• am
  • ru
  • en
Версия для печати
22.05.2006

2006թ. ՌԴ նախագահի ուղերձը Դաշնային ժողովին. ռուսաստանյան ռազմավարական նոր գերակայությունների որոշ ուրվագծեր

Руский

   

Վահագն Ագլյան

2006թ. մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինը հանդես եկավ ՌԴ Դաշնային ժողովին ուղղված հերթական ուղերձով, որտեղ, ինչպեսև 2005թ. ուղերձում, առանձնացրեց այն հիմնախնդիրներն ու առաջնահերթությունները, որոնց լուծման վրա է կենտրոնանալու գործադիր իշխանությունն այս տարի։ 2006թ. ուղերձում նշված սկզբունքային գերակայությունները, անշուշտ, համանման էին 2005թ. առաջադրված խնդիրներին` թեկուզ այն առումով, որ վերջիններս պահանջում են պետության վարչական, տնտեսական և քաղաքական ռեսուրսների հարատև ու երկարաժամկետ համախմբում. անցած տարի խոսքն առողջապահության մակարդակի բարձրացման մասին էր (ՌԴ կառավարության ազգային ծրագրերից մեկն է), մինչդեռ վերջին ուղերձում Վ.Պուտինը կարևորեց առողջապահության ոլորտին ուղղակիորեն առնչվող մեկ այլ հարց` երկրի ժողովրդագրական բացասական միտումները դանդաղեցնելու, իսկ հետագայում նաև կասեցնելու գերխնդիրը։ Պետության և պետական ինստիտուտների նկատմամբ վստահության պրոբլեմը, անշուշտ, նաև 2006թ. ուղերձի կենտրոնական թեմաներից էր. «Պետության հեղինակությունը պետք է հենվի արդար օրենքների ընդունման և դրանց կատարման կարողության վրա»։ Սակայն եթե 2005թ. էֆեկտիվ պետականության կերտման հայեցակետն անմիջականորեն զուգորդվում էր բաց և ժողովրդավարական համակարգի ստեղծման անհրաժեշտության հետ, ապա այս անգամ ՌԴ նախագահը շեշտը տեղափոխեց ավելի առարկայական և հստակ խնդիրների վրա. տնտեսության կառուցվածքի վերափոխում և կաշառակերության սանձազերծում։ Ավելին, մատնանշվեց նաև, որ Ռուսաստանի «տնտեսությունն այսօր շատ ավելի բաց է, քան WTO շատ երկրներինը։ Եվ այդ կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության հարցը չպետք է դառնա առևտրի գործիք»։ Հատկանշական է, որ 2005թ. Վ.Պուտինն առանձին անդրադարձավ արտասահմանյան ներդրումների ծավալների մեծացման անհրաժեշտությանը` նշելով, որ դա Ռուսաստանի «ռազմավարական ընտրությունն է և ռազմավարական մոտեցումը»։ 2006թ. ուղերձում, թեև տարաբնույթ աղբյուրներից ներդրումների ներգրավման հարցը վերստին արդիական համարվեց, սակայն միևնույն ժամանակ մատնանշվեց, որ տնտեսության կառուցվածքային վերափոխումն արդեն ընթանում է, և «անհրաժեշտ են պետական ներդրումներ»։ Այս համատեքստում, ըստ երևույթին, պատահական չէր նաև «Газпром»-ի հիշատակումը, որն իր կապիտալացման աստիճանով երրորդն է աշխարհում ($266,564 մլրդ):

2006թ. ուղերձը, ի տարբերություն նախորդ տարիների, պարունակում է նաև որոշ իմաստով կոշտ, բայցև հստակ ակնարկներ և ուղենիշներ, թե ինչպես է Մոսկվան ծրագրում իր կշռին համարժեք տեղ գրավել ժամանակակից աշխարհում։ Նկատելի էր ոչ այնքան զուտ արտաքին քաղաքական, որքան ազգային զարգացման գաղափարախոսության ոլորտում նշմարվող «տարբերակում»։ 2005թ. ուղերձում Վ.Պուտինը հաստատում էր, որ «Ռուսաստանը նախևառաջ խոշորագույն եվրոպական ազգ է և, անշուշտ, կլինի այդպիսին նաև հետագայում։ …Եվրոպական մշակույթի` ազատության, մարդու իրավունքների, արդարության և ժողովրդավարության կատարելատիպերը դարեր շարունակ եղել են մեր հասարակության որոշիչ արժեքային ուղենիշները։ …Համոզված եմ, որ ժամանակակից Ռուսաստանի համար ժողովրդավարության արժեքները պակաս կարևոր չեն, քան տնտեսական հաջողությունների կամ մարդկանց սոցիալական բարօրության ձգտումը»։ Մինչդեռ, վերջին ուղերձում ՌԴ նախագահն ակնհայտորեն զերծ մնաց նման «վերացական հղումներից», փոխարենը, սակայն, արդի պայմաններին համապատասխան «վերախմբագրեց» Պետրոս I-ի հիմնական գաղափարներից մեկը. «Գտնում եմ, որ պետությունը պետք է օժանդակություն ցուցաբերի արտասահմանյան ժամանակակից տեխնոլոգիաների ձեռքբերման գործում»։ Ուշագրավ է, որ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ու քաղաքացիական հասարակության կերտման հրամայականների առաջնահերթ նախապայմաններից մեկն է, դարձյալ, «պետության էֆեկտիվ կազմակերպումը»։

Վ.Պուտինի ուղերձի` Եվրամիությանը «հասցեագրված» պարբերություններում բացակայում էին առճակատման կամ որևէ կոշտ քննադատության տարրեր, բայց առկա էր առարկայական համագործակցության առաջարկություն. «Ռուսաստանը կարող է դրական դեր խաղալ միասնական եվրոպական էներգետիկ ռազմավարության ձևավորման մեջ»։ Ընդհանուր առմամբ, Եվրամիության` իբրև ՌԴ խոշորագույն գործընկերոջ հետ համագործակցության զարգացումը կարևորվեց, քանզի «ընդհանուր տարածքների հայեցակարգի համատեղ իրագործումն ամբողջ համաեվրոպական զարգացման կարևոր բաղադրիչն է»։

Զգալիորեն կարծր մոտեցումներ էին արտացոլված համաշխարհային և տարածաշրջանային համադրույթներում Ռուսաստանի ռազմավարական շահերի կիրառական ապահովման վերաբերյալ կանխադրույթներում. «Պետք է հստակորեն ըմբռնել, որ գլոբալ կայունության ապահովման հանգուցային պատասխանատվությունը կրելու են առաջատար համաշխարհային տերությունները։ Տերություններ, որոնք տիրապետում են միջուկային զենքի, ռազմաքաղաքական ազդցեության հզոր լծակների»։ Մի կողմ թողնելով Վ.Պուտինի` ԱՄՆ հասցեին ուղղված «ոչ ֆորմալ» համեմատությունները գիշատչի հետ, որն, ի դեպ, հակված է նաև երկակի չափանիշներ օգտագործել, նախագահական ուղերձի ռազմական և պաշտպանական հարցերին նվիրված հարցերի խմբի տրամաբանությունն ավելի շուտ ընդգծում է Մոսկվայի կողմից «կառուցողական մրցակցության» փաստի ընդունումը և ոչ թե բացահայտ առճակատման միտվածությունը։ Մասնավորապես, մի կողմից՝ հստակեցնելով իր բացասական դիրքորոշումն ամերիկյան մի շարք ռազմական նախաձեռնությունների նկատմամբ (տիեզերքի հնարավոր ռազմականացում, սովորական մարտագլխիկներով բալիստիկ հրթիռների սպառազինում և այլն)` Վ.Պուտինը զերծ մնաց բացահայտ ձևով ԱՄՆ-ին սպառազինությունների նոր մրցավազք սանձահարելու մեջ մեղադրելուց։ Ընդհակառակը` «սեփական տունն» ամուր և վստահելի պահելու ջանքերը միանգամայն գովելի համարվեցին։ Սակայն ինչ վերաբերում է Ռուսաստանի պաշտպանունակության բարձրացմանը` նախագահի մոտեցումները բավականաչափ միանշանակ են և հայեցակարգային. «Զինված ուժերը պետք է ունակ լինեն միաժամանակ պայքարել գլոբալ, տարածաշրջանային, իսկ եթե հարկ լինի` նաև մի քանի տեղային հակամարտություններում։ Ցանկացած սցենարների դեպքում նրանք պետք է երաշխավորեն Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը»։ Մի շարք մեկնաբանների կարծիքով՝ նախագահական ուղերձի այս մոտեցումն, ըստ էության, ազդարարում է Ռուսաստանի վերադարձը 1970-80-ական թթ. խորհրդային ռազմական դոկտրինի հիմնադրույթներին. ոչ միայն կասեցնել բոլոր հնարավոր սպառնալիքներն իրենց սաղմնային վիճակում, այլև վարել լայնածավալ էքսպեդիցիոն պատերազմներ աշխարհի ցանկացած կետում: Այս համատեքստում չհիշատակելով կանխարգելիչ գործողությունների վերջին շրջանում դոկտրինալ դարձած «կարծրապատկերը»` Վ.Պուտինը նույն ժամանակ տեղին համարեց հիշեցնել Ռուսաստանի հնարավորությունները՝ դիմելու «ասիմետրիկ պատասխանի»։ «Մեր պատասխանները պետք է հիմնված լինեն մտավոր առավելության վրա, նրանք կլինեն ասիմետրիկ, նվազ ծախսատար, սակայն, անկասկած, կզորեղացնեն մեր միջուկային եռյակի վստահելիությունն ու գործնականությունը»,- նշել է նա: Ուշագրավ մի փաստ. «ասիմետրիկ պատասխանի» մասին թեզն առավել ակտիվ քննարկվում էր ռուսաստանյան ընտրանու կողմից 1990-ական թթ. վերջին, երբ ամերիկյան օդուժը ռազմական գործողություններ սկսեց Սերբիայի դեմ, իսկ Պրիշտինայի օդանավակայանի հետ կապված հայտնի գործողությանը հետևեց Վ.Պուտինի նշանակումը ՌԴ վարչապետի պաշտոնին: Այդուհանդերձ, պաշտոնական այս ուղերձում մատնանշված գերակայություններն ակնհայտորեն միտված չեն սրելու ներկայումս առկա հակասությունները Արևմուտքի և, առաջին հերթին, հարաբերությունները ԱՄՆ-ի հետ. ժամանակակից անցումային փուլին բնորոշ հիմնահարցերը դիտարկվում են ավելի լայն ենթատեքստում` ապահովել Ռուսաստանի արտաքին քաղաքականության ազատությունը, ինչն ինքնին նախապայման է «խաղաղ կյանքի խնդիրները լուծելու համար»: Այդ իսկ պատճառով նոր սերնդի զինատեսակների ստեղծումն ու մուտքը ՌԴ զինված ուժեր կոչված է «պահպանել այն, ինչն, անկասկած, հանդիսանում է կայուն խաղաղության ամենաէական երաշխիքներից մեկը` ուժերի ռազմավարական հավասարակշռությունը»: Ի դեպ, Բ.Քլինթոնի դեմոկրատական վարչակազմին հարող բարձրաստիճան մտավորականների երբեմնի տարածված մոտեցումները, թե ուժեղ Ռուսաստանը շատ ավելի նախընտրելի գործընկեր կարող է լինել ԱՄՆ-ի համար, քան թույլ և անկանխատեսելի երկիրը` չափազանց համահունչ են ՌԴ նախագահի ուղերձի հիմնական մտքին:

Ուղերձի ՌԴ-ԱՊՀ հարաբերություններին նվիրված հատվածում չնկատվեցին որևէ կտրուկ կամ շրջադարձային փոփոխության նշաններ. ինչպես ավանդաբար՝ հաստատվեցին հարևան երկրների հետ հարաբերությունները զարգացնելու առաջնահերթությունը և կազմակերպությունը բարեփոխելու հարաճուն պատրաստակամությունը: Եթե 2005թ. փաստաթղթում ասվում էր «բարեփոխումների գործընթացները Ռուսաստանում և Համագործակցության երկրներում սինխրոնացնելու մասին», ապա այս անգամ, իբրև հեռանկարային նախագիծ, Վ.Պուտինը կարևորեց «ընդհանուր հումանիտար տարածքի ամրապնդումը»: Ըստ ամենայնի` վերջին տարիների ակտիվ տնտեսական և էներգետիկ ներգրավման արդյունքներն արդեն որոշակիորեն բավարարում են հիշյալ երկրներում «գործընթացների սինխրոնացմանն» ուղղորդված Մոսկվայի հիմնական պահանջը: Հասկանալով, որ երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանի ազդեցության պահպանումը տարածաշրջանի պետություններում հավասարակշռված ներկայություն է ենթադրում, ամենևին էլ ժամանակավրեպ չի համարվում կապերի ակտիվացումը հումանիտար, գիտակրթական ոլորտներում: Դրա հետ մեկտեղ, վերահաստատվեց նաև մեկ այլ ռազմավարական շահագրգռություն. «ԱՊՀ-ն դրական դեր խաղաց հետխորհրդային տարածաշրջանային հակամարտությունների զսպման գործում: …Մենք այսուհետ էլ ենք պատասխանատու՝ մեր խաղաղապահ առաքելությունը կատարելու»: Այս ելակետային դիրքորոշումը կարևորվում է նախևառաջ գլոբալ մարտահրավերների գնահատման բովում. «Ընդհանուր առմամբ, ակնհայտ է աշխարհում կոնֆլիկտային տարածքի ընդլայնման միտումը և, ինչը չափազանց վտանգավոր է, դրա տարածումը մեր կենսական շահերի գոտու վրա»:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր