Իրադարձություններ Կովկասում և նրա շուրջ
Վերջին ժամանակներս միջազգային տարբեր գիտաժողովներում և քաղաքական քննարկումներում վերստին և հաճախակի սկսել են շրջանառվել «համակովկասյան քաղաքականություն», «կովկասյան տարածաշրջան», «ընդհանուր Կովկաս» և նման իմաստ պարունակող այլ եզրեր:
Ամենայն հավանականությամբ, այս ոչ այնքան նոր թեման ներկայիս աշխարհաքաղաքական տեղաշարժերում նոր հնչողություն է ձեռք բերում: Հարցն այն է, որ այս դաշտում հայտնվել են մի շարք նոր գործոններ, որոնք անհրաժեշտ են դարձնում Կովկասը` որպես մեկ միասնական հասկացություն ընկալելը: Այդ գործոններից կարևորագույններն են.
ա) Եվրոպական Միության ընդլայնման ծրագրերի անխուսափելի հետաձգումը, ինչը պարզ դարձավ Ֆրանսիայում և Հոլանդիայում տեղի ունեցած եվրոպական սահմանադրության հանրաքվեներում: ԵՄ ծրագրերի փոփոխությունն անմիջականորեն ազդում է ոչ միայն Թուրքիայի կամ Ուկրաինայի ու Մոլդովայի հեռանկարների, այլև եվրաինտեգրման քաղաքականությունը որդեգրած հարավկովկասյան երեք հանրապետությունների, հատկապես` Վրաստանի վրա: Հասկանալի է, որ նոր պայմաններում հիմնական ուշադրությունը պետք է դարձվի «Նոր հարևաններ» ծրագրին, որի իրականացումը Հարավային Կովկասում պահանջում է համագործակցության և ջանքերի համախմբման շատ ավելի բարձր մակարդակ, քան դա եղել է մինչ այժմ,
բ) ռուսական Կովկասում իրավիճակի կտրուկ բարդացումը,
գ) Վրաստանից ռուսական ռազմախարիսխների դուրսբերման ժամկետների ճշտումը, ինչը ռուսական քաղաքական ընտրանու գիտակցության մեջ վերջնականապես հաստատեց այն միտքը, որ Վրաստանում ռուսական ներկայություն, գոնե միջին ժամանակային պլանավորման կտրվածքով, այլևս չի լինի: Սրան պետք է ավելացնել նաև հայկական և ադրբեջանական հասարակությունների գիտակցության մեջ արագորեն հաստատվող այն միտքը, որ «իրական անվտանգությունը ՆԱՏՕ համակարգում է» (համաձայն «Ռեգնում» գործակալության հրապարակած տվյալների, Հայաստանում հարցվածների 35 տոկոսն արտահայտվել է ՆԱՏՕ կազմի մեջ մտնելու օգտին, ինչը դեռևս երկու տարի առաջ աներևակայելի էր):
Կան նաև բազմաթիվ այլ գործոններ, որոնք կապված են ներքին զարգացումների հետ:
Վերջերս ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի (հաստատության պաշտոնական անվանումն է` «Եվրոպայի անվտանգության և համագործակցության հանձնաժողով»: Հիմնվել է ԱՄՆ կառավարության կողմից, որի կազմի մեջ են Սենատի և Ներկայացուցիչների պալատի իննական ներկայացուցիչ, ինչպես նաև մեկական ներկայացուցիչ պետդեպարտամենտից, պաշտպանության և առևտրի նախարարություններից: Հանձնաժողովի հիմնական խնդիրն է` հետևել 1975թ. Հելսինկյան համաձայնագրի դրույթների կատարման ընթացքին) համանախագահ, կոնգրեսական Քրիս Սմիթը Վաշինգտոնում հանդիպել է մի խումբ ադրբեջանական խորհրդարանականների հետ և հայտարարել, թե ինքը խիստ հիասթափված է այն հանգամանքից, որ ադրբեջանական խորհրդարանն ընտրությունների մասին այնպիսի օրենք է ընդունել, որի մեջ չեն ընդգրկվել նախորդ ընտրություններից հետո միջազգային դիտորդների կողմից առաջարկված մի շարք սկզբունքային դրույթներ:
Սմիթը, մի քանի այլ կոնգրեսականների հետ, առաջարկել է ԱՄՆ Կոնգրեսին ընդունել որոշում, որով պետք է դիմել Ադրբեջանին, որպեսզի վերջինս Միացյալ Նահանգներին հավաստիքներ տա, որ առաջիկա նոյեմբերին կայանալիք ընտրությունները կլինեն «կազմակերպված, խաղաղ, ազատ և ազնիվ»: Ամենայն հավանականությամբ, այս առաջարկը Կոնգրեսը կքննարկի ընտրությունների նախօրյակին:
Վերջին շրջանում ամերիկյան և եվրոպական տարբեր բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից նման իմաստով հայտարարություններ շատ հաճախ են արվում: Սա թույլ է տալիս տարբեր երկրների և, հատկապես` նախկին խորհրդային հանրապետությունների վերլուծաբաններին կանխատեսումներ կատարել Ադրբեջանում աշնանը կայանալիք հեղափոխության կամ, առնվազն, իշխանափոխության վերաբերյալ:
Քաղաքական մեկնաբանները շեշտում են, որ նախորդ ընտրություններում Իլհամ Ալիևը կեղծել է արդյունքները, և դա ներվել է, որովհետև նախ` անհրաժեշտ էր դեռ ներկայիս նախագահի հոր հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ավարտին հասցնել Բաքու– Թբիլիսի–Ջեյհան աշխարհաքաղաքական կարևորագույն նշանակություն ունեցող նախագիծը, ապա` երիտասարդ ժառանգը կարողացել էր համոզել ամերիկացիներին և եվրոպացիներին, որ ինքն այն մարդն է, որն առանց անցանկալի բարդությունների կիրականացնի ժողովրդավարական ռեֆորմներ ու կհամաձայնի ԼՂ հարցի խաղաղ լուծման հետ, և, վերջապես` նրա թեկնածությունը միակն էր, որի շուրջ կարող էին համաձայնության գալ Սպիտակ տունը և Կրեմլը:
Սակայն այս բոլոր գործոններն էլ, ըստ դիտորդների, կորցրել են իրենց ուժը: Ներկայումս շատ ավելի կարևոր է համարվում ժողովրդավարական արժեքների իրական արմատավորումն ադրբեջանական հասարակության մեջ, ինչը թույլ կտա փակել իսլամիզմի ճանապարհը: Այս նպատակին հասնելու համար պետք է, առաջին հերթին, վերացնել կլանային համակարգը, կոռուպցիան, իրական նվաճումներ ունենալ աղքատության հաղթահարման գործընթացում, զարգացնել երկրի մարզերը, որպեսզի ժողովրդագրական ճգնաժամից հնարավոր լինի խուսափել և այլն, իսկ այս ամենը նախագահ Ի.Ալիևն ի վիճակի չէ իրականացնել:
Ադրբեջանական ինչպես արևմտամետ, այնպես էլ ազգայնական թևին պատկանող ընդդիմադիրները հայտարարում են, որ Ի.Ալիևը Ռուսաստանի դրածոն է և Կրեմլի կամակատարը:
Վերջապես, պայթած ռումբի տպավորություն է թողել Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունն այն մասին, թե Ադրբեջանի ղեկավարության մեջ կան «քրդերի դրածոներ»:
Թվում է, թե վերլուծաբանների փաստարկները խոսում են սպասվող «թավշյա» հեղափոխության օգտին: Սակայն վերջին ժամանակահատվածում աստիճանաբար ավելի ու ավելի կարևոր նշանակություն է ձեռք բերում մի գործոն, որը չի կարելի անվանել նոր, բայց որը ներկայումս չափազանց ակտուալ է. Հյուսիսային Կովկասում արագորեն ծավալվող իրադարձությունները, որոնցում Ադրբեջանի դերակատարությունը կարող է շատ կարևոր լինել, ինչն, անկասկած, գիտակցում են ե՛ւ տարածաշրջանի հիմնական խաղացողները, ե՛ւ Իլհամ Ալիևը:
Հյուսիսային Կովկասի գործոնի ակտիվացումը նորից հարցականի տակ է դնում Ռուսաստանի կովկասյան ամբողջ քաղաքականությունը, որի հետևանքով նա գրեթե կորցրել է հսկողությունն իր Հարավային դաշնային օկրուգի մեջ մտնող կովկասյան բոլոր այն տարածքների նկատմամբ, որտեղ տեղակայված չեն ռազմական մեծ ստորաբաժանումներ:
Կովկասում ստեղծված իրավիճակը ստիպում է Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը` վերագնահատել իր գործողությունների իմաստն այս տարածաշրջանում, ինչն անհնար է առանց ընդհանուր քաղաքական գնահատականների փոփոխման:
Այս առումով կարևոր է այն տեղեկատվությունը, համաձայն որի Կրեմլում նորից հաղթում է տեսակետն այն մասին, թե Կովկասը պետք է դիտվի որպես մեկ միասնական միավոր, ուստի և ռուսական քաղաքականությունը պետք է հասցեագրվի ողջ Կովկասին, այլ ոչ միայն նրա հյուսիսին:
Հարցն այն է, որ երկար որոնումներից հետո ռուսական քաղաքական սերուցքի ներկայացուցիչները հասկացան, որ առանց Հարավային Կովկասի վրա ազդեցություն ունենալու` անհնար է իրադրությունը կարգավորել և կայուն վիճակ հաստատել Հյուսիսային Կովկասում:
Միաժամանակ մի շարք փորձագետներ նշում են, որ Մոսկվան արդեն բաց է թողել ժամանակը և կորցրել հարավկովկասյան ենթատարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու հնարավորությունը, ինչի համար չունի անհրաժեշտ մարդկային և նյութական ռեսուրսներ: Ռուսաստանյան վերլուծաբանները խիստ քննադատության են ենթարկում ռուսական իշխանություններին` «կացնային» քաղաքականության, նոր քաղաքական տեխնոլոգիաներին չտիրապետելու և տարածաշրջանի ժողովուրդներին ռուսների դեմ տրամադրելու համար: Այս ոգով են անցնում բոլոր «փակ» և «բաց» քննարկումները:
Ռուսաստանյան քաղաքագետներին և վերլուծաբաններին ներկայումս մեծագույն անհանգստություն է պատճառում իրավիճակը Դաղստանում: Այն դեպքում, երբ պայթունավտանգ է իրավիճակն օս-ինգուշական հարաբերություններում, Կաբարդայում, շարունակում է հսկողությունից դուրս մնալ Չեչնիան և այլն:
Բանն այն է, որ, համաձայն տարածաշրջանից եկող տվյալների, պաշտոնական իշխանությունները կարողանում են իրական կառավարում ապահովել միայն Դաղստանի Կասպիյսկ քաղաքում, որտեղ տեղակայված է ռուսական բանակի զորակայանը:
Մախաչկալայում նրանք միայն «ցերեկային» իշխանություն են, իսկ օրինապահ մարմիններն այնքան բարոյալքված են, որ վախենում են գիշերը փողոց դուրս գալ, և քաղաքը հանձնված է տարբեր ոչ ֆորմալ ուժերի ձեռքը:
Կիզլյար և Խասավյուրտ քաղաքներում իշխանությունը պատկանում է Դաղստանի ներկայիս նախագահ Մագոմետովին ընդդիմադիր գործիչներին, որոնք ստեղծել են հանրապետությունում լավ համբավ ունեցող «Հյուսիսային դաշինք» կազմակերպությունը:
Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ մյուս քաղաքներում և ավաններում իշխանությունը նույնպես աստիճանաբար անցնում է աքսակալների և տեղական ցեղապետերի ձեռքը:
Հարցն ունի նաև էթնիկական երանգ, քանի որ Մագոմետովը պատկանում է դարգինական ժողովրդին, որը թվով զիջում է ավարներին, այսինքն` երկրորդն է Դաղստանում:
Ներկայիս նախագահն իր կառավարման տարիների ընթացքում հենվել է հիմնականում իր էթնիկական խմբին պատկանող մարդկանց վրա` նշանակելով նրանց բոլոր կարևոր պաշտոններին, միաժամանակ իր ձեռքում կենտրոնացնելով հանրապետության ֆինանսական հոսքերը:
Հանրապետությունում վիճակը բարդացավ հատկապես այն բանից հետո, երբ սրվեցին հարաբերությունները հարևան Չեչնիայի հետ: Բանն այն է, որ Չեչնիայի տարածքում է գտնվում Բարազդինովսկայա գյուղը, որը բնակեցված է հիմնականում ավարներով:
Մոսկվային ենթարկվող չեչենական ջոկատները վերջին շրջանում մի շարք գործողություններ են իրականացրել այս գյուղի բնակիչների դեմ` հիմնավորելով դրանք այն պնդումներով, որ գյուղում գործում է, այսպես կոչված, «Ավարական ջամաաթ» մուսուլմանական արմատական կազմակերպությունը: Դաղստանցիները հերքում են այս պնդումները և հայտարարում, որ չեչենների նպատակն է` քշել գյուղի բնակիչներին իրենց պապենական հողերից:
Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ` այս ամենը Մոսկվայի ծրագրած գործողություններն են, որոնց նպատակն է` իշխանությունից հեռացնել դարգիններին և այն հանձնել լեզգիներին, որոնք իրենց թվաքանակով Դաղստանի չորրորդ ազգությունն են, ինչը մտահոգում է ոչ միայն ավարներին և դարգիններին, այլև խիստ անհանգստություն է առաջացրել Բաքվում:
Այստեղ կարծում են, որ Մոսկվայի քաղաքականության ակտիվացումը հիմնականում պայմանավորված է Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղի բացմամբ, ինչպես նաև Վրաստանի իշխանությունների ընդգծված հակառուսական քաղաքականությամբ, որի դրսևորումներից մեկն էր նաև նախագահ Սահակաշվիլու հայտարարությունն այն մասին, թե հաջորդ տարվանից Վրաստանը հրաժարվում է ռուսական գազից և ամբողջովին անցնում Ադրբեջանից մատակարարվող վառելանյութին:
Դաղստանում սկսվել է իշխանություններին չենթարկվելու զանգվածային շարժում: «Հյուսիսային դաշինքի» ղեկավարությունն ակտիվորեն գործում է բոլոր այն վայրերում, որտեղ կառավարական չինովնիկները մուտք չունեն: Համաձայն աղբյուրների, Դաղստանում իրավիճակի սրման պատճառով հետաձգվել է Հարավային դաշնային օկրուգում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Կոզակի սպասվող տեղափոխումը Մոսկվա: Վերջինս գրեթե ամբողջ ժամանակն անցկացնում է Չեչնիայի և Դաղստանի ռուսական բանակի զորակայաններում: Դաղստան վերջին ամսվա ընթացքում լրացուցիչ ստորաբաժանումներ են տեղափոխվել Ռոստովից և Աստրախանից: Համաձայն ադրբեջանական աղբյուրների, դրանց թիվը հասնում է 12000-ի:
Դաղստանում և Չեչնիայում ծավալվող իրադարձությունները չափազանց կարևոր են Հյուսիսային Կովկասի ամբողջ իրավիճակի և հետագա զարգացումների տեսակետից:
Ռուսաստանի հեղինակավոր քաղաքական գործիչները համոզված են, որ եթե այս երկու հանրապետությունների միջև զինված բախումներ սկսվեն, ապա Մոսկվան կարող է հրաժարվել ամբողջ Կովկասից, քանի որ իրավիճակը կդառնա բոլորովին անկառավարելի, իսկ ռուսական բանակը կզրկվի խաղաղ բնակչության այսօր արդեն շատ չնչին, բայց դեռևս առկա օժանդակությունից: Նույնը կլինի, եթե Դաղստանում սկսվեն միջէթնիկական կոնֆլիկտներ, որոնցից մինչ այժմ հնարավոր է եղել խուսափել:
Երկու դեպքում էլ կկտրվեն բոլոր կոմունիկացիոն գծերը և ենթակառուցվածքային ուղիները, որոնք կապում են Կովկասը Ռուսաստանի հետ, որի հետևանքով այս տարածաշրջանն ամբողջովին կմեկուսացվի Ռուսաստանից: Այս դեպքում շատ ավելի մեծ հնարավորություններ կստանան արտաքին ուժերը, որոնց մուտքը տարածաշրջան այսօր, այնուամենայնիվ, ինչ-որ չափով ռուսական հատուկ ծառայությունների հսկողության տակ է գտնվում:
Ամենայն հավանականությամբ, նաև այս իրադարձություններով է պայմանավորված Մոսկվայի ակտիվացումն աբխազական երկաթուղու բացման բանակցություններում: Կրեմլի ճնշման տակ աբխազական իշխանությունները հայտարարել են, որ իրենք այլևս չեն կապում երկաթուղու բացումը քաղաքական պայմանների հետ: Հուլիսին կայացած ռուս-աբխազա-վրացական հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել երկաթուղու բացման պայմանների մասին:
Ինչպես նշվեց, Մոսկվան ներկայումս ստիպված է վերագնահատել իր կովկասյան քաղաքականությունը: Սակայն կարելի է նաև արձանագրել, որ Հյուսիսային Կովկասի նկատմամբ հսկողությունը վերականգնելու համար Ռուսաստանը չունի անհրաժեշտ միջոցներ:
Միաժամանակ, ինչպես դա արդեն սովորական է դարձել, ռուսական քաղաքական վերնախավը բոլոր հնարավոր լուծումներից ընտրում է վատագույնը: Ինչպես հայտնում է գերմանական «Շպիգելը», Բեսլանում կատարված ահաբեկչության կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովն առաջարկ է ներկայացրել, ըստ որի` հակաահաբեկչական գործողությունների գոտու մեջ, բացի Չեչնիայից, պետք է ներգրավել նաև Դաղստանը, Ինգուշեթիան և Հյուսիսային Օսիան: Հետևանքը պարզ է. այս հանրապետություններում կրկնվելու է այն ամենը, ինչն արդեն կատարվել է Չեչնիայում: Անսանձ բռնություններին, ապօրինությանը զուգահեռ` աճելու է իսլամ արմատականների դերը, և զինված մարդը դառնալու է միակ օրենք հաստատողը:
Կորցնելով հսկողությունը Հարավային Կովկասի վրա` Ռուսաստանը զիջել է այն հենակետը, որից արտաքին ուժերը կարողանում են ծավալել իրենց գործողությունները Հյուսիսային Կովկասի հանրապետություններում: Սակայն ամենակարևորը, թերևս, այն է, որ բարոյալքումը ռուսական քաղաքական ընտրանու շրջանում և բանակում թույլ չի տա մոտ ժամանակներս իրականացնել նույնիսկ այն քաղաքականությունը, որի համար Կրեմլը ունի անհրաժեշտ միջոցներ:
Նախագահ Պուտինի և մի շարք այլ ռուս բարձրաստիճան քաղաքական գործիչների վերջին շրջանի նյարդային քաղաքական քայլերը և հայտարարությունները բացատրվում են նաև այս իրողություններով: Ռուսական քաղաքական շրջանակներում տիրում են հուսալքում և իրական ելքեր գտնելու վերաբերյալ թերահավատություն:
Այս համատեքստում ակտիվության նոր ալիք է արձանագրվում թե՛ ամերիկյան և թե՛ եվրոպական, մասնավորապես` բրիտանական կողմից, որոնք, ավանդականորեն, դիտարկել են Կովկասը` որպես մեկ միասնական միավոր:
Աստիճանաբար կտրելով բոլոր կոմունիկացիոն գծերը` նրանք ստիպում են Ռուսաստանին քայլ առ քայլ հեռանալ իր դիրքերից, իսկ հետո լցնում են ազատված տարածքներն իրենց շահերը ներկայացնող և պաշտպանող կովկասյան կառույցներով:
Մյուս կողմից` գլոբալ համակարգը պարտադրում է իր խաղի կանոնները` տարածաշրջանային ենթակառուցվածքները պետք է միավորվեն, նրանց աշխատանքը պետք է լինի կայուն և անխափան, ինչը նույնպես ստիպում է խրախուսել Կովկասի միասնականացման միտումները:
«Հանրապետական», թիվ 7 (27), 2005թ.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՇԽԱՐՀ` ԱՌԱՆՑ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՆԿԱՐԳՈՒԹՅԱՆ[10.03.2008]
- 2007-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[11.02.2008]
- ԿՈՍՈՎՈՅԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[10.01.2008]
- ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ[26.11.2007]
- ԱՄՆ–ԻՐԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ[12.11.2007]
- ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ[27.09.2007]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ[03.09.2007]
- «ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԻ» ՀԱՆԴԻՊՈՒՄԸ. ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ[02.07.2007]
- ԱՄՆ միջինարևելյան քաղաքականության նոր երանգներ[31.05.2007]
- «Երեք ծովերի համակարգ» նախագծի շուրջ[26.04.2007]
- Հարավային Կովկասի ինտեգրման հեռանկարների շուրջ[22.03.2007]