ՌՈՒՍԱՍՏԱՆ–ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Այս տարվա հունիսի սկզբին տեղի ունեցավ Թուրքիայի Գլխավոր սպայակույտի պետ, գեներալ Իլքեր Բաշբուղի երկար սպասված այցելությունը Ռուսաստան: Թեեւ թուրքական աղբյուրների փոխանցմամբ` այցելությունն ուներ կոնկրետ նպատակ, եւ խնդիր կար ռուսական կողմի հետ եզրափակել «Ми-28» ռազմական տասներկու ուղղաթիռների գնման հարցը, բայց, ընդհանուր առմամբ, Բաշբուղի ուղեւորությունը Մոսկվա ավելի շուտ ի ցույց է դնում այն միտումը, թե վերջին տարիներին մեկնարկած ռուս-թուրքական ռազմատեխնիկական համագործակցությունն անցում է կատարում նոր հարթություն:
Անշուշտ, նկատի ունենալով Մոսկվայի ու Անկարայի միջեւ առկա ռազմավարական հակասությունները` դժվար թե ռուս-թուրքական ռազմատեխնիկական համագործակցությունը հասնի այն մակարդակին, որը կարող է լինել Թուրքիայի ու Միացյալ Նահանգների կամ Թուրքիայի ու եվրոպական մի շարք երկրների դեպքում: Սակայն ռուս-թուրքական հարաբերություններում ռազմական բաղադրիչի ի հայտ գալը այն ցուցիչն է, որը թույլ է տալիս խոսել երկրների միջեւ ընթացող գործընթացի լրջության մասին: Այլ կերպ ասած, ռուս-թուրքական առեւտրաֆինանսական տպավորիչ հարաբերությունների ֆոնին երկու երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը վկայում է, որ թեեւ Մոսկվայում ու Անկարայում «տեղյակ» են իրենց քաղաքակրթական ու աշխարհաքաղաքական հակասությունների մասին, սակայն երկու մայրաքաղաքներում էլ նպատակ կա ընդլայնել միջազգային-քաղաքական երկուստեք պայմանավորվածությունները: Գեներալ Իլքեր Բաշբուղի այցն անհրաժեշտ է ընկալել հենց այդ համատեքստում:
Հիմնական հարցը, որն առնչվում է այսօրվա ռուս-թուրքական բանակցություններին եւ ուղղակի կապ ունի Հայաստանի ազգային անվտանգության հետ, հետեւյալն է. չնայած Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող ռազմավարական հակասություններին, ինչքա՞ն հեռու կգնան երկու կողմերն իրենց պայմանավորվածություններում:
Իրավիճակային դիտարկում
Առաջիկայում Ռուսաստանն ու Թուրքիան պետք է պայմանավորվածության հանգեն մի շարք կարեւոր հարցերում, որը եթե իրականություն դառնա, կարող է հիմք նախապատրաստել Հարավային Կովկասի նկատմամբ Ռուսաստանի ու Թուրքիայի համատեղ մոտեցումների ձեւավորման համար. հանգամանք, որն այսօր Անկարայի արտաքին քաղաքական նպատակներից մեկն է:
Չնայած միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը բացասական լուրջ ազդեցություն է թողնում Թուրքիայի տնտեսության ու մասնավորապես արտաքին առեւտրատնտեսական հարաբերությունների վրա, եւ այս տարվա առաջին երեք ամիսներին Ռուսաստանի ու Թուրքիայի առեւտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է ավելի քան կիսով չափ` 53.2%-ով, սակայն 2008թ. տվյալներով Ռուսաստանը դարձավ Թուրքիայի առեւտրատնտեսական թիվ մեկ գործընկերը` առաջ անցնելով Գերմանիայից: Նախորդ տարի երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունն աճել է մոտ 50%-ով եւ կազմել $38 մլրդ: Այդ թիվն էլ ավելի տպավորիչ է դառնում, եթե նկատի ունենանք, որ 2000թ. Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմում էր $4.5 մլրդ: Սակայն հարցը միայն թվերի մեջ չէ: Հարկ է նշել, որ ներկայում եւ տեսանելի հեռանկարում ռուսական ուղղությունը էական է լինելու թուրքական տնտեսության համար առանցքային հանդիսացող ճյուղերի համար` արդյունաբերական ապրանքների արտահանում, զբոսաշրջություն եւ էներգակիրների ներմուծում (հանգամանք, որն Անկարային չեն կարող ապահովել նրա այլ խոշոր գործընկերները` ԱՄՆ-ն ու ԵՄ-ը):
Առաջիկայում նախատեսված է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի այցելությունը Թուրքիա: Նշենք, որ այցի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 16-ին Սոչիում կայացած Պուտին–Էրդողան հանդիպման ժամանակ, իսկ դա պետք է ընկալել, որ բանակցվող մի շարք հարցերի առնչությամբ երկու ղեկավարների միջեւ կա առնվազն նախնական պայմանավորվածություն, իսկ առանձնացված ժամկետն էլ պետք է օգտագործվի պայմանավորվածությունները վերջնական տեսքի բերելու համար: Ինչեւէ, եթե այցը տեղի ունենա, ապա այն կարող է նշանակել, որ Մոսկվան ու Անկարան վերջնական պայմանավորվածության են հանգել Սոչիում քննարկված կետերի կամ նրանց մի մասի վերաբերյալ:
Առաջին կետը վերաբերում է Թուրքիայի Մերսին քաղաքից ոչ հեռու գտնվող Ակկույու բնակավայրի մոտ հիմնվելիք թուրքական առաջին ԱԷԿ-ի չորս էներգաբլոկների շինարարությանը: Հայտնի է, որ վերջինիս մրցույթն ավարտվել է անցած տարվա սեպտեմբերին. 13 պոտենցիալ մասնակիցներից հայտ էր ներկայացրել ու հաղթող ճանաչվել ռուսական «Атомстройэкспорт», «Интер РАО ЕЭС» եւ թուրքական «Park Teknik» ընկերություններից կազմված կոնսորցիումը: Սոչիում Էրդողանը հայտարարեց, թե առաջիկա օրերին Թուրքիայի կառավարությունը կավարտի մրցույթի փակման հետ կապված ֆորմալ մասը, ինչը նշանակում էր, թե չորս էներգաբլոկների շինարարության պատվերը պետք է տրվի կոնսորցիումին1:
Սոչիում հայտնի դարձավ նաեւ, որ Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են վերջինիս տարածքում ռուսական ընկերությունների կողմից ջերմաէլեկտրակայանի կառուցման հարցը, որի գործունեության համար Մոսկվան պատրաստ է Թուրքիա առաքել բնական գազի լրացուցիչ ծավալներ:
Այս տարվա մարտից երկու երկրները բանակցություններ են վարում նաեւ «Голубой поток-2» գազամուղի շինարարության շուրջ: 2008թ. Ռուսաստանը Թուրքիային մատակարարել է 23.8 մլրդ մ3 բնական գազ (այդ թվում 10 մլրդ մ3 2005-ից գործող «Голубой поток-2» գազամուղով, որի առավելագույն հզորությունը կազմում է տարեկան 16 մլրդ մ3): Այս տարի այդ թիվը կազմելու է 25.5 մլրդ մ3, եւ այն առաջիկայում միայն աճելու է: Սակայն Ռուսաստանը շահագրգռված է «Голубой поток-2» գազամուղի կառուցմամբ ոչ միայն տնտեսական հաշվարկներից ելնելով: Մոսկվայի համոզմամբ, «Голубой поток-2»-ի կառուցումը եւ գազի գնման հարցում Ադրբեջանի հետ ձեռք բերվելիք պայմանավորվածությունը կարող են մեջտեղից հանել Ռուսաստանը շրջանցող «Nabucco» գազամուղը, որի շինարարությունն անընդհատ հետաձգվում է տարբեր պատճառներով2: Սոչիում Պուտինն ու Էրդողանը քննարկել են «Голубой поток-2»-ը, եւ Ռուսաստանի վարչապետի Թուրքիա կատարելիք այցելության ընթացքում հարցի քննարկումը շարունակվելու է: Կողմերը նաեւ պայմանավորվել են երկարաձգել 2011թ. ավարտվող դեռեւս 1986թ. ԽՍՀՄ-ի ու Թուրքիայի միջեւ կնքված բնական գազի մատակարարման մասին պայմանագիրը, որով Մոսկվան «Ռուսաստան–Ուկրաինա– Ռումինիա–Բուլղարիա–Թուրքիա» գծով տարեկան Անկարային մատակարարում էր 6 մլրդ մ3 գազ:
Եվ վերջապես, հնարավոր է, որ այդ այցելության ընթացքում Պուտինն Անկարայում քննարկի նաեւ թուրքական կողմին հակաօդային պաշտպանության ռուսական «C-400» համալիրների վաճառքի հարցը: Նշենք, որ Անկարային «C-400»-ների հնարավոր վաճառքի մասին ապրիլին Ստամբուլում անցկացվող ռազմական տեխնիկայի «IDEF-2009» միջազգային ցուցահանդեսում (որն ամեն տարի կազմակերպվում է Թուրքիայի կողմից) հայտարարեց ռուսական պատվիրակության ղեկավար Անատոլի Ակսյոնովը: Արեւմտյան փորձագետների կարծիքով, Ռուսաստանը պարզապես չի կարող Թուրքիային վաճառել գերարդիական հանդիսացող «C-400» համալիրներ, քանի որ այդ պարագայում էապես կտուժի հենց նրա պաշտպանունակությունը3: Մտավախություն կա, թե Թուրքիայի միջոցով ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցները կարող են ծանոթանալ «C-400»-ներում օգտագործվող նորագույն տեխնոլոգիաներին, ինչը նրանց կօգնի սեփական օդուժի համար ստեղծել «C-400»-ը հաղթահարող հնարավորություններ: Նշենք, որ ռուսական «C-400»-ների կողքին Անկարայում քննարկվում է հակաօդային պաշտպանության ամերիկյան «PAC-3» համալիրների գնման հարցը:
Առնչություններ Հայաստանի ազգային անվտանգությանը
Պետք է ենթադրել, որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ ընթացող պայմանավորվածություններն ի վերջո հանգելու են Հարավային Կովկասում համատեղ մոտեցման մշակմանը: Անշուշտ, այդ մոտեցումը չի կարող կրել ռազմավարական բնույթ, սակայն միջնաժամկետ հեռանկարում այդ մոտեցումն ուղղակի երկու կողմին էլ անհրաժեշտ է` ռուս-վրացական պատերազմից հետո ստեղծված տարածաշրջանային իրադրությունում սեփական ազդեցությունն ամրապնդելու համար: Այդ խնդիրը Մոսկվան փորձում է լուծել Հայաստանում իր ամուր դիրքերի պահպանման եւ Վրաստանում Սահակաշվիլու վարչակազմի տապալման միջոցով: Թուրքիան տարածաշրջանում ձգտում է ամրապնդվել Ռուսաստանին համագործակցություն առաջարկելով միջազգային-քաղաքական ոլորտում, ինչպես նաեւ ճնշում բանեցնելով Մոսկվայի նկատմամբ` Վաշինգտոնի հետ կրկին կարգավորվող իր հարաբերությունների միջոցով4: Իր հերթին` Ռուսաստանն էլ ձգտում է Թուրքիայի հետ համագործակցության արդյունքում նվազեցնել տարածաշրջանում ամերիկյան ու եվրոպական ներկայությունը, ինչի արդյունքում անցած տարվա երկրորդ կեսին մեջտեղ եկան Էրդողանի «Կովկասյան պլատֆորմը» եւ Մեդվեդեւի միջնորդությունը Ղարաբաղյան հարցում:
Մյուս կողմից, ռուս-թուրքական առեւտրատնտեսական հարաբերությունների ռազմավարական բնույթ ստանալը, ինչպես նաեւ երկուստեք ռազմատեխնիկական համագործակցության խորացումը նույնպես վկայում են, որ Մոսկվայում ու Անկարայում նպատակ կա միջազգային-քաղաքական ոլորտում եւ մի շարք տարածաշրջանային հարցերում հաստատել փոխադարձաբար ընդունելի գործակցություն: Ի վերջո, նման փոխգործակցությունը կարող է միայն օգնել երկուսին` ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ իրենց հարաբերություններում:
Հայաստանի պարագայում էական է, թե ռուս-թուրքական թեկուզ եւ միջնաժամկետ պայմանավորվածությունն ինչ տեսք կունենա: Եվ այսօր սա է մեր երկրի ազգային անվտանգությանն առնչվող կարեւոր հարցերից մեկը: Իսկ որ գործընթացը Մոսկվայի ու Անկարայի միջեւ շարունակվում է, ու հետեւաբար` մենք դեռ կարող ենք նորությունների ականատես լինել, կասկածից վեր է:
1Կոնսորցիումը հիմնելու է ռուսական «ԹԹնՀ-1200» տեսակի չորս ռեակտորներ, որոնք բոլորը միասին տարեկան կարող են արտադրել 4800 մվտ էլեկտրաէներգիա: ԱԷԿ-ի կառուցումը կարժենա $7.5 մլրդ: Նախատեսվում է որ այն պետք է պատրաստ լինի 2012թ.: 15 տարվա ընթացքում Թուրքիան պարտավորվում է կոնսորցիումից գնել 415.5 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա` վճարելով $86.3 մլրդ:
2Հիմնական պատճառները երեքն են` անհրաժեշտ ֆինանսների բացակայությունը, Ալիեւ-կրտսերի վարչակազմի միաժամանակյա բանակցությունները ռուսական ու արեւմտյան կողմերի հետ, թե ում պետք է վաճառի «Շահ Դենիզ» հանքավայրի գազը, եւ երրորդ` Թուրքիայի հարուցած խոչընդոտները. թուրքերը ցանկանում են իրենց տարածքով անցնող ողջ բնական գազի 15%-ը ձեռք բերել իջեցված գներով, ինչին դեմ են հատկապես Բաքվում:
3Ներկայում ռուսական զինված ուժերի տրամադրության ներքո եղած «հ-400»-ները գործում են միայն Մոսկվայի ռազմական շրջանում: Մյուս շրջանները դեռ չեն հասցրել ստանալ այդ նորագույն համալիրները:
4Օրինակ, արեւմտյան աղբյուրների ներկայացմամբ, Սոչիում Էրդողանը փորձել է ճնշում գործադրել Պուտինի նկատմամբ` նրան ներկայացնելով Թուրքիայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման հեռանկարը: Հայտնի է, որ այդ հարցում Վաշինգտոնում նպատակ ունեն չսահմանափակվել Լեհաստանով ու Չեխիայով:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԸ [19.03.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ [05.03.2009]
- ԱՄԵՐԻԿԱ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇՈՒՐՋ [02.02.2009]
- ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՐԵԱՅՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[22.01.2009]
- ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻ՞Ն[27.12.2008]
- ԴԻՏԱՐԿՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԱՍԻԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Կենտրոնական Ասիայի նոր վերաձևո՞ւմ[15.12.2008]
- ԼՂՀ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ» [27.11.2008]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ[03.11.2008]
- ԻՐԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ[27.10.2008]
- ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.09.2008]