ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻ՞Ն

Դեկտեմբերի 14-ին Թուրքմենստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Իրադարձությունն ուշադրություն գրավեց ոչ այն պատճառով, որ հնարավոր էր համարվում անակնկալ ինչ-որ զարգացում։ Աչքի զարնեց այն հանգամանքը, որ Թուրքմենստանի անկախությունից ի վեր առաջին անգամ պաշտոնակյան Աշգաբադը որոշեց հրավիրել արևմտյան դիտորդների։ Անշուշտ, Բերդիմուհամեդովի վարչակազմի այդ քայլը նշան է, թե Աշգաբադում ցանկանում են մոտենալ ԱՄՆ-ին ու ԵՄ-ին, սակայն եթե հաշվի առնենք, որ՝ 1. դիտորդներին ուղղված հրավերը Թուրքմենստանի նախագահի կողմից հնչեցվել է նոյեմբերի 14-ին Գերմանիայի կանցլեր Մերկելի հետ բանակցություններից անմիջապես հետո, 2. այդ բանակցություններում գլխավոր կետը վերաբերում էր թուրքմենական գազին, ապա ավելի հավանական է ներկայանում այն տարբերակը, որ բեռլինյան բանակցություններում, այնուամենայնիվ, ինչ-որ արդյունք գրանցվել է։
Հստակ է մի բան՝ այսօր թուրքմենական գործող վարչակազմը Արևմուտքին մոտեցնող միակ միջոցը կարող են լինել էներգետիկ պայմանավորվածությունները։
Իրավիճակային վերլուծություն
Նոյեմբերի 14-ին Նիցցում կայացած Եվրամիություն-Ռուսաստան գագաթաժողովի նախօրեին Եվրոպական միության գործադիր բարձրագույն մարմինը՝ Եվրահանձնաժողովը, հրապարակեց Միության էներգետիկ ռազմավարությանն առնչվող փաստաթուղթ՝ «Energy Security and Solidarity Action Plan» («Էներգետիկ անվտանգության և համերաշխության գործողությունների ծրագիր»)։ Համաձայն այդ փաստաթղթի՝ ներկայում Եվրամիությունը ներկրում է բնական գազի իր պահանջարկի 61%-ը, ընդ որում՝ ներկրված կապույտ վառելիքի 42%-ը, նավթի մոտ 35%-ը և ածխի շուրջ 25%-ը գալիս է Ռուսաստանից։
Սակայն էլ ավելի կարևոր է ներկայացված դինամիկան, համաձայն որի՝ 2030թ. Եվրամիությունը ներկրելու է բնական գազի պահանջարկի 84%-ը։ Ըստ նույն փաստաթղթի՝ նման հեռանկարի պայմաններում սեփական էներգետիկ անվտանգությունն ուժեղացնելու համար Բրյուսելը պատրաստվում է 2020-2050թթ. ընթացքում ծախսել հսկայական գումար՝ €2 տրլն։ Ի շարս այլ նախաձեռնությունների՝ Եվրոպական միությունը մտադիր է իրականացնել «The Southern Gas Corridor» («Հարավային գազային միջանցք») նախագիծը1, իսկ արդեն 2009թ. հիմնել «Caspian Development Corporation» ընկերությունը, որը, միավորելով եվրոպական խոշորագույն հինգ կամ վեց ընկերություններ, պետք է Կասպյան ավազանից գնի, տեղափոխի ու եվրոպական շուկայում վաճառի տարեկան 60 մլրդ մ3-ից մինչև 120 մլրդ մ3 բնական գազ կամ ԵՄ ներկայիս պահանջարկի 12%-ից 25%-ը։
Անշուշտ, գոյություն ունի նաև հարցի այլ կողմը։ Փաստն այն է, որ Եվրոպական միության համար դժվար է իրականացնել միասնական էներգետիկ ռազմավարություն։ Ռուսաստանը Գերմանիային կապող «Nord Stream» գազամուղի շուրջ առկա տարաձայնությունները դրա վառ օրինակն են։ Մյուս կողմից, Միության միասնական արտաքին ու անվտանգության քաղաքականության (Common Foreign and Security Policy/CFSP) փաստացի բացակայությունն էական խոչընդոտ է հանդիսանում, առանց որի բավական բարդ է պատկերացնել ԵՄ միասնական էներգետիկ ռազմավարության կենսագործումը։ Սակայն արդեն այսօր գոյություն ունեն առնվազն երկու գործոններ, որոնք ի վիճակի են հիմք ստեղծել ԵՄ էներգետիկ ռազմավարության իրականացման համար՝
- Չնայած միջազգային ֆինանսական ճգնաժամի հետևանքով նավթի գները շարունակում են անկում ապրել, սակայն պարզ է, որ ավելի երկարատև հեռանկարում էներգակիրների գները միայն աճելու են, այդ թվում՝ կապված մոլորակում նավթի ու բնական գազի պաշարների սպառման հետ։ Բացի այդ, արևմտյան գրեթե բոլոր առաջատար հետազոտական կենտրոնների գնահատականների համաձայն՝ աշխարհի զարգացած տնտեսությունները դժվար թե հասցնեն տեխնոլոգիական այնպիսի թռիչք կատարել, որ մինչև 2025-2030թթ. ի վիճակի լինեն գոնե էապես կրճատել սեփական տնտեսությունների կախվածությունը նավթից, բնական գազից և ածուխից։
- Հաջորդ կարևոր գործոնը բնական գազի միջազգային շուկայում կարտելային այնպիսի միության ի հայտ գալու հավանականությունն է, որը կարող է միայնակ ձևավորել բնական գազի միջազգային գինը։ Եթե իրականությանը համապատասխանում է այն նորությունը, ըստ որի՝ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում Ռուսաստանի, Իրանի, Կատարի2 ու չի բացառվում նաև բնական գազ արդյունահանող այլ պետությունների մասնակցությամբ պետք է հիմնվի «գազային OPEC»-ը, և եթե այդ միության անդամ երկրները կարողանան փոխհամաձայնության գալ կապույտ վառելիքի միջազգային գնի ձևավորման մեխանիզմի շուրջ, ապա գազի միջազգային շուկայում մենք կունենանք սկզբունքային այլ իրավիճակ3։
Այս պայմաններում է, որ վերջին շրջանում թուրքմենական գազի շուրջ տեղի են ունենում բավական ուշագրավ զարգացումներ։
Արդեն ներկայացրել ենք, որ հոկտեմբերի 14-ին բրիտանական «Gaffney, Cline & Associates Ltd.» ընկերությունը հրապարակեց թուրքմենական բնական գազի հանքերի՝ իր կողմից իրականացված աուդիտի արդյունքները4։ Համաձայն այդ հրապարակման՝ միայն «Յոլոտան-Օսման» գազահանքի պաշարները գնահատվեցին 5 տրլն մ3-ից մինչև 17.5 տրլն մ3, իսկ Թուրքմենստանի բնական գազի ընդհանուր պաշարները գնահատվեցին ավելի քան 27.67 տրլն մ3։ Եթե բրիտանական այդ ընկերության ներկայացրած տվյալները համապատասխանում են իրականությանը, ապա Թուրքմենստանը դառնում է աշխարհում բնական գազի ամենամեծ պաշարներն ունեցող երկրորդ երկիրը՝ Ռուսաստանից հետո։
Բնական գազի ամենամեծ պաշարներն ունեցող առաջին հինգ երկրները5 | |||
№ | երկիր | պաշարները տրլն մ3 | չափաբաժինը (%)
մոլորակի ընդհանուր պաշարների մեջ |
1. | Ռուսաստան | 44.60 | 22.07% |
2. | Թուրքմենստան | 27.67 | 13.69% |
3. | Իրան | 27.58 | 13.65% |
4. | Կատար | 25.64 | 12.69% |
5. | Սաուդյան Արաբիա | 7.07 | 3.50% |
Այդ հրապարակումից ուղիղ մեկ ամիս անց՝ նոյեմբերի 14-ին, Բեռլինում տեղի ունեցան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի բանակցությունները։ Բանակցությունների արդյունքների հայտնի մասն այն է, որ թուրքմեն առաջնորդը խոստացավ Մերկելին պաշտոնապես հաստատել «Gaffney, Cline & Associates Ltd.»-ի հրապարակած տվյալները։
Դեկտեմբերի 2-ին Եվրահանձնաժողովը սկսեց Թուրքմենստանի հետ առևտրային ժամանակավոր պայմանագրի ստորագրումը նախապատրաստող գործընթացը, ինչը հնարավորություն կտա Աշգաբադի հետ պայմանավորվել այդ թվում էներգետիկ ոլորտում։ Ուշագրավ է, որ տարիներ շարունակ Եվրոպական միությունը ձեռնպահ էր մնում այդ քայլից՝ պատճառաբանելով, թե Թուրքմենստանում ոտնահարվում են մարդու իրավունքները։
Եվ վերջապես, պետք է նույն տրամաբանության ներքո դասել նոյեմբերի 29-ին Թուրքմենբաշի նավահանգստային քաղաքում տեղի ունեցած Բերդիմուհամեդովի և Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Թեև բանակցությունների օրակարգի և արդյունքների մասին պաշտոնական որևէ լուրջ հրապարակում չեղավ, սակայն առանձնապես չթաքցվեց էլ, որ քննարկված հիմնական կետը վերաբերել է անդրկասպյան գազամուղի կառուցմանը, որն Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի տարածքով թուրքմենական գազը պետք է հասցնի Եվրոպա։ Մյուս կողմից, նման մակարդակով բանակցությունների անցկացման փաստը վկայում է, որ այդ գաղափարը գոնե նախնական հավանության է արժանացել երեք նախագահների կողմից։
Հետևություններ
Անշուշտ, ներկայացվածը չի կարող միանշանակ հետևության հիմք հանդիսանալ, թե Եվրամիության կամ Միացյալ Նահանգների ու Աշգաբադի միջև գազային ոլորտում ռազմավարական նշանակության պայմանավորվածություն է հասունացել։ Բայց արդեն այսօր հստակ է երեք կետ՝
- Միջազգային պրակտիկայում գազահանքերի աուդիտը (հատկապես՝ նման խոշոր աուդիտը) միշտ էլ նախորդել է պայմանագրերի կնքմանը։ Այլ հարց է աուդիտի արդյունքների հրապարակման և պայմանագրերի կնքման ժամանակահատվածը։
- Նման քանակությամբ բնական գազի պաշարների մասին հրապարակումը նաև յուրահատուկ մեսիջ է Մոսկվային, թե Աշգաբադն ունի ավելի շատ կապույտ վառելիք, քան պարտավոր է վաճառել «Газпром»-ին։ Այսինքն՝ ռուսական կողմի համար անակնկալ չպետք է լինի, եթե Թուրքմենստանը որոշի իր բնական գազը միջազգային շուկա արտահանել նաև այլ ուղիներով։
- Իսկ եթե դա այդպես է, ապա ավելի հավանական է, որ նորություններ մենք կլսենք հենց արևմտյան ուղղությունից։ Որ այդ նորությունները դժվար թե առնչվեն չինական ուղղությանը, վկայում է այն հանգամանքը, որ Կենտրոնական Ասիան Չինաստանին կապող նավթամուղի ու գազամուղի շինարարություններն ավարտական փուլում են։ Հետևաբար, միակ տարբերակը մնում է արևմտյան ուղղությունը:
1Նշված նախագծի շրջանակներում պետք է ներառվի նաև «Nabucco» գազամուղի կառուցումը, որի շինարարության սկիզբը 2009-ից տեղափոխվել է 2010թ.՝ կապված միջազգային ֆինանսական ճգնաժամի հետ, և որը վերջնականապես պատրաստ պետք է լինի 2018թ.՝ Իրանից ու Կասպիցից Եվրոպա տեղափոխելով տարեկան մինչև 31 մլրդ մ3 բնական գազ։
2«BP Statistical Review of World Energy, June 2008» զեկույցի համաձայն՝ այսօր նշված երեք երկրները տիրապետում են աշխարհի բնական գազի պաշարների ավելի քան 55%-ին։
3Այն, որ «գազային OPEC»-ի շուրջ ընթացող գործընթացները կրում են լուրջ բնույթ կամ գոնե այդպես են ընկալվում Եվրամիությունում, վկայում է «The Financial Times Deutschland»-ի նոյեմբերի 16-ի հրապարակումը, ըստ որի՝ գազի ոլորտի եվրոպական խոշորագույն ընկերություններից «E.ON»-ը, «Gaz de France»-ը և «RWE»-ն պատրաստվում են կազմել բնական գազի գնորդների կարտել՝ ի պատասխան Ռուսաստանի, Իրանի, Կատարի կողմից «գազային OPEC»-ի ստեղծման ծրագրի։
4Թուրքմենստանում միջազգային որևէ ընկերության կողմից նման աուդիտ չէր անցկացվել Աշգաբադի անկախանալուց ի վեր։
5Տվյալները ներկայացված են՝ հիմք ընդունելով «Gaffney, Cline & Associates Ltd.» ընկերության նշված հրապարակումը և «British Petroleum» ընկերության կողմից պատրաստված «BP Statistical Review of World Energy, June 2008» զեկույցը։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՌՈՒՍԱՍՏԱՆ–ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ[10.07.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԸ [19.03.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ [05.03.2009]
- ԱՄԵՐԻԿԱ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇՈՒՐՋ [02.02.2009]
- ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՐԵԱՅՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[22.01.2009]
- ԴԻՏԱՐԿՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԱՍԻԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Կենտրոնական Ասիայի նոր վերաձևո՞ւմ[15.12.2008]
- ԼՂՀ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ» [27.11.2008]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ[03.11.2008]
- ԻՐԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ[27.10.2008]
- ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.09.2008]