• am
  • ru
  • en
Версия для печати
25.02.2009

ԻՍՐԱՅԵԼԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ

   

Սուրեն Մանուկյան

Հունվարի 29-ին, Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում` Գազայում Իսրայելի կողմից իրականացված գործողության քննարկման ժամանակ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը բավական կոշտ մեղադրանքներ ներկայացրեց Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին: Այս զգայական վեճը բացահայտեց Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունների սառեցումը եւ բարձրացրեց երկու երկրների հարաբերությունների ապագայի հարցը: Պարզ է դառնում, որ կողմերն անխուսափելիորեն վերարժեւորելու են սեփական քաղաքականության որոշ սկզբունքներ ու մոտեցումներ, եւ այս պարագայում վերլուծությունների մեջ հաճախ է հանդիպում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության քննարկումը:

Խորհրդանշական է, որ դավոսյան ընդհարման մեջ կա եւս մեկ, միգուցե աննշան նրբություն: Քննարկումը վարողը, որին վեճից հետո կազմակերպված ասուլիսին Էրդողանը կատարվածի ամենամեծ մեղավորը համարեց, «Վաշինգտոն փոստ»-ի աշխատակից, ազգությամբ հայ Դեյվիդ Իգնատիուսն էր:

Հրեաների կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու երեւույթը մշտապես հարցեր է առաջացրել: Մի պետություն, որը ստեղծվեց ցեղասպանություն ապրած ժողովրդի կողմից, թվում էր, թե չպետք է որեւէ երկընտրանք կամ տատանում ունենար XX դարի առաջին ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցում: Մինչդեռ հակառակն է. Իսրայելը ոչ միայն չի ընդունում Հայոց ցեղասպանությունը, այլեւ որոշակիորեն խոչընդոտում է դրա ճանաչման գործընթացին, իսկ երբեմն հանդես է գալիս այն ժխտելու ուղղությամբ:

1982թ., երբ Թել Ավիվում կազմակերպվում էր Հոլոքոստին եւ ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողով, թուրքական կառավարությունը բողոք ներկայացրեց Հայոց ցեղասպանության թեմայով զեկույցների առկայության դեմ: Իսրայելի Արտաքին գործերի նախարարությունը պահանջեց բացառել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ցանկացած ելույթ, քանզի դա կարող էր վնասել թուրք-իսրայելական հարաբերություններին: Հոլոքոստը վերապրած, Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզերը նույնիսկ հանվեց մասնակիցների ցանկից, իսկ գիտաժողովը մոտ էր տապալման: Սակայն այն կայացավ, իսկ Հայոց ցեղասպանության մասին խոսեց աշխարհի ամենահայտնի ցեղասպանագետներից մեկը` Իսրայել Չարնին, որին անձամբ նախարար Շիմոն Պերեսը փորձել էր համոզել` հրաժարվել այս հարցը բարձրացնելուց:

Ընդհանրապես Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ Պերեսի անունը շատ անգամներ է հանդիպում: 2001թ. ապրիլին նա Իսրայելի արտգործնախարարի պաշտոնում Թուրքիա կատարելիք այցից առաջ հարցազրույց տվեց թուրքական «Անատոլիա» լրատվական գործակալությանը` հայտարարելով. «Մենք մերժում ենք Հոլոքոստի եւ հայկական հավաստիացումների միջեւ նմանություն ստեղծելու փորձերը: Հոլոքոստը նման չէ ոչ մի բանի: Այն, ինչի միջով անցել են հայերը, ողբերգություն է, բայց ոչ` ցեղասպանություն»: Նա նաեւ կոչ արեց ավելի մեծ զգուշությամբ վերաբերվել նման հարցերին, որպեսզի չխեղաթյուրվի պատմական ճշմարտությունը: «Թըրքիշ դեյլի նյուզ» թերթում տպագրված այս հայտարարությունը բավական մեծ աղմուկ առաջացրեց, իսկ ամենատպավորիչ պատասխանը Շ.Պերեսին տվեց նույն Իսրայել Չարնին` 2001թ. ապրիլի 12-ի իր բաց նամակում: Հիշեցնելով, որ 2000թ. Ֆիլադելֆիայում Հոլոքոստին նվիրված գիտաժողովի ժամանակ բազմաթիվ ուսումնասիրողներ, այդ թվում նաեւ իսրայելական պատմաբաններ, հայտարարություն էին ստորագրել, որում հաստատում էին հայերի ցեղասպանության իրողությունը, իսկ ավելի վաղ` 1997թ., Ցեղասպանություններն ուսումնասիրողների ընկերակցությունն ամբողջ կազմով միաձայն քվեարկել էր մի բանաձեւի օգտին, որը սահմանում էր, որ հայերը լայնամասշտաբ ցեղասպանության են ենթարկվել, նա գրում էր. «Հայտնում եմ Ձեզ իմ մեծագույն հարգանքի հավաստիքը` Իսրայելի անվտանգության, զարգացման ու խաղաղության գործին Ձեր հսկայական ներդրման համար: Այնուամենայնիվ, ես երկար տարիներ չեմ կիսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ձեր դիրքորոշումը... Ինձ թվում է, որ Դուք անցել եք բարոյական այն սահմանը, որը չպետք է թույլ տա իրեն անցնել ոչ մի հրեա... Թեեւ ես համաձայն չեմ Ձեզ հետ, սակայն, հնարավոր է, որ Իսրայել պետության շահերի Ձեր ավելի լայն ընկալման պարագայում, Դուք պարտադրված եք շրջանցել այս հարցը եւ ձեռնպահ մնալ Թուրքիայի առջեւ այն դնելուց, բայց ես, իբրեւ հրեա եւ իսրայելցի, ամաչում եմ, որ այժմ Հայոց ցեղասպանության փաստացի հերքման մեջ Դուք գնացիք այնքան հեռու, որ դա նման է Հոլոքոստի ժխտմանը»:

Հրեական ակադեմիական շրջանակների վերաբերմունքը

Վերոնշյալը հստակ ցույց է տալիս, որ Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում միակարծություն գոյություն չունի: Պետական եւ գիտական շրջանակներն իրարամերժ դիրքերում են գտնվում:

Հրեական ակադեմիական շրջանակները գրեթե միաբերան ընդունում են հայերի դեմ իրականացված մեծ ոճիրը: Հոլոքոստի ինստիտուտի տնօրեն եւ «Ցեղասպանության հանրագիտարանի» գլխավոր խմբագիր Իսրայել Չարնին գրում է. «Հայոց ցեղասպանությունը հատկանշական է շատ պարագաներով, այդ թվում նաեւ նրանով, որ XX դարաշրջանում այն զանգվածային ցեղասպանության ամենավաղ օրինակն է, որը շատերը համարում են Հոլոքոստի փորձարկում… Հայերի ցեղասպանությունը մանրակրկիտ կազմակերպված եւ պետության կողմից կառավարվող, կանխամտածված ցեղասպանության վառ օրինակ է»:

Հրեական ծագմամբ ամերիկյան գիտնական Իեգուդա Բաուերը նշում է, որ «հայ ժողովրդի կոտորածը թուրքական Անատոլիայում նման է Հոլոքոստին: Հայ ժողովրդի զանգվածային ոչնչացումն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հոլոքոստի նախակարապետն է: Եթե համեմատենք օսմանյան վարչակարգի կողմից սպանված հայերի թիվը Թուրքիայում ապրող հայերի ընդհանուր թվի հետ, ապա զոհերի թիվը գերազանցում է կամ առնվազն հավասար է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նահատակված հրեաների համամասնությանը: Հայերի դեպքը Հոլոքոստի ամենամոտ նմանօրինակն է»:

Երուսաղեմի Հրեական համալսարանի դասախոս Մորդեխայ Նիսանը հավաստիացնում է. «Հայերը վերապրել են ցեղասպանություն, տեղահանություն եւ սփռվել [ամբողջ աշխարհում], նրանց պատմական հայրենիքի մեծ մասը մնացել է առանց հայերի եւ հայտնվել թուրքական կառավարման տակ»:

Ամերիկացի մարդաբան Ռիչարդ Ռուբինշթեյնը կարծում է, որ «Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում թուրքական կառավարության կողմից ընդունված գիտակցական որոշումը` վերափոխել թուրքական հասարակությունը Թուրքիայի քրիստոնեական հայկական բնակչության համակարգված ոչնչացման միջոցով, կանխորոշում էր եվրոպական հրեաների ոչնչացումը` մեթոդներով, չափերով եւ մտահղացմամբ»:

Իսրայելի պաշտոնական շրջանակների դիրքորոշումը

Թեեւ պաշտոնական Իսրայելն ընդունում է հայերի հետ տեղի ունեցած ողբերգությունը եւ փորձում խուսափել դիրքորոշման արտահայտումից` զերծ մնալով ինչպես ցեղասպանություն բառն օգտագործելուց, այնպես էլ երեւույթը միանշանակ ժխտելուց, սակայն Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցներ կան նաեւ իսրայելական իշխանության մեջ: Այսպես, 2000թ. Իսրայելի կրթության նախարար Յոսի Սարիդը, հանդես գալով Իսրայելի հայկական համայնքի առջեւ, հայտարարեց, որ «որպես մարդ, հրեա, իսրայելցի եւ Իսրայել պետության կրթության նախարար» ըմբռնումով եւ կարեկցանքով է վերաբերվում հայ ժողովրդի ազգային ողբերգությանը, որը նա որակեց իբրեւ «ժամանակակից պատմության ամենասարսափելի գործողություններից»` հիշատակելով նաեւ ազգությամբ հրեա Հենրի Մորգենթաուին, որն Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպանն էր ցեղասպանության տարիներին: Նա նաեւ խոստացավ անել հնարավոր ամեն ինչ, որ իսրայելցի երեխաները սովորեն եւ իմանան Հայոց ցեղասպանության մասին:

Մեկ այլ իսրայելյան պաշտոնյա` արդարադատության նախարար Յոսսի Բեյլինը, պատասխանելով Իսրայելում Թուրքիայի դեսպանի հայտարարություններին, ասաց. «Դա պատերազմ չէր: Դա ուղղակի կոտորած էր եւ ցեղասպանություն, մի բան, որ աշխարհը պարտավոր է հիշել»:

Հետագայում, սակայն, կառավարությունում փորձեցին մեղմել այս հայտարարությունները` անվանելով երկու նախարարների խոսքերը անձնական կարծիք եւ ոչ թե պետության քաղաքականության արտահայտում:

2005թ. գարնանը, երկկողմանի հարաբերությունների պատմության մեջ ամենախոշոր հայկական պատվիրակության այցելության ժամանակ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն բնորոշեց այն իբրեւ հայերի եւ հրեաների միջեւ հարաբերությունների նոր դարաշրջանի սկիզբ:

Նույն 2005թ. իսրայելական պատվիրակությունը պատասխան այց կատարեց Երեւան, իսկ Իսրայելի գլխավոր րաբբի Յոնա Մեցգերը, որն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծառ տնկեց հիշատակի պուրակում:

Էհուդ Օլմերթի կառավարությունն այդ հարցում փորձեց ավելի զգույշ լինել: Այս առումով հետաքրքրական է առողջապահության նախարար Յակով Բեն-Իզրիի 2008թ. սեպտեմբերի հայտարարությունը. «Հրեական ժողովուրդը հատուկ համակրանք եւ հարգանք է տածում հայերի նկատմամբ, քանի որ նրանք նույնպես կոտորածի են ենթարկվել… Իսրայելի կառավարությունը երբեք չի ժխտել 1915թ. սարսափելի ջարդերը, հասկանում է եւ կիսում հայ ժողովրդի զգացմունքները` հաշվի առնելով զոհերի թիվը եւ ահավոր կորուստները»:

Վերջին տարիներին իսրայելական խորհրդարանում` Կնեսեթում նույնպես ավելացել է այն պատգամավորների թիվը, որոնք կարծում են, թե ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում Իսրայելը պետք է լինի Վաշինգտոնի օրինակին հետեւող առաջին պետությունը:

2008թ. մարտի 26-ին Կնեսեթում առաջին անգամ բարձրացվեց Հայոց ցեղասպանության հարցը: Պատգամավոր Խաիմ Օրոնը (Մերեց կուսակցություն) առաջարկեց քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը: Հիշեցնելով, որ վերջին տարիներին ԱՄՆ Կոնգրեսը եւ Ֆրանսիայի խորհրդարանը ընդունել են բանաձեւեր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, նա նշեց, որ այս պայմաններում «անհնար է, որ հրեա ազգը չխոսի դրա մասին»: Կառավարությունը ներկայացնող Շալոմ Սիմհոնը (Ավոդա կուսակցություն), մերժելով տվյալ հարցի քննարկումը լիագումար նիստին դնելու գաղափարը, պաշտպանեց իշխող Քադիմա կուսակցությունը ներկայացնող, հայ-իսրայելական խորհրդարանական ընկերակցության նախագահ Զեեւ Էլկինի նախաձեռնությունը` հարցը տեղափոխել կրթության հանձնաժողով: Հատկանշական է, որ նիստին ներկա գտնվող եւ հարցին կողմ քվեարկած պատգամավորները պատկանում էին ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական կուսակցություններին:

Սակայն հարցի քննարկում այդպես էլ տեղի չունեցավ, իսկ Զեեւ Էլկինը խոստացավ, որ այս հարցը եւս մեկ անգամ բարձրացնելու է 2009թ. խորհրդարանի արդեն նոր կազմի առջեւ:

Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիա–Իսրայել ռազմավարական դաշինքը

Հայոց ցեղասպանության չճանաչման առաջին պատճառներից է Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ գոյություն ունեցող սերտ ռազմավարական դաշինքը, որը ձեւավորվել է դեռ հրեական պետության ստեղծման առաջին օրերից: 1949թ. Թուրքական հանրապետությունը դարձավ Իսրայելը ճանաչած առաջին մուսուլմանական պետությունը: Թել Ավիվի համար այն հսկայական նշանակություն ունեցավ, քանի որ սրանով որոշակիորեն ճեղքվում էր տարածաշրջանային շրջափակումը եւ երկիրը ձեռք էր բերում Մերձավոր Արեւելքում կարեւոր մի դաշնակից: Թուրքիան դառնում էր տարածաշրջանային այն եզակի երկրներից, որը ճանաչել էր Իսրայելի գոյության իրավունքը:

Հարաբերությունների շարունակականությունը պահպանելու համար Իսրայելը պատրաստ էր գնալ ցանկացած զիջման, այդ թվում եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հրաժարման: Ըստ «The California Courier»-ի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի, «Իսրայելի առաջնորդները պատրաստ են զոհել պատմական ճշմարտությունը հանուն Թուրքիայի հետ ռազմավարական կապերի»:

Օրինակ, 1990-ականների վերջերին Իսրայելի իշխանությունները ստիպեցին հանել դպրոցական դասագրքերից Հայոց ցեղասպանության մասին նյութը: 2003թ. հայկական ծագմամբ մի իսրայելցի դայակ ընտրվել էր Անկախության օրվա միջոցառումների մաս կազմող լապտերի վառման ավանդական արարողության տասներկու մասնակիցներից մեկը: Այն տեքստը, որ նա գրել էր կառավարության կողմից պատրաստված գրքույկում, նկարագրում էր իրեն իբրեւ «1915թ. հայկական Հոլոքոստի վերապրողների երրորդ սերնդի ներկայացուցիչ»: Սակայն թուրքական դեսպանատան բողոքների հետեւանքով 2000 տպաքանակով նոր գրքույկներ վերահրատարակվեցին` այս անգամ այն գրությամբ, որ նա բազմաչարչար հայ ժողովրդի դուստր է եւ նրա նախնիները վերապրողներ են պատմական Հայաստանից»:

Թուրք-իսրայելական համագործակցությունը հստակ կերպով առնչվում է նաեւ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ տարվող աշխատանքի հետ: Հրեական լոբբիստական կազմակերպությունները տարիներ շարունակ հանդես են եկել ԱՄՆ-ում այդ հարցի շուրջ առաջադրվող բանաձեւերի, ինչպես նաեւ այլ հարակից հարցերի դեմ` անզիջում պայքար մղելով հայկական համանման կազմակերպությունների հետ: Օրինակ, հրեական լոբբին ակտիվ կերպով դիմադրեց ԱՄՆ Կոնգրեսի այն ուղղմանը, որն արգելելու էր Թուրքիային օգտագործել Վաշինգտոնից ստացած միջոցները Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար (օրինակ, դպրոցական այնպիսի դասագրքերի տպագրում, որը չի հիշատակում Առաջին աշխարհամարտի ողբերգական դեպքերը): Ամերիկա-հրեական կազմակերպությունը եւ անձամբ ԱՄՆ արտգործնախարարը զգալի ջանքեր գործադրեցին 2000թ. Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի տապալման ուղղությամբ:

Նույն ջանասիրությամբ Շիմոն Պերեսը աշխատեց հրեական լոբբիստական ընկերությունների հետ, երբ 2007թ. ամռանը Էրդողանի խնդրանքով համոզում էր Ընդդեմ խտրականության լիգային (ADL) չճանաչել Հայոց ցեղասպանությունը, կամ երբ 2007թ. հոկտեմբերին հորդորում էր հրեական խմբերին աշխատել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունված 106 բանաձեւը ձախողելու ուղղությամբ:

Հոլոքոստի եզակիության դրույթը

Սակայն կա եւս մեկ պատճառ, որը ոչ մի կապ չունի աշխարհաքաղաքական զարգացումների եւ պետությունների բարեկամական հարաբերությունների հետ: Եթե շատ պետությունների պարագայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշումը պայմանավորված է Թուրքիայի հետ հարաբերությունների որակով, ապա Իսրայելի դեպքում խնդիրը նաեւ այլ հարթության վրա է:

Այստեղ առկա է մի հոգեբանական նրբություն: Հայերի հետ կատարվածը ցեղասպանություն անվանելով` երեւույթն ավելի է նույնացվում հրեական ողջակիզման հետ, ինչն իսրայելական հասարակությանը շատ դժվարությամբ է տրվելու, քանի որ հրեաների գիտակցության մեջ ամուր նստած է այն թեզը, որ «հրեական Հոլոքոստը եզակի, ունիկալ երեւույթ է»: Ի դեպ, Հոլոքոստի եզակիությունը նշող ձայները պատճառաբանում են այն հետեւյալ դրույթով, որ հայերի կողմից իսլամի ընդունումը թույլ էր տալիս խուսափել մահից, քանի որ դարասկզբին թուրքերը ոչնչացնում էին հայերին միայն այն պատճառով, որ համարում էին քրիստոնյաներին «անհուսալի» եւ ռուսամետ: Իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հրեաները փրկվելու ոչ մի հնարավորություն չունեին` դավանափոխության կամ մի այլ ճանապարհով: Իրականում, սակայն, այս դրույթը միայն հաստատում է Հայոց ցեղասպանության փաստը, քանի որ ըստ Ցեղասպանության կանխման եւ պատժի մասին ՄԱԿ կոնվենցիայի` «մարդկանց խմբից բռնությամբ մեկ այլ խումբ տեղափոխելը» նույնպես ցեղասպանության իրականացման հատկանիշ է:

2002թ. փետրվարի 8-ին Վրաստանում եւ Հայաստանում Իսրայելի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիվկա Քոհենը հայտարարեց, որ «Հոլոքոստը աննախադեպ երեւույթ է եւ ոչինչ, այդ թվում նաեւ հայերի ողբերգությունը, չի կարելի համեմատել հրեաների ցեղասպանության հետ»: Սա, բնականաբար, առաջացրեց պաշտոնական Երեւանի վրդովմունքը, եւ Հայաստանի ԱԳՆ-ն իսրայելական դեսպանի հայտարարության վերաբերյալ իր բողոքի նոտայում ընդգծեց, որ «Հայաստանը անընդունելի է համարում Հայոց ցեղասպանության հերքման կամ նվազեցման ցանկացած փորձ, ինչ պատճառաբանությամբ էլ այն արվի: Ավելին, Հայաստանը երբեք նպատակ չի ունեցել զուգահեռներ անցկացնել Հայոց ցեղասպանության եւ հրեական Հոլոքոստի միջեւ, համարելով, որ մարդկության դեմ կատարված ցանկացած հանցագործություն աննախադեպ է իր քաղաքական, իրավական, պատմական եւ բարոյական հետեւանքներով»:

Իսրայելական ղեկավարությունը ստիպված էր հայտարարել, որ Իսրայելը ընդունում է հայ ժողովրդի ողբերգությունը, սակայն նորից շեշտում էր, որ պետք չէ այն նույնացնել ցեղասպանության հետ, ինչը, սակայն, չի նվազեցնում ողբերգության նշանակությունը: Հայտարարությունում նաեւ նշվում էր, որ երկու կողմում էմոցիաների առկայությունը հասկանալի է (sic!), եւ որ լայն հետազոտության եւ վկայությունների ու ապացույցների վրա հիմնված գիտական երկխոսության կարիք կա:

Այս խայտառակ հայտարարությունից հետո ցեղասպանագետ Յաիր Օրոնը պատասխան տպագրեց «Հաարեց» թերթում. «Մենք չենք կարող չնկատել այդ սարսափելի հայտարարության պատմական նշանակությունը: Չկա հիշատակություն մարդասպանի մասին... սակայն սրա հետ մեկտեղ հիշատակվում է երկու կողմերի համար, թուրքերի եւ հայերի, էմոցիաների տեղին լինելու փաստը (պատկերացրեք, եթե հրեաները եւ գերմանացիները միասին հիշատակվեին Հոլոքոստի դեպքում) եւ, իհարկե, հիշատակվում է Հոլոքոստի եզակիությունը: Այս վտանգավոր պաշտոնական հայտարարությունում կա շատ ցինիզմ, մեծամտություն, ներքին հակասություն եւ անպատասխանատվություն: Նրանում Իսրայելը անցնում է պասիվ ժխտողականությունից ակտիվի: Այն հարցականի տակ է դնում ցեղասպանության պատմության ուսումնասիրության նշանակությունն ու պատեհությունը: Իմ կարծիքով, այն պղծում է Հոլոքոստի զոհերի հիշատակը եւ նրա նշանակությունը: Այն փաստը, որ քաղաքական գործիչները, ԶԼՄ-ն եւ ակադեմիական շրջանակները անհարգալից վերաբերմունք են դրսեւորում այսպիսի նշանակալից դեպքի հանդեպ, միայն ցուցադրում է մեր բարոյական սնանկության խորությունը: Ես, իբրեւ իսրայելցի հրեա, կարող եմ միայն ներողություն հայցել յուրաքանչյուր հայից եւ հավաստիացնել հայ ժողովրդին, որ Իսրայելում կան մարդիկ, որոնք չեն հանգստանա, մինչեւ իրենց պետությունը չվերանայի իր անբարոյական եւ հակապատմական մոտեցումն այն ցեղասպանության հանդեպ, որին ենթարկվել է մեկ այլ ժողովուրդ»:

Հեռանկարներ

Դավոսյան հանդիպումը նոր զարգացումների հույսեր առաջացրեց: Նույնիսկ եղան կարծիքներ, որ Իսրայելը Թուրքիային պատժելու համար միայն կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Սակայն դա կարելի էր հավանական համարել, եթե չլիներ Հայոց ցեղասպանության չճանաչման երկրորդ պատճառը` Հոլոքոստի եզակիության խնդիրը: Սա ավելի կարեւոր եւ հրեական ինքնության համար չափազանց զգայուն հարց է: Եվ միայն թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումը, թերեւս, բավարար չէ սա հաղթահարելու համար: (Այս պարագայում հետաքրքրական է, որ Իսրայելի վարչապետի ամենահավանական թեկնածուն` Լիքուդ կուսակցության նախագահ Բենիամին Նաթանյահուն, օրինակ, խոստացել է ճանաչել ուկրաինական Հոլոդոմորը):

Ավելի հավանական զարգացում է թվում ԱՄՆ-ում գործող հրեական լոբբիստական կազմակերպությունների դիրքորոշման որոշակի փոփոխությունը: Հրեական կազմակերպությունների կողմից Թուրքիայի դիրքորոշման միանշանակ պաշտպանությունից հրաժարվելու գործընթացն արդեն սկսվել էր դեռ 2007թ.: Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունների վատթարացման դեպքում այս միտումը կարող է նոր թափ հավաքել եւ անշրջելի դառնալ: Այս դեպքում շատ մեծ է հավանականությունը, որ 106 բանաձեւի վերաբացման ժամանակ հրեական լոբբին կդադարի սատարել Անկարային եւ չի խոչընդոտի ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր