Ֆրանսիա. միջուկային նոր գերակայություններ


2006թ. հունվարի 19-ին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Իլ-Լոնգ կղզում գտնվող ֆրանսիական միջուկային ուժերի կառավարման կենտրոնում հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Այն պետությունների ղեկավարները, որոնք կցանկանան օգտագործել կամ նույնիսկ քննարկել մեր դեմ ահաբեկչական միջոցների օգտագործման հնարավորությունը, պետք է իմանան, որ այդ դեպքում նրանք կստանան վճռական և համապատասխան արձագանք Ֆրանսիայի կողմից: Մենք կարող ենք արձագանքել ինչպես սովորական, այնպես էլ սպառազինության այլ տեսակների օգտագործմամբ»: Այնուհետև նախագահը ավելացրեց, որ ֆրանսիական միջուկային ուժերի ներկայիս համադրույթը «ճկուն» պատասխանի հնարավորություն է տալիս` ցանկացած սպառնալիքին արագ արձագանքելու համար:
Ըստ որոշ տեղեկությունների` ֆրանսիական ռազմածովային ուժերի կազմում են SNLE-NG դասի երեք սուզանավեր, իսկ չորրորդը ստորջրյա նավատորմի շարքերը կհամալրի 2008թ.` եզրափակելով 1996-ից սկսված միջուկային ստորջրյա նավատորմի վերազինման ծրագրի առաջին փուլը: SNLE-NG դասի սուզանավերը զինված են Aerospatiale M45/TN71 16 բալիստիկ հրթիռներով, որոնք ի զորու են հաղթահարել 11 հազ. կմ հեռավորություն: Այդ հրթիռներից յուրաքանչյուրը զինված է 150 կիլոտոննա հզորությամբ` 6 միջուկային մարտագլխիկներով: Ընդհանուր առմամբ` ֆրանսիական բանակի միջուկային ներուժը կազմում է 300-350 միջուկային մարտագլխիկ: 2006թ. հունվարին պաշտոնապես հայտարարվեց, որ ֆրանսիացի գիտնականներն արդեն մշակել են նոր տիպի մարտագլխիկներ, որոնք հաշվարկված են մթնոլորտի վերին շերտերում պայթելու համար` արդյունքում առաջացնելով էլեկտրամագնիսական իմպուլս, որն ի վիճակի է շարքից հանել հակառակորդի պաշտպանական-տեղեկատվական էլեկտրոնիկան: Պաշտոնական աղբյուրները հայտնում են նաև, որ մոտակա ապագայում ծրագրվում է կրճատել բալիստիկ հրթիռների մարտագլխիկների քանակը, ինչը զգալիորեն կմեծացնի դրանց հարվածային հեռավորության շառավիղը:
Միայն 2005թ. միջուկային ուժերի վերազինման և արդիականացման նպատակների համար Ֆրանսիան ծախսել է 3.5 մլրդ եվրո: Հայտնի է նաև, որ այդ պետության ռազմածովային դոկտրինը ելնում է 6 ատոմային սուզանավերի առկայությունից, որոնցից երկուսը մշտապես պետք է գտնվեն երկրի համապատասխան ռազմածովային հանգրվանում, իսկ մնացյալ չորսը` հերթապահություն տանեն հեռավոր օվկիանոսյան ջրերում:
Դատելով ֆրանսիական աղբյուրների հաղորդումներից, և դա, ըստ էության, բխում է նաև Ժ.Շիրակի հայտարարությունից, Փարիզը հակված է գործնականացնելու արդեն հայտնի «ճկուն միջուկային արձագանքման» ռազմավարական համադրույթը, որի հենքում ընկած է «ռազմավարական անորոշության» պայմաններում առավել պաշտպանվածության հասնելու կոնցեպտը: Պաշտոնապես նման կարգի «գլոբալ մարտավարական» կեցվածք որդեգրել են միայն ԱՄՆ-ը և Ռուսաստանը: Այժմ էլ Ֆրանսիան, արդեն դոկտրինալ քաղաքականության մակարդակում, համալրեց այս երկու միջուկային գերտերությունների շարքը` վճռական պատրաստակամություն հայտնելով «ճշգրիտ» միջուկային հարվածների միջոցով դիմագրավելու ահաբեկչության սպառնալիքներին և «բոլոր նրանց, ով ձգտում է մտնել միջուկային ակումբի կազմի մեջ»: Այս վերջին հանգամանքը, անկասկած, ազդանշում է ֆրանսիացիների փաստացի ձգտումը` ՌԴ-ին և ԱՄՆ-ին համահավասար ընդլայնել միջուկային սպառազինության օգտագործման «քաղաքական հնարավորությունները»: Անշուշտ, ի տարբերություն ամերիկյան միջուկային ռազմավարության, ֆրանսիական միջուկային համադրույթում տեղի ունեցող փոխակերպումները նվազ հրապարակայնացված են: Սակայն Ֆրանսիայի միջուկային քաղաքականության բնագավառում ընթացող տեղաշարժերը, ըստ ամենայնի, կկանխորոշեն միջազգային և տարածաշրջանային զարգացումների որոշ տեսլականներ: Ընդսմին` կարելի է մի շարք նախնական եզրահանգումներ անել այս կապակցությամբ:
Առաջին. միջուկային նոր գերակայությունների ռազմավարական չափումն ուղղակիորեն կապված է հենց Ֆրանսիայի` իբրև միջուկային ինքնավար ուժային կենտրոնի կարգավիճակի պահպանման և «արդիականացման» հետ: Տասնամյակներ շարունակ Փարիզի սկզբունքային դիրքորոշումը` ցանկացած պարագայում անսասան պահել ֆրանսիական միջուկային ուժերի ինքնուրույնությունը, չի ենթարկվում որևէ ձևափոխման: Համադրելով միջուկային քաղաքականության հիմնատարրերը ՆԱՏՕ հրամանատարական-կազմակերպչական «նորմերի» հետ` Ֆրանսիան միշտ էլ իրեն է վերապահել միջուկային զենքի վերջնական օգտագործման արտոնությունը: Այդ դիրքորոշումն անփոփոխ մնաց նաև սառը պատերազմի ավարտից հետո: Օրինակ` չնայած միջազգային հանրության որոշ երկրների դեմարշներին, 1996թ. Մուրուրոա հրվանդանում Ֆրանսիան իրականացրեց ստորգետնյա միջուկային փորձարկումների մի ամբողջ շարք: Ի հավելումն` ֆրանսիական ղեկավարությունը միջնաժամկետ հեռանկարում ծրագրում է ազգային նավատորմի կազմ ներմուծել նոր M-51 հրթիռը` համապատասխան նոր տիպի մարտագլխիկով:
Այնուամենայնիվ, այս համատեքստում պետք է նշել, որ ֆրանսիական միջուկային դոկտրինում այժմ ընթացող շրջադարձն ավելի քան հավանական է դարձնում երբեմնի տիրապետող «տոտալ» միջուկային պատերազմի համադրույթի փոփոխումը. տարիներ շարունակ միջուկային զենքի հավանական օգտագործումը դիտարկվում էր իբրև ultima ratio` վերջին, ծայրահեղ միջոց: Հասկանալի է` ոչ սովորական սպառազինության կարևորագույն նպատակներից մեկը` զսպման գործառույթը, տեսանելի ապագայում դուրս չի մղվի Ֆրանսիայի արտաքին քաղաքականության օրակարգից, սական փոփոխություններն անխուսափելի են թվում: Այդ մասին թափանցիկ ձևով ակնարկեց նաև Ժ.Շիրակը. «Նախագահին է պատկանում սպառնալիքի ծավալների և դրա հավանական հետևանքների գնահատման իրավունքը»:
Երկրորդ. ուշագրավ է, որ Ժ.Շիրակի հայտարարությունը համընկավ Վաշինգտոնից վերջին շրջանում հաճախ հնչող հավաստիացումների և հորդորների հետ` ամրապնդել, ինչպես նաև ՆԱՏՕ հենքի վրա «արդիականացնել» տրանսատլանտյան կապերը ռազմական անվտանգության ոլորտում: Այս կապակցությամբ ուշադրության են արժանի տրանսատլանտյան համագործակցության հետևյալ ասպեկտները: Փաստ է, որ եվրոպական պետությունների զինված ուժերի, ինչպես և անվտանգության բնագավառում համաեվրոպական (ESDP) նախաձեռնությունների և ԱՄՆ-ի միջև չափազանց էական որակական տարբերություն գոյություն ունի` ոչ հօգուտ եվրոպացիների: Ամերիկյան ռազմական և երկակի օգտագործման տեխնոլոգիաները, ինչպես նաև դրանց իրական ներդրման հնարավորությունները մոտ ժամանակներս, հավանաբար, անհասանելի կլինեն որևէ երկրի համար: Ընդ որում՝ այդ տեխնոլոգիաները, նոր զինատեսակներն ու հետախուզական արդի միջոցներն առայժմ պահպանվում են զուտ ամերիկյան բանակի պահուստում: Կարելի է ենթադրել, համենայնդեպս տեսականորեն, որ նման «ճեղքվածքի» խորացումը ՆԱՏՕ դաշնակիցների միջև հեռանկարում կարող է հանգեցնել զգալի խոչընդոտների ՆԱՏՕ-ական զորքերի օպերատիվ համատեղելիության գործում: Գաղտնիք չէ, որ ամերիկյան ռազմավարներն արդեն այժմ գործնականորեն մշակում են նոր սերնդի պատերազմներ վարելու մեթոդաբանություն (ցանցակենտրոն կամ մատրիցայի մոդելի հիմքի վրա), որը ենթադրում է սկզբունքորեն այլ, «ոչ դասական» մոտեցումների կիրառում: Եթե վերոհիշյալ միտումն էլ ավելի խորանա, ապա հարցականի տակ կարող է հայտնվել ռազմական ոլորտում եվրա-ամերիկյան համատեղելիությունը:
Բայց իրականում նման սցենարը քիչ հավանական է թվում. ամերիկյան ռազմավարական միտքը եվրոպական մայրցամաքը դիտարկել և այժմ էլ դիտարկում է իբրև հենքային տարածք իր գլոբալ ռազմավարության իրագործման ճանապարհին: Ակնհայտ է, որ աշխարհի տարբեր երկրամասերում լուրջ դժվարությունների բախված ԱՄՆ-ի համար բավականին արդիական է դառնում եվրոպական և ընդհանրապես միջազգային աջակցության ձեռքբերումը: Ուստի ակնկալել, որ եվրոպական դաշնակիցների պարագայում ամերիկյան կողմը հակված է խթանելու «անշրջելի գործընթացներ»` առնվազն միամտություն կլինի: Ամերիկյան վերջին հայտարարությունները` ուժեղացնել վերջերս սասանված ատլանտյան հարաբերությունները, ըստ ամենայնի, այլ կարգի հետևությունների հիմք են տալիս. ԵՄ և եվրոպական առանձին երկրների կողմից «լոյալության» համապատասխան նշաններ ցուցաբերելուց հետո` ԱՄՆ-ը կարող է արագացնել ամերիկյան հողում արդեն «փորձաքննություն» անցած նոր հրամանատարական և ռազմական նշանակության այլ տեխնոլոգիական «նորարարությունների» ներդնումը ՆԱՏՕ շրջանակներում (C4I): Նման զարգացումները, բնականաբար, կարող են ոչ միայն հզորացնել առանց այն էլ էական ամերիկյան ներկայությունը Եվրոպայում, այլև անշրջելի դարձնել եվրոպական ռազմական ինտեգրման «ստորադասումը» ՆԱՏՕ-ին: Այսպես` եվրոպացիների քիչ թե շատ հաջողված նախաձեռնությունը` եվրոպական արագ արձագանքման ուժերը, զգալի կախվածության մեջ են ՆԱՏՕ տեխնիկական բազայից:
Ակնհայտ է, որ եվրոպական և ատլանտյան համադրույթում իր յուրահատուկ դերակատարությունը շեշտադրող և պաշտպանող Ֆրանսիայի համար նման բնույթի զարգացումներն անհանդուրժելի են: Այս համատեքստում հատկանշական է, որ Փարիզը մատնանշում է նաև միջուկային քաղաքականության վերանայված սխեմայի մեկ այլ դրդապատճառ` «ի հավելումն այլ խնդիրների` ապահովել դաշնակիցների և ռազմավարական կարևորության առաքումների անվտանգությունը», ինչն, իր հերթին, կարող է մեքենայաբար հանգեցնել միջուկային զենքի օգտագործման եզրագծի իջեցմանը: Մի կողմ թողնելով այդ հաստատման դիվանագիտական-քաղաքական միտվածությունը (թուլացնել եվրոպական դաշնակիցների ընդդիմությունը ֆրանսիական նոր նախաձեռնություններին)` ակնարկն, առաջին հերթին, ուղղված է Գերմանիայի հասցեին, որտեղ իշխանության եկած Ա.Մերկելի նոր վարչակազմը ակնհայտ տրանսատլանտյան «հակվածություն» է ցուցադրում:
Երրորդ. Ֆրանսիան բավականաչափ կոշտ ձևով արտահայտեց իր վերաբերմունքը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ. ֆրանսիական բանակի գլխավոր շտաբի պետ Ա.Բենտեժան բացահայտորեն մեղադրեց Իրանի իսլամական ռեժիմը միջուկային զենք ստեղծելու «վտանգավոր» փորձի մեջ: Ի պատասխան` Իրանի արտաքին գործերի նախարարությունը Փարիզի դիրքորոշման փոփոխմանն արձագանքեց` քննադատության ենթարկելով Ֆրանսիայի նախագահի վերոհիշյալ հայտարարությունը. «դրանով Ժակ Շիրակը բարձրացրեց միջուկային տերությունների թաքնված մտադրությունների շղարշը` օգտագործել զանգվածային ոչնչացման զենքը որպես քաղաքական խաղերի գործիք»:
Իրանական հարցում ֆրանսիական դիրքորոշման որոշակի կոշտացումը (Փարիզը, այնուամենայնիվ, դեմ է ռազմական միջոցներով խնդրի կարգավորման տարբերակին) ըստ երևույթին պայմանավորված է մի քանի հանգամանքներով: Նախևառաջ` իրանական կողմի հետ սկզբնական բանակցային ձևաչափը` «եվրաեռյակ–Իրան», բացահայտորեն հետին պլան մղվեց, երբ իրանական դոսյեն փոխանցվեց ԱԷՄԳ, մինչդեռ «եվրաեռյակի» անդամներից մեկը` Մեծ Բրիտանիան, «բավականաչափ սահուն» կերպով կարող է միանալ խնդրի շուրջ վճռական երկխոսության մասնակից երկրների շարքին` ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Չինաստանին: Հասկանալի է, որ իրերի նման դասավորվածությունը, երբ մերձավորարևելյան հանգուցային հիմնահարցերից մեկի կարգավորման գործում ԵՄ կարգավիճակն իջեցվում է զուտ գործիքայինի, չէր կարող բավարարել Փարիզի քաղաքական (այդ թվում նաև աշխարհաքաղաքական) հավակնությունները: Ստեղծված պայմաններում Ֆրանսիան գործունեության երկու իրարամերժ տարբերակներ ուներ. կամ, ինչպես դա եղավ իրաքյան պատերազմի նախօրեին` դիմել բացահայտ ընդդիմության ամերիկյան կարծր մոտեցումների նկատմամբ, կամ նախընտրել «գլոբալ անվտանգության պատասխանատվությունը կրող գերտերության առավել հավասարակշռված կեցվածք»: Ինչպես փաստում են վերջին զարգացումները, Ֆրանսիան առավել հակված է նախընտրելու երկրորդ տարբերակը:
Ցանկացած դեպքում ակնհայտ է, որ Ֆրանսիան ձգտում է վերակենդանացնել միջուկային զենքի երբեմնի գործառույթները` զուգահեռաբար նախադրյալներ ստեղծելով իր արտաքին քաղաքական խնդիրների մի ամբողջ փաթեթի լուծման համար:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՌԴ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ. ՍԿԱՆԴԻՆԱՎՅԱՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՈՐՈՇ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ[24.05.2017]
- ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻԵՐԱՐԽԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՈՐՈՇ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ[15.01.2016]
- ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅՈՒՄ[10.09.2007]
- Նոր գերակայություններ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունում[13.06.2006]
- 2006թ. ՌԴ նախագահի ուղերձը Դաշնային ժողովին. ռուսաստանյան ռազմավարական նոր գերակայությունների որոշ ուրվագծեր[22.05.2006]