• am
  • ru
  • en
Версия для печати
10.09.2007

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅՈՒՄ

Руский

   

Վահագն Ագլյան

image (medium) Կենտրոնաասիական տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ ռազմավարական շահերի գոյության փաստն առաջին անգամ որոշակիորեն արձանագրվեց 1997թ. ապրիլին` Կոնգրեսին ուղղված Պետդեպարտամենտի հատուկ զեկույցի մեջ: Փաստաթղթում հստակեցվում էր, որ ԱՄՆ-ը, լինելով էներգակիրների խոշորագույն սպառողն աշխարհում, ուղղակիորեն շահագրգռված է համաշխարհային էներգետիկ պաշարների «ընդլայնման ու դիվերսիֆիկացման» գործում: Ավելին, հաստատագրվեց, որ ամերիկյան շահերն այստեղ ոչ միայն տնտեսական են իրենց բնույթով, այլև ռազմավարական, քանի որ «խնդիրն անմիջապես առնչվում է Արևմուտքի անվտանգության ամրապնդմանը»: 1998-2005թթ. ընթացքում ԱՄՆ-ը տարածաշրջանի երկրներին հատկացրեց 1մլրդ դոլարի օգնություն. ահռելի գումար նման հեռավոր երկրների համար:

Այդուհանդերձ, Մերձկասպյան գազատար կառուցելու մասին ռուս-ղազախ-թուրքմենական համաձայնությունները (2007թ. մայիսին) չափազանց լուրջ մարտահրավեր նետեցին ԱՄՆ առարկայական շահերին: Ռուսաստանի տարածքը շրջանցող նախագծերը` ԵՄ-ի կողմից հովանավորվող «Nabucco» ծրագիրը, ինչպես նաև ամերիկյան վաղեմի ձգտումը` կառուցել անդրկասպյան գազատար Թուրքմենստանից մինչև Միջերկրական, այժմ դժվարհաղթահարելի խոչընդոտի են հանդիպում: 2008թ. կեսերին մեկնարկելիք Մերձկասպյան գազատարի կառուցումը վերջնականապես կարող է «հաստատագրել» ռուսաստանյան մենաշնորհը թուրքմենական գազային պաշարների առյուծի բաժնի նկատմամբ: Դրա հետ մեկտեղ, ռուսաստանյան ստրատեգների բազմաքայլ սխեման ենթադրում է, որ հիշյալ համաձայնությունների «ձևաչափում» կհաջողվի պահպանել ՌԴ գերակայությունը նաև ղազախական նշանակալի նավթային պաշարների արդյունահանման ու տեղափոխման գործում:

Նույնիսկ ամերիկյան վարչակազմին առավել հավատարիմ աջ տեսաբանները ստիպված են ընդունել, որ վերջին տարիներին ռուսներն այս տարածաշրջանում պարտություն չեն ճանաչում: Անկասկած, Վաշինգտոնում առավել քան լավ են հասկանում, որ այս մեծ մրցապայքարի նոր «փուլում» կարևորը ոչ թե պայմանավորվելն է, այլ` իրականացնելը:

Ամերիկյան ռազմավարության հայեցակարգային հենքը

Գաղտնիք չէ, որ անգլո-սաքսոնյան ռազմավարական մտածողությանն ավանդաբար բնորոշ են իներցիոն հատկանիշներ. գործողության ընդունված բանաձևերն ու սկզբունքային աշխարհայացքային դրույթները մեծ դժվարությամբ են ենթարկվում փոխակերպման: Դեռ 1990-ական թթ. մշակված և գործնականում կիրառված ամերիկյան քաղաքականության modus-ները ևս բացառություն չեն այս շարքում: Այսպես, ժամանակակից ամերիկյան ռազմավարական միտքը շարունակում է հավատարիմ մնալ մոտ մեկ տասնամյակ առաջ հաստատագրված այն թեզին, ըստ որի` միայն համակարգային փոփոխությունների արդյունքում է հնարավոր հասնել երկարաժամկետ հիմնանպատակների ապահովմանը` տարածաշրջանում ժողովրդավարական ընթացակարգերի, լիբերալ շուկայական հարաբերությունների արմատավորմանը: ԱՄՆ արտաքին քաղաքականության նորմատիվ օրակարգի դիտանկյունից` ՌԴ վարած քաղաքականության հիմնական թերություններն են. ռուսաստանյան քաղաքականությունը սկզբունքորեն միտված չէ տարածաշրջանում համակարգային փոփոխությունների իրագործմանը, մինչդեռ Մոսկվայի գլխավոր շարժառիթներն ու նպատակները Կենտրոնական Ասիայում բյուրեղանում են status quo-ի պահպանման անհրաժեշտության մեջ: Ըստ ամերիկյան քաղաքագետների` Ռուսաստանը ձգտում է առավելագույնս ապահովել իր շահերը ստեղծված ad hoc իրավիճակից` անկախ տեղական ռեժիմների երկարակյաց լինելու հեռանկարից:

Գործնական քաղաքականության հակասություններ

Պատմական փորձը փաստում է, որ ժամանակակից արտաքին քաղաքական modus operandi-ն ենթադրում է ռազմավարական շահերի երկու «ձևաչափերի» գոյություն` «տիրապետող» շահեր և «իրավիճակային» շահեր:

1997թ. ի վեր ԱՄՆ-ը ձգտում է գործնականապես համադրել այս երկու մոտեցումները` հրաշալի գիտակցելով, որ «տիրապետող» ամերիկակենտրոն համակարգի ստեղծումն անխուսափելիորեն պահանջելու է հրաժարում, թեկուզ ժամանակավորապես, կարճաժամկետ, սակայն կոնկրետ շահերի հետապնդումից (էներգետիկ պաշարների հասանելիություն, դրանց տեղափոխման ուղիների վերահսկում, հստակ ֆինանսական շահութաբերություն): Ըստ ամենայնի, հենց դրանով էլ պայմանավորված էր ԱՄՆ «տատանողական» քաղաքականությունը` սատարել տարածաշրջանային որոշակի համախմբվածությա՞ն (ռեգիոնալիզմ), թե՞ շեշտ դնել երկկողմանի հարաբերությունների առաջնահերթության վրա:

Բ.Քլինթոնի վարչակազմի օրոք տարածաշրջանային ինտեգրված համակարգի ստեղծման գաղափարն ակնհայտորեն գերակա էր. պաշտոնական քաղաքական դիսկուրսում, ինչպես նաև գործունեության մեջ` Ռուսաստանի ազդեցությունից անկախ ինտեգրատիվ նախաձեռնությունները միանգամայն դրական էին գնահատվում: Ճիշտ է, ինչպես նկատում էին մի շարք մեկնաբաններ, պրագմատիկ նկատառումներից ելնելով` ամերիկյան կողմն առանձնակի տուրք չէր տալիս տարածաշրջանային միավորմանը, քանի որ միասնաբար կենտրոնաասիական պետություններն ի վիճակի կլինեին որոշակիորեն սակարկել ԱՄՆ-ի հետ, ինչը կբարդացներ ամերիկյան դիվանագիտության խնդիրները:

Տարածաշրջանային ռազմավարական գերակայությունները զգալիորեն փոփոխվեցին 2001թ. վերջից` Աֆղանստանում ձեռնարկված ռազմական գործողության արդյունքում: Ուզբեկստանի ընտրությունն` իբրև հանգուցային դաշնակցի, կոչված էր ծառայելու ոչ միայն Աֆղանստանում ուժային գործողությունների ապահովման ցատկահարթակի գործառույթին, այլև` ձևափոխելու սեփական գերնպատակների ապահովման մեթոդները: Ամերիկյան մեծածավալ ռազմական ու ֆինանսական օժանդակությունը Ուզբեկստանին և այդ հանրապետության տևական առանձնացումը մյուսներից էապես կփոխեին նախկինում տիրապետող ամերիկյան մոտեցումները: Ուժային հավասարակշռության տրամաբանությամբ կերտվող այդ համադրույթում Տաշքենդին կվերապահվեր տարածաշրջանային առաջնորդի ու առավել ազդեցիկ պետության դերակատարում: Սակայն հիշյալ պլաններին վիճակված չէր իրականանալ. 2005թ. Անդիջանի հայտնի խժդժություններից հետո ամերիկա-ուզբեկական հարաբերությունները սառեցվեցին, իսկ Ուզբեկստանը դուրս եկավ ՎՈւՈւԱՄ միավորումից` շուտով պաշտոնապես միանալով ՌԴ անվտանգության համակարգին (ՀԱՊԿ):

Մրցապայքարի «երկրորդ փուլը»

2006թ. օգոստոսին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ս.Մանը հաստատեց, որ «այժմ Միացյալ Նահանգները կենտրոնանալու է Կենտրոնական Ասիայից էներգակիրների արտահանման ուղիների երկրորդ փուլի իրականացման վրա»: 2006-07թթ. ընթացքում Վաշինգտոնը, լավ ըմբռնելով Ռուսաստանի ձգտումը` էլ ավելի բարձրացնել տարածաշրջանում իր «դրույքաչափերը», վիթխարի քաղաքական աշխատանք տարավ տեղական էլիտաների հետ` տարածաշրջանային գործընթացների ուղղորդման գործում հիմնական նախաձեռնողի դերակատարությունը չկորցնելու համար: Մասնավորապես, տրոհվեց ԱՄՆ ավանդական արտաքին քաղաքական օրակարգը, որն աչքի էր ընկնում համակարգային լուծումներ գտնելու տրամաբանությամբ. առաջին եզր մղվեցին կոնկրետ հարցադրումներ` կապված էներգետիկ ոլորտում ամերիկյան շահերի երաշխավորման հետ:

Այնուամենայնիվ, ինչպես ամերիկյան վերլուծաբաններն են նշում, «տարածաշրջանային անվտանգության համակարգի կազմավորման մասին պնդումները ներկայումս իրատեսական չեն, իսկ Վաշինգտոնի ռազմավարական օրակարգի տարաբնույթ հավակնոտ նպատակները` դժվարիրագործելի»: Այս համատեքստում քիչ հավանական է թվում, որ Միացյալ Նահանգները դիմի կտրուկ քայլերի` ի պատասխան Ռուսաստանի ակտիվ շարժընթացի:

Ուշագրավ է, որ ռուս-թուրքմեն-ղազախական պայմանավորվածություններին հետևեցին ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների կայծակնային այցերը Բաքու, Աստանա և Աշգաբադ: Ըստ Ս.Մանի` Տրանսկասպյան գազատարի կառուցման նախագիծը դեռևս խարխլված չէ, քանի որ «առկա են այլ էներգակիրներով հարուստ հանքատեղիներ»: Վերջին հանգամանքը նշանակում է, որ ԱՄՆ-ը շարունակելու է ներգրավված մնալ կասպյան էներգակիրների վերահսկման գործում: Միաժամանակ, Վաշինգտոնը մեծ ուշադրությամբ կշարունակի հետևել Ղազախստանի` տարածաշրջանային առաջնորդ դառնալու հեռանկարներին, և 2007թ. հուլիսի սկզբին Աստանայում գտնվող Ռ.Բաուչերը բավական թափանցիկ ակնարկեց այդ մասին:

Վերջապես, թերևս, ամենակարևոր միտումը վերանայման փուլում գտնվող ամերիկյան ռազմավարության մեջ է: Նույն Ռ.Բաուչերը 2007թ. սկզբին Վաշինգտոնում պաշտոնապես ազդարարեց նոր «Մեծ Կենտրոնական Ասիայի» նախաձեռնության արագացման անհրաժեշտության մասին, որը ենթադրում է ընդլայնել ու ամրապնդել տարածաշրջանի կառուցվածքային կապերը Հարավային Ասիայի հետ, քանի որ «ԱՄՆ-ը ազդեցության ավելի զորեղ լծակներ ունի այդտեղ»: Հատկանշական է նաև այն, որ ս.թ. հուլիսին Աշգաբադ այցելեցին Հարավարևելյան Ասիայում ամերիկյան քաղաքականության զինվորական ու քաղաքացիական պատասխանատուները (մինչ այժմ տարածաշրջանը գտնվում էր Եվրոպայում տեղաբաշխված Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության ներքո):

Անկախ նրանից, թե որքան հարատև կլինեն ԱՄՆ քաղաքականության այս նոր միտումները, ակնհայտ է, որ ամերիկյան աշխարհաքաղաքականությունը միջնաժամկետ հեռանկարում ձգտելու է որոշակի այլընտրանք-հակակշիռներ ստեղծել` կանխելու տարածաշրջանի միանշանակ կողմնորոշվածության կարծրացումը:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր