• am
  • ru
  • en
Версия для печати
09.01.2017

ԱՐԺԵՔՆԵՐԸ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

   

Դիանա Գալստյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ

Մարիամ Խալաթյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ

Մշակութային միջավայրը ձևավորում է անձին որպես հասարակության անդամ, որպես յուրահատուկ արժեքների կրող: Արժեքները ձևավորում են որոշակի սահմաններ ու մարդկային վարքի նորմեր և իրականացնում են նպատակների և դրդապատճառների ձևավորման գործառույթներ, պայմանավորում վարքի որոշակի տիպի նախընտրելիությունը` ապահովելով իրականության նկատմամբ ընտրական վերաբերմունք [1]: Արժեքները հասարակության կողմից ընդունված ցանկալիի մասին պատկերացումներն են:

Տարբեր հեղինակներ տարբեր մոտեցումներով են հանդես գալիս արժեքները սահմանելիս։ Օրինակ, արժեքների էությունը դրանց նշանակալիությունն է, այլ ոչ թե դրանց փաստացիությունը (Մ.Ռոկիչ, Շ.Շվարց): Հեղինակների մի խումբ (Կ.Կլակխոն, Ջ.Ռոտեր) արժեքները դիտարկում են որպես ընտրություն՝ սահմանելով դրանք որպես գիտակցված և ոչ գիտակցված, անձին կամ խմբին բնորոշ ցանկալիի մասին պատկերացումներ, որոնք պայմանավորում են նպատակների ընտրությունը` հաշվի առնելով միջոցները և գործունեության ձևերը: Դ.Լեոնտևի տեսության համաձայն՝ արժեքները սահմանվում են որպես ֆենոմեն, որը բնութագրվում է կոնկրետ գործոններով, մասնավորապես՝ բոլոր մարդիկ ունեն միևնույն արժեքները, արժեքները համակարգված են, մարդկային արժեքները սերում են մշակույթից, արժեքներն իրենց ազդեցությունն են ունենում կյանքի բոլոր ոլորտներում [2]։

Ընդունված է տարբերակել արժեքների հետևյալ երկու տիպերը.

Սոցիալական խմբերին բնորոշ արժեքները հասարակության մեջ անհատի համար նշանակալի նյութական, սոցիալ-քաղաքական, հոգևոր և այլ արժեքներն են: Սոցիալական խմբերին բնորոշ արժեքների ուսումնասիրությունը կիրառելի է այն ժամանակ, երբ այդ արժեքները բնութագրում են հասարակության սոցիալական մշակույթը և ընդհանուր են տվյալ մշակույթը կազմող անհատների համար:

Անձնային-անհատական արժեքները դրսևորվում են անձի արժեքային կողմնորոշումներում, վերջիններս սերում են հասարակական, ազգային, մշակութային արժեքներից: Յուրաքանչյուր ժամանակաշրջան բնութագրվում է արժեքների բնորոշ հավաքակազմով, որն ապահովում է հանրության կենսագործունեության կարգը:

Արժեքներն անհատական և սոցիալական մակարդակներում տեղի ունեցող փոփոխություններին հետևելու համար լավ ցուցիչներ են, որոնք նպաստում են այդ գործընթացներն ավելի լավ հասկանալուն:

Արժեքների ուսումնասիրման տեսություններ. Արժեքները մեկնաբանող տարբեր միջդիսցիպլինար տեսությունների շարքում կարելի է անդրադառնալ հիմնական տեսություններին, որոնք տարածված են սոցիալ-հոգեբանական քննարկման դաշտում:

Արժեքները Մ.Ռոկիչը սահմանում է որպես կայուն համոզմունքների տարատեսակ, որի համաձայն՝ գոյության այս կամ այն ձևն ավելի նախապատվելի է, քան մյուսը: Մ.Ռոկիչն առանձնացնում է բազային (ունիվերսալ, տերմինալային) և գործիքային (անհատական) արժեքներ: Բազային արժեքները մեր համոզմունքներն ու պատկերացումներն են վերջնական նպատակի մասին, ինչին ձգտում ենք, օրինակ` երջանկություն, իմաստություն: Գործիքային արժեքները միջնորդավորված բազային արժեքների հասնելու ճանապարհին ցանկալի վարքի մասին պատկերացումներն են: Մ.Ռոկիչի տեսության համաձայն՝ հնարավոր է առանձնացնել անձի կողմնորոշումը և սահմանել ու հստակեցնել նրա հարաբերությունները շրջապատող աշխարհի, հասարակության այլ անդամների ու ինքն իր հանդեպ [3]:

Շ.Շվարցը գտնում է, որ արժեքների հիմքում ընկած են նպատակները: Այդ պատճառով նա արժեքները խմբավորել է` ելնելով դրանց հիմքում ընկած նպատակների տեսանկյունից: Շ.Շվարցը, հիմնվելով մշակութային արժեքների չափողական մոտեցման վրա, 1990-ականներին ուսումնասիրություններ է կատարել 54 երկրներում` արդյունքում հետազոտելով 44.000 մարդու, և դուրս է բերել 10 բազային արժեք, որոնք այս կամ այն չափով արտահայտված են բոլոր մշակույթներում: Շվարցի առանձնացրած տասը բազային արժեքներն են` կոմֆորմություն, ավանդականություն, բարություն, ունիվերսալիզմ, ինքնուրույնություն, ստիմուլյացիա, գեդոնիզմ, ձեռքբերում, իշխանություն, անվտանգություն [4]:

Հաջորդ տեսության հեղինակը Ռ.Ինգլհարթն է, որը միջմշակութային հետազոտությունների իրականացման արդյունքում փաստում է, որ հասարակությունները կարելի է համեմատել ըստ հետևյալ երկու չափումների (այս չափումները դուրս են բերվել «Համաշխարհային արժեքների հետազոտության» (World Values Survey) արդյունքում).

• ավանդական և աշխարհիկ-ռացիոնալ արժեքներ. ավանդական արժեքների շարքին են դասվում կրոնը, ընտանիքը, բացարձակ ստանդարտները, սոցիալական հարմարվողականությունը և այլն: Աշխարհիկ-ռացիոնալ արժեքներն են ռացիոնալ վարքը, հաջողության ձգտումը, կրոնի ցածր դերը և այլն;

• գոյապահպանման և ինքնարտահայտման արժեքներ. գոյապահպանման արժեքներն ընդգրկում են տնտեսական և ֆիզիկական անվտանգությունը, նյութական արժեքները, այլախոհության հանդեպ անհանդուրժողականությունը, մարդու իրավունքների և ազատության ցածր մակարդակը և այլն, իսկ ինքնարտահայտման արժեքները՝ անձի, ազատության, մարդու իրավունքների, նյութական բարեկեցության, հաջողության, տնտեսական ապահովվածության, գենդերային հավասարության բարձր մակարդակը և այլն1:

Ըստ Ինգլհարթի՝ տնտեսապես չզարգացած հասարակություններում նախապատվություն են տալիս գոյապահպանման ու ապահովության արժեքներին (տնտեսական աճ, կայուն տնտեսություն, կարգուկանոնի հաստատում և այլն)։ Իսկ աշխարհիկ-ռացիոնալ և ինքնարտահայտման արժեքները համարվում են հետմատերիալիստական2, այսինքն՝ դրանք բնորոշ են նյութական արժեքների հրատապությունը հաղթահարած հասարակություններին:

Ընդհանրացնելով՝ կարելի է ասել, որ արժեքները դիտարկվում են որպես հիմնարար բարոյական և էթիկական նորմեր, որոնք միևնույն ժամանակ իրականացնում են կարգավորող և կանխատեսող ֆունկցիա և ապահովում են սոցիալական համակարգի ամբողջականությունը: Արժեքները, միմյանց հետ փոխազդեցության մեջ մտնելով, ձևավորում են մի համակարգ, որը հասարակության կազմավորման կարևորագույն տարրն է, և հենց արժեքային տարբերություններն են, որ մշակույթների ուսումնասիրման և համեմատական եզրեր տանելու գործում մեծ դեր ունեն [5]:

Միջմշակութային համեմատական հետազոտություններ. Միջմշակութային համեմատական հետազոտությունները յուրաքանչյուր հասարակությանը հնարավորություն են ընձեռում կյանքի կազմակերպման տարբեր ոլորտներում առանձնացնել սեփական յուրահատկությունները, տեսնել ընդհանրություններն ու տարբերություններն այլ հասարակությունների հետ համեմատության դիտանկյունից: Վերջին տարիներին նշանակալիորեն ավելացել են ինչպես անհատական, այնպես էլ մշակութային մակարդակում արժեքային տարբերություններին ուղղված հետազոտությունները: Նման մի քանի ուսումնասիրությունների, դրանց մեթոդաբանական որոշ հարցերի կանդրադառնանք ստորև:

Համեմատական հետազոտությունների դասակարգում։ Համեմատական հետազոտությունները կարելի է տիպաբանել հետևյալ մի քանի չափորոշիչներին համապատասխան.

ըստ համեմատության օբյեկտի, որն իր հերթին ևս բաժանվում է (միջերկրային հետազոտություններ, որտեղ հետազոտման օբյեկտն են առանձին երկրները, միջմշակութային հետազոտություններ, որտեղ հետազոտության օբյեկտ են հանդիսանում տարբեր մշակույթները և այլն);

ըստ ընդգրկման՝ համեմատվող օբյեկտների (երկրների) քանակի և ժամանակային միջակայքի (հետազոտություններ, որտեղ ընդգրկված են փոքր թվով երկրներ, տարածաշրջանային հետազոտություններ (Եվրոպա, Ասիա, ԱՊՀ), Միջազգային հետազոտություններ, օրինակ՝ Gallup World Poll, WVS, ISSP);

ըստ թեմատիկ ուղղվածության (օրինակ, ակադեմիական հետազոտություններ, որոնք ուղղված են կարևոր սոցիալական գործընթացների կամ արժեքների ուսումնասիրմանը, հասարակական կարծիքի հարցումներ և այլն) [6]։

Տեսաբանները համեմատական հետազոտությունների սկիզբը համարում են Երկրորդ աշխարհամարտին հաջորդած տարիները։ Այդօրինակ առաջին հետազոտությունն իրականացվել է 1948-1949թթ., որի նպատակն էր ուսումնասիրել պետությունների և ժողովուրդների պատկերացումները պատերազմի մասնակից դաշնակից երկրների և հակառակորդ երկրների միջև: Միջմշակութային հետազոտությունների զարգացման մեջ կարևոր էր 1962թ. իրականացված «Հասարակության դիրքորոշումները միացյալ Եվրոպայի նկատմամբ» ուսումնասիրությունը, որը հետագայում սկիզբ դրեց այժմ այդ ոլորտում հայտնի նախագծի՝ «Եվրաբարոմետրի» համար, որի առաջին ալիքն իրականացվել է 1970թ.։ Հենց 70-ական թվականներից սկսվեց համեմատական հետազոտությունների ինստիտուցիոնալացումը, հիմնվեցին տվյալների հավաքագրումը կոորդինացնող կենտրոններ։

«Եվրաբարոմետրը» (Eurobarometer) նախաձեռնվել է Եվրամիության կողմից, հիմնական նպատակն էր եվրոպական ինտեգրացիայի, եվրոպական քաղաքականության նկատմամբ բնակչության դիրքորոշումների բացահայտումը։ Սկզբնական շրջանում հետազոտության մեջ ներառված էին եվրոպական մի քանի երկրներ, սակայն աստիճանաբար դրա աշխարհագրությունը մեծացավ, և ներկայումս դրանում ընդգրկված են ԵՄ բոլոր երկրները, 2004թ. սկսած՝ Արևելյան Եվրոպայի երկրների մեծ մասը։ Հետազոտության մեթոդաբանությունը ներկայացնում է տարբեր երկրների բնակչության (15 տարեկան և բարձր) հարցումներ տնայցերի միջոցով։ Ընտրանքային համախմբությունը կազմում է մոտ 1000 հարցվող։ Տարիների ընթացքում մեթոդաբանությունը փոփոխվել է՝ քվոտային ընտրանքին3 փոխարինել է խիստ պատահական ընտրանքը, որի արդյունքում գլխավոր համախմբության յուրաքանչյուր անդամ ընտրանքի մեջ ներգրավվելու հավասար պատահական հավանականություն ունի:

Սոցիալական հետազոտությունների միջազգային ծրագիր (International Social Survey Program -ISSP). Սոցիալական հետազոտությունների միջազգային ծրագիրը նախաձեռնվել է Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ, Գերմանիայի և Ավստրալիայի հետազոտական ինստիտուտների կողմից 1985-ից։ Ընդհանուր առմամբ, ներառված է 53 երկիր։ ISSP-ն ներկայացնում է ամենամյա հետազոտություններ սոցիալական կարևոր նշանակություն ունեցող թեմաների վերաբերյալ։ Ընտրվում են թիրախային թեմաներ (կրոն, ընտանիք, կառավարության դեր, սոցիալական անհավասարություն), որոնց վերաբերյալ կազմվում է ընդհանուր հարցաշար։ Ընտրանքային համախմբությունն ամեն երկրի համար 1000 հարցվող է: Թեմաները պարբերաբար կրկնվում են։

Համաշխարհային արժեքների հետազոտություն (World Value Survey-WVS). Նախագծի առաջին ալիքն իրականացվել է 1981թ.4, Եվրոպայի արժեքների հետազոտության նախագծի շրջանակներում, ընդգրկելով Արևմտյան Եվրոպայի 9 երկիր։ Հետագայում հետազոտությունն ընդլայնեց աշխարհագրությունը, և այժմ WVS-ն արժեքների ուսումնասիրության ամենալայնածավալ հետազոտական ծրագիրն է։ Նախագծում ներառված են ավելի քան 100 երկրների (մոտ 450 000 հարցվողների) մասին տվյալներ։ Հարցումներն ամեն երկրում իրականացնում են պատասխանատու կազմակերպությունների կողմից ստանդարտացված հարցաթերթով, որն ընդգրկում է տնտեսական, քաղաքական և հասարակական կյանքին առնչվող հարցեր։ Հարցումներն իրականացվում են ազգային ներկայացուցչական ընտրանքի միրջոցով, նվազագույնը 1000 չափահաս հարցվողների շրջանում։

Ամփոփելով նշենք, որ արժեքների միջազգային համեմատական ուսումնասիրությունների արդյունքները թույլ են տալիս դուրս բերել հասարակության կոնկրետ դիմագիծը, արժեքների և սոցիալական ֆենոմենների միջև կապերը։ Պետք է ուշադրություն դարձնել նմանօրինակ հետազոտությունների հայտնի սահմանափակումներին, այդ թվում՝ խիստ ստանդարտացված գործիքը, վերջինիս միանշանակ կիրառումը, որը յուրաքանչյուր երկրում տեղայնացնելու խնդիր կարող է առաջացնել, պարզապես կարծիքների փաստարկումը՝ առանց խորքային, բովանդակային պատճառների դուրսբերման և այլն: Այնուամենայնիվ, այսպիսի հետազոտությունները կարևոր նշանակություն ունեն իրենց հարուստ ինֆորմատիվ բնույթի շնորհիվ, որը թույլ է տալիս դուրս բերել միջմշակութային տարբերակումներն ու յուրահատկությունները: Դրանց պարբերական ուսումնասիրությունները հնարավորություն են տալիս հստակ պատկերացնել այդ փոփոխությունների հետևանքները, որոշակի կանխատեսումներ անել՝ ելնելով արժեքային պատկերի փոփոխություններից և համապատասխան քաղաքականություն մշակել։ Դրանով է պայմանավորված միջմշակութային հետազոտությունների և արժեքների միջազգային համեմատական ուսումնասիրությունների նկատմամբ հետաքրքրությունը։

1 Ronald Inglehart; Chris Welzel, "The WVS Cultural Map of the World" https://web.archive.org/web/20131019112321/http://www.worldvaluessurvey.org/wvs/articles/folder_published/article_base_54

2 Հետմատերիալիզմ (Post-materialism) տերմինն առաջարկել է Ռ.Ինգլհարթը ժամանակակից հասարակության զարգացման առանձնահատկությունները բնորոշելու համար։ Իր «Խաղաղ հեղաշրջում» (1977թ.) աշխատությունում հիմք ընդունելով իրականացված հարցումների արդյունքները՝ նա եզրակացրել է, որ արևմտյան դեմոկրատական երկրներում ապահովված երիտասարդներին առավել քիչ են հետաքրքրում զուտ նյութական բնույթ կրող խնդիրները՝ եկամուտ, անվտանգություն, ավելի շատ հետաքրքրում են քաղաքացիական ազատության, էկոլոգիական խնդիրները։ Այսինքն՝ տեղի է ունենում տեղաշարժ մատերիալիստական արժեքներից (երբ կարևորվում է առաջին հերթին տնտեսական և ֆիզիակական անվտանգությունը) դեպի հետմատերիալիստական արժեքներ (երբ առաջնահերթ են դառնում ինքնարտահայտումը և կյանքի որակը)։

3 Քվոտային ընտրանքը ձևավորում է մի մոդել, որը վերարտադրում է գլխավոր համախմբության (տվյալ դեպքում՝ ողջ բնակչության) կառուցվածքը քվոտաների միջոցով (սեռ, տարիք, կրթություն և այլն); Г.В. Осипов, “Рабочая книга социолога”, М., Наука, 1979, с. 175.

4 Ընդհանուր առմամբ անց է կացվել 6 հետազոտական ալիք. 1981-1984թթ., 1990-1994թթ., 1995-1998թթ., 1999-2004թթ., 2005-2009թթ., 2010-2014թթ.: 7-րդ ալիքը նախատեսված է 2017թ.։

Աղբյուրներ և գրականություն

1. Հակոբյան Լ.Ա, Հայաստանը «Արժեքների համաշխարհային հետազոտության» արդյունքներում», «Նորավանք» ԳՀԿ, «Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 6, 2014։

2. Леонтьев Д.А., От социальных ценностей к личностным: социогенез и феноменология ценностной регуляции деятельности (статья первая) // Вестник Моск. ун-та. Сер. 14. Психология, 1996, N 4.

3. Rokeach M., The Nature of Human Values, New York, The Free. Press, 1973.

4. Schwartz S.H, Value orientations: Measurement, antecedents and consequences across nations/ In: R. Jowell, C. Roberts et al (Eds.). Measuring attitudes crossnationally: lessons from the ESS. London: Sage, 2006.

5. Елишев С.О., Изучение понятий «ценность», «ценностные ориентации» в междисциплинарном аспекте Ценности и смыслы, № 2 (11), 2011.

6. Андреенкова А.В., Межстрановые сравнительные исследования в социальных науках: методология, этапы развития, современное состояние, Мир России. Социология. Этнология, Выпуск № 3, том 20, 2011.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր