
ԱՐԴՅՈՔ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՉԻ՞ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայոց ցեղասպանության ճանաչման` 1965-ից սկիզբ առած աշխատանքները վերջին տարիներին որակապես նոր փուլ են մտել: Պաշտոնապես Մեծ եղեռնը ճանաչած երկրների թիվը համարվում է 21-ը, որոնցից 5-ը Մեծ ութնյակի անդամ են` Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ՌԴ, 11-ը` Եվրամիության: Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքում առանցքային տեղ է հատկացվում ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը և Սպիտակ տան ղեկավարի ապրիլի 24-ի ելույթում «Armenian Genocide» կապակցության կիրառմանը:
Եվ այսպես, արդյոք Վաշինգտոնը անցնող տարիներին չի՞ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Չլինելով իրավագետ` սեփական դիտարկումից ելնելով նշեմ, որ Միացյալ Նահանգներում ավելի շոշափելի աշխատանք է տարվել Հայոց ցեղասպանության դատապարտման ճանապարհին, քան մեծ թվով երկրներում, որոնց անունը նշվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած 21 պետությունների ցանկում: Վստահ լինելով, որ Հայությունը հավաքական առումով և հայ քաղաքացիներն անհատապես երախտիքի զգացում ունեն Հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր պետությունների նկատմամբ` առանց բացառության, լինի Ֆրանսիան, Հունաստանը, Լիբանանը, թե Վենեսուելան, որոշակի համեմատականով փորձենք հստակեցնել, թե ինչպիսին է ամերիկյան պետության դիրքորոշումը Մեծ եղեռնի հիմնահարցում այլ պետությունների համադրությամբ:
Եվ այսպես, ԱՄՆ-ը Հայաստանից և Կանադայից բացի միակ պետությունն է, որտեղ պետական ղեկավարը ապրիլի 24-ին հանդես է գալիս ելույթով: Միայն այն փաստը, որ 1994-ից սկսած յուրաքանչյուր տարելիցի օրը պարտադիր կերպով հնչում է մոլորակի խոշորագույն գերտերություններից մեկի նախագահի խոսքը 1915թ. ոճրագործությունների վերաբերյալ` բավա-կան խոսուն է: Հայաստանի բարեկամ մեծ թվով այլ պետությունների ղեկավարներ նման քայլի չեն դիմում:
Միաժամանակ հայկական կողմին արդարացիորեն մտահոգում է, որ ԱՄՆ նախագահության թեկնածուներն ընտրարշավի ժամանակ պարբերաբար հանդես են գալիս «Հայոց ցեղասպանություն» կապակցությունը հստակ կիրառելու խոստումներով, սակայն նախագահ դառնալուց հետո սեփական խոստումը հիմնականում չեն հարգում: Որպես կանոն, մուտք գործելով Սպիտակ տուն` վերջիններս հրաժարվում են կատարել խոստումը, ընդգծելով, որ Թուրքիան կարևոր դեր ունի ՆԱՏՕ համակարգում կամ ԱՄՆ տարածաշրջանային քաղաքական շահերի համապատկերում: Կարծես թե նախընտրական արշավի ընթացքում անտեղյակ էին, որ Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում է և ունի կարևոր աշխարհաքաղաքական դիրք: Այնուամենայնիվ, մեկ դեպքում` 1981թ. ապրիլի 22-ին, Հոլոքոստի հիշատակի օրվա առիթով (Հոլոքոստի ոգեկոչման ամսաթիվը կապված է 1943թ. այդ օրը Վարշավայի գետտոյում հրեաների հակաֆաշիստական ապստամբության հետ) թիվ 4838 նախագահական հայտարարության տեքստում 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը նշել է. «Հոլոքոստի դասերը չպետք է մոռացվեն, ինչպես չպետք է մոռացվեն Հոլոքոստին նախորդած Հայերի ցեղասպանությունը և հաջորդած Կամբոջայի ցեղասպանությունը, նաև մեծ թվով այլ մարդկանց մեծ թվով նման այլ հետապնդումներ»:
