
«ԲԱՐԵՎ, ՀԱՅՐԵՆԱԿԻՑ». ԷԴ ԱԼԵՔՍԱՆԴԵՐԸ ԵՐԿԱԹՅԱ ՎԱՐԱԳՈՒՅՐԻ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐՈՒՄ
Հայկարամ ՆահապետյանԱՄՆ-ում Հայաստանի Հանրային հեռուստատեսության թղթակից
Ճակատագրի բերումով հայ ժողովրդի հարյուր հազարավոր զավակներ, ապրելով մոլորակի ամենատարբեր պետություններում, տարբեր կիսագնդերում, տարբեր աշխարհամասերում, հաճախ հայտնվում են հակադիր ճամբարներում: Երբեմն էլ երկու երկրների միջև հարաբերությունները կարող են շեշտակի փոխվել մեկ սերնդի կյանքի ընթացքում, և բաժանարար գծի երկու կողմերում գտնվող հայերն ակամա հայտնվում են իրարամերժ վիճակներում:
Թե՛ Իրանում և թե՛ Իրաքում հիշում են իրան-իրաքյան պատերազմի ժամանակ հռչակված հայ հերոսներին, թե՛ ԽՍՀՄ-ում և թե՛ Միացյալ Նահանգներում հայ ժողովրդի զավակները հասան զգալի հաջողությունների:
Այս առումով տիպական է Էդ Ալեքսանդերի կյանքի պատմությունը: Նրան հաճախ կարելի է տեսնել Վաշինգտոնի սբ. Մարիամ հայկական եկեղեցում։ Էդ Ալեքսանդերն այժմ պաշտոնաթող է, զբաղվում է բարեգործական աշխատանքներով՝ օգնելով հայ ուսանողներին, հետաքրքրվում է թենիսով:
Էդ Ալեքսանդերի իրական անունն է Էդվարդ Տեր-Ալեքսանյան: Ծնվել է Նյու Յորքում, ուր փոքր տարիքում իր օտար հնչող ազգանվան համար հաճախ կոնֆլիկտներ էին ծագում տարեկից երեխաների հետ: Մայրը «Տեր-Ալեքսանյան» ազգանունը, որ արևմտահայերենում հնչում է «Դեր-Ալեքսանյան», փոխակերպեց «Ալեքսանդեր»՝ առավելագույնս մոտ մնալով օրիգինալին: Լրագրող դառնալու ցանկությամբ նա ընդունվեց Կոլումբիայի համալսարան, որն ԱՄՆ ամենահեղինակավոր համալսարաններից է: 1941թ. դեկտեմբերի 7-ին ճապոնացիները ռմբահարեցին Փըրլ Հարբորը, և Միացյալ Նահանգները մտավ Երկրորդ համաշխարհայինի մեջ: Էդ Ալեքսանդերը զորակոչվեց ԱՄՆ զինված ուժեր: Տեսնելով հայտարարություն, որ բանակին հարկավոր են օտար լեզուներին տիրապետող մասնագետներ, Էդ Ալեքսանդերը դիմում է ներկայացնում, և քանի որ համալսարանում բավական հաջող ուսանել էր գերմաներենը, մտածում էր, որ կարող է աշխատել հետախուզության ասպարեզում: Նշված համակարգում Ալեքսանդերն ի վերջո աշխատում է, բայց ոչ գերմաներենի շնորհիվ, այլ… հայերենի: Հարցազրույց անցկացնող սերժանտը Ալեքսանդերին խորհուրդ է տալիս հրաժարվել գերմաներենով մրցույթին մասնակցելու գաղափարից: «Գերմանիայից մեծ թվով հրեա գաղթյալներ ունենք, որոնք գերմաներեն լեզուն գիտեն ինչպես մայրենի լեզուն: Նրանք նույնպես դիմում են մեզ, և ես Ձեր փոխարեն իրենց հետ չէի մրցի: Ուրի՞շ ինչ լեզու գիտեք»,- հարցնում է զինվորականը: Ալեքսանդերն ասում է` հայերեն, գրեթե հուսալքված, թե փոխհամաձայնության կգան: Սակայն սերժանտն իր ցուցակով ստուգում է և ասում. «Դա կարևոր լեզու է մեզ համար»: Այդպես Էդ Ալեքսանդերը կատարում է առաջին քայլն իր ապագա հաջողակ կարիերայի ուղղությամբ:
Ալեքսանդերին ուղարկում են Բոստոնի համալսարան՝ լեզվական կատարելագործման դասընթացների: Թեև նախապես որոշված էր, որ ուսանելու էր թուրքերեն, սակայն տեղում որոշումը փոխվում է, և հայ լրագրողը տասն ամիս այցելում է գերմաներենի խորացված դասընթացների, որից հետո ծառայության է անցնում ԱՄՆ ռազմական հետախուզության ստորաբաժանումներից մեկում: «Դա նոր տեսակի ծառայություն էր, որ կոչվում էր «հոգեբանական պատերազմների ծառայություն»: Հիմա այս կարգի ծառայությունը շատ տարածված է, բայց այդ ժամանակ ԱՄՆ-ում դեռ նոր էր ձևավորվում անգլիացիների օգնությամբ: Մեզ ուղարկեցին Փենսիլվանիայի ռազմաճամբարներից մեկը»,- պատմում է Էդ Ալեքսանդերը:
1942-ին Էդ Ալեքսանդերը և հոգեբանական պատերազմների գծով մասնագիտացող մի քանի տասնյակ այլ զինվորականներ փոխադրվում են Լոնդոն: Կարճ ժամանակ ծառայելով Եվրոպայում, ԱՄՆ զինուժի հրամանատար, գեներալ Դուայթ Այզենհաուերի շտաբում` մեր հայրենակիցը փոխադրվում է Ֆրանսիա:
«Շատ դժվարին ժամանակներ էին: Լոնդոնում իմ աչքի առջև V2 գերմանական հրթիռից (աշխարհում առաջինը պատերազմական գործողությունների ժամանակ հրթիռներ գործածել է նացիստական Գերմանիան) պայթեց հիվանդանոցի շենքը: Երբ գիշերով հատում էինք Լա Մանշը, գերմանական սուզանավը խորտակեց հարևանությամբ գտնվող նավը, և բոլորը զոհվեցին: Մեր բախտը բերեց, հասանք ֆրանսիական ափ, և մեզ փոխադրեցին Վերդան քաղաքը»,- պատմում է մեր հայրենակիցը:
Ալեքսանդերը մինչև պատերազմի ավարտը ծառայում էր Վերդանում: Նա վարում էր իր պատերազմը Հիտլերի դեմ` հոգեբանական պատերազմ: «Մենք բարոյական և հոգեբանական պրոբլեմներ էինք ստեղծում նացիստների համար»:
1944թ. դեկտեմբերի 16-ից 1945թ. հունվարի 25-ը տեղի ունեցավ Բուլժի ճակատամարտը, որը Երկրորդ համաշխարհայինի ընթացքում դաշնակիցների` Եվրոպայում մղած ամենաարյունահեղ ճակատամարտն էր: 3-րդ ռայխի մայրամուտին գերմանացիները, վերախմբավորելով ուժերը, հուժկու հակահարվածի դիմեցին: Այզենհաուերը նույնիսկ վարորդներին ու խոհարարներին զենք տվեց և ուղարկեց ճակատային գիծ: Միայն երեք հոգի չգնացին ռազմաճակատ: 12-րդ բանակի հրամանատար Օմար Բրեդլին ասել էր հոգեբանական պատերազմի մասնագետներին. դուք կարևոր գործ եք անում, դուք մեզ այստեղ եք պետք:
Պատերազմի ավարտից հետո Ալեքսանդերն առժամանակ աշխատում է հռչակավոր դերասան Լոուրենս Օլիվիեի հետ՝ որպես վերջինիս հասարակության հետ կապերի պատասխանատու: Ապա աշխատանքի է անցնում ԱՄՆ պետքարտուղարությունում` նոր ձևավորված «Ամերիկայի ձայն» ռադիոկայանում:
Նախկին ԽՍՀՄ շատ ժողովուրդներ, այդ թվում նաև ՀՀ հարավկովկասյան հարևան հանրապետությունները, Էդ Ալեքսանդերին են պարտական «Ամերիկայի ձայն» ռադիոկայանով ազգային լեզվով հեռարձակումների մեկնարկի համար: Պետքարտուղարությունը նրան է հանձնարարել հավաքագրել ադրբեջաներենի, ուզբեկերենի, թաթարերենի, կումիկերենի և այլ մի քանի լեզուների մասնագետների: «Առաջին անգամ իմացա, որ աշխարհում կան կումիկներ»,- այս առիթով կատակում է Ալեքսանդերը: 10 տարի նա համակարգում էր հայերեն ծառայությունը, որը նախապես օրական 15 րոպե տևողություն ուներ, այնուհետև՝ կես ժամ և ապա` մեկ ժամ:
«Այդ ընթացքում առաջին անգամ խորհրդային շախմատային թիմն այցելեց ԱՄՆ: 9 շախմատիստներ էին եկել, որոնցից մեկն էր Տիգրան Պետրոսյանը: «Նյու Յորք թայմսի» ընկերներիցս մեկը զանգահարեց և ասաց. «Ուզո՞ւմ ես տեսնել հայրենակցիդ: Նաև ինձ կօգնես հարցազրույց անցկացնել իր հետ»: Հյուրանոցի նախասրահում շատ մարդիկ կային: Եկել էին ամերիկացի ձախակողմյաններն ու կոմունիստները՝ ողջունելու սովետական կազմին: Ես տեսա Տիգրան Պետրոսյանին, նա միայնակ կանգնած էր, անտարբեր բարևում էր անցնողներին, կարծես շատ ուրախ չլիներ: Ես մոտեցա իրեն և ասացի հայերեն` «բարև, հայրենակից»:
Պետք է տեսնեիք նրա դեմքի արտահայտությունը, նա ինձ գրկեց ու բացականչեց` դու հա՞յ ես, դու հա՞յ ես…»։
Մինչ խոսում էին, Տիգրան Պետրոսյանը Ալեքսանդերի ուսի վրայով նայում էր ինչ-որ մեկին և աստիճանաբար ավելի ու ավելի լարված էր դառնում: Ալեքսանդերը նկատում է իր հետևում կանգնած անձին, որին կարծես շատ դուր չէր գալիս 2 հայերի` իր համար անծանոթ լեզվով խոսքը: «Նա խորհրդային պատվիրակներից էր: Երևի հասկանում եք, թե «պատվիրակ» ասելով ինչ նկատի ունեմ: Ես հրաժեշտ տվեցի Պետրոսյանին և շուտով հեռացա, քանի որ չէի ուզում խնդիրներ ստեղծել իր համար: Այդպես ես կյանքում առաջին անգամ հանդիպեցի Հայաստանից եկած մարդու»,- պատմում է Ալեքսանդերը:
Երկաթյա վարագույրի մյուս կողմից հաջորդ հայը, որի հետ Ալեքսանդերը պետք է հանդիպեր, Արամ Խաչատրյանն էր: 1960թ. Ալեքսանդերն աշխատանքի է նշանակվում Արևմտյան Բեռլինի RIAS (Rudfunk im Amerikanicshen Sektor, թարգմանաբար` Հեռարձակում ամերիկյան սեկտորում) ռադիոընկերությունում, երբ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմի հրավերով Գերմանիա է այցելում Արամ Խաչատրյանը: «Նա եկել էր կնոջ հետ: Բոլորն օղակել էին Խաչատրյանին. խոսում էին: Երբ կես ժամ անց նա մենակ մնաց, մոտեցա և ասացի հայերեն` բարև, հայրենակից: Նա զարմացած ինձ նայեց, ապա գրկեց ինձ և ասաց. «Դու հա՞յ ես: Ի՞նչ գեղեցիկ լեզու է հայերենը: Եկել եմ Բեռլին և հայերեն եմ լսում… Դու հա՞յ ես»:
Տարիներ անց, երբ Ալեքսանդերն աշխատանքային այցով Մոսկվայում էր, ԱՄՆ դեսպանատանն ընդունելության են հրավիրում նաև հայ կոմպոզիտորին. դա նրանց երկրորդ հանդիպումն էր:
«Տիգրան Պետրոսյանն ու Արամ Խաչատրյանը ոչ միայն մեծ հայեր էին, այլև լավագույն հայերից էին իրենց մարդկային որակներով: Այն հպարտությունը, որ մենք զգում ենք իրենց համար, լիովին արդարացված է»,- պատմում է Ալեքսանդերը:
«Բայց Բեռլինում տեղի ունեցավ ևս մեկ իրադարձություն, որը խոր ազդեցություն ունեցավ իմ ողջ կյանքի վրա»,- պատմությունն է շարունակում Էդ Ալեքսանդերը, և այս պահից իր կյանքի առավել հուզական ու գեղեցիկ ընթացքը փոխվում է դեպի դետեկտիվ ժանրը հիշեցնող պատմություն:
***
1962թ. փետրվարի 10-ի վաղ առավոտյան Արևելյան Բեռլինի Գլենիշեր գետի կամրջի երկու կողմերում արգելակեցին երկու մեքենա: Մեկում նստած էին խորհրդային հետախույզ Ռուդոլֆ Աբելը և փաստաբան Ջեյմս Դոնովանը, մյուսում` Բեռլինում ԽՍՀՄ դեսպանատան երկրորդ քարտուղար Իվան Շիշկինը և ամերիկյան օդաչու Ֆրենսիս Գարի Փաուերսը: Աբելը Նյու Յորքում ամերիկյան հակահետախուզության կողմից ձերբակալվել էր 1957թ., իսկ Փաուերսի հետախուզական օդանավը Սվերդլովսկի վրա ԽՍՀՄ ՀՕՊ ուժերը խփել էին 1960թ. մայիսի 1-ին: Մոտ 2 տարվա բանակցություններից հետո ամերիկացի փաստաբան Ջեյմս Դոնովանը և ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից Իվան Շիշկինը կազմակերպեցին այս բեռլինյան փոխանակումը, որի մասին Դոնովանը հետագայում գրեց «Անսովոր մարդիկ կամրջի վրա» մենագրությունը: Փաստաբանն իր գրքում նշել էր նաև հետևյալը. «Իվան Շիշկինն իրականում ոչ թե դեսպանատան երկրորդ քարտուղարն էր, այլ Արևմտյան Եվրոպայում խորհրդային հետախուզության ցանցի ղեկավարը»: Գլենիշեր գետի կամրջին այս ուշագրավ դեպքից մոտ մեկ տարի անց` 1963թ. հունվարին, Արևմտյան Բեռլինում մի ընդունելության ժամանակ Իվան Շիշկինին ծանոթացնում են Էդ Ալեքսանդերի հետ: Զրույցի ընթացքում Շիշկինը հետաքրքրվում է Ալեքսանդերի ծագումով: «Ես միշտ և ամենուր ասել եմ, որ հայ եմ»,- հարցազրույցի ընթացքում նշում է Ալեքսանդերը: Լսելով ազգությունը` Շիշկինը մի պահ քարանում է, ապա գրպանից հանում է նոթատետրը և հարցնում նրա հեռախոսահամարը: «Ես Բեռլինում մի հայ առևտրային կցորդ գիտեմ: Նա ուրախ կլիներ Ձեզ հետ հանդիպել: Նրա ազգանունն է Աղայան: Նա կզանգահարի»,- ասում է Շիշկինը:
Ռաֆայել Աղայանը զանգահարում է 4 ամիս անց: Հանդիպում են երկու օրից, Աղայանը Ալեքսանդերին հարցեր է տալիս RIAS-ի, «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի, պետքարտուղարության, ամերիկյան քաղաքական անցուդարձի մասին: Երկաթյա վարագույրի երկու կողմերից իրար հանդիպած հայերը զրուցում են նաև ԽՍՀՄ-ում հաջողությունների հասած հայերի թեմայով` Անաստաս Միկոյան, Իվան Թևոսյան, Ալիխանյան եղբայրներ, Տիգրան Պետրոսյան և այլն: Հանդիպման ավարտին Աղայանը խնդրում է, որպեսզի Ալեքսանդերն «իր վերադասներին տեղյակ չպահի այս հանդիպման մասին»: Բայց Ալեքսանդերը հետևում է ամերիկյան կառավարական որոշմանն այն մասին, որ նման բնույթի հանդիպումների, ինչպես նաև զրույցների բովանդակության վերաբերյալ պետք է զեկուցել: Նրա տեղեկագրերի հիման վրա ամերիկյան փորձագետները եզրակացնում են. հաշվի առնելով Աղայանի հարցերի թեքումները, պահելաձևը, այն փաստը, որ նա, ինչպես հանդիպումից պարզվել էր, բնավ ծանոթ չէր Բեռլին քաղաքին` Աղայանը ոչ թե առևտրային կցորդ էր, ոչ թե դիվանագետ, այլ ԽՍՀՄ պետանվտանգության համակարգի արտաքին ուղղության աշխատակիցներից մեկը, որին Բեռլին են գործուղել հատուկ Ալեքսանդերի հետ շփումը զարգացնելու համար: Վաշինգտոնում նաև ուշադրություն էին դարձրել փաստին, որ Աղայանը զանգահարել էր Շիշկինի հետ հանդիպումից 4 ամիս անց: «Երևի գործի կազմակերպումը շատ ժամանակ էր խլել»,- վճռել էին արևմտյան փորձագետները: Ալեքսանդերը հիշում է, որ ամերիկացի վերադասների կարծիքները երկփեղկվել էին. մինչ մի մասը պահանջում էր վերջ տալ սովետահայ հետախույզի հետ շփումներին, մյուս մասը պնդում էր շարունակել կապը: Վաշինգտոնին նաև հետաքրքրել էր Աղայանի ծագումը և ընդհանրապես հայկական թեմայի շուրջ այս անսովոր վիճակը: Առաջին դեպքն էր, երբ ամերիկյան անվտանգության մարմինները շփում էին հաստատում ԽՍՀՄ ՊԱԿ-ի` ոչ ռուս և ոչ սլավոն աշխատակցի հետ:
«Առավել արկածասեր գործընկերները պնդում էին, որ «առաջին ձեռքից» ոչ ռուս խորհրդային հետախույզի հետ շփվելու այս առիթից պետք չէր նման հեշտությամբ հրաժարվել: Ինչպես նաև կարևորում էին փաստը, որ ես կարող էի նրա հետ շփվել իմ մայրենի լեզվով»,- ավելի ուշ հրատարակած հիշողությունների գրքում նշել է Էդ Ալեքսանդերը:
Այսպիսով, Բեռլինյան պատի տարբեր կողմերում աշխատող հայրենակիցները շարունակում են հանդիպել: Ամեն անգամ մեկն այցելում էր մյուսին, հետևաբար՝ հանդիպումները տեղի էին ունենում մեկ՝ Արևելյան, մեկ` Արևմտյան Բեռլինում: Ընդհանուր առմամբ եղել է 13 հանդիպում: Փոքր-ինչ գեղարվեստական խորություն հաղորդելով այս պատմությանը՝ կարելի է նշել. 13 թիվը Ռ.Աղայանի պարագայում լիովին արդարացրեց իր ոչ երջանիկ թիվ լինելու «համբավը»:
***
Ծավալվում են ընտանեկան հարաբերություններ: Աղայանը 1947-1948թթ. հայերի ներգաղթի մասին գիրք է ընծայում Ալեքսանդերին, ինչպես նաև ժամանակին հանրահայտ «Մասիս» և «Սասունցի Դավիթ» ծխախոտներ, հայկական այբուբենի տառերով հուշանվերներ: «Յուրաքանչյուր հայի պարտքն է այցելել Հայաստան: Լրջորեն մտածեք ժամկետների մասին և մենք կկազմակերպենք գործը»,- ասում է Աղայանը: Նա հարցնում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի աշխատակազմի, RIAS ռադիոալիքի հանդեպ Գերմանիայի սենատի վերահսկողության աստիճանի, Արևմտյան Գերմանիայի ուղղությամբ ԱՄՆ քաղաքական հեռանկարների, նախագահ Ջոն Քենեդու` 1962թ. հունիսի 26-ին Արևմտյան Բեռլին այցելելու ծրագրի մասին: «Ինչո՞ւ է Ձեր նախագահը գալիս Բեռլին»,- հարցնում է Աղայանը: «Իսկ ինչո՞ւ Խրուշչովն իրավունք ունի գալու, իսկ մեր նախագահը՝ ո՞չ»,- հակադարձում է Ալեքսանդերը: «Դուք ճանաչո՞ւմ եք Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ֆեյ Քոլերին»: «Անշուշտ, 1961-ից, երբ նա «Ամերիկայի ձայն»-ի տնօրենն էր»: «Դուք լսե՞լ եք, որ Ֆրանսիան դիվանագիտական հարաբերություններ է հաստատելու կոմունիստական Չինաստանի հետ»: Ռաֆայել Աղայանն ասում է, որ հարցաշարի պատճառը Խորհրդային Հայաստանի արտգործնախարարության ամսագրում իր հրատարակելիք հոդվածներն են:
Ավելի ուշ, հերթական տեսակցությունից 3-4 օր առաջ, Ալեքսանդերը կարդում էր International Herald Tribune թերթի համարները` քաղաքական ինֆորմացիայի պաշարը լրացնելու և առաջիկա զրույցին պատրաստվելու նպատակով: Հանդիպումների ընթացքում Աղայանը վերաբացում է Հայաստան այցելելու թեման` նշելով, որ կարող է գործը կազմակերպել այնպես, որ միասին այցելեն Երևան, մոտ 5 օր անցկացնեն Հայաստանում, 1-2 օր՝ Մոսկվայում, և Արևմուտքում ոչ ոք այդ մասին չի իմանա: «Քո անձնագրում ոչ մի կնիք չի դրվի: Ամերիկացիներին դուր չի գա քո այցը, և ես չէի ցանկանա, որ դու կառավարության հետ խնդիրներ ունենայիր: Կարո՞ղ ես աշնանը կազմակերպել, երբ Հայաստանն իր ողջ հմայքի մեջ է»,- հարցնում է Աղայանը: Ալեքսանդերը պատասխանում է, որ կմտածի:
Նույն տարվա նոյեմբերին Ալեքսանդերը Բեռլինում տեղեկացավ իր նոր նշանակման մասին: Նրան աշխատանքի էին ուղարկում Բուդապեշտ` ԱՄՆ դեսպանատանը: Կարճ ժամանակ անց նա Աղայանին տեղեկացնում է, որ պետք է մեկնի Վաշինգտոն՝ հունգարերեն լեզվի ուսուցման դասընթացների, ապա` Բուդապեշտ: Աղայանն առաջարկում է մի վերջին հրաժեշտի հանդիպում կազմակերպել: Այս անգամ Աղայանը մեքենան քշում է Արևելյան Բեռլինից դուրս` խորանալով սոցիալիստական Գերմանիայի սահմանից ներս: «Ես անհանգստացա, քանի որ ԱՄՆ-ը չէր ճանաչում ԳԴՀ-ն, և մեզ արգելված էր դուրս ելնել Արևելյան Բեռլինից»,- պատմում է Ալեքսանդերը: Ինչ-որ տեղ բնության մեջ արգելակելով մեքենան՝ Աղայանն ասում է. «Դուք նամակ ունեք Հայաստանից»:
Խորհրդային Հայաստանի ԱԳ նախարարության բլանկի վրա պատրաստված հայերեն նամակը գոհունակություն է հայտնում Աղայանի տրամադրած հոդվածների վերաբերյալ` նշելով, որ դեռ բացթողումներ կան, որոնք Աղայանը պետք է կարողանար լրացնել: Փաստաթղթում նշված էին հետևյալ հարցերը. «որքա՞ն մտերիմ են նախագահ Ջոնսոնը և Գերմանիայում ԱՄՆ դեսպան Մըքգին», «ի՞նչ կարծիքի է Մըքգին Բեռլինի քաղաքապետ Վիլի Բրանդի մասին և արդյո՞ք այդ տեսակետը համընկնում է պետքարտուղարության կարծիքի հետ», «Բունդեսթագի գալիք ընտրություններում Վաշինգտոնն աջակցելու է Քրիստոնյա դեմոկրատների՞ն, թե՞ սոցիալիստներին», «ի՞նչ հիմնարար տարբերություններ կան Բեռլինի հարցում ԱՄՆ և Ֆրանսիայի դիրքորոշումներում», «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ Մյունխենում տեղադրված հաղորդակցական կայանն ի՞նչ տեխնիկական չափորոշիչներ ունի», և այսպես շարունակ… Նամակի վերջում նշված էր, որ կցվում է նախկին հոդվածի հոնորարը:
Աղայանը գրպանից կապոցով փող է հանում: «Դուք՝ ամերիկացիներդ, խոսք ունեք` fifty-fifty, այնպես չէ՞: Կարծում եմ՝ այդպես պետք է լինի նաև մեր պայմանը»,- ասում է Աղայանը և պարզում կապոցի կեսը. մոտ հազար դոլարի չափ գումար:
«Ես փողին էի նայում՝ աչքերիս չհավատալով: Տիրեց քար լռություն, ապա նայեցի Ռաֆայել Աղայանին.
- Ի՞նչ է այս ամենը նշանակում:
- Սա Ձեր հոնորարն է կատարած աշխատանքի համար:
- Ի՞նչ աշխատանք: Ռաֆայել, դուք հավատարի՞մ եք Ձեր կառավարությանը:
- Այո, իհարկե:
- Ես էլ հավատարիմ եմ այն կառավարությանը, որին ծառայում եմ: Մեր երկիրը մեզ բավարար է վճարում: Հետ վերադառնանք»:
Մի քանի տարի անց Բուդապեշտում Էդ Ալեքսանդերը ծանոթանում է խորհրդային մշակութային կցորդ Վալենտին Կորոլյովի հետ: Վերջինս աշխատել էր Բեռլինում ԽՍՀՄ դեսպանատանը ճիշտ նույն տարիներին, երբ Ալեքսանդերն Արևմտյան Բեռլինում էր: Նա զրույցի ընթացքում հարցնում է խորհրդային առևտրային կցորդ Ռաֆայել Աղայանի մասին, որը նույն տարիներին եղել է Արևելյան Բեռլինում:
- Դուք սխալվում եք, Էդ: Բեռլինում Ռաֆայել Աղայան անվամբ կցորդ չի աշխատել,- պատասխանում է Կորոլյովը:
Իհարկե, նա առևտրային կցորդ չէր, եզրափակում է Էդ Ալեքսանդերը:
***
1967թ. Բուդապեշտում կազմակերպվել էր Մարտիրոս Սարյանի նկարների ցուցահանդեսը: Նկարիչը չէր ժամանել, Երևանից ներկա էր արվեստաբան Շահեն Խաչատրյանը, որն ավելի ուշ դառնում է Երևանի պատկերասրահի տնօրենը: Երբ միջոցառումն ավարտվում է, Էդ Ալեքսանդերը մոտենում է Շահեն Խաչատրյանին: «Բարև, հայրենակից»,- ասում է նա: Խաչատրյանի վերաբերմունքը տարբեր չէր նախորդ դեպքերից: «Սա ուղղակի անհավատալի է»,- բացականչում է արվեստագետը:
Կարճ ժամանակ անց Վաշինգտոնն Էդ Ալեքսանդերին գործուղում է Լենինգրադ՝ ամերիկյան մշակութային ցուցահանդեսի նախապատրաստման նպատակով: Նախապես համաձայնեցնելով վերադասների հետ` մեր հայրենակիցը խորհրդային գործուղման շրջանակում կնոջ հետ այցելում է նաև Երևան: Շահեն Խաչատրյանի հետ ծանոթությունն օգնում է, որ Երևանում հայ արվեստաբանի միջնորդությամբ Էդ Ալեքսանդերը հանդիպի այնպիսի մեծությունների հետ, ինչպիսիք են Սերգեյ Փարաջանովը (հետաքրքիր մանրամասն. Փարաջանովը նշում է, որ ցանկանում էր ֆիլմ նկարահանել Շառլ Ազնավուրի դերակատարությամբ, սակայն ԽՍՀՄ իշխանությունները մերժել էին), նկարիչներ Էդվարդ Իսաբեկյանը, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը, Հակոբ Հակոբյանը, Մինասը, գրող Կոստան Զարյանը և ուրիշներ: Վերադարձի նախորդ գիշերը հեռախոսը զնգում է «Արմենիա» հյուրանոցի` Ալեքսանդերի համարում: Անծանոթ ձայնն առաջարկում է հանդիպել 15 րոպեով` Լենինի արձանի հետևում: «Դա մեր երկուսի շահերից է»,- նշում է ձայնը: Կնոջն ասելով, թե գնում է Խաչիկ Դաշտենցի հետ հանդիպման, Ալեքսանդերը գալիս է ժամադրավայր: «Նա ծխում էր մթության մեջ, ես այդպես էլ չտեսա նրա երեսը»,- պատմում է Ալեքսանդերը: «Անծանոթն» օգտագործում է «պարոն Տեր-Ալեքսանյան» դիմելաձևը:
- Ինչ ժամանել եք, մենք Ձեր բոլոր քայլերին հետևել ենք,- ասում է «անծանոթը»:
- Հավանաբար նկատել եք, որ մեզ պատշաճ էինք պահում,- պատասխանում է Ալեքսանդերը։
- Դուք տեսաք Խորհրդային Հայաստանի առաջընթացը: Դա Ձեզ մոտ ինչ-ինչ մտքեր չի՞ արթնացնում: Դուք մտածե՞լ եք տարիներ առաջ Բեռլինում Ձեզ արած առաջարկի մասին:
«Հայաստանի զավակները ցրված են աշխարհով մեկ: Հայաստանը դրանից օգուտ չունի, մինչդեռ Հայաստանն ունի նրանց օգնության կարիքը: Նույնիսկ եթե նրանք շատ հեռուներում են»,- շարունակում է անծանթը` նշելով, որ շատ պատվավոր ճանապարհներ կան Հայրենիքին օգնելու:
- Դուք ինձ հետ զուր ժամանակ եք կորցնում: Ես ԱՄՆ քաղաքացի եմ և վերջ,- ասում է Ալեքսանդերը:
- Ամերիկան այն երկիրն է, ուր Դուք ապրում եք: Հայաստանը Ձեր նախնիների Հայրենիքն է: Ձեր արմատներն այստեղ են: Մենք այստեղ կենդանի ենք պահում հայկական ժառանգությունը: Մտածեք այս մասին:
- Ես պետք է գնամ: Կինս կանհանգստանա: Ես պետք է մոռանամ այս բոլորը:
- Ինչևէ, ուրախ եմ, որ եկաք: Մենք կապի մեջ կլինենք: Մտածեք այս մասին: Ցտեսություն, պարոն Ալեքսանյան:
Հաջորդ օրը Էդվարդ Տեր-Ալեքսանյանը վերադառնում է Մոսկվա, ապա` Բուդապեշտ:
1969թ. Ալեքսանյանը նշանակվում է ԱՄՆ լրատվական գործակալության` USIA-ի փոխտնօրեն Արևելյան Եվրոպայի և ԽՍՀՄ գծով: Գործնականում նա զբաղեցնում էր կազմակերպության «թիվ 2» պաշտոնը: 1970թ. սեպտեմբերի կեսերին ԱՄՆ-ում ԽՍՀՄ առաքելություն է գործուղվում այս պատմության «թիվ 2» հերոսը` Ռաֆայել Աղայանը: Նա զանգահարում է «վաղեմի ընկերոջը» և, ասես չի եղել «բեռլինյան ճգնաժամը», առաջարկում է ընթրել: Հանդիպմանն Աղայանն ասում է, որ Բեռլինում տեղի ունեցածն իր կամքին հակառակ էր, որ շատ ափսոսում է միջադեպի առիթով: Աղայանը պատմում է, որ ԽՍՀՄ-ից երկու ահաբեկիչներ «Աերոֆլոտի» քաղաքացիական օդանավի օդաչուներին ստիպել են վայրէջք կատարել Թուրքիայում: Վիրավոր օդաչուներից մեկը հայ է, բուժվում է Տրապիզոնում: Միաժամանակ ԽՍՀՄ ՀՕՊ ուժերը կալանել են Խորհրդային Հայաստանի վրայով թռչող ամերիկյան ռազմական օդանավը: Արդյո՞ք հնարավոր է, որ ամերիկյան օդանավի օդաչուները փոխանակվեն Արևմուտքում ապաստանած ահաբեկիչների հետ: Եթե Մոսկվա հրավիրեն նախագահ Նիքսոնին, նա կգա՞ և այլ քաղաքական բնույթի հետաքրքիր զրույցներ: Ալեքսանդերը փորձում է խուսափել պատասխաններից: Մի քանի օր անց Աղայանը մեկնում է Նյու Յորք, ապա վերադառնում Խորհրդային Միություն:
Դետեկտիվ ոճով այս պատմության վերջին էջը 70-ականների վերջերին կրկին Արևելյան Բեռլինում էր, ուր Էդ Ալեքսանդերը և Ռաֆայել Աղայանը հանդիպում են մի վեջին անգամ: Խորհրդահայ աշխատակիցն ասում է, որ Գերմանիայում է՝ ուսումնասիրելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանական արխիվները: «Ռաֆայելի գերմաներենն այդքան զարգացած չէր, որպեսզի կարողանար աշխատել արխիվում»,- նկատում է Ալեքսանդերը:
Աղայանի խոսքով՝ դիվանգիտական տեղեկագրից էր տեղեկացել, որ Ալեքսանդերը գործուղված է Բեռլին: Երկու վաղեմի ծանոթները հանդիպում են ընթրիքի սեղանի շուրջ: Այս վերջին տեսակցության վերջին րոպեներին Աղայանը, կարծես հաղթահարելով ինքն իրեն, մի վերջին անգամ հարցնում է. «Դուք մտածե՞լ եք հին առաջարկի մասին»: Նշված դրվագը Ալեքսանդերը հետևյալ կերպ է նկարագրում իր հուշագրությունում. «Ես մեղմորեն ժպտացի և ոտքի ելա:
Ուրախ եմ, որ ընթրեցինք, Ռաֆայել: Մեր հարաբերությունների հիմնական հատվածում ես հաճույք ստացա մեր հանդիպումներից, և Դուք գիտեք, թե երբ` ոչ: Ես մտածելու ոչինչ չունեմ: Ձեր կնոջն ու երեխաներին՝ իմ հարգանքները: Դուք լավ ընտանիք ունեք, և ես նրանց մաղթում եմ ամենայն բարիք: Մնաք բարով:
Ես մեկնեցի ձեռքս և վերջին անգամ նայեցի իր աչքերի մեջ: Այնտեղ տխրություն կար: Կարծես թե նա ուզում էր ինձ գրկել, բայց զսպեց իրեն, քանի որ հարևանությամբ ընթրողները մեզ էին նայում: Նա երկու ձեռքով ամուր սեղմեց ձեռքս: Նրա դեմքին լարվածություն կար»:
Էդվարդ Տեր-Ալեքսանյանը և Ռաֆայել Աղայանն այլևս չհանդիպեցին: Խորհրդային իշխանությունները նոր շփումներ չէին փնտրում…
Տարիներ անց Էդվարդ Տեր-Ալեքսանյանը թոշակի անցավ և 1990թ. հրատարակեց «Մեղուները և օձը. ՊԱԿ-ի պատմությունը» հիշողությունների գիրքը: «Նույն ծաղկից օձը թույն է պատրաստում, իսկ մեղուները` մեղր»,- գրված էր բնաբանում…
***
Այս պատմության հիմքում Էդվարդ Տեր-Ալեքսանյանի հետ հեղինակի հարցազրույցն է և վերը նշված մենագրությունը: Ցավոք, հեղինակին այս պահին հասանելի չեն խորհրդային արխիվները, որոնք կհաստատեին կամ կլրացնեին պատմության մյուս կողմը: Էդվարդ Տեր-Ալեքսանյանը Վաշինգտոնում ամենաբարձր պետական պաշտոններից մեկին հասած ամերիկահայերից է: Միաժամանակ ԽՍՀՄ-ում նմանատիպ ասպարեզներում ևս զգալի թվով հաջողությունների հասած հայեր կան, որոնք ճակատագրի բերումով մեկ դաշնակիցներ էին Արևմուտքի հետ, մեկ` համակարգային հակառակորդներ: Էդ Ալեքսանդերն իր գրքում նշում է նրանցից մեկի անունը` Իվան Աղայանցը, որը Թեհրանում 1943թ. Մեծ եռյակի հանդիպման ժամանակ ապահովում էր դաշնակից առաջնորդների անվտանգությունը, ավելի ուշ հաճախ պետք է աշխատեր ընդդեմ արդեն նախկին դաշնակիցների: Պատմության երկու հայ հերոսներն էլ կարծես ընկալում էին, որ իրենց շփումները միահյուսվել են աշխարհաքաղաքական խճճված ու հակասական վիճակներին` երկուսի գործնական հարաբերությունները շաղկապելով «սառը պատերազմի» թելադրանքին: Եվ կարծես թե երկուսն էլ` թե՛ Ալեքսանդերը և թե՛ Աղայանը, փորձում էին անել առավելագույնը, որ աշխատանքային պարտականությունները չվնասեն երկու հայ մարդու սովորական մարդկային հարաբերություններին և մարդկային զգացմունքներին: Գուցե նույնիսկ ավելին. գիտակցումը, որ իրենց հայկական ծագումը դարձել է երկու գերտերությունների դիմակայության մի նոր կիզակետ, աստիճանաբար ներքին կարեկցանք և յուրօրինակ մտերմություն էր ստեղծել երկու հայերի միջև: Սա ավելի բարդ հոգեբանական խնդիր է և երբեմն գործ ունի մարդու ենթագիտակցական շերտերի հետ: Այնուամենայնիվ, Ալեքսանդերը գրում է, որ «Աղայանը հրաժեշտից առաջ կարծես թե ցանկանում էր հուզմունքից գրկել» իր ամերիկահայ գործընկերոջը, իսկ Ալեքսանդերը, հրաժեշտից առաջ իր մրցակցին մաղթում է «ամենայն բարիք ու հաջողություններ»…
Երբ Հայաստանը հռչակեց անկախություն, Էդվարդ Տեր-Ալեքսանյանը 2-րդ անգամ ժամանեց Հայրենիք և որպես խորհրդական առժամանակ աշխատեց ՀՀ ԱԳ նախարարությունում:
Ժամանակները կրկին փոխվել էին, և երևանյան ԱԳՆ-ի հետ աշխատելն այլևս ամերիկյան պետական շահերին հակառակ չէր…
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ» ՀՆԱՐՔԸ. Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԱՆԿԱՐԱՆ[11.04.2017]
- ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ[14.02.2017]
- ՔԱՆԻ՞ ՏԱՐԵԿԱՆ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ. ԿՐԿԻՆ ԱՓՇԵՐՈՆՅԱՆ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[08.12.2014]
- ԻՆՉՊԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԺՈՂՈՎՈՒՐԴ. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐԸ 20-ՐԴ ԴԱՐՈՒՄ[10.04.2013]
- Ո՞Ր ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ Է ԱՌԱՋԻՆԸ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ[24.01.2013]
- «ԲԱՅԴԵՆԻԶՄՆԵՐ». ՋՈ ԲԱՅԴԵՆԻ ՎՐԻՊԱԿՆԵՐԸ[18.11.2010]
- ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[22.07.2010]
- ԱՐԴՅՈՔ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՉԻ՞ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ[09.04.2010]
- ԲՈՒԼՂԱՐԱԹՈՒՐՔԵՐ. ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[01.03.2010]
- ԵՐԵՎԱՆ-ԱՆԿԱՐԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԱԾԱՆՑՅԱԼ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ[21.12.2009]