• am
  • ru
  • en
Версия для печати
20.03.2006

Ժողովրդավարության ձախողում կամ Արևելքի նոր մարտավարական զենքը, «Համաս»-ի հաղթանակը

   

Սուրեն Մանուկյան

Ժամանակին Հին Հունաստանում իրենց ռազմական արվեստով հռչակավոր սպարտացիները չէին վարում երկարատև պատերազմներ հակառակորդների հետ: Դրա պատճառը հետևյալն էր. նրանք մտավախություն ունեին, որ հակառակորդը կարող է երկարատև բախումների ժամանակ ընդօրինակել սպարտական ռազմարվեստը և հետագայում այդ վարպետությունն ուղղել հենց Սպարտայի դեմ:

Այս իմաստությունն այսօր երևի կհիշեն նրանք, ովքեր ժամանակին իրենց գերիշխանությունը Մերձավոր Արևելքում հաստատելու համար իբրև գաղափարախոսական զենք կիրառեցին ժողովրդավարությունը: Մրցակից քաղաքակրթությունները ձգտում են տարածել սեփական արժեքային և մշակութային նորմերն ամբողջ աշխարհով մեկ, և այս պարագայում գաղափարախոսական զենքը ոչ պակաս կարևոր է դառնում, քան տնտեսական կամ ռազմական առավելությունը: Սակայն ժողովրդավարության ընտրությունը` իբրև Էքսպանսիայի տեսական հիմնավորում, այսօր ոչ միայն ապացուցում է իր խոցելիությունը, այլև կարող է նույնիսկ դառնալ մի վտանգավոր զենք, որը կուղղվի այն առաջինը կիրառողի դեմ:

Հունվարի 25-ին Պաղեստինյան ինքնավարության խորհրդարանական ընտրություններում Իսլամական դիմադրության շարժման` «Համաս»-ի հաղթանակը վերստին արդիականացրեց Արևելքի ավանդական հասարակություններում ժողովրդավարության նորմերի կամ գոնե դրանց ամենակարևոր բաղադրիչներից մեկի` ազատ ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու վերաբերյալ դիսկուրսը: Խնդիրը ոչ թե դրա արդյունավետության մեջ է, քանի որ Արևելքի մի շարք երկրներ արդեն իսկ ապացուցել են ընտրություններ կազմակերպելու անհերքելի ունակություն (Իրան, Լիբանան, վերջերս նաև Իրաք). հանգուցային հարցը ազատ ընտրությունների անցկացման նպատակահարմարությունն ու դրանց հետևանքներն են: Արդյոք կարիք կա՞ ժողովրդավարություն տարածել Մերձավոր Արևելքում, այն դեպքում, երբ այն իր հետ բերում է հենց արևմտյան ազդեցության նահանջ, և հետևանքները հաճախ շատ ավելի բացասական են լինում, քան ժողովրդավարության կամ ազատ կամաարտահայտման պակասի և միահեծան, սակայն, կայուն և կանխատեսելի իշխանությունների գոյության պայմաններում:

Ժողովրդավարությունը հրամցնելով իբրև գերագույն արժեք` Արևմուտքը ստեղծում է նաև իր դեմ ժողովրդավարական մեթոդներով պայքարելու հնարավորություն:

Պաղեստինում «Համաս»-ի տարած համոզիչ հաղթանակը իշխանության բերեց ուժերի, որոնք ոչ միայն չեն վայելում Արևմուտքի հովանավորությունը, այլև բացահայտ անընդունելի են: Այսպես, ընտրվածների թվում են պաշտոնապես ահաբեկիչներ հայտարարված 40 հոգի, և դա ԱՄՆ-ի կողմից կյանքի կոչված ևս մեկ գաղափարական հիմնավորման` հակաահաբեկչական պայքարի պարագայում:

Բացի այդ, ընտրությունների հաջորդ օրն արդեն «Համաս»-ը գրավել է խորհրդարանի շենքը և նրա վրա փակցրել իսլամի կանաչ դրոշը, իսկ նրա առաջնորդները հայտարարել են, որ հետևողական են լինելու Պաղեստինյան ինքնավարության իսլամականացման և հրեական պետության դեմ շարունակական պայքարի հարցում:

«Համաս»-ի հաղթանակը երկրաշարժ էր միջազգային քաղաքականությունում, սակայն սա առաջին դեպքը չէ, երբ արևմտյան քաղաքակրթության դեմ օգտագործվում են իր իսկ հնարքները:

Իրականում իսլամական քաղաքակրթությունը բավականին վաղուց և շատ մեծ հաջողությամբ է օգտագործում ազատական կամ ժողովրդավարական օրենքները և հռետորությունը` սեփական շահերը բավարարելու համար: Մի փոքր օրինակ. գերմանական Աախեն քաղաքում բավականին հաջող և երկար գործում էր «ալ-Աքսա» բարեգործական կազմակերպությունը, որը գումարներ էր հավաքում արաբա-իսրայելական հակամարտության հետևանքով տուժած անձանց համար: Իրականում, ըստ հետախուզական տվյալների` գումարների մի մասը բաժին էր հասնում հենց «Համաս»-ին: Ի դեպ, «ալ-Աքսան»` իբրև բարեգործական կազմակերպություն, օրենքին համապատասխան, ստանում էր նաև բավականին մեծ նվիրատվություն գերմանական իշխանություններից: Փաստորեն, գերմանական հարկատուները, առանց դրա մասին կասկածելու անգամ, ֆինանսավորում էին «Համաս»-ի գործունեությունը:

Սա մի փոքր դրվագ է միայն, սակայն կան ոլորտներ, որտեղ արևմտյան զենքը մահմեդականների կողմից օգտագործվում է բավականին արդյունավետ և հետևողականորեն:

Օրինակ, իր ծագման արշալույսին իսլամական առաջնորդների կողմից անխնա քննադատության ենթարկված Ինտերնետն այսօր արմատական իսլամական կազմակերպությունների համար դարձել է պայքարի արդյունավետ միջոց. սեփական, բարձր տեխնիկական մակարդակով պատրաստված և ժամանակակից ձևավորում ունեցող կայքերի շնորհիվ տարածվում է գաղափարախոսություն, և երիտասարդների շրջանում հավաքագրվում են նոր կողմնակիցներ:

Վիրտուալ պատերազմին պատրաստ լինելու մասին է վկայում նաև վերջերս մահմեդական հակերների հարձակումը մոտ 2000 եվրոպական կայքերի վրա, որտեղ նրանք, եվրոպական մամուլում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հայտնվելուն ի պատասխան, տեղադրեցին հակաեվրոպական արտահայտություններ:

Մեկ այլ կարևոր ոլորտ է արևմտյան հեռուստաընկերությունների օրինակով ստեղծված և հիմնականում եվրոպական լրագրողական դպրոցն անցած մասնագետներով համալրված «ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը, որը ոչ միայն շատ կարճ ժամանակում կարողացավ վերացնել արևմտյան մեդիայի մենաշնորհը լուրերի ձևավորման և տարածման ոլորտում, այլև սեփական առաքելությունը քարոզելու և գովերգելու հարմար միջոց դարձավ շատ հակաարևմտյան ուժերի համար: Այն փաստորեն մերձավորարևելյան իրադարձություններն իսլամական հասարակության դիտակետից ներկայացնելու և արևելյան հայացքով այդ լուրերը և դրանց մեկնաբանությունները ներկայացնելու հնարավորություն ստեղծեց:

Կարևոր ցուցիչ էր արևմտյան ժողովրդավարության մեկ այլ տարրի` մարդու իրավունքների առաջնայնության սկզբունքի կիրառման փորձը հայտնի «հիջաբ»-ային շարժման ժամանակ. իսլամական գլխաշորեր կրելու իրենց իրավունքը պաշտպանելու համար մահմեդական կանայք Ֆրանսիայում դուրս եկան հրապարակային պայքարի, ինչը, մեղմ ասած, չի խրախուսվում իսլամական կրոնում: Թեև նրանք հաջողության չհասան, սակայն սա այն դեպքերից է, երբ նշանակալին ընթացքն է և ոչ թե արդյունքը:

Սակայն ընտրություններում «Համաս»-ի հաղթանակն ավելի լուրջ խաղաքարտ է և ավելի նշանակալի երևույթ: Այն կարող է առանց բռնությունների կիրառման քաղաքական հաջողությունների հասնելու և ժողովրդավարության դեմ ժողովրդավարական գործիքներով պայքարելու օրինակ ծառայել: Եթե «Համաս»-ը որոշակիորեն փոխի իր գործելաոճը և ճանաչում ստանա ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից և դրանով լեգիտիմացնի իր գոյությունը, դա կլինի հեղափոխություն, քանի որ ցույց կտա հաղթական ճանապարհը նման շատ այլ իսլամական ծայրահեղական կազմակերպություններին, որոնք սպասում են իրենց ժամին Սիրիայում, Եգիպտոսում, Լիբանանում, Թունիսում և այլուր:

«Համաս»-ի իշխանության գալը կարող է ստիպել նաև Վաշինգտոնին վերանայել երրորդ աշխարհի երկրների ժողովրդավարացման քաղաքականությունը: Ասվածը վերաբերում է նաև ժողովրդավարացման գաղափարով միավորված Մեծ Մերձավոր Արևելքի ստեղծման նախագծին, որը հետևողականորեն տարվում է ԱՄՆ-ի կողմից: Պաղեստինյան փորձը ցույց է տալիս, որ ազատ ընտրությունների դեպքում իշխանության կարող են գալ ոչ թե այն ուժերը, որոնց վրա հիմնականում հենվում է Վաշինգտոնը, այլ նրա հակառակորդները:

Պաղեստինյան դեպքը, փաստորեն, խաղաղ իսլամական հեղափոխություն էր, որը քաղաքական առաջնայնությունների համակարգը ազգայինից փոխեց կրոնականի: Նույնը կարող է լինել նաև այլ պետություններում, որտեղ հոգնելով կոռումպացված, հասարակությունների դեմ ծառացած հիմնախնդիրների լուծմանն անընդունակ, երկարատև միահեծան իշխանությունից` բնակչությունն ազատ ընտրությունների կազմակերպման դեպքում կընտրի միակ այլընտրանքը` կրոնական ընդդիմությունը, որն ավտորիտար համակարգում գաղափարական այլընտրանքի բացակայության պայմաններում, բարձրացնելով ավանդական հասարակություններում բացարձակ արժեք հանդիսացող Իսլամի գաղափարը, առանց մեծ դժվարությունների կհաղթի ընտրություններում:

Այսպես արդեն մեկ անգամ տեղի էր ունեցել` 1992թ. Ալժիրում: Այն ժամանակ կառավարությունը չեղյալ հայտարարեց ընտրությունների արդյունքները, և Արևմուտքը սատարեց նրան: Այսօր այդ քայլը կրկնել` կնշանակի բացահայտ կիրառել երկակի ստանդարտների մոտեցումը, ինչն, իր հերթին, կբերի Արևմուտքի կողմից հետագայում առաջ քաշված ցանկացած գաղափարի վարկաբեկման:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր