• am
  • ru
  • en
Версия для печати
27.09.2007

ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ

   

Դավիթ Հովհաննիսյան

image (medium) Միխայիլ Ֆրադկովի կառավարությունը պաշտոնաթող եղավ: Սովորաբար երկրի վարչապետին իր պարտականությունների կատարումից ազատում են այն դեպքում, երբ երկրում կուտակվում են չլուծված տնտեսական եւ սոցիալական պրոբլեմներ, ընդդիմությունը գլուխ է բարձրացնում, պետության նախագահի վարկանիշը կտրուկ ընկնում է եւ այլն:

Դատելով ռուսաստանյան վիճակագրության թվերից` այստեղ վիճակը ճիշտ հակառակն է` տնտեսությունը զարգանում է, իրականացվում են լուրջ մեծածավալ եւ թանկարժեք սոցիալական ծրագրեր, նախագահ Պուտինի վարկանիշը չափազանց բարձր է, ընդդիմությունը գրեթե անէացել է:

Ե՛վ արեւմտյան, ե՛ւ ռուսաստանյան վերլուծաբանները միասնական են իրենց կարծիքներում. այս քայլը կապված է առաջիկա նախագահական ընտրությունների, ավելի ճիշտ` այն խնդրի հետ, թե, վերջապես, ով է փոխարինելու նախագահ Պուտինին իր պաշտոնում:

Մ.Ֆրադկովը, որին շատ դիպուկ անվանել էին «տեխնիկական վարչապետ», զբաղեցնում էր մի պաշտոն, որին տիրելը հաջողության հասնելու լուրջ հնարավորություններ է տալիս նախագահի աթոռի համար պայքարում: Սակայն սեփական քաղաքական հավակնություններ չունեցող վարչապետն այս պարագայում ոչ միայն «իզուր տեղը» զբաղեցնում էր այս կարեւոր դիրքը, որին հասանելի են բազմաթիվ ազդեցության լծակներ, այլ նաեւ դառնում էր քաղաքական անկայունության գործոն` սադրելով իր ենթակայության տակ գտնվող, սակայն նախագահական հավակնություններ ունեցող բարձրաստիճան պաշտոնյաներին` պայքարել այդ լծակներին տիրելու համար: Այս վերջին հանգամանքը ոչ միայն քայքայում է կառավարության աշխատանքը, խոչընդոտում վերջինիս գործունեությունը, այլեւ սրում է ներքաղաքական, այս դեպքում` ներապարատային պայքարը:

Այս ամենին ավելացավ նախագահ Պուտինի դժգոհությունն իր մերձավորներից մեկի` հզոր պետական «Ռոսօբորոնէքսպորտ» կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովի` «Ռոստեխնոլոգիի» պետական կորպորացիա ստեղծելու նախագծի հանդեպ վարչապետ Ֆրադկովի բացասական կեցվածքից:

Սպասվում էր, որ վարչապետի պաշտոնը կստանձնի փոխվարչապետ Սերգեյ Իվանովը, ինչը, փաստորեն, կնշանակեր, որ Վ.Պուտինը հայտարարում է այն մարդու անունը, որը փոխարինելու է իրեն պետության ղեկավարի պաշտոնում: Սակայն այստեղ ռուսական պետականության բյուզանդական ավանդույթները նորից իրենց մասին բարձրաձայնեցին. Վ.Պուտինն այս պաշտոնում հաստատելու համար Պետական դումային առաջարկեց մի չինովնիկի անուն, որը շատ քչերն էին լսել եւ որն ավելի շատ հայտնի էր որպես պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի աներ:

Վիկտոր Զուբկովը 1992թ. աշխատել է Վ.Պուտինի հետ որպես վերջինիս տեղակալ Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանում ընդհանուր սոբչակյան թիմի մեջ: 66 տարեկան է, ինչը որոշակի տեսանկյունից լուրջ առավելություն է: Նրա անունը վերջին շրջանում մի քանի անգամ շոշափվել է շնորհիվ այն հանգամանքի, որ Զուբկովի ղեկավարած կազմակերպության ջանքերի շնորհիվ Ռուսաստանի անունը հանվել է ՖԱՏՖ-ի /փողերի լվացման դեմ պայքարող միջազգային կազմակերպություն/ «սեւ ցուցակից», որից հետո այս երկիրը դարձել է ՖԱՏՖ-ի անդամ:

Այս նշանակման կապակցությամբ արդեն իսկ առկա են բազմաթիվ վարկածներ, որոնց ելակետային ընդհանուր դրույթն այն է, որ Վ.Պուտինը փորձում է այնպիսի քայլեր կատարել, որոնք կերաշխավորեն իշխանությունն իր ձեռքում պահելուն: Թե ինչպիսին կլինեն նրա հետագա քայլերն այս ուղղությամբ, մեկնաբանները ոչ միայն տարակարծիք են, այլ նաեւ դրսեւորում են գերազանց երեւակայություն:

Սակայն այս ամենն իրականում հետաքրքիր չէր լինի, եթե չլիներ մի չափազանց սկզբունքային հիմնախնդիր: Նմանօրինակ վարքագիծը ցույց է տալիս, որ Ռուսաստանում գործող վարչահամակարգը չափազանց փխրուն է, դիրքերը` անկայուն, միջոցների եւ ռեսուրսների բաժանման գործընթացը չի ավարտվել, ինչը ստեղծում է հերթական վերաբաժանման իրական վտանգ, որն էլ հղի է քաղաքական անկայունությամբ եւ ցնցումներով:

Մյուս կողմից` արտաքուստ միաձույլ թվացող կրեմլյան ներկայիս թիմը, հավանաբար, իրականում այդքան էլ համախմբված չէ իր առաջնորդի շուրջ: Սա բնական է, քանի որ նախագահի պաշտոնը զբաղեցնելու բոլոր ռեալ հավակնորդներն այդ թիմի անդամներ են, ինչը նշանակում է, որ պայքարը ծավալվում է «պուտինականների» միջեւ: Ներկայումս թեկնածուների պայքարը ապարատային, ինտրիգային բնույթ է կրում, ինչը ենթադրում է կողմնակիցների որոնում, սեփական թիմերի ստեղծում, նոր կապերի հաստատում:

Բացի այն, որ հիմնական հավակնորդների ուղղությամբ ստիպված են կողմնորոշվել պուտինյան թիմի մյուս բարձրաստիճան անդամները, սեփական ապագայի վերաբերյալ մտահոգություններն անհրաժեշտաբար այս ներքին պայքարի ելեւէջների մեջ ներգրավում են նաեւ երկրի ֆինանսատնտեսական սերուցքը: Իսկ Ռուսաստանի դեպքում, երբ գրեթե բոլոր խոշոր եկամտաբերություն ունեցող ոլորտներում հիմնական դերակատարները պետական կորպորացիաներն են, նման վարքագիծը նույնպես նպաստում է անկայունությանը:

Այս պարագաներում նախագահ Պուտինը, որը եռանդուն եւ հաջողակ քաղաքական գործիչ է եւ, հավանաբար, ավարտված չի համարում իր քաղաքական կարիերան, ստիպված է այնպիսի քայլեր կատարել, որոնք կապահովեն իր թե՛ քաղաքական եւ թե՛ ֆինանսական ապագան:

* * *

Այսպիսով, պուտինյան նախագահական երկրորդ ժամանակաշրջանը, մոտենալով ավարտին, դեռեւս խուսափում է պատասխան տալ ռուսաստանյան ամենակարեւոր եւ մշտական ինտրիգ պարունակող հարցին. «Ո՞վ է հաջորդ թագավորը»:

Արդեն երկու տարի է, ինչ կրեմլոլոգները /սովետոլոգին փոխարինման եկած Ռուսաստանի հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող արեւմտյան մասնագետների նոր անվանումն է/ տարբեր վարկածներ են առաջարկում, քննարկում այս կամ այն թեկնածուի քաղաքական քաշի, անձնական որակների, հակումների եւ կապերի հետ առնչվող խնդիրները: Բնականաբար, այս հարցին շատ ավելի շահագրգիռ եւ կասկածամիտ մոտեցում են ցուցաբերում ռուսաստանյան մեկնաբանները: Այս ամբողջ լրատվա-վերլուծաբանական աղմուկն ուղղորդում է մի չափազանց կարեւոր գործողություն, որը դեռ Վ.Պուտինին նախագահի պաշտոնին հասցնելու ժամանակ ստացավ «Ժառանգորդ» անվանումը:

Կարեւորագույն հարցն այստեղ կապված է, մեր տեսանկյունից, ոչ թե կոնկրետ թեկնածուի անվան, այլ այն հիմնահարցի հետ, որ ռուսաստանյան հասարակությունը, որդեգրելով «ժողովրդավարություն» միֆին հատուկ արեւմտյան ծեսերը` սահմանադրություն, ընտրական օրենսգիրք, նախընտրական պայքար, իմիջմեյքերություն, պիարային տեխնոլոգիաների կիրառում, հանդիպումներ ընտրողների հետ, վերջապես` ընտրություններ, այնուամենայնիվ, իշխանության հանձնման հետ կապված խնդիրները լուծում է իր արժեքային համակարգին, քաղաքական ավանդույթներին ու մտածելակերպին համապատասխան:

Հարկ է նշել, որ Բ.Ելցինի կիրառած տեխնոլոգիան լուրջ առաջընթաց է նախորդ ժամանակաշրջանի համեմատ, երբ իշխանությունը բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով պահվում էր, իսկ պետության առաջին դեմքի փոփոխությունը կատարվում էր միայն վերջինիս մահվան /Ի.Վ.Ստալին, Լ.Ի.Բրեժնեւ եւ այլք/ կամ էլ հեղաշրջման /Ն.Ս.Խրուշչով, Մ.Ս.Գորբաչով/ հետեւանքով:

Ա.Թոյնբին, խոսելով Ռուսաստան–Արեւմուտք հարաբերությունների մասին, մի կարեւոր դիտարկում է կատարում: Նա գրում է. «Համարյա հազար տարի ռուսները պատկանել են ոչ թե Արեւմտյան քաղաքակրթությանը, այլ Բյուզանդականին` նույն հունահռոմեական ծագման քույր հասարակությանը, սակայն բոլորովին այլ քաղաքակրթությանը: Բյուզանդական ընտանիքի ռուս անդամները միշտ կտրուկ կերպով դիմադրել են Արեւմտյան աշխարհի ազդեցության տակ ընկնելու ցանկացած սպառնալիքին եւ շարունակում են դիմադրել մինչ օրս: Որպեսզի իրենց ապահով զգան Արեւմուտքի կողմից նվաճվելուց եւ բռնի ուծացումից, նրանք անընդհատ իրենց ստիպում են յուրացնել արեւմտյան տեխնոլոգիաների նվաճումները: Այդ tour de forse-ը առնվազն երկու անգամ իրականացվել է ռուսական պատմության ընթացքում. առաջին անգամ` Պետրոս Մեծի եւ երկրորդ անգամ` բոլշեւիկների կողմից»:

Սակայն արեւմտյան տեխնոլոգիաները, ընդ որում` ոչ միայն գիտատեխնիկական, ռազմական, արդյունաբերական, գյուղատնտեսական բնույթի, այլ նաեւ տնտեսական, սոցիալական, քաղաքական, շարունակում են զարգանալ, եւ Ռուսաստանը նորից հայտնվում է նույն խնդրի առջեւ:

«Բնականաբար,–գրում է Ա.Թոյնբին,–ճակատագրական հարց է ծագում. արդյո՞ք կարող է որեւէ մեկը փոխառել օտար քաղաքակրթությունը մասնակիորեն` վտանգված չլինելով աստիճանաբար ներգրավվել վերջինիս յուրացման մեջ լիովին եւ ամբողջականորեն»:

Մեր տեսակետից, Ռուսաստանը` սկսած մոնղոլ-թաթարների տիրակալության դարաշրջանից, մշակել է հստակ ադապտացիոն մեխանիզմ, որը թույլ է տալիս նրան փոխառման գործառույթներ կատարել առանց սեփական ինքնության կործանման սպառնալիքի: Այդ բանաձեւը, համաձայն Մ.Բախտինի, այսպես է հնչում. «Յուրացնել ուրիշինը` առանց սեփականը դարձնելու»: Սա նշանակում է, որ այն ամենը, ինչը վտանգում է այդ ինքնության հենքը, այսինքն` հիմնարար արժեքները, ոչ մի դեպքում չի կարելի փորձարկել սեփական մշակութային համակարգում, իսկ եթե նույնիսկ այս կամ այն պատճառով այդ տարրերը, այնուամենայնիվ, թափանցում են, ապա պետք է ունենան իրենց օտարության հստակ ցուցիչները:

Ամեն անգամ օտար համակարգերից փոխառություններ կատարելուց հետո Ռուսաստանը կտրուկ կրճատում է շփումներն այդ համակարգի հետ` ձգտելով առավելագույն չափով մարսել փոխառված տարրերը /որոնք, միեւնույն է, որոշակի փոփոխություններ են առաջ բերում հասարակության արժեքային համակարգի եւ աշխարհայեցողության մեջ/ եւ միաժամանակ թույլ չտալ, որպեսզի այդ համակարգի անընդունելի կամ վտանգավոր մասնիկները մուտք գործեն իր ինքնության մեջ` դրա համար դիմելով դիցագաղափարական հիմնավորումների: Ժամանակին դա ուղղափառությունն էր, հետո` կոմունիստական գաղափարախոսությունը: Ներկայումս Մեծ Եվրասիական Ռուսաստանի դիցագաղափարախոսություն ստեղծելու փորձ է կատարվում, ինչը, սակայն, դեռեւս լուրջ հարցականի տակ է:

Բոլոր պարագաներում, 1980-1990-ականների բարեփոխումների շրջանին հետեւեց ռեակցիան, որի դրսեւորումներից մեկը սեփական` հակաարեւմտյան աշխարհի կառուցման հնարավորությունների որոնումներն են:

Միաժամանակ, հիմնավորված կասկածներ կան, որ այդ փորձերն իմիտացիոն բնույթ ունեն, քանի որ ֆինանսատնտեսական առումով Ռուսաստանը ներկայումս շատ ավելի ինտեգրված է Արեւմուտքի հետ, քան երբեւիցե իր պատմության ընթացքում: Իմիտացիան անհրաժեշտ է իշխանության համար տարվող պայքարում հաղթանակ տանելու համար, ինչը փայլուն կերպով ցույց տվեց Ռուսաստանի ներկայիս նախագահը` վերացնելով թե՛ քաղաքական եւ թե՛ տնտեսական դիմադրության բոլոր կենտրոնները:

Իշխանության համար պայքարի ներկայիս փուլն արդեն միանգամայն հստակ պալատական բնույթ ունի: Սա նշանակում է, որ պետության եւ հասարակության զարգացման ուղիների մասին իրական, սկզբունքային որոշումները դեռ առջեւում են:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր