• am
  • ru
  • en
Версия для печати
08.12.2008

ՆՈՐԱԴԱՐՁ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐ

   

Սուրեն Մանուկյան

muslims (medium)2008թ. հոկտեմբերի վերջին գերմանական հետախուզությունը տագնապ հայտարարեց Էրիկ Բրայնինգերի հայրենիք հնարավոր վերադարձի կապակցությամբ: Գերմանիայում ծնված 21-ամյա Բրայնինգերը, որն իսլամ էր ընդունել եւ մարզումներ անցել Պակիստանի եւ Աֆղանստանի սահմանին գտնվող ահաբեկչական ճամբարներից մեկում, հայտարարել էր, որ պատրաստվում է ինքնասպան-ահաբեկիչ դառնալ: «Իսլամական ջիհադի միության» կայքում տեղադրված տեսահաղորդագրության մեջ նա հանդես եկավ Գերմանիայում սպասվող ահաբեկչական գործողությունների նախազգուշացումով, քանի դեռ Բեռլինը դուրս չի բերել զորքերը Իրաքից եւ Աֆղանստանից:

Սա առաջին դեպքը չէր, երբ Եվրոպան դեմ դիմաց էր հայտնվում ահաբեկչական գործողությունների մեջ ներգրավված նորադարձ մահմեդականների հետ:

Նորադարձությունը (պրոզելիտիզմ) գրեթե բոլոր համաշխարհային կրոններին բնորոշ երեւույթ է: Յուրաքանչյուր կրոն ձգտում է հնարավորին չափ շատ հետեւորդներ ձեռք բերել եւ երբեմն դիմում է այլադավաններին հավաքագրելու հնարքին:

Քրիստոնեության մեջ շատ է տարածված կրոնադարձությունն «ըստ հավատքի». դրա համար բավական է ընդամենը Հիսուսի Փրկչագործական առաքելության ընդունումը եւ մկրտության ծեսի անցկացումը: Սակայն միշտ չէ, որ քրիստոնեական համայնքը հեշտությամբ ընդունում է նորադարձներին: Օրինակ, մորիսկները (մկրտված մահմեդականները) կամ մարրաները (մկրտված հրեաները) Իսպանիայում կամ քրիստոնեացված հրեաները նացիստական Գերմանիայում այդպես էլ չդարձան տեղական հասարակությունների մասը:

Նույնիսկ մեր օրերում հնդիկները համոզված են, որ հինդուիզմը միայն հնդիկների ծննդյան իրավունքով ձեռք բերված հատկանիշ է: Ամեն դեպքում, վերջին կես դարի ընթացքում Հնդկաստանում եւ Ինդոնեզիայում ակտիվացել է նախկինում այլ կրոններ տեղափոխված ավանդական հինդուիստական ընտանիքների ներկայացուցիչների վերադարձը հինդուիզմ: Խնդիր է առաջանում միայն, երբ կրոնադարձը հնդկական ընտանիքից չէ. այս դեպքում անհասկանալի է, թե ինչպես որոշել նորադարձ հինդուիստի կաստայական պատկանելությունը:

Բուդդայականությունն ակտիվ նորադարձության կրոն է, թեեւ գործող դալայ-լամա Տենցին Գյատցոն չի խրախուսում առանց նախապատրաստության հավատադարձությունը: Սակայն 20-րդ դարի երկրորդ կեսից այն չափազանց գրավիչ է դարձել Արեւմուտքում` մշակութային գործիչների եւ Հնդկաստանում` ցածր կաստաների ներկայացուցիչների շրջանում (կաստայական բաժանման բացակայության պատճառով):

Իսլամը համարում է, որ բոլորն ի սկզբանե մահմեդական են ծնվում, սակայն մարդ երբեմն կարիք ունի լրացուցիչ քայլեր կատարել «իսկական» կրոն վերադառնալու համար:

Իսլամում կրոնափոխությունը կայացած է համարվում, երբ կատարվում է իսլամի հինգ սկզբունքներից մեկը` անկեղծորեն արտասանվում է շահադան, ընդունելով, որ «չկա Աստված բացի Ալլահից, եւ Մուհամեդը նրա մարգարեն է»:

Մեր օրերում իսլամում ցանկալի է նաեւ վավերացնել նորադարձությունը հատուկ փաստաթղթով, որը կարող է տրվել «վստահություն ներշնչող» իսլամական կենտրոնի, կազմակերպության կամ մզկիթի կողմից: Նման վավերագրերն անհրաժեշտ են ամուսնության հաստատման, ինչպես նաեւ Մեքքա եւ Մեդինա ուխտագնացություն կատարելու համար: Նորադարձ մահմեդականը պետք է ծանոթանա իսլամական պրակտիկային եւ կատարի մշտապես աղոթելու պահանջը:

Մի շարք կրոններ կամ կրոնական հոսանքներ` դրուզները, եզդիները, մանդեյները, արգելում են հավատափոխության ցանկացած ձեւ:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը կրոնափոխությունը համարում է յուրաքանչյուր մարդու ազատություններից մեկը` հենվելով խղճի ազատության հիմնարար ազատության վրա:

Իսլամական վերածնունդ

20-րդ դարում իսլամը չափազանց ակտիվ եւ հաջող կերպով տարածվեց ամբողջ աշխարհում: Հատկապես շեշտակի էին աճի տեմպերը Աֆրիկյան մայրցամաքում եւ աֆրոամերիկացիների շրջանում: Տասնյակ հազարներով են հաշվարկվում քրիստոնեությունից տեղափոխված նորադարձ մահմեդականները Եվրոպայում:

Կան մի քանի հիմնական պատճառներ, որոնք խթանում են իսլամին անցնելու գործընթացը:

Իսլամը հասկանալի է. Ղուրանն ու շարիաթը պատասխաններ են տալիս գրեթե բոլոր հարցերին: Այս կրոնում մարդը շրջապատված չէ խորհրդավոր, հասարակ մահկանացուին անհասանելի երեւույթների եւ արարողակարգի պատնեշով:

Մյուս կողմից` ինտելեկտուալների համար իսլամում նույնպես կա հանգրվան` սուֆիզմը, որտեղ կարելի է գտնել ասկետիզմով եւ բարձր հոգեւոր պոեզիայուվ պարուրված բազմադարյա մշակույթ:

Հետաքրքիր է, որ իսլամի գրավչության գրավականներից է համարվում նաեւ նրա ավանդապաշտությունը: Երբ քրիստոնեական գրեթե բոլոր ուղղությունները շեշտը դրեցին վերափոխման վրա` ավելի հասկանալի դառնալու համար, նրանք սկսեցին կորցնել հավատացյալներին: Նորադարձներից շատերն այս ճանապարհով փորձում են փախչել արեւմտյան նյութական, սպառողական հասարակությունից:

Ամենաշատը իսլամ են ընդունում այն քրիստոնյաները, որոնք ապրում են մուսուլմանական շրջապատում: Հաճախ այլ մշակույթով, ավանդույթներով եւ կրոնով շրջապատված մարդն իրեն լքված, օտարված է զգում: Այս խնդիրների ամենաարդյունավետ լուծման համար նա դիմում է քայլերի, որոնք կարող են բարելավել եւ ամրապնդել իր դիրքը հասարակությունում` ընդունում է մեծամասնության կրոնը եւ դրանով ապահովում իր մուտքը համայնք (ումմա): Համայնքում նորադարձ մուսուլմանը նոր շրջապատ է ձեռք բերում, ընկերակցություն եւ հովանավորություն: Ումման ունի ներքին գաղափարախոսություն, որը նորադարձի գոյությանն իմաստ է տալիս, եւ նոր մանմեդականը շուտով իրեն ումմայից դուրս չի պատկերացնում:

Շատ հաճախ իսլամ են ընդունում ամուսնությունից հետո: Իսլամը պարտադրում է, որ մահմեդական աղջկա հետ ամուսնացողն ընդունի մուսուլմանություն, եւ այս դրույթը, որպես կանոն, պահպանվում է: Մահմեդականի հետ ամուսնացող այլադավան աղջկա դիմաց շարիաթը նման պարտադրանք չի դնում, սակայն կրոնափոխությունն այս դեպքում մեծ մասամբ տեղի է ունենում:

Զանգվածաբար իսլամ ընդունելու պատճառներից է նաեւ եռանդուն իրականացվող միսիոներական գործունեությունը: Կիրառվում են ամենաբազմազան մեթոդներ եւ հնարքներ, օգտագործվում միջազգային մուսուլմանական կազմակերպությունների հսկայական դրամական միջոցները:

ԱՄՆ-ում մահմեդական քարոզիչները հիմնական շեշտը դնում են բանտերի վրա: Օրինակ` Սաուդյան Արաբիայի դեսպանատունը Ղուրան եւ իսլամի մասին նկարահանված տեսաֆիլմեր է ուղարկում ամերիկյան բանտեր: Արաբերենի ուսուցիչներ, իսլամի կանոններին համապատասխան կերակուր եւ հատուկ «Բացահայտիր քեզ համար իսլամը» կրթական փաթեթներ են մատակարարվում:

Զանգվածաբար կառուցվում են մզկիթներ, որոնք անմիջապես դառնում են քարոզչության կենտրոններ եւ հետագայում ավելացնում նորադարձների թիվը: Վերջիններս շատ արագ խմբեր են ձեւավորում, դառնում իմամներ եւ ակտիվորեն քարոզում հայրենակիցների շրջանում: Որոշ թվով նորադարձներ առաջանում են զբոսաշրջության հետեւանքով:

Իսլամն ակտիվորեն տարածվում է այն երկրներում, որտեղ կրոնի դիրքերն այդքան էլ ամուր չեն: Օրինակ, շնորհիվ ակտիվ մուսուլմանական քարոզչության, Ֆրանսիան այսօր ունի ամենամեծ թվով իսլամական կրոնափոխներ` մոտ 50-70 հազար (բուդդայականություն ընդունածների թիվն այս երկրում երկու անգամ ավելի մեծ է): Գաղտնիքը ոչ այնքան իսլամի հատուկ քաղաքականության, որքան ֆրանսիական հասարակության ներսում առկա խնդիրների մեջ է. աշխարհիկությունը կտրում է կապը քրիստոնեական մշակութային եւ կրոնական ժառանգության հետ:

Ահաբեկչության նոր զինվորները

Կրոնադարձները վերջին տարիներին հայտնվել են միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, քանի որ ահաբեկչական գործողություններին շատ հաճախ մասնակցում կամ փորձում են մասնակցել կրոնափոխ մահմեդականներ:

Միջազգային հակաահաբեկչական քաղաքականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Լեուվեն Պազը համարում է, որ «նոր մահմեդականներն» ավելի հաճախ են ներգրավվում ահաբեկչական գործողությունների մեջ: Նրանք իսլամի «նոր գաղտնի զենքն» են:

Այս մասին է վկայում 2005թ. նոյեմբերին իսլամիստական կայքերից մեկում զետեղված «Համաշխարհային իսլամական մեդիա-ճակատի» հայտարարությունն այն մասին, որ «ալ-Կաիդայի նոր զինվորները ծնվել են Եվրոպայում` եվրոպական քրիստոնեական ծնողներից: Նրանք ալկոհոլ են օգտագործում եւ խոզի միս են ուտում, բայց ալ-Կաիդան ընդունում է նրանց, քանզի նրանք ընդունեցին իսլամը գաղտնի, ընդունեցին ալ-Կաիդայի փիլիսոփայությունը եւ պատրաստ են զենք կիրառել: Նրանք քայլում են Եվրոպայի եւ Ամերիկայի փողոցներով եւ նոր հարձակումներ նախապատրաստում»:

Տարբեր տվյալներով` նորադարձները կազմում են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների 3-8 տոկոսը:

Առաջին օրինակը 2001թ. Աֆղանստանում ձերբակալված Ջոն Ուոլքեր Լինդն (նույն ինքը` Խամզան կամ Սուլեյման ալ-Ֆարիս) էր, որն իսլամ էր ընդունել Լոս Անջելեսում եւ համալրել Թալիբանի շարքերը:

Դրանից մի քանի շաբաթ անց անգլիացի Ռիչարդ Ռեյդը (Թարիք Ռաջա կամ Աբդել Ռահիմ), որն իսլամ էր ընդունել բանտում, փորձեց կոշիկի մեջ տեղադրված ռումբի միջոցով պայթեցնել Փարիզից Մայամի թռչող ուղևորատար օդանավը:

2002թ. մայիսին ամերիկյան հատուկ ծառայությունները ձերբակալեցին Խոսե Պադիլային (Աբդուլա ալ-Մուհաջիր), որը նույնպես իսլամ ընդունել էր բանտում եւ ծրագրել էր ալ-Կաիդայի հանձնարարությամբ «կեղտոտ» ատոմային ռումբի պայթյուն իրականացնել ԱՄՆ-ում:

Նորահայտ մահմեդական էր նաեւ 2001թ. սեպտեմբերի 11-ի գործով միակ դատապարտվածը` Զաքարիա Մուսաուին, ինչպես նաեւ 2005թ. նոյեմբերին Իրաքում կին ինքնասպան-ահաբեկիչ, բելգիացի Մյուրիել Դեգոքը:

Ահաբեկչության ճանապարհին կանգնած նորադարձ մահմեդականներ ձերբակալվել են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Գերմանիայում, Ավստրալիայում, Բելգիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Հնդկաստանում եւ Ֆիլիպիններում:

Թեեւ մինչ այժմ մեծ մասամբ հնարավոր է եղել կանխել նորադարձների կազմակերպած ահաբեկչական գործողությունները, սակայն նրանց հիմնական նպատակներից մեկը` արեւմտյան հասարակություններն ահաբեկելը, իրականացավ: Եվրոպացիները եւ ամերիկացիները սարսափի մեջ են` թշնամին վերջնականապես ձուլվել է ամբոխում: Պարզ է դարձել, որ ահաբեկիչ կարող է լինել ոչ թե օտարազգի, արեւելյան արտաքին ունեցող մեկը, այլ ընդհանրապես յուրաքանչյուր անցորդ:

Հիմնական վտանգը գալիս է նրանց «եվրոպական արտաքինից», որը թույլ է տալիս ավելի հեշտությամբ խառնվել ամբոխի հետ եւ աչքի չընկնել եվրոպական քաղաքներում: Բացի այդ, ունենալով եվրոպական քաղաքացիություն` նրանք առանց դժվարության կարող են տեղափոխվել Եվրոպայի ցանկացած երկիր եւ ԱՄՆ` օգտագործելով հեշտացված վիզային ռեժիմը եւ խուսափելով մաքսային ձեւականություններից: Եվրոպայում ծնված եւ մեծացած նորահայտ մահմեդականները նաեւ չեն առանձնանում ընդհանուր միջավայրից` շնորհիվ իրենց լեզուների, կենսաձեւի եւ արեւմտյան երկրների սովորույթների լավ իմացության:

Վերլուծելով նորադարձների կենսագրությունները` կարելի է մի քանի ընդհանրություն նկատել: Նրանք հիմնականում սերում են անբարեկեցիկ ընտանիքներից, ընդամենը հինգերորդ մասը բարձրագույն կրթություն ունի, իսկ իսլամ ընդունել են շատ երիտասարդ տարիքում: Նրանց 80 տոկոսը նախկինում տարբեր հանցանքների համար ձերբակալվել է. շատ դեպքերում նոր կրոնի ընդունումը նոր կյանք սկսելու փորձ է: Նրանք բավարարված չեն ժամանակակից հասարակության վիճակով եւ փորձում են ճանապարհ գտնել այս հասարակությունը փոխելու համար: Նրանք իսլամում գտնում են համապատասխան միջավայր:

Նորադարձ մահմեդականների սոցիալական պատկերը հստակ տարբերվում է մահմեդական երկրներում ծնված իսլամական ահաբեկիչներից, որոնք հիմնականում միջին եւ բարձր դասի ներկայացուցիչներ են, բավական չափավոր կրոնական հայացքներ ունեցող ընտանիքներից: Նրանց մեծ մասը բարձրագույն կրթություն ունի, եւ շատ քչերն ունեն քրեական անցյալ:

Հավատափոխ մահմեդականները հաճախ աչքի են ընկնում այլ հայացքների նկատմամբ ընդգծված անհանդուրժողականությամբ, ավելի ծայրահեղ են եւ հակված զոհաբերության, ինչով փորձում են ապացուցել հավատարմությունը նոր կրոնին: Հենց սա էլ օգտագործվում է ծայրահեղական իսլամական կազմակերպությունների կողմից:

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ գաղափարախոսական փակուղում հայտնված Եվրոպան ապրում է հավատափոխության մի շրջան, երբ մեծ չափերով իսլամ են ընդունում բուն եվրոպացիները:

Բացի այդ, եթե նախկինում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար օգտագործվում էին Եվրոպայում ծնված, բայց ավանդական մահմեդականները (օրինակ` հոլանդական ռեժիսոր Թեո վան Գոգի սպանության կամ Մադրիդում եւ Լոնդոնում ահաբեկչական գործողություններ իրականացնողները), ապա այժմ մարտավարություն է դարձել հավատափոխ բնիկ եվրոպացիների հավաքագրումը եւ օգտագործումը:

Մինչեւ վերջին ժամանակները ջիհադը եւ նրա ծնած ահաբեկչությունն ընկալվում էին իբրեւ երեւույթ, որն առաջանում է աշխարհի մեկուսացված եւ «հիվանդ» ծայրամասերում, իսկ հետո արտահանվում Արեւմուտք. այս դեպքում կարելի էր պատնեշվել այդ վտանգավոր աշխարհամասերից կամ փորձել լուծել խնդիրը հենց իր աղբյուրում: Հիմա իրավիճակն այլ է, քանի որ արմատական իսլամիզմի աղբյուրը նաեւ Եվրոպայում է, եւ այս պատճառով դրա դեմ պայքարելն անհամեմատ ավելի դժվար է դառնում:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր