Ադրբեջանը Պենտագոնի ռազմավարական վերափոխումներում

Անվտանգության ապահովման ամերիկյան համակարգի ձևափոխումը
Այսօր Միացյալ Նահանգները միակն է, որ փորձում է իրականացնել անվտանգության համակարգի համաշխարհային մոդելավորում և գտնվում է այդ նպատակին միտված սեփական անվտանգության համակարգի նախկինում մեծ կարևորություն ունեցող բազմաբնույթ տարրերի ձևափոխման ակտիվ փուլում։ Մնացած բոլոր ուժի կենտրոնների պարագայում անվտանգության համակարգերն ունեն աշխարհագրական սահմանափակվածություն։
Հարցին առնչվող Վաշինգտոնի պատկերացումներն, ընդհանուր առմամբ, ձևավորվել էին դեռևս սառը պատերազմի ավարտին` 1980-ական թթ. վերջ–1990-ական թթ. սկիզբ` Ջորջ Բուշ-ավագի վարչակազմում։ Ըստ ամերիկյան ԶԼՄ-ի՝ դեռևս 1992թ. ԱՄՆ այն ժամանակվա պաշտպանության նախարար Դիկ Չեյնիի հանձնարարությամբ պատրաստվել էր մի զեկույց, որի համաձայն՝ աշխարհում հզորության տեսանկյունից ԱՄՆ-ին մարտահրավեր նետող ուժի ի հայտ գալը թույլ չտալու համար Վաշինգտոնը պետք է դիմի ռազմական կանխարգելիչ գործողությունների` անհրաժեշտության դեպքում հաշվի չառնելով դաշնակիցների կարծիքը։
Բավական ընդհանուր գծերով այդ դրույթները պահպանվեցին նաև Բիլ Քլինթոնի նախագահության տարիներին, սակայն իրենց փաստացի արտացոլումը գտան արդեն Ջորջ Բուշ-կրտսերի վարչակազմի փաստաթղթերում։
2002թ. սեպտեմբերին հրապարակված «Միացյալ Նահանգների ազգային անվտանգության ռազմավարության» («Բուշի դոկտրինա») մեջ որպես Վաշինգտոնի արտաքին քաղաքական հիմնադրույթներ ներկայացված էին` ԱՄՆ ռազմական կարողությունների մակարդակն աշխարհի մյուս երկրների համար անհասանելի վիճակում պահելը, կանխարգելիչ հարվածներ հասցնելը և անհրաժեշտության դեպքում միայնակ գործելը։ Աչքի է զարնում այն հանգամանքը, որ արտաքին քաղաքականության ռազմավարության բոլոր երեք կետերն էլ, առաջին հերթին, վերաբերում էին Պենտագոնին։ Հետևաբար, ԱՄՆ ազգային անվտանգության գործող ռազմավարության պայմաններում այդ կառույցին հանձնարարվեց առաջնորդողի գործառույթը։
Այդ տեսանկյունից ամենևին էլ պատահական չէր ամերիկյան պաշտպանության նախարարության ֆինանսավորման գրեթե 80%-անոց աճը, որը տեղի ունեցավ 1997-2004թթ. ֆինանսական տարիների ընթացքում` մոտ $250 միլիարդից անցնելով $470 միլիարդ սահմանագիծը։
2004թ. վերջին Պենտագոնի USJFCOM ստորաբաժանման կողմից հրապարակվեց «Ռազմավարական ծրագրավորման ղեկավարման ձեռնարկ» փաստաթուղթը, ուր բնութագրված էին ԱՄՆ-ին մարտահրավեր նետող առկա և հավանական սպառնալիքները։ Փաստաթղթի հեղինակներն ամենից վտանգավոր համարել էին «անկանոն» սպառնալիքները, որոնց դեմ պայքարի հարցում կարևորվել էր ամերիկյան ռազմուժի կառուցվածքային և գործառնական որոշակի ձևափոխման անհրաժեշտությունը։ Ավելի կոնկրետ` ամերիկյան պաշտպանական գերատեսչության կողմից սկսեց հրապարակ նետվել «շարժուն զորամիավորումների» գաղափարը, որոնք պետք է ամերիկյան ռազմուժը դարձնեին ավելի ճկուն` նրա առաջավոր ստորաբաժանումները տեղափոխելով հավանական վտանգի օջախներին հնարավորինս մոտ։
Ներկայումս ամերիկյան ազգային հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման աշխատանքների հետ միաժամանակ՝ որպես անվտանգության ապահովման առաջնային մջոցառում է դիտարկվում ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ենթակայության ներքո գտնվող կառույցների գլոբալ ձևափոխումը` ցամաքում («շարժուն զորամիավորներ»), ջրում (նավատորմի հզորության մեծացում և առանց նավահանգիստներ մուտք գործելու գրեթե մշտական գործունեություն) և օդում (նոր սերնդի ռազմական ինքնաթիռների` F-22 Raptor, F-35 և այլ թռչող սարքերի ձեռքբերում)։
Ադրբեջանական հանգրվան
Թեև ներկայումս Հարավային Կովկասում ամերիկյան ռազմաքաղաքական թիվ մեկ գործընկեր դառնալու հավակնություններ ունի Վրաստանը, սակայն գործնականում ԱՄՆ-ի համար ավելի կարևոր է Ադրբեջանը։ Աշխարհագրական և էներգակիրների պաշարների պատճառով Ադրբեջանը ամերիկյան ստրատեգների կարծիքով հանգուցային կետ է։
Ադրբեջանում ամերիկյան «շարժուն զորամիավորումների» տեղակայման գործընթացի սկիզբ պետք է համարել 2001թ. դեկտեմբերը, երբ ԱՄՆ պաշտպանության նախարար Ռամսֆելդը կատարեց իր առաջին այցը Բաքու։ Հետագայում գերազանցապես ամերիկյան մամուլում պարբերաբար «արտահոսքեր» էին կազմակերպվում, թե Եվրոպայում տեղակայված ամերիկյան զորամիավորների մի մասը կարող է հայտնվել նաև Ադրբեջանում։ 2003թ. հունիսին ամերիկյան «The Wall Street Journal»-ը գրեց, թե Գերմանիայում տեղակայված ԱՄՆ 70 հազարանոց զորամիավորման, ինչպես նաև Սաուդյան Արաբիայում, Թուրքիայում, անգամ՝ Մեծ Բրիտանիայում առկա զորախմբերի մի մասը պետք է տեղափոխվեն Աֆրիկա և Կովկաս՝ նավթի կարևորագույն պաշարների նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար։ Կոնկրետ երկրներից նշված էին Նիգերիայի և Ադրբեջանի անունները (ըստ այդ տեղեկության՝ 15 հազարանոց մի զորախումբ գերազանցապես Ռումինիայի և Բուլղարիայի նավահանգիստներով պետք է տեղափոխվեր Ադրբեջան)։
Որոշ տեղեկությունների համաձայն՝ 2003թ. դեկտեմբերին Բաքու ԱՄՆ պաշտպանության նախարարի երկրորդ այցից հետո նույն ամսվա առաջին տասնօրյակում Ադրբեջանում էին ամերիկյան ռազմական մասնագետներ, որոնք զբաղված էին երկրի օդանավակայանների (ռազմական և քաղաքացիական) տեխնիկական կարողությունների ուսումնասիրությամբ։ Զննվել էին Բաքվի «Բինա» և Գյանջայի օդանավակայանները, ինչպես նաև Քյուրդամիր, Նասոսնի, Գալա և Սիտալչայ բնակավայրերի մոտ տեղակայված ռազմական օդանավակայանները։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ի հաղորդագրությունների՝ արդեն 2005թ. դրությամբ ամերիկյան մասնագետներն իրենց հիմնական ուժերը կենտրոնացրել էին Քյուրդամիրի օդանավակայանի ուղղությամբ, որը, նույն հրապարակումների համաձայն, հետագայում պետք է դառնա ամերիկյան օդուժի հենակետ։
Այսօր ամերիկա-ադրբեջանական ռազմական համագործակցությունը, 2001-ից ի վեր Ադրբեջանին Վաշինգտոնի կողմից հատկացվող ամենամյա օգնության շրջանակներում՝ հիմնականում կենտրոնացել է $135 մլն արժողությամբ «Կասպյան պահապաններ» ծրագրի վրա, որի հիմնական նպատակն է Ադրբեջան–Կասպից ծով–Կենտրոնական Ասիա հատվածում վերահսկողական համակարգերի ստեղծումը։
2005թ. պաշտոնապես հայտնի դարձավ Ադրբեջանի հարավային՝ Աստարայի և հյուսիսային` Խիզինյան շրջաններում ամերիկյան AN/FPS117 տեսակի ռադարների տեղակայման մասին, որոնք ռուսական, կասպյան և իրանական ուղղություններով կարող են մոնիթորինգի ենթարկել մոտ 450կմ շառավղով տարածք։ Ի հավելումն` 2006թ. առաջին օրերին պարզ դարձավ, որ ամերիկյան մասնագետների շնորհիվ արդիականացվելու են Աղստաֆայում և Լերիկում գտնվող ադրբեջանական բանակի ռադիոտեղորոշիչ երկու կայաններ։
Ընդհանրացում
Ըստ ամենայնի, Ադրբեջանում ամերիկյան ռազմական ներկայության հաստատումն ընթանալու է աստիճանական եղանակով` վերահսկողական համակարգերի ստեղծումից մինչև հակաօդային պաշտպանություն և հետո արդեն` օդուժի տեղակայում ու «շարժուն զորամիավորումներ»։
Որոշ տեղեկությունների համաձայն, մինչև 2015թ. ԱՄՆ ռազմուժի եվրոպական հրամանատարությունը նպատակ ունի ավարտին հասցնել օդային և ջրային տարածությունների մոնիթորինգի և տվյալների փոխանակման «CaucasusNet» համակարգի ձևավորման աշխատանքները։ Համակարգի բաղկացուցիչ մասն են կազմելու տարածաշրջանում գործող ռադիոտեղորոշիչ կայանները, որոնք գերազանցապես ուղղված են լինելու Ռուսաստանի և Իրանի դեմ` մաս կազմելով ամերիկյան ազգային հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգին` որպես պաշտպանության առաջին գծի տարրեր։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՌՈՒՍԱՍՏԱՆ–ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ[10.07.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԸ [19.03.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ [05.03.2009]
- ԱՄԵՐԻԿԱ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇՈՒՐՋ [02.02.2009]
- ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՐԵԱՅՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[22.01.2009]
- ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻ՞Ն[27.12.2008]
- ԴԻՏԱՐԿՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԱՍԻԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Կենտրոնական Ասիայի նոր վերաձևո՞ւմ[15.12.2008]
- ԼՂՀ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ» [27.11.2008]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ[03.11.2008]
- ԻՐԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ[27.10.2008]
- ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.09.2008]