Սիրիան ԱՄՆ Մերձավորարևելյան քաղաքականության հանգուցակետում


Վերջին տարիներին Սիրիան կորցրել է այն հիմնական առավելությունները, որոնք երկիրը բարձրացնում էին տարածաշրջանային տերության կարգավիճակի: Խոսքը ԽՍՀՄ-ի հետ բարեկամության և Սիրիայի 30 տարվա նախագահ Հաֆեզ ալ-Ասադի գործոնի մասին է: ԽՍՀՄ փլուզումից հետո Դամասկոսը կորցրեց զորեղ բարեկամի, իսկ երկարամյա նախագահի մահը իշխանության բերեց նրա երիտասարդ որդի Բաշարին, որի քաղաքական անփորձությունը նախագահության առաջին շրջանում ակնհայտ էր:
Սիրիային նույնիսկ չօգնեց այն հանգամանքը, որ 2000թ. իշխանության գլուխ անցած երիտասարդ, բրիտանական կրթություն ստացած Բաշար ալ-Ասադը պատրաստակամություն դրսևորեց որոշակի ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել երկրում, իսկ 2001թ. սեպտեմբերյան ահաբեկչական գործողություններից հետո համագործակցության ձեռք մեկնեց Վաշինգտոնին` հետախուզական տվյալներ փոխանցելով «ալ-Կաիդայի» վերաբերյալ:
2002թ. փետրվարին Սիրիան Կուբայի և Լիբիայի հետ միասին լրացրեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հռչակած «չարի առանցքի» երկրների (Իրաք, Իրան և Հյուսիսային Կորեա) շարքը:
Այս պայմաններում չափազանց թուլացած և միջազգային դերակատարությունը զգալիորեն կորցրած Սիրիայի շարունակաբար հայտնվելը միակ գերտերության հետաքրքրությունների կիզակետում ունի շատ հստակ պատճառներ:
ԱՄՆ սիրիական թղթապանակը
ԱՄՆ մերձավորարևելյան քաղաքականությունում Սիրիան հանդես է գալիս մի քանի կերպարներով:
Սիրիան իբրև ահաբեկիչ
1979 թվականից ամեն տարի Սիրիան հայտնվում է ԱՄՆ Պետքարտուղարության կողմից հրապարակվող Ահաբեկչությանը սատարող երկրների ցուցակում, ինչն իր հետ բերում է որոշակի տնտեսական օժանդակության և առևտրի հետ կապված սահմանափակումներ և թույլ է տալիս ԱՄՆ-ին ժամանակ առ ժամանակ ճնշումներ գործադրել երկրի վրա: Հիմնական հանցանքը` Դամասկոսում մի շարք կազմակերպությունների գրասենյակների տեղակայումն է, որոնք մեղադրվում են ահաբեկչական գործունեության մեջ: Խոսքն, առաջին հերթին, ՀԱՄԱՍ-ի, Իսլամական ջիհադի, Քրդական բանվորական կուսակցության և Հիզբալլահի մասին է:
Այս հանգամանքը նպաստեց Սիրիայի` «չարի առանցքի» երկրների շարքում հայտնվելուն: 2002թ. արդեն հիշատակված հաշվետվության մեջ պետքարտուղարի տեղակալ Բոլթոնը հայտարարեց. «Ահաբեկչությանը սատարող երկրները պետք է կանգնեցվեն: Հակառակ դեպքում նրանք կդառնան մեր թիրախը»:
Սակայն այսօր Սիրիան հրաժարվում է ընդունել այս մեղադրանքը՝ հայտարարելով, որ երկրում չկան ահաբեկչական կազմակերպությունների գրասենյակներ, իսկ նշված կազմակերպությունները ներկայացված են երկրի մայրաքաղաքում միայն տեղեկատվական կենտրոնների տեսքով: Ավելին, երկիրն ինքը դարձավ «ալ-Կաիդայի» թիրախ. 2005թ. ապրիլին Դամասկոսի կենտրոնական թաղամասերից մեկում պայթյուններ որոտացին:
Սիրիան իբրև ոչ ժողովրդավար
Հաջորդ մեղադրանքը, որ հնչեցվում է Սիրիայի հասցեին, դա երկրի ոչ ժողովրդավարական վարչակարգն է: Ամերիկյան արտաքին քաղաքականության ուղեգծի տեսակետից` սա խոչընդոտում է Մեծ Մերձավոր Արևելքի նախագծի իրականացմանը և դրանով իսկ սպառնում աշխարհը ժողովրդավարացված և կանխատեսելի տեսնելու ԱՄՆ ցանկությանը: Սակայն պետք է նշել, որ տարածաշրջանային երկրներն արևմտյան չափանիշներին հարմարեցնելու ԱՄՆ ձգտումը միանշանակ չի ընկալվում ոչ միայն Սիրիայի կամ Իրաքի, այլև արաբական մյուս երկրների կողմից:
Սիրիան ռազմականացված պետություն
«Չարի առանցքի» անդամ դառնալու հիմնական պատճառը Դամասկոսի կողմից քիմիական և կենսաբանական զենքի ծրագրերի մշակումն է: ԱՄՆ վարչակարգում կարծում են, որ Սիրիան տիրապետում է զարին նյարդապարալիտիկ գազի ամենամեծ պաշարներին արաբական աշխարհում և շարունակում է աշխատանքներ տանել ավելի հզոր քիմիական զենքի` VX-ի արտադրության ուղղությամբ: Թեև Սիրիան ստորագրել է կենսաբանական զենքի արգելման Միջազգային կոնվենցիան, սակայն ԱՄՆ-ում մտավախություն կա, որ վերահսկողության արդյունավետ մեխանիզմի բացակայությունը թույլ է տալիս Սիրիային խուսափել ստանձնած պարտավորությունների կատարումից: Սպառնալիքի աղբյուր են նաև սիրիական բանակի զինանոցում Սկադ և ՍՍ-21 փոքր հեռավորության բալիստիկ հրթիռների առկայությունը, ինչպես նաև միջուկային զենքի մշակման ուղղությամբ հավանական աշխատանքները: Վաշինգտոնում կարծում են, թե Իրաքը կարող էր պատերազմի նախօրեին սեփական միջուկային մշակումները դուրս բերել հենց Սիրիա: Բացի այդ, կասկածի տեղիք է տալիս 1997-1998թթ. պակիստանյան միջուկային ծրագրի հեղինակ Աբդուլ Կադիր Խանի որոշ ժամանակ Դամասկոսում հայտնվելը: Սիրիան, բնականաբար, մերժում է նաև այս մեղադրանքը:
Անհանգիստ հարևանների շրջապատում
Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, այսօր ավելի է կարևորվում մեկ այլ հանգամանք: Սիրիա-ամերիկյան հարաբերությունների բարդությունները կապված են Սիրիայի հարևանների հետ:
Երկիրը հայտնվել է երկու կրակի արանքում: Իրաք ամերիկյան ներխուժման և Իրանի նկատմամբ սպառնալից կեցվածքի պարագայում Դամասկոսը դատապարտված է լինել ամենաթեժ հակասությունների կենտրոնում:
2004թ. Վաշինգտոն–Դամասկոս հակասությունը կապված էր Սիրիայի արևելյան հարևան Իրաքի հետ: Վաշինգտոնը մեղադրեց Դամասկոսին` արդեն տապալված Սադամ Հուսեյնի վարչակարգին օգնելու մեջ. ընդարձակ սիրիա-իրաքյան սահմանի պարագայում վերահսկողությունը բավական դժվարանում է, և համաձայն ամերիկյան տվյալների` սադամյան վարչակարգի բազմաթիվ կողմնակիցներ հնարավոր է, որ ապաստան գտած լինեին հենց Սիրիայում: Բացի այդ, երբ ամերիկյան զորքն Իրաքում նոր էր «խրվում», նույնիսկ կարծիք կար, որ ԱՄՆ-ը կարող է դիմել ռազմարվեստում ընդունված հնարքի` ընդլայնելով ռազմական գործողությունների աշխարհագրությունը, թուլացնել ճնշումը Իրաքում սեփական զորամիավորման վրա: Այս պարագայում Սիրիան կարող էր լինել հաջորդ թիրախը: Սակայն Սիրիային հաջողվեց խուսափել հարվածից` ընդունելով ամերիկյան պահանջները և ավելի խստացնելով Իրաքի հետ սահմանի վերահսկողությունը:
Այժմ արդեն իրանա-ամերիկյան լարվածության ընդլայնման պարագայում Սիրիան նորից հայտնվում է սպառնալիքի տակ: Քանի որ Իրաքում խճճված ամերիկացիները դժվար թե փորձեն այսօր ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ, շատ հավանական է նրանց որոշումը` բոլոր միջոցները կիրառել Թեհրանին մեկուսացնելու ուղղությամբ: Այս պարագայում Սիրիայի նկատմամբ ճնշումների սաստկացումը խիստ տրամաբանական է:
Լիբանանյան հանգույցը
2005-ի սկզբին, օգտագործելով Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի փետրվարի 14-ի սպանությունը, Բեյրութում իրականացվեց «մայրիների հեղափոխություն», որի հետևանքով Դամասկոսը սկսեց շեշտակիորեն կորցնել իր ազդեցությունն այս երկրում: Սիրիան ստիպված էր զորքերը դուրս բերել Լիբանանից, իսկ մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ապահովեցին հակասիրիական ուժերը:
Սիրիան, բացի սեփական շահերից, Լիբանանում մեծապես պահպանում էր իրանական հետաքրքրությունները: Լիբանանը սիրիական վերահսկողության պարագայում վերածվել էր յուրահատուկ օֆշորային գոտու, որի միջոցով շրջանառվում էին իրանական ֆինանսական միջոցները:
Քանի որ Դամասկոսը մինչև վերջ փորձեց հավատարիմ մնալ սիրիա-իրանական բարեկամությանը, նրա նկատմամբ ճնշումն ավելի ուժեղացավ:
2005թ. հոկտեմբերի 21-ին նախաքննության արդյունքների մասին նախնական զեկույց հրապարակեց Դետլև Մեխլիսը, որը ՄԱԿ-ի նախաձեռնած՝ Ռաֆիկ Հարիրիի սպանության հետաքննության միջազգային հանձնաժողովի ղեկավարն է: Զեկույցը հիմնականում մեղադրում էր սիրիական հատուկ ծառայություններին, որոնք առնվազն տեղյակ էին պատրաստվող մահափորձի մասին և պահանջում էր ապահովել ՄԱԿ հանձնաժողովի անդամներին` հարցաքննելու սիրիական «պաշտոնատար և այլ անձանց»:
Զեկույցի հիման վրա` ԱՄՆ, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ճնշման տակ ՄԱԿ ԱԽ կողմից ընդունվեց բանաձև, որը մեղադրում է Սիրիային Հարիրիի սպանության կազմակերպման և հետաքննությանը խոչընդոտելու մեջ: Բանաձևը նշում է, որ եթե Սիրիան չհամագործակցի հետաքննության հետ, ապա «ԱԽ-ը անհրաժեշտության դեպքում կարող է քննարկել այլ միջոցների կիրառման» հարցը: Բանաձևը պարտադրում է Դամասկոսին ձերբակալել ՄԱԿ հանձնաժողովի անդամների կողմից մատնանշվող ցանկացած անձի և թույլ տալ նրանց` որոշել հարցաքննության տեղն ու պայմանները: Սա կարող է ծանր փորձություն լինել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի համար, քանի որ կասկածյալների թվում են նրա եղբայր Մահեր Ասադը և փեսան` ռազմական հետախուզության ղեկավար Ասեֆ Շաուքատը:
Սիրիան վերջին պահին համաձայնեց կատարել բոլոր առաջ քաշված պահանջները, և սրանով որոշակիորեն հետաձգվեց պատժամիջոցների կիրառումը:
Հեռանկարներ
Այսօր Սիրիային առաջարկ է արվել, որը շատերը շտապեցին անվանել «Քադաֆիի փաթեթ»՝ լիբիական առաջնորդի անունով, որը զիջումների գնալով` թողություն է ստացել Վաշինգտոնից. պետք է հանձնել Հարիրիի սպանության մեղավորներին, այլևս չմիջամտել Լիբանանի գործերին, հրաժարվել իրաքյան և այլ ծայրահեղական կազմակերպությունների օժանդակությունից և, իհարկե, Իրանի հետ բարեկամությունից:
Բաշար ալ-Ասադը պատրաստ է զիջումների, պատահական չէ, որ վերջին հարցազրույցներից մեկում նա հայտարարել է. «Ես Սադամ Հուսեյնը չեմ, ես ուզում եմ համագործակցել»: Թերևս, հարցը միայն զիջումների չափի մեջ է:
Երիտասարդ Բաշար ալ-Ասադը, որը հինգ տարվա իշխանության շրջանում այդպես էլ չի կարողացել վաստակել իր հոր հեղինակությունը, շատ վտանգավոր երկընտրանքի առջև է կանգնած:
Նա արդեն իսկ զիջել է Լիբանանի հարցում: Լիբանանի կորուստը հոգեբանական մեծ հարված է Սիրիայի համար, որի քաղաքական գործիչների մի քանի սերունդ մշտապես համոզված է եղել, որ Սիրիան և Լիբանանը մեկ պետություն են: Արևելյան հասարակությունները չափազանց զգայուն են առաջնորդի ուժի ցուցադրման և թուլությունների նկատմամբ: Այս պայմաններում ցանկացած նոր զիջում շատ ծանր կարող է նստել Սիրիայի ղեկավարի վրա:
Զիջումներից հրաժարվելը, իր հերթին, կարող է բերել ավելի մեծ ճնշումների միջազգային հանրության և ԱՄՆ-ի կողմից:
Մասնավորապես, հնարավոր տնտեսական շրջափակման պայմաններում երկրի վիճակը կարող է վատթարանալ, ինչը լրջորեն կսասանի բաասական վարչակարգի իշխանությունը: Տնտեսական շրջափակումն ավելի վտանգավոր է դառնում այն պայմաններում, երբ Մեխլիսի զեկույցի շուրջ համախմբվել են ոչ միայն ԱՄՆ-ը, որի հետ ապրանքաշրջանառությունն առանց այդ էլ չնչին է, այլև եվրոպական պետությունները, որոնց նման քայլը կարող է կործանարար լինել երկրի` եվրոպական շուկայից զգալիորեն կախված տնտեսության համար:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՎԵՐՆԱԽԱՎԵՐԻ ՓՈՓՈԽՈԻԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ[16.02.2011]
- ՊԱՅՔԱՐ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՄԱՐ[27.07.2010]
- ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [21.04.2009]
- ԻՍՐԱՅԵԼԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ [25.02.2009]
- «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ–2025» [06.02.2009]
- «ՀՈԼՈԴՈՄՈՐ»-Ը ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ[15.01.2009]
- ՆՈՐԱԴԱՐՁ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐ[08.12.2008]
- ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԳԼՈԲԱԼԱՑՄԱՆԸ. ՀԱԿԱԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐ ԵՎ ԱԼՏԵՐԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐ[19.05.2008]
- ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ. ՀԱԿԱՍԵՄԻՏԻԶՄ [21.04.2008]
- ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ. ԻՍԼԱՄԱՖՈԲԻԱՅԻ ՄԱՍԻՆ[10.04.2008]
- ՊԱԿԻՍՏԱՆ. ԱՆՈՐՈՇ ՀԵՌԱՆԿԱՐ[18.02.2008]