«Երեք ծովերի համակարգ» նախագծի շուրջ

Մի շարք սեւծովյան պետությունների ՆԱՏՕ-ի մեջ ընդգրկումով ամբողջովին փոխվեց այս տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը: Սեւ ծովի ավազանի վրա հսկողության հաստատումը ամերիկյան ռազմավարության կարեւորագույն ծրագրերից մեկն է, քանի որ եվրաատլանտյան, այսինքն` հիմնականում ամերիկյան ներկայությունն այստեղ, որը միաժամանակ համապատասխանում է եվրոպական երկրների շահերին, թույլ է տալիս անցնել, այսպես կոչված, «Երեք ծովերի համակարգ» (Միջերկրական, Սեւ եւ Կասպից) նախագծի իրականացման հաջորդ փուլին: Երկրորդ փուլի բովանդակությունն ուղղակիորեն կախված է առաջին փուլի խնդրի` ռազմաքաղաքական գերակայության ապահովման հաջող իրականացումից եւ որպես նպատակ ունի երեք ծովերն իրար հետ միացնող ենթակառուցվածքներ ստեղծելը: Ենթակառուցվածքների տեսակների մեջ առաջնայնությունը, բնականաբար, տրվում է նավթամուղային, գազամուղային եւ էներգետիկ տիպին պատկանող տրանսպորտային այլ համակարգերին, որոնց հիմնական նպատակն է ապահովել Կասպիական ավազանի երկրների ածխաջրածնային վառելանյութի պաշարների տեղափոխումը եվրոպական պետություններ:
Անշուշտ, ծրագրի հիմնական նպատակն այն է, որ Միացյալ Նահանգների դաշնակից Եվրամիության մեջ մտնող պետություններն այս ենթակառուցվածքների շնորհիվ կարողանան ապահովել իրենց տնտեսությունների դինամիկ զարգացումը, ինչը թույլ կտա որոշ չափով խուսափել ռուսական էներգետիկ գործոնի ազդեցությունից:
Մյուս կողմից, էներգակիրների հոսքերն ուղղելով դեպի Եվրոպա` հնարավորություն է ստեղծվում սահմանափակել Չինաստանին դրանց մատակարարման ծավալները, ինչը կարող է հետագայում շատ բարդ խնդիրներ ստեղծել այս պետության արագ զարգացող տնտեսության համար, որը դեռեւս բավականաչափ չի մոդեռնացվել, ուստի հիմնականում շատ էներգատար է: Հիշեցնենք, որ Չինաստանի միայն նավթի պահանջը տարեկան աճում է մոտավորապես 20%-ով:
Հարկ է ավելացնել, որ «Երեք ծովերի համակարգ» նախագիծը նոր իմաստ է հաղորդում ՆԱՏՕ-ին` այս կազմակերպությունը ստանձնում է նախատեսված ենթակառուցվածքների անվտանգ եւ անխափան աշխատանքի հիմնական պարտավորությունը, ինչը չափազանց տրամաբանական է դարձնում ՆԱՏՕ-ի ընդլայնման ծրագրերը:
Սակայն այս գլոբալ նախագծի իրականացման հարթության մեջ դեռեւս կան լուրջ հիմնահարցեր: Վաշինգտոնի գլոբալ աշխարհաքաղաքական նախագծերին բնորոշ միտումների տեսակետից դրանք կապված են, նախեւառաջ, Սեւ եւ Կասպից ծովերի ավազաններում Միացյալ Նահանգների (եւ ոչ թե ՆԱՏՕ-ի) միանձնյա ռազմաքաղաքական տիրապետության ապահովման հետ:
Սառը պատերազմի ժամանակաշրջանում Սեւ ծովը հանդիսանում էր խորհրդային գերիշխանության գոտի, որը, սակայն, ավարտվում էր սեւծովյան նեղուցների մոտակայքում, այսինքն` այնտեղ, որտեղ սկսվում էր ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ծովային տարածքը: Սակայն Խորհրդային Միության եւ նրա դաշնակից երկրների ռազմածովային առավելությունն այստեղ ակնհայտ էր, ինչն էլ ապահովում էր Տնտեսական փոխօգնության խորհրդի քաղաքական եւ տնտեսական շահերը: Ներկայումս Ռումինիայի եւ Բուլղարիայի` ՆԱՏՕ-ին անդամության եւ արդեն 2009թ. սպասվող Ուկրաինայի եւ Վրաստանի` այդ կազմակերպության անդամ դառնալու շատ իրական հնարավորության պայմաններում Ռուսաստանը զգալիորեն կորցրել է այս տարածաշրջանում իր ազդեցության լծակները:
Սեւ ծովում տեղակայված ՌԴ ռազմածովային ուժերն իրենց ռազմական պոտենցիալով չորս անգամ զիջում են Թուրքիայի ռազմածովային ուժերին (ՌԴ Սեւծովյան նավատորմ` մոտ 18 հազար զինծառայող, 46 ռազմական նավ` ներառյալ 8 սուզանավ, թուրքական նավատորմ` 60 հազար զինծառայող, 121 ռազմական նավ` ներառյալ 29 սուզանավ): Հարկ է ավելացնել, որ Ռուսաստանը դեռեւս չի կարողացել ստեղծել Սեւաստոպոլի ռազմական խարիսխը փոխարինող այլընտրանքային տարբերակ: Բացի այդ, այս պետության հսկողության տակ է գտնվում ծովեզրի աննշան մասը:
Սակայն ամենահզոր սեւծովյան ռազմական տերություն Թուրքիան նույնպես լուրջ հիմնախնդիրների առջեւ է կանգնած: Առաջին հայացքից կարող է թվալ, թե հատկապես այս տարածաշրջանում Անկարան որեւէ խնդիր չունի. Սեւ ծովը դարձել է ՆԱՏՕ-ի գրեթե ճնշող ազդեցության գոտի, որում Թուրքիայի դերը շատ մեծ է1:
Արդեն իսկ աշխատում է «Բլյու ստրիմ» գազամուղը, որը Սեւ ծովի հատակով ռուսական գազահորերը կապում է Թուրքիայի հետ եւ ապահովում օրական առնվազն 27 մլն խմ գազ: Սակայն վերջերս, երբ Իրանը նվազեցրեց Թուրքիային մատակարարվող գազի ծավալները, գազամուղի հնարավորությունները թույլ տվեցին ավելացնել ռուսական գազի մատակարարման ծավալները օրական մինչեւ 34 մլն խմ, ինչը թույլ տվեց փակել առաջացած պակասը եւ շարունակել էլեկտրական էներգիայի անխափան մատակարարումը:
Բացի այդ, բոլորովին վերջերս Ռումինիայի, Սերբիայի, Խորվաթիայի, Սլովենիայի եւ Իտալիայի ներկայացուցիչները Եվրամիության էներգետիկ հարցերով լիազոր Անդրիս Պիլբերգի մասնակցությամբ ստորագրեցին պայմանագիր, ըստ որի` նախատեսվում է այս պետությունների տարածքներով անցնող նավթամուղի կառուցում ռումինական Կոնստանցա նավահանգստից մինչեւ իտալական Տրիեստ: Այս նախագիծը ներկայացնում է Եվրամիության էներգետիկ ռազմավարության իրականացման հերթական փուլը, որի նպատակն է` կրճատել եվրոպական տնտեսության կախյալությունը ռուսական էներգակիրների մատակարարումներից: Նավթը լցանավերով Կոնստանցա բերվելու է թուրքական Ջեյհան նավահանգստից, որը, ինչպես հայտնի է, Բաքու– Թբիլիսի–Ջեյհան նավթամուղի վերջին կետն է: Այսպիսով, Թուրքիայի դերը որպես կարեւոր տարանցման պետություն, էլ ավելի աճելու է:
Ռուսաստանը փորձում է համարժեք պատասխաններ գտնել` զարգացնելով իրեն պատկանող կամ իր ազդեցության տակ գտնվող ենթակառուցվածքների ստեղծման ծրագրեր: 2007թ. փետրվարի 7-ին Ռուսաստանի, Հունաստանի եւ Բուլղարիայի ներկայացուցիչները ստորագրել են Բուրգաս-Ալեքսանդրոպոլիս նավթամուղի կառուցման մասին պայմանագիրը, որը հնարավորություն կտա ռուսական նավթը սեւծովյան բուլղարական Բուրգաս նավահանգստից տեղափոխել Էգեյան ծովի ափին գտնվող հունական Ալեքսանդրոպոլիս նավահանգիստ, ինչը թույլ կտա մատակարարել Հարավային Եվրոպայի երկրներին ռուսական նավթը` շրջանցելով նեղուցները:
Սույն թվի մարտ ամսին Աստանայում, Բաքվում, Աշգաբադում, Թբիլիսիում տեղի ունեցան տարբեր փակ հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել է կասպիական էներգետիկ միջանցքի ծրագիրը, որի հիմնական նպատակն է` միացնել միջինասիական խողովակաշարերն ադրբեջանականի հետ եւ Վրաստանի վրայով կասպիական նավթն ու գազը տեղափոխել Թուրքիա եւ այնտեղից` Եվրոպա:
Սակայն թուրք-ամերիկյան գնալով ավելի սուր բնույթ ստացող հակասությունները հարցականի տակ են դնում այս վաղուց արդեն քննարկվող նախագծի իրականացումը նկարագրված եղանակով: Հակասություններն իրականում շատ լուրջ են եւ կապված են տարբեր հիմնախնդիրների հետ` քրդական հարց եւ Թուրքիայի` իրաքյան Քուրդիստանում հատուկ դերակատարություն ունենալու հավակնությունները, Անկարայի ընդդիմանալը Միացյալ Նահանգների` Սեւ ծովում ռազմական ներկայություն ունենալու մտադրությանը, ռուս-թուրքական հարաբերությունների նկատելի ջերմացումը (ընդհուպ մինչեւ համատեղ ռազմածովային զինավարժություններ Սեւ ծովում), թուրքական խուսափողական քաղաքականությունն Իրանի հարցում, հայ-թուրքական փակ սահմանը. մի խոսքով, Անկարայի բոլոր այն ծրագրերը, որոնք ընդգծում են ինքնուրույն եւ Միացյալ Նահանգներից առանձին քաղաքականություն վարելու վերջինիս ձգտումը, ինչն օբյեկտիվորեն հակասում է ամերիկյան շահերին, առաջացնում է Վաշինգտոնի անվստահությունն իր դաշնակցի նկատմամբ եւ ստիպում փոխել արդեն իսկ կայացրած որոշումները:
Սա է պատճառը, որ Միացյալ Նահանգները վերջերս առաջ են քաշել երկու նոր ծրագիր:
Առաջինը միտված է Սեւ ծովում ամերիկյան ռազմածովային խարիսխ տեղադրելու համար այլ գործընկեր որոնելուն: Ինչպես հայտնի է դառնում սեղմ պաշտոնական հաղորդագրություններից, այս հարցի վերաբերյալ բանակցություններ են ընթանում ոչ միայն սեւծովյան ՆԱՏՕ-ի անդամ երկրների, այլ նաեւ Վրաստանի հետ:
Երկրորդ ծրագիրը էներգետիկ բնույթ ունի եւ նախատեսում է նոր խողովակաշար (դեռեւս հստակ չէ անվանումը` GUEU, թե՞ GREU. դա պարզ կլինի, երբ հստակեցվի այն հարցը, թե որ երկրի վրայով է Վրաստանից ածխաջրածնային հումքը հասցվելու Եվրամիություն` Ռումինիայի՞, թե՞ Ուկրաինայի: Համաձայն վերջին տվյալների, ամենայն հավանականությամբ, որպես հաջորդ տարանցման երկիր կընտրվի Ռումինիան):
Այս ծրագրի հրապարակումն առաջացրել է Անկարայի դժգոհությունը, քանի որ հարցականի տակ է դնում NABUCCO անվամբ հայտնի հսկայական գազամուղի իրականացումը (այս գազամուղը միջինասիական եւ ադրբեջանական գազը Թուրքիայի վրայով պետք է տեղափոխի Եվրամիության երկրներ): Ի պատասխան այս սպառնալիքի` Թուրքիան նորից վերակենդանացրեց «Բլյու ստրիմի» շահագործման հանձնման արարողության ժամանակ բարձրաձայնած այն գաղափարը, որ այս գազամուղը կարող է շարունակվել Միջերկրականի հատակով մինչեւ Հունաստան եւ Իտալիա, իսկ սեւծովյան խողովակաշարից մի ճյուղավորում կարող է գազ մատակարարել Բուլղարիային եւ վերջինիս հարեւանությամբ գտնվող մյուս երկրներին: Այս գաղափարն արագ արձագանք է գտել Հունգարիայում, որը նույնպես ձգտում է դիվերսիֆիկացնել իր էներգակիրների մատակարարման աղբյուրները:
Կարելի է նկատել, որ շուկա նետվող այս անվերջ ծրագրերի մրցակցությունն ինչպիսի լուրջ շահերի դրսեւորում է, եւ նման ծրագրերի իրականացման համար որքան խոչընդոտներ է պետք հաղթահարել:
Սակայն մի բան արդեն հստակ է` «Երեք ծովերի համակարգ» գերնախագիծն աստիճանաբար միս ու արյուն է ստանում: Սեւ ծովում Միացյալ Նահանգների հաստատվելուց հետո կանխատեսելի է տարածաշրջանի քաղաքական քարտեզի հետագա փոփոխությունը, որն այս կամ այն չափով կփոխի ուժերի հարաբերակցությունը երկրագնդի այս մասում, կնվազեցնի տարածաշրջանային տերությունների դերը եւ, վերջապես, անմիջականորեն կազդի Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին իրավիճակի վրա:
1 Փորձագետները նշում են, որ վերջին տարիներին թուրքական կառավարությունը հետեւողականորեն խստացնում է սեւծովյան նեղուցներով լցանավերի անցման կանոնները: 200 մետրից ավելի երկայնք ունեցող նավերը կարող են անցնել միայն ցերեկը, ընդ որում, այդ տիպի նավերի համար իրականացվում է միայն միակողմանի շարժում: Ծովային երթեւեկությունը մեծ թվով նավերի կուտակման պատճառով դարձել է վտանգավոր: Այս ամենի հետեւանքով տրանսպորտային ընկերությունները մեծ կորուստներ են կրում, որոնց հետեւանքով բեռների տեղափոխման գներն աճում են, ինչն, իր հերթին, ազդում է ռուսական սեւծովյան նավահանգիստներ Նովոռոսիյսկի եւ Տուապսեի արդյունավետության վրա: Դրանց գործունեությունը ստիպված սահմանափակվում է Սեւ ծովի ակվատորիայով:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՇԽԱՐՀ` ԱՌԱՆՑ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՆԿԱՐԳՈՒԹՅԱՆ[10.03.2008]
- 2007-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[11.02.2008]
- ԿՈՍՈՎՈՅԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[10.01.2008]
- ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ[26.11.2007]
- ԱՄՆ–ԻՐԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ[12.11.2007]
- ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ[27.09.2007]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ[03.09.2007]
- «ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԻ» ՀԱՆԴԻՊՈՒՄԸ. ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ[02.07.2007]
- ԱՄՆ միջինարևելյան քաղաքականության նոր երանգներ[31.05.2007]
- Հարավային Կովկասի ինտեգրման հեռանկարների շուրջ[22.03.2007]