Եվրոպայի մահմեդականներ. մեկուսացո՞ւմ, թե՞ ինտեգրում

2005թ. հուլիսի 6-ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում հնչած պայթյունների անմիջական հետևանքներից էր նաև Եվրոպայի մահմեդական համայնքների նկատմամբ հետաքրքրության աճը:
Եվրոպացիները կարծես մեկ օրում հայտնաբերեցին իրենց կողքին ապրող մահմեդականների փաստը և սկսեցին խոսել Արևմտյան Եվրոպայի շուրջ 12 միլիոն իսլամադավան քաղաքացիներից սպասվող հնարավոր «սպառնալիքի» մասին:
Սակայն եթե անգամ նման սպառնալիք կա, ապա այն առաջին հերթին ոչ թե ահաբեկչական վտանգն է, որի աղբյուրը ռազմատենչ արմատականներն են, այլ ավելի շուտ ավանդական եվրոպական ինքնությանը նետված մարտահրավերը:
«Մահմեդական եվրոպացու» ձևավորումը
Ժամանակակից եվրոպական, հատկապես մահմեդական ինտելեկտուալ շրջանակներում ակտիվորեն քննարկվում է «մահմեդական եվրոպացու» ձևավորման խնդիրը:
Տեղի է ունենում մի նոր ինքնագիտակցության ձևավորում. Եվրոպայում ապրող իսլամադավան քաղաքացիներն այլևս չեն ցանկանում առանձնանալ իրենց ազգային պատկանելությամբ, այլ միմյանց միավորող և քրիստոնյա եվրոպացիներից տարբերակող հատկանիշ են ընտրել կրոնական պատկանելությունը, որը մշակութաբանական և արժեքային տեսակետից շատ ավելի որոշիչ և ուժեղ տարր է եվրոպական-քրիստոնեական քաղաքակրթության հետ մրցակցության պարագայում: Թեև այս ամենը դեռ սաղմնային վիճակում է, սակայն արդեն կարելի է խոսել մի նոր, բավական հետաքրքիր միտման մասին` «Հին մայրցամաքում» բնակվող մահմեդականներն այլևս չեն պատրաստվում ապրել ժամանակավոր անցորդի կամ հյուրի կարգավիճակում, այլ փորձում են ինքնորոշվել իբրև Եվրոպայի բնակչության անբաժանելի մաս:
Բնականաբար, նոր ինքնության կառուցումն իր հետ կբերի նաև նոր արժեքներ, ինչն արդեն լուրջ հավակնություն է` հաշվի առնելով Եվրոպայում իսլամի ավելի «մոդայիկ» դառնալը, ինչի վկայությունը կարող են լինել երիտասարդ եվրոպացիների շրջանում նկատվող կրոնափոխության ժամանակակից միտումները:
Եվ այս պայմաններում, «արդյոք Եվրոպան կդիմանա՞ իսլամական մշակութային էքսպանսիային» հարցին բնավ չի կարելի միանշանակ պատասխան ունենալ:
Ընթացող գործընթացների մասին ավելի հստակ պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է դիտարկել Եվրոպայում իսլամական համայնքների ձևավորման ակունքները և զարգացման միտումները:
Եվրոպայում իսլամական համայնքների ձևավորման պատմությունից
Եվրոպայի իսլամական համայնքները ձևավորվեցին հիմնականում 20-րդ դ. սկզբին: Եվրոպական արդյունաբերությունն էժան աշխատուժի կարիք ուներ և սեփական մարդկային ռեսուրսները չէին կարող բավարարել նման պահանջը: Խնդիրը լուծվեց Արևելքի երկրներից ներգաղթողների անընդհատ հոսքի ապահովմամբ: Ներգաղթող աշխատուժը հիմնականում եվրոպական երկրների մահմեդական գաղութներից էր:
Հետաքրքրական է, որ այս շրջանում եվրոպական պետություններն իրենք էին փորձում ընդգծել հարգանքը ներգաղթողների իսլամական ինքնության նկատմամբ` դրանով իսկ փորձելով ապահովել նոր աշխատողների համակրանքը: Այսպես, 1926թ. ֆրանսիական կառավարության նախաձեռնությամբ և աջակցությամբ հիմնադրվեց Փարիզի Մեծ մզկիթը, ավելի վաղ երկիր էին հրավիրվել բազմաթիվ հոգևորականներ, որոնք պետք է լրացնեին ներգաղթած մահմեդականների շրջանում հնարավոր հոգևոր և գաղափարական սովը:
Ներգաղթողների հոսքն ավելի ուժեղացավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, երբ Մարշալի պլանի շրջանակներում վերականգնվող հետպատերազմյան Եվրոպան նորից աշխատուժի կարիք զգաց: Եվրոպան դռները լայնորեն բացեց մահմեդական նորանկախ երկրներից ներգաղթող երիտասարդների առջև, որոնց պակաս` «երրորդ աշխարհում» տեղի ունեցած ժողովրդագրական պայթյունի հետևանքով, չէր զգացվում:
Եվրոպական երկրները հատկապես խրախուսում էին նախկին գաղութների բնակիչների ժամանումը` համարելով, որ նրանք առավել շուտ կհարմարվեն նոր հասարակություններում տիրող կյանքի պայմաններին: Ֆրանսիա էին ժամանում Մաղրիբի և Արևմտյան Աֆրիկայի երկրներից, Անգլիա` Հնդկական ենթամայրցամաքից:
Մինչև 70-ական թթ. այս «աշխատանքային ներգաղթողները» գրեթե բացառապես տղամարդիկ էին: Նրանք հիմնականում նախկին գյուղացիներ էին, որոնք ամուր կառչած էին իրենց ծննդավայրի ավանդույթներից և ապրում էին ներփակ, փոքրիկ խմբերով: «Նոր» երկրներում հաստատվելու գործընթացը դեռ չէր սկսվել, ներգաղթողները գիտակցում էին այստեղ գտնվելու ժամանակավոր բնույթը և չէին պատրաստվում քիչ թե շատ մշտական հաստատություններ և կառույցներ հիմնել:
Այս պարագայում բնավ էլ զարմանալի չէ, որ ներգաղթողները հիմնականում ինքնորոշվում էին ազգային պատկանելությամբ, և նրանց կրոնական ինքնությունը թույլ էր արտահայտված: Գերմանիայում և Ֆրանսիայում գործող փոքրաքանակ մզկիթները և աղոթատները դատարկ էին, իսկ Միավորված Թագավորությունում մահմեդական կազմակերպությունների և մզկիթների ցանցը կազմավորվեց միայն 50-ական թթ. վերջին:
1973թ. արաբա-իսրայելական պատերազմից հետո իրավիճակը փոխվեց, նավթի գների աճն ուժեղ հարված հասցրեց եվրոպական տնտեսությանը, ինչը հանգեցրեց գործազրկության կտրուկ աճի, որի հիմնական զոհերը դարձան մահմեդական երկրներից ներգաղթած, բարձր որակավորում չունեցող բանվորները: Եվրոպական կառավարությունները, փորձելով մեղմել գործազրկությունից առաջացած սոցիալական լարվածությունը, ընդունեցին ներգաղթի մակարդակը սահմանափակող օրենքներ:
Իրականում սա տվեց հակառակ արդյունք: Նույնիսկ անգործ մնացած ներգաղթածները որոշեցին հաստատվել եվրոպական երկրներում, քանի որ պարզ գիտակցում էին, որ հայրենիք մեկնելու դեպքում երկրորդ անգամ նրանց այլևս չի հաջողվի վերադառնալ Եվրոպա: «Հին մայրցամաքում» հաստատվելու որոշումն առաջ բերեց ընտանիքների միավորման և նոր ընտանիքների ձևավորման խնդիր: Մի քանի տարվա ընթացքում Եվրոպայում հաստատված մահմեդականների բացառապես արական համայնքները տարալուծվեցին կանանցով:
Կանանց հայտնվելը հեղափոխական հետևանքներ ունեցավ համայնքի կառուցվածքի և մտածելակերպի մեջ: Կնոջ ներկայությունը նշանակում էր ապրելու քիչ թե շատ հաստատուն պայմանների ստեղծում, երեխաների դաստիարակության և կրթության հարցերի առաջացում, համայնքային փոխօգնության ձևավորում: Եվ այս ամենն իր հետ բերեց կրոնի դերի շեշտակի աճ:
Այս պայմաններում արդեն առաջանում էին համայնքներ, որոնց անդամներին կապող հիմնական գործոնը կրոնական գիտակցությունն էր: Պատկանելությունն իսլամական համայնքին դառնում է աջակցության և օգնության ստացման հիմնական միջոցը: Մզկիթը դառնում է այն խորհրդանիշը, որի շուրջ միավորվում են նորահաստատ մահմեդական «եվրոպացիները»: Այս նույն ժամանակաշրջանում սկսվում է նավթային տերությունների և համաիսլամական կազմակերպությունների ֆինանսական զգալի աջակցության տրամադրումն այս համայնքներին: Մեծ թափ է ստանում մզկիթների կառուցումը, որոնք դառնում են եվրոպական քաղաքային ճարտարապետության անբաժանելի մասը:
Ինքնության ճգնաժամ և ելքերի որոնում
Այս պայմաններում մահմեդական համայնքների ներսում առաջանում են ընտանիքներ, որոնց զավակներն արդեն 90-ականներին եվրոպական երկրների մահմեդական քաղաքացիների առաջին սերունդն են, որ ստացել են եվրոպական կրթություն, խոսում են տվյալ երկրի լեզվով և քաջածանոթ են տեղական մշակույթին: Այս երիտասարդները կտրուկ տարբերվում են ծնողներից, որոնք ապրում էին փակ համայնքներով և մեծ դժվարությունների էին հանդիպում սոցիալական ադապտացիայի բնագավառում: «Նոր եվրոպացիները» այլևս չունեն ավագ սերնդի բարդույթները և պատրաստ են դառնալ «նոր հայրենիքի» լիարժեք քաղաքացիներ:
Սակայն ժամանակի ընթացքում նրանք գիտակցում են, որ, այնուամենայնիվ, տեղի հասարակության կողմից չեն ընկալվում իբրև սովորական եվրոպացիներ: Հանդուրժողականության վրա հիմնված եվրոպական հասարակությունները չեն ցանկանում ընդունել նրանց իբրև հավասարի, և վերաբերմունքը նրանց նկատմամբ իբրև եկվորների շարունակում է տիրապետող մնալ:
Հոգեբանական այս խզումը լուծման երկու տարբերակ է առաջարկում: Շատերն ընտրեցին արմատականացման տարբերակը:
90-ականների երիտասարդների սերունդը բախվեց սոցիալական բազմաթիվ դժվարությունների: Գործազրկությունն իր հետ բերեց քաղաքային չքավոր մի զանգվածի առաջացում, որն ավելի ընկալունակ էր արմատական իսլամական հոսանքների քարոզչությանը, որը մուտք գործեց իր համար բոլորովին նոր ոլորտ` Եվրոպայի իսլամական համայնքներ և շատ կարճ ժամանակահատվածում լցրեց այստեղ առաջացած գաղափարական վակուումը:
Երբ հին, ավանդական արժեքներն արդեն իսկ հնացած և ոչ արդյունավետ են թվում, իսկ ընդունող հասարակությունը` թշնամական, ձևավորվում են նոր մտածելակերպ և գործելակերպ, ինչը թույլ է տալիս մահմեդական երիտասարդությանն ինքնահաստատվել նոր պայմաններում: Դա իրականացվում է իսլամական շարժումների միջոցով, որոնք ամենօրյա կյանքի հստակ կանոնակարգված օրենքներ սահմանելով` վերջ դրեցին անտանելի անորոշությանը: Այս մոտեցումը, փաստորեն, նախատեսում էր ընդունող երկրի նկատմամբ ավելի թշնամական վերաբերմունք, երբ օտարված մահմեդական երիտասարդությունը պատրաստ էր նույնիսկ պայքարել նրա դեմ:
Եվ, կարելի է ընդունել, որ այս գործելակերպի կողմնակիցները բավական շատ են: Հետաքրքիր է իսրայելական «Սաերեթ Մաթկալ» հատուկ էլիտար ջոկատի հրամանատարներից մեկի` Մոթի Մարցիանոյի` լոնդոնյան պայթյուններից հետո արտահայտած կարծիքը. «Նման տիպի գործողությունները նախապատրաստվում են մի քանի ամիսների ընթացքում, իրականացվում են մի քանի տասնյակ ակտիվ գրոհայինների ջանքերով և մի քանի հարյուր օգնականների աջակցությամբ: Դրանց հաջող իրականացման համար պահանջվում են ուղեղային կենտրոն, օպերատիվ շտաբ, ուժային ապահովման, տեղեկատվական, կապի, տրանսպորտային ապահովման խմբեր, պայթուցիկ նյութերի պահպանման հերթափոխային պահակախումբ, օպերատիվ շտաբի տեղափոխումն ապահովող ջոկատ, գաղտնագրողների համակարգ, սեփական անվտանգության խմբեր: Բացի այդ, Լոնդոնում օգտագործված մեծ քանակությամբ պայթուցիկն անհրաժեշտ էր տարբեր ճանապարհներով հասցնել տեղ և պահպանել մինչև գործողության սկիզբը»: Այս ամենը հիմք է տալիս կարծելու, որ խոսքը ոչ թե սովորական ահաբեկչական գործողության, այլ լուրջ կազմակերպչական կառույց ունեցող մի համակարգի մասին է, որի հաջող գործունեության համար անհրաժեշտ է մեծ հասարակական աջակցություն:
Գոյություն ունի նաև մեկ այլ ճանապարհ: Իր ուժերին վստահ նոր սերունդը մերժում է արմատականությունն ու ահաբեկչությունը և պատրաստ է սեփական իրավունքները պաշտպանել ու հասնել իր նպատակներին այն երկրներում, որոնց քաղաքացին հանդիսանում է: Նոր սերնդի երիտասարդները ցանկանում են լինել եվրոպական պետությունների լիիրավ քաղաքացիներ` միաժամանակ պահպանելով և ընդգծելով սեփական մահմեդական ինքնությունը: Սա անմիջական հակասության մեջ է մտնում որոշ եվրոպական պետությունների քաղաքականության հետ և հաճախ նույնիսկ վերաճում է շահերի բավական լուրջ բախման:
Հեռանկարներ
Այսօր Եվրոպայի էթնիկ պատկերը հսկայական փոփոխություններ է կրում: Սպիտակամորթ եվրոպացին, կարելի է ասել, այլևս պատմություն է: Եվրոպական մեծ քաղաքներում նշանակալի է «արևելյան» և «հարավային» տիպ ունեցող մարդկանց ներկայությունը:
Համաձայն տարբեր միգրացիոն ծառայությունների և փորձագետների հաշվարկների` Արևմտյան Եվրոպայի մահմեդական բնակչության թիվը տատանվում է 8-15 միլիոնի շրջանակներում: Ֆրանսիայում նրանց թիվը հասնում է 3,5-5 մլն-ի, Գերմանիայում` 3-4,5 մլն-ի, Մեծ Բրիտանիայում` 1,5-2 մլն-ի, Հոլանդիայում նրանց թիվը տատանվում է 0,5-1 միլիոնի սահմաններում, իսկ Բելգիայում հասնում է 300 հազարի: Այս թվերը շարունակական աճ են արձանագրում ի հաշիվ ծնելիության բարձր մակարդակի և անօրինական ներգաղթի, որը հնարավոր չի լինում կանգնեցնել` ի հեճուկս դրա դեմ ընդունվող օրենքների:
Եվրոպական շատ մայրաքաղաքներում և խոշոր քաղաքներում գոյություն ունեն փոքրիկ Դամասկոս, Ալժիր կամ էլ Իզմիր հիշեցնող թաղամասեր` ազգային երաժշտության, խոհանոցի, իսլամական ավանդույթների և սովորույթների մենաշնորհային իրավունքով: Փակ համայնքները սեփական ինքնության պահպանման համար իդեալական տեղ են:
Այս պարագայում տեղի է ունենում, այսպես կոչված, եվրոպական իսլամի ձևավորում, որի հիմնական դրույթը հանգում է հետևյալին. մահմեդականները չպետք է սահմանափակվեն իրենց փակ համայնքներում, նրանք պետք է ստանան եվրոպական կրթություն և ակտիվորեն մասնակցեն Եվրոպայի հասարակական-քաղաքական կյանքին` դրանով նպաստելով իսլամի տարածմանը: Հետաքրքիր է, որ նույն մարտավարությունն է նկատվում «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության մոտ. այն կոչ է անում իսլամական համայնքներին քաղաքականապես, սոցիալապես և տնտեսապես ինտեգրվել եվրոպական հասարակության մեջ` պահպանելով մահմեդական էությունը: Այս կանոնները կատարելով` իսլամական համայնքները կարող են գոյատևել և միաժամանակ տարածել իրենց ազդեցությունը ոչ իսլամական շրջանների վրա:
Արմատական գաղափարախոսության կրողները, չնայած իրենց գործողությունների հնչեղությանը, այնուամենայնիվ, կազմում են Եվրոպայի իսլամադավան բնակչության փոքր մասը միայն:
Այսպիսով, Եվրոպայի մահմեդական բնակչությունը դառնում է քաղաքական կյանքի էական գործոն, և ապագայում նրա դերակատարությունը ավելանալու է: Արդեն ստեղծվել են եվրոպական մահմեդական կազմակերպություններ (Եվրոպայի իսլամական կազմակերպությունների միությունը Գերմանիայում, Իսլամական կազմակերպությունների դաշնությունը Ֆրանսիայում, Եվրոպայի իսլամական խորհուրդը Մեծ Բրիտանիայում), որոնք, օգտագործելով երիտասարդ մահմեդականների ներուժը, մեծ քաղաքական և հասարակական կշիռ են ձեռք բերել և իրենց գործունեության հիմնական նպատակն են դարձնում միջնորդությունը կառավարության և իսլամական համայնքի միջև:
Եվրոպան, իր հերթին, չի պատրաստվում հրաժարվել արևմտյան քաղաքակրթության հիմքը հանդիսացող մշակութային և բարոյական արժեքներից: Փորձ է արվում մահմեդական համայնքներն ուղղորդել եվրոպական քաղաքական մշակույթի և հանդուրժողականության հունով, ինչը թույլ կտա հնարավորինս խուսափել Եվրոպայի մահմեդականների սոցիալ-քաղաքական մեկուսացումից և նրանց շրջանում արմատական հայացքների ամրապնդումից:
«Հանրապետական», թիվ 8 (28), 2005թ.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՎԵՐՆԱԽԱՎԵՐԻ ՓՈՓՈԽՈԻԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ[16.02.2011]
- ՊԱՅՔԱՐ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՄԱՐ[27.07.2010]
- ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [21.04.2009]
- ԻՍՐԱՅԵԼԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ [25.02.2009]
- «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ–2025» [06.02.2009]
- «ՀՈԼՈԴՈՄՈՐ»-Ը ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ[15.01.2009]
- ՆՈՐԱԴԱՐՁ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐ[08.12.2008]
- ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԳԼՈԲԱԼԱՑՄԱՆԸ. ՀԱԿԱԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐ ԵՎ ԱԼՏԵՐԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐ[19.05.2008]
- ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ. ՀԱԿԱՍԵՄԻՏԻԶՄ [21.04.2008]
- ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ. ԻՍԼԱՄԱՖՈԲԻԱՅԻ ՄԱՍԻՆ[10.04.2008]
- ՊԱԿԻՍՏԱՆ. ԱՆՈՐՈՇ ՀԵՌԱՆԿԱՐ[18.02.2008]