
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ
Դիանա Գալստյան, Վարուժան Գեղամյան1Զարգացած երկրներում պետական և հասարակական ոլորտում որոշումների կայացման գործընթացում կարևոր դեր են խաղում այսպես կոչված «ուղեղային կենտրոնները» (Think Tanks, այսուհետ՝ ՈւԿ)։ Ազգային անվտանգությունը, ավելի քան երբևէ, պայմանավորված է առկա մտավոր ռեսուրսներն ազգային շահերին համապատասխան կազմակերպելու և օգտագործելու կարողությամբ, ինչում ՈւԿ-ներն ուրույն տեղ են զբաղեցնում2։ Առանց զարգացած, անկախ փորձագիտական հանրության ժամանակակից պետությունները չեն կարող դիմագրավել իրենց առջև ծառացած ներքին և արտաքին խնդիրներին։ Եթե Արևմուտքում դրանք վաղուց կայացած ինստիտուտներ են, ապա հետխորհրդային պետություններում ՈւԿ-ները կամ նմանատիպ գործառույթներ իրականացնող կենտրոնները նոր են երևան գալիս և փորձում են ընդգրկվել «որոշումների կայացման» գործընթացում։
Բացառություն չէ նաև Ադրբեջանը։ Երկրում գոյություն ունեցող վերլուծական կենտրոնները մեծ մասամբ փորձում են մոտենալ արևմտյան կենտրոնների չափանիշներին՝ օգտագործելով նրանց փորձը, բայցևայնպես, ունեն որոշակի առանձնահատկություններ, որոնք կներկայացնենք ստորև։
Ընդհանուր բնութագիրը
Համաձայն 2011թ. հունվարի 18-ին Փենսիլվանիայի համալսարանի ներկայացրած «Ուղեղային կենտրոնների համաշխարհային վարկանիշի»` աշխարհում այժմ հաշվվում է 6480 ՈւԿ3։ Վարկանիշը կազմվել է մի քանի հազար գիտնականների և փորձագետների հարցման հիման վրա, որոնք գնահատել են այդ կազմակերպությունների աշխատանքը։ Այս ցուցակում Ադրբեջանին բաժին է ընկնում 12 կենտրոն (համեմատության համար նշենք, որ Հայաստանում և Վրաստանում 14-ն են)` «Սոցիալական և տնտեսական զարգացման կենտրոնի» գլխավորությամբ, որն Արևելյան Եվրոպայի 25 լավագույն ՈւԿ-ների մեջ զբաղեցնում է 14-րդ տեղը։ 2010թ. տվյալներով՝ Ադրբեջանի ՈւԿ-ները գլխավորում էր «Ազատ մտածողներ ասոցիացիան» («Free Minds Association»)։
Պարզենք, թե նշված 12 կենտրոնները որքանով են համապատասխանում ՈւԿ պահանջներին:
Վերլուծական կենտրոններն Ադրբեջանում կազմակերպչական ձևի առումով՝
- ակադեմիական հետազոտական-կրթական ինստիտուտներ են,
- պետական կառույցներին կից ձևավորված կենտրոններ և
- հասարակական կազմակերպություններ։
Վերջին խմբի առկայությունը պայմանավորված է նրանով, որ ադրբեջանական ՈւԿ-ները հիմնականում գրանցվում են որպես հասարակական կազմակերպություններ՝ հարկերի վճարման խնդիրներից խուսափելու և համապատասխան օրենսդրական կարգավիճակի բացակայության պատճառով։ Երկրում գրանցված 2467 հասարակական կազմակերպությունների զգալի մասը «գործունեությունը ծավալում է միայն թղթի վրա»։ Սակայն սրանց կողքին կան այնպիսիք, որոնք զբաղվում են ակտիվ, այդ թվում՝ հետազոտական և քարոզչական աշխատանքով։ Հաճախ իրենց այս գործունեությամբ նրանք մոտենում են ՈւԿ-ների գործառույթներին։ Վերջինի ապացույցն է այն, որ 2010թ. Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնած «Ուղեղային գրոհը 21-րդ դարում։ Խնդիրներ և գաղափարներ» կլոր սեղան-քննարկման ժամանակ գիտահետազոտական կառույցների թվում ներկա էին նաև մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ4։
Վերոնշյալ պատճառներով հաճախ դժվար է լինում հստակեցնել՝ արդյոք այս կամ այն կազմակերպությունն իրականում ՈւԿ է, թե ոչ։ Ուստի, երկրի առաջատար հետազոտական կազմակերպությունները որոշում են կայացրել պետությանը ներկայացնել օրենսդրական փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան ունենալ առանձին ՈւԿ դաշտ։
Անկախ կազմակերպչական ձևից՝ դրանց գործունեության հիմնական տեսանելի ուղղվածություններն են.
- տնտեսական ուսումնասիրությունները,
- միջազգային հարաբերությունները,
- քարոզչականը (իշխանամետ և հակահայկական),
- ներհասարակական հարցերը,
- թյուրքական աշխարհի խնդիրները։
Դիտարկենք, թե յուրաքանչյուր տեսակի կառույց ինչ գործունեություն է ծավալում։
Այսպես, ակադեմիական հետազոտական ինստիտուտներից կարելի է առանձնացնել Խազարի (Կասպիական) համալսարանը (1991թ.) և Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիան (2006թ.)՝ իրենց կից հետազոտական կենտրոններով։ Դրանք պատրաստում են բարձրակարգ և արևմտյան չափանիշներին համապատասխան կադրեր, որոնք դեռ ուսումնառության ընթացքում ընդգրկվում են հետազոտական աշխատանքներում:
Համալսարաններին կից գործող հետազոտական կառույցների առկայությունը, ինչը բավական ընդունված պրակտիկա է զարգացած երկրներում, թույլ է տալիս ուսանողների միջոցով ապահովել նոր փորձագիտական կադրերի ներգրավումը վերլուծական կենտրոնների աշխատանքին։
Պետական կառույցներին կից ձևավորված կենտրոններից կարելի է նշել արտգործնախարարությանը կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնը, ինչպես նաև տնտեսական զարգացման նախարարությանը կից ստեղծված Գիտական հետազոտությունների և տնտեսական բարեփոխումների ինստիտուտը։ Սրանց «հետազոտական արտադրանքը» հիմնականում օգտագործվում է փակ շրջանակներում։
Պետական նախաձեռնությամբ ստեղծված առավել հայտնի կենտրոններից է Ադրբեջանի նախագահի հրամանով 2007թ. նոյեմբերին հիմնադրված Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնը (SAM), որը հավակնում է think-tank-ի կոչման։ Այն արտահայտում է իշխանությունների շահերը և մեծ ֆինանսական աջակցություն է ստանում պետությունից։ Կենտրոնը գործունեություն է ծավալում ամենատարբեր ուղղություններով, այդ թվում՝ ակտիվորեն մասնակցում է հակահայկական քարոզչությանը։ Կենտրոնի ղեկավարը և փորձագետներն օգտագործում են ցանկացած առիթ տեղում և հատկապես օտար երկրներում կազմակերպվող տարբեր միջոցառումների ընթացքում արտահայտելու Ղարաբաղյան հակամարտության և Խոջալուի դեպքերի մասին Ադրբեջանի որդեգրած դիրքորոշումը, ինչպես նաև տարածելու հակահայկական տրամադրություններ։
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը 2010թ. հունիսին հանդես եկավ Ազգային փորձագիտական խորհուրդ ստեղծելու նախաձեռնությամբ, որը պետք է համակարգի ադրբեջանական ՈւԿ-ների աշխատանքը։ Նախաձեռնության նպատակն է Ադրբեջանում ստեղծել ընդհանուր վերլուծական «արտադրանք», որին կմասնակցեն բոլոր գիտահետազոտական վերլուծական կենտրոնները5։ Հնարավոր է, որ նախաձեռնության նպատակն է ավելացնել պետական վերահսկողությունն Ադրբեջանի ինտելեկտուալ դաշտի նկատմամբ։ Բացի նախաձեռնության մասին հայտարարելուց, այս ուղղությամբ այլ հրապարակային քայլեր դեռևս չեն նկատվել։
2011թ. փետրվարին կենտրոնի տնօրենի պաշտոնակար է նշանակվել Գյուլշան Փաշաևան, որը նախկին տնօրեն Էլհան Նուրիևի տեղակալն էր։ Նուրիևը 2011թ. հունվարի 21-ին Իլհամ Ալիևի հրամանով հեռացվել էր աշխատանքից։
Հասարակական կազմակերպություններից հայտնի է Pulse R սոցիոլոգիական ծառայություններ իրականացնող կենտրոնը, որն ամեն տարի Ֆրիդրիխ Էբերտի ֆոնդի աջակցությամբ իրականացնում է Ադրբեջանի սոցիալ-տնտեսական վիճակի, կենսամակարդակի, բնակչության եկամուտների, իշխանությունների նկատմամբ վստահության, հասարակական ինստիտուտների գործունեության, Ադրբեջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հասարակության վերաբերմունքի մասին հարցումներ։ Հաշվի առնելով, որ այդ հետազոտությունները խմբագրվում են նաև Ռասիմ Մուսաբեկովի կողմից, որը 2010թ. Միլլի մեջլիսի պատգամավոր է ընտրվել, և իմանալով Ադրբեջանում ազատ տեղեկատվության նկատմամբ սահմանափակումների մասին, այս հետազոտությունների արդյունքներին անվերապահորեն մոտենալ չի կարելի։ Այնուամենայնիվ, դրանք որոշակի տվյալներ հաղորդում են Ադրբեջանի հասարակության մասին։
Ադրբեջանում գործում են նաև զուտ տնտեսական ուղղվածության կենտրոններ, որոնք համեմատաբար անկախ են, բավարար պրոֆեսիոնալ և համագործակցում են արևմտյան ու զարգացած տնտեսությամբ ասիական երկրների հետ։ Սրանց շարքում առանձնանում է արդեն հիշատակված Սոցիալական և տնտեսական զարգացման կենտրոնը (հիմնադրվել է 2005թ. հունվարի 1-ին)6, որն այս տարի հռչակվել է Ադրբեջանում առաջատար տնտեսական ՈւԿ, և Արևելյան Եվրոպայի 25 լավագույն ՈւԿ-ների մեջ զբաղեցնում է 14-րդ տեղը։ Կենտրոնում կատարվում են հիմնականում Ադրբեջանի տնտեսական, սոցիալական, էներգետիկ ոլորտներին վերաբերող ուսումնասիրություններ, խորհրդատվության տրամադրում։
2010թ. տվյալներով առաջատար «Free Minds Association»-ը համարվում է Ադրբեջանում ստեղծված առաջին լիբերալ ՈւԿ-ն (հիմնադրվել է 2005թ.), որի նպատակն է ազատ մտքի, արդարության, մարդու իրավունքների, հանդուրժողականության տարածումը։ Այն սերտորեն համագործակցում է ԱՊՀ, Եվրոպայի և ԱՄՆ լիբերալ կազմակերպությունների հետ։ Կենտրոնի հիմնադիր և նախագահ Թուրալ Վելիևին 2007թ. դեկտեմբերին շնորհվել է Ստոկհոլմի ցանցի Golden Umbrella (Ոսկե հովանոց) մրցանակը՝ «շուկայական տնտեսությունների ոլորտում լավագույն ուղեղային կենտրոն» անվանակարգում7։
Տնտեսական հետազոտությունների կենտրոնն (հիմնադրվել է 2005թ. հունվարի 1-ին) իրականացնում է երկրում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական իրադարձությունների վերլուծություն, տրամադրում է տնտեսական խորհրդատվություն, կատարում է տնտեսական ռեֆորմների ծրագրերի նախապատրաստում, պարբերաբար ներկայացնում է սպառողական գների ցուցանիշների վերաբերյալ հաշվետվություններ։
Ներքին համագործակցությունը
Ադրբեջանական հետազոտական կազմակերպություններն ուսումնասիրելու ժամանակ ակնհայտ դարձավ, որ նրանց միջև համագործակցային կապեր գրեթե չկան։ Այս իրավիճակը բնորոշում է Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված կլոր սեղանի ժամանակ հնչած մի ելույթ. «Համաձայն միջազգային տվյալների, մեր երկրում գործում է 13 (2009թ. տվյալներով) ՈւԿ։ Ուզում եմ հարցնել ներկաներին. քանի՞սն են ճանաչում մնացած 12-ին»8։ Վերոնշյալ քննարկման ժամանակ էլ ներքին համագործակցություն սկսելու նախաձեռնությամբ հանդես եկավ Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը, որին իրենց առաջարկներով միացան ներկա գտնվող մյուս հետազոտական կազմակերպությունները։ Մասնավորապես, բացի ՈւԿ փորձագիտական խորհրդի կամ ՈւԿ դաշինքի ձևավորումից, առաջարկվեց նաև մրցույթների անցկացման մեխանիզմը (օր.՝ «Տարվա ՈւԿ», «Տարվա գաղափար» և այլն), տարեկան վարկանիշների կազմումը, պետական մարմինների հետ երկխոսության ապահովումը և, վերջապես, «վերլուծական շուկայի» ստեղծումը։
Արտաքին համագործակցությունը
Ադրբեջանական ՈւԿ-ները համագործակցում են միջազգային տարբեր կառույցների, բանկերի, հիմնադրամների9, ինչպես նաև այլ երկրների կենտրոնների հետ։ Տարբեր երկրների հետ կապեր հաստատելու առումով հատկապես ակտիվ է Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը։ Կարճ ժամանակահատվածում այն կապեր է հաստատել Թուրքիայի, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, Գերմանիայի, Չինաստանի, Ռուսաստանի10, Վրաստանի, Լեհաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Նորվեգիայի և այլ երկրների ՈւԿ-ների հետ։ Այդ համագործակցությունն իրականացվում է համատեղ կազմակերպվող գիտական վերլուծական նախագծերի՝ կոնֆերանսների, կլոր սեղանների, ՈւԿ-ների ղեկավարների և աշխատակիցների փոխայցելությունների, փորձի փոխանակման ձևերով։
Հատկապես ակտիվ համագործակցութուն է ծավալվում Թուրքիայի առաջատար ՈւԿ-ների հետ։ Ադրբեջանական կենտրոնները կապեր են հաստատել Թուրք-ասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (TASAM), Միջազգային ռազմավարական ուսումնասիրությունների կազմակերպության (USAK), Թուրքիայի ռազմավարական հետազոտությունների միջազգային կենտրոնի (USAD), Քաղաքական, տնտեսական և հասարակական հետազոտությունների հիմնադրամի (SETA) հետ։ Մինչև 2008թ. բավական արդյունավետ էին նաև Թուրքիայի հայտնի կենտրոններից՝ Եվրասիական ռազմավարական հետազոտությունների (ASAM), հետ կապերը11։ 2011թ. մարտի 7-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի և Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Կարելի է ենթադրել, որ այս փաստը հավելյալ կապերի և ազդեցության հնարավորություն է ստեղծում թուրքական դիվանագիտական կորպուսի համար՝ ազդելու ադրբեջանական վերլուծական կենտրոնի վրա։
Իր հերթին Սփյուռքի և լոբբիի ռազմավարական հետազոտությունների կենտրոնը հանդես է եկել թյուրքական երկրների ՈւԿ-ների կոորդինացման նախաձեռնությամբ։ Անհրաժեշտ է նշել, որ այս կենտրոնը ստեղծել է նաև աշխարհի ադրբեջանցիների ինտելեկտուալ գործունեության վերաբերյալ ռեսուրսների բազա։
Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ ադրբեջանական ՈւԿ-ների մի մասը, թուրքական նմանատիպ կառույցների ոճով, բավական մեծ ուշադրություն է հատկացնում «թյուրքական աշխարհի» խնդիրներին։ Նրանցից որոշներն իրենց կայքերում ունեն համապատասխան բաժիններ։
Ադրբեջանական որոշ կենտրոններ ընդգրկված են «Վերլուծական կենտրոնների թուրքական երկխոսություն» նախագծում, որը մեկնարկել է 2008թ. ապրիլին12։ Բացի այդ, ադրբեջանական ՈւԿ-ները մասնակցում են Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամ երկրների ՈւԿ-ների ֆորումներին, ընդգրկված են PASOS անկախ ՈւԿ-ների ցանցում, եվրոպական «Ստոկհոլմ» ցանցում, Atlas Network-ում, Global Developed Network-ում։
Ադրբեջանական ՈւԿ-ները փորձում են հնարավորինս լայնացնել համագործակցության շրջանակները՝ ներկա լինելով այս կամ այն կոնֆերանսին, կամ իրենք են հանդես գալիս որպես հրավիրող կողմ։ Հաճախ այդ մասնակցության հիմնական նպատակն է լինում ևս մեկ անգամ խոսել արցախյան հակամարտության մասին և ներկայացնել այդ խնդրի վերաբերյալ ադրբեջանական տեսակետը։
Հետազոտական կենտրոննե՞ր, թե՞ ՈւԿ-ներ
Չնայած Ադրբեջանում առաջին հետազոտական կենտրոնները ստեղծվել են 1994-95թթ.13, սակայն դժվար է դրանք անվանել think-tank-ներ իրենց դասական իմաստով։ Դասական ուղեղային կենտրոններին14, համապատասխանելու ճանապարհին ադրբեջանական ՈւԿ-ները դեռևս լուրջ խոչընդոտներ ունեն։ Արդյո՞ք ադրբեջանական ուղեղային կենտրոնները կարող են ազդել որոշումների կայացման վրա, ինչը ՈւԿ-ների գլխավոր գործառույթներից է։ Կարծում ենք՝ այժմ դա անհնար է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կառավարման ավտորիտար համակարգի հայտնի փաստը։ Ադրբեջանական ՈւԿ-ների աշխատանքն ուղղորդվում է իշխանությունների հրահանգներով, և ավելի շուտ աշխատում է կառավարություն-ՈւԿ ուղիղ և միակողմանի կապը։ Տնտեսական հարցերով փորձագետ Զոհրապ Իսմայիլի խոսքով՝ Միլլի մեջլիսը գործնականում ամբողջովին կախված է գործադիր իշխանության կամքից, և եթե նույնիսկ ադրբեջանական ՈւԿ-ներին հաջողվի 30-40%-ով ազդել որոշումների ընդունման վրա, միևնույն է՝ կանցնեն այն որոշումները, որոնց նախաձեռնությունը գործադիր իշխանությանն է15։
Մեկ այլ խնդիր է ֆինանսավորումը։ Որոշ բացառություններով ադրբեջանական կենտրոններն ունեն սահմանափակ նյութական ռեսուրսներ։ Հատկանշական է, որ ադրբեջանական փորձագիտական խմբերը հանդես են եկել առաջարկով՝ ստեղծելու «ՈւԿ-ների աջակցման հիմնադրամ» երկրում եղած համանման կառույցների նմանությամբ։ Այդպիսի կառույցներից է «Ադրբեջանի նախագահին կից ԶԼՄ զարգացման պետական աջակցության հիմնադրամը», որը բավական գումարներ է տրամադրում ԶԼՄ-ին՝ իրենց նախագծերի իրականացման համար, սակայն հասկանալի է, որ դրանով բացառվում է անկախ լրագրության հնարավորությունը։ Այս պարագայում, կարելի է ենթադրել, թե ինչի կվերածվի «ՈւԿ-ների աջակցման հիմնադրամը»։
Ընդհանուր առմամբ, ադրբեջանական հետազոտական կենտրոնների ստեղծմանը ֆինանսական մեծ աջակցություն են ցուցաբերում օտարերկրյա կառավարությունները և ֆոնդերը։ Այդ օժանդակությունները մտնում են հիմնականում քաղաքացիական հասարակության ձևավորման ծրագրերի ձևաչափի մեջ։ Այս մեխանիզմը ՈւԿ-ներին որոշակիորեն ազատ գործելու հնարավորություն է ընձեռում՝ միաժամանակ չապահովելով լիարժեք անկախություն։ Այնինչ, անկախությունը ՈւԿ-ների արդյունավետ գործունեության նախապայման է, ինչը, մեր համոզմամբ, անհնար է ժամանակակից Ադրբեջանում։ Ադրբեջանական ՈւԿ-ների գործունեությունը վերահսկվում է վարչակարգի կողմից։ Ֆինանսավորում ստանալով պետությունից կամ որևէ կազմակերպությունից՝ կենտրոնները ստիպված են լինում հետևել նրանց պահանջներին։ Բնականաբար, պետությանը սերտաճած իշխանությունը չի ֆինանսավորում սեփական շահերը չներկայացնող, այլընտրանքային հայացքներ ներկայացնող կենտրոններին։ Այս պայմաններում գրեթե անհնար է խոսել անկախ, օբյեկտիվ և արդյունավետ ՈւԿ-ների մասին։ Խաղաղության և դեմոկրատիայի ինստիտուտը, որի տնօրեն Լեյլա Յունուսովան Ադրբեջանում «ուղեղային կենտրոն» ստեղծելու նախաձեռնողներից էր, սկզբում բավական ակտիվ գործունեություն էր ծավալում, սակայն վերջին շրջանում պասիվ է գործում ֆինանսական սուղ միջոցների պատճառով։ Ֆինանսավորման բացակայությունը պայմանավորված է կենտրոնի և անձամբ Լեյլա Յունուսովայի կողմից պարբերաբար արվող հակաիշխանական հայտարարություններով16։ Հայտնի է, որ Յունուսովայի դեմ նույնիսկ դատական գործ է հարուցվել։
Հեռանկարներ
Այսպիսով, ի՞նչ է սպասվում Ադրբեջանի հետազոտական կենտրոններին, ի՞նչ հեռանկարներ ունեն դրանք։ Վերջին շրջանում զգալի ակտիվություն է նկատվում. Ադրբեջանում մի շարք քայլեր են իրականացվում ժամանակի պահանջներին համապատասխանող ՈւԿ-ների ստեղծման ուղղությամբ։ Դրանցից կարելի է նշել 2009թ. USAID ծրագրի շրջանակներում ադրբեջանցի 8 պատվիրակների գործուղումը ԱՄՆ՝ ամերիկյան կենտրոնների փորձն ու գործունեությունն ուսումնասիրելու նպատակով։ Տարբեր երկրների կենտրոնների հետ երկարամյա համագործակցությունը նպաստում է ադրբեջանական ՈւԿ-ների զարգացմանը։
Հատկանշական է, որ 2011թ. տրվել է նոր՝ «էլեկտրոնային ուղեղային կենտրոնի» (E-Think-tank) նախագծի մեկնարկը։ Այն իրականացնում են Ադրբեջանի Շրջանավարտների միությունը ("Alumni Network") և Գերմանիայի Մարշալի հիմնադրամը։ Նախագծի նպատակն է հետազոտել ադրբեջանական հասարակության խնդիրների լուծման ուղիները և ստեղծել ՈւԿ։ Ընդ որում, այս ծրագրում է ընդգրկված Ադնան Հաջիզադեն, որը 2009թ. քաղաքական այլախոհության համար ազատազրկված երկու ադրբեջանցի բլոգերներից մեկն է։
Մյուս կողմից՝ ՈւԿ-ների համախմբմամբ շահագրգռված է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։ Արդեն հիշատակել ենք 2010թ. Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Ուղեղային գրոհը 21-րդ դարում։ Խնդիրներ և գաղափարներ» կլոր սեղան-քննարկման մասին։ Այն նպատակ ուներ վերհանել ուղեղային կենտրոնների իրական պատկերը, գնահատել առկա ինտելեկտուալ ռեսուրսները, իրենց «ուղեղային կենտրոններ» համարող կազմակերպությունների իրական գործունեությունը, համագործակցության մեխանիզմները, ՈւԿ-ների համաշխարհային վարկանիշային աղյուսակում տիրող իրավիճակը, փորձագիտական միջավայրը և այլ հարցեր։ Կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էին Ադրբեջանի մի շարք վերլուծական հետազոտական կազմակերպությունների ղեկավարներ17։
Այսպիսով, ադրբեջանական ՈւԿ-ների հետագա զարգացումները, ըստ մեզ, կարող են ընթանալ հետևյալ տարբերակներով։ 1-ին տարբերակի համաձայն՝ դրանք, ի վերջո, կկարողանան դառնալ բազմազան ֆինանսական աղբյուրներով ազատ կենտրոններ և նոր որակ կհաղորդեն Ադրբեջանի մտավոր արտադրանքին ու պետական կառավարմանը։ Ըստ 2-րդի՝ դրանք կդառնան պետական ֆինանսավորմամբ, բայց հիմնականում անկախ փորձագիտական կենտրոններ։ Կամ էլ, 3-րդ տարբերակի համաձայն, Ադրբեջանի իշխանությունները կսկսեն ավելի խիստ վերահսկողություն սահմանել ինտելեկտուալ, վերլուծական հանրության հանդեպ, կդառնան «ինտելեկտուալ արտադրանքի» և թեմատիկ ուղղվածության հիմնական, եթե ոչ միակ «պատվիրատուն»՝ ֆինանսավորելով միայն իշխանամետ կենտրոնները և գործունեության հնարավորությունից զրկելով անկախ կամ այլընտրանքային հայացքներ արտահայտողներին։ Առաջին երկու տարբերակները ներկայիս ադրբեջանական ռեժիմի պայմաններում քիչ հավանական ենք համարում. առավել իրատեսական է երրորդ տարբերակը։
1 «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետներ։
2 Տե՛ս Գագիկ Հարությունյան, «Ուղեղային կենտրոնները» և ազգային անվտանգությունը, «21-րդ ԴԱՐ», # 1 (35), 2011 ։
3 Վարկանիշներն իրականացվում են «Think Tanks and Civil Societies Program» ծրագրի շրջանակներում։ Առաջին անգամ ներկայացվել են 2009թ., այժմ կրում են ամենամյա բնույթ։ Տե՛ս http://www.gotothinktank.com/wp-content/uploads/2010GlobalGoToReport-ThinkTankIndex-UNEDITION-v13.pdf։
4 Մասնակիցների թվում էին «Դոկտրինա» լրագրողների ռազմական հետազոտությունների կենտրոնը, «ՄիլԱզ» տեղեկատվական գործակալությունը, Կովկասյան ռազմավարական հետազոտությունների կենտրոնը, «3-րդ հայացք» վերլուծական տեղեկատվական գործակալությունը, «Ղարաբաղի ազատագրության կազմակերպությունը», «Արեատ» ժամանակակից սոցիալական գործընթացների հետազոտությունների կենտրոնը, Անկախ էկոլոգիական կանխատեսումների կենտրոնը, «Ինամ» (Հավատ) պլյուրալիզմի կենտրոնը, «Ազատ մտածողներ» ասոցիացիան, Ադրբեջան-Ատլանտիկա համագործակցության ասոցիացիան, Սփյուռքի և լոբբիի ռազմավարական հետազոտությունների կենտրոնը, Սոցիալ-տնտեսական հետազոտությունների հասարակական միավորումը, Սիներգետիկ հետազոտությունների կենտրոնը, Քաղաքական և տնտեսական հետազոտությունների կենտրոնը և այլն։ http://sam.gov.az/sites/default/files/publications/analitik_baxis2.pdf
5 http://www.1news.az/politics/20100608114946294.html
6 Տե՛ս Դիանա Գալստյան, Արաքս Փաշայան, «Ադրբեջանի որոշ հետազոտական կենտրոնների գործունեությունը»,
«Գլոբուս Ազգային անվտանգություն» 5 (9), 2009թ. ։
7 Կենտրոնի մասին մանրամասները տե՛ս http://www.azadliqciragi.org կայքում։
8 Տե՛ս http://sam.gov.az/sites/default/files/publications/analitik_baxis2.pdf
9 Համագործակցող կազմակերպությունների շարքում են Համաշխարհային բանկը, Զարգացման ասիական բանկը, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, Բաց հասարակության պաշտպանության հասարակական ասոցիացիան, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Բաց հասարակության ինստիտուտը, «Եվրասիա» հիմնադրամը, Ջերման Մարշալի հիմնադրամը, Ջորջ Սորոսի հիմնադրամը և այլն։
102011թ. մարտի 14-ին Մոսկվայում համագործակցության հուշագիր է ստորագրվել Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (РИСИ) և Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնի միջև։
11 Թուրքիայում հայտնի այս ռազմավարական կենտրոնը 2008թ. դադարեցրել է գործունեությունը ֆինանսական օժանդակությունից զրկվելու պատճառով, տե՛ս Սիմավորյան Արեստակես, Թուրքական վերլուծական կենտրոններ. տեսություն և արդիականություն, , «Գլոբուս Ազգային անվտանգություն», 3 (7), 2009թ.:
12 2008թ. ապրիլի 7-12-ը 24 երկրների վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ հավաքվել էին Թուրքիայում՝ միջազգային և տարածաշրջանային խնդիրների քննարկման, համագործակցության հաստատման և վերլուծական կենտրոնների հաղորդակցական ցանցի ստեղծման համար։
13 Տե՛ս Դիանա Գալստյան, Արաքս Փաշայան, «Ադրբեջանի որոշ հետազոտական կենտրոնների գործունեությունը»,
«Գլոբուս Ազգային անվտանգություն» 5 (9), 2009թ. ։
14Տե՛ս Գագիկ Հարությունյան, «Ուղեղային կենտրոնները» և ազգային անվտանգությունը, «21-րդ ԴԱՐ», # 1 (35), 2011։
15 http://www.zerkalo.az/2009-08-22/politics/2062-thinktank-azerbaijan-center
16 Տե՛ս http://www.regnum.ru/news/1205850.html, http://www.radioazadlyg.org/content/article/2301396.html
17 Տե՛ս http://sam.gov.az/sites/default/files/publications/analitik_baxis2.pdf։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՄՈՒԼՏԻԿՈՒԼՏՈՒՐԱԼԻԶՄԻ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՄՈԴԵԼԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ[14.11.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԹԵՄԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՎԱԴԱՇՏՈՒՄ. ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ[02.07.2018]
- ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ[21.02.2018]
- ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ[26.12.2017]
- ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՈՒՄ[19.05.2017]
- ԱՐԺԵՔՆԵՐԸ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ[09.01.2017]
- ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿԱՊԻՏԱԼԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ԶԼՄ-ՈՒՄ[16.09.2016]
- «ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (տարբեր երկրների փորձը)[01.07.2016]
- «ՀԱՅԱՍՏԱՆ» ԻԴԵՈԼՈԳԵՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ[06.05.2016]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՈՒՄ[13.10.2015]
- ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻՈՆ ՀՆԱՐՔՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ[02.06.2015]