
«ԲԱՅԴԵՆԻԶՄՆԵՐ». ՋՈ ԲԱՅԴԵՆԻ ՎՐԻՊԱԿՆԵՐԸ
Հայկարամ ՆահապետյանՎերջերս Youtube համակարգում տեղադրվեց մի հոլովակ, որում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ԱՄՆ հայ համայնքի ակտիվիստներից մեկի հետ զրուցելիս հայտարարում է, թե իբր ՀՀ նախագահի հետ զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանն իրեն կոչ է արել ձեռնպահ մնալ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչումից: Հաջորդած զարգացումները հայտնի են. մինչ հայկական կողմն առաջարկեց հրապարակել հեռախոսազրույցների ձայնագրությունները, որոնցում նման ձևակերպում լինել չէր կարող, Երևանում ԱՄՆ դեսպանատունը ևս իր հերթին հերքեց Youtube-ի հրապարակման բովանդակությունը:
Այս միջադեպն ունի ևս մեկ ուշագրավ կողմ. մերօրյա ամերիկյան քաղաքական կյանքում Ջո Բայդենը, պատկերավոր ասած, զբաղեցնում է երկրորդ պատվավոր տեղը (Ջորջ Բուշ կրտսերից հետո) սխալ ձևակերպումների, անստույգ հայտարարությունների, վրիպակների և փաստերը շփոթելու տեսանկյունից: Դիտարկենք Ջո Բայդեն քաղաքական գործչի վրիպակներից մի քանի օրինակ:
1988թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ դեմոկրատական կուսակցությունից պայքարում էր սենատոր Ջոզեֆ Բայդենը (Դելավեր): Վերջինս պարտվեց փրայմերիզների շրջանում` զիջելով էթնիկ հույն Մայքլ Դուկակիսին, որն իր հերթին պարտվեց հանրապետական Ջորջ Բուշ ավագին: Ընտրարշավի ընթացքում Բայդենն իրարահաջորդ սկանդալներով ցնցեց իր վարկանիշը: Փաստերի խառնաշփոթն ու հակասական հայտարարություններն այնքան շատ էին, որ «Նյու Յորք թայմսը» 1987թ. սեպտեմբերի 22-ի համարում առանձին անդրադարձ կատարեց թեմային՝ «Բայդենն ընդունում է սխալները» խորագրով:
Եվ այսպես, սենատոր Ջո Բայդենը Նյու Հեմփշիրի նահանգում հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե Նյու Յորքի նահանգի Սիրակուզի քոլեջում ուսանելիս եղել է լավագույն ուսանողների 50 տոկոսի շարքում և միանգամից երեք որակավորումներով է ավարտել քոլեջը: Փոքրիկ վրիպակն այն էր, որ Բայդենը եղել էր քոլեջի ոչ թե լավագույն, այլ վատագույն 50 տոկոսի մեջ, քանի որ քոլեջի 85 շրջանավարտների թվում առաջադիմությամբ 79-րդն էր: Ընդ որում՝ ստացել էր ոչ թե երեք, այլ միայն մեկ որակավորում: «Ես իրավաբանական դպրոցը չեմ ավարտել հաջող ցուցանիշներով: Ես ճիշտ չէի մտաբերել»,- հայտարարել էր Բայդենը: «Դելավերից դեմոկրատ թեկնածուն կիրակի գիշեր «Նյու Յորք թայմսին» տված հարցազրույցում հայտարարել էր, որ… իր շփոթությունները վատ հիշողության և ինքնատիրապետման կորստի արդյունք են»,- գրում է «Նյու Յորք թայմսը»1: Մտապահենք այս ձևակերպումը` «վատ հիշողություն և ինքնատիրապետման կորուստ»:
2008թ. սեպտեմբերին CBS հեռուստաընկերության լրագրող Քեթրին Քուրիքին տված հարցազրույցում, անդրադառնալով Համաշխարհային տնտեսական ճգնաժամի թեմային, սենատոր Բայդենը հայտարարել էր, թե երբ 1929թ. Ամերիկայում պայթեց մեծ ճգնաժամը, նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը հեռուստատեսությամբ դիմեց հանրությանը: Մինչդեռ 1929թ. հոկտեմբերի 29-ին, երբ արժեթղթերի շուկայի փլուզմամբ սկիզբ առավ ամերիկյան Great Depression-ը, Ֆրանկլին Ռուզվելտը ԱՄՆ նախագահ չէր: Նա Սպիտակ տուն է մտել միայն 1933թ.: Մյուս կողմից, նույնիսկ եթե նախագահն էլ լիներ, Ռուզվելտը չէր կարող «հեռուստատեսությամբ դիմել հանրությանը», քանի որ հեռուստատեսություն՝ որպես այդպիսին, դեռ գոյություն չուներ, ընթացքի մեջ էին փորձարարական աշխատանքները: ԱՄՆ-ում հեռուստատեսության դեբյուտը տեղի է ունեցել1939թ., ուղիղ 10 տարի անց2: Փաստացի Բայդենի այս հայտարարության ոչ մի հատվածն իրականության հետ որևէ կապ չունի:
Մոտավորապես նույն օրերին ամերիկյան մամուլը հաղորդեց Միսուրիի նահանգում Բայդենի մեկ այլ վրիպակի մասին: «Նյու Յորք թայմսի» փոխանցմամբ, դիմելով անվասայլակին գամված սենատոր Չակ Գրեհեմին՝ նա բացականչել էր. «Չակ, ոտքի կանգնիր, թող մարդիկ քեզ տեսնեն»: Այնուհետև հավելել է. «Աստված իմ, ես այս ի՞նչ եմ ասում»3: Տեսահոլովակը մատչելի է նաև ինտերնետում4:
2010թ. մարտին Իռլանդիայի վարչապետ Բրայան Քոուենի հետ զրույցի ընթացքում արդեն փոխնախագահ Բայդենը ցավակցել էր Իռլանդիայի վարչապետին մոր մահվան կապակցությամբ: Վարչապետ Քոուենի մայրը մինչ օրս ողջ է5:
Մի ուրիշ անգամ, ԱՄՆ նախագահին ներկայացնելիս, «Բարաք Օբամա» ասելու փոխարեն բացականչել էր` Բարաք Ամերիկա: Այսօրինակ թվարկումը հնարավոր է շարունակել ԱՄՆ սահմանադրության, փոխնախագահի լիազորությունների, Իրանի կամ խոզագրիպի վերաբերյալ կատարած սխալ հայտարարությունների օրինակներով:
«Վաշինգտոն Էքզամիներ» մայրաքաղաքային թերթը 2009թ. մայիսի 24-ի համարում գրեց. «Բայդենը լեզվի սայթաքումների երկար պատմություն ունի և սխալ պահին ասում է սխալ բաներ»: Թերթը Բայդենի շփոթությունները համեմատում է Ջորջ Բուշի հայտնի բուշիզմների հետ: Իսկ “Political humor” կայքն առաջարկում է նոր տերմին` բայդենիզմներ6:
Դելավերի համալսարանի նախկին պրոֆեսոր Ուիլյամ Բոյերը, որը Դելավերից սերող քաղաքական գործիչների մասին գիրք է հեղինակել, հայտարարել է. «Չնայած ժամանակ առ ժամանակ պատահող սայթաքումներին` Բայդենը մեծ հեղինակություն է վայելում Դելավերի բնակիչների մոտ»:
Նույն թեմայով Դելավերի Վիլմինգտոն քաղաքի (Բայդենի ծննդավայրն է) քաղաքապետ Ջեյմս Բեյքերը նշել է. «Ժամանակ առ ժամանակ մենք ներողամտորեն ենք վերաբերվում, երբ նա ինչ-որ մի անմտություն է ասում: Դա պարզապես Ջո Բայդենն է»:
1“Biden admits errors and criticizes latest reports”, The New York Times 22.09.1987, http://www.nytimes.com/1987/09/22/us/biden-admits-errors-and-criticizes-latest-report.html?pagewanted=3
2“Biden makes FDR gaffe during CBS interview”, http://www.newsday.com, 23.09.2008, նաև http://www.youtube.com/watch?v=0Jf17Yo7hBM
3“Biden living up gaffe-prone reputation”
4 http://tv.gawker.com/5500974/joe-bidens-gaffes-a-foot+in+mouth-chronology
5 http://politicalhumor.about.com/od/joebiden/a/bidenisms.htm
6 http://politicalhumor.about.com/od/joebiden/a/bidenisms.htm
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ» ՀՆԱՐՔԸ. Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԱՆԿԱՐԱՆ[11.04.2017]
- ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ[14.02.2017]
- ՔԱՆԻ՞ ՏԱՐԵԿԱՆ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ. ԿՐԿԻՆ ԱՓՇԵՐՈՆՅԱՆ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[08.12.2014]
- ԻՆՉՊԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԺՈՂՈՎՈՒՐԴ. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐԸ 20-ՐԴ ԴԱՐՈՒՄ[10.04.2013]
- Ո՞Ր ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ Է ԱՌԱՋԻՆԸ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ[24.01.2013]
- «ԲԱՐԵՎ, ՀԱՅՐԵՆԱԿԻՑ». ԷԴ ԱԼԵՔՍԱՆԴԵՐԸ ԵՐԿԱԹՅԱ ՎԱՐԱԳՈՒՅՐԻ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐՈՒՄ[22.09.2011]
- ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[22.07.2010]
- ԱՐԴՅՈՔ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՉԻ՞ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ[09.04.2010]
- ԲՈՒԼՂԱՐԱԹՈՒՐՔԵՐ. ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[01.03.2010]
- ԵՐԵՎԱՆ-ԱՆԿԱՐԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԱԾԱՆՑՅԱԼ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ[21.12.2009]