ հաղորդագրությունների, կողմերը ձեռք բերեցին ռազմավարական կարգի պայմանավորվածություններ քաղաքական, ռազմական եւ տնտեսական ոլորտներում:

Ինչն է ուշագրավ` Իսրայելում թուրք-եգիպտական ռազմաքաղաքական ու տնտեսական կապերի ակտիվացումն անմիջապես բացատրեցին իրենց նկատմամբ ճնշման նոր լծակներ ունենալու Անկարայի նպատակով: Հայտնի է, որ հատկապես վերջին երկու ամիսներին իրավիճակը սկսեց կտրուկ սրվել իսրայելա-եգիպտական սահմանին, երկու կողմից եղան զոհեր, Իսրայելը ստիպված եղավ լրացուցիչ զորամիավորումներ ու հետախուզական անօդաչու ինքնաթիռներ կենտրոնացնել եգիպտական ուղղությամբ: 1978թ. քեմփդեւիդյան համաձայնագիրը թույլ է տալիս Կահիրեին միայն սահմանափակ թվով զորամիավորումներ ու անվտանգության ուժեր ունենալ Իսրայելին սահմանակից Սինայի թերակղզում, իսկ Մուբարաքի տապալումից հետո իրավիճակը թերակղզում սկսեց բարդանալ, քանի որ տեղի իսլամիստները սկսեցին գործել շատ ավելի ազատ:

Անվտանգության գծով իսրայելցի շատ փորձագետներ կարծիք հայտնեցին, թե եգիպտական ուղղությամբ նկատվող սպառնալիքի աճը պետք է պայմանավորել նաեւ Անկարայի գաղտնի գործունեությամբ` ուղղված Իսրայելի դեմ, որը նպատակ է հետապնդում հրեական պետության համար ստեղծել նոր խնդիրներ: Թել Ավիվում հատկապես ուշադրություն գրավեց այն, որ Կահիրե Էրդողանի այցելությունից ընդամենը երկու օր առաջ` սեպտեմբերի 10-ին, եգիպտացի հազարավոր իսլամիստներ` տեղի «Մուսուլման եղբայրների» առաջնորդությամբ, գրավեցին ու հրկիզեցին Եգիպտոսում Իսրայելի դեսպանատունը: Էլ ավելի ուշագրավ էր այն, որ իսրայելական աղբյուրների փոխանցմամբ` եգիպտական անվտանգության ուժերը տեղյակ էին նախատեսվող հարձակման մասին, սակայն, փաստորեն, չկանխեցին այն:

Հետեւություններ

Թուրք-իսրայելական խորացող հակասություններում ռազմուժի թեմայի շոշափումը ցույց է տալիս, որ Անկարայում հետեւողականորեն գնում են Թել Ավիվի հետ լարվածության մակարդակի բարձրացմանը:

Մյուս կողմից, քանի որ իսլամական աշխարհում ու հատկապես Մերձավոր Արեւելքում սեփական հեղինակությունն ու ազդեցությունը բարձրացնելու նպատակն այսօր Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ դարձել է, թերեւս, ամենակարեւոր ուղղությունը, եւ այդ նպատակին հասնելու համար Անկարայի կողմից իսրայելական թեմայի շահարկումը շարունակվելու է, ավելի հավանական է, որ տեսանելի հեռանկարում Անկարայում շարունակեն Իսրայելի նկատմամբ այսօր կիրառվող քաղաքականությունը:

Հետեւաբար` գլխավոր հարցն է դառնում, թե ռազմաքաղաքական ու տնտեսական կարողություններով հարուստ երկու պետությունների միջեւ լարվածության աճն ինչ դրսեւորումներ է ունենալու, այդ թվում` տարածաշրջանի այլ երկրների համար:

1 Թուրք-իսրայելական հակասությունների եւ լարվածության պատմության մեջ առաջին անգամ է, որ Թել Ավիվը սկսեց բարձրաձայնել ՔԲԿ-ին աջակցելու, ընդ որում` նաեւ ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերելու հնարավորության մասին: Ըստ իսրայելական լրատվամիջոցների, պաշտոնական Թել Ավիվը նման քայլն այլեւս հասկանում է որպես պատասխան` Գազայի հատվածում իշխող ու Իսրայելի նկատմամբ թշնամաբար տրամադրված իսլամիստական «Համաս» շարժման ու Անկարայի միջեւ զարգացող կապերի: Հրապարակումների համաձայն, նախատեսվում է անցկացնել Լիբերմանի եւ ՔԲԿ առաջնորդների հանդիպումներ: Եթե ներկայացվածն իրականություն դառնա, ապա ԽՍՀՄ-ից հետո, Իսրայելը կդառնա երկրորդ պետությունը, որը նման, ըստ էության՝ բացահայտ կերպով կաջակցի Թուրքիայի քրդերին, ինչն էլ իր հերթին կնշանակի Իսրայելի կողմից ՔԲԿ ու ամենակարեւորը` կազմակերպության գաղափարի (Թուրքիայի քրդաբնակ շրջանների անկախություն) de facto ճանաչում:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր