Եվրոպական սահմանադրության հանրաքվեն և Թուրքիայի խնդիրը
Մայիսի 29-ին ֆրանսիացիները դեմ արտահայտվեցին եվրոպական ընդհանուր պետության այն նախագծին, որը չորս դժվար տարիների ընթացքում վերջապես ընդունվել էր որպես հիմք` առաջ շարժվելու համար: Մեկնաբանների կարծիքով, այս քվեարկության արդյունքի հիմքում ընկած էր ֆրանսիացիների ցանկությունը` ավելի ազատ լինել իրենց երկրի ներքին և արտաքին քաղաքականության հարցերը որոշելիս:
Նշվում է ևս մեկ կարևոր պատճառ, այն է` եվրոպական սահմանադրությունը շատ ավելի դյուրին է դարձնում Եվրոպական Միությանն անդամակցել ցանկացող պետությունների ընդունման գործընթացը: Հատկապես այս իրողության դեմ արտահայտվողները կարգախոս էին դարձրել Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ’Էստենի արտահայտած միտքը, թե «Թուրքիայի մուտքը ԵՄ կնշանակի Եվրոպայի վերջը», քանի որ «Թուրքիայի մշակույթն այլ է, մոտեցումները տարբեր են, ապրելակերպը տարբեր է. նրա մայրաքաղաքը Եվրոպայում չէ, բնակչության 95%-ն ապրում է Եվրոպայի սահմաններից դուրս»:
Ընդդիմադիրները հրապարակում էին վիճակագրական տվյալներ, համաձայն որոնց 2015թ., երբ Թուրքիան դառնա ԵՄ անդամ, նրա բնակչությունը կլինի մոտ 80-82 մլն, ինչը կնշանակի, որ այդ երկիրը Եվրամիության ամենամեծ պետությունն է, ուստի կարող է հավակնել առաջատար, որոշիչ դեր կատարելու:
Այս ամենը, անշուշտ, կարևոր էր Ֆրանսիայի այն քաղաքացիների համար, ովքեր մայիսի 29-ին «դեմ» քվեարկեցին սահմանադրությանը (ըստ ֆրանսիական վերլուծաբանների, բացասական վերաբերմունք դրսևորողների մեծ մասը պատկանում է վատ ապահովված և թերի կրթություն ունեցող սոցիալական խմբերին. մասնավորապես` դեմ են արտահայտվել գյուղատնտեսության մեջ զբաղված բանվորները և ֆերմերները):
Սակայն ժամանակակից համաշխարհային քաղաքականության էությունը հուշում է, որ այս հանրաքվեն չափազանց կարևոր նշանակություն ուներ ոչ միայն եվրոպացիների, հատկապես` ֆրանսիացիների, այլ նաև աշխարհի միակ գերտերության` Ամերիկայի Միացյալ Նահանգների համար:
Աշխարհաքաղաքականության հիմնադիրներից մեկի` Հ. Մաք Քինդերի հայտնի աֆորիզմը, որն ընկալվում է որպես ապացույց չպահանջող դրույթ, ասում է.
«Ով տիրում է Արևելյան Եվրոպայում, նրան պատկանում է երկրի սիրտը (կամ` «միջնամասը» /heartland/- Դ.Հ.),
Ով իշխում է երկրի սրտում, իշխում է Համաշխարհային կղզում (Եվրասիա - Դ.Հ.),
Ով իշխում է Համաշխարհային կղզում, նա տիրում է աշխարհում»:
Իսկ ահա մի հատված գեոստրատեգիական վերլուծությունների վարպետ Զ.Բժեզինսկու «Մեծ շախմատային խաղատախտակ» աշխատությունից. «...եթե Միջնամասը հետ մղի Արևմուտքին, վերածվի ակտիվ միասնական միավորի և կամ հսկողության տակ վերցնի Հարավը կամ էլ որևէ խոշոր արևմտյան տերության հետ միություն ձևավորի, ապա ամերիկյան գերիշխանությունը Եվրասիայում լրջորեն կսահմանափակվի: Նույնը տեղի կունենա, եթե որևէ կերպ հնարավոր լինի երկու խոշոր արևելյան խաղացողների միավորումը: Վերջապես, եթե արևմտյան գործընկերները քշեն Ամերիկային արևմտյան հեռամասի իր թուխսից, ապա դա ինքնըստինքյան կնշանակի եվրասիական շախմատային խաղատախտակի վրա ծավալվող խաղին Ամերիկայի մասնակցության ավարտը…»:
Զ.Բժեզինսկու այս ձևակերպումն ընկած է ներկայիս (և կանխատեսելի ապագայի) ամերիկյան քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկի հիմքում. սկզբունքն ակներև է` թույլ չտալ, որպեսզի վերը նկարագրվածը տեղի ունենա:
Դրա համար, նախ, պետք է, որպեսզի Եվրոպական Միությունը շարունակի մնալ եվրաատլանտյան անվտանգության համակարգի առանցքային մաս, ինչը հարցականի տակ էր դրվում միասնական եվրոպական պետության ստեղծմամբ, որը որպես պետական համակարգ պետք է ստիպված լիներ ձևավորել իր` արդեն բացառապես եվրոպական անվտանգության համակարգը:
Եթե համեմատելու լինենք եվրոպական և ամերիկյան տնտեսական հզորությունները, ապա պարզ է դառնում, որ ԵՄ-ը գրեթե բոլոր չափանիշներով գերազանցում է ԱՄՆ-ին: Միացյալ Նահանգները, ի տարբերություն ԵՄ-ի, կենտրոնացրել է աննախադեպ ռազմական հզորություն և նորագույն բարձր տեխնոլոգիաներ արտադրելու առավել մեծ հնարավորություններ: Ըստ այդմ, հասկանալի են ամերիկյան ֆինանսական քաղաքականության հիմնավորումները. ծանրացնելով եվրոն` հարված հասցնել եվրոպական արտահանող արդյունաբերությանը (հիշեցնենք, որ Եվրոպան արտահանում է տարեկան $2450 մլրդ, իսկ ԱՄՆ-ը` $694 մլրդ ապրանք), չնայած նրան, որ նման ֆինանսական քաղաքականությունը վատ հետևանքներ ունեցավ նաև ամերիկյան շուկաների և տնտեսական ընդհանուր իրավիճակի համար:
Սակայն իրական մրցակցությունը ծավալվում է ածխաջրածնային պաշարների ոլորտում, քանի որ թե՛ ամերիկյան և թե՛ եվրոպական տնտեսությունները կարող են շարունակել դինամիկ կերպով զարգանալ միայն այն դեպքում, եթե վստահաբար ապահովված են էներգետիկ ռեսուրսներով:
Եվ նորից առաջին պլան է մղվում ենթակառուցվածքային հանգույցների վրա հսկողություն հաստատելու համար պայքարը:
Միացյալ Նահանգները, թափանցելով սառը պատերազմի ավարտից հետո գոյացած բոլոր դատարկ տարածությունները, իրենով է լցնում դրանք` ռազմականորեն ապահովելով սեփական շահերը երկրագնդի տարբեր ծայրերում: Բացի այդ, հայտարարելով «համաշխարհային քաղաքական դաշտի համասեռության սկզբունքը»` որպես Նոր աշխարհակարգի հիմնաքար և կոնֆլիկտներից ու պատերազմներից խուսափելու միակ միջոց, նախագահ Բուշի վարչակազմը խրախուսում է տարբեր երկրներում բոլոր այն կարգի փոփոխությունները, որոնք ուղղված են նշված նպատակին:
Առանցքային դեր է հատկացվում Մեծ Միջին Արևելք ծրագրին, որի իրականացումը թույլ կտա այլևս չանհանգստանալ ենթակառուցվածքային հանգույցների վերահսկման համար:
Միացյալ Եվրոպան հակադրել է այս ծրագրին «Նոր հարևաններ» նախագիծը, որի շնորհիվ ԵՄ-ը պետք է ֆիզիկապես մոտենա ենթակառուցվածքային հանգույցներին, զուգահեռաբար լուծելով մի քանի այլ հարցեր ևս, հատկապես` դեպի Եվրոպա ուղղված միգրացիոն հոսքերի կարգավորման խնդիրը1: Նոր սահմանադրության ընդունումն արդեն ներկայումս հնարավորություն կտար եվրոպացիներին ավելի նպատակամղված և ակտիվ կերպով իրականացնել իրենց այլընտրանքային ծրագիրը:
Այս տեսակետից լիովին հասկանալի են դառնում Ֆրանսիայում տեղի ունեցած հանրաքվեի բացասական արդյունքները հրապարակելուց անմիջապես հետո ամերիկյան գործիչների հնչեցրած մտքերն այն մասին, թե ինչպիսին պետք է լինի հատկապես Թուրքիայի ապագա կեցվածքը գլոբալ աշխարհում, որն ակնհայտորեն ենթադրվում է իբրև միաբևեռ:
Նախ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռոբերտ Զելիկը, ս.թ. հունիսի 7-ին ելույթ ունենալով Թուրք-ամերիկյան խորհրդի տարեկան հանդիպման ընթացքում, հայտարարելով, որ Միացյալ Նահանգները շարունակելու է օժանդակել Անկարային ԵՄ-ի մեջ ընդգրկվելու հարցում, կոչ արեց Թուրքիային «Եվրամիություն մուտք գործելուց հեռու նայել և ավելի գլոբալ հեռանկար ունենալ»:
Նա շարունակել է` ասելով, որ, անշուշտ, Եվրամիությունը «չափազանց կարևոր է Թուրքիայի ապագայի համար, սակայն նույնքան կարևոր են ընդլայնված Միջին Արևելքի երկրները», ուստի Անկարան պետք է գիտակցի, որ տնտեսական առումով շատ կարևոր է «ընդունել, որ ինքը գործելու է ավելի գլոբալ միջավայրում»:
Ռ.Զելիկն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ որպես Թուրքիայի գործընկեր և նշել է թուրք-ամերիկյան համագործակցության երեք կարևորագույն ոլորտներ. «ժողովրդավարացման գործընթացներ ընդլայնված Միջին Արևելքում, Իրաքի վերակառուցում և զարգացումներ ընդլայնված եվրասիական տարածաշրջանում»:
Դժվար է ԱՄՆ պետքարտուղարի այս բառերն ընկալել միայն որպես սփոփանք` ուղղված թուրքական հասարակությանը, որն, անկասկած, հիասթափված է Ֆրանսիայի, Հոլանդիայի և մի շարք այլ եվրոպական երկրների այսպիսի մոտեցումից: Ռ.Զելիկն առաջարկում է Թուրքիային, իր պետության տեսակետից, շատ ավելի լայն` «360 աստիճան ունեցող հեռանկար»:
Հռչակավոր Ս.Հանտինգտոնը, ելույթ ունենալով Ստամբուլում ս.թ. հունիսի սկզբին կայացած մի գիտաժողովում, նշում է, որ եվրոպացիների կարծիքով` Թուրքիան եվրոպական երկիր չէ, ուստի «այնքան ժամանակ, քանի դեռ նման տեսակետները կմնան լայնորեն տարածված եվրոպական էլիտաների շրջանակներում, Թուրքիայի` Եվրամիության անդամությունը կշարունակի մնալ անհնար: Եվրոպացիներն իրենց տեսնում են այնպիսի վիճակում, որ չեն կարող ասել Թուրքիային «ոչ», բայց նրանք նաև չեն կարող ասել «այո»: Ուստի նրանք կշարունակեն հետաձգումների քաղաքականությունը»:
Ս.Հանտինգտոնը բնորոշում է ժամանակակից համաշխարհային քաղաքական համակարգը` որպես «միա-բազմաբևեռ», որտեղ ԱՄՆ-ը միաբևեռությունն է արտահայտում, իսկ այն դեպքերում, երբ մեծ տերությունները, համագործակցելով միմյանց հետ, կարողանում են սահմանափակել միաբևեռության դրսևորումները, աշխատում է բազմաբևեռության սկզբունքը: Ըստ նրա, Թուրքիան, ունենալով շահեր Միջին Արևելքում, Բալկաններում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում, այդ տարածաշրջաններից ոչ մեկում էլ չի կարող հավակնել առաջատար տարածաշրջանային ուժի դերին, ուստի այն ունի միայն մեկ իրական հնարավորություն. սպասարկելով ԱՄՆ շահերը` համագործակցել վերջինիս հետ և դրանով իսկ ընդլայնել ազդեցության գոտիները և կարևորել իր դերը: Հանտինգտոնը նշում է, որ Թուրքիան ապրում է շատ վտանգավոր հարևանության պայմաններում, քանի որ իր տարածքի մոտակայքում գտնվող հինգ երկրներ կամ արդեն իսկ ունեն միջուկային զենք (Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան,Պակիստան), կամ շատ շուտով կունենան այն (Իրան): Այդ իսկ պատճառով Թուրքիան պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի իր ազգային անվտանգության խնդիրների վրա, ինչը հնարավոր է միայն ԱՄՆ օգնությամբ:
Հանտինգտոնը նշում է ևս երկու հնարավորություն. Թուրքիան, ի վերջո, դառնում է ԵՄ անդամ, սակայն դրա համար Եվրոպան ինքը պետք է փոխվի, և, վերջապես, Թուրքիան, հրաժարվելով Աթաթուրքի աշխարհիկության սկզբունքից, պետք է դառնա իսլամական աշխարհի առաջնորդ և տանի այն արևմտյան ժողովրդավարության ճանապարհով: Այս վերջին հնարավորությունը կապված է նաև ՄԱԿ ապագա Անվտանգության խորհրդում իսլամական աշխարհը ներկայացնելուն հավակնելու հետ (ինչը նույնպես ենթադրում է Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ համագործակցություն):
Երկու ամերիկյան գործիչների արտահայտած տեսակետները հստակորեն վկայում են, թե չնայած նրան, որ Միացյալ Նահանգներն անցած տարիների ընթացքում ջանք չխնայեց, որպեսզի օգնի Թուրքիային` իբրև «տրոյական ձի» մտնել ԵՄ, սակայն Եվրամիության վերջին երկու տարիների ակտիվ արտաքին քաղաքականությունը, եվրոյի կողմից ֆինանսական շուկաներում դոլարի նկատմամբ բավական ագրեսիվ պահվածքը, ինչպես նաև եվրոպացիների` հանրաքվեներում արտահայտած վերաբերմունքը ստիպել են Վաշինգտոնին վերագնահատել իր քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ, ինչն իր վառ դրսևորումը ստացավ Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղի բացման ժամանակ, որտեղ Թուրքիան անվանվեց այդ ենթակառուցվածքի հիմնական պրովայդեր:
Մինչ վերջին իրադարձությունները, թուրքական կառավարությունը ձգտում էր իրականացնել իր` դեպի ԵՄ ուղղված և դրանով` ամերիկյան ազդեցությանը շոշափելիորեն հակադրվող քաղաքականությունը, որն արտահայտվեց նաև հայ-թուրքական հարաբերությունների ձևաչափում. Թուրքիան, դիմադրելով Միացյալ Նահանգների ճնշմանը, նորանոր պատճառներ էր գտնում Հայաստանի հետ հարաբերությունները չկարգավորելու համար:
Եթե Ռ.Զելիկի կամ Ս.Հանտինգտոնի առաջարկած հնարավորությունների տրամաբանությունը թուրքական էլիտաների կողմից ընդունվի, ապա, ամենայն հավանականությամբ, դա կնշանակի Թուրքիայի քաղաքական դերի ակտիվացում «Մեծ Միջին Արևելք» ծրագրի շրջանակներում: Դա նաև կնշանակի, որ Թուրքիան ավելի ակտիվորեն կընդգրկվի Իրաքում տեղի ունեցող իրադարձություններում, Միջին Ասիայում, Հարավային և Հյուսիսային Կովկասում:
«Հանրապետական», թիվ 6, 2005թ.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՇԽԱՐՀ` ԱՌԱՆՑ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՆԿԱՐԳՈՒԹՅԱՆ[10.03.2008]
- 2007-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[11.02.2008]
- ԿՈՍՈՎՈՅԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[10.01.2008]
- ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ[26.11.2007]
- ԱՄՆ–ԻՐԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ[12.11.2007]
- ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ[27.09.2007]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ[03.09.2007]
- «ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԻ» ՀԱՆԴԻՊՈՒՄԸ. ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ[02.07.2007]
- ԱՄՆ միջինարևելյան քաղաքականության նոր երանգներ[31.05.2007]
- «Երեք ծովերի համակարգ» նախագծի շուրջ[26.04.2007]
- Հարավային Կովկասի ինտեգրման հեռանկարների շուրջ[22.03.2007]