Հատկանշական է, որ չնայած Մեծ եղեռնի ճանաչման դեպքում Անկարան թուրք-ամերիկյան հարաբերությունների «արմագեդոն» հիշեցնող զարգացումներ է գուժում, սակայն 1981թ. միջպետական հարաբերություններում աղետալի ոչինչ տեղի չունեցավ: Ավելին, թուրք-ամերիկյան փոխհարաբերությունների պատմությունում Ռոնալդ Ռեյգանի կողմից Եղեռնի ճանաչման փաստը կարծես ընդհանրապես տեղ չունի: Ընդ որում, սա տեղի ունեցավ մի ժամանակահատվածում, երբ Սառը պատերազմը գտնվում էր շատ վճռական փուլում. ընդամենը մեկ տարի առաջ Վաշինգտոնը բոյկոտել էր Մոսկվայում կազմակերպված ամառային օլիմպիական խաղերը: Այսպիսով` պնդումը, թե ամերիկյան ճանաչումն անիրական է, հաշվի առնելով Թուրքիայի շահեկան աշխարհաքաղաքական դիրքը, հիմնավոր և անխոցելի համարել չի կարելի: Եթե հնարավոր էր ճշմարությունը բարձրաձայնել Սառը պատերազմի գագաթնակետին, ապա ինչո՞ւ հնարավոր չէ մեր օրերում:
Հետագա տարիներին ԱՄՆ նախագահները «Հայոց ցեղասպանություն» կապակցությունը չեն կիրառել, այլ դիմել են համարժեք բնորոշումների: Բարաք Օբաման իր առաջին նախագահական ելույթում խուսափեց «ցեղասպանություն» բառեզրից, բայց օգտագործեց հայերեն «Մեծ եղեռն» կապակցությունը` նաև բուն Թուրքիայում նշելով, որ «չի վերանայել իրադարձությունների վերաբերյալ իր նախկին դիրքորոշումը»: Ստացվեց մի իրավիճակ, երբ հնարավոր չէ պնդել, թե նախագահ Բարաք Օբաման չի ճանաչել Հայոց մեծ եղեռնը:
Միաժամանակ, փաստ է նաև, որ ԱՄՆ 40-րդ նախագահ Ռ.Ռեյգանի հայտարարությունը ոչ մի պետական ղեկավար չի մերժել: Ռոնալդ Ռեյգանի խոսքը շարունակում է հանդես գալ որպես ԱՄՆ նախագահի կողմից 1915թ. ողբերգությունը որպես «ցեղասպանություն» բնորոշելու պատմական փաստ, որը չեղյալ չի հայտարարվել և չի ժխտվել հետագա ոչ մի պետական ղեկավարի կողմից, իսկ գործող նախագահ Օբամայի կողմից նաև անուղղակիորեն վերահաստատվել է:
Գալով Կոնգրեսի մակարդակով ճանաչմանը` ԱՄՆ օրենսդիր մարմինը 2 անգամ ընդունել է համապատասխան որոշումներ, որոնցում հստակորեն ամրագրված է «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը: 1975թ. ապրիլի 9–ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած որոշման մեջ նշված է. «1975թ. ապրիլի 24-ը հաստատել որպես մարդու կողմից մարդու նկատմամբ դաժանության հիշատակի օր: ԱՄՆ նախագահը լիազորվում է և նրանից պահանջվում է հրապարակել հայտարարություն, որով ԱՄՆ ժողովրդին կոչ կարվի այս օրը հիշել բոլոր ցեղասպանությունների զոհերին և հատկապես հայերին, որոնք ցեղասպանության են ենթարկվել 1915թ., որի պատճառով այս օրը ոգեկոչվում է համայն աշխարհի հայերի և նրանց բարեկամների կողմից»:
Ինչպես նշեցինք, 1981-ին նախագահ Ռեյգանը հրապարակեց համա-պատասխան հայտարարություն, ինչն, ըստ էության, ամբողջացրեց Կոնգրեսի փաստաթղթի պահանջը: 1984թ. սեպտեմբերի 12-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց ևս մեկ որոշում, որը հիմնականում կրկնում էր 1975թ. փաստաթուղթը, սակայն առավել խիստ շեշտադրումներ էր կրում. «1985-ից ապրիլի 24-ը հաստատել որպես մարդու կողմից մարդու նկատմամբ դաժա-նության հիշատակի ազգային օր: ԱՄՆ նախագահը լիազորվում է և նրանից պահանջվում է հրապարակել հայտարարություն, որով ԱՄՆ ժողովրդին կոչ կարվի այս օրը հիշել բոլոր ցեղասպանությունների զոհերին և հատկապես մեկ և կես միլիոն հայերին, որոնք ցեղասպանության են ենթարկվել 1915-23թթ. ընթացքում Թուրքիայում, և այս օրը ոգեկոչվում է համայն աշխարհի հայերի և նրանց բարեկամների կողմից»:
Այսպիսով, ամերիկյան Կոնգրեսը ևս Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենսդիրների թվում է: Սա փաստ է: Դրան գումարենք նաև մի քանի անգամ տարբեր հանձնաժողովների մակարդակներով ընդունված որոշումները, որոնցում ևս նշված է «Հայոց ցեղասպանություն» եզրը` 1996, 2000, 2005, 2007 և 2010թթ.:
Հավելենք նաև, որ ԱՄՆ 50 նահանգներից 43-ը տարբեր ժամանակներում ընդունել են Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշումներ: Այս փաստերի լույսի ներքո դիտարկենք հետևյալ հարցը. արդյոք Հայոց մեծ եղեռնը ճանաչած 21 երկրներից յուրաքանչյուրն ունի՞ Եղեռնը դատապարտող փաստերի նման հետևողական պատմություն: Արդյոք Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Լիտվայի, Վենեսուելայի, Չիլիի և մի շարք այլ պետությունների նախագահները երբևէ, թեկուզ մեկ անգամ, կիրառե՞լ են Հայոց ցեղասպանություն կապակցությունը, օրենսդիր մարմիններում կրկնակի հաստատվե՞լ է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև, կամ տվյալ պետությունների վարչատարածքային միավորների շուրջ 90 տոկոսն ընդունե՞լ է Մեծ եղեռնը դատապարտող օրինագծեր: Կրկին ընդգծենք` արդարության վերականգնմանն ուղղված այս բոլոր պետությունների բոլոր քայլերը մեծապես ողջունելի են և երախտիքի զգացում ու խոր համակրանք են վայելում բոլոր հայերի սրտում: Սակայն փաստերի համադրությունից հետևում է ևս մեկ իրողություն. զուտ իրավական տեսանկյունից Միացյալ Նահանգները հանդես է գալիս որպես օրենսդիր և գործադիր մակարդակներում Հայոց ցեղասպանությունը դատապարտած պետություն:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ» ՀՆԱՐՔԸ. Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԱՆԿԱՐԱՆ[11.04.2017]
- ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ[14.02.2017]
- ՔԱՆԻ՞ ՏԱՐԵԿԱՆ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ. ԿՐԿԻՆ ԱՓՇԵՐՈՆՅԱՆ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[08.12.2014]
- ԻՆՉՊԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԺՈՂՈՎՈՒՐԴ. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐԸ 20-ՐԴ ԴԱՐՈՒՄ[10.04.2013]
- Ո՞Ր ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ Է ԱՌԱՋԻՆԸ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ[24.01.2013]
- «ԲԱՐԵՎ, ՀԱՅՐԵՆԱԿԻՑ». ԷԴ ԱԼԵՔՍԱՆԴԵՐԸ ԵՐԿԱԹՅԱ ՎԱՐԱԳՈՒՅՐԻ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐՈՒՄ[22.09.2011]
- «ԲԱՅԴԵՆԻԶՄՆԵՐ». ՋՈ ԲԱՅԴԵՆԻ ՎՐԻՊԱԿՆԵՐԸ[18.11.2010]
- ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[22.07.2010]
- ԲՈՒԼՂԱՐԱԹՈՒՐՔԵՐ. ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[01.03.2010]
- ԵՐԵՎԱՆ-ԱՆԿԱՐԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԱԾԱՆՑՅԱԼ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ[21.12.2009